ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ, Սիրելիներ, Աստծու կամքով այսօր սկսում ենք մեկ այլ գիրք, որը կոչվում է ,,Գործ Առաքելոց ,,: Նոր կտակարանը կազմված է մի շարք գրքերից: Սկսվում է չորս Ավետարաններով, այնուհետև Գործ Առաքելոց գիրքն է, հետո Պողոս առաքյալի 14 նամակները, հետո Հակոբոս,Պետրոս, Հովհաննես, Հուդա առաքյալների ընդհանրական թղթերն են: Նոր Կտակարանը ավարտվում է ,,Հայտնություն,, գրքով: Գործք Առաքելոցը ես ձեզ համար չեմ կարդա գլուխ առ գլուխ, ինչպես որ անում էի Ավետարանները, այլ ձեզ կտամ համառոտ տեղեկություն, թե ինչո՞ւ է պետք եղել, որ Ղուկաս ավետարանիչ հավելյալ գրի այս գիրքը: Գործք Առաքելոց գրքի հեղինակն է Ղուկաս ավետարանիչը: Թվում է թե չորս ավետարանիչները ամեն ինչ պատմեցին Հիսուսի ծնունդից մինչև համբարձում ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների մասին, և այլևս կարիք չկար որևէ նոր բան գտնել ու գրել: Ղուկաս ավետարանիչը գտավ, որ կարելի է շարունակել տեղեկություններ տալ՝ որոշ իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Հիսուսի համբարձումից հետո: Օրինակ՝ ինչպե՛ս է ձևավորվել սկզբնական եկեղեցին, ինչպե՛ս են համախմբվել առաջին համայնքները, ինչպե՛ս է ընթացել այս ժամանակվա քարոզները և այլն; Ղուկաս ավետարանիչը հատուկ ակնածանք ունի Թեոփիլե անունով մի բարեպաշտ մարդու նկատմամբ, որն ըստ Մաղաքիա Օրմանյանի Պողոս առաքյալն է, և նրան ներկայացնում է իր կատարած աշխատանքները, թե ինչ է գրի առել իր Ավետարանի գրության մեջ՝ պատմելով Հիսուսի բոլոր գործերը, մինչև Համբարձում և Հոգեգալուստ:
Բացի իր տրամադրած տեղեկություններից, Ղուկասը նաև պատմում է, թե ինչ է տեղի ունեցել աշակերտների հետ Հիսուսի համբարձումից հետո, որը պակաս կարևոր չէ: Համբարձումից առաջ Հիսուս աշակերտների պատվիրեց Երուսաղեմից չհեռանալ, այլ սպասել Հոր խոստումին: Ի՞նչ է այդ խոստումը: Խոստումն այն մասին է, որ Հովհաննեսը մկրտում էր ջրով, իսկ սահմանված օրը աշակերտները պետք է մկրտեն Սուրբ հոգով; Հիսուսի համբարձումից հետո աշակերտները Երուսաղեմ վերադարձան: Նրանք հավաքվում էին Վերնատուն կոչվող վայրում, որտեղ բնակվում էին տասնմեկ առաքյալները: Բոլորը միասիրտ էին, միաբան՝ Հիսուսին հետևող կանանց և Մարիամ Աստվածածնի ու Հիսուսի եղբայրների հետ: Պետրոսը ի մի բերեց իր բոլոր մտքերը և որոշում կայացրեց խոսելու՝ բազմության առջև, որ թվով 120 մարդիկ էին; Իր ուսերին մեծ պատասխանատվություն զգալով, Պետրոսն ասաց, որ մինչ այդ պահը կատարվել են բոլոր մարգարեությունները և կատարվել է այն, որ Սուրբ Հոգին նախապես ասել է Դավթին՝ Հուդայի մատնության վերաբերյալ, որը Հիսուսին բռնողներին առաջնորդ եղավ: Այստեղ մենք տեսնում ենք Պետրոսի պատասխանատվությունը հետագա գործերը կազմակերպելու մեջ, Հիմա Պետրոսը արդեն մեջբերում է կատարում մարգարեություններից և հիշում է, թե՛ ինչ է գրված այնտեղ և ի՛նչ պետք է անի ինքը Հուդայից հետո: Պետրոսը հասկացավ, որ պետք է համալրել Հուդայի բաց տեղը: Հուդան տասներկու առաքյալների մեջ էր, նրան էլ վիճակված էր նույն սպասավորությունը: Պետրոսը ներկայացնում է Հուդայի արարքը, առանց ատելության կոչի, ուղղակի ասում է, որ կատարվեց մարգարեությունը Հուդայի վերաբերյալ:
Բայց քանի որ իր անիրավության վարձով մի ագարակ գնեց, բայց չկարողացավ օգտագործել այդ ագարակը՝ արդար արյան գնով էր գնված լինելու պատճառով, ուռչելով մեջտեղից պատռվեց, ու նրա ամբողջ փորը դուրս թափվեց; Մատթևոսը հուդայի համար ասում է, որ կախեց իրեն: Բայց ո՛չ մի հակասություն չկա գրվածների միջև, քանի որ կարող էր կախել իրեն, հետո վայր ընկնել և մեջտեղից պատռվել: Այդ դեպքի մասին լուրը տարածվեց Երուսաղեմում, և այդ ագարակը կոչվեց արյան ագարակ: Սաղմոսերգուն նաև այս մասին է մարգարեացել, ասելով,- Թո՛ղ նրա տունը ավերակ լինի, և նրա պաշտոնը թող ուրիշն առնի: Պետրոսը առաջարկեց, որ իրենց թիվը պետք է համալրվի մեկով՝ Հուդայի փոխարեն: Բայց այդ մեկը պետք է լինի այնպիսի, որ միշտ իրենց հետ է եղել Հովհաննեսի մկրտությունից մինչև Քրիստոսի Համբարձում: Պատահական մարդ այդ տեղը չէր կարող զբաղեցնել: Այստեղ ևս մի կարևոր նրբություն կա, որին կարող ենք ուշադրություն դարձնել: Պետրոսը և մնացածը անվերապահ հավատում էին, որ վիճակ գցելով Աստված է կատարելու արդար ընտրությունը: Ո՛չ թե ընտրություն եղավ և ձայների մեծամասնությամբ ընտրվեց Մատաթիան, այլ՝ վիճակ գցեցին և հավատացին որ դա Աստծու ընտրությունն էր; Այնպես, ինչպես վիճակ գցեցին և վիճակը ընկավ Հովհան մարգարեին, որին պետք է ծովը նետեին: Այնքան էին հավատում, որ երբ վիճակն ընկավ Հովհանին, անմիջապես հարցրին նրան, թե ի՞նչ սխալ բան է արել իր Աստծու առջև: Ընտրության համար ներկայացրին երկու անուն՝ Հովսեփին և Մադաթիային: Աղոթքով խնդրեցին Տիրոջը՝ առաջնորդելու համար այդ ընտրության հարցում, որպեսզի երկուսից մեկը ստանձնի այդ պաշտոնը, որից ընկավ Հուդան; Վիճակ գցեցին և վիճակն ընկավ Մադաթիային: Ի՞նչ է կամեցել փոխանցել Ղուկաս ավետարանիչը՝ իր այս գրքով, որը գրել է առաջին դարի մարդկանց համար, բայց մենք այն երջանիկներից ենք, որ մեզ էլ է հասել այս գեղեցիկ գրությունը, իր կարևոր տեղեկություններով:
Հիսուս արդեն աշակերտների հետ չէ, ինչպես իմացանք նաև, որ նրանց թիվը դարձավ տասնմեկ. և նրանք կայացնում են առաջին ինքնուրույն որոշումը՝ Հուդայի թափուր տեղը լրացնելու համար: Եթե անկեղծ լինենք, ծանր է առաքյալների վիճակը, ծանր լինելուց բացի նաև անորոշ է, քանի որ նրանք պետք է այդքան ուժ և զորություն գտնեն իրենց մեջ՝ Քրիստոսին վկաներ լինելու, բայց միևնույն ժամանակ ծանոթ են տիրող վտանգավոր իրավիճակին՝ կրոնական առաջնորդների լարվածության և տարաձայնությունների պատճառով: Նաև պատգամ ունեն մնալ Երուսաղեմում՝ մինչև Տիրոջ խոստումը կատարվի, բայց նաև լսեցին, որ Հիսուսն ասաց,- ձեզ տրված չէ իմանալ այն ժամերն ու ժամանակները, որ Հայրը հաստատեց Իր իշխանության մեջ, այլ երբ սուրբ Հոգին իջնի ձեզ վրա, զորություն պիտի առնեք և Ինձ վկաներ լինեք Երուսաղեմում և ամենուր: Մոտեցան Պենտեկոստեի օրերը և աշակերտները միասին են, միատեղ են, սպասումի մեջ; Պենտեկոստեն հրեական տոներից է, որը տոնում են զատկից հիսուն օր հետ: Սա այն ժամանակահատվածն է, որ սկսվում հնձի ժամանակ, և բերքը ամբարելու ժամանակը: Եթե հիշում եք Հիսուս բերեց այդ օրինակը Հովհաննեսի 4:35 ի մեջ ասելով, որ բարձրացրեք ձեր աչքերը և տեսեք, որ հասել է հնձի ժամանակը, ավելացնում է ասելով, հունձը առատ է, իսկ մշակները՝ սակավ: Աղաչեցեք հնձի տիրոջը, որ մշակներ պատրաստի և ուղարկի: Հիմա հասել է այդ մշակները պատրաստելու և ուղարկելու ժամանակը: Լրացան Պենտեկոստեի օրերը և բոլոր աշակերտները միաբան մեկտեղ էին, երբ երկնքից մի ձայնն հնչեց, ինչպես որ սաստիկ հողմից է գալիս, և լցվեց ամբողջ տունը, ուր հավաքված էին բոլորը:
Աշակերտներին երևացին բաժանված լեզուներ՝ նման բոցեղեն լեզուների, և այդ լեզուները նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա: Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս: Երուսաղեմը դեռ լեցուն էր աշխարհի տարբեր ծայրերից եկած մարդկանցով՝ բոլոր ազգերից; Ամենքը իր լեզվով հասկանում էին առաքյալներին և հիանում էին իրենց տեսածով: Սակայն զարմանում էին, քանի որ գիտեին, որ աշակերտները գալիլիացիներ են, և ինչպե՞ս է, որ իրենք ամենքը իրենց լեզվով էին հասկանում նրանց խոսքը, որ Աստծու մեծագործությունների մասին; Բոլորը զարմանքից հարցնում էին միմյանց, թե՝ ի՞նչ կարող է լինել սա: Իսկ որոշ մարդիկ նույնիսկ կարծեցին, թե առաքյալները գինովցած են և նոր գինուց հարբած: Բոլոր ներկաները տեսնում էին կատարվող հրաշքը, բայց քանի որ խոսողները գալիլիացիներ էին, մարդկանց մոտ հավատ չէր ներշնչում, Գալիլիայի անշուք ու խավարամիտ քաղաք լինելու պատճառով;
Հրեաները նաև Հիսուսին չհավատացին, Մարիամի և Հովսեփի որդին լինելու պատճառով; Այստեղ աշակերտներին մեղադրում են գինովցած լինելու մեջ: Առհասարակ ամենահեշտ բանը մարդուն մեղադրելն է, հատկապես, որ արտաքին երևույթների պատճառով է; Ենթադրենք գինովցած էին, բայց ով է տեսել որ գինովցած մարդը սկսի օտար լեզուներ խոսի, որ բոլորը հասկանան; Գինովցած մարդը նույնիսկ իր մայրենի լեզվով չի կարողանում մի բան հասկացնել: Հրաշքը կայանում էր նրանում, որ ամեն առաքյալ խոսում է մի լեզվով, որը նախկինում չգիտեր: Պատկերացրեք, օրինակ՝ Թադեոս առաքյալը խոսում է հայերեն, որը չգիտեր առհասարակ: Որքան հարմար պահ էր, որ Պետրոս առաքյալը կոշտ պատասխան տար նրանց, որոնք ծաղրում էին իրենց և չէին հավատում Վարդապետին, բայց Պետրոսը այդպես չարեց, այլ ասաց, Ով հրեաստանցիներ, և ամենքդ, որ Երուսաղեմում եք բնակվում, թող հայտնի լինի ձեզ, որ սրանք հարբած մարդու խոսքեր չեն, քանի որ դեռ առավոտյան ժամը ինն է: Այլ սա Հովելի մարգարեությունն է, որ կատարվում է այսօր: Ներկաները վախ զգացին և Պետրոսին հարց տվեցին,- Ի՞նչ պիտի անենք, եղբայրներ: Պետրոսը օգտագործեց գեղեցիկ առիթը հրեաներին կանչեց ապաշխարության և մկրտության Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար, որպեսզի ընդունեք Սուրբ Հոգին: Պետրոսը վարվեց այնպես, ինչպես որ Հովհաննես Մկրտիչը կանչեց մարդկանց ապաշխարության: Պետրոսը ներկայացրեց բոլոր հնարավոր եղանակները՝ մեղքերից ազատվելու և Սուրբ Հոգին ընդունելու համար: Ոչ ոքի չմեղադրեց, այլ միայն առաջարկեց մկրտվել և ընտրությունը թողեց նրանց ազատ կամքին: Պետրոսը կամեցավ հրեաներին բացատրել, որ ազատեն իրենց՝ այն մեծ մեղքից, որ գործեցին Հիսուսի հանդեպ, չընդունեցին Նրան՝ որպես Մեսիա, և խաչը հանեցին, չհավատալով Նրան: Այս մեղքը պետք է մաքրվեր այդ սերնդի վրայից: Զգուշացնում էր, որ լսողները կարող են ազատվել այն մեծ մեղքից, որ գործեցին Հիսուսին խաչողները: Մեծ եղավ Պետրոսի առաջին հունձը և լսելով նրա քարոզը մկրտվեցին մոտ երեք հազար մարդ: Տեսեք սիրելիներ, աշակերտները 11 հոգի էին, ավելացավ Մատաթիան, հետո դարձան 120 մարդ, իսկ Պետրոսի քարոզից հետո ավելացան ևս երեք հազար մարդ: Ստեղծվեց մեծ համայնք, և ավելի դժվար դարձավ կառավարել իրավիճակը: Միաբան էր բոլորը առաքյալների աղոթքը, ուսուցման, հաղորդության, և հացի բեկման մեջ: Մարդկանց մեջ ահ ու դող էր ընկել, առաքյալների ձեռքով շատ նշաններ ու զարմանալի գործեր էին կատարվում; Ինչ որ ունեին, հասարակաց էր; Մեկի ունեցածը մյուսի կարիքի համար էր ծառայում, և նրանք բոլորը հարգանք էին վայելու ժողովրդի մեջ: Օրհնում էին Աստծուն և Աստված նրանց թիվը ամեն օր ավելացնում էր: Սա է Քրիստոնեությունը, որը շատ տարբեր է մեր ապրած քրիստոնեությունից: Ղուկաս ավետարանիչը կամեցավ մեզ ներկայացնել իրական քրիստոնեական կյանքը՝ առաջին ստեղծված համայնքներում:
Պետրոսն ու Հովհաննեսը շարունակում են միասին գործել, ինչպես որ միասին էին տարբեր առիթներով: Տաճար են բարձրանում աղոթքի Հովհաննեսն ու Պետրոսը , և տաճարի մուտքի մոտ նստած ի ծնե կաղ մարդը նրանցից ողորմություն է խնդրում: Պետրոսը իր ամբողջ էությամբ լցված լինելով Քրիստոսի սիրով և Սուրբ Հոգու զորությամբ, ասաց ողորմություն խնդրող կաղին,- Նայի՛ր մեզ: Մուրացկանը դրամ ստանալու ակնկալիքով նայեց նրանց կողմը, բայց Պետրոսը նրան ասաց,- Արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, քեզ կտամ. Հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի, վե՛ր կաց և քայլի՛ր: Գաղտնիք չէ, որ ձեռքբերովի հիվանդությունն ավելի հեշտ է բուժվում, քան ի ծնե հիվանդությունը: Պետրոսը բռնեց կաղի ձեռքից և վեր կացրեց նրան; Նա վեր ցատկեց ու սկսեց քայլել, տաճար մտավ և քայլում էր, և վազվզում էր, և փառաբանում էր Աստծուն; Ներկա գտնվող ժողովուրդը ճանաչում էին այդ կաղ մարդուն, որին ամեն օր վերցնում և դնում էին տաճարի մուտքի մոտ՝ դրամ հավաքելու համար: Կաղը ողորմություն էր սպասում և չէր ճանաչում ո՛չ Պետրոսին, ո՛չ էլ Հովհաննեսին; Այս հրաշքը մեծ վկայություն եղավ երուսաղեմի տաճարի մարդկանց համար: Ինչո՞ւ գնացին տաճար: Պետրոսն ու Հովհաննեսը լավ էին սերտել իրենց վերջին դասը, երբ ծովեզերքին անսացին Տիրոջ խոսքին և ուռկանը նավակի աջ կողմը գցեցին և ամբողջ ձկները հայտնվեցին ուռկանի մեջ; Տաճարը այն վայրն էր, որտեղ ողջ քաղաքն էր հավաքվում, և առաքյալները օգտագործեցին այդ մեծ հնարավորությունը, և Ավետարանի ուռկանը գցեն տաճարի մեջ՝ մարդ որսալու համար, ինչպես որ Տէրն էր իրենց ասել:
Առաջին ուռկանը նետվեց Հոգեգալստից հետո կատարած քարոզի ժամանակ, սա երկրորդ ուռկանն էր, որով գրավեց բազում մարդկանց ուշադրությունը: Պետրոսն ուներ արդեն իր Վարդապետի մեծ փորձառությունը, որ ուսուցումը բոլորի համար չէ, ոմանք հրաշքի են սպասում: Հետևաբար մի տեղ խոսում էր, մյուս տեղում հրաշք էր կատարում Հիսուսի անունով; Կաղ մարդուն չասաց, եթե հավատում ես Քրիստոսին, ապա կբժշկվես, այլ ասաց, որ ոչինչ չունեմ, բացի Հիսուսի տված շնորհից ու զորությունից: Ուրեմն հանո՛ւն Հիսուս Քրիստոսի, վեր կաց; Հրաշքի դեպքը կատարվեց տաճարի Սողոմոնի բակում, որը բազմամարդ էր և մարդիկ տեսնում էին, թե ինչպես կաղ մարդը բաց չի թողնում իրեն բուժող երկու առաքյալներին: Պետրոսը տեսավ ժողովրդի բազմությանը և դարձյալ առիթը օգտագործեց իր խոսքը նրանց հասցնելու համար, ասելով,- Ո՛վ իսրայելացիներ, այս բանի վրա ինչո՞ւ եք զարմացել, կամ ինչո՞ւ եք ակնապիշ մեզ վրա նայում, որպես թե մեր անձի զորությամբ ու քաջությամբ քայլել տված լինեինք այդ կաղին; Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը փառավորեց Իր Որդուն՝ Հիսուսին, որին դուք մատնեցիք և Պիղատոսի առաջ ուրացաք, երբ նա ուզում էր Հիսուսին ազատ արձակել: Սրբին ու Արդարին փոխարինեցիք մի ավազակի հետ: Սպանեցիք կյանքի Առաջնորդին, որին Աստված մեռելներից հարություն տվեց, և այս բոլորին մենք իսկ վկաներ ենք; Սիրելիներ, տեսնո՞ւմ եք, որ Պետրոսը այս փաստը որպես մեղադրանք չի ներկայացնում հրեաներին, այլ առիթը օգտագործում է նրանց հիշեցնելու իրենց ապաշխարության և զղջման մասին; Նաև փաստում է, որ Հիսուսի անվան զորությունն է բժշկել այդ կաղ մարդուն, որը հավատաց Նրա անվանը, և որին նրանք ճանաչում էին:
Շարունակելով իր խոսքը Պետրոսը կարծես մխիթարում է ներկաներին ասելով, - Եղբայրներ, գիտեմ, որ անգիտությամբ արեցիք դուք, և նաև ձեր իշխանավորները: Բայց ինչպես որ Աստված նախօրոք հայտնել էր իր մարգարեների միջոցով Իր Քրիստոսի չարչարվելը, այդպես էլ կատարվեց: Ապաշխարեցեք և դարձի եկեք ձեր մեղքերը ջնջելու համար: Պետրոսը հիշեցնում է բոլոր մարգարեներին՝ սկսած Սամուելից, որոնք խոսել են այս օրերի մասին; Նաև խոսեց այն մասին, որ Աստված ուխտել էր Աբրահամի հետ, թե իր սերնդով են օրհնվելու երկրի բոլոր ազգերը: Ուրեմն Աստված նախ հրեաների համար հարություն տվեց Հիսուսին և ուղարկեց, որ օրհնի ձեզ՝ յուրաքանչյուրիդ հետ դառնալու չար ճանապարհից,: Արդ, ապաշխարեցեք, որպեսզի Քրիստոսի երկրորդ գալուստին դուք էլ լինեք Տիրոջ ներկայության մեջ հանգստի ժամանակներում; Սիրելիներ, այստեղ մի հետաքրքիր նրբություն կա, որ կուզեմ անդրադառնանք: Շատերը ,, նույնիսկ քրիստոնյաներից ասում են, որ Հին ուխտը հրեաների համար է գրաված և մեզ համար կարևոր չէ: Եթե մենք հին ուխտից այսքան մարգարեությունները որպես փաստեր չունենայինք մեր մտքի գանձարանում, մեզ համար շատ հստակ չէր լինի Նոր Կտակարանը: Կուզեմ նաև, որ ուշադիր լինեք Պետրոսի քարոզի վրա, որը թեպետ հիշեցնում է հրեաների մեղքը, սակայն չի դատապարտում, այլ՝ հակառակը կանչում է ապաշխարության, զղջման և փրկության;
Ի ծնե կաղի բժշկությունից հետո, Պետրոսը տեսավ ժողովրդի բազմությունը և սկսեց քարոզել նրանց: Բայց առաքյալների քարոզները անհետևանք չմնացին, և նրանք սկսեցին հերթով վերհիշել իրենց Վարդապետի խոսքերը որ իրենք էլ զերծ չեն լինելու հալածանքներից: Առաքյալները դեռ խոսում և բացատրում էին ժողովրդին, երբ վրա հասան քահանաները և տաճարի իշխանավորները, զայրացած այն բանից, որ նրանք ուսուցանում են ժողովրդին, հատկապես Հիսուս Քրիստոսի և մեռելների հարության մասին էին խոսում նրանց համար: Քանի որ տաճարի պատասխանատուները ունեին իրենց ոճի ուսուցումներ հուդաիզմի մեջ և իրենց ամենևին դուր չէր գալիս Քրիստոսի վարդապետության քարոզները: Հատկապես որ Գալիլիայից եկել են անուս մարդիկ և գրավել են իրենց հոտի ուշադրությունը, իսկ մարդիկ սիրով են լսում և շատերն են հետևում նրանց: Հետևորդների թիվը երեք հազարից դարձավ հինգ հազար: Իսկ այս փաստը մեծ մտահոգության պատճառ էր հատկապես սադուկեցիների համար որոնք չէին հավատում մեռելների հարությանը, իսկ առաքյալները խոսում էին հետ հարության մասին: Այդ պատճառով ձերբակալեցին երկու աշակերտներին և բանտարկեցին մինչև հաջորդ օրը: Իսկ հաջորդ օրը ի մի հավաքվեց հոգևոր կլանը՝ երկու քահանայապետները, օրենսգետները, և բոլոր նրանք, որ քահանայական ցեղից են, այլ խոսքով նրանք, որոնք որոշում կայացրին Հիսուսին խաչը հանել: Հավաքվեցին և սկսեցին հարցաքննել Պետրոսին և Հովհաննեսին: Այստեղ նորից նույն պատմությունն է սկսվում, ինչ որ արեցին Հիսուսի քարոզության ժամանակ: Ամենևին ուշադրություն չդարձնելով խոսքի ճշմարտության վրա, կամ կատարված հրաշքի վրա, որն իրենց աչքի առջև է և բոլորը ճանաչում են այդ կաղ մարդուն, հարցնում են,- Ի՞նչ զորությամբ և ում անունով արեցիք այդ բժշկությունը: Նրանց հետաքրքիր է ո՛չ թե հիվանդը, որն արդեն առողջ է, այլ՝ միայն մի փաստաթուղթ, մի վկայական, կամ մի լիցենզիա, թե ինչպե՞ս են բուժել: Բայց այդ հոգևոր կլանը չգիտեր, որ Պետրոս առաքյալը որևէ փաստաթուղթ չունի, բայց ունի Սուրբ Հոգին, որը խոսել է տալիս նրան, ըստ այն խոսքի, որ Հիսուսն ասում էր, երբ ձեզ տանեն ատյանների առաջ, դուք մի մտահոգվեք, թե ինչ եք խոսելու, ձեզ այդ ժամանակ կտրվի լեզու և բերան, իսկ ձեզ հանդիմանողները չեն կարողանա պատասխան տալ: Այդպես էլ եղավ: Խոսեց Պետրոսը Սուրբ Հոգով լցված և ասաց նրանց, -Մի՞թե օրինավոր է, որ դուք բանտարկել եք մեզ այն բանի համար, որ մենք բարիք ենք գործել տկար մի մարդու համար, որին դուք ճանաչում եք: Իսկապես Պետրոսին տրվեց լեզու և բերան և նա շարունակեց խոսքն, ասելով,- Թող հայտնի լինի բոլորիդ և ամբողջ Իսրայելին, որ Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով բուժեցինք, որին դուք խաչեցիք, և Որին որ Աստված մեռելներից հարություն տվեց: Պետրոս առաքյալը այս կարճ մտքի մեջ երեք կարևոր ճշմարտության անդրադարձավ, որ Քրիստոս Աստծուց է եկած, դուք խաչեցիք և Հարություն առավ; Այս երեք գլխավոր իրականության մասին էր Պետրոսի քարոզը, որի համար էլ ձերբակալեցին երկու աշակերտներին:
Սիրելիներ, մենք կարող ենք մեծ տարբերությունը զգալ Պետրոսի խոսքերի միջև՝ մինչև Սուրբ Հոգով լցվելը և դրանից հետո: Պետրոսը իր քարոզների մեջ մեջբերում է մարգարեությունները, իր խոսքը հաստատում է սաղմոսներով և այլ սուրբգրային մեջբերումներով: Համարձակ քարոզում է նաև հրեա առաջնորդներին, հիշեցնելով, որ Հիսուսն էր այն Վեմը, որին նրանք անարգեցին, և չկա ուրիշ մեկ այլ անուն, բացի Հիսուսից, որին միջոցով կլինի փրկությունը: Ապշած լսում են Պետրոսի խոսքերը և զարմանում նրա գիտության վար, քանի որ ճանաչում էին Պետրոսին՝ Հիսուսի աշակերտ եղած ժամանակից և լսելով նրա խոսքը, ոչ մի պատասխան չեն կարողանում տալ: Պատկերացրեք, որ Գալիլիացի մի անուս ձկնորս, որը խոսում է գալիլիայի բարբառով, հագնված է ինչպես որ մի պարզ ձկնորս և հանդիմանում է քահանայապետին՝ իր առջև կանգնած: Սա անկարելի բար էր այդ ժամանակների համար: Հիշում եք որ ապտակեցին Հիսուսին՝ քահանայապետի հետ հարգանքով չխոսելու համար: Հիմա Պետրոսը նրա կատարած հանցագործության մասին ասում է նրա երեսին, առանց վախենալու: Տեսնո՞ւմ եք, երբ որ ճշմարտությունը մտնում է մարդու սրտի մեջ, այնտեղից դուրս է վանում վախը՝ անօրենի և կեղծավորի նկատմամբ: Իսկ նրանