ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելիներ. չորրորդ գլխի ավարտին տեսանք, թե ինչպես են ձևավորվում քրիստոնեական առաջին համայնքները և հիացած էինք նրանց միաբանությամբ, համերաշխությամբ, և միմյանց հանդեպ տածած սիրով: Ղուկաս ավետարանիչը մեզ ծանոթացնում է մարդու նախնական խանդավառության հետ և հետո ներկայացնում է մեզ մարդու մեղավոր բնությունը, որ երկար չի կարողանում մնալ իդեալական վիճակի մեջ: այս երևույթը նկատվեց նաև առաջին ստեղծված մարդկանց մոտ, որ կատարյալ էին ստեղծվել և չկարողացան երկար մնալ այդ կատարելության մեջ և փորձեցին ավելին դառնալ՝ անտեսելով իրենց ստեղծողի խոսքը, որ նախապես ասել էր իրենց: Հիմա տեսնենք, թե ի՞նչ կյանքով էին ապրում առաջին քրիստոնյաները: Նախորդ սերտողությունից իմացանք, որ մարդիկ վաճառում էին իրենց ունեցվածքը և օգտագործում էին բոլորի կարիքների համար: Այս երևույթից ներշնչված, Անանիա անունով մի մարդ, իր կնոջ՝ Սափիրայի հետ որոշում կայացրին և վաճառեցին իրենց ագարակը, ստացած գումարի մի մասը Անանիան կնոջ գիտությամբ թաքցրեց, իսկ մյուս մասը տարավ ու դրեց առաքյալների ոտքերի տակ, այսինքն նվիրաբերեց հասարակաց կարիքների համար օգտագործելու համար: Նվիրատվություն անելուց անմիջապես հետո, Պետրոսը հարց տվեց Անանիային այնպիսի ճշգրտությամբ, կարծես ներկա էր եղել առք ու վաճառքին և գիտեր, թե ինչ գնով վաճառեցին և որքանը տրամադրեցին համայնքին; Պետրոսը Անանիային ասաց,- Անանիա՛, ինչու սատանան լցրեց քո սիրտը, որ դու ստեիր Սուրբ Հոգուն, և ագարակի գումարից թաքցնեիր: Չէ որ քանի կար, քոնն էր այն, և վաճառելիս քո տնօրենության տակ էր. ինչպես եղավ, որ քո սրտի մեջ այս բաները դրեցիր: Մարդկանց չստեցիր, այլ՝ Աստծուն: Առաքյալն ասում է, որ այս խոսքերը լսելուց հետո Անանիան ընկավ և շունչը փչեց: Ներկաները շատ վախեցան այս բանը տեսնելով: Քանի որ օրենք էր մահացածին նույն օրը թաղել, երիտասարդները վերցրին Անանիային պատանքեցին ու տարան թաղեցին; Այս դրվագը Ղուկաս ավետարանիչը արձանագրել է իր ընթերցողի համար, որովհետև շատ մեծ դաս կա մեզ համար սովորելու:
Հերթով անդրադառնանք հանգամանքներին: Մեր պատկերացմամբ Անանիան որևէ վատ բան չէր արել, ոչ գողացել էր, ոչ ուրիշի ունեցվածքն էր ծախել, այլ վաճառելուց հետո իրենց համար մի որոշակի գումար էին վերցրել և մնացածը բերել էին և հանձնել էին առաքյալներին; Ո՞ւր է խնդիրը, ինչու այսպես պատահեց Անանիայի հետ: Հատկապես, որ Պետրոսը չասաց, թե ինչո՞ւ ամբողջը չբերեցիր մեզ տայիր: Այստեղ է մեր մեծագույն դասը, որը չսովորելու պատճառով հաճախ ենք հայտնվում անհարմար վիճակներում; Անանիան կարիք չուներ ստելու, հատկապես, որ ո՞չ ոք իրեն չէր պարտադրել ագարակը վաճառել: Ուղղակի ներշնչված մյուսներից, ինքն էլ գնաց վաճառեց և բերեց: Հոգևոր կյանքի մեջ կան շատ երևույթներ, որոնք մենք անում ենք, որովհետև բոլորին են անում: Կամ փորձում ենք ձևանալ առավել քրիստոնյան կամ բարեպաշտ՝ մյուսների հանդեպ: Անանիան կամեցավ երևալ առատաձեռն բոլորի աչքի առաջ, բայց ազնիվ չէր Աստծու առաջ: Իսկ դա շատ մեծ մեղք է: Նայեք սիրելիներ, մնացած մեղքերի համար մարդն այդքան շուտ չի պատժվում, որքան որ Աստծուն խաբելու հարցում: Անանիայի պարագայում Պետրոսը չնզովեց նրան, չպատժեց իր արածի համար, ուղղակի հարցրեց, թե ինչո՞ւ սատանան մտավ նրա սրտի մեջ, քանի որ տեսավ, որ Անանիան խաբեց: Պետրոսը նոր էր սկսել ստեղծել Քրիստոսի հոտը և քրիստոնեական եկեղեցին, և ահա առաջին դեպքը, որ սուտը մտավ համայնքից ներս: Ո՛չ ոք իրավունք չուներ Անանիայի ունեցվածքի վրա կալանք դնելու, բայց միևնույն ժամանակ ոչ ոք էլ նրան չստիպեց սուտ խոսել: Այստեղ բնավ էլ գումարի չափի մասին չէ խոսքը, ո՛չ թե հարցը նյութական է, այլ զուտ բարոյական հարց է, թե ինչու է մարդը ստում, երբ դրա կարիքը չկա, կամ ոչ ոք չի պարտադրել: Այս տեսակ ստերը լայն դուռ են չարի համար, որ ներս մտնի սրտի մեջ: Պետրոսի նպատակն էր, որ Անանիան և մյուսները հասկանան, որ Աստծու Ամենատես աչքը բոլորի վրա է, և բոլորի կյանքը Աստծու տեսախցիկի առջև է: Պետք չէ ներքին կեղծ մարդուն թաքցնել արտաքին բարեպաշտության տակ: Հիմա տեսնենք, թե ինչ եղավ հետո, երբ Անանիայի կինը եկավ այդտեղ և դեռ տեղյակ էլ չէ պատահածից:
Երեք ժամ հետո եկավ նաև Անանիայի կին՝ Սափիրան: Պետրոսը արդեն տեսել էր, թե ինչ պատահեց Անանիային, և մի հարց էլ տվեց նրա կնոջը, ասելով,- Ասա՛ դու ինձ, արդյո՞ք այդչափ գնով վաճառեցիք ագարակը: Կինը պատասխանեց,- Այ՛ո այդչափ: Պետրոսը վրդովված նույն բանը ասաց նաև կնոջը, թե,- Ինչի համար դուք միաբանվեցիք փորձելու համար Տիրոջ Հոգին: Տեղեկացրեց կնոջը, թե ինչ է պատահել ամուսնուն: Սափիրան նույնպես ընկավ և շունչը փչեց: Նրան տարան և թաղեցին ամուսնու մոտ Մեծ վախ առաջացավ եկեղեցու ներսում և բոլոր նրանց վրա, որ այդ բանը լսեցին: Սիրելիներ, Սափիրան կարո՛ղ էր ասել, որ ագարակը վաճառեցինք այ՛ս գնով, մի մասը պահեցինք մեզ, մյուսը նվիրաբերեցինք եկեղեցուն, որի լիարժեք իրավունքը ունեին իրենք:Բայց չասաց, այլ կրկնեց ամուսնու սխալը, քանի որ միասին էին եկել հանցավոր համաձայնության: Այս հարցը գնալով երիտասարդանում է, և ամենուրեք չպարտադրված ստեր են խոսում, հանուն ոչնչի: Անանիայի կինը նույնպես կամեցավ առատաձեռն երևալ մարդկանց աչքին, հաշվի չառնելով Աստծու ներկայություն: Այս պատահածը անշուշտ եկեղեցու կարգապահություն չէ, ո՛չ էլ Աստծու պատիժ. ոչ էլ Պետրոսի նզովքը: Երբ մարդը կամենում է արդար երևալ մարդկանց առջև և խաբում է Աստծուն, Աստված թույլ է տալիս, որ բացահայտվի գաղտնիքը, և մարդը անդրադարձ ունենա: Իսկ երբեմն պատահում է նաև այն, ինչը տեղի ունեցավ Անանիայի ու Սափիրային պարագայում; Այստեղ ավետարանիչը արձանագրել էր, մենք կարդացին և իմացանք, սակայն որքան հանկարծամահություններ են լինում, և ով գիտե, թե որը ինչի հետևանք է: Աստծուն չի կարելի այլ դեմքով ներկայանալ, Ինքն է ստեղծել այդ դեմքը և լավ գիտե մարդու տկարությունները: Եթե հիշում եք չորս ավետարաններից, միակ մեղքը, որի համար Տէր Հիսուս հանդիմանում էր քահանայապետներին, դա կեղծ նրանց դիմագիծն էր, որը անվերջ բացահայտում էր Տէրը:
Պետրոսը ամուսիններին հետաքրքիր հարց է տալիս, ասելով,- Ինչո՞ւ փորձեցիք Տիրոջ Հոգին: Սա շատ վտանգավոր հարց է նաև մեզ համար; Սիրելիներ, բոլո՛ր տագնապների հետևում կանգնած է մեղքը: Խաղաղության թիկունքում կանգնած է Աստված: Մյուս մարդկանց հետ ոչինչ չպատահեց, որոնք նույնպես վաճառել էին իրենց ունեցվածքը և նվիրաբերել էին եկեղեցու համար: մեզ միշտ պարզված է երկու ձեռք, մեկը՝ մեղքի, մյուսը՝ խաղաղության: Ընտրողը մենք ենք: Սիրելիներ, մենք տեսնում ենք մեր շրջապատող երևելի աշխարհը և պաշտպանվում ենք ցանկացած մահաբեր վտանգից՝ կրակ, ջուր, վթար, և այլն: մենք պաշտպանության կարիք ունենք ամեն տեղ: Սակայն մենք չենք տեսնում հոգևոր աներևույթ աշխարհը, և հանգիստ մեղք ենք գործում: Նույնիսկ չգիտենք, թե այդ մեղքը ինչո՞վ կավարտվի, մահով, զղջումով, ներումով, թե այդ մեղքը կդառնա մեզ համար հավիտենական տանջանքի պատճառ՝ համընդհանուր հարության օրը՝ Տիրոջ առաջ: Մեղք գործելու պահին մեր ներսում տագնապ է առաջանում և մենք լռեցնում ենք այդ տագնապը, քանի որ ուզում ենք գործել տվյալ մեղքը: մենք դարձյալ չգիտենք, թե այդ ներքին տագնապը ի՞նչ է. մեր խղճի ձայ՞նն է, թե Աստծու Սուրբ հոգին է աղաղակում, որ չի հանդուրժում մեղքը, ինչպես որ Անանիային ու Սափիրայի պարագային եղավ: Պետրոսի տված հարցը այդ առումով է վտանգավոր նաև մեզ համար: Ցանկացած պահի եթե շրջվենք ու հետ նայենք, կտեսնենք, որ մեր անցած ճանապարհը ոլոր ու մոլոր է, և ուղիղ չէ: Սիրելիներ, մենք պետք է ձգտենք հասնել մի աստիճանի, որ կարողանանք ասել,- Ես հանուն Աստծու սիրո, այս մեղքը չեմ գործի: Կամ կարողանանք ասել, Ես ի սեր Աստծու կանեմ այս բանը, թեև իմ սրտով չէ: Նոր ձևավորված քրիստոնեական համայնքի մեջ Պետրոսը կամենում էր հոգևոր վստահություն ստեղծել, որ մեկը մյուսին չխաբի, առավել ևս Աստծուն: Հիշեք, որ Քրիստոս չմեղադրեց ոչ անբարոյին, որ մաքսավորին, ոչ կաղին ու կույրին, այլ միայն փարիսեցիներին՝ որոնք դիմակով էին խոսում Աստծու հետ:
Նորաստեղծ քրիստոնեական համայնքը, արդեն ճանաչվում էր հասարակության մեջ և հարգանք էր վայելում, քանի որ նրանց միջոցով զորավոր գործեր էր կատարվում ժողովրդի մեջ: Գնալով ավելանում էր Քրիստոսին հավատացող մարդկանց թիվը, և նույնիսկ իրենց հիվանդներին էին բերում մահիճներով, որ Պետրոսի անցնելու ժամանակ, գոնե նրա ստվերը հասնի հիվանդներից մեկն ու մեկին: Բոլոր բերված հիվանդներն ու ցավագարները բժշկություն էին ստանում Քրիստոսի անունով: Բայց այս երանելի վիճակը դարձյալ երկար չտևեց, քանի որ գնալով մեծանում էր համայնքը և հեղինակազրկվում էին քահանայապետն ու իր համախոհները: Հետևաբար նրանք նորից առաքյալների նկատմամբ նախանձից դրդված բռնեցին նրանց և բանտ դրեցին; Նույնիսկ քահանայապետը չէր հասկանում որ իրենց նմանօրինակ արարքներով ավելի են հեղինակազրկվում ժողովրդի աչքի առջև: Իրենք առաքյալներին բանտ դրեցին, իսկ գիշերով Տիրոջ հրեշտակը նրանց բանտից դուրս հանեց և պատվիրեց քարոզել տաճարի մեջ՝ կենարար պատգամը: Առավոտյան դարձյալ ի մի հավաքեցին ատյանը, որպեսզի քննեն առաքյալներին, և երբ մարդ ուղարկեցին, որ առաքյալներին բանտից դուրս բերեն քննելու համար, նրանց բանտում չգտան, թեպետ դռները փակված էին և պահակներն էլ դռների առջև կանգնած: Լուր բերեցին քահանայապետին, որ այդ մարդիկ, որոնց դուք փնտրում եք, տաճարում քարոզում են; Ծերակույտը զարմացած մնաց պատահածից և արդեն վախենում էին ժողովրդից քարկոծվելուց, դրա համար առանց բռնության նրանց բերեցին ատյանի առջև: Երբ Աստված առաքյալների հետ է, ուրիշ ինչից պետք է վախենան առաքյալները և նրանք ոչ թե թաքնվում, այլ՝ հրապարակավ քարոզում էին Քրիստոսի վարդապետությունը բոլորին; Իսկ երբ փորձում էին նրանց ձերբակալել, նույնիսկ չէին հակառակվում, ինչպես որ չհակառակվեցին տաճարից ատյան տանելու ժամանակ: Նրանք հստակ գիտեին իրենց անելիքը և Աստված էր նրանց հետ: Քահանայապետը հարց տվեց նրանց,- Մի՞թե ձեզ խստիվ չպատվիրեցինք չուսուցանել այն անունով: իսկ դուք Երուսաղեմը լցրել եք ձեր ուսմունքով, և ուզում եք այն մարդու արյան պատասխանատվությունը մեզ վրա գցել: Տեսնում եք նույնիսկ Քրիստոսի անունը չի ուզում տալ և ,,այն մարդ,, է ասում: Քահանայապետը հավանաբար մոռացել էր որ Հիսուսի անմեղ արյունը հենց իր և իր զավակների վրա է ընկած ըստ իր խոսքի որ ասաց, թող դրա արյունը լինի մեր և մեր զավակների վրա: Մատթ. 27:25
Պետրոսն ու առաքյալները դարձյալ Սուրբ Հոգով լցված ստացան լեզու և բերան՝ պատասխան տալու համար: Սա արդեն երկրորդ փորձառությունն է, որ այնպիսի պատասխան էին տալիս, որ փարիսեցիները ուղղակի լռում են; Տեսե՛ք, թե ի՛նչ ասացին առաքյալները հոգևոր առաջնորդներին: - Պետք է առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց: Մեր հայրերի Աստվածը հարություն տվեց Հիսուսին, որին դուք սպանեցիք՝ խաչափայտին կախելով: Աստված Նրան բարձրացրեց որպես առաջնորդ և Փրկիչ՝ Իսրայելին տալու համար ապաշխարություն և մեղքերի թողություն: Այս բաների համար Նրա վկաները մենք ենք և Սուրբ Հոգին, որը Աստված տվեց Իրեն հնազանդվողներին: Պետրոսը խոսում է ինչպես հավասարը հավասարի հետ և չի վախենում, քանի որ ամբողջությամբ մտավ իր առաքելական պաշտոնի մեջ, ինչը նախկինում չէր պատկերացնում; Սիրելիներ, մենք էլ պետք է լինենք Քրիստոսի վկաները՝ նույն համարձակությամբ, որպեսզի Սուրբ հոգին մեզ էլ առաջնորդի մեր գործերում: պետրոսի և առաքյալների տված պատասխանը զայրացրեց հավաքված փարիսեցի առաջնորդներին և խորհուրդ էին անում սպանել նրանց: Քիչ առաջ հրաժարվում էին Հիսուսի սպանության մեղքից, հիմա խորհուրդ են անում սպանել Նրա առաքյալներին; Բայ լավ է, որ փարիսեցիների մեջ էլ երբեմն երբեմն հանդիպում են մարդիկ, որոնք Աստծու վախ ունեն: Այդպիսի անձերից մեկն էլ օրենքի ուսուցիչ, ժողովրդից հարգված Գամաղիել անունով մի փարիսեցի էր, որը նույնպես մասնակցում էր այդ հարցաքննմանը: Սա պատվիրեց, որ որոշում կայացնեն առանց առաքյալների և նրանց դուրս հրավիրեց, որովհետև ամաչում էր իր գործակիցների անմիտ քայլերից: Բացատրեց նրանց, որ եթե այս մարդիկ Աստծուց չլինեն, երկար չեն կարող գործել, ինչպես օրինակ՝ Թևդասը, որն իր մասին ասում էր, թե երևելի մեկն է, բայց երբ նրանց սպանեցին, նրա հետևորդները բաժան բաժան եղան ու վերացան; Նրանից հետո մեկ այլ գալիլիացի Հուդա մեջտեղ եկավ և դարձյալ կորավ իր բազում հետևորդների հետ միասին; Խորհուրդ տվեց իսրայելի պաշտոնյաներին, որ հեռու մնան նաև այս մարդկանցից, և բաց թողեն նրանց: Որովհետև եթե այս շարժումը մարդկանցից է, շուտով կքանդվի, իսկ եթե Աստծուց է, դուք ոչինչ չեք կարող անել: Չլինի որ հանկարծ աստվածամարտ էլ դառնանք: Գամաղիելը անուղղակի ձևով հասկացրեց, որ դուք առաքյալների առաջնորդին սպանեցիք, բայց հարություն առավ, հիմա ինչպես կարող եք Նրա հետևորդներին սպանել անմտորեն: Ներկաները հավանություն տվեցին Գամաղիելի առաջարկին և գանահարելով առաքյալներին դարձյալ պատվիրեցին Քրիստոսի անունով չքարոզել: Իսկ առաքյալները ուրախացած դուրս եկան, քանի որ Տիրոջ անվան համար գանահարվեցին և անարգվեցին;
Սիրելիներ, Գամաղիելը նույնպես քրիստոնյա չէր, համաձայն չէր նոր ուսմունքի հետ, բայց ազնիվ մարդ էր, նա հավատացյալ մարդ էր և հավատարիմ էր հուդաիզմի մեջ: Նրա օրոք էին մեջտեղ եկել տարբեր հարանվանություններր, բայց քանի որ Աստծուց չեն եղել, ապա ժամանակ անց, անհայտացել են: Գամաղիելը այս հարցին տվեց մի պարզ լուծում, որի ելքը չէին գտնում քահանայապետները՝ միայն նախանձի պատճառով: Հստակ է լուծումը, որը առաջարկեց Գամաղիելը, թե - Եթե մարդկանցից է, շուտով կցրվի, իսկ եթե Աստծուց, դուք անկարող եք որևէ բան անել: Գամաղիելի տված կրթությունը հետագայում տեսնում ենք Պողոս առաքյալի գործերից, քանի որ Պողոսը նրա աշակերտն է եղել: Իսկ քահանայապետները սիրահարված իրեն իշխանությանը ինչ անմիտ հրաման ասես, որ չտվեցին; Օրինակ որոշեցին, որ ազատ արձակեն առաքյալներին, քանի որ նրանց մեջ մեղք չգտան, բայց այնուամենայնիվ հրաման տվեցին նրանց գանահարել: Ինչո՞ւ համար: Տրամաբանություն չկա իրենց արարքներում: Եթե մեղավոր են ինչո՞ւ եք ազատ արձակում, իսկ եթե անմեղ են ինչո՞ւ եք ծեծում: Ուղղակի իրենց իշխանությունը մի կերպով ցույց տալու համար: Երբ հոգևոր կամ աշխարհիկ իշխանությունը անգետ է նախանձ, ուրիշ որոշում չի կարող կայացնել, բացի նմանատիպ որոշումներից, որ կայացնում են այս հոգևոր առաջնորդները: Բայց սրանք այնքան իմաստություն չունեցան, որպեսզի միանային քրիստոնեական համայնքին և վերականգնեին իրենց ընկած հեղինակությունը և ապաշխարությամբ ազատվեին իրենց մեղքերից: Իսկ առաքյալների դեղատոմսը հրաշալի էր,- հալածվել Քրիստոսի անվան համար պատիվ ու պարգև էր նրանց համար: Որից հետո ամեն օր տաճարում թե իրենց տներում չէին դադարում քարոզում և ուսուցանել Հիսուս Քրիստոսին:
Թող մեր Տէր Յիսուս Քրիստոսի սէրն ու ողորմութիւնը միշտ ձեր կեանքերը լիացնեն, հարստացնեն, ողողեն ու պարուրեն: Պողոս Առաքյալի խոսքի համաձայն, մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը թող ձեզ տայ իմաստութեան եւ յայտնութեան Հոգի՝ իրեն ճանաչելու համար, և թող շնորհի Տերը Իր սերը մեր բոլորի սրտերին, Նրան փառք հավիտյանս հավիտենից. Ամեն.
Տեղեկութիւններ
Ձեր հարցումները
Post Views: 343