ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելիներ. Պողոս առաքյալը Արիսպագոսի երևելիների և իմաստունների մեջ ցանեց Աստծու խոսքի սերմը և այնտեղից անցավ գնաց Կորնթոս, որտեղ և գտավ իր արհեստակից մի հրեային՝ Ակյուղաս անունով, քանի որ նա էլ վրանագործ էր: Պողոս առաքյալը, ինչպես տեսնում ենք, և աշխատում էր իր մասնագիտությամբ և շաբաթ օրերը քարոզում էր ժողովարաններում՝ հրեաներին, իսկ առանձին վայրերում՝ հեթանոսներին: Շիղան ու Տիմոթեոսը, որ մնացել էին Մակեդոնիա, եկան և միացան Պողոսին: Պողոս առաքյալը սուրբ Հոգով լցված միայն վկայում էր հրեաներին, որ Հիսուսն է Քրիստոսը: Բայց հրեաները ընդդիմացան և հայհոյեցին պողոսին, իսկ Պողոսը իր զգեստները թափ տվեց և ասաց,- Ձեր արյունը ձեր գլուխը. ես անպարտ եմ. սրանից հետո հեթանոսներին եմ գնում: Ծանոթացավ Տիտոս անունով մի աստվածապաշտ մարդու, որի տունը ժողովարանի մոտ էր: Երբ քարոզեց այդ ժողովարանում, ժողովրդապետը իր ողջ ընտանիքով հավատաց Տիրոջը: Նաև ուրիշ մարդիկ հավատացին ու մկրտվեցին: Այդ գիշեր Պողոս առաքյալը տեսիլք տեսավ, և Տէրը ասում էր իրեն,- Մի վախեցիր Պողոս, այլ խոսիր, և մի լռիր, քանի որ ես քեզ հետ եմ, և ոչ մեկը քո դեմ չպիտի ելնի՝ քեզ չարչարելու համար, քանի որ այս քաղաքում բազում ժողովուրդ ունեմ: Ըստ տեսիլքի Պողոսը մնաց Կորնթոսում մեկուկես տարի, չնայած որ Կորնթոս էլ հայտնի էր հեթանոսական կռապաշտությամբ, կային նաև հրեաներ: բայց պատվեր էր ստացել Տիրոջից՝ չլռել Կորնթոսում: Ամենուրեք, ուր քարոզում էր, հանդիպում էր հալածանքի և զրպարտության, բայց երբեք չէր հուսահատվում և շարունակում էր վկայել Հիսուսի մասին, որ Քրիստոսն է: Առաքյալների գործերին հետևելիս, մենք վերհիշում ենք բոլոր այն խոսքերը, որ Տէր Հիսուս ասում էր առաքյալներին, թե ինչեր պիտի պատահի իրենց հետ: Հատկապես զգուշացնում էր որ ատյանի առջև պիտի կանգնեցնեն, բայց հուսադրում էր, որ չվախենան, քանի որ իրենց տրվելու է, թե ինչ պատասխան տան իրենց հալածողներին:
Բոլորը կատարվում է հերթականությամբ և այլևս չեն վախենում ձերբակալվելուց և ատյանների առջև կանգնելուց: Գրեթե բոլոր քաղաքներում, որտեղ քարոզեց Պողոսը, արժանացավ և հալածանքի, և կարողացավ եկեղեցի հաստատել: Բայց Պողոսը հաճախ էր այցելու իր հաստատած եկեղեցիները և վերահաստատում էր նրան իրենց հավատքի մեջ և տալիս էր նորանոր պատգամներ քրիստոնեական կյանքի համար: Եթե համեմատելու լինենք մերօրյա հոգևորականների թվի հետ, ապա Առաքյալների թիվը չափազանց փոքր էր, բայց տեսնում ենք, թե ինչպես են անցնում քաղաքից քաղաք, քարոզում, և հետո էլ վերադարձին մտնում են նորաստեղծ եկեղեցիները և հրահանգներ տալիս: Իսկ այսօր, ամեն հնարավորությունը պայմաններում այս արդյունքը չկա: Ոտքով էր անցնում քաղաքները և հաստատում էր մարդկանց Աստծու խոսքի մեջ: Մենք հետագայում կտեսնենք, որ իր պողոս առաքյալը իր 14 նամակները գրել է այդ քաղաքների ու անհատներին, որոնց հետ անմիջական կապի մեջ է եղել: Շրջագայությունների ժամանակ առաքյալներին է միանում Ապողոս անունով մի հրեա, որը ճարտարախոս մի մարդ էր, և հմուտ՝ գրքերին: Գիտեր Հովհաննեսի մկրտության մասին, բայց ըստ տեղեկության դեռ ուսուցման կարիք ուներ, քանի որ ավետարանիչն ասում է, որ Պիրսկիղան և Ակյուղասը նրան ճշմարտագույնս բացատրեցին Աստծու ճանապարհը: Որից հետո Ապողոսը հրեաներին բուռն կերպով հանդիմանում էր Գրքերի միջոցով, վկայելով, որ Հիսուսն է Քրիստոսը: Մենք այս Ապողոսի մասին հետագայում կկարդանք Պողոս առաքյալի նամակների մեջ: Սիրելիներ, Ղուկաս ավետարանիչը այս մարդկանց անունները և տեղի ունեցող իրադարձությունները մանրամասն նկարագրել է մեզ փաստելու համար, որ ամեն ինչ այդքան հեշտ չի ստեղծվել առաքելական շրջանում:
Ճիշտ է, որ կար գլխավոր հերոսը՝ Պողոսը, բայց միայն Պողոսը շատ քիչ էր այդ հսկայածավալ քարոզչական աշխատանքները կատարել: Բայց նաև պետք էին մարդիկ ուղղափառ դավանությամբ, որպեսզի հանկարծ բաժանումներ չառաջանային նորաստեղծ եկեղեցիների մեջ՝ Քրիստոսի անվան և վարդապետության պատճառով; Օրինակ Պողոսը Եփեսոսում հանդիպեց մարդկանց, որոնք գիտեին միայն Հովհաննեսի մկրտության մասին, և ուրիշ ոչինչ չգիտեին, բայց հավատում էին որ Հիսուսն է Քրիստոսը: Այս տասներկու անձերին բացատրեց Սուրբ Հոգու զորության մասին, մկրտեց Տէր Հիսուսի անունով և ձեռք դրեց նրանց վրա, և Սուրբ Հոգին իջավ նրանց վրա: Այդ մարդիկ նույնպես լեզուներ էին խոսում ինչպես որ առաքյալները՝ Պենտեկոստեի օրը: Այսինքն եկեղեցին ստեղծվեց ամեն ազգից առանց խտրականության և հատկապես այն մարդկանցից, որոնք հավատացին և մկրտվեցին Տէր Հիսուսի անունով և համախմբվեցին առաքյալների շուրջը: մենք այս խմբերի մեջ տեսնում ենք մարդկանց, որոնք ազնիվ են, բայց առանձնապես հոգևոր մեծ կրթություն չունեն: Այդ պատճառով է, որ Պողոս առաքյալը անվերջ շրջում և ստուգում է նորաստեղծ եկեղեցիների հոգևոր վիճակը, մինչև մեկը մյուսի միջոցով ամրանան իրենց հավատքի մեջ: Այսինքն այդ մարդիկ հավատացին, մկրտվեցին, դարձան եկեղեցու անդամ, և մնացին Պողոսի ուշադրության կենտրոնում և իր վերահսկողության տակ: Մեր օրերի նման չէ, որ առանց ուսուցանելու մկրտեն, և մկրտելուց հետո չհետաքրքրվեն նրա հոգևոր կյանքով: Սա մեծագույն պատճառն է, որ մկրտվողները չեն ավելացնում եկեղեցու ներսի հավատացյալների թիվը: Քանի որ չգիտեն իրենց իրավունքներն ու պարտականությունները: Առհասարակ բաժանումները որ տեղի ունեցավ քրիստոնյաների միջև, հիմնականում անգիտությունից եղավ:
Մարդիկ չգիտեին իրական մկրտությունը, գնացին և մկրտվեցին ամեն պատահական մարդու ձեռքով: Այսօր էլ կան կրոնական ուղղություններ, որոնց հետևորդները լեզուներ են խոսում, բայց ի տարբերությունը առաքյալների դարաշրջանի, այսօրվա լեզուները հասկանալի չեն բոլորին: Բայց Ավետարանը փաստում է, որ Մկրտությունը մեկ է, Սուրբ Երրորդության անունով է, մեկանգամյա է, և պիտի պահենք Նրա խոսքը, ում անունով որ մկրտվեցինք, որովհետև մկրտությամբ ենք ստանում Սուրբ Հոգին, քանի որ Քրիստոսի անունով ենք մեռնում մեր մեղքերի համար և Քրիստոսի անունով ենք հարություն առնում խորհրդաբար: Մկրտությունից հետո հարիր չէ ապրել նույն կյանքով, ինչ նախքան մկրտություն: Լավ, վերադառնանք Եփեսոս, որտեղ Պողոսը երեք ամիս շարունակ ժողովարանում համարձակ քարոզեց Աստծու արքայության մասին: Եղան նաև մարդիկ, որոնք ընդդիմացան ժողովրդի առջև, և վարկաբեկեցին Տիրոջ ճանապարհը, որի մասին խոսում էր առաքյալը: Պողոսը տեղափոխվեց մեկ այլ դպրանոց, և այնտեղ էր քարոզում երկար ժամանակ, այնպես որ տեղի բնակիչները բոլոր լսեցին Աստծու խոսքը: Ո՛չ մի անգամ Աստծու խոսքի քարոզությունը չդադարեց տարբեր մարդկանց կողմից առաջացրած արհեստական խոչնդոտների պատճառով: Մի տեղից հանում էին, մյուսն էր գնում՝ քարոզելու: Պողոս առաքյալի վարքից հայտնի է դառնում, թե ինչ շնորհաբեր ազդեցություն է ունեցել Դամասկոսի ճանապարհին՝ Հիսուսի հետ հանդիպումը: Հիսուս Քրիստոս Պողոսի սրտում էր և Սուրբ Հոգին նրան առաջնորդում էր ցանկացած ուղղության մեջ: Երկրորդ անգամ Կորնթոսում Տիրոջը տեսիլքով տեսնելիս՝ պատգամ ստացավ մնալ այդտեղ երկար, քանի որ այդտեղ շատ քարոզության կարիք կար: Ինչու շատ կարիք կար, որովհետև Եփեսոսը հայտնի կռապաշտության կենտրոն էր:
Պողոսի համբավն այնքան տարածվեց, որ մինչև իսկ նրա չորացած քրտինքով թաշկինակներն ու վարշամակը բժշկություն էին անում հիվանդների վրա: Այս երևույթից խանդավառված, մի քահանայապետի յոթ որդիները նույնպես կամեցան չար ոգիներ հանել մարդկանցից, տալով Հիսուսի անունը, որին քարոզում էր Պողոսը: Չար ոգին հարց տվեց այդ մարդկանց, ասելով,- Հիսուսին գիտեմ, Պողոսին ճանաչում եմ, իսկ դուք ո՞վ եք: Այն մարդը, որի մեջ չար ոգի կար հարձակվեց այս յոթի վրա և սրանք զարհուրած փախան՝ մերկ ու վիրավոր: Իբրև գնացին չար ոգի հանելու, չար ոգին իրենց հանեց իր տնից: Երբ Աստծուց չճանաչված մարդը փորձում է Աստծու անվան տակ հեղինակություն վաստակել, այսպես վտարվում է չար ոգուց: Չար ոգին ճանաչում էր Հիսուսին ու Պողոսին և հնազանդվում էր Նրանց, իսկ այս մարդկանց վիրավոր դուրս վռնդեց իր տնից: Այս դեպքի մասին լուրը տարածվեց Եփեսոսում բնակվող բոլոր հրեաների և հեթանոսների միջև: Բոլորի մեջ ահ ընկավ; Այդ դեպքից հետո հավատացյալներից շատերը գալիս և խոստովանում էին իրենց մեղքերը և պատմում էին իրենց արարքների մասին; Շատ վախեցան հատկապես կախարդությամբ զբաղվող մարդիկ, քանի որ նրանցից շատերը բերում էին իրենց մոգության գրքերը և բոլորի աչքի առջև այրում էին; Ավետարանիչը մեզ նաև ներկայացնում է այդ այրած գրքերի գինը, որ հաշվել են, կազմում է հիսուսն հազար արծաթ դահեկան: Ավետարանիչը այս ահռելի մեծ գումարը ներկայացնելով մեզ ցույց է տալիս, որ ամեն ինչ փողի վրա էր հիմնված, և փողն էր նրանց շարժիչ ուժը: Հիմա մենք մեկ այլ երևույթի էլ ականատես կլինենք ու առավել կհամոզվենք, որ հեթանոսների պաշտամունքն էլ շահի վրա էր հիմնված: Աստծու խոսքը աճում և զորանում էր ամեն տեղ, իսկ Պողոս առաքյալը իր ծրագրերն էր կազմում հետագա շրջագայության և քարոզության վերաբերյալ: Ծրագրի մեջ նախատեսված էր նաև Հռոմի այցելությունը՝ Երուսաղեմից հետ:
Աշակերտներին հանձնարարություններով ուղարկեց տարբեր քաղաքներ, իսկ ինքը որոշ ժամանակով մնաց Ասիայի նահանգում: Սիրելիներ, եթե ուշադրություն դարձրիք, Գործք Առաքելոց գրքում շատ հանդիպեցինք ,,Տիրոջ ճանապարհ,, արտահայտությանը: Այս արտահայտությունը նույնն է, ինչ որ մենք ավետարաններում կարդում էինք՝ Աստծու խոսքի քարոզություն, Արքայության ավետարանի քարոզություն, և այլն: Այստեղ էլ ընդունված էր ասել ,,Տիրոջ ճանապարհի,, մասին քարոզություն: Ասեցինք, որ Եփեսոսը կռապաշտության կենտրոնն էր, և արծաթագործները շատ էին այդ քաղաքում՝ հասկանալի պատճառով, քանի որ նրանք կուռքեր էին պատրաստում և վաճառում: Չափազանց շահավետ գործարք էր և իրենց եկամտի աղբյուրը: Հանկարծակի Եփեսոսում խռովություն առաջացավ; Ինչո՞ւ: Փաստորեն Պողոսի քարոզությունից բավական ժամանակ անց, եփեսացիները գլխի են ընկել, որ Պողոսը ամենուրեք քարոզում է, որ այն ինչ ձեռքով է շինված, աստվածներ չեն; Ոմն արծաթագործ Դեմետրիոսը, որը մեծ վարպետ էր Արտեմիս դիցուհու մեհյանի մանրաքանդակների պատրաստման գործի մեջ, հավաքեց իր արհեստակից ընկերներին և բացատրեց իրենց բիզնեսի մոտալուտ վտանգի մասին, որը մեծ շահ էր բերում իրենց: Տեղեկացրեց նրանց, որ Պողոսը, ո՛չ միայն Եփեսոսի, այլ գրեթե ամբողջ Ասիայի նահանգի բազում մարդկանց դարձի է բերում, ասելով, որ ձեռագործ արձանները չեն կարող աստվածներ լինել: Արծաթագործները խորհուրդ արեցին և եկան այն եզրակացության, որ եթե ժողովուրդը դարձի գա, ապա կանտեսվի Արտեմիս դիցուհին, և իրենց բիզնեսը վախճան կունենա, քանի որ եթե չհավատան դիցուհուն, ուրեմն նրա արձանը պիտի քանդվի, որին պաշտում է ամբողջ Ասիան և ողջ աշխարհը: Տեսնելով իրենց բիզնեսին հասնող վտանգը, խռովություն առաջացրին ժողովրդի մեջ, իրենց լցվեցին բարկությամբ, և աղաղակում էին, ասելով,- Մեծ է եփեսացիների Արտեմիսը: Խռովարար ամբոխը շարժվեց դեպի թատրոն, այսինքն կենտրոն: Մեջտեղ բերեցին Պողոսի ուղեկիցներից երկուսին, և նրանց քարշ տալով իրենց հետ տարան կենտրոն, որտեղ նման դեպքերում հավաքվում է ողջ հանրությունը՝ դիտելու:
Վերևում ձեզ ասացի, որ իրենց պաշտամունքն էլ բիզնես է և այդ բիզնեսին վտանգ էր սպասվում: Իրենք մտահոգ չէին իրենց աստվածուհու համար, այլ՝ իրենց եկամտի աղբյուրի կրճատման համար: Եթե հիշում եք, Հիսուսին էլ էին մեղադրում Ժողովրդի մեջ խռովություն գցելու մեջ, որպեսզի հռոմեական զորքը մտներ ու ջարդեր բոլորին: Այստեղ էլ նպատակը նույնն էր կեղծ խռովարարների կազմակերպած ակցիայի: Մարդը արժեք չունի նրանց համար, որոնք իրենց բիզնեսն են պաշտում և պատրաստ են զորք մտցնել և կոտորել մարդկանց միայն թե իրենց բիզնեսը չվնասվի: Պողոսը փորձեց մտնել ամբոխի մեջ և միջամտել, բայց իր աշակերտները և ասիացի բարեկամները թույլ չտվեցին: Շատ խնդրեցին, որ Պողոսը թատրոնի մոտակայքում չերևա այդ ամբոխի կազմակերպած ցույցի ժամանակ: Իրավիճակը վտանգավոր էր այն առումով, որ հավաքված ամբոխը ո՛չ թե բողոքի ցույց է կազմակերպել իր իրավունքների ոտնահարման համար, այլ՝ հավաքվածների մեծ մասը անտեղյակ էր իրական պատմությունից, որովհետև ամբոխի մեջ առանձին մարդիկ տարբեր բաներ էի բղավում, չիմանալով, թե ինչ է պատահել: Երբ կեղծ խռովարարների ներքին նպատակները ա՛յլ են, իսկ կազմակերպած ցույցը ա՛յլ լոզունգ ունի, հավաքվածները մոլորվում են: Այդպիսի ցույցեր մեր հայրենիքում շատ են կազմակերպում, երբ պաստառը այլ բովանդակություն ունի, իսկ հեռահար նպատակը այլ է; Ամբոխը մոտ երկու ժամ աղաղակում էր,- Մեծ է եփեսացիների Արտեմիսը: Բայց քիչ առաջ տեսանք, որ խորհուրդ արեցին, որ խռովեցնեն ժողովրդին՝ իրենց բիզնեսը պահելու համար: Բոլոր ժամանակներում էլ այս մեթոդը աշխատել է անգետ մարդկանց փողոց դուրս բերելու համար:
Եփեսոսի քաղաքապետը հավանաբար հասկացավ, որ սա դավադրություն է առաքյալների նկատմամբ, մեջտեղ եկավ և լռեցրեց ամբոխի աղաղակը, ասելով,- Ով եփեսացիներ, մի՞թե որևէ մեկը դեռ չգիտի, Արտեմիս դիցուհու և Դիոպէտեոսի մեհենազարդ այս քաղաքի մասին; հետևաբար դուք հանդարտվեք և հանդգնությամբ ոչինչ մի արեք: Իսկ այս մարդկանց, որ բերել եք այստեղ (Պողոսի երկու աշակերտներին նկատի ունի), սրանք մեհյաններ կողոպտող չեն, ո՛չ էլ մեր դիցուհուն հայհոյողներ: Իսկ եթե Դեմետրիոսը և իր արծաթագործ վարպետները մեկի դեմ բան ունեն, թող գնան դատավորների մետ, և իրենց ամբաստանությունը անեն այնտեղ: Բայց եթե մի այլ բանի մասին խնդիր կա, թող օրինավոր ժողովում դա վճռվի: Քանի որ մեծ վտանգ է այսպիսի հավաքներ կազմակերպել առանց որևէ հանցանքի առկայության; Այս հավաքի համար չենք կարողանալու պատասխան տալ Հռոմի կառավարությանը: Այս խոսքերը հանդարտեցրեց խռոված ամբոխը և արձակեց նրանց: իսկ մինչ այդ հրապարակում խռովություն էր, Պողոսը Եփեսոսում քարոզում էր: Երբ ավրտվեց և խաղաղվեց այդ խռովությունը, Պողոսը կանչեց իր աշակերտներին ու նրանց հորդորելով հրաժեշտի ողջույն տվեց և գնաց Մակեդոնիա: Ավետարանիչը հակիրճ ներկայացնում է Պողոս առաքյալի ճամփորդական քաղաքների մասին, բայց այս մասին հանգամանալից կարել է կարդալ իր նամակների մեջ, թե որ քաղաքում ի՛նչ առաքելություն է իրականացրել: Բայց Պողոս առաքյալը արդեն երրորդ հովվական այցելությունն էր կատարում իր հաստատած եկեղեցիների հավատացյալների մոտ: Օրը շաբաթ էր, և Պողոսը իր հավատացյալ համայնքի հետ հավաքվել էին հացը կտրելու համար: Խոսում էր Պողոսը նրանց հետ և նրա խոսքը երկարեց մինչև կես գիշեր: Վերնատանը, ու հավաքվել էին բոլորը, մի երիտասարդ էլ պատուհանի գոգին նստած լսում էր Պողոսի հետաքրքիր քարոզը, որի ժամանակ խորը քնի մեջ մտավ, և քնից թուլացած, երկրորդ հարկից ցած ընկավ, ու վերցրին նրան՝ մեռած:
Պողոսը անմիջապես ցած իջավ, ընկավ նրա վրա, նրան իր գիրկը վերցրեց և ասաց,- Մի խռովվեք, քանի որ սրա հոգին իր վրա է: վերցրին երիտասարդին կենդանի վիճակում և շատ ուրախացան և մխիթարվեցին; Ղուկաս ավետարանիչը, որ ներկա է եղել այս պատմությանը, մեզ համար չի մանրամասնում տղայի հետ պատահածը: Բայց մենք հստա կարող ենք եզրակացնել, որ Պողոսը հրաշք կատարեց այդտեղ, և իրեն չմեծարելու համար ասաց, որ հոգին վրան է, մի վախեցեք; Նորից շարունակում է Պողոսը իր շրջագայությունը ի մտի ունենալով Պենտեկոստեի օրը, որ պետք է Երուսաղեմում լինի: Պողոս առաքյալը իր աշակերտների հետ հանգրվանեցին Միլետոնում, որը հավանաբար շրջկենտրոն է, որովհետև այնտեղ հրավիրեց տարածաշրջանի բոլոր երեցներին, որոնց որ ինքը ձեռնադրել էր եկեղեցիներ հիմնելու ժամանակ: Դարձյալ հանդիպում ենք նույն հայրական վերաբերմունքին, որ Պողոսը տածում էր նորաստեղծ համայնքների նկատմամբ: Մշտապես ուշադրության կենտրոնում պահելով նոր ստեղծվող համայնքները, խոսում է եկեղեցիների պատասխանատուների հետ և նրանց տալիս է հրահանգներ՝ ուսուցանելու, քարոզելու և քրիստոնեական համայնքներում կարգ ու կանոն հաստատելու վերաբերյալ: Երեցների հետ ունեցած իր երկար դասախոսության թեման կարելի է բաժանել երկու մասին: Առաջին մասում Պողոսը պատմում է իր ինքնակենսագրությունը, իսկ երկրորդ մասը՝ եկեղեցու հանձնարարականներն են; Պատմում է նրանց իր առաքելական դժվարին ճանապարհի մասին և գալիք փորձությունների, որոնք անխուսափելի են: Առաքյալը վստահությամբ և առանց տրտնջալու հայտնում է նրանց, որ գնում է Երուսաղեմ և չգիտի, թե ինչ է պատահելու իրեն, քանի որ Սուրբ Հոգին ամեն քաղաքի համար վկայում է, որ կապանքներ ու նեղություններ են սպասվում քեզ: Բայց առաքյալը այդ ամենը ուրախություն է համարում, որ արժանանում է կատարել այն պաշտոնը, որը Տէր Հիսուսից ստացավ, Աստծու շնորհը ավետարանելու:
Ներկաներին ասում է, որ իր երեսն այլևս չեն տեսնելու, բայց ինքը մաքուր է արյունից, որովհետև հայտնել է Աստծու կամքն ամբողջությամբ: Մի գեղեցիկ պատգամ է տալիս եկեղեցիների երեցներին, որը շատ հաճախ է կարդացվում մեր եկեղեցիներում՝ քահանաներին վերաբերող տոներին; Ասում է,- Զգույշ եղեք ինքներդ ձեր և ամբողջ հոտի համար, որի վրա Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովվելու համար Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արյունով: Նաև զգուշացնում է, որ իր մեկնելուց հետո, կհայտնվեն հափշտակիչ գայլեր և հոտին չեն խնայի: Նույնիս զգուշացնում է, որ ձեր միջից էլ կհայտնվեն ոմանք, որոնք թյուր բաներ խոսելով իրենց հետևից կտանեն աշակերտներից շատերին: Ավարտին հայրաբար խրատում է, որ արթուն լինեն, զգույշ լինեն և հիշեն, որ ինքը երեք տարի շարունակ գիշեր ու ցերեկ, առանց դադարի յուրաքանչյուրին առանձին առանձին արտասուքներով խրատել է: Աղոթքով երեցներին հանձնում է Աստծուն և Նրա շնորհի խոսքին: Պողոս առաքյալը նաև հիշեցնում է, որ ինքը երբեք բեռ չի եղել որևէ մեկին և իր կարիքները հոգացել է իր իսկ ձեռքերով; Առաքյալն իր օրինակով է ցույց տվել ամեն բան, որովհետև այդպես է պետք աշխատել և դարմանել հիվանդներին: Հիշեցնում է նրան Հիսուսի խոսքը, թե,- Երանելի է մանավանդ տալը, քան առնելը: Այս երկարատև ու խրատական հորդորներից հետո Պողոսը բոլորի հետ միասին ծնկի գալով աղոթում են; Բոլորը լաց են լինում, և Պողոսի վզովն ընկնելով՝ համբուրում են նրան: Լաց էին լինում հատկապես այն բանի համար, որ նա ասում էր, թե իմ երեսն այլևս չեք տեսնի: Ճանապարհեցին մինչև նավը Պողոս առաքյալին; Սիրելիներ, Պողոսը Քրիստոսի սիրով լցված համարձակությամբ և նույնիսկ ուրախությամբ գնում է նահատակության՝ առանց վարանելու: Իր եկեղեցու երեցները լալիս և մորմոքում են Պողոսի հանդեպ ունեցած իրենց սիրուց, որ այլևս չեն տեսնելու նրան, որը իրենց հոգևոր կյանքում մեծ ներդրում ունի: Այսպիսի հարաբերությունների մասին կարելի է միայն երազել, փափագել, կարոտել, և միայն Սուրբ Գրքում հանդիպել առաջին եկեղեցիների կազմավորման ժամականաշրջաններում; Երբ Քրիստոս մարդու սրտում է բնակվում, հարաբերությունները այսպիսին են: Իսկ այսօրվա միջեկեղեցական հարաբերությունների մասին շատ խորը վերլուծություններ է պետք անել, հասկանալու համար, թե ինչու չկա այս նույն հարաբերությունները, չէ որ նույն Ավետարանն են կարդում մեծից՝ փոքրը: Սիրելիներ, այստեղ ավարտենք մեր սերտողության ութերորդ բաժինը: Իսկ թե ի՞նչ պատահեց Պողոս առաքյալին, կիմանաք վաղը՝ հաջորդ բաժնում;
Թող մեր Տէր Յիսուս Քրիստոսի սէրն ու ողորմութիւնը միշտ ձեր կեանքերը լիացնեն, հարստացնեն, ողողեն ու պարուրեն: Պողոս Առաքյալի խոսքի համաձայն, մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը թող ձեզ տայ իմաստութեան եւ յայտնութեան Հոգի՝ իրեն ճանաչելու համար, և թող շնորհի Տերը Իր սերը մեր բոլորի սրտերին, Նրան փառք հավիտյանս հավիտենից. Ամեն.
Տեղեկութիւններ
Ձեր հարցումները
Post Views: 366