ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ, սիրելիներ: Երեկվա սերտողությամբ Ղուկաս ավետարանչի շնորհիվ տեղեկացանք, որ ինքն էլ Պողոս առաքյալի հետ է շրջագայության ժամանակ, երբ ուղևորվում էին Երուսաղեմ, որտեղ պատահող հալածանքների մասին Սուրբ Հոգին վկայել էր Պողոս առաքյալին: Քրիստոսի համար ապրել ու քարոզել և նույն Քրիստոսի համար նահատակվելը Պողոս առաքյալի նշանաբանն էր և հավատամքը: Իմանալով, թե ինչ է իրեն սպասվում Երուսաղեմում, ուղևորվեց այնտեղ: Նավը Պողոսին և իր աշակերտներին Տիուրոս հասցրեց, այս քաղաքի մասին մենք շատ ենք խոսել, հեթանոսական շրջան է, և եթե հիշում եք, սկզբնական շրջանում Տէր Հիսուս իր աշակերտներին չէր արտոնում Տիուրոսի և Սիդոնի կողմերը գնալ: Բայց Տէր Հիսուս ընտրեց հզոր Պողոսին, դարձի բերեց և ուղարկեց մռնչացող գայլերի մեջ քարոզելու համար: Պողոսն էլ հավատարիմ մնաց իր Տիրոջ պատգամին և գնաց այն վայրերը, ուր իրեն ուղարկեց Տէրը, առանց հաշվի առնելու վտանգները: Տիուրոսում մնացին յոթ օր, և հանդիպեցին նորաստեղծ եկեղեցու երեցներին ու հավատացյալ հոտին: Նրանք Սուրբ Հոգու միջոցով պողոսին ասում էին, որ Երուսաղեմ չբարձրանա: Հավանաբար այն բանի հետո երբ Պողոսը նրանց պատմեց այն ամեն նեղությունները, որոնք որ կրել է ինքը իր քարոզությունների ժամանակ: Այս հանդիպման ժամանակ մի հետաքրքիր իրողություն ենք նկատում, որ կուզեմ արժանանա ձեր ուշադրությանը, երբ կարդաք այս հատվածը: Նախորդ սերտողության մեջ իմացանք, որ Սուրբ Հոգին վկայեց Պողոս առաքյալին, որ Երուսաղեմում և ամեն քաղաքում իրեն կապանքներ և նեղություններ են սպասվում: Նույն Սուրբ Հոգին Տիուրոսի հավատացյալներին վկայում է, որ Պողոսին արգելեն Երուսաղեմ բարձրանա: Ի՞նչ կարելի է հասկանալ այստեղ: Սուրբ Հոգին Պողոսին ուղարկում է կապանքների և հալածանքների, և նույն Սուրբ Հոգին հավատացյալներին վկայում է, որ հորդորեն Պողոսին՝ Երուսաղեմ չգնա: Նպատակը մեկն է ակնհա՛յտ: Քրիստոսի նկատմամբ ունեցած գերագույն սիրո դրսևորման վառ ապացույցն է բնութագրվում այս դրվագի մեջ: Պողոս առաքյալը Քրիստոսի սիրո համար պատրաստ է նահատակության: Հավատացյալ հոտը Պողոսին սիրելով չի կամենում տեսնել նրա տանջանքները, բայց եթե Աստծու կամքն է, լացելով ճանապարհում են նրան՝ Երուսաղեմ: Յուրաքանչյուր քրիստոնյա, լինի հոգևորակա՛ն, թե՝ հավատացյա՛լ, այս տողերը կարդալիս պետք է համեմատություն անի Քրիստոսի հանդեպ ունեցած իր ունեցած սիրո և այս դրվագի սիրո արտահայտության միջև:
Սա է քրիստոնեության պահանջը՝ մեզնից: Սիրել Աստծուն՝ նահատակության պատրաստակամությամբ, եթե պահանջվի, չափսոսելով ժամանակավոր կյանքը: Հավատացյալ հոտը իրենց ընտանիքի անդամներով մինչև ծովեզերք ճանապարհեցին Պողոսին ու աշակերտներին՝ ծնկի եկած աղոթելով նրանց ճանապարհի համար: Այս նավարկության ժամանակ, մինչև Երուսաղեմ հասնելը, տարբեր տեղերում եղան և հանդիպումների միջոցով հանձնարարություններ տվեց տեղի եկեղեցիների երեցներին և օթևանեցին սարկավագ Փիլիպոս ավետարանչի տանը, որի չորս կույս աղջիկները մարգարեուհիներ էին: Տեսեք, սիրելիներ, ընտանիքի ինչ գեղեցիկ օրինակ է: Հայրը՝ ավետարանի քարոզիչ, աղջիկները մարգարեուհիներ: Այսպիսի տներում էին կազմակերպում իրենց հանդիպումները առաքյալները, եթե ուշադրություն եք դարձրել: Այս մարդիկ գուցե զորավոր գործեր չեն արել, բայց իրենց հյուրասիրության պատճառով իրենց անունները գրվել է Սուրբ Գրքում: Ագաբոս անունով մեկ այլ մարգարե, իմանալով, որ Պողոսը Փիլիպոսի տանն է, ինքն էլ եկավ այդտեղ: Վերցնելով Պողոսի գոտին կապես ինքն իր ոտքերն ու ձեռքերը և ասաց,- Այսպես է ասում Սուրբ Հոգին. այն մարդուն, որի գոտին է այս, հրեաները նրան այսպես պիտի կապեն Երուսաղեմում, և հանձնեն հեթանոսների ձեռքը: Ամեն ինչ արդեն հասկանալի է ու պարզ: Այս տանն էլ եղավ մարգարեություն՝ Պողոսի հալածանքների մասին, որ պետք է ունենա Երուսաղեմում: Բնական է, որ այս տանը հավաքված մարդիկ էլ աղաչեցին Պողոսին, որ չգնա Երուսաղեմ: Բայց մարգարեություն եղավ, թե ինչպե՛ս պիտի կապեն Պողոսին և հանձնեն հեթանոսներին: Բայց Պողոս առաքյալը իր աչքերի կուրության հաշվին է տեսել Քրիստոսի լույսը, ինչպես կարող է երկմտել այս հարցում: Իսկ երբ շատ են աղաչում, տեսե՛ք, թե ի՛նչ ասում այդ մարդկանց,- Ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք լաց լինում, և իմ սիրտն էլ ճմլում, Ես Տէր Հիսուս Քրիստոսի անվան համար Երուսաղեմում ո՛չ միայն կապվելու, այլև՝ մեռնելու էլ պատրաստ եմ: Այս մարդիկ նույնպես ասացին, թող Տիրոջ կամքը լինի: Տիրոջ կամքը իշխում է ամենուրեք, ուր որ մտնում է Պողոսը:
Շարունակեցին ճանապարհը և Երուսաղեմ հասան, արժանանալով ջեր ընդունելության՝ եղբայրների կողմից: Այս անգամ հանդիպումը Հակոբոս Տէառնեղբոր հետ էր, որտեղ հավաքվեցին տեղի եկեղեցիների երեցները՝ նույնպես: Սիրելիներ, մենք շատ հաճախ Սուրբ Գիրքը թռուցիկ ընթերցելու պատճառով բաց ենք թողնում շատ կարևոր փաստեր, որոնց վրա Պողոսը ծախսեց իր ողջ կյանքը: Սրանք այն նորաստեղծ քրիստոնեական համայնքներն էին, որ Պողոսը գիշեր ու ցերեկ հալածվելով ստեղծեց: Սա՛ է Քրիստոսին անձամբ հանդիպելուց հետո հավատացյալի գործունեությունը: Այս հավաքը, որը տեղի ունեցավ Հակոբոսի մոտ, Պողոսը դարձյալ պատմեց, թե Աստված իր միջոցով ինչ զորավոր գործեր արեց հեթանոսների մեջ: Սակայն Պողոսը երբեք չանտեսեց հրեաների քարոզությունը, եթե նրանք կամենային; Բոլոր միաբերան փառաբանում էին Աստծուն: Սիրելիներ, թեպետ Պողոս առաքյալը Տէր Հիսուսի քարոզության ժամանակ ներկա չի եղել, բայց այս ոճը, որ ինքը բոլորին պատմում է, թե ի՛նչ է պատահելու իրեն, նման է Տէր Հիսուսի խոսքին, որը աշակերտներին պատմում էր ամեն բան՝ իր հետ կատարվելիքի մասին: Պողոսին շատ ջերմությամբ ընդունեցին Հակոբոս Տէառնեղբոր մոտ, բայց նրան մի գաղտնիք հայտնեցին, որը տարածվել էր Երուսաղեմի հրեաների մեջ, թե իբրև Պողոսը հեթանոսների մեջ ապրող հրեաներին արգելում է թլպատվել և պահել Մովսեսի օրենքն ու կրոնական ավանդությունները: Երուսաղեմի հրեաները անպայման կիմանան, որ Պողոսը Երուսաղեմում է, և գուցե վնասեն նրան; Հետևաբար եղբայրաբար խորհուրդ տվեցին Պողոսին հետևել իրենց հորդորին; Ինչ պետք է աներ Պողոսը՝ վտանգից զերծ մնալու համար, քանի որ հրեաները արդեն կասկածում են իրեն՝ ավանդություններին դեմ գնալու հարցում; Ավետարաններից հիշում եք, թե փարիսեցիներն ու քահանայապետները ինչպիսի ամբաստանություններ էին անում Քրիստոսին, կրոնական ավանդությունները չպահելու, կամ շաբաթ օրվա համար: Հիմա նույն վիճակում հայտնվել է Պողոսը, բայց երևում է, որ սա էլ ոմանց գաղտնի ծուղակներից է Պողոսի հանդեպ պատրաստած: Պողոսին առաջարկեցին, որպեսզի իրենց մեջ գտնվող չորս ուխտադիր մարդկանց վերցնի և իր ծախսերով նրանց գլուխները ածիլի՝ և նրանց հետ տաճար մտնի, որպեսզի հերքվի կասկածները, որ Պողոսը օրենքները չի պահում և հորդորում է, որ այլոք նույնպես չպահեն; Ովքե՞ր էին այս ուխտադիր մարդիկ:
Սրանք ա՛յն մարդիկ են, որոնք ուխտ են անում Աստծուն՝ իրենց ինչ որ խնդրի վերաբերյալ և իրենց գլուխները չեն սափրում, մինչև նշված ժամանակը: Հիմա Պողոսը այդ մարդկանց պետք է տաներ սափրելու և իր հետ տաճար տաներ՝ փարատելու այդ կասկածը իր հանդեպ: Արեց Պողոսը այն ամենը ինչ պահանջվում էր իրենից, և այդ մարդկանց համար զոհ մատուցեց, որպեսզի հասկանալի դառնա, որ ինքը դեմ չէ ոչ մի բանի: Հիշենք մի պահ, որ փարիսեցիները ընդունակ էին զրպարտություններ տարածել անմեղ մարդու հասցեին և դրա համար վարձում էին մարդկանց, որպեսզի հանրության մեջ աղաղակեն այդ կեղծիքի մասին; Նույնը պատահեց Պողոսի հետ, երբ հաջորդ անգամ տաճար մտավ: Որոշ հրեաներ Պողոսին տաճարի մեջ տեսնելով, աղաղակ բարձրացրին, ասելով, որ սա այն մարդն է, որ հակառակ է ժողովրդին, Մովսեսի օրենքին և սրբավայրին: Պողոսին մեղադրեցին նաև հեթանոսին տաճար մտցնելու մեջ, ինչը չէր եղել, ուղղակի նրանք Պողոսին տեսել էին այդ հեթանոսի հետ շփվելիս: Եվ ասում է ամբողջ քաղաքը խռովվեց և Պողոսին տաճարից դուրս հանեցին և իսկույն տաճարի դռները փակեցին: Տեսնո՞ւմ եք որքան հեշտ է մարդուն զրպարտել, և խռովություն բարձրացնել անգետ մարդկանց շրջանում; Բայց ցանկացած մարդ իր կենցաղավարությամբ ու վարքով այնպես պետք է ապրի, որպեսզի մի օր զրպարտողը ստախոս դուրս գա, ինչպես որ քահանայապետները դուրս եկան զրպարտիչներ ու մարդասպաններ: Հանեցին տաճարից Պողոսին և ուզում էին սպանել նրան: Հազարապետին լուր հասավ Երուսաղեմի խռովության մասին, և նա զորք վերցնելով եկավ նրանց վրա: Հռոմեական իշխանությունը դեմ էր առանց որևէ հանցագործության սպանել մեկին; Ինչպես որ Պիղատոսն էր անվերջ ասում որ Հիսուսի մեջ հանցանք չի տեսնում, ինչո՞ւ խաչը հանել նրա: Ինչևէ: Գազազած ամբոխը հազարապետին տեսնելով դադարեցին ծեծել Պողոսին: Հազարապետը հրամայեց կապել Պողոսին կրկնակի շղթաներով, բայց միևնույն ժամանակ հարցնում էր Պողոսին, թե ո՞վ է ինքը, և ի՞նչ է արել, որ ժողովուրդը հուզվել է:
Հետաքրքիր է, այդ կապելու ժամանակ Պողոսը հիշե՞ց Ագաբոս մարգարեի խոսքերը, որ իր գոտիով կապել է իր ոտքերը՝ ի նշան այն բանի ինչ որ եղավ Պողոսի հետ: Ամբոխի աղաղակից ոչինչ չլսելով, հրամայեց Պողոսին զորանոց տանել: Ժողովրդի բազմությունը այլևայլ բաներ էին աղաղակում իրարից անկախ: Այնպես էին նեղում զինվորներին, որ նրանք ստիպված եղան Պողոսին ձեռքերի վրա տանել, որպեսզի չվնասեն նրան, քանի որ գոռում էին,- Մա՛հ դրան; Երբ ժողովուրդը վերածվում է ամբոխի, դառնում է անկառավարելի և գազան: հետաքրքիր է, ինչո՞ւ են պահանջում նրա մահը, ի՞նչ է արել: Այսպես է կրոնական մոլությունը մթագնում մարդկանց ուղեղը: Իրենք կարծում են, որ հեթանոսի տաճար մտնելուց տաճարը պղծվում է, բայց չեն հասկանում որ անմեղ մարդուն զրպարտելուց իրենց սի՛րտն է պղծվում Աստծու առաջ: Այս նրբությունը չհասկացան նա՛և քահանայապետները, որոնց Տէր Հիսուս ասում էր,- Դուք կարծում եք, թե ծառայում եք Աստծուն, բայց ձեր հայրը սատանա՛ն է: Հազարապետը փորձում է Պողոսի կյանքը փրկել այդ ամբոխից, իսկ Պողոսը թույլտվություն է խնդրում, որպեսզի իր խոսքն ուղղի այդ ժողովրդին; Պողոսը հասկացավ, որ հազարապետն էլ շատ գիտակ մեկը չէ, քանի որ Պողոսին շփոթել էր մի եգիպտացու հետ, որը խռովություն էր գցել քաղաքում; Պողոսը ներկայացավ հազարապետին և ասաց, որ ինքը հրեա է, Կիլիկիայի նշանավոր Տարսոն քաղաքից է, և կամենում է խոսել այդ ժողովրդի հետ: Հազարապետը թույլ տվեց, որ նա խոսի: Բարձրացավ Պողոսը աստիճանների վրա և ձեռքը վեր բարձրացնելով լռեցրեց ամբոխին: Կատարյալ լռություն տիրեց, և Պողոսը խոսեց եբրայերեն; Մեծ եղավ բազմության զարմանքը, և առավել հանդարտվեցին, երբ Պողոսը սկսեց խոսել եբրայերեն: Քանի որ համոզվեցին, որ իրենցից մեկն է խոսողը: Պողոս առաքյալը նախ ներկայացավ բոլորի առջև, որ հրեա է, Դաստիարակվել է Գամաղիելի ոտքերի մոտ, և կրթված է ըստ հայրենի օրենքի ճշմարտության: Նախանձահույզ է Աստծու հանդեպ, ինչպես բոլորը: Այնուհետև մանրամասն ներկայացնում է իր հետ պատահածը՝ Դամասկոսի ճանապարհին, ինչի մասին մենք խոսեցինք իններորդ գլխում:
Այս պաշտպանողական ճառը Պողոս առաքյալը տալիս էր ո՛չ թե իրեն փրկելու համար, այլ՝ ևս մեկ առիթ էր Քրիստոսի անունը մարդկանց մեջ տարածելու համար: Իր խոսքի մեջ Պողոսը հիշատակում է նաև քահանայապետների անունը, որոնց ձեռքից էր վերցնում նամակներ՝ քրիստոնյաներին բանտարկելու և սպանելու վերաբերյալ: Ամեն ինչ պատմում է ճշգրտությամբ, թե ինչպես իրեն հանդիպեց Դամասկոսի ճանապարհին Նազովրեցի Հիսուսը և հրահանգեց, որ հանդիպի Անանիա անունով մեկին, նրանից լսելու հրամայված խոսքը: Նաև տեղեկացրեց բազմությանը, որ Հիսուսն է իրեն պատվիրել հեթանոսներին քարոզել: Առաջին անգամ Նազովրեցի Հիսուսը Դամասկոսի ճանապարհին է հանդիպել Պողոսին՝ սաստիկ լույսի միջոցով: Երկրորդ անգամ Երուսաղեմի տաճարում աղոթքի կանգնած ժամանակ՝ մտահափշտակության միջոցով: Իսկ Երրորդ անգամ Կորնթոսում՝ տեսիլքի միջոցով Տէրը պողոսին ասաց,- Մի վախեցիր, խոսիր և մի լռիր: Ակնհայտ է որ Աստված Պողոսի հետ է ամենուր: Վկայեց նաև, որ ինքը ներկա է եղել Ստեփանոսի քարկոծմանը և տվել է իր համաձայնությունը՝ նրան սպանելու հարցում: Այս բոլորին վկա են քահանայապետները, և Պողոսը նույնպես չի թաքցնում այդ մասին: Փաստում է ներկաներին, որ ինչպես որ դուք չե՛ք հավատում Հիսուսին, այնպե՛ս էլ ես չէի հավատում, մինչև Դամասկոսի պատահածը: Սակայն այս բոլորը Պողոսը բացատրում է, որ ներկաները հասկանան, որ ինքը ինքնակամ չի դարձել դեպի Հիսուս, այլ Նրա փառքի լույսից կուրանալուց հետո է հրահանգ ստացել քարոզելու հեթանոսների մեջ: Իր փորձառությունը պատմում էր նրանց, որ գուցե իրենցից մեկի հետ էլ այդպիսի բան պատահի: Ամբոխը հանդարտ լսում էր մինչ այդ, ինչ ու պատմում էր Պողոսը, բայց հանկարծ բարձրացրին իրենց ձայները և հազարապետին ասացին,- Երկրից վերացրո՛ւ այդպիսի մեկին, որովհետև այդպիսի չպետք է ապրի: Այս բաները աղաղակելով իրենց զգեստները հանում և գցում էին, փոշի էին ցանում օդի մեջ, ի նշան անհնազանդության:
Ինչո՞ւ այդպես արեցին, ի՞նչ ասաց Պողոսը: Գիտե՞ք ինչու աղաղակեցին Պողոսին վերացնելու համար: Որովհետև Պողոսն ասաց, որ Աստված իրեն ուղարկել է հեթանոսների քարոզելու: Իսկ հրեաները իրենց հպարտության պատճառով կարծում էին, թե միայն իրենք են ընտրյալ ազգ, և անկարելի է, որ Աստված հեթանոսների դարձը կամենա: Սիրելիներ, տեսնո՞ւմ եք խավարամտության և հպարտության արդյունքը անմեղի մահն է: Հազարապետը հրամայեց Պողոսին զորանոց մտցնել, ծեծելով հարցաքննել, իմանալու համար, թե ինչ մեղք է գործել, որ ժողովուրդը նրա մահն է ուզում: Պողոս առաքյալի երկար պաշտպանողական ճառին հետո նույնիսկ ոչինչ չհասկացան, որովհետև ամբոխի նպատակը խարդախ է, դրա համար չեն ուզում հասկանալ իրենց լսածը: Բայց Պողոս առաքյալը մի մեծ զենք ունի իր ձեռքին, որը միշտ վերջում է ցույց տալից: Դա իր Հռոմի քաղաքացիությունն է, որը պաշտպանում է ծեծի ու բանտարկությունից, եթե որևէ հանցանք չի արձանագրվել: Բոլորը չունեին Հռոմի քաղաքացիություն, իսկ ովքեր որ ունեին նրանք Հռոմի հովանավորության տակ էին և նրանց նկատմամբ միայն Հռոմի կայսրությունը կարող էր դատական գործ հարուցել: Պողոսը լսեց, որ իրեն ծեծելու հրաման տրվեց, իսկ դրանք դաժան ծեծեր են նրանց զինվորների կողմից, հարց տվեց հարյուրապետին,- Օրինավո՞ր է ու դուք ծեծեք հռոմեացի և չդատված մարդուն; Երբ լսեցին, որ նա հռոմի քաղաքացի է, իսկույն հեռացան նրանից, և տեղեկացրին հազարապետին: Նույնիսկ հազարապետը զարմացավ Պողոսի քաղաքացիության վրա, քանի որ ինք մեծ գնով էր ձեռք բերել այդ քաղաքացիությունը: Իսկ Պողոսը ծննդով իսկ հռոմի քաղաքացի էր: Հազարապետն էլ վախեցավ, քանի որ անհիմն էր նրան կապանքների մեջ պահել: Պողոսին արձակեցին կապերից, և հրամայեցին կանչել քահանայապետներին և ողջ ատյանը: Իսկ Պողոսին իջեցնելով կանգնեցրին նրանց առաջ:
Սիրելիներ, դուք ուշադրություն դարձրեք, թե ինչպե՛ս են ճշմարտությունը անիրավությամբ բռնած պահում: Հիմա տեսնենք թե ինչ դիրք են բռնելու քահանայապետները, որոնք մեծ դավադրությամբ պահանջեցին Քրիստոսի խաչելությունը: Պողոսը հայացքն ուղղելով ատյանին, ասաց,- Եղբայրներ, ես ամենայն ուղղամտությամբ եմ կյանք վարել Աստծու առաջ մինչև այսօր: Այս լսելուն պես քահանայապետը հրամայեց, որ խփեն նրա բերանին; Ինչո՞ւ: Հազարապետը վախեցավ ծեծել Պողոսին, իսկ քահանայապետը որ Աստծու մարդ է կոչվում, հրամայեց հարվածել: Գիտեք ինչո՞ւ, որովհետև քահանայապետը իրեն այդպես էր ներկայացրել ժողովրդի առջև, որ միայն ի՛նքը կարող է որոշել, թե ո՞վ է ուղղամտությամբ ապրում Աստծու առջև, իսկ Պողոսն ի՞նչ է ներկայացնում իրենից, որ ինքը որոշի իր ուղղամտությունը: Սա կոչվել է Աստծու մարդ... Հետաքրքիր էր Պողոսի պատասխանը, որ տվեց քահանայապետին, ասելով,- Աստվա՛ծ է քեզ խփելու, սպիտակեցրա՛ծ պատ. և դու նստում ես, որ օրենքի համաձայն ի՞նձ դատես, մինչդեռ հրամայում ես, որ օրենքից դուրս ինձ հարվածեն; Սիրելիներ, մարդահաճներ եղել են նա՛և այն ժամանակ, որ իրենց պետին անհարկի պաշտպանեն, առանց զատելու ճշմարտությունը կեղծիքից: Քահանայապետի շուրջը կանգնածները Պողոսին մեղադրեցին, Աստծու քահանայապետին հայհոյելու մեջ: Բայց մենք տեսանք, որ Պողոսը այդ խոսքերը ասաց այն բանից հետո, երբ քահանայապետը հրամայեց հարվածել իր բերանին: Պողոս առաքյալը համարձակ է, գիտուն է, Աստվածավախ է, նախանձախնդիր է, բայց հպարտ չէ, որովհետև երբ իրեն մեղադրեցին հայհոյելու մեջ, խոնարհաբար ասաց, որ չգիտե՛ր, թե այդ մարդը քահանայապետ է; Նույնիսկ հիշեցրեց ներկաներին, որ գրված է, որ քո ժողովրդի իշխանին չպիտի հայհոյես: Թեպետ Պողոսի ասածը բացարձակ ճշմարտություն էր և ո՛չ հայհոյանք, բայց առաքյալը չկամեցավ սրել իրավիճակը, որովհետև նա հանդուրժում էր ամեն վիրավորանք, միայն թե հնարավորություն ունենա Քրիստոս քարոզել ամեն տեղ: Կամենում են Պողոսին ձերբակալել, բայց որևէ հանցանք չեն գտնում նրա վրա: Պողոսը արդեն հրեաների համար անցանկալի մարդ է, և կամենում են նրանից ազատվել հնարավորինս՝ շուտ: Իսկ Հռոմը չի կարող մեղադրանք առաջադրել, քանի հանցանք չի գտնում նրա մեջ:
Ինչպես տեսանք ատյան էր գումարվել օրվա կրոնաքաղաքական կուսակցություններից կազմված անձանցով, որոնց մեջ էին նաև սադուկեցիները և փարիսեցիները: Պողոսը նկատեց, որ ատյանի մի կողմում սադուկեցիներն են, իսկ մյուս կողմում փարիսեցիները, գործի դրեց իր խորագիտությունը և աղաղակեց՝ խոսքն ուղղելով ատյանին, ասելով,- Եղբայրներ, ես փարիսեցի եմ, փարիսեցու որդին, այժմ ես դատվում են մեռելների հարության հույսի համար: Սիրելիներ, վստահ եմ որ կռահեցիք, թե ինչու այդպես ասաց; Որովհետև սադուկեցիները չէին հավատում մեռելների հարությանը, որի մասին շատ ենք խոսել: Նրանք կարծում էին որ մեռելները երբեք էլ հարություն չեն առնելու, և մահը վերջն է մարդու: Պողոսի այդ խոսքերից պառակտում առաջացավ փարիսեցիների և սադուկեցիների միջև: Որովհետև սադուկեցիներին հակառակ, փարիսեցիները հավատում էին և՛ մեռելների հարությանը, և՛ հրեշտակներին, և հոգու անմահությանը: Այստեղ մեջ վիճաբանություն առաջացավ, ինչը ակնկալում էր Պողոսը, և փարիսեցիները սկսեցին պաշտպանել Պողոսին, որ նրա մեջ մեղք չեն տեսնում: Բայց այստեղ մի կարևոր նրբություն կա: Փարիսեցիները ո՛չ թե գնահատեցին Պողոսի արդարությունը, այլ՝ որպեսզի հակառակվեն սադուկեցիներին այն բանի համար, որ չէին կիսում նրանց տեսակետները: Նույնիսկ հազարապետը վախեցավ այդ վեճից և վախենալով Պողոսի անվտանգության համար, հրամայեց նրան զորանոց տանել: Գիշերը Տէրը կանգնեց Պողոսի մոտ և ասաց,- Քաջալերվի՛ր, Պողո՛ս, որովհետև ինչպես Ինձ համար վկայեցիր Երուսաղեմում, նույն ձևով էլ պետք է որ դու Հռոմում վկայես նույնպես: Երանելի Պողոս առաքյալը ամբողջությամբ Տիրոջ նախախնամության տակ է և մինչ այս նեղությունները Տէրը արդեն չորրորդ անգամն է որ հայտնվում է Պողոսին: Հրեաների համար Պողոսը ցանկալի մարդ չէ, փարիսեցիները նույնպես չեն սիրում Պողոսին, ուղղակի այս պահին պաշտպանեցին, որպեսզի իրենց հակառակորդին դեմ գնան: Սադուկեցիները ընդհանրապես չեն սիրում Պողոսին, հենց հարության պատճառով: Հազարապետն էլ ամեն կերպ ուզում է շուտ ազատվել Պողոսից, քանի որ նրան անօրինական են բռնել: Միայն Աստված է կամենում, որ Պողոսը քարոզի: Իսկ սա շատ լավ առիթ է Հռոմ գնալու համար: Թեպետ այնտեղ էլ նեղությունները քիչ չեն: Սիրելիներ, իսկ թե ի՞նչ է սպասվում Պողոս առաքյալին, կիմանանք վաղը՝ նույն ժամին:
Թող մեր Տէր Յիսուս Քրիստոսի սէրն ու ողորմութիւնը միշտ ձեր կեանքերը լիացնեն, հարստացնեն, ողողեն ու պարուրեն: Պողոս Առաքյալի խոսքի համաձայն, մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը թող ձեզ տայ իմաստութեան եւ յայտնութեան Հոգի՝ իրեն ճանաչելու համար, և թող շնորհի Տերը Իր սերը մեր բոլորի սրտերին, Նրան փառք հավիտյանս հավիտենից. Ամեն.
Տեղեկութիւններ
Ձեր հարցումները
Post Views: 396