ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Ես ձեզ արդեն ասել եմ, որ Պողոս առաքյալը 14 նամակ ունի գրված եկեղեցիներին ու անհատ մարդկանց: Մենք միասին սերտեցինք Հռոմին ուղղված նամակը և Կորնթոսի եկեղեցուն ուղղված երկու նամակները: Այսօ՛ր, Աստծու կամքով սկսում ենք առաքյալի Գաղատացիներին ուղղված նամակի սերտողությունը: Ձեզ շատ համառոտ ներկայացնեմ, թե ի՞նչ շարժառիթով գրեց առաքյալն այս նամակը: Գաղատացիները զբաղեցնում էին այժմյան Անկարա քաղաքի մոտ գտնվող շրջանը: Նրանցից շատերին Պողոս առաքյալը դարձրեց դեպի Քրիստոսի Ավետարանը՝ իր երկրորդ և երրորդ ճամփորդությունների ժամանակ: Ինչո՞ւ գրեց այս նամակը գաղատացիներին: Երբ Պողոս առաքյալը Գաղատիայում քարոզելուց հետո վերադարձավ Եփեսոս, այդ շրջան գնացին այլ մարդիկ, որոնք քարոզեցին այլ բան, որ չէր քարոզել Պողոսը: Նրանք ուսուցանում էին, որ ծագումով ո՛չ հրեա քրիստոնյաները պետք է թլպատվեն և ենթարկվեն հրեական օրենքին: Պողոս առաքյալի համար այս պահանջը հակառակ էր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Ավետարանին: Այդ պահանջը գաղատացի քրիստոնյաներին կարող էր պահել հոգևոր ստրկության վիճակում:
Պողոսը Եփեսոսում էր, երբ իմացավ, որ գաղատացիները պատրաստ էին որպես պատգամ ընդունելու իր հակառակորդների պահանջը, նա անմիջապես գրեց այս կրքոտ նամակը: Որպեսզի գաղատացի իր եղբայրների վերադարձնի դեպի միակ ,,բարի լուրը,, Պողոսն այս նամակում խոսում է նախ իր անձնական փորձառությունների մասին, հիշատակում է իր դարձը դեպի քրիստոնեություն, ներկայացնում է Երուսաղեմի եկեղեցու ղեկավարների համաձայնությունն այն մասին, որ ծագումով ոչ հրեա քրիստոնյաները չպետք է ենթարկվեն հրեական օրենքին: Ներկայացնում է նաև իր տարակարծությունը Պետրոս առաքյալի հետ՝ այդ որոշման գործադրության վերաբերյալ: Գաղատացիների նամակում Պողոս առաքյալը պաշտպանում է առաքյալի իր հեղինակությունը, նշելով, որ ավետարանելու պարտականությունը իրեն վստահվել է Տիրոջից: Այնուհետև հենվելով Հին Կտակարանի վրա, նա բացատրում է, որ հրեական օրենքներին ենթարկվելով չէ՛ որ մարդ հասնում է փրկության, այլ՝ միայն հավատալով Հիսուս Քրիստոսին: Ավարտի Պողոսը կոչ է անում գաղատացիներին, որ ապրեն ազատ, Սուրբ Հոգու առաջնորդության ներքո, որովհետև Հոգին մարդու մեջ առաջ է բերում ամեն տեսակ նոր տրամադրություններ, առաջին հերթին՝ սեր: Յուրաքանչյուր եկեղեցի, յուրաքանչյուր քրիստոնյա պարտավոր է լսել այդ կոչը և պատասխանել դրան ի խորոց սրտի՝ ազատագրվելու համար ամեն ստրկությունից: Քրիստոնյան չպետք է լինի օրենքի լծի տակ, այլ պետք է ապրի Տիրոջ շնորհով:
