ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. նախորդ սերտողության մեջ մենք տեսանք, որ Պողոս առաքյալն իր նամակը կորնթացիներին ուղղել էր Մակեդոնիայից և պատմում էր Մակեդոնիայի եկեղեցու հալածանքների և նեղությունների մասին: Արդեն հասկանալի է, որ այդ նեղություններն ու հալածանքները նրանք կրում էին զուտ այն բանի համար, որ ընդունել էին Քրիստոսին և Նրա վարդապետությունը և ստեղծվել էր քրիստոնեական մի համայնք: Այդպիսի նորաստեղծ բոլոր համայնքները ենթարկվում էին հալածանքի՝ անհավատների, հեթանոսների և հրեա իշխանավորների կողմից: Մակեդոնիայի նորաստեղծ եկեղեցին էլ դեռ նյութապես կայուն վիճակում չէր, բայց երբ առաքյալը իրենց մոտ էր այցելել, նրանք իրենց կարողությունից առավել դրամական օգնություն էին հավաքել՝ Պաղեստինի ավելի կարիքավոր նորաստեղծ եկեղեցիների համար: Պողոս առաքյալը Մակեդոնիայի եկեղեցում եղած ժամանակ գովեստի խոսքեր է ասել Կորնթոսի եկեղեցու հասցեին, այնպես ինչպես որ նամակում գովում է Մակեդոնիայի եկեղեցուն:
Այս նամակի նպատակն այն է, որ Կորնթոսի եկեղեցում զարգացնի ողորմություն տալու առաքինությունը, և հատկապես, որ առատաձեռն լինեն ողորմություն անելիս, քանի որ եթե Մակեդոնիան իր աղքատության մեջ առատ ողորմություն է արել, ապա Կորնթոսը, որ հարուստ էր ամեն ինչով, իրավունք ունի ավելի առատաձեռն դրամական օգնություն հատկացնելու: Առաքյալը ո՛չ թե ստիպում է եկեղեցուն՝ հանգանակության մեջ, այլ՝ սովորեցնում է նրանց, ունեցածը չունեցողի հետ կիսելու մշակույթը, ինչպես որ մենք կարդացինք Գործք Առաքելոցում առաջին եկեղեցիների հիմնադրման ժամանակ էր: Բացի այդ, հավատացյալները ապրում են անհավատների հետ միասին, և այս երևույթը կարող է իր տեսակի մեջ նաև լուռ քարոզ լիներ, և նրանք մտածեին, որ քրիստոնյաները ինչքան հոգատար են միմյանց նկատմամբ; Ինչքան էլ որ անհավատները հերքում և մերժում են Քրիստոսին, միևնույն է, նրանց ուշադրության կենտրոնում են քրիստոնյաները՝ իրենց ապրելակերպով, վարքով, կամեցողությամբ, հոգատարությամբ:
Երբ տեսնում են ճշմարիտ քրիստոնյա, քննում են նրա գործերը և տեսնում են, որ տարբեր է իրենցից այն առումով, որ թեպետ աղքատ է, բայց իր ունեցածը կիսում է այլոց հետ: Կորնթոսը այդպիսի օրինակ պետք է լիներ շրջապատող մարդկանց համար, քանի որ նրանք հյութապես բավարարված ր ապահովված վիճակում էին; Եկեղեցիներում արված հանգանակությունը հարկի և տուրքի պես չէ, այլ ողորմությունը պետք է լինի ներքին համոզում՝ գիտակցելու համար դիմացինի կարիքները: Այս մասին Տէր Հիսուս բազմաթիվ օրինակներ է բերել ավետարանում, ասելով թող մարդիկ տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն Աստծու անունը, որ Երկնքում է: Այս տեսակ բարեգործությունները, որոնք ցուցադրական և ձևական չեն, առաքյալը համարում է օրհնություններ բարիք գործողների համար: Որովհետև եթե մեկը հավատում է Քրիստոսին, նրա հաջորդ քայլը պետք է արտացոլվի իր ծառայության գործերի միջոցով, որոնցից լավագույնը կարիքավոր մերձավորին օգնելն է:
Պողոս առաքյալը կորնթացիներին չի՛ ստիպում հանգանակության հարցում, բայց ապացուցում է նրա կարևորությունը բարեգործի կյանքի համար: Քանի որ կարիքավոր եկեղեցին առատ հանգանակություն ստանալու դեպքում, առաջինը Աստծուն է գոհություն հայտնում իր ստացածի համար, իսկ Աստված այդ գանձերը երկնքում է գրում բարերարի հաշվին; Ինչո՞ւ այսօր շատ ու շատ քրիստոնյաների կյանքն ու կենցաղը օրինակ չէ իր շրջապատի համար: Քանի որ հարստություն դիզելու մոլուցքը զբաղեցրել է նաև քրիստոնյայի միտքը: Իսկ նրան տեսնողը, որը դեռ լուր չունի քրիստոնեության անուշ բուրմունքից, չի կամենում դառնալ քրիստոնյա, կամ եկեղեցու անդամ, կամ թեկուզ որևէ բանով օգտակար լինել եկեղեցուն: Առաքյալի բոլոր նամակները հայրական դաստիարակություն են բոլոր համայնքների համար, որոնք դեռ նոր են հաստատվում քրիստոնեական կյանքի մեջ: Առաքյալն իր խոսքը հաստատելու համար մի օրինակ է բերում առակաց գրքից, ասելով,- Ով մի բան է սերմանում ժլատությամբ խնայելով, խնայողությամբ էլ կհնձի: Իսկ ով առատաձեռնորեն է սերմանում, առատությամբ էլ կհնձի: Նաև շատ կարևոր հանգամանք է, որ ողորմությունը հարկադրաբար և տրտմությամբ չարվի, որովհետև Աստված սիրում է զվարթառատ տուրքը, և պիտի բազմացնի նաև տվողի սերմնացուն, և պիտի աճեցնի նրա արդարության պտուղները: Սիրելիներ, Ութերորդ և իններորդ գլուխները այս նամակի առաքյալը հատկացրել է եկեղեցիների միմյանց օգնելու կարևոր խնդրին և սիրալիր խոսում է ինչպես Մակեդոնիայի, այնպես էլ Կորնթոսի եկեղեցու հավատացյալների հետ: Նույնիսկ գոհություն է հայտնում Աստծուն՝ նրանց պարգևած առատ շնորհների համար, որ գործում է նրանց մեջ: Խաղաղության, սիրո և օրհնություններով ավարտվում է իններորդ գլուխը, սակայն բոլորովին այլ բովանդակությամբ է սկսվում տասներորդ գլուխը: Նախորդ համարներում մենք կարդացինք, որ Պողոսը խոսում է նաև այլ նամակների մասին, որոնցով հանդիմանել է կորնթացիներին, և նույնիսկ պատմում է, թե ինչպես է զղջացել սկիզբ խոսքերի խստության համար, սակայն հետո ուրախացել է ո՛չ թե նրանց տրտմելու համար, որ ունեցել են այդ հանդիմանական խոսքերը իրենց հասցեին լսելու պատճառով, այլ առաքյալն ուրախացել է, քանի որ նրանք այդ նամակից հետո ապաշխարության կյանք են սկսել եկեղեցում: Ես ձեզ ասացի, որ մենք չգիտե՛նք, թե ո՞ւր է այդ նամակը, կամ ինչո՞ւ մեզ չի հասել, բայց տասներորդ գլխի բովանդակությունը փաստում է, որ եղել են այդպիսի խստաշունչ նամակներ՝ գրված առաքյալի ձեռքով:
Առաջին իննը գլուխներում առաքյալը կարգավորեց իր հարաբերությունները կորնթացիների հետ, տվեց հանձնարարականներ՝ Երուսաղեմի եկեղեցուն օգնելու վերաբերյալ, և կարծես թե ամեն ինչ կարգին էր Կորնթոսի եկեղեցու հավատացյալների հետ: Սակայն տասներորդ գլուխը միանգամից սկսվում է հանդիմանական խոսքերով՝ ուղղված կորնթոսի եկեղեցուն: Մենք ենթադրություններ չանենք, թե որ նամակը որից հետո է գրված, դա չէ կարևորը, կարևորն այն է, որ Պողոս առաքյալը մի օր վերցրել է գրիչը և այսպիսի նամակ է գրել կորնթացիներին; Ոչ ոք չի կասկածում, որ առիթը առաջացել այս նամակը գրելու համար: Այսինքն առաքյալն ասում է,- Երբ ես ձեր մեջ էի, խոնարհ մեկն էի, սակայն երբ ձեզնից հեռու եմ, ինչ որ դեպքի պատճառով համարձակ եմ ձեր հանդեպ: Այնուհետև բացահայտում է իր զայրույթի պատճառը, որը տրտմեցրել է Պողոսին; համայնքից ոմանք Պողոսի և նրա գործակիցների համար կասկած են ունեցել, թե իբրև նրանք ապրում են մարդկային շարժառիթներից մղված: Բայց առաքյալը նորից է հիշեցնում, ինչպես որ կարդացինք նախորդ համարներում, որ իր ձեռքում գտնվող պայքարի գործիքները հոգևոր են, ոչ թե մարմնավոր ու տեսանելի: Առաքյալը պաշտպանվում և հարձակվում է արդարության զենքերով: Այո մարմնի մեջ է ապրում առաքյալը, բայց նրա մղումները մարդկային չեն:
Որովհետև Աստծուց ստացած զորավոր զենք է ստացել ամրությունները քանդելու համար: Այդ զենքով է քանդում գաղտնի մտածումները,Աստծու գիտության դեմ գոռոզացած ամեն մի ծառացում և գերելով բոլոր մտքերը հնազանդեցնում է Քրիստոսին: Առաքյալը պատրաստ է վրեժխնդիր լինելու ամեն անհնազանդության համար, որպեսզի կորնթացիների հնազանդությունը կատարյալ լինի: Նամակից հասկանալի է, որ եկեղեցում անհնազանդություն է տեղի ունեցել և պողոս առաքյալը պատրաստ է վրեժխնդիր լինելու Աստծու խոսքի դեմ հակառակվողի համար: բայց ոչ ինչպես հռոմեական զորքն է հարձակվում և փշրում ամեն բան, այլ արդարության զենքով կարող է և՛ հարձակվել, և՛ պաշտպանվել Պողոս առաքյալը: Որովհետև ասում է,- եթե մեկը կարծում է, թե ինքը Քրիստոսինն է, թող մտածի, որ մենք նույնպես Քրիստոսինն ենք: Իսկ եթե ես պարծենամ իմ առավելություններով և այն իշխանությամբ, որ Քրիստոս տվեց ինձ՝ ձեր փրկության համար, ոչ թե ձեզ կործանելու: Հավանաբար ոմանք համայնքից ասել են որ իրենք էլ են առաքյալ, իրենք էլ են քարոզում և փորձում են պառակտել եկեղեցին, ինչպես որ պատահել է դարերի ընթացքում; Բայց այստեղ Պողոս առաքյալն ասում է, որ ես իշխանություն ունեմ Աստծուց տված և չեմ ամաչում բարձրաձայնել այդ մասին: Համայնքից ոմանք ասել են Պողոսի հասցեին, թե՝ – Պողոսի թղթերը ծանր են, ու խիստ, իսկ նրա մարմնին տեսքը տկար է, և խոսքը՝ արհամարհելի: Այս խոսքերը հարուցել են առաքյալի զայրույթը, և նա պատասխանում է նրանց պատասխան նամակով, ասելով,- Այդ ասողը թող իմանա, թե ինչպիսին որ ենք հեռվից այդ թղթերի խոսքերով, նույնպիսին կլինենք նաև մոտիկից՝ գործերով. չենք համարձակվում մենք մեզ համեմատել և հավասարեցնել ոմանց, որոնք գովաբանում են իրենք՝ իրենց, բայց չեն հասկանում, որ իրենցով են չափում իրենք՝ իրենց:
Սիրելիներ, մենք առաջին նամակից արդեն գիտենք, որ Պողոս առաքյալը մոտ մեկուկես տարի մնացել է Կորնթոսի եկեղեցում և մեծ ջանքերի շնորհիվ է հաստատել համայնքը: Իր մեկնումից հետո, հայտնվել են որոշ մարդիկ և փորձել են արժեզրկել Պողոսի հեղինակությունը և իրենց հռչակել որպես հեղինակություն, ինչը հեռու չէ, նաև ժամանակակից եկեղեցուց: բայց պողոս առաքյալն ասում է, որ ինքը չի պարծենում իրեն տված չափից դուրս, այլ՝ այն կանոնի համաձայն, որով կարգվեց մարդկանց քարոզելու համար: Կորնթոսի եկեղեցին Պողոս առաքյալի համար եղել է որպես այցեքարտ, որովհետև այդ համայնքը իր վաստակի արդյունքն է, իր ջանքերի պտուղն է, իր պարծանքն է, իսկ հիմա ինչ որ մարդիկ փորձում են իրենց զրպարտություններով ջուրը լցնել Պողոսի տանջալի ծառայությունը: Մի՞թե Պողոսը ուրիշի դրած հիմքի վրա կառուցեց: Քա՛վ լիցի: Իր ձեռքերով հաստատեց այդ եկեղեցին: իսկ եթե եկեղեցում հոգևոր աճ կա, դա Պողոսի աշխատանքի արդյունքն է, որով աճում է նաև առաքյալի հոգևոր հասակը: Այսինքն եկեղեցու աճը և բարիքը նաև առաքյալինն է, և առաքյալը արտոնում է. որ իրենց մեջ հասունները նույնպես քարոզիչներ դառնան և տարածեն Քրիստոսի ավետարանը: Եթե կամենում է պարծենալ, թող Տիրոջով պարծենա, որովհետև ոչ թե նա է ընտրյալը, ով ինքն իրեն է գովաբանում այլ՝ նա ում Տերն է գովում;
Սիրելիներ նամակի բովանդակությունից մեն հստակ չիմացանք, թե ում նկատի ուներ առաքյալը, այս խոսքերը գրելիս, բայց հասկացանք, որ եկեղեցուց ինչ որ մեկը, կամ ոմանք փորձել են պողոս առաքյալի հեղինակության հետ խաղալ, ոչ թե որ իրենց ասածը իրականություն է, այլ՝ որպեսզի իրենց հռչակեն առաջնորդներ և կառուցեն ուրիշի դրած հիմքի վրա: Մենք կարդացինք, որ զրպարտողներն ասում են, որ Պողոսի մարմինը տկար և նրա խոսքերը արհամարհելի: 2000 տարի շարունակ Պողոս առաքյալի այս չքնաղ նամակները, որոնք օգտակար խրատներ են, զարդարում են աշխարհի եկեղեցիների քարոզների բովանդակությունը՝ իրենց կարևորությամբ, իսկ տկարամիտ մարդն ասում է, թե նրա խոսքը արհամարհելի է; Այդ մարդիկ կարծեցին, թե իրենց ասած խոսքը ուժ կունենա և առաքյալին կզրկի հեղինակությունից: Այստեղ տեղին է հիշել ժողովրդական մի խոսք, որն ասում է,- Ով չի՛ իմանում իսկական ոսկին, ոսկու գի՛ն է տալիս իր ամե՛ն խոսքին: Զրպարտողները այսպիսի մարդիկ են; Պողոս առաքյալը նախ՝ արդարությամբ իր հեղինակության համար աշխատեց, իսկ հետո հեղինակությունը աշխատեց Պողոսի համար: Այ՛ո, ոմանք վիրավորանք են հասցրել Պողոս առաքյալին:
Այ՛ո արհամարհել են նրա վաստակը և կրած հալածանքներն ու զրկանքները, գանահարություններն ու բանտարկությունները: Այ՛ո, վիրավորված ու մտահոգ է Պողոս առաքյալը ո՛չ թե նրանց ասած խոսքերի համար, այլ այն բանի համար, որ հազարավոր տառապանքներ է կրել անտրտունջ, կարիքի մեջ է եղել լռությամբ, քաղցի, ցրտի ու մերկության մեջ է եղել, առանց տրտունջի, որպեսզի Քրիստոսի խոսքը գետնին չմնա, այլ՝ քարոզվի ամենուր: Բայց այսքան նեղությունից հետո հայտնվում են ոմանք, որ քարոզում են ուրիշ Քրիստոս, և կամենում են պառակտել համայնքը: Առաքյալը իր անձի համար չէ մտահոգված, այլ՝ եկեղեցու, քանի որ արդեն կրել է, և կրում է հալածանքներ տարբեր կողմերից: Բացի հալածանքներից իր ուսերին է ծանրացել նաև եկեղեցու ներքին ընդվզումները: Մենք տեսնում ենք, որ պողոս առաքյալը լուռ է կրում իր ցավն ու հոգսերը, սակայն համայնքին ներկայանում է ուրախ և զվարթ: Բայց եկավ մի պահ, որ առաքյալն այլևս չլռեց և իր երկրորդ նամակի գրեթե երեք գլուխները տրամադրեց իր ներքին ընդվզումն արտահայտելու համար: Ծանր է 11 րդ գլուխի ընթերցումը՝ հուզվելու աստիճան: Մենք արդեն գիտենք Պողոս առաքյալի կյանքի պատմությունը; Ամեն ինչ անտեսած հոգով ու սրտով ծառայում է Քրիստոսի եկեղեցուն՝ իր դարձից հետո; Գիտենք նաև իր տառապանքի ճանապարհի մասին, որ հաղթահարեց ամեն նեղություն՝ ի սեր Քրիստոսի: Իմացանք նաև այն մարդկանց չարախոսությունները, որ ասել էին Պողոսի հասցեին: Հիմա պատկերացրեք, որ մենք ենք Պողոս առաքյալի փոխարեն: