ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելիներ. Պողոս առաքյալի շրջագայությունը քարոզության նպատակով շարունակվում է տարբեր վայրերում, բայց այս անգամ ո՛չ թե Բառնաբասի հետ, ինչպես միչ այդ օրերը միասին էին, այլ ոմն Շիղայի հետ, որը միացել էր իրեն Ասորիք մեկնելիս: Պողոսն ու Շիղան Դերբեում հանդիպեցին ոմն Տիմոթեոսի, որի հայրը հեթանոս էր, իսկ մայրը հավատացյալ հրեա: Տեղի բնակչության կողմից վկայված մի բարեպաշտ անձնավորություն էր Տիմոթեոսը, չնայած ընդունված չէր, որ հրեան ամուսնանա հեթանոսի հետ, բայց այս Տիմոթեոսի ծնողների դեպը բացառություններից մեկն էր: Փորձառու Պողոս առաքյալը անմիջապես որսաց Տիմոթեոսի հոգևոր ներաշխարհի հարստությունը, տեսավ նրա հոգևոր նկարագիրը, և կամեցավ իր հետ վերցնել շրջագայությունների ժամանակ օգնության նպատակով: Բայց որպեսզի խնդիր չառաջանա Տիմոթեոսի հրեության կամ հեթանոսության մեջ կասկածելու պատճառով, վերցրեց թլպատեց Տիմոթեոսին տեղի հրեաների պատճառով, քանի որ գիտեին, որ հեթանոսի որդի էր; Պողոսը թլպատում է Տիմոթեոսին այն դեպքում, երբ նախորդ գլխում կարդացինք, որ Երուսաղեմի եկեղեցին գրավոր որոշում կայացրեց և ուղարկեց մյուս եկեղեցիներին, որ թլպատությունը պարտադիր չէ, այլ Քրիստոսի շնորհով է փրկությունը; Բայց Տիմոթեոսի պարագան այլ էր, և ավելորդ հանդիմանություններից զերծ մնալու համար, վերցրեց և թլպատեց նրան: Սա այն հանրահայտ Տիմոթեոսն է, որին հետագայում երկու նամակ է գրել Պողոս առաքյալը: Շարունակեցին իրենց շրջագայությունը ո՛չ միայն քարոզության նպատակով, այլ նաև նորաստեղծ եկեղեցիներում հավատի ամրապնդմամբ գործող լցված : Ղուկաս ավետարանիչը մեզ տեղեկացնում է, որ Սուրբ Հոգին ուղղակի ուղղորդում էր Պողոսին, թե որտեղ է պետք գնալ և քարոզել: Նույնիսկ ասում է Հիսուսի Հոգին թույլ չտվեց, որ այդ քաղաքը մտնեն: Այդքան հստակ էր Պողոսի գործունեությունը: Այդ ժամանակ Պողոսը մի տեսիլք տեսավ, որ մակեդոնացի մի մարդ աղաչում էր իրեն, որ Մակեդոնիա գնա և օգնի իրենց: Այս պահից Ղուկաս ավետարանիչը այնպես է նկարագրում, որ ինքն էլ է եղել նրանց հետ:
Բայց քանի որ Ղուկասը չի սիրում իր մասին պատմել, մենք չգիտենք, թե ո՞ր պահին միացավ Պողոս առաքյալի խմբին: Գնացին Մակեդոնիա տեսիլքի պատվերով, հետևություն արեցին, որ Տէրն է ուղղորդում այնտեղ, որպեսզի ավետարանեն նաև Մակեդոնիայում: Այնտեղ մնացին մի քանի օր, ծանոթացան Լիդիա անունով մի աստվածավախ կնոջ հետ, որը ծիրանի զգեստներ վաճառող էր, և սիրով և ուշադրությամբ ունկնդրում էր Պողոսի խոսքերին: Մկրտվեց Լիդիան և իր ողջ ընտանիքը և խնդրում էր, որ առաքյալները իր տունը գնան և այնտեղ օթևանեն: Աստվածավախ անվանում էին նրանց, որոնք հեթանոսությունից դառնում էին հրեության, բայց դեռ լիովին ծանոթ չեն ո՛չ հրեությանը, ո՛չ էլ Քրիստոսի վարդապետությանը: Լիդիան այդ հարուստ կանանցից էր, որը օգտակար էր լինում նորաստեղծ եկեղեցիներին: Առաքյալները չմերժեցին Լիդիայի խնդրանքը և տեղափոխվեցին նրա տուն՝ քարոզությունը շարունակելու համար: Նշված ժամին աղոթքի գնալու ճանապարհին հանդիպում են մի կնոջ, որին չար ոգին բռնած էր պահում: Այս կինը գուշակություն էր անում և իր տերերին մեծ օգուտ էր բերում այդ գումարով: Ղուկասը պատմում է, որ այդ չարից բռնված կինը շրջում էր իրենց հետևից և աղաղակում, ասելով,- Այս մարդիկ Բարձրյալն Աստծու ծառաներն են, որ ձեզ պատմում են փրկության ճանապարհները: Մենք արդեն ավետարանների սերտողություններից գիտենք, որ չար ոգիները երբ տեսնում էին Հիսուսին, աղաղակում էին, ասելով Հիսուս Բարձրյալ Աստծու որդի, ի՞նչ ես ուզում մեզնից: Հիմա այս կնոջը բռնած չար ոգին էլ ճանաչում է Աստծու ծառաներին և գեղեցիկ գովազդ է անում Աստծու ծառաների համար: Բավական ժամանակ այսպես էր անում այս կինը, որին քաղաքում բոլորը ճանաչում են որպես գուշակ: Թվում է, թե լավ բան է անում կինը առաքյալների համար, քանի որ մի հանրաճանաչ մարդ անվճար գովազդ է անում իրենց քաղաք եկած առաքյալների համար: Բայց Պողոս առաքյալը զայրացավ այդ բանից, և հրամայեց չար ոգուն դուրս գալ այդ կնոջ միջից՝ Հիսուս Քրիստոսի անունով: Նույն ժամին չար ոգին թողեց կնոջը: Այս բանը տեսան գուշակի տերերը և խիստ բարկացան, քանի որ կտրվեց իրենց եկամտի աղբյուրը:
Բռնեցին Պողոսին ու Շիղային ու տարան իրենց իշխանավորների մոտ, մեղադրելով նրանց՝ իբրև իրենց քաղաքը խռովեցնողներ: Բացի այդ մեղադրանքից իրենք հրեաներ են և իրենց օրենքն են պարտադրում մեզ, որ հռոմեացի ենք; Այդ օրերի զրպարտության ձևերից մեկն էլ սա էր: Նայեք սիրելիներ, ո՛չ ոքի չի հետաքրքրում, որ այդ մարդիկ Հիսուսի անունն են քարոզում, բայց որովհետև իրենց եկամտի աղբյուրը կտրվեց, քանի որ իրենց ծառան այլևս առողջացավ և չի կարող գուշակություն անել, անմիջապես աղմուկ բարձրացրին և ձերբակալեցին առաքյալներին; Աստծու օրենքները չեն ուզում սովորել, բայց չար ոգու կախարդությունները սիրով լսում են; Կարծես նմանություն կա մեր օրերի գուշակների դռների մոտ կուտակված հերթերին, և եկեղեցիների դատարկության միջև: Մարդիկ միշտ էլ կամենում են լսել իրենց ականջին հաճելի ստեր: Զորագլուխները պատռեցին առաքյալների հագուստները, նրանց գանահարեցին, և բազում վերքեր հասցնելով նրանց՝ բանտարկեցին, և պատվիրեցին բանտապետին, որ ուշադիր լինի նրանց նկատմամբ, որպեսզի չփախչեն: Պողոսն ու Շիղան աղոթքի մեջ էին և փառաբանում էին Աստծուն, քանի որ ամեն հալածանք որպես օրհնություն էին ընդունում Աստծու անվան և փառքի համար: Աղոթքի պահին երկրաշարժ եղավ և բանտի հիմքերը շարժվեցին, բացելով բոլոր դռները: Երբ բանտապետը արթնացավ և բանտի դռները բաց վիճակում տեսավ, վախից կամեցավ ինքնասպան լինել, քանի որ գիտեր, թե ի՛նչ կպատահի իր հետ, եթե առաքյալները փախած լինեին: Պողոսն ու Շիղան աղոթում էին, ո՛չ թե անիծում էին իրենց հալածողներին, ինչպես որ մեզնից շատերն են անում: Այստեղ ցնցվեց բանտի հիմքերը և բոլոր դռները բացվեցին: Բայց հիշում ե՞ք, Պետրոսի դեպքում միայն Պետրոսի վրա լույս ընկավ և միայն Պետրոսի համար բացվեց բանտի դռները: Բանտապահի երկյուղած դեմքը տեսնելով Պողոսը ձայն տվեց և ասաց, - Դու քեզ վնաս մի հասցրու, քանի որ բոլորս այստեղ ենք: Նա լույս խնդրեց և ներս մտավ Պողոսի ու Շիղայի մոտ: Բանտապետը վախենում էր պատահածից, որ կարող էին փախչել, և ուրախանում էր, որ չեն փախչել և ինքը ազատվեց գլխատումից:
Տեսե՛ք, թե բանտապետը ի՞նչ հարց է տալիս Պողոսին և Շիղային.- Տիա՛րք իմ, ես ի՞նչ պետք է անեմ, որ փրկվեմ; Իրականում ինքը փրկվել էր գլխատումից, բայց բանտապետը հասկանում էր, որ հավիտենական փրկությունը առավել է ապրելուց: Իսկ առաքյալները ասացին,- Հավատա՛ Տէր Հիսուս Քրիստոսին և կփրկվե՛ս դու և քո ո՛ղջ տունը: Բանտապետը նրանց իր տուն տարավ, լվաց մաքրեց նրանց և Պողոսի քարոզությունից հետո նրա ողջ տունը մկրտվեցին: Նրանց առաջ սեղան պատրաստեցին և ամբողջ տնով ուրախացան՝ Աստծուն հավատացած լինելու համար: Նախկինում ամեն ինչ այնքա՛ն հեշտ է կատարվում, համեմատած մեր օրերի մկրտության հետ, որը տարիներով հետաձգվում է քավոր չլինելու պատճառով, կամ քավորի երկրից բացակայության պատճառով, կամ մեծ խնջույք կազմակերպելու համար դրամի պակասության պատճառով, և այլն: Բայց այստեղ տեսնում ենք, որ նպատակը մկրտությունն է, ո՛չ թե այն, ինչը մենք ենք անում; Ճշմարտապես Հավատում են Հիսուս Քրիստոսին, հաջորդ քայլը՝ մկրտությունն է; Իսկ մենք մկրտվում ենք առանց Քրիստոսին մասին լուր ունենալով, և շարունակում ենք ապրել մկրտությունից հետո, ինչպես որ ապրել էինք մի՛նչ մկրտությունը: Իսկ այս մկրտվողները ամբողջ տնով ուրախացան, Աստծուն ճանաչելու համար: Թող ողորմի մեզ Տէրը մեր այսպիսի մկրտության համար, որ մեծամասնությունը չգիտե, թե ինչի՞ համար է մկրտվում: Երբ առավոտ եղավ, քաղաքի զորագլուխները իմացան գիշերվա պատահած երկրաշարժի և բանտի դռները բացվելու մասին, և վախեցան իրենց արածից, որ առանց որևէ լուրջ պատճառի ծեծել են քարոզիչներին, և բանտ նստեցրել: Անմիջապես հրամայեցին ազատ արձակել առաքյալներին: Հրամանը հասավ բանտապետին և նա Պողոսին ասաց,- իշխանությունը հրամայել է ձեզ ազատ արձակել, դուրս եկե՛ք և գնացե՛ք խաղաղությամբ, քանի որ ինքը առանց հրամանի չէ՛ր կարող ազատ արձակել: Մեր խելացի Պողոս առաքյալը այստեղ շատ կարևոր հայտարարություն է անում, ասելով,- Մեզ հրապարակավ գանակոծեցին, հաշվի չառնելով, որ Հռոմի քաղաքացի ենք, և մեզ բանտ դրեցին, իսկ հիմա ուզում են ծածո՞ւկ մեզ ազատ արձակել:
Ո՛չ, այդպես չի լինի, թող իրենք անձամբ գան մեր հետևից, և մեզ ազատ արձակեն: Պողոս առաքյալը իր Հռոմի քաղաքացիությունը շատ տեղերում է օգտագործել, որպես ազատվելու զենք: Երբ քաղաքի զորագլուխներին հասավ Պողոսի հայտարարությունը, նրանք անմիջապես եկան և աղաչում էին, որ դուրս գան ու գնան իրենց քաղաքից: Պողոսն ու Շիղան դուրս եկան և Լիդիայի տուն գնացին՝ մյուս եղբայրներին մխիթարելու համար, որոնք անհանգիստ սպասում էին, թե ի՞նչ է լինելու: Շարունակեցին իրենց շրջագայությունը, հասնելով Թեսաղոնիկե, ուր հրեաների ժողովարան կար: Մենք գիտենք արդեն որ ժողովարանում գտնվողները հիմնականում հավատացյալ հրեաներն էին, որոնք կուրորեն պահում էին հայրերի ավանդությունը: Հիմա արդեն հասկանալի դարձավ, թե ինչո՞ւ Պողոսը պարտադիր թլպատեց Տիմոթեոսին: Որովհետև որ քաղաքը որ մտնում էին, նախ քարոզում էին ժողովարանում, իսկ ժողովարանում թլպատված հրեաներ էին: Իսկ խորագետ Պողոս առաքյալը չէր ուզում տպավորություն թողնել անծանոթ միջավայրում, որ ինքը չի հարգում նրանց հայրերի ավանդությունները: Սա էր Պողոսի հոգևոր քաղաքականությունը, որով իր զորավոր քարոզը կարողանում էր հասցնել ամեն տեղ՝ նույնիսկ հեթանոսների հրապարակներում: Մի խոսքով թլպատելով Տիմոթեոսին, Պողոսը կարողացավ փակել ծայրահեղական հրեաների բերանները, որոնք կարող էին խոչնդոտել Քրիստոսի անվան քարոզությանը: Սա մեծագույն գաղտնիք է, որը կարելի է կիրառել նաև քրիստոնեական քարոզի մեջ: Պողոս առաքյալը գտնվում է Թեսաղոնիկեում: Ես ձեզ խորհուրդ կտամ, եթերից հետո կարդաք Պողոս առաքյալի երկու նամակները, որոնք գրել է Թեսաղոնիկեի եկեղեցուն, որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ի՛նչ հորդորներ տվեց նրանց և ի՞նչ թերություններ տեսավ այնտեղ: Թեսաղոնիկեի ժողովարանում Պողոս առաքյալը թեպետ կարդում էր նրանց ծանոթ գրքերը հին կտակարանից, բայց զարմանալիորեն քարոզում էր Քրիստոսին, որ Հիսուսն է, որը պիտի գար, չարչարվեր ու մեռներ մարդկանց մեղքերի համար:
Ինչո՞ւ էր այսպես քարոզում, քանի որ Հիսուս անունը ընդունված անուն էր, և շատերի վրա էր դրված այդ անունը, Պողոսը փաստեց, որ Սա այն Հիսուսն է, որի մասին քարոզում եմ, թե Քրիստոսն է, որին խաչեցին, և ուրը Հարություն առավ մեռելներից: Քարոզությունը տվեց իր դրական արդյունքը և շատերը հետևեցին Պողոսի ու Շիղային; Բայց կային նաև հրեաներ, որոնք չէին հավատում: Սրանք խմբավորեցին մի քանի տասնյակ գռեհիկ և անօրեն մարդկանց և խռովություն առաջացրին մարդկանց մեջ: Դարձյալ զրպարտությունների շնորհիվ առաքյալներին իրենց քաղաքից հանեցին դուրս, պատճառաբանելով, որ այս մարդիկ անարգում են մեր թագավորին, ոմն Հիսուսի թագավոր ընդունելով: Պողոսին մեղադրեցին ոչ թե իր հավատքի համար, այլ՝ քաղաքականության, որ ուրիշ թագավոր է ընդունում; Բայց Պողոս գիտեր, թե ինքը ինչ համար է հալածվում: Ոմն Յասոնի միջնորդությամբ և երաշխիքով Պողոսին ազատ արձակեցին: Ի՞նչ էր այդ երաշխիքը, մենք չգիտենք: Բավարար տեղեկությո՞ւն էր Պողոսի մասին, թե՞ բավարար դրամ, ինչպես որ այսօր վճարում են և ազատ են արձակում մեղադրյալին: Հաջորդ քաղաքը որ գնացին, Բերիան էր, և դարձյալ ժողովարան մտան ու քարոզում էին, բայց հակառակ նախորդ՝ Թեսաղոնիկե քաղաքի, այստեղ ժողովարանի մարդիկ բարի են և հետաքրքրված են Սուրբ Գրքերի գրություններով: Թեսաղոնիկեի հրեաները երբ իմացավ, որ Բերիայում էլ է սկսվել քարոզությունը Քրիստոսի մասին, եկան հասան հրեաները և ժողովրդին գրգռում էին նրանց դեմ: Տեղի մարդիկ Պողոսին հեռացրին այդտեղից և հասցրին մինչև Աթենք, իսկ Տիմոթեոսն ու Շիղան մնացին Բերիա քաղաքում, կատարելով Պողոսի կարգադրությունները: Պողոսի հոգին իր մեջ խռովում էր, երբ տեսնում էր Աթենքը կռապաշտության մեջ: Խոսում էր ժողովարաններում հրեաների հետ, հանդիպումներ էր կազմակերպում հրապարակներում ամենատարբեր դավանության տեր մարդկանց հետ: Շատերն էլ ծաղրում էին Պողոսին, որոշներն էլ ասում էին ինչ որ օտար աստվածությունների քարոզիչ է: Պողոսը քարոզում էր Հիսուսին ու Իր Հարությունը, ինչը անծանոթ էր նրանց ականջներին; Բռնեցին Պողոսին ու տարան Արիսպագոսի մեջտեղում կանգնացրին: Արիսպագոսը Արեսի բլուրն էր, որտեղ հավաքվում էին աթենացիների երևելիները՝ իմաստուն, կամ մի նոր խոսք լսելու համար: Արիսպագոսի մեջտեղում կանգնած, բոլոր աթենացի երևելի մարդկանց առջև Պողոսը ջանք չխնայեց, որպեսզի իր ասելիքը հասցնի նրանց ականջին:
Աթենքը այդ ժամանակների հեթանոսության և հեթանոսական փիլիսոփայության կենտրոնն էր: Քաղաքը առատ էր հեթանոսական բագիններով և ձեռակերտ արձաններով: Մեզ հայտնի էպիկուրյաններ և ստոյիկյաններ փիլիսոփայական ուղղությունները այդ ժամանակվա առաջնորդող ուղղություններից էին, որը ուսմունքն այն մասին էր, որ յուրաքանչյուր մարդ ինքն է կերտում իր ճակատագիրը և յուրաքանչյուր մարդ ինքն է դուրս գալիս կյանքի դժվար իրադարձություններից իր ուժերով: Դրա համար էլ հեգնանքով էին խոսում Պողոսի քարոզությանը, որը հարության մասին էր: Պողոս առաքյալը լցված լինելով Քրիստոսի սիրով, թեպետ զայրացած էր այդքան կռապաշտություն տեսնելուց հետո, բայց նորից օգտագործեց իր հոգևոր քաղաքականությունը և գրավեց նրանց ուշադրությունը խոսելով իրենց քաղաքի բագինների ու արձանների մասին; Պողոսը ամենևին նրանց չմեղադրեց այդքան կուռք ունենալու մեջ, այլ հակառակը՝ ասաց, որ շրջել է իրենց քաղաքում և տեսել է այդ բոլորը, որոնց մեջ կար բագին, որի վրա գրված է,- Անծանոթ Աստծուն: Այդ բագինի վրա է կառուցում իր խոսքը, որպեսզի լսելի լինի: Ասում է,- դուք առանց իմանալու պաշտում եք մի Աստծու, որին ես եմ քարոզում: Հակառակը՝ նրանց ոգևորելու համար ասում է,- ես տեսնում եմ, որ դուք ջերմեռանդ հավատասեր եք: Իրական քարոզչի հմտությունը այսպես պետք է լինի, որ չընդունելով հեթանոսի դավանությունը, հարգի նրա կարծիքը և գրավի նրա ուշադրությունը՝ ցույց տալու համար նրա մոլորված լինելը: Անշուշտ պողոսը գիտեր, որ այդ անծանոթ աստծու բագինն էլ հեթանոսական էր, բայց ինքը կարողացավ նրանց ուշադրությունը շեղել իր խոսքի վրա: Այստեղ կարող է հարց առաջանալ. Արդյոք Պողոսը իր ներսում չի բաժանվում, քանի որ գիտի ճշմարտությունը, բայց խոսում է բագինների մասին: Բայց երբ մենք ճանաչում ենք Պողոս առաքյալի նախանձախնդրությունն ու ասված խոսքերը, այդ հարցը ստանում է իր պատասխանը: Քանի որ առաքյալն ասում է, ամենքի հետ եղա ամեն բան, որպեսզի թերևս շահեմ մեկի հագին: Ուրեմն Պողոս առաքյալի միակ շահը մարդու հոգու փրկությունն է: Ինքը լինելով Հռոմի քաղաքացի, նմանվում էր հրեայի, որպեսզի շահի մի հրեային:
Հիմա հեթանոսների համար խոսում է իրենց բագինների մասին: Հավաքելով բոլորի ուշադրությունը, նրանց պատմեց աշխարհի արարման մասին, որ ստեղծել է Աստված: Այդ Աստվածը ձեռակերտ արձաններում և տաճարներու չի բնակվում, և որևէ բանի կարիք չունի, որ մարդը կարողանա անել իր համար: Քանի որ ամեն բան իր խոսքով է ստեղծվել, այդ թվում նաև մարդը: Ուրեմն մարդը ինչպե՞ս կարող է Աստծու համար որևէ բան անել: Այլ Աստված մարդուն ստեղծեց և դրեց երկրի վրա, որպեսզի մարդը փնտրի Աստծուն և թերևս խարխափելով գտնի Նրան: Որովհետև Աստված հեռու չէ մեզնից յուրաքանչյուրից: Պողոս առաքյալը նույնիսկ մեջբերում է անում հեթանոս գրողներից մեկի ստեղծագործությունից մի տող, որ նա ասել է, թե մենք Աստծու զարմից ենք: Սա ևս մեկ մոտեցում էր հարգանքի, որ ցուցաբերեց առաքյալը նրանց գրողների նկատմամբ; Պողոս առաքյալը կարող էր մեջբերում անել Սուրբ Գրքերից, բայց նա գերադասեց շահել մարդկանց հոգիները՝ մեջբերում անելով իրենց համար հեղինակություն հանդիսացող մի գրողի խոսքերից: Իրենց բանաստեղծի խոսքը Զևսի մասին էր, բայց առաքյալը այդ անունը փոխարինեց Քրիստոսի անվամբ և ներկայացրեց Կենդանի Աստծուն: Իսկ եթե մենք Աստծու զարմից ենք, ուրեմն անկարելի է չհավատալ այդպիսի Աստծուն: Հետևաբար ժամանակները փոխվել են և Աստված անգիտության ժամանակները անտեսել է Քրիստոսից հետո, որովհետև մինչև Քրիստոս ամեն ոք մի աստված էր ճանաչում իր համար: Իսկ հիմա հասել է մի որոշակի ժամանակաշրջան, երբ միակ Աստվածը հայտնի է և պատվիրում է մարդկանց՝ ապաշխարել:
Աստված նաև հաստատել է մի օր, երբ աշխարհը արդարությամբ պիտի դատվի այն մարդու ձեռքով, որին Նա Հարություն տվեց: Ինչու այդ մարդու ձեռքով, որովհետև Նրա Հարությունը հավաստիք է ամենքի համար: Պողոս առաքյալը այստեղ Քրիստոսին մարդ է անվանում, միայն ելնելով լսողների ընկալման կարողությունից, քանի որ բոլորը չեն, որ ընդունակ են հասկանալու խոսքերի խորությունը: Եբբ որ Պողոսը խոսեց մեռելների հարության մասին, շատերը նրան ծաղրի էին ենթարկում: Ոմանք էլ ասում էին, քեզ հետո կլսենք: Ինչո՞ւ մարդկանց մեջ ծաղր առաջացավ մեռելների հարության մասին խոսելիս: մենք վերը նշեցինք, որ այդ հավաքին ներկա էին Էպիկուրյան և Ստոյիկյան փիլիսոփայության գլխավորները, իսկ նրանք մտածում էին, որ մարդը անկատար է, իսկ մեռնելուց հետո պետք չէ նրան հարություն տալ: Նրանք չէին ընկալել ապաշխարության խորհուրդը և մարդու վերստին ծնունդը, դրա համար իրենց համար ծիծաղելի է մեղավոր մարդուն մեռնելուց հետո նորից կենդանացնել: Չնայած որ քրիստոնեությունն էլ նույնն է քարոզում, որ առանց ապաշխարության երկնքի արքայությունը անկարելի է մտնել: Ավետարանների սերտողությունից մեզ ծանոթ է մեկ այլ կրոնաքաղաքական կուսակցությունը, որոնց անդամները ևս չէին հավատում մեռելների հարությանը: Դրանք սադուկեցիներն էին, որոնք հաճախ էին վեճի բռնվում Հիսուսի հետ՝ հարության թեմայով: Ավարտին Ղուկաս ավետարանիչը մեզ ներկայացնում է այդ հավաքի մասնակից՝ այն երևելի մարդկանց անունները, որոնք տպավորված Պողոսի քարոզից, միացան նրան: Դրանցից էր Դիոնեսիոս Արիսպագացին և Դամարիս անունով մի կին և էլի շատ ուրիշներ: Սիրելիներ այսքանով ավարտենք այսօրվա սերտողությունը, իսկ վաղը կիմանանք, թե ո՞ւր մեկնեց Պողոսը՝ Աթենքից:
Թող մեր Տէր Յիսուս Քրիստոսի սէրն ու ողորմութիւնը միշտ ձեր կեանքերը լիացնեն, հարստացնեն, ողողեն ու պարուրեն: Պողոս Առաքյալի խոսքի համաձայն, մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը թող ձեզ տայ իմաստութեան եւ յայտնութեան Հոգի՝ իրեն ճանաչելու համար, և թող շնորհի Տերը Իր սերը մեր բոլորի սրտերին, Նրան փառք հավիտյանս հավիտենից. Ամեն.
Տեղեկութիւններ
Ձեր հարցումները
Post Views: 377