ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելիներ.. Պետրոսը բանտից ազատված է Տիրոջ Հրեշտակի օգնությամբ, և տեղափոխվեց Կեսարիա; Հերովդես երրորդը իր փառքը փնտրելու համար հարված ստացավ Տիրոջ հրեշտակից և մեռավ, իսկ Բառնաբասն ու Սողոսը վերցրին Մարկոսին և դուրս եկան Երուսաղեմից: Նախորդ սերտողություններում անդրադարձանք, որ Անտիոքում հոգևոր մեծ զարթոնք էր տեղի ունենում և ամեն օր ավելանում էր քրիստոնյաների թիվը: Սուրբ Հոգին գործում է ամենքի մեջ, ուղղորդում է ամենքին; Անտիոքի եկեղեցու արդեն տարբեր ազգության պատկանող հավատացյալների թիվը ավելանում էր, և աղոթքով ու ծոմապահությամբ փառաբանում էին Աստծուն իրենց դարձի համար: Սուրբ Հոգու առաջնորդությամբ Բառնաբասին ու Սողոսին առանձնացրին, որպեսզի կատարեն այն գործերը, որի համար կանչված են; Ձեռք դրեցին նրանց վրա և ուղարկեցին Աստծու խոսքը տարածելու հեթանոսների մեջ: Որպես օգնական իրենց հետ վերցրին նաև Հովհաննեսին: Կիպրոսի կողմերը գնացին և հանդիպեցին մի ոմն մոգի, որը արգելք էր հանդիսանում մարդկանց դարձին և փորձում էին նորադարձներին հավատից շեղել: իսկ Սողոսը, որը արդեն Պողոս առաքյալն էր, սուրբ հոգով լցված հանդիմանեց այդ մոգին, ասելով,- Ո՛վ դու, որ լի ես ամեն նենգությամբ ու խորամանկությամբ, որդի սատանայի, թշնամի ամեն արդարության: Տիրոջ ուղիղ ճանապարհները շեղելուց չե՞ս դադարում: Տիրոջ ձեռքը քո վրա է, ահա դու կույր կլինես, որ մի որոշ ժամանակ արև չտեսնես: Մեգը իջավ նրա վրա և խավարը պատեց նրա աչքերին և նա առաջնորդողներ էր փնտրում, քանի որ չէր տեսնում; Ներկա գտնվող բդեշխի փոխանորդը տեսածից զարմացավ, հավատաց և հիացած էր Տիրոջ վարդապետության վրա: Ինչպե՞ս փոխվեց Սավուղ անունը՝ Պողոսի, ավետարանիչը մեզ ոչինչ չի ասում, բայց անվան մեջ փոփոխություն եղավ բդեշխի փոխանորդի դարձի գալուց հետո; Հավանաբար նա Պողոս անվանեց նախկին Սավուղին; Սավուղը դժվար պատիժ սահմանեց մոգի համար, որպեսզի նրա աչքերը ժամանակավորապես չտեսնեն; Այս կուրանալու փորձառությունը ծանոթ էր Պողոսին, և նա զգացել էր դրա դառնությունը և տեսնելուց հետո զգացած քաղցրությունը:
Առաքյալների ինքնուրույն գործունեությունից հետո, սա արդեն երկրորդ պատիժն է, որ հանդիպում եք; Առաջինը Անանիայի և Սափիրայի դեպքն էր, որը թերևս պատիժ չէր, այլ պարզ հարցում Պետրոսի կողմից, նրանց ստելու վերաբերյալ: Իսկ Պողոսի պարագան այլ է, նա անմիջապես պատիժ նշանակեց և ասաց դու կկուրանաս: Պողոսն ու Բառնաբասը նախ քարոզեցին հրեաների ժողովարանում, ապա՝ հեթանոսների մոտ: Ժողովարանում որևէ խոչնդոտի չհանդիպեցին, այլ հակառակը՝ նրանց ասում էին, եթե մխիթարող խոսք ունեք ժողովրդին ասելու, ասացեք: Պողոս առաքյալը դարձյալ առիթը բաց չի թողնում և իսրայելացիների համար մի կարևորագույն քարոզ է կարդում: Ներկաներ մեջ կային հեթանոսներ, որոնք դարձի էին եկել, բայց դեռ հրեական օրենքներից լուր չունեին: Որպեսզի բոլորի համար հասկանալի լինի իր երկար քարոզը, իր խոսքը սկսեց իրենց հայրերից, թե ինչպես է Աստված ընտրել նրանց և Իսրայելի ժողովրդին դուրս բերել պանդխտությունից և շուրջ քառասուն տարի նրանց կերակրեց անապատում: Քանանացիների երկրում յոթը ազգեր կոտորեց, և որպես ժառանգություն այդ հողը տվեց իսրայելացիներին: Այնուհետև 450 տարի նրանց տվեց դատավորներ, մինչև Սամուել մարգարեն: Որից հետո ժողովուրդը թագավոր խնդրեց, և Աստված թագավոր կարգեց նրանց վրա Սավուղին, որը թագավորեց քառասուն տարի: Սավուղից հետո մեջտեղ բերեց Դավթին, որը Աստծու սրտով էր և կատարում էր Աստծու կամքը: Այդ նույն Դավթի սերնդից էլ Իր խոստման համաձայն Իսրայելի համար բերեց մի Փրկչի՝ Հիսուսին: Բայց Նրա գալուստից առաջ Նրա առջևից գնացող Հովհաննես Մկրտիչը իսրայելացիներին ապաշխարություն քարոզեց և մկրտեց: Երբ որ Հովհաննեսն իր գործունեությունն ավարտեց, տեղեկացրեց ժողովրդին, որ իր հետևից գալիս է Նա, որի մասին գրված է գրքերում, և ես Նրա ոտքերի կոշիկներն արձակելու արժանի չեմ: Բայց Երուսաղեմում ապրողները և նրանց իշխանավորները չճանաչեցին Հիսուսին և Նրան դատապարտելով կատարեցին մարգարեների այն խոսքը, որ իրենք ամեն շաբաթ օրը կարդում էին ժողովարանում: Պողոս առաքյալը հատուկ նշում է հավաքվածների համար, որ հրեա իշխանավորները մահվան արժանի հանցանք չգտնելով՝ Պիղատոսին խնդրեցին սպանել Նրան: Այդ բոլորը կատարելուց հետո խաչափայտից իջեցնելով գերեզման դրեցին:
Բայց Աստված Նրան մեռելներից հարություն առնել տվեց, և Հիսուս բազում օրեր երևաց իր աշակերտներին, որոնք Երուսաղեմում էին այդ ժամանակ, իսկ հիմա ժողովրդի առջև վկայում են Հիսուսին: Պողոս առաքյալը նրանց հիշեցրեց Դավթի երկրորդ սաղմոսը, որն ասում է,- Դու Իմ Որդին ես և ես այսօր Քեզ ծնեցի: Այս ասեց, փաստելու համար Քրիստոսի Աստծու Որդին լինելու հանգամանքը: Եվս մի կարևոր համար հիշեցրեց նրանց սաղմոսներից, որ Դավիթն ասում է,- Քո սրբին ապականություն տեսնել չես տա: Իսկ այս համարով Պողոսը կամեցավ բացատրել, որ այս տողերը դրել է Դավիթը, բայց այս տողերի Դավթին չեն վերաբերում, այլ՝ Հիսուս Քրիստոսին: Քանի որ բոլորը գիտեին, որ Դավիթը մահացել է, հայտնի է նրա գերեզմանի տեղը և Դավթի մարմինը ապականությունը տեսավ: Բայց Հիսուս, որն Աստված Հարություն տվեց, մարմինը ապականություն չտեսավ: Պողոս առաքյալը ժամանակ առ ժամանակ, իրեն լսողների ուշադրությունը հրավիրում է մի կարևոր կետի վրա, որ Իսրայելի ժողովուրդը չկարողացավ Մովսեսի օրենքով արդարանալ, բայց կարող եք արդարանալ Հիսուս Քրիստոսի անունով, եթե հավատաք Նրան: Այսինքն Պողոսը հղում է անում մեղքերի թողության վրա, որ ոչ ոք չի կարող թողություն տալ, եթե ոչ Քրիստոսի միջոցով: Նաև զգուշացնում է հրեաներին, որպեսզի ուշադրություն դարձնեն մարգարեությունների վրա, որոնցում գրված է.