Սիրելիներ, նախորդ նամակներից արդեն մեզ հայտնի է, որ Պողոսը նամակները սկսում և ավարտում է ողջույնի ուղերձներով և ներկայանում է, որպես Քրիստոսի ծառա ոչ թե մարդկանցի ընտրված, կամ մարդու միջոցով, այլ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով և հայր Աստծու, որը հարություն տվեց Նրան մեռելներից: Իր հետ եղող բոլոր եղբայրներից ողջույնի խոսք է հղում գաղատիայի եկեղեցիներին: Բայց առաքյալի ողջույնի խոսքը չի ավարտվում միայն ողջույնով, այլ անպայման հիշատակում է Քրիստոսի աշխարհ գալու նպատակը և հարության փաստը: Մենք արդեն իմացանք, որ այլ մարդիկ էին եկել, և այլ ուսմունք էին քարոզել գաղատացիներին, որը հակառակ է Պողոսի քարոզածին: Առաքյալը հանդիմանում է նրանց, որ հեշտությամբ կարողանում են լքել Պողոսին, որը Քրիստոսի շնորհով կանչեց իրենց, և հետևում են այլ ավետարանի քարոզության: Պողոսը ավետարան է անվանում նաև օտար ուսմունքը, և հիշեցնում է, որ ուրիշ Ավետարան չկա, ուղղակի կան ուրիշ մարդիկ, որոնք խռովություն են առաջացնում մարդկանց մեջ, որպեսզի շուռ տա Քրիստոսի Ավետարանը: Նզովյալ է համարում այն մարդուն, որը ավելին կքարոզի, քան ինքը քարոզել է նրանց: Մի՞թե քարոզելով մարդկանց պետք է դուր գալ, Միթե մարդկանց ականջերին հաճելի խոսքեր պետք է ասել, նրանց գրավելու համար: Թե Աստծուն պետք հաճոյանանք, խոսելով Նրա ճշմարտությունների մասին: Ինչպե՞ս կարելի է լինել Քրիստոսի ծառա և հաճոյանալ մարդկանց: Մարդկանց հաճոյանալու պարագային, Քրիստոսի ծառա չենք կարող կոչվել: Պողոս առաքյալը կանչված լինելով Հիսուս Քրիստոսից և անմնացորդ ծառայելով Քրիստոսի հոտին, անմիջապես զգաց, որ այդ մարդիկ ներթափանցել են գաղատացիների մեջ ոչ թե Քրիստոս քարոզելու համար, այլ՝ նրանց մոլորեցնելու համար: Ինչպես որ մեր օրերում նպատակը թաքցրած որոշ ուժեր մոլորեցնում են ժողովրդին՝ ցույց տալով որ պաշտպանում են ժողովրդի իրավունքները և շահագրգռված են նրանց ազատության ձեռքբերման համար: Այսպիսի մարդիկ էլ թափանցել էին Գաղատիա, վնասելու Քրիստոսի ավետարանի քարոզությունը; Առաքյալը նամակը սկսում է այս խիստ հորդորով, ասելով,- «Եթե մեկն ավետարանի ձեզ ավելին, քան ինչ որ դուք ընդունեցիք, նզովյա՛լ լինի»։ Նշանակում է, որ առաքյալը ամեն ինչ քարոզել էր նրանց և ակնկալում է համայնքի ընդվզումը այդ օտար մարդկանց ուսմունքի հանդեպ:
Իսկ մենք գիտենք, որ նզովյալ լինել, նշանակում է եկեղեցուց դուրս դրվել ամեն առումով; Սիրելիներ, կուզեմ, որ դուք այս նամակների միջոցով ճանաչեք Պողոս առաքյալի գործելաոճը, և բնավորությունն ու էությունը: Չնայած Պողոսը չի աշակերտել Հիսուսին, բայց իր գործելաոճը և մոտեցումը շատ նման է Հիսուս Քրիստոսի գործելաոճին: Մենք տեսնում ենք նամակների մեջ, որ առաքյալը մե՛կ խոսում է խի՛ստ տոնով, հետո փոխում է խստության տոնը և խոսում է հայրաբար՝ մխիթարելով: Հիշո՞ւմ եք Կորնթացիներին ասում էր,- Գավազանո՞վ գամ ձեզ մոտ, թե՞ սիրով: Մյուս նամակի մեջ ասում է,- Իմ բերանը բաց է ձեզ պատգամելու համար, և իմ սիրտը՝ լայն: Մի՞թե այս խոսքերը նման չէ Տէր Հիսուսի այն խոսքին, որ Պետրոսի ասաց,- Երանի է քեզ, Սիմոն, ո՛րդի Հովհանի.. իսկ քիչ անց ասաց,- Ետևս անցի՛ր, սատանա՛: Պողոս առաքյալը նույն կերպ վարվում է գաղատացիների հետ, քանի որ յուրաքանչյուր քրիստոնյա, որ ընդունել է Հիսուս Քրիստոսին, թանկ է Պողոսի համար: Իսկ հիմա տեսնում է, որ գաղատացիները պատրաստ են Աստծուց եկած խոսքը փոխել ինչ որ մարդկանց խոսքերի հետ: Մի՞թե Պողոսը որևէ մարդուց էր ընդունել ավետարանի քարոզության պատգամը, կամ որևէ մարդու գաղափար էր մի՞թե քարոզում նրանց: Քա՛վ լիցի: Պողոսը այդ վարդապետությունը սովորել էր Հիսուս Քրիստոսի մի հայտնությունից: Նամակում գաղատացիներին նույնպես պատմում է իր հրեության մեջ եղած ժամանակ իր խոտոր ընթացքի մասին, որ հալածում էր Քրիստոսի եկեղեցին և քանդում էր այն: Իր այդ արարքով հրեության մեջ բավական առաջ էր գնացել, քան իր ծառայակիցները: Դա անում էր իր հայրենի ավանդության նախանձախնդրությունից դրդված:
Ուշադրություն դարձնենք Պողոս առաքյալի ազնվության վրա, որ շիտակ պատմում է բոլորին, իր վատ վարքի մասին, և չի թաքցնում նաև այն, որ Աստված իրեն ընտրել էր դեռ իր մոր որովայնում, և ժամանակի լրումին կոչեց Իր շնորհների միջոցով: Հիմա անդրադառնանք Աստծու գործելաոճին: Աստված ընտրել էր Պողոսին, և համբերությամբ սպասեց, մինչև Պողոսը կրթություն ստանա բարձրագույն հաստատություններում: Իսկ երբ ժամանակը հասավ, թույլ չտվեց, որ Պողոսը քանդի Քրիստոսի եկեղեցին՝ կարծելով, թե Աստծուն է ծառայում; Պողոսը ընտիր անոթ էր Աստծու խո՛սքը մարդկանց հասցնելու համար: Առաքյալը վստահ էր դրանում և անձնուրաց էր կատարում իր պաշտոնը: Տեսե՞լ եք մեր օրերում մի այսպիսի հանրային մարդ, որը պատմի իր կյանքի մութ ստոր էջերի մասին և ապա դառնա դեպի Աստված ու ծառայի Աստծուն՝ Պողոսի պես: Նաև չի բացառվում, որ գաղատացիներին այլ ուսմունքի մեջ շեղողները նաև չարախոսել են Պողոսի մասին և ասել են, որ այս մարդուն մի լսեք, քանի որ նա եկեղեցին էր հալածում և մենք ճանաչում ենք նրան; Գուցե այդ պատճառով է գաղատացիների առջև բացում իր կյանքի բոլոր էջերը՝ փաստելու համար, որ այ՛ո, այդպես է, բայց Քրիստոսն է կամեցել, որ ինքը դուրս գա այդ տիղմի միջից, որպեսզի չկործանվի ժամանակի ընթացքում: Հիմա զգուշացնում է գաղատացիներին, որ ինքն էլ ժամանակին իր հայրենի ավանդությանը հետևելով էր հալածում էր եկեղեցին, այսինքն եթե գաղատացիները ենթարկվեին հրեական օրենքին, որը նույն ավանդությունն է, ապա չէին կարող ընդունել Քրիստոսի բերած ազատությունն ու սերը: Բայց առաքյալը իրենց արդեն քարոզել էր Քրիստոսի խոսքը: Աստված Պողոսի միջոցով էր հայտնել Իր Որդուն, որպեսզի Պողոսը Քրիստոսի մասին քարոզի հեթանոսների մեջ: Քրիստոսի հայտնությունը Պողոսին Դամասկոսի ճանապարհին, առիթ հանդիսացավ, որ Պողոսը միանգամից շրջադարձ ունենա իր կյանքում և գործի ինքնուրույն՝ առանց մեկի հետ խորհրդակցելու: Առաքյալը նույնիսկ Քրիստոսի աշակերտների հետ մասնավոր հանդիպում չի ունեցել, և դարձյալ վերադարձել է դամասկոս: Միայն երեք տարի հետ է գբացել Երուսաղեմ՝ մյուս առաքյալներին հանդիպելու համար: Տասնհինգ օր Պետրոսի հետ անցկացնելուց հետո, հանդիպել է նաև Հակոբոսին, որը Տիրոջ եղբայրն էր:
Այդ ժամանակ Պետրոսն ու Հակոբոսը Երուսաղեմի գլխավոր հոգևոր առաջնորդներ էին, և նրանք հավանություն են տվել Պողոսի վարդապետությանը և քարոզությանը:
Պողոսը նրանց գրում է,- Եվ ինչ որ գրում եմ ձեզ, ահավասիկ Աստծու առաջ եմ ասում և չե՛մ ստում: Ինչո՞ւ է այսպես արդարանում Պողոս առաքյալը: Վերը մենք նշեցինք, որ որոշ մարդիկ գաղատացիների առջև բամբասել են Պողոսին, ասելով, թե նա նախկինում հալածում էր Քրիստոնյաներին; Բայց Պողոսը ամեն կերպ ապացուցում է, որ ինքը մարդկանց ուսմունքի հետևորդ չէ, և ո՛չ էլ որևէ մարդու կողմից նշանակված է, այլ՝ հենց Հիսուս Քրիստոսից է ուղարկված, ինչի մասին նույնիսկ նշում է իր ողջույնի խոսքի մեջ: Մենք գիտենք, որ Պողոսը եղել է հայտնի և երևելի ռաբբի՝ հրեական սինոդի անդամ Գամաղիելի աշակերտը, բայց միևնույն է, նա ասում է, որ ինքը մարդկանցից չի նշանակվել և մարդկանց չի հաճոյանում, այլ՝ միայն Հիսուս Քրիստոսին:
Պողոսը գրում է որ ինքը 14 տարի հետո նորից Երուսաղեմ գնաց Բառնաբասի և Տիտոսի հետ՝ մի հայտնություն ունենալուց հետո: Մենք չգիտենք թե ո՞ր իրադարձությունից հետո է անցել 14 տարի: Հավանաբար Դամասկոսի ճանապարհին իր պատահած դեպքից հետո, բայց սա կարևոր գործոն չէ, իր հետագա քայլերը կատարելու համար: Պողոսը Երուսաղեմ է գնում, այնտեղի քրիստոնյաների հետ խորհրդակցելու և նրանց ներկայացնելու իր քարոզության մասին՝ հեթանոսների շրջանում: Առաքյալը այստեղ ներկայացնում է երկու երևելի դեմքերի՝ Բառնաբասին և Տիտոսին, որին հետագայում հղում է մի նամակ՝ որոշ հորդորներով: Պողոս առաքյալի ծավալուն աշխատանքը կայանում էր