ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն սիրելիներ, Դատական ատյանը կազմված է Հռոմի և Երուսաղեմի երևելի մարդկանցով ու իրենց հազարապետներով, Պողոս առաքյալը նույնպես ներկա է և սպասում է, որ իրեն ձայն տան: Ահա Ագրիպաս արքան ձայնի իրավունք տվեց Պողոսին՝ իր մասին խոսելու համար: Պողոսին անշուշտ պատրաստվել պետք չէր, քահանայապետների պես խորհուրդ կազմել պետք չէր, որպեսզի պատասխան տար ատյանի առջև: Պողոսի սրտի մտքի և լեզվի վրա միայն Հիսուս Քրիստոսին վկայելն է: Նա դարձի գալուց հետո շատ լավ էր հասկացել, որ իր մարմինը միջոց է նպատակին հասնելու համար, քանի որ ինչքան հալածում էին իրեն, այնքան պայքարում էր Քրիստոսին վկայելու համար նաև Հռոմում: Չէր վախենում մահից, քանի որ արդար էր, և նրա համար ապրելը Քրիստոս էր, մեռնելը՝ շահ: Ձեռքը վեր բարձրացնելով գրավեց բոլորի ուշադրությունը և սկսեց խոսել Ագրիպաս արքայի առաջ: Հերքեց հրեաների կատարած բոլոր ամբաստանությունները իր հասցեին, բայց քաջ տեղյակ լինելով, թե ինչպես է կարգը արքայի հետ խոսելու, իրեն երանելի համարեց, որ Ագրիպաս արքայի առջև է կարդալու իր պաշտպանողականը: Ինչո՞ւ: Որովհետև արքան գիտակ է հրեական բոլոր կրոնական սովորություններին և խնդիրներին: Խնդրեց, որ արքան համբերությամբ լսի իրեն: Պողոսը ներկայացրեց իր մանկության և պատանեկության տարիները Երուսաղեմում, նա՛և որպես փարիսեցի ապրել է կրոնական խստագույն օրենքների համաձայն: իսկ այժմ,- ասում է Պողոսը,- ատյանի առջև դատվում եմ Աստծուց մեր հայրերին տված խոստման հույսի համար: Այդ խոստման համար մեր հայրերը գիշեր ու ցերեկ ջերմեռանդությամբ պաշտամունք են մատուցել: Նորից հիշեցրեց, որ ինքը դատվում է հենց այդ հույսի համար: Այս խոսքերը խոսելով նա հավաքեց բոլոր ներկաների ուշադրությունը և ասաց իր ասելիքը մի հետաքրքիր հարցի միջոցով, թե՝ - Ձեզ ինչո՞ւ է անհավատալի թվում, որ Աստված մեռելներին հարություն կտա: Ես ինքս էլ շատ հակառակ եմ գործել Նազովրեցի Հիսուսի անվանը, ինչի մասին կարող են վկայել քահանայապետները, քանի որ իշխանությունը իրենցից էի ստանում շատերին բանտարկելու, շատերին սպանելու համար: Պողոսը խոստովանում է բոլորի առջև իր անցած մեղքերը, որ ժողովարանում հալածում էր Քրիստոսի հետևորդներին, և երբեմն էլ վտարում էր քաղաքից՝ քահանայապետների գիտությամբ:
Միթե կրոնական առաջնորդները կարող են այս խոսքերից հետո պաշտպանել իրենց արքայի առջև: Որովհետև Պողոսը հայտնեց, որ իրեն հետապնդում են այն հավատքի համար, որ ունեցել են իրենց հայրերը: Պողոսը այնպիսի հարց առաջադրեց հարություն մասին, որը ամենաշատ քննարկվող թեման էր տվյալ իրականության մեջ: Ընդ որում քահանայապետները նույնպես հավատում են հարության հույսին: Ուրեմն ինչպե՞ս են իրեն դատում նրանք, որոնք հետևորդներն են նույն հավատի: Պողոսը փակուղի է բոլոր զրպարտող բերանների համար, և բարձրաձայնում է իրականությունը, չթաքցնելով նույնիսկ իր կատարած մեղքերը, որոնք արել է քահանայապետներից իշխանություն ստանալով: Սիրելիներ, մի պահ Պողոսին թողնենք ատյանի առջև և կենտրոնանանք մի կարևոր իրողության վրա: Հիշում եք, որ Պողոսը արդեն երրորդ անգամն է, որ հանրության առջև խոստովանում է այն մեղքերը, որ թույլ է տվել քրիստոնյաների հանդեպ՝ իշխանություն ստանալով հոգևոր էլիտայից: Այս գործողությունները չի արել ծածուկ, այլ՝ մասսայական և սարսափ է տարածել մարդկանց վրա, որպես հալածիչ, այն էլ այդքան կրթված: Արքային պատմեց Դամասկոսի ճանապարհի տեսած տեսիլքը, որից ինքը կուրացել էր: Ուրեմն ինչպե՞ս է, որ Պողոսը այսպիսի հեղինակություն ունի աշխարհում, այսպիսի մեղքեր գործելուց հետո:: Գիտե՞ք երբ է բարձրանում ընկած հեղինակությունը: Երբ որ մի հանրային մարդ մեղանչում է բոլորի աչքի առջև, ապա հարկ է որ բոլորի առջև խոստովանի այդ մեղքը և ուղղի իր ճանապարհը: Պողոսը հանրային մարդ էր, մասսայական հալածանքներ էր կատարում, և երեք անգամ մասսայական զղջաց ու բոլորին պատմեց իր կատարած անօրենությունների մասին: Նույնիսկ այսպիսի զղջման պարագային, սկզբում շատերը դեռ կասկածում էին Պողոսին, և հիշեցնում էին միմյանց, թե սա այն հալածիչը չէ՞: Բայց հրապարակավ զղջալ մեղքերի համար, պետք է ունենալ Պողոսի քաջությունն ու հավատքը, արդարությունն ու Քրիստոսի հանդեպ ունեցած սերը:
Դուք երբևէ տեսած կա՞ք, հեղինակազրկված մի հանրային մարդ, որը բոլորի աչքի առջև անօրեն կյանքով է ապրում, հրապարակավ զղջա իր գործած մեղքերի համար: Այդ պատճառով է, որ Պողոսի ու Պետրոսի աշխարհն է ճանաչում և սիրում որպես հեղինակություններ՝ իրենց արդարության համար, իսկ մերօրյա բարձրաստիճանները ապրում են կորցրած հեղինակությամբ: Միայն այսպես կարելի է վերականգնել վնասված հեղինակությունը, որովհետև պաշտոնի աթոռը միայն հպարտանալու համար չէ, այն մեծ պատասխանատվությունը է ժողովրդի առջև, որը իր առաջնորդին է հետևում: Վերադառնանք ատյան և տեսնենք, թե ի՞նչ արեցին Պողոսին, երբ նա ամբողջ ճշմարտությունը մանրամասները պատմեց հանրության առջև՝ իր կատարած հալածանքների մասին: Միևնույն ժամանակ հայտարարեց, որ Աստված իրեն ընտրել է հեթանոսների և իր ժողովրդին քարոզելու համար, որպեսզի բացի բոլոր նրանց աչքերը, որոնք խավարի մեջ են տակավին, և նրանք էլ թողություն ստանան իրենց մեղքերին և բոլոր սրբերի հետ ժառանգություն ստանան իրենց հավատի համար: Դառնալով Ագրիպաս արքային, որը Հերովդես արքայի որդին էր, ասաց նրան.- Ով արքա, ես երկնային տեսիլքին անհնազանդ չգտնվեցի, քանի Քրիստոս ասաց, որ քեզ համար խիստ դժվար է խթանի դեմ աքացել: Գիտե՞ք ինչ է խթանը: Սա մի սուր ձող է, որով կենդանիներին հարվածում են ուղղությունը ճիշտ պահելու համար: Այսինքն Պողոսը Դամասկոսի ճանապարհին հանդիպել էր այդ խթանին, և պետք է փոխեր իր սխալ ընթացքը: Առանց հակառակվելու զգաց իր սխալ ուղղությունը, քանի որ գրագետ էր, և հետևեց Հիսուս Քրիստոսի ուղղափառ վարդապետությանը: Ապա ներկայացնում է արքային, թե ինչեր արել Հրեաստանի և Երուսաղեմի բոլոր գավառներում, ապա նաև հեթանոսներին է քարոզել՝ ապաշխարության արժանի գործեր կատարելու համար:այս պատճառով է որ հրեաները կամեցել տաճարում բռնել և սպաներ իրեն: Բայց Աստծուց օգնություն հասավ և Պողոսը ողջ մնաց մինչև Ագրիպասի առաջ կանգնելը: Քարոզեց մեծին ու փոքրին, ոչինչ չասելով այն բաներից դուրս, ինչ որ խոսել են մարգարեներն ու Մովսեսը՝ գալիք բաների մասին, թե՝ Քրիստոս չարչարվելու է. թե՝ մեռելներից առաջին հարություն առնողը լո՛ւյս է ավետարանելու ժողովրդին և հեթանոսներին;
Իր հզոր քարոզով Պողոս առաքյալը այնպես էր զբաղեցրել ներկաների ուշադրությունը, որ բոլորը ուշադիր լսում էին նրան, առանց ընդհատելու մինչ այն պահը, երբ նորընտիր կուսակալ Փեստոսը բարձր ձայնով ասաց,- Ցնորում ես Պողո՛ս, քո մեծ հմտությունը քեզ խելացնորության է տանում: Իսկ Պողոսն ասաց,- Չե՛մ ցնորում, ո՛վ գերազանցդ Փեստո՛ս, այլ՝ զգաստության և ճշմարտության խոսքեր եմ արտասանում: Պողոս առաքյալը խորագիտությամբ Ագրիպաս արքային պահում էր իր ուշադրության կենտրոնում և հաճախ կրկնում էր, որ արքան գիտա՛կ է հրեական կրոնական օրենքներին, դրա համար է ինքը ազատ խոսում, քանի որ արքան խորությամբ հասկանում է իր ասելիքը: Հատկապես, որ Քրիստոսի հետ կապված բոլոր իրադարձությունները ծածուկ վայրում չեն կատարվել, այլ՝ հրապարակավ, հանրության աչքի առջև: Բայց արքայի համբերատար լսելն էլ փաստում է այն մասին, որ սիրով է լսում Քրիստոսի մասին ճշմարտությունները: Նույնիսկ Պողոսը փաստում է, որ արքան հավատում է նաև մարգարեներին և տեղյակ է մարգարեություններին: Բայց այս խոսքից հետո Ագրիպաս արքան կատակեց Պողոսին ասելով,- Քիչ է մնում ինձ էլ համոզես քրիստոնյա դառնամ: Պողոսն ասում է,- Կխնդրեի Աստծուն, որ ո՛չ միայն դու, այլ՝ այստեղ ներկա գտնվող բոլոր ինձ լսող մարդիկ լինեն այնպիսի, ինչպիսին ես եմ, բացի այս կապանքներից: Արքան ոտքի ելավ և բոլորը նրա հետ միասին, և մինչ գնում էին, խոսում էին ու ասում,- Այս մարդը մահվան արժանի ոչինչ չի արել: Կարելի էր ազատ արձակել, եթե կայսրին բողոքած չլիներ: Գլխավոր գործը կատարված է, Պողոսը կարողացավ հասնել այն բանին, որ արքան հասկացավ, որ սա մի այլ աղանդ չէ, այլ հայրերի հավատքի ու մարգարեությունների շարունակությունն է, ինչը քարոզվում է Պողոսի կողմից; Որոշում կայացվեց Պողոսին ուղարկել Իտալիա: Այստեղին նորից միանում է Ղուկաս ավետարանիչը, և պատմում ճամփորդության մանրամասները: Պողոսին կապյալ վիճակում մի քանի բանտարկյալների հետ հանձնում են Հուլիոս անունով մի հարյուրապետի, և նավը ճանապարհ ընկավ դեպի ասիայի կողմերը: Երբ հասան Սիդոն, հարյուրապետը Պողոսի հանդեպ մարդասիրություն դրսևորելով, թույլ տվեց, որ նա գնա բարեկամների մոտ խնամք ստանալու:
Այնուհետև հարյուրապետը գտնելով Իտալիա գնացող մի նավ, Պողոս առաքյալին և Ղուկասին տեղափոխեցին այդ նավի մեջ: Նավը դանդաղ նավարկությամբ շարժվում է առաջ՝ ճանապարհի հանդիպելով հակառակ քամիների և նավարկության համար վտանգավոր պայմանների; Պողոսը զգում է մոտալուտ վտանգը և զգուշացնում է հարյուրապետի, բայց վերջինս ավելի շատ վստահում էր նավապետին, քան Պողոսին: Բավական նավարկելուց հետո նավի շուրջը բարձրացավ կատաղի քամի և երկու օր շարունակ նավը տատանվում է ծովի վրա: Վտանգը սաստկանում է, և ստիպված են լինում նավի բեռները ծովը թափել: Իսկ երրորդ օրը ստիպված ծովը նետեցին նավի բոլոր գործիքները: Ո՛չ արև կա ցերեկը , ոչ էլ աստղեր՝ գիշերը: Փրկության ամեն հույս վերանում է կամաց կամաց, չդադարող փոթորիկի պատճառով: Թեպետ առաջին անգամ Պողոսի զգուշացմանը չանսացին, բայց նա նորից մոտեցավ և մխիթարության համար ասաց, որ ոչինչ չի պատահի իրենց, բացի նավից ու բեռից: Քանի որ Տիրոջ հրեշտակը զգուշացրել է Պողոսին, որ դու կայսրի առջև պիտի կանգնես, իսկ քո հետ եղող մարդիկ անվնաս տեղ կհասնեն; Պատկերացրեք իրավիճակը, և մտածեք, այդ պահին ավելի ուրախալի լուր չէ՛ր կարող լինել, քան Պողոսը հայտնեց: Հատկապես, որ հիշեցրեց, որ իրեն չեն լսել զգուշացման պահին; Պողոսը վստահ էր, որ Աստված է իրեն ուղարկում Հռոմ, թեպետ դժվարությամբ, բայց կհասնեն: 14 օր մնացին ծովի վտանգավոր ալիքների ու փոթորիկների մեջ, աստիճանաբար ստուգելով ջրի խորությունը դեպի ափ: Պողոսը հորդորեց բոլորին հաց ուտել, քանի որ ոչինչ չէին կերել այդ օրերին: Պողոսը հացը կտրեց բոլորի առաջ, Աստծուն գոհություն հայտնեց, և բաժանեց նավի մեջ եղող մարդկանց, որոնք 276 հոգի էին: Առանց հաշվի առնելու նրանց հավատքն ու դավանությունը իր Աստծու նկատմամբ: Կշտանալուց հետ ցորենը պաշարը նույնպես ծովը գցեցին ծանրության պատճառով: Տեսնո՞ւմ եք, որ շահ բերող ապրանքը պահել են մինչև վերջ, քանի որ ցորենը հռոմ պիտի հասցնեին վաճառքի համար: Բայց նավը հանդիպեց մի ծանծաղուտի և հետնամասը սկսեց ջարդուփշուր լինել: Տեսնելով ահավոր վտանգը, որոշեցին կալանավորներին սպանել, որ չլինի հանկարծ փախչեն: Տեսե՛ք սիրելիներ, ինչ է նշանակում լսել և մոռանալ, լսել և չհավատալ: Պողոսը քիչ առաջ ասաց, որ իրենց գլխից մազ չի պակասի, այլ միայն նավն ու բեռը կվնասվեն; Իսկ իրենք մոռացան և ուզում են սպանել կալանավորներին: Բայց հարյուրապետը թույլ չտվեց, քանի որ Պողոսին ողջ և առողջ պետք է հասցներ Հռոմ:
Արտոնեց, որ լողալ իմացողները թող իրենց ծովը նետեն և լողալով ափ հասնեն: Մի մասն էլ նավի բեկորների վրա՝ մի կերպ հասան ցամաք: Ամենքը փրկվեցին և ո՛չ ոք չկորավ, ինչպես որ Պողոսն էր ասել իրենց; Աստված հանուն Պողոսի պրկության հասցրեց նաև մնացած կալանավորներին: Բայց այստեղից Պողոսն ու Ղուկասը դեռ պետք նավարկեն դեպի Հռոմ: Հիմա հետևենք այս ճամփորդությանը: Ղուկաս ավետարանիչը սիրում է մանրամասներ նկարագրել և նշել է այն կղզու անունը, որ հայտնվել են բոլոր փրկվածները: Այդ կղզու անունը Մելիտինէ էր: Սա այսօրվա Մալթան է, որը գտնվում է Միջերկրական ծովի կենտրոնական մասում: Հավանաբար Ղուկասը հիշատակել է կզղու անունը, որ այսօր մենք քարտեզի վրա տեսնենք թե իրենք որ կղզում են փրկվել: Ասում է, այդ կղզու բարբարոս բնակիչները իրենց հանդեպ չափից ավելի մարդասիրություն են ցուցաբերել: Սրանք մեր պատկերացրած բարբարոսները չեն, հույները բարբարոս են անվանում նրանց, որոնք հունարեն չեն խոսում: Այս մարդիկ խարույկ են վառել՝ անձրևից ու ցրտից սառած եկվորների համար: Պողոսը նույնիսկ այս պարագայում չի ուզում որ ուրիշի հաշվին տաքանա և շատ չոր ճյուղեր է հավաքում կրակին դնելու համար: Ճյուղերի միջից մի իժ կրակի տաքությունից դուրս եկավ և կախվեց Պողոսի թևից: Երբ բարբարոսները տեսան այս բանը, կարծեցին որ այս մարդը մարդասպան է, քանի որ նավից փրկվեց, բայց ուրիշ պատժի արժանացավ; Իսկ Պողոսը հանգիստ գազանին կրակի մեջ թափ տվեց, և իրեն ո՛չ մի վատ բան չպատահեց: Ներկաները մտածում էին, որ կուռչի և կմեռնի: Երբ տեսան, որ ոչինչ չեղավ, այս անգամ էլ բարբարոսները կարծեցին, որ այս մարդը մի աստված է ուրեմն: Իրական Աստծու չճանաչող մարդիկ այսպիսի արագ գնահատականներ են տալիս երևույթներին՝ իրենց սնահավատության պատճառով: Այսինքն կամ մարդասպան է, իսկ եթե չմեռավ, ուրեմն աստված է: Այս կղզում շատ լավ ընդունելության արժանացան նաև կղզու տիրոջ կողմից, որը երեք օր նրանց պահեց իր մոտ՝ հյուրասիրելու: Պատահեց, որ այս մարդու հայրը ջերմով և փորլուծությունով հիվանդացավ և անկողին ընկավ:Պողոսը նրա մոտ մտավ, և աղոթելով ձեռքը նրա վրա դրեց և նրան բժշկեց: Այս բանը տեսնելով շատ ուրիշներ էլ իրենց հիվանդներին բերում էին և բուժվում էին;
Կարո՞ղ եք դուք ձեզ պատկերացնել այդ կղզում, բայց ոչ այսօրվա, այլ՝ 2000 տարի առաջվա և այդ բարբարոսների հետ ապրելիս: Հետաքրքիր կլիներ: Ինչ նեղությունների միջով անցավ Պողոսը, և Կեցցե Ղուկասը որ գրել է այս ճամփորդական օրագիրը, որից իմանում ենք նրանց կրած չարչարանքների մասին՝ հանուն Հիսուս Քրիստոսի արքայության ավետարանը քարոզելու: Դարձյալ նավարկությունը շարունակելով, տեղ տեղ իջնելով, արդեն քրիստոնեական համայնքներում եղբայրներին հանդիպելով մեծ դժվարությամբ հասան Հռոմ: Կատարվեց Աստծու կամքը և Պողոսը որպես բանտարկյալ հասավ Հռոմ: Այնտեղ հրաման տրվեց որ Պողոսը ապրի առանձին իրեն հսկող զինվորի հետ: Հավանաբար ապահովելով նրա անվտանգությունը՝ մինչև դատավարություն; Ամեն ինչ թույլատրված է, քրիստոնեական համայնքների հետ հանդիպումը արգելված չէ, և Պողոսը հսկողության տակ է, բայց ոչ խիստ: Իրեն ճանաչում են և նա իրավունք ունի հրավիրել տեղի հրեաներին և հանդես գալ նրանց առաջ: Դիմելով տեղի հրեաներին, Պողոս առաքյալը պատմեց ողջ եղելությունը կապված իր բանտարկման, դատավարություն, հրեա առաջնորդների ամբաստանության, և այն մասին, թե ինչո՞ւ ինքը որոշեց գալ Հռոմ: Որովհետև հրեաները հակառակ խոսեցին կուսակալին, որն ուզում էր ազատ արձակել, այդ պատճառով կայսրին բողոքեց և իրեն բերեցին Հռոմ՝ դատվելու: Բայց նաև արդարությամբ տեղեկացրեց նրանց, որ Հռոմ է եկել, ոչ թե չարախոսելու իմ ազգին, այլ որպեսզի հանդիպի և խոսի նաև քրիստոնյա համայնքների և եղբայրների հետ՝ իսրայելի հույսի համար, որի պատճառով ինքն այժմ շղթաների մեջ է գտնվում: Զարմանալի պատասխան տվեցին Պողոսին Հռոմում գտնվող հրեաները, ասելով, որ իրենք ոչ մի նամակ չեն ստացել իր անունով և ոչ մի ամբաստանություն չեն լսել Պողոսի մասին; Բայց քանի որ լուր չունեն Քրիստոսից, և այդ վարդապետությունը հերձված են համարում, ուստի խնդրում են, որ Պողոսը իրենց խոսի այդ մասին; Սիրելիներ, մենք տեսնում ենք, որ Պողոսին Հռոմում լավ ընդունեցին, և Պողոսը ազատ է իր քարոզության մեջ, քանի որ առանձին ժամադրություններով հանդիպում է մարդկանց, և բազում մարդիկ, որոնց նա առավոտից մինչ երեկո խոսում է Աստծու Արքայությունից, և համոզում է Հիսուսի մասին, վկայություն բերելով Մովսեսի օրենքից ու մարգարեների գրքերից:
Հռոմում էլ նույնն է, ինչ ամեն տեղ. ոմանք հավատում էին, և համոզվում էին նրա խոսքերից, ուրիշներն էլ չէին հավատում: Իրար մեջ տարաձայնություն ունենալով հեռանում էին, չհավատալով; Պողոս նրանց համար մի շատ հարմար ու գեղեցիկ մեջբերում արեց Եսայի Մարգարեից, ասելով,- Գնա այդ ժողովրդի մոտ ու ասա. լսելով պիտի լսեք, և չպիտի իմանաք, և տեսնելով պիտի տեսնեք, ու չպիտի տեսնեք: Որովհետև այդ ժողովրդի սիրտը կարծրացել է, և իրենց ականջներով ծանր են լսում, ու իրենց աչքերը փակել են, որպեսզի երբեք աչքերով չտեսնեն, ու ականջներով չլսեն, և հոգով չիմանան և դարձի չգան, ու Ես էլ դրանց չբժշկեմ: Անշուշտ այս խոսքերը դուր չեկան այն հրեաներին, որոնք չէին հավատում: բայց Պողոսը առաքյալը նպատակով կարդաց այս տողերը, որպեսզի հրեաները չկարողանան ասել, որ իր ազգը թողած հեթանոսներին է քարոզում: Աստված այս փրկությունը կուղարկի հեթանոսներին, եթե հրեաները չեն կամենում լսել և դարձի գալ: Սիրելիներ, 28 րդ գլուխը գրեթե ավարտվեց, բայց ընթերցողի մտքում մի հարց է առաջանում: Ինչ որ բան կիսատ մնաց: Ապա ու են այն գլուխները, որոնք մեզ կպատմեն Պողոսի հզոր քարոզությունը Հռոմում; Մի՞թե Ղուկասին հետաքրքիր չի եղել այս մասը, որ չի գրել: մենք ուշադրությամբ սերտելով եկանք ու հասանք վերջին գլխին և հարց առաջացավ մեր մտքում: Որովհետև մոռացանք, թե ի՛նչ ենք կարդացել առաջին գլխում: Առաջին գլխում կարդացինք Քրիստոսի համբարձման և Նրա տված պատգամի մասին, որ ասում է,- Սուրբ Հոգին կիջնի ձեր վրա, դուք զորություն կառնեք, և Ինձ վկաներ պիտի լինեք Երուսաղեմում, Հրեաստանում, Սամարիայում և մինչև Երկրի ծայրերը: Ուրեմն այս գիրքը պողոսի կյանքի ու գործունեության մասին չէ, այլ՝ ըստ Քրիստոսի պատգամի՝ եկեղեցու հաստատման և Քրիստոսի վկաներ լինելու մասին է, ինչի մասին որ իմացանք մանրամասն, թե որտե՛ղ և ինչպե՛ս հաստատվեցին առաջի քրիստոնեական համայնքները և եկեղեցիները:
Այս գիրքը եկեղեցու հաստատման պատմությունն է, և մենք տեսան թե առաքյալները ինչպես դարձավ վկաներ և քրիստոնեությունը տարածվեց աշխարհով մեկ; Երուսաղեմից Հռոմ և ամենուր: Այս գիրքը եկեղեցու ծննդի մասին, և մենք տեսանք, թե ինչ դժվարությունների միջով անցավ ու ծնվեց եկեղեցին; Սիրելիներ, մեզնից յուրաքանչյուրի սուրբ պարտքն է իմանալ մեր քրիստոնեական եկեղեցու խոցված ու հաղթանակած անցյալը՝ մեր սրբերի արյամբ; Մեզնից յուրաքանչյուրի սուրբ պարտքն է իր անձով անաղարտ պահել քրիստոնեությանը, որ փոխանցվել է մեզ ձեռքից ձեռք՝ պաշտպանելով թշնամու հալածանքներից; Մենք իրավունք չունենք մեր անձը և գարշելի մեղքը բարձր դասել մեր հավատից ու մեր դավանությունից: Հիշենք առաքյալների կրած հալածանքներն ու վիրավորանքները Ավետարանի բարի լուրը տարածելու ժամանակաշրջանում; Հիշենք նրանց նահատակությունը՝ որ իրենց արյունով պահեցին քրիստոնեությունը և փոխանցեցին մեզ: Իսկ մենք այսօր փափուկ բազմոցի մեջ նստած անգամ չենք ուզում կարդալ մեր փրկության մասին գիրքը: Բացի Քրիստոսի թափած արդար արյան, նաև առաքյալների ու սրբերի թափած արյան համար ենք պատասխանատու մեր անտարբերությամբ; Սիրելիներ մենք ավարտեցինք նաև ,,Գործ Առաքելոց,, գիրքը, որը շատ հեշտացրեց ձեր գործը, որպեսզի երբ կարդաք Պողոս առաքյալի 14 նամակները, անմիջապես կհասկանաք, թե ինչի մասին է Պողոսի հորդորները: Ուրախ եմ, որ այս տևական ժամանակում օգտակար եղա ձեզ՝ Ավետարանի սերտողությամբ, դուք արդեն ձեր ձեռքի տակ ունենք չորս ավետարանների և ,,Գործք Առաքելոց,, գրքի մեկնությունները, կարող եք օգտվել ցանկացած պահի՝ մտնելով մեր յութուբյան էջը: Աստված օրհնի բոլորիդ, զորացնի ձեր հավատքը, որպեսզի ձեր սովորածը կյանքի կոչեք՝ ձեր իսկ փրկության համար: Փառք Աստծուն, որ այս երկար ժամանակահատվածում ինձ առողջ պահեց և ես ձեզ օգտակար եղա:
Մնացեք սիրով և խաղաղությամբ Թող մեր Տէր Յիսուս Քրիստոսի սէրն ու ողորմութիւնը միշտ ձեր կեանքերը լիացնեն, հարստացնեն, ողողեն ու պարուրեն: Պողոս Առաքյալի խոսքի համաձայն, մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը թող ձեզ տայ իմաստութեան եւ յայտնութեան Հոգի՝ իրեն ճանաչելու համար, և թող շնորհի Տերը Իր սերը մեր բոլորի սրտերին, Նրան փառք հավիտյանս հավիտենից. Ամեն.