ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելիներ: Երեկ մեր սերտողությունն ավարտվեց այնտեղ, որ Պողոս առաքյալին զորանոց մտցրին, ամբոխից պաշտպանելու համար, և գիշերը նրան երևաց Տէրը և քաջալերելով Պողոսին, պատվիրեց Հռոմում էլ այդպես վկայել Իր մասին, ինչպես որ վկայեց Երուսաղեմում; Պողոսը ինքն էլ հակված էր Հռոմ գնալու, քանի որ կայսրության մայրաքաղաքն էր և բազմամարդ էր, ինչը մեծ առիթ էր իր քարոզության համար: Մինչ Պողոսը զորանոցում էր, մի խումբ հրեաներ, թվով քառասուն հոգի, խորհուրդ արեցին իրենց մեջ և երդվեցին չուտել և չխմել, մինչև որ չսպանեն Պողոսին; Հիմա ուշադիր հետևեք իրադարձությունների մանրամասներին, որոնք Ղուկաս ավետարանիչը հենց այնպես չի գրել: Ո՞ւր գնացին առաջին հերթին այս քառասուն վրեժխնդիր մարդիկ: Անշուշտ քահանայապետների և երեցների մոտ, նրանց հավանությանը արժանանալու համար: Միթե ժողովրդի հոգևոր առաջնորդի մոտ կարելի է գնալ և թույլտվություն ստանալ՝ մեկին սպանելու համար, կամ մեկի համար ծուղակ պատրաստելու համար: Նրանք ճիշտ տեղը գնացին, որովհետև քահանայապետները ծուղակ պատրաստելու մեծ վարպետներ են; Այս դավադրության մասին իմացավ Պողոսի քրոջ որդին, և հայտնեց Պողոսին, որ քառասուն հրեաներ ուխտ են արել ծոմով, որպեսզի իրեն սպանեն; Համոզել են քահանայապետներին, որպեսզի նրանք Պողոսին կանչեն իրենց մոտ՝ իբրև հարցաքննության, իսկ իրենք դարանակալ կսպասեն ճանապարհի և կկատարեն իրենց չար գործը: Պողոսը, որ խորագետ է, ո՛չ թե նենգ, ինչպես օրենքի ուսուցիչները, օգտագործեց հռոմի իշխանավորներին, որպեսզի կարողանա իր ազատությունը ապահովել Հռոմ հասնելու համար: Հարյուրապետի միջոցով քրոջ որդուն ուղարկեց հազարապետի մոտ և եղածի մասին լուրը հասցրեց հազարապետին, որը մտահոգ էր Պողոսի անհարկի բանտարկության համար, քանի որ օրենքով չէր: Բայց Պողոսը չէր բողոքում, որ իրեն որպես Հռոմի քաղաքացի առանց հանցանքի բանտարկել են, այլ՝ ինքը իմաստուն կերպով գրավեց հազարապետի վստահությունը: Հազարապետն էլ իր հերթին պատվիրեց քրոջ որդուն, որպեսզի ուրիշ ո՛չ մեկին չհայտնի այդ մասին, իսկ ինքը գործի անցավ:
Կանչեց իր ենթականերից երկուսին, և հանձնարարությունը տվեց Պողոսի տեղափոխման անվտանգությունը ապահովելու համար, պատրաստեն երկու հարյուր զինվորները, որոնց միջոցով Պողոսին կտեղափոխեն Կեսարիա: դուք ուշադիր եղեք նաև ուղեկցող զինվորների թվի վրա, կարծես մի հանցավոր ավազակախումբ են տեղափոխում: 200 զինվոր, 70 հեծյալներ և 200 նիզակավորներ, և նաև պատրաստի գրաստներ, որպեսզի Պողոսին ապահով հասցնեն Ֆելիքս կուսակալի մոտ: Հիշո՞ւմ եք, երբ Պետրոսին բանտարկեցին, 16 զինվոր էր հսկում միայն նրան: Զենքն ու զորքը ապահովելուց հետո, պատրաստեց նաև մի նամակ՝ ուղղված կուսակալին, հետևյալ բովանդակությամբ,- Կլոդիոս Լյուսիաս՝ գերազանց Ֆելիքս կուսակալին ողջույն; Այնուհետև նամակում՝ կուսակալի առջև իր հեղինակությունը բարձրացնելու և կուսակալին հաճոյանալու համար, կեղծում է իրականությունը և իր դերը բարձրացնելով ,-գրում է այնպես, Հրեաները կամենում էին Պողոսին սպանել, բայց իմանալով, որ հռոմեացի է, ես զինվորներով հասա և ազատեցին նրան: Հայտնում է, որ Պողոսի վրա որևէ հանցանք չի գտել մահվան արժանի, հետևաբար ուղարկում է կուսակալի մոտ, որպեսզի իրեն մեղադրողներն էլ գան կուսակալի առջև և ամբաստանեն նրան; Հազարապետը հմտությամբ իրենից հեռացրեց Պողոսին, գլուխը չցավեցնելու համար: Նշված քանակի զինվորները հրամանի համաձայն առան Պողոսին և գիշերով տարան կուսակալի մոտ, նամակի հետ միասին հանձնեցին նրան; Կուսակալը հարցրեց բնակության վայրը և հայտնեց, որ իրեն կլսի երբ ամբաստանողները գան, որովհետև այդպես էր գրել նամակում հազարապետը: Պողոսին պահելու համար նրան տեղավորեցին Հերովդեսի ապարանքում; Մի խոսքով Պողոս առաքյալը հասավ իր նպատակին՝ խուսափելով հրեաներից և անվնաս հասնել Հռոմ՝ քարոզության համար, որովհետև նա օգտագործեց քաղաքական գործչին, ոչ թե քաղաքական հարց լուծելու համար, այլ՝ Քրիստոս քարոզելու համար:
Հինգ օր Պողոսը մնաց Հերովդեսի արքունիքում՝ բանտարկված, քանի որ հինգերորդ օրը միայն քահանայապետը, ծերերը իրենց հետ վերցրին Տերտուղիոս անունով մի ճարտասան մարդու, և եկան Կուսակալի մոտ՝ Պողոսին ամբաստանելու համար: Երբեմն ավետարանները կարդալիս, կամ թեկուզ առաքյալների գործերն ու Պողոսի թղթերը կարդալիս, ակամայից հարց է առաջանում. թե՝ Ի՞նչ էր օրվա հոգևոր առաջնորդների առաքելությունն ու պարտականությունը: Քանի որ նրանց ամեն տեղ տեսանք, բա՛ցի իրենց կոչման մեջ: Տաճարի բիզնեսի մեջ հայտնվեցին, ամբաստանությունների մեջ մշտապես կան, զրպարտությունների մեջ առաջինն են, կրոնական ծայրահեղությունների մեջ միակն են: Մարդասպանության հրահանգների մեջ կողմ են, Ե՞րբ են այս մարդիկ ուսուցանում ուրիշ մարդկանց: Ի՛նչևէ: Կուսակալի առջև սկսեցին իրենց ամբաստանությունը, երբ Պողոսին ատյան բերեցին; Բայց ուշադիր եղեք, որ նախ կեղծավորությամբ քծնում են կուսակալին, գոհանալով նրանից, որ իրենց երկրում խաղաղություն է հաստատել՝ իր կարգապահության շնորհիվ: Չհավանեցին Քրիստոսի բերած խաղաղությունը, և Նրան մահվան մատնեցին, հիմա եկել են գոհանում են կուսակալի՝ բռնությամբ հաստատած խաղաղությունից; Ամեն բանի համար մեծապես գոհացան և շնորհակալության հայտնեցին գերազանց Ֆելիքսին, առանց Աստծու անունը գեթ մեկ անգամ հնչեցնելու: Խոսքը վերցրեց Տերտուղիոսը, և կուսակալի ավելորդ հոգնություն չպատճառելու նպատակով, սկսեց հնարավորինս համառոտ զրպարտություններ բարբաջել Պողոսի հասցեին, այն մասին, իբրև թե Պողոսը հրեաներին ապականողն ու խռովեցնողն է: Նրան մեղադրեցին նաև Նազովրեցու հերձվածի առաջնորդը: Սիրելիներ, այս ճարտասան մարդը ո՛չ թե կուսակալին հարգելով է կարճ խոսում, այլ՝ ոչ մի փաստ չունի Պողոսի մեղադրանքների մեջ և մեղադրանք էլ չկա դատվելու արժանի: Պողոսին մեղադրում են տաճարը պղծելու հարցում, մինչդեռ տաճարը ամեն օր պղծվում էր իրենց ձեռքով;
Եվս մեկ սուտ վկայություն տվեցին կուսակալի առջև՝ բոլոր հրեաների անունից, իբրև թե բոլոր հրեաները համաձայն են իրենց խոսքի հետ; Հիշում ենք, որ Երուսաղեմում իր պաշտպանողականը կարդալիս, Պողոսի ելույթի պատճառով վեճ ու պառակտում առաջացավ փարիսեցիների և սադուկեցիների միջև: Քանի որ նրանք Աստծու խոսքի նախանձախնդիրները չեն, այլ՝ իրենց հեղինակության: Երբ ավարտեցին իրենց ամբաստանությունը, կուսակալը խոսքը տվեց Պողոսին, որպեսզի պաշտպանի իրեն: Պողոսն իր խոսքը սկսեց առանց կեղծավոր նախաբանի, և տեղեկացրեց, որ ինքը 12 օր է ինչ Երուսաղեմում է, երկրպագության համար, և իրեն ոչ ոք տաճարում չի տեսել մեկի հետ խոսելիս, ոչ էլ ժողովարանում է եղել քարոզելու համար: Ներկաներից և ո՛չ մեկը չի կարող ապացուցել իր ասածները իմ մասին: Պողոսին առիթ էր պետք, որ Նազովրեցու հերձվածի մասին խոսի, ինքը հենց այդ նպատակի համար է հայտնվել այդտեղ: Վկայեց բոլորի առաջ, որ պաշտում է իր հայրենի Աստծուն և հավատում է բոլոր սուրբ գրքերին ու մարգարեություններին, ավելացնելով,- Հույս ունեմ առ Աստված, ինչպես որ ինձ ամբաստանողներն էլ են ակնկալում, Հարություն է լինելու արդարների և մեղավորների: Դրա համար էլ ջանք եմ թափում, որ Աստծու և մարդկանց առաջ միշտ մաքուր խղճմտանք ունենամ: Պողոսը իրեն մեղավոր չի համարում ո՛չ մի զրպարտության մեջ, բացի միայն այն բանից, որ խոսել է հարության մասին, և այժմ դրա համար դատվում է: Եթե հարության մասին խոսելը Պողոսի համար մեղք է համարվում, ապա երանի համայն մարդկությունը այս մեղքի մեջ լիներ: Պողոսին ազատ չարձակեց կուսակալը, ինչպես նաև չմեղադրեց ո՛չ մի մեղքի մեջ, և հրամայեց, որ ապրի հնարավորինս ազատ պայմաններում և ո՛չ ոքի չարգելել նրա եղբայրներից, եթե կամենան այցելել նրան:
Ֆելիքս կուսակալը գիտեր Քրիստոսի մասին, ժամանակ էր ձգում, կամենում էր լսել Պողոսից, և նրան ազատ չարձակեցին, այլէ հետաձգեցին գործը, մինչև հազարապետը իր մոտ գնա: Օրեր անց Ֆելիքսը իր կնոջ հետ եկավ Պողոսի մոտ, լսեց Հիսուս Քրիստոսի եղած հավատի մասին: Պողոսը խոսում էր արդարության, ժուժկալության և գալիք դատաստանի մասին, Ֆելիքսը զարհուրած ասաց,- դու հիմա գնա, երբ ժամանակ ունենամ, քեզ կկանչեմ; Այո, կուսակալը զարհուրեց, երբ լսեց ճշմարտությունը Պողոսից, քանի որ արդար չէր ապրում, և վախեցավ: Քրիստոսի խոսքից այսօր էլ զարհուրում են այն առաջնորդները, որոնք արդար չեն ապրում, ժուժկալ չեն իրենց կենցաղավարության մեջ: Քրիստոսի խոսքը երկսայրի սուր է, կտրում անցնում է մինչև հոգու խորքերը: Քրիստոսի խոսքը միայն մխիթարության համար չէ, կամ ականջները շոյելու համար չէ: Իսկ քահանայապետները անձամբ Հիսուսից լսեցին ճշմարտության խոսքեր և չհավատացին: Կամ էլ չուզեցին հավատալ, քանի որ իրենք էլ արդար չէին ապրում իրենց հոգևոր կյանքը: Ավետարանիչն ասում է, որ Ֆելիքսը հաճախ էր կանչում Պողոսին և լսում նրան: Նաև Պողոսից դրամ էր ակնկալում, ազատ արձակելու համար, բայց Պողոսը արդար է, և ամենևին կաշառք տալու պատրաստ չէ: Ինքը կուսակալին խոսում է արդարության մասին և արդար լինելով հանդերձ, ինչո՞ւ պետք է դրամ տա կուսակալին: Այսպես ձգձգելով, անցավ երկու տարի և Պողոսը նստած է առանց պատճառի՝ քահանայապետների թեթև ձեռքով: Երկու տարվա մեջ կուսակալների մեջ փոփոխություն տեղի ունեցավ և Ֆելիքսի փոխարեն կուսակալ նշանակվեց Փեստոս անունով մի հռոմեացի:
Ֆելիքսը քանի որ թողնում էր պաշտոնը, գերադասեց հաճոյանալ հրեաներին և Պողոսին թողեց կալանքի տակ: Թեպետ անցել էր երկու տարի, բայց քահանայապետների վրեժխնդրությունը Պողոսի նկատմամբ չէր մարել, և նրանք հիմա էլ նոր կուսակալին խնդրում և աղաչում էին, որ Պողոսին Երուսաղեմ ուղարկի, քանի որ սպանության մոլուցքը դեռ եռում էր նրանց սրտում; Բայց Փեստոս նոր կուսակալը հասկացավ նրանց վատ միտումը և հայտնեց, որ Պողոսը կմնա Կեսարիայում, քանի որ Հռոմի քաղաքացի է, եթե կարող են, թող իրենք գան այնտեղ՝ նրան մեղադրելու համար; Ութ օր անց Կեսարիայում ատյան գումարվեց, և Պողոսին բերեցին այնտեղ; Երուսաղեմից եկած հրեաները բազում բարդ հանցանքներ էին բարդում Պողոսի վրա, սակայն ապացուցել չէին կարողանում, քանի որ Պողոսը պատասխանում էր նրանց, ասելով,- Ոչնչով հանցավոր չեմ ո՛չ հրեաների օրենքի, ո՛չ տաճարի, ո՛չ էլ կայսեր դեմ; Պողոսը կտրուկ չհամաձայնվեց Երուսաղեմ գնալ, երբ կուսակալը առաջարկեց նրան, ազատվելու համար ամեն գլխացավից: Պողոսը պահանջեց, որ իրեն դատեն Հռոմում: Կուսակալը մնաց անելանելի վիճակի առջև:Փեստոսին ուրիշ բան չէր մնում անելու եթե ոչ կատարել Պողոսի պահանջը՝ Հռոմ գնալու վերաբերյալ; Անշուշտ Պողոսը կուզեր Հռոմ գնալ, բայց ո՛չ բանտարկյալի կարգավիճակով: Ամեն դեպքում ասաց, որ ինքը հանցանք չունի, իսկ եթե որևէ հանցանք ապացուցվի, մահից չի վախենում: Այս բոլոր խոսքերից հայտնի է դառնում, որ Պողոսը ամենևին էլ իր անձի մասին չի մտահոգվում, այլ՝ ամեն կերպ կամենում է հասնել Հռոմ և քարոզել բազմամարդ մայրաքաղաքում: Որոշում կայացվեց, որ Պողոսը պետք է կայսրի մոտ պիտի գնա: Անցան օրեր և Փեստոսին նոր պաշտոնում շնորհավորելու համար Երուսաղեմից Կեսարիա եկան Ագրիպաս արքան և Բերենիկե անունով մեկը:
Երկար օրեր միասին անցկացնելու ժամանակ, Փեստոսը արքային պատմեց Պողոսի հետ կապված բոլոր մանրամասները, թե ինչպես են նրան ամբաստանում Երուսաղեմից եկած հոգևոր մեծերը, և նրա մահն են պահանջում; Սակայն հռոմեացիների օրենքում չկա, մարդուն դատել, եթե որևէ հանցանք չապացուցվի նրա հանդեպ: Բոլոր մանրամասները արքային պատմելուց հետո, արքան զարմանալիորեն ասաց, որ ինքն էլ կամենում է լսել այդ մարդուն: Փեստոսն ասաց,- Վա՛ղը կլսես: Սիրելիներ, տեսեք, թե Աստված ինչպիսի հնարավորություն է ստեղծել Պողոսի համար՝ խոսելու մեծամեծերի առջև: Փաստորեն ատյան է կազմվել Երուսաղեմի և Հռոմի երևելի մարդկանցից, որոնց առջև Պողոսը հնարավորություն է ստանում խոսելու: Ղուկաս ավետարանիչը նույնիսկ նկարագրում է նրանց արտաքին տեսքը, հագ ու կապը, և թե ինչ փառավոր հանդեսով էին եկել իրենց հազարապետներով և քաղաքի երևելի մարդկանցով և ատյան նստեցին; Փեստոսը հրամայեց Պողոսին ատյան բերել: Դատավարությունը սկսվում է Փեստոս կուսակալի խոսքով, որն արքյային և բոլոր ներկաներին ներկայացնում է մինչ այդ ստեղծված եղելությունը՝ կապված Պողոսին առաջադրած մեղադրանքներին: Արքային ներկայացրեց, որ հրեաները, ինչպես Երուսաղեմում, այնպես էլ այստեղ ամբաստանություն էին անում Պողոսի հանդեպ և պահանջում էին մահվան վճիռ կայացնել նրա հանդեպ: Նաև արքային ներկայացնում է ի՛ր դիրքորոշումը՝ այդ հարցի շուրջ, որ բավական քննելով հանգել է այն եզրակացության, որ Պողոսը մահվան արժանի ոչ մի հանցանք չունի: Բայց քանի որ Պողոսը կայսրին էր ուզում բողոքել, և որևէ հիմնավոր պատճառ չկա նրա մեղադրանքի վերաբերյալ՝ կայսրին գրավոր ներկայացնելու համար, այդ պատճառով է Ագրիպաս արքայի առջև բերել, որպեսզի վերստին քննություն կատարելով կարողանա գոնե մի բան գրավոր կերպով ուղարկել կայսրին; Այլապես անպատեհ մի բան կստացվի, եթե մի բանտարկյալ ուղարկեմ կայսրի մոտ, որի վրա ոչ մի հանցանք չկա:
Սիրելիներ այս պատմությունները կարդալիս մեր աչքի առջև է գալիս ինչպես Պողոսի ժամանակվա, այնպես էլ մեր օրերի իշխանական ու կրոնական բարձրաստիճանների քաղքենի կեցվածքը: Տեսաք, որ արքան ատյան եկավ մեծ շուքով, հազարապետներով, հարյուրապետներով, և այլ երևելի մարդկանց ուղեկցությամբ; Ինչ օգուտ ունի այդքան տեղակալներ, կամ ենթականեր պահել և ի տես մարդկանց ցուցադրաբար ատյան գումարել, եթե մի հասարակ հարց, որ Պողոսի հարցն էր, երկու տարի շարունակ ծեծվեց դատարաններում և լուծում չստացավ: բոլորիս է հայտնի, որ ամեն ինչ ձևական է, և բովանդակություն չունի, իսկ արդար Պողոսը, որը ազատության մեջ կարող էր հազարավոր հոգիներ փրկել, բանտարկված է անհիմն պատճառով՝ քահանայապետների նախանձի ու նենգության համար: Ձևական այս վիճակը պահպանված է մինչև մեր օրերը, դատական համակարգը նույն ոճով գործում է մինչև մեր օրերը: Երբեմն մարդիկ տարիներով նստում են բանտում, առանց դատավարության: Քաղքենիությունը ձևապաշտությունը մարդկությանը հասակակից արատավոր երևույթ է: Պողոսի դատավարությունը սկսված է, Հռոմի և Երուսաղեմի երևելի մարդիկ ներկա են դատավարությանը, և Պողոսին պետք է հնարավորություն տրվի հանդես գալ իր պաշտպանական ճառով: Իսկ մենք գիտենք, որ Պողոս առաքյալը ոչ թե իր անձի պաշտպանությանն է հետամուտ, այլ՝ մեծամեծ մարդկանց առաջ Քրիստոսին քարոզելը: Հատկապես, որ Երուսաղեմի Ագրիպաս արքան ցանկություն հայտնեց լսել Պողոսին: Պողոսին սիրով լսում էր նաև Ֆելիքս կուսակալը՝ իր կնոջ հետ: Առաքյալների ճշմարտության խոսքը շատերն են ուզում լսել, բայց իրենց հանգամանքի հպարտությունը թույլ չի տալիս: Ոմանք էլ ամոթ են համարում բարձրաստիճան պաշտոնյա լինելով լսել Աստծու խոսքը: բայց կգա այն ժամանակը, երբ ամեն պաշտոն կփոշիանա, միայն Աստծու խոսքը կմնա զորավոր: Սիրելիներ, իսկ թե ինչպե՞ս իրեն պաշտպանեց Պողոս առաքյալը, կամ թե ինչպե՞ս քարոզեց Հիսուս Քրիստոսին՝ այդ երևելի մարդկանց առաջ, կիմանանք վաղվա եթերաժամին, և դրանով կավարտենք ,, Գործ Առաքելոց ,, գիրքը, որը Ղուկաս ավետարանչի միջոցով հանգամանալից պատմեց մեզ Քրիստոսի համբարձումից հետո առաքյալների ինքնուրույն գործունեությունը՝ Սուրբ Հոգու առաջնորդությամբ: Առաքյալների նախանձախնդիր վարքը թող օրինակ լինի մեզ համար, մեր քրիստոնեական կյանքը արժանապատիվ ձևով ապրելու համար:
Թող մեր Տէր Յիսուս Քրիստոսի սէրն ու ողորմութիւնը միշտ ձեր կեանքերը լիացնեն, հարստացնեն, ողողեն ու պարուրեն: Պողոս Առաքյալի խոսքի համաձայն, մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը թող ձեզ տայ իմաստութեան եւ յայտնութեան Հոգի՝ իրեն ճանաչելու համար, և թող շնորհի Տերը Իր սերը մեր բոլորի սրտերին, Նրան փառք հավիտյանս հավիտենից. Ամեն.
Տեղեկութիւններ
Ձեր հարցումները
Post Views: 399