ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելիներ. նախորդ գլխի մեջ մենք հանդիպեցինք փարիսեցի մի մարդու, որը հակառակվող չէր և բարի համբավ ուներ հասարակության մեջ, որի շնորհիվ կարողանում էր առաջացած խնդրահարույց հարցերին սթափ լուծումներ տար: Ինչը հեռու էր մյուս փարիսեցիներից, որոնք անվերջ հետապնդում էին առաքյալներին: Առաքյալների մոտ նոր ձևավորվող համայնք է ստեղծվում և բնականաբար կազմակերպչական աշխատանքներ շատ շատ են առաջանում: Միայն տասներկու առաքյալը ֆիզիկապես չէին կարող հասցնել սպասարկել հինգ հազար մարդու, և դրա հետ միասին զբաղվել քարոզությամբ, հետևաբար երբեմն դժգոհություններ էին առաջանում իրենց ներսում: Ինչո՞ւ: Որովհետև ճիշտ է, բոլորը միասին են, բայց լեզուների մեջ տարբերություն կար, հունախոս հրեաներ են և եբրայախոս հրեաներ են: Բոլորը սնվում են նույն տեղից: Նույնիսկ անկարելի է պատկերացնել, թե ինչպես էին իրենք միաբան, քանի որ մեր պայմաններում նույնիսկ մի մեծ ընտանիքում բոլոր միաբան չեն: Բնական էր որ տարաձայնություններ կլիներ ներսում՝ տարբեր մշակույթների պատճառով; Հավաքվեցին աշակերտները և որոշեցին ընդլայնել իրենց օգնականների թիվը, որպեսզի յուրաքանչյուրն իր գործով զբաղվի, որովհետև մինչ այդ պահը ծանրությունը միայն առաքյալների ուսերին էր: Պետք է ընտրվեին իրենց միջից թվով յոթը մարդու, որոնք պետք է համապատասխանեին որոշակի չափանիշների: Պետք է լինեին բարի համբավ ունեցող նկարագիր: Հասկանալի է, թե ինչու այսպիսի պայմաններ դրեցին, քանի որ այդ յոթը մարդիկ պետք է առնչվեին դրամի հետ,: Որպեսզի համայնքում նորից չկրկնվի Հուդայի, Անանիայի ու Սափիրայի դեպքերը, կամեցան, որ այդ ընտրվածները ունենան բարի համբավ: Հավատացյալ համայնքին դուր եկավ այդ առաջարկը և ընտրվեց յոթը մարդ, որոնց մեջ է նաև Ստեփանոս նախավկան, որը Սուրբ հոգով լցված մի մարդ էր: Այս անձերը ստացան առաքյալների օրհնությունը և անցան իրենց պարտականություններին; Աճում էր Աստծու խոսքը, աճում էր հավատացյալների թիվը, աճում էր նրանց համբավն ու հեղինակությունը այն աստիճանի, որ քահանաներից շատերն էին գալիս միանում և հնազանդվում այդ հավատին:
Ստեփանոսը ինչպես ասացինք, շնորհներով լեցուն մի մարդ էր, որը ժողովրդի մեջ և բարի համբավ ուներ, և զորավոր գործեր ու մեծամեծ նշաններ էր անում մարդկանց համար: Ստեփանոսի համբավը ծածուկ չմնաց և Լիբիացիների և այլ ժողովարաններից մարդիկ ելան ու նրա հետ վեճի բռնվեցին: Քանի որ չկարողացան դեմ կանգնել Ստեփանոսի իմաստությանը, ուրիշ մարդկանց հրահրեցին, որպեսզի զրպարտեն Ստեփանոսին այն բանի համար, որ իբրև թե նա հայհոյում է Մովսեսին ու Աստծուն: Հիշում եք սա քահանայապետների ձեռագիրն էր սա, որ զրպարտողներ բերեցին Հիսուսի դատավարության ժամանակ, որպեսզի ամբաստանեն Նրան: Լուրը հասավ քահանաներին ու օրենսգետներին և նրանք Ստեփանոսին ատյան տարան: Եկան վարձու զրպարտիչները և Ստեփանոսի համար կեղծ վկայություն տվեցին, ասելով, թե ,- Այս մարդը չի դադարում հայհոյել սուրբ տեղի և օրենքի դեմ: Նաև ասում էր, որ Հիսուս Նազովրեցին պետք է քանդի այդ տաճարը և փոխի բոլոր օրենքները, որ Մովսեսն է տվել մեզ: Քանի որ Մովսեսը մեծ հեղինակություն էր հրեաների մոտ, դիտմամբ նրա անվան հետ կապեցին իրենց խոսքը, որ ամբաստանեն Ստեփանոսին: Ատյանում նստած մարդիկ, որ նայեցին Ստեփանոսին, տեսան որ նրա երեսից լույս է ճառագում, և նրա երեսը նման էր հրեշտակի երեսին: Այս պատկերից կարելի է հասկանալ, որ Ստեփանոսը ո՛չ միայն կազմակերպչական աշխատանքներն էր կարգավորում նորաստեղծ քրիստոնեական համայնքում, այլ նաև զբաղվում էր քարոզությամբ, դրա համար նրան չհանդուրժեցին փարիսեցիները, և փորձեցին մի ծուղակ պատրաստել նրա համար: Քանի որ թեման Ստեփանոսի մասին է, մի գեղեցիկ ավանդազրույց հիշեցի իր մասին, պատմեմ ձեզ, հետո անցնենք իր ճառին, որ խոսեց իրեն քարկոծողների առջև: Ավանդությունը պատմում է, որ երբ Հիսուս Երուսաղեմ էր մտնում ավանակի վրա նստած, ողջ բազմությունը ուրախությունից ցնծում էր, և բոլորի դեմքին ժպիտ կար, միայն մի կին էր լաց լինում Քրիստոսի հետևից քայլելու ժամանակ: Կնոջ տխրությունը չի վրիպում մարդկանց աչքից, և կնոջից հարցնում են նրա լացի պատճառը: Կինը ասում է, որ բոլորը իրենց Տիրոջը դիմավորելու համար իրենց հետ բերել են իրենց երեխաներին, իսկ ես երեխա չունեմ, դրա համար եմ լալիս: Հարց տվողները նրան մխիթարելու համար ասում են, որ Հիսուսի համար անկարելի ոչինչ չկա, քանի որ գրված է, որ Աստված այս քարերից էլ Աբրահամի որդիներ կարող է սարքել: Վերցրու մի քար քո գրկի մեջ և մոտեցիր Հիսուսին և Նա այդ քարը քեզ համար մի զավակ կդարձնի: Կինը հավատում է խորհրդին և մի քար է փաթաթում կտավի մեջ ու գրկում: Հիսուս մոտենում է այդ կնոջը՝ ըստ նրա հավատքի և քարը դարձնում է մի զավակ այդ կնոջ համար և ասում է նրան,- Ահա՛ քո որդին, որ քարից եղավ և քարկոծվելով էլ կսպանվի: Այս երեխան Ստեփանոս սարկավագն էր, որին քարկոծելով սպանեցին: Այս մասին կանդրադառնանք վերջում:
Ահա Ստեփանոսը կանգնած է ատյանի առջև, և քահանայապետը քննում է նրան, ասելով,- Իսկապե՞ս դա այդպես է: Վերը նշեցինք, որ Ստեփանոսին ընտրեցին այն յոթը հոգու մեջ, որպես բարեպաշտ և Սուրբ Հոգով լցված մի հավատացյալ մարդ; Իսկ ատյանի առջև կասկածում են նրան՝ հայհոյության մեջ և փորձում են ճշտել իսկությունը այն դեպքում, երբ իրենք են սովորեցրել զրպարտիչներին, որ այդպիսի բաներ ասեն Ստեփանոսի հասցեին; Ստեփանոսին մեղադրում են կարելի է ասել հերետիկոսության մեջ, իբրև թե ուզում է փոխել հայրերի հաստատած օրենքը և հայհոյում է սուրբ տեղերը: Իսկ Ստեփանոսը փոխարեն արդարանալու, կամ հաստատելու իրեն ուղղված մեղադրանքը, մի հսկայական քարոզ է կարդում հոգևոր գերագույն խորհրդի համար: Քարոզի թեման էլ Հին Կտակարանի պատմությունն է, որ ներկաներին քաջ ծանոթ է, և եթե կուզեք իմանալ, նրանց հիմնական պարտականությունն է սուրբ գրքերը կարդալ, բացատրել և փոխանցել: Բայց Ստեփանոսը սկսում է Աբրահամից, որին Աստված ասաց, թող ամեն ինչ և արի իմ հետևից: Աբրահամը թողեց ամեն ինչ և գնաց ուր որ Աստված ուղարկեց; Պատմեց նաև Աբրահամի հետ կապած թլպատության ուխտի մասին, այնուհետև անցավ Իսահակի և նրա հետևորդների մասին մանրամասն տեղեկություններ տալ նրանց՝ մինչև Հովսեփի եղբայրների արարքը, երբ նրանք Հովսեփին վաճառեցին Եգիպտոս: Ստեփանոսը նրանց ուշադրությունը սևեռում է իսրայելացիների կյանքի դժվարին ճանապարհի և Աստծու մշտական ներկայության փաստի վրա: Այս մասին դուք կարող եք կարդալ, իրոք շատ հետաքրքիր և խրատական պատմություն է: Պատմեց նաև Մովսեսի մանկությունից մինչև Աստծու հետ խոսելը և դրանից հետո: Փորձեց իրեն մեղադրողներին ակնարկել, որ ձեր հայրերը նույնպես չկամեցան Մովսեսի բերած ազատությունը, որ Աստված էր նրա միջոցով անելու: Յուրայինները չընդունեցին Մովսեսին առաջին քառասուն տարում: Բայց Աստված Մովսեսին նորից ուղարկեց Եգիպտոս՝ ժողովրդի ազատագրման համար: Ստեփանոսը իր երկար քարոզի մեջ ժամանակ առ ժամանակ հասկացնում էր փարիսեցիներին, որ իրենք էլ մերժեցին Քրիստոսին, հիմա մերժում են Նրա աշակերտներին; Որպեսզի գուցե այս ճանապարհով նրանք անդրադարձ ունենան իրենց վարքի վրա, որ կառչել էին տաճարից ու ավանդություններից: Կամեցավ ասել, որ Աստված Աբրահամի հետ էր, երբ տաճար չկար: Աստված Դարձյալ Մովսեսի հետ էր երբ տաճար չկար: Հետո եղավ Ուխտի տապանակը, իսկ այնուհետև Դավթի որդին կառուցեց տաճարը: Սողոմոնը կառուցեց տաճարը, սակայն Բարձրյալը բնակվում է ոչ թե ձեռակերտ տաճարների մեջ, այլ ինչպես մարգարեն է ասում,- Երկինքն է Իմ աթոռը, և երկիրը՝ Իմ ոտքերի պատվանդանը: Ինչպիսի՞ տուն պիտի շինեք ինձ,- ասում է Տէրը,- կամ ինչպիսի՞ տեղ՝ Իմ հանգստյան համար: Չէ՞ որ Իմ ձեռքն է շինել այս բոլորը: Ստեփանոսը կամենում էր, որ հրեա առաջնորդները հասկանային այս տողերը և տաճարի փոխարեն պաշտեին տաճարի Տիրոջը, որը թույլ էր տվել տաճարը կառուցվի: Իսկ երբ տաճարը առավել գնահատեցին, քան տաճարի Տիրոջը, այդ ժամանակ թույլ տվեց, որ այդ տաճարից՝ քարը քարի վրա չմնա և ավերվի:
Իր քարոզի ավարտի Ստեփանոսը բավական խիստ հանդիմանեց հոգևոր խորհրդի անդամներին՝ իրենց խստասրտության և ավանդապաշտության պատճառով, որ պահելով ավանդությունը թլպատվում են, իսկ իրենց ականջներն ու սիրտը փակ է Աստծու կոչին: Ուղղակի երեսներին ասում է, որ դուք միշտ հակառակվում եք Սուրբ հոգուն՝ ձեր հայրերի պես: Դո՛ւք էլ եք հալածում ինչպես որ ձեր հայրերն էին հալածում: Ինչպես որ ձեր հայրերը սպանեցին այն արդարներին, որոնք, որոնք պատմում էին Արդարի գալստյան մասին, այժմ էլ դուք եք կատարում նույն մատնությունն ու սպանությունը: դուք, որ օրենքն ստացաք, բայց չպահեցիք: Ավարտեց Ստեփանոսը իր երկար ճառը. անշուշտ ամենևին չէր ակնկալում, որ հիմա ողջ հոգևոր խորհուրդը ոտքի կկանգնի և իրեն կծափահարի՝ այդքան ճշմարտության համար: Հակառակը՝ գիտեր, որ իրեն մահ է սպասվում, բայց կամեցավ թեկուզ իր մահվան գնով նրանց աչքերը բացել: Ստեփանոսը հավանաբար ակնկալում էր, որ Քրիստոսի խաչելությունից հետո նրանց մոտ ինչ բան փոխված կլիներ: Բայց այդ հարցում սխալվել էր Ստեփանոսը:
Այս երկարաշունչ ճշմարտության քարոզը լսելուց հետո ժողովականները, որ հոգևոր առաջնորդներ էին Ստեփանոսի վրա ատամներ էին կրճտացնում իրենց զայրույթից: Բայց Ստեփանոսը հանգիստ էր, քանի որ Սուրբ Հոգին նրա հետ էր: Նայեց երկինք, ու տեսավ Աստծու փառքը և Հիսուսին, որ կանգնած էր Աստծու աջ կողմը: Չլռեց իր տեսածի մասին և բարձրաձայն ասաց,- Ահա տեսնում եմ երկինքը բացված և մարդու Որդուն, որ կանգնած է Աստծու աջ կողմը: Ստեփանոսի համար այլևս կարևոր չէ, թե ի՛նչ կպատահի իր հետ, նրա համար բաց են երկրից մինչև երկինք բոլոր ճանապարհները: Նա տեսնում է Աստծու Միածնին, որն Իր աջում է կանգնած: Ի՞նչ կարող են անել քահանայապետները և ողջ հոգևոր խորհուրդը, մարմինը սպանելուց բացի: Ոչի՛նչ: Աստված է որ ընդունում է Ստեփանոսի հոգին: Տեսնո՞ւմ եք, սիրելիներ, թե ի՛նչ ծայրահեղ ողբերգություն է, երբ հոգևոր առաջնորդն է անհավատ և խստասիրտ: Դրանից տուժում է հոտը հոգևոր որբության առումով: Դա դեռ բավական չէ, մահվան են մատնվում Սուրբ Հոգով լցված մարդիկ; Այս բոլոր արվում էր լոկ այն բանի համար, որ իրենք մնային տաճարի կառավարիչներ և բարգավաճեր իրենց բիզնեսը: Իսկ թե ի՛նչ վիճակում կհայտնվեր Քրիստոսի հոտը, դա իրենց հոգը չէր: Հիմա հետևենք և տեսնենք, թե օրենքի ուսուցիչները ինչպիսի անօրենություններ են թույլ տալիս՝ արդարին մահվան ենթարկելով; Ո՛չ մի օրենք չի գործում այդ պահին, բացի կենդանական ցասումը՝ արդար մարդուն հոշոտելու համար: Երբ լսեցին Ստեփանոսի վերջի խոսքը, թե տեսնում է երկինքը բացված և մարդու Որդուն՝ Աստծու աջ կողմում, փակեցին իրենց ականջները, իբրև թե հայհոյություն են լսում, և հարձակվեցին Ստեփանոսի վրա: Դուրս հանեցին քաղաքից և քարկոծեցին նրան: Այստեղ Ղուկաս ավետարանիչը մեզ թռուցիկ ներկայացնում է Սավուղ անունով մի երիտասարդի, որը քարկոծողների հագուստներն էր պահում: Նրանք քարերով հարվածում են Ստեփանոսին, իսկ Ստեփանոսը աղոթում էր,- Տէ՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ հոգին: Ապա ծնկի գալով աղաղակեց ու ասաց,- Տէր, սա մեղք մի համարիր դրանց: Այս խոսքերն ասելուց հետո մեռավ: Սավուղն էլ համամիտ էր Ստեփանոսի սպանությանը:
Սիրելիներ, օրենքն ասում է, մեղավորի վրա թող առաջին քարը գցի նա, ով անմեղ է: Տեսեք, թե այստեղ ի՛նչ է տեղի ունենում. մարդասպանները քարերով հարվածելով սպանեցին արդարին: Որևէ հանցանք չգտնելով Ստեփանոսի վրա, նրան սպանեցին իրենց նախանձից ու նենգությունից: Ինչո՞ւ մեզ ներկայացվեց Սավուղը, որը Պողոս առաքյալն է: Այստեղ Սավուղը որևէ դերակատարություն չունի, բացի հագուստները հսկելուց: Բայց Սավուղը նույն համակարգում էր ծառայում և գրեթե նույն պաշտոնն էր կատարում՝ հալածելով քրիստոնյաներին: Սավուղը պատահական չէր հայտնվել այդտեղ, նա դաս ուներ այդ սպանությունից սովորելու, ինչի մասին կարդացինք հետո՝ իր կենսագրականի մեջ: Քրիստոնեությունը միանգամից չի գործում մարդու կյանքի մեջ: Սավուղը չդարձավ քրիստոնյա հենց այդ պահին: Բայց նաև անհետևանք չմնաց այս անարդարությունը Սավուղի սրտում: Սավուղը պետք է տեսներ, որ անարդարությունը տեղ է գտել այնտե՛ղ, որտեղից միայն ճշմարտություն պետք է բխեր, և ինքը պետք է տեսներ, որ ինքն էլ սխալ ուղու վրա՝ ծառայելով այդ նույն իշխանությանը: Սա առաջին նահատակությունն էր քրիստոնյաների մեջ, որ կարդում ենք Նոր Կտակարանում: Սպանում են առանց պատճառի: Սպանում են առանց դատավարության, առանց խղճի խայթի: Սպանում են արդարության և ճշմարտության մասին երկար քարոզ լսելուց հետո: Սպանում ենք նրանք, որոնք պետք է ժողովրդին բացատրեն ու սովորեցնեն,, Մի սպանիր,, պատվիրանը: Այսպիսին էր իրականությունը, երբ Աստված Իր Միածնին ուղարկեց աշխարհ՝ մարդկության փրկության համար: Նրան ևս խաչեցին: Բայց առաջին դարերի քրիստոնյաների վարքի մեջ կա մի զարմանալի իրականություն, որը գուցե անհասկանալի է այսօրվա քաղաքակիրթ մարդու համար: Որքան հալածում էին քրիստոնյաներին, այնքան նրանց թիվն ավելանում էր: Քրիստոնյաներին առյուծների դիմաց էին նետում, բոլորի աչքի առջև, մարդիկ ծածուկ քրիստոնյա էին դառնում; Որտե՞ղ էր գաղտնիքը: Նայեք Ստեփանոսի օրինակին և ամեն բան պարզ կդառնա:
Ստեփանոսը բարեպաշտ մարդ էր՝ Սուրբ Հոգով լցված: Քահանայապետը կեղծիքով հավաքեց մարդկանց և նրա դեմ սուտ վկայություն տվեցին, սուտ վկայություն տվող մարդիկ քարկոծեցին արդարին՝ հոգևոր խորհրդի հրամանով: Այս բոլորը կատարվեց մարդկանց աչքի առջև և մարդիկ հասկացան, որ սրանք սպանում են ճշմարտությունն ու արդարությունը, ազնվությունն ու բարեպաշտությունը, որպեսզի իրենց բարքերը տարածեն մարդկանց վրա: Իսկ մարդիկ նախընտրում էին նահատակվել արդարության և ճշմարտության Տիրոջ անվան համար, քան ծառայել կեղծիքով լցված հոգևոր իշխանավորներին: Ահա թե ինչու էր ավելանում քրիստոնյաների թիվը՝ այդքան նահատակություններից հետո: Հիսուս Քրիստոս խնդրեց Հորը, որ ների իրեն խաչը հանողներին: Ստեփանոսը խնդրեց Տիրոջը՝ որպեսզի Տէրը այս արարքը նրանց մեղք չհամարի: Իսկ թե ինչպե՞ս կվարվի Աստված արդարի սպանություն համար, թողնենք Աստծու արդարադատությանը: Այստեղ շատ կարևոր է Ստեփանոսի հոգեվիճակը՝ մահվան պահին, որ լցված չէր ատելությամբ, այլ՝ Սուրբ Հոգով; Որովհետև Սուրբ Հոգին չի բնակվում այնտեղ, ուր ատելություն կա: Ատյանում նստողները բոլորը տեսան Ստեփանոսի երեսը, որը նման էր հրեշտակի երեսի: Բայց միայն Ստեփանոսին տրվեց տեսնել երկինքը բացված և մարդու Որդուն՝ Աստծու աջ կողմում; Տրամաբանորեն այս երկնային նշանը պետք է հայտնվեր առաջին հերթին Աստծու տաճարի սպասավորին: Սակայն այդպես չեղավ ոչ մի անգամ, քանի որ նրանց սրտում նենգություն կար արդարության հանդեպ և իրեն չտրվեց տեսնել ոչ մի նշան երկնքից: Ամենամեծ նշանը Քրիստոսի խաչելության ժամանակ տեղի ունեցած արհավիրքն է, որ նրանք դարձյալ չտեսան: Ոչ մի առողջ բան դուրս չի գա այնտեղից, որտեղ ատելություն ու նենգության կա: Ահա թե որն է կատարյալ սերը, երբ անձը պատրաստ է իր կյանքը տալ, նաև ընդունակ է մեռնել եղբայրների համար: Բայց այդ կատարյալ սերը միանգամից չի ծնվում: Այլ ծնվում է, որպեսզի մեծանա և հասնի կատարելության: Իսկ երբ այդ սերը հասնի կատարելության, Պողոս առաքյալի նման կասի.- Ինձ համար կյանքը Քրիստոս է, իսկ մեռնելը՝ շահ: Փիլիպ.1:21 Միայն սրտում կատարյալ սեր ունեցող մարդը կարող է մահը շահ համարել՝ երբ այն տրվում է եղբայրների համար: Պողոս առաքյալը կամենում է ապրել այն մարդկանց հոգևոր շահի համար, ում համար,որ պատրաստ է մեռնել: Որովհետև ասում է, ես կամենում եմ մեռնել և լինել Քրիստոսի հետ, բայց քանի մարմնի մեջ եմ դա ձեր օգուտի համար է:
Ստեփանոսի վերջին աղոթքի համար, երբ ծնկի եկավ և խնդրեց, որ Տէրը դա մեղք չհամարի, եկեղեցու հայրերը մի գեղեցիկ մեկնաբանություն ունեն, որ ասում են,- Ստեփանոսը երբ իր համար էր աղոթում, կանգնած էր, իսկ երբ իրեն քարկոծողների համար էր աղոթում, ծնկի եկավ: Գիտե՞ք ինչու: Որովհետև մեծ մեղքի համար մեծ բալասան է պետք: Նրանց կատարած մեղքի համար ծնկաչոք աղոթել էր պետք: Սիրելիներ հեռու լինենք ատելությունից և նենգությունից, զրպարտությունից ու կեղծիքից, փառասիրությունից ու իշխանատենչությունից: Սրանք բաց դռներ են որոնցով ներս է մտնում ամեն մեղք և կործանում մարդուն: Ավարտենք երրորդ մասի սերտողությունը և հաջորդ սերտողություններին աստիճանաբար կծանոթանանք նորաստեղծ եկեղեցում կազմակերպվող ծառայություններին:
Թող մեր Տէր Յիսուս Քրիստոսի սէրն ու ողորմութիւնը միշտ ձեր կեանքերը լիացնեն, հարստացնեն, ողողեն ու պարուրեն: Պողոս Առաքյալի խոսքի համաձայն, մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը թող ձեզ տայ իմաստութեան եւ յայտնութեան Հոգի՝ իրեն ճանաչելու համար, և թող շնորհի Տերը Իր սերը մեր բոլորի սրտերին, Նրան փառք հավիտյանս հավիտենից. Ամեն.
Տեղեկութիւններ
Ձեր հարցումները
Post Views: 340