նրանում, որ նա բացատրում էր քրիստոնեության և օրենքի միջև եղած տարբերությունը և քրիստոնեության առավելություն: Թլպատության և անթլպատության հավասարության մասին: Այն մարդիկ, որոնք գաղատացիների մոտ ամբաստանել էին Պողոսի հեղինակության վրա, այդ մարդիկ Պետրոսի ու Հովհաննեսին առավել էին համարում, քան Պողոսին: Առաքյալի Երուսաղեմ գալու նպատակներից մեկն էլ դա էր, որ Պետրոսից և Հովհաննեսից ստանա իր քարոզության ճշմարտացիության կնիքը, քանի որ այդ մարդիկ չարախոսելով Պողոսի հասցեին, ասում էին, թե նա իզուր է քարոզում: Գաղատացիները, որոնք հրեաներ չէին, մենք արդեն խոսեցինք այդ մասին, հավատացել էի այդ չարախոս մարդկանց: Պողոսը սուրբ Հոգուց առաջնորդություն ստացավ Երուսաղեմ գնալու և այս մութ հարցերը պարզաբանելու: Տիտոս, որ իր հետ էր, հեթանոս էր և անթլպատ, բայց քանի որ հավատացել էր Հիսուս Քրիստոսի և կրում էր իր ներսում Նրա ազատությունը, հարկ չհամարեց թլպատվել, և իրենք հաստատ մնացին իրենց հերքին համոզումին, որ Քրիստոսի ազատությունը առավել է օրենքի թլպատությունից: իսկ այն մարդիկ, որոնք Հովհաննեսի ու Պետրոսին հեղինակություն էին կարծում, իսկ Պողոսին՝ ոչ, նրանց համար ասում է, նրանց կարծիքը իր համար նշանակություն չունի, քանի որ Աստծու առաջ աչառություն չկա մարդկանց հեղինակությունների մեջ:
Եթե Տերը Պետրոսին հաջողեցրեց հրեաների քարոզության մեջ, ապա Պողոսին հաջողեցրեց հեթանոսների քարոզության մեջ: Այդ ժամանակվա համար Հակոբոսը, Հովհանները և Պետրոսը համարվում էին սյուներ՝ եկեղեցու: Բայց երբ նրանք էլ իմացան Պողոսին տրված շնորհի մասին, հավանության ձեռք մեկնեցին Պողոսին ու բառնաբասին, որպեսզի մենք շարունակենք քարոզությունը՝ հեթանոսների մեջ: Իսկ իրենք մնացին հրեաներին քարոզելու համար: Հակոբոսն այդ ժամանակ Պատրիարքն էր Երուսաղեմի: Քարոզությանը զուգահեռ հոգ էին տանում նաև աղքատների մասին, ինչպես Պետրոսն ու Հովհաննեսը, այնպես էլ Պողոսն ու Բառնաբասը: Սակայն պողոսի մասին միևնույն է բամբասանքները չէին դադարում այն մասին, որ նա հեթանոսների մեջ եղած հրեաներին ուսուցանում է, որ չթլպատվեն կրոնի ավանդության համաձայն: Եթե հիշում եք, մենք Գործ Առաքելոց գրքի մեջ անդրադարձանք այս հարցին, որ Պողոսին թաքցնում էին Երուսաղեմի հրեաներից, որպեսզի չվնասեն նրան, այդ բամբասանքի համաձայն: Եվ հատկապես Հակոբոսը հորդորեց Պողոսին, որ չհակառակվի կրոնի ավանդությանը և պահի օրենքը, որպեսզի այդ սուտ կասկածը վերանա հրեաների միջից: Բայց Պողոսը իր հետ վերցրել է Բառնաբասին և Տիտոսի, որպեսզի նրանք հաստատեն, որ Պողոսն իր քարոզության մեջ դեմ չի եղել կրոնի ավանդությանը և Մովսեսի օրենքին;
Պողոս առաքյալը մի հետաքրքիր միջադեպի մասին է հիշատակում իր նամակի մեջ, բայց չի լուսաբանում, թե՝ իր և Պետրոսի միջև ծագած վեճը հատկապես ինչի՞ համար էր: Այս տարակարծությունը նրանց մեջ եղել է այն ժամանակ, երբ Պետրոսը Անտիոք էր գնացել: Պողոս առաքյալն ասում է, որ Պետրոսը մեղադրելի ընթացքի մեջ էր, բայց մենք չենք կարդում ո՛չ մի տեղ Պետրոսի առարկությունը այդ մասին, որպեսզի հասկանանք բուն պատճառը; Պողոսը Պետրոսին մեղադրում է հեթանոսների հետ ուտելու մեջ, ինչը հրեաների համար պիղծ էր համարվում: Նաև հավելում է, որ Պետրոսը դա անում էր գաղտնի, և երբ Հակոբոսի սպասավորներից մարդիկ եկան, Պետրոսը հեռացավ հեթանոսներից՝ վախենալով թլպատության կողմնակիցներից: Սիրելիներ, մենք արդեն գիտենք, որ քրիստոնեությունը սկսվեց հրեաների մեջ, որոնք պահում էին Մովսեսի օրենքը, և նաև Ինքը՝ Քրիստոս նույնպես պահում էր Մովսեսի օրենքը, սակայն մի ուրիշ հարց էր առաջացել նրանց մեջ: Իսկ հեթանոսությունից դարձածները արդյո՞ք պարտավոր էին պահել Մովսեսի օրենքը: Պողոսը հենց այդ պատճառով էր մեղադրում Պետրոսին, որը նախ համաձայնել էր, որ հեթանոսները պարտավոր չեն պահել Մովսեսի օրենքը, սակայն երբ Հակոբոսի սպասավորները եկան, Պետրոսը հրաժարվեց իր խոսքից և ասաց, որ պետք է պահեն Մովսեսի օրենքը բոլորը: Իսկ դա նշանակում էր, որ այլևս հեթանոսների հետ կարելի չէ ուտել և խմել, իսկ Պետրոսը ուտում և խմում էր: Հեթանոսները հանգիստ կարող էին ուտել օրինակ՝ խոզի միս, որը խստիվ արգելված էր հրեաներին: Այս պատճառով էր որ Պողոսի և Պետրոսի միջև ծագեց տարաձայնություն: Պողոս առաքյալը նախանձախնդիր լինելով Ավետարանի ճշմարտությանը՝ բոլորի ներկայությամբ նկատողություն է անում Պետրոսին, որից էլ հասկանալի է դառնում նրանց վեճի պատճառը: Ասում է Պետրոսին,- Եթե դու, որ հրեա ես, հեթանոսի նման ես ապրում և ո՛չ հրեայի նման, ինչո՞ւ ես ստիպում հեթանոսներին, որ հրեայի նման լինեն; Այսինքն կամենում է Պետրոսին պարզ բառերով հարցնել, ինչու է Մովսեսի օրենքը ստիպում հեթանոսներին, որոնք երբեք այդ օրենքի տակ չեն եղել, իսկ ինքդ չե՛ս պահում այդ օրենքը:
Այստեղ մի պահ նորից անդրադառնանք Պողոսի նկատողությանը, որը բոլորի ներկայությամբ արեց Պետրոսին, և վերադառնանք մեր եկեղեցուն: Պողոսն ու Պետրոսը Քրիստոսի եկեղեցու սյուներն են, եթե նրանց մեջ այսպիսի վեճ է առաջացել, ապա մեր օրերի եկեղեցին հենց այդ նույն խնդրի մեջ է ամբողջությամբ: Հավատացյալը մեղադրում է հոգևորականին՝ իր սխալ ընթացքի համար, պատճառաբանելով, որ քարոզում եք ա՛յլ բան, ապրում եք այլ կերպ, ուրեմն ինչպե՞ս եք մեզ ստիպում, որ մենք պահենք պատվիրանները: Իսկ հոգևորականները ասում են,- դուք լսե՛ք, թե մենք ինչ ենք քարոզում և մի՛ հետևեք մեր վարքին: Այս տարաձայնությունը պատճառ է դառնում, որ հոտը տեսնում է հոգևորականի մեղադրելի ընթացքը, և աստիճանաբար պատկերացում է կազմում քրիստոնեության մասին նույն կերպ: Կա՛մ մնում է եկեղեցում՝ որպես անունով քրիստոնյա և ուրիշ ոչի՛նչ, կամ էլ հեռանում է եկեղեցուց՝ մտածելով, որ այդպիսի քրիստոնեություն ինքը չի կամենում: Այսինքն, եթե ամփոփելու լինենք, կլինի այսպիսի բանաձևում,- Եթե դու հոգևորական ես և չես ապրում պատվիրանապահությամբ, ապա ինչպե՞ս ես պահանջում որ մյուս քրիստոնյաները պահեն պատվիրանները: Երբեմն եկեղեցու սյուներն էլ կարող են բախվել միմյանց: Առաքելական տիտղոսը բրենդ չէ, որ կպցնենք մեր եկեղեցու ճակատին և հպարտանանք, ինչպես հրեաներն էին հպարտանում իրենց նախահայր Աբրահամով; Քրիստոնեությունը առաքելական կյանք է, որը բարձրանում է Թաբոր լեռ, իսկ այնուհետև խաչի ծանրության տակ՝ ավարտվում է Գողգոթայում՝ խաչի վրա:
Իսկ երբ մեկը կամենում է վայելել աշխարհի հաճույքը և ի պաշտոնե ուրիշից է պահանջում պատվիրանապահություն, այստեղ պետք է հիշել Տիրոջ խոսքը՝ երկու տիրոջ ծառայելու մասին, որ անկարելի է: Հոգևոր իշխանությունը բոլոր ժամանակներում պատկանում է առաջին ձեռքին՝ Հիսուս Քրիստոսին: Երբ Քրիստոսի ճշմարիտ վարդապետությունը և պատվիրանները խախտվում են եկեղեցում՝ ապա եկեղեցին երևում է, իսկ Քրիստոս՝ ոչ: Այսօր բոլորիս փափագն է հասնել նախկին եկեղեցուն՝ երբ մեկի սխալը հանրության առաջ շտկվում էր: Ինչևէ, վերադառնանք մեր առաքյալներին: Հատկապես գաղատացիներին ուղղված նամակում Պողոս առաքյալը շատ է խոսում իր վարքի, ծառայության, հեղինակության և Աստծուց կանչված լինելու մասին: Արժա՛ն և իրաւ: Մարդը ամենուրեք բարձրաձայնում է իր նախկին սխալը, դարձի է գալիս, հաստատվում է Քրիստոսի սիրո մեջ և այլևս ապրում է այդ կյանքով, և իրավունք ունի օրինակ լինելու նրանց, որոնք տկարություն ունեն որոշ հարցերում: Դարձի գալուց հետո 14 տարի ապրել ու քարոզել է խաչի ծանրության տակ՝ հալածվելով, քարկոծվելով և անարգվելով, ինչի մասին մենք կարդացինք Գործք Առաքելոցում: Իսկ հիմա ասում է, որ մենք լինելով իսկական հրեաներ, ոչ թե հեթանոսներ, գիտենք, որ մարդը օրենքի գործերով չի՛ կարող փրկվել, այլ՝ միայն Հիսուս Քրիստոսի հավատքով, որին մենք հավատացինք, որպեսզի արդարանանք: Իսկ օրենքի գործերով չենք կարող արդարանալ, ինչի մասին հռոմեացիներին ուղղված նամակի մեջ ավելի հանգամանալից է խոսում: Ոչ ոք չի կարող միայն օրենքին հետևելով արդարություն գտնել: Չէ որ օրենքը միայն ցույց է տալիս մարդու մեղավոր լինելը, իսկ Քրիստոսի շնորհը ազատում է մեղքից: Հետևաբար եթե մենք Քրիստոսին ընդունենք և մնանք օրենքի ծառայության տակ, ապա կնշանակի, որ Քրիստոս եկավ, որ ցույց տար մեր մեղավոր լինելը միայն, և ոչ թե մեղքից ազատագրումը և փրկությունը: Մի՞թե Քրիստոս մեղքին ծառայեց: Քավ լիցի: Մի՞թե որևէ բան քանդելուց հետո նորից նույնությամբ են շինում: ո՛չ: Այլ ուղղելով նախկին սխալը՝ նորովի ենք շինում մեր կառույցը: Պողոս առաքյալի նշանաբանն է,- Ամեն ինչ կարելի է, բայց ո՛չ ամեն բան՝ օգտակար: Կարող եք ապրել օրենքով, բայց օրենքը ձեզ փրկության չի տանի երբեք: Քրիստոս մեռավ մեր մեղքերի համար, ուրեմն մենք էլ պետք մեռնենք
Նրա հետ, որպեսզի Նա ապրի մեջ մեջ: Վերջնական միտքն այն է, որ եթե հնար լիներ ապրել օրենքի գործերով և արդարանալ, ապա ինչ եկավ Քրիստոս, առավել ևս ինչո՞ւ խաչվեց մեր մեղքերի համար: Նույնն է, թե Քրիստոսին ասել,- Դու իզուր եկար, մենք առանց Քեզ էլ կարող էինք արդարանալ ու փրկվել: Պողոսս ասում է,- Ես Աստծու շնորհը չեմ անարգում, քանի որ, եթե արդարությունը օրենքից է, Ապա Քրիստոս իզուր մեռավ…
Սիրելիներ, մենք Պողոսի նման պետք է մտածենք, որ Քրիստոս մեռավ հենց իմ մեղքերի համար և արդարացրեց ինձ: Ուրեմն այլևս անարգանք է Քրիստոսի մահվան հանդեպ մեղք գործելը: Երբ Քրիստոսին աշակերտները հարցրին,- վարդապե՛տ, իսկ ո՞վ կարող է փրկվել: Վարդապետն ասաց, մարդու համար այդ անկարելի է, բայց Աստծու համար ամեն բան կարելի է: Հետամուտ լինենք Ավետարանին, հետամուտ լինենք առաքյալների վարքին ու կյանքին: Ժամանակակից քաղաքակրթությունը մարդուն դարձրել է ռոբոտ՝ ու տանում է իր ցանկացած ուղղությամբ, որպեսզի մեր աչքերն ու միտքը մթագնի՝ չտեսնելու համար Քրիստոսին մեր բոլոր գործերի մեջ: Առաքյալի նպատակն էլ դա էր գաղատացիների բացատրել, որ մի հավատացեք ամեն մարդու, որ կեղծ հեղինակություն ձեռք բերելու համար, պատրաստ է խաբել Քրիստոսի սիրելի մեղավոր մարդուն: Ավարտեցին գաղատացիների նամակի առաջին մասը: Գեղեցիկ դաս սովորեցինք, որ եթե մենք քրիստոնյա ենք, ուրեմն պետք է ապրենք Քրիստոսի խոսքով, ո՛չ ժամանակի մարտահրավերների, որպեսզի մեր զավակները մեզ տեսնելով, տեսնեն Քրիստոսին:
«Ամենակալ Տեր Աստված, ընդունի՛ր առավոտյան այս աղոթքները Քո անապական և երկնային խորանների մեջ: Ծագեցրո՛ւ մեզ վրա՝ Տե՛ր Քո արդարության և իմաստության լույսը: Պահի՛ր մեր կյանքը խաղաղության մեջ և մեր ընթացքը՝ Քո կամքի համաձայն: Քանզի Դո՛ւ ես մեր օգնականը և Փրկիչը, և Քեզ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:»