- Տեսե՛ք, արհամարհողներ, զարմացեք, և չքվեցեք, որովհետև ես ձեր օրերում մի գործ եմ կատարելու, այնպիսի մի գործ, որին չպիտի հավատաք, եթե մեկը ձեզ պատմի այն; Հստակ է Պողոս առաքյալի քարոզը, որով տեղեկացնում է հրեաներին, որ ժամանակն է, որ դուք անդրադարձ ունենաք ձեր հավատի ու ձեր գործերի վրա, որովհետև առանց Քրիստոսի չկա փրկություն: Պողոսի քարոզն ներկաների կողմից մեծ հավանության արժանացավ, և բոլորը խնդրում էին, որ հաջորդ շաբաթ օրն էլ իրենց այդ մասին խոսի: Հրեաներից շատերը այդ քարոզից հետո սկսեցին հետևել Պողոսին և Բառնաբասին:
Հաջորդ շաբաթ օրը արդեն ամբողջ քաղաքն էր եկել Պողոսից Աստծու խոսքը լսելու համար: Բայց կային նաև հրեաներ, որոնք այդ բազմությունը տեսան, որոնք եկել էին Պողոսին լսելու, նախանձ առաջացավ իրենց մեջ և հայհոյում էին Պողոսին, որովհետև իր քարոզով կարողացել էր հեթանոսներին դարձի բերել: Սակայն Պողոսն ու Բառնաբասը համարձակորեն քարոզում էին ամենքին, իսկ նախանձող հրեաներին ասում էին,- Նախ ձեզ պետք է Աստծու խոսքը խոսեինք, բայց քանի որ դուք այն մերժում եք, և ձեզ արժանի չեք համարում հավիտենական կյանքի, ահա մենք դառնում ենք դեպի հեթանոսները, որովհետև Տէրն է այդպես պատվիրել: Իսկ հեթանոսներին ուրախացնում էր Պողոսի քարոզները և այն խոսքերը, որ Տէրն էր ասել հեթանոսների համար, թե՝ Քեզ կարգեցի որպես հեթանոսների լույս, որպեսզի դու փրկության միջոց լինես մինչև երկրի ծայրերը: Ղուկաս ավետարանիչն ասում է,- ովքեր սահմանված էի հավիտենականության համար, հավատացին Հիսուսին: Հավատացողների թիվն անընդհատ ավելանում էր, ինչը մեծ մտահոգություն առաջացրեց որոշ հրեաների մեջ և նրանց գտան աստվածապաշտ և երևելի կանայք, ինչես նաև քաղաքի գլխավորներին, և հանեցին Պողոսի և Բառնաբասի դեմ, հալածանք հարուցելով նրանց դեմ: Դուրս հանեցին իրենց սահմաններից Պողոսին ու Բառնաբասին, իսկ սրանք իրենց ոտքերի փոշին թափ տալով, գնացին Իկոնիոն: Այս հալածանքը աշակերտների համար ուրախություն էր, քանի որ հիշում էին Տիրոջ խոսքերը՝ գալիք հալածանքների վերաբերյալ: Պողոսի Քարոզի մեջ Աստծու խոսքը դյուրըմբռնելի էր, դրա համար էլ ամբողջ քաղաքը հավաքվել էր լսելու նրան; Բայց մենք տեսանք, որ Պողոսն ու Բառնաբասը բոլորովին չհակառակվեցին իրենց դուրս անողների խոսքի դեմ և լռությամբ դուրս եկան նրանց քաղաքից: Որովհետև այդ բազմության մեջ արդեն Աստծու խոսքի սերմը ցանել էին, և այն բազմանալու էր ու տարածվեր ամենքի մեջ; Սա էր մտահոգությունը որոշ հրեաների, որ դավադրություն ստեղծեցին ու դուրս հանեցին իրենց քաղաքից առաքյալներին;
Այդ նոր քաղաքը որ գնացին Բառնաբասն ու Պողոսը, միասին էին մտնում ժողովարան և քարոզում: Նույն հաջողությունը այստեղ ունեցան, քանի որ թե հրեաներ և թե հեթանոսներ հավատում էին նրանց խոսքին և միանում էին իրենց: Բայց այս հոգևոր արթնացման վիճակը երկար չէր կարող շարունակվել, քանի որ այդտեղ էլ կային հրեաներ, որոնք չէին հավատում և նաև մոլորեցնում էին հավատացողներին: Աստված թույլ էր տալիս, որ այդ երկու առաքյալների ձեռքով մեծամեծ զորավոր գործեր կատարվեն, որպեսզի Տիրոջ խոսքի շնորհը տեսանելի լիներ ամեն տեղ: Քաղաքը բաժանվեց հավատացողների և մերժողների և քաղաքում մեծ պառակտում առաջացավ; Աստծու խոսքը եթե հավատով չընկալվի մի վայրում, այնտեղ պառակտում է առաջանում, քանի որ Աստծու խոսքը հավատացողը չի ուզում լսել իրեն մոլորեցնողին և այսպիսով բաժանում է տեղի ունենում: Միաբանվեցին քաղաքի որոշ հեթանոսներ ու հրեաներ, իրենց իշխանավորների հետ, որոնք չէին հավատում և հալածանք ու քարկոծում սկսեցին Պողոսի և Բառնաբասի դեմ: Երբ լուրը հասավ առաքյալներին, որ իրենց դեմ դավեր են նյութում քաղաքի մեծամեծները, հեռացան նաև այդ քաղաքից, բայց ոչ անօգուտ, քանի որ այս քաղաքում էլ դրեցին Աստծու խոսքի սերմերը՝ առատությամբ; Ինչի՞ համար էին վտարում իրենց քաղաքներից Պողոսին ու մյուս առաքյալներին: Որովհետև իրենք չէին ընդունում ճշմարտությունը, և մտահոգ էին իրենց հոտի պառակտման համար, որոնցից շատերը հասկանում էին որ առաքյալների վարդապետությունը Քրիստոսի վարդապետությունն է; Գրքի հետագա գլուխները նույնպես պատմում են մեզ առաքյալների միսիոներական ճամփորդությունների, հաջողությունների և հաղթանակների մասին: Շրջում էին առաքյալները Փոքր Ասիայի բոլոր շրջաններով ու քարոզում: Ահա քաղաքներից մեկում հանդիպեցին մի կաղ մարդու, որ առհասարակ չէր քայլել լսեց Պողոսի խոսքերը, Պողոսն է որսաց նրա հայացքը, որը փրկություն էր ակնկալում, և ասաց նրան, - Մեր Տէր Հիսուս Քրիստոսի անունով քեզ եմ ասում, կանգնիր քո ոտքերի վրա ուղիղ:
Ղուկաս ավետարանիչը հիշեցնում է, որ Տէրը թույլ էր տալիս, որ առաքյալների միջոցով հրաշքներ տեղի ունենա: Քանի որ մարդիկ ավելի հակված են հավատալ աչքի տեսածին, քան ականջի լսածին: Այդ անդամալույծ կաղը բժշկվեց Աստծու զորությամբ և Պողոսի խոսքով; Քաղաքի ժողովուրդը տեսավ այս հրաշքը, որ կատարվեց Պողոսի ձեռքով, իրենց լեզվով աղաղակում էին, որ աստվածները մարդկանց կերպարանքով իջել են իրենց մոտ; Բառնաբասին ու Պողոսին կոչում էին իրենց աստվածների անունով՝ Դիոս և Հերմէս: Հեթանոսական քաղաք էր, և ամեն ինչ ընկալվում էր որպես թե իրենց աստվածների ձեռքի գործն է: Քաղաքի մուտքի մոտ հսկող Դիոսի քուրմը լսելով այդ հրաշքի մասին, ցուլեր և պսակներ էին պատրաստում, որպեսզի զոհ մատուցեն ըստ իրենց կարգի, քանի որ կարծել էին, թե Պողոսն ու Բառնաբասը իրենց աստվածներից են: Բայց առաքյալները երբ լսեցին այդ մասին, իրենց հագուստները պատառոտեցին և ամբոխի միջից դուրս ելան: Հիմա դուք պատկերացրեք Պողոսի և Բառնաբասի վիճակը, որ Քրիստոսի անունով և զորությամբ հրաշք են գործում, իսկ հեթանոսները վերագրում են իրենց աստվածներին և կամենում են զոհ մատուցել այդ աստվածներին: Մինչդեռ Պողոսի ու Բառնաբասի նպատակն էր քարոզությամբ և զորավոր գործերով հեթանոսներին ազատել այդ կռապաշտության մոլորությունից և վերադարձնել Կենդանի Աստծուն,Որը ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը և ինչ որ նրանցում: Հանդարտեցրին այդ մարդկանց իրենց խաղաղության կոչերով, որպեսզի զոհեր չմատուցեն: Դեռ նոր էին խաղաղեցրել այդ բազմությանը, երբ վրա հասան Անտիոքից ու Իկոնիոնից այն մարդիկ, որոնք դուրս էին արել առաքյալներին իրենց քաղաքներից: Այս բազմության մեջ էլ հայտարարեցին, որ Պողոսն ու Բառնաբասը բացահայտ սուտ են խոսում և նրանց ասածի մեջ ճշմարտություն չկա: Քարկոծեցին Պողոսին և քաղաքից դուրս հանելով համարեցին, որ արդեն մեռած է: Աշակերտները գտան Պողոսին քարկոծված և դուրս եկան այդ քաղաքից ու գնացին Դերբե քաղաքը: Մենք այսօր շատ ենք լսում, որ մեղադրում են քրիստոնեությանը այն բանի համար, որ առաջին դարերում վերացրել եմ հեթանոսական բագիններն ու տաճարները, որտեղ կատարվում էին իրենց անբնական ծեսերն ու պաշտամունքները իրենց ձեռակերտ արձաններին:
Առաքյալների գործերը կարդալիս զավեշտալի է թվում առաջին դարերի հեթանոսական պաշտամունքը: Ինչպե՞ս կարելի է պաշտել մի իր, որը մարդու ձեռքով է պատրաստվել: Կենդանի Աստծուց լուր չունեցողը այսօր էլ կարող է պաշտել իր անշարժ գույքը, կամ հարստությունը և այլն: Իրապես ողբերգություն է ապրել մարդկությունը առաջին դարերում իր տգիտության պատճառով, և ցավալի է, որ ապրում է նաև այս քաղաքակիրթ աշխարհում, դարձյալ նույն կյանքով, բայց արդեն գրագետ ձևով: Պողոսն ու Բառնաբասը հազիվ կարողացան կանխել զոհաբերությունը՝ իրենց անվան համար, բայց նրա մտքում ու սրտում բան չփոխվեց այդ պահին: Դերբեում էլ քարոզությանը հաջող ընթացավ, շատերը հավատացին նրանց ավետարանելուց հետո: Բայց մեկանգամյա քարոզություն բավական չէ այս կենցաղով ապրող մարդկանց համար: Պատկերացրեք առաքյալների ծառայության ծանրությունը: Իրենք թվով քիչ են, ժողովուրդը ապրում է վայրենի կյանքով՝ Աստծուց հեռու, հոգևոր առաջնորդները անհավատ են Քրիստոսի վարդապետության նկատմամբ; Շրջել այդքան քաղաքներով և եկեղեցիներ հաստատել, խոստովանենք, որ ծանր աշխատանք է նույնիսկ ֆիզիկապես: Մենք չեն խոսում Աստծու տված զորության և շնորհների մասին; Ուղղակի որպես մարդկային ներուժ, ահռելի աշխատանք է տարվել: Անհամեմատելի է մեր օրերի հետ, երբ ամեն ինչ այսքան հարմարավետ է, հալածանք չկա, բայց այսօր էլ քարոզելու պատրաստակամություն չկա մեծ մաս հոգևորականների մոտ: Դերբեից ստիպված եղան նորից վերադառնալ այն քաղաքները, որտեղ քարոզել և եկեղեցիներ են հիմնել: Հավաքում էին մարդկանց և պատմում իրենց կրած նեղությունների մասին, որ տեսել էին ողջ շրջագայության ժամանակ: Հորդորում էին իրենց եղբայրներին, որ հավատարիմ մնան իրենց ուսուցմանը, հաստատ մնան իրենց հավատքի մեջ, որովհետև նեղություններ կրելով է, որ երկնքի արքայություն պետք է մտնեն: Այդ նորաբաց եկեղեցիների համար երեցներ կարգեցին ձեռնադրությամբ և նրանց Տիրոջը հանձնեցին, որին որ հավատացել էին;
Այս գործերն ավարտելուց հետո նորից սկսեցին իրենց շրջագայությունը և հասան Ատտալիա, որ այժմյան Անթալիան է, որտեղ մարդիկ հաճույքով գնում են հանգստանալու: Հավաքում էին հավատացյալ մարդկանց և պատմում, թե Աստված ինչ զորավոր գործեր է արել իրենց միջոցով յուրաքանչյուր քաղաքում: Աստծու զորությունն էր, որ հեթանոսներից շատերի առջև բացվեց հավատի դուռը՝ Աստծու ողորմությամբ; Այս համարներում մենք տեսանք, որ գլխավոր հերոսը Պողոսն էր, բայց իր հետ շրջում էին այլ առաքյալներ: Նրանք փորձում էին նախէ հրեաներին քարոզել, ապա հեթանոսներին՝ ինչքան որ հաջողում էին: նաև տեսանք, որ երբեք հուսահատության և հիասթափության մեջ չընկան՝ չնայած այդքան անարգանքի և հալածանքների: հեթանոսների քարոզությունը Աստծու պատվերն էր, քանի որ Պետրոսի օրինակից գիտենք, որ տեսիլքում տեսավ: Քրիստոսի առաքյալները շրջում և քարոզում են այն, ինչ սովորել են իրենց Վարդապետից, թե փրկությունը Քրիստոսի շնորհով է, ոչ թե Մովսեսի օրենքով, քանի որ օրենքը մեղավոր մարդուն չի փրկում, այլ ցույց է տալիս իր մեղավոր լինել, իսկ Քրիստոսին հավատացող ապաշխարող մարդը, որը վերստին ծնունդ է ունենում , փրկվում է: Բայց հրեաստանից ոմանք շրջում էին և նորադարձ հեթանոս քրիստոնյաներին համոզում էին, որմ եթե չթլպատվեք, չեք փրկվի: Այսպիսով կասկած էին առաջացնում մարդկանց սրտի մեջ, որովհետև նորադարձները դեռ տկար են հավատի մեջ: Փարիսեցիների հերձվածից ոմանք էլ միացան ու հաստատեցին, որ դրանք պետք է թլպատվեն ու պահեն Մովսեսի օրենքը, այլապես փրկություն չեն ունենա: Մի խոսքով մոլորեցնում էին նորադարձներին՝ ամենքը իր հնարամտությամբ; Պողոսն ու Բառնաբասը այս վիճելի թեմայի շուրջ հավաքվեցին Երուսաղեմում՝ բոլոր առաքյալների և երեցների մոտ՝ լուծում տալու այս հարցին: մեծ վեճեր առաջացավ այս հարցի շուրջ, քանի որ փարիսեցիները պնդում էին իրենց տեսակետը, որովհետև չէին հավատում Քրիստոսին, իսկ առաքյալները գիտեին, որ օրենքով մարդը չի կարող փրկվել: Պետրոսը տեսավ, որ վեճը թեժանում է, վեր կացավ ու խոսեց այն մասին, որ Աստված իրեն է ցույց տվել տեսիլք, որ խտրություն չկա հրեայի և հեթանոսի միջև, քանի որ Քրիստոսին հավատացող հեթանոսները նույնպես ստացան Սուրբ Հոգին, ինչպես որ առաքյալները Պենտեկոստեի օրը:
Խոսքը ուղղելով փարիսեցիների, ասաց, որ պետք չէ Աստծու փորձել և առավել պետք չէ առաքյալների վզին լրացուցիչ ծանրություն դնել, նրանց վրա մի լուծ դնել, որը չեն կարողացել տանել ինչպես որ մեր հայրերը, այնպես էլ մենք: Այսինքն ոչ Հայրերը ոչ էլ օրվա հրեաները չեն կարող պահել ողջ օրենքը:Փրկությունը Տէր Հիսուսի շնորհով է լինելու: Ամբողջ ժողովուրդը լռեց Պետրոսի խոսքից հետը: Այնուհետև Պողոսն ու Բառնաբասը նորից պատմեցին այն զորավոր գործերի մասին, որ տվեց իրենց Տէրը՝ հանուն հեթանոսների փրկության; Իր խոսքով հանդես եկավ նաև Հակոբոս Տեառնեղբայրը, որը մարգարեություններ մեջ բերելով դարձյալ փաստեց, որ Աստված խտրություն չի դնում հեթանոսի և հրեայի միջև, և առաջարկեց, որ նորադարձ հեթանոսներին պատվիրեն պահել որոշ կանոններ, ըստ որի նրանք այլևս չպետք է ուտեն կուռքերին զոհաբերած մսից, հրաժարվեն պոռնկությունից, խեղդամահ արած կենդանիներից և արյունից: Հակոբոսի առաջարկը հաճելի թվաց բոլորին, և միասին որոշում կայացրին մի քանի ընտրյալ առաքյալները ուղարկեն նորաստեղծ եկեղեցիներ և մոլորված նորադարձներին ասեն, որ պետք չէ այլևս թլպատվել և պահել Մովսեսի օրենքը, այլ հրաժարվեք այն ամենից, ին որ հիմա անում եք:Այսինքն հրաժարվեք պոռնկությունից, կուռքերին մատուցած զոհերից և խեղդամահ կենդանիներից ու արյունից:
Այս որոշումը նամակի տեսքով ուղարկեցին բոլոր նորաստեղծ եկեղեցիները՝ ընդհանուրի համար ընթերցելու համար: Հավանաբար Պողոսի նամակ գրելու գեղեցիկ սովորությունը այստեղից առաջացավ, որ հետագայում ամեն բան նամակով էր գրում և ուղարկում եկեղեցու երեցներին՝ այդպես ուսուցանելու համար: Պողոսը որոշում կայացրեց, որ Բառնաբասի հետ նորից շրջեն նորաստեղծ եկեղեցիները և հավատի մեջ հաստատել եղբայրներին: Բառնաբասը առաջարկեց իրենց հետ վերցնել նաև Մարկոսին, իսկ Պողոսը չհամաձայնվեց, քանի որ մի քաղաքում Մարկոսը իրենցից հեռացել էր ընդհանուր գործի համար: տարաձայնություն առաջացավ իրենց մեջ և դա պատճառ հանդիսացավ, որ իրենք իրարից բաժանվեն; Բառնաբասը Մարկոսին վերցնելով ուղևորվեցին Կիպրոս, իսկ Պողոսը Շիղային ընտրելով, ճանապարհ ընկավ դեպի Ասորիքի ու Կիլիկիայի կողմերը, որպեսզի ամրապնդեն եկեղեցիներ կարգն ու կանոնը և ամրապնդեին հավատի մեջ: Սիրելիներ, վեճեր և տարաձայնություններ կարող են լինել ամեն տեղ, ինչպես տեսնում եք նաև առաքյալների շրջանում: Բայց կարևորն այն է, որ որևէ վեճի կամ անհամաձայնության պատճառով Քրիստոսի խոսքի ուսուցումը դրանից չտուժի, ինչպես որ եղավ Պողոսի և Բառնաբասի պարագային: Եկեղեցուն վերաբերող բոլոր հարցերը վեր են մարդկային նեղ անձնական հարաբերություններից: Եթե Քրիստոս նեղանար իրեն հասցրած վիրավորանքներից ու դադարեր ուսուցանել, կամ վիրավորանքից հրաժարվեր մեր փրկության ծրագրից, ի՞նչ կլիներ մեզ հետ այսօր, կամ կլինեի՞նք մենք արդյոք: Որքան գեղեցիկ դասեր ունենք սովորելու Ավետարանից: Փառք Աստծուն, այս լուսավոր ու փրկարար գիրքը մեզ կտակելու համար: Մենք չգիտե՛նք, թե ինչ գանձ կա մեր ձեռքում այս պահին, որ չենք գնահատում: Ավարտենք այսօր, և Աստծու կամքով վաղը տեսնենք, թե ի՛նչ արեցին առաքյալները:
Թող մեր Տէր Յիսուս Քրիստոսի սէրն ու ողորմութիւնը միշտ ձեր կեանքերը լիացնեն, հարստացնեն, ողողեն ու պարուրեն: Պողոս Առաքյալի խոսքի համաձայն, մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը թող ձեզ տայ իմաստութեան եւ յայտնութեան Հոգի՝ իրեն ճանաչելու համար, և թող շնորհի Տերը Իր սերը մեր բոլորի սրտերին, Նրան փառք հավիտյանս հավիտենից. Ամեն.
Տեղեկութիւններ
Ձեր հարցումները
Post Views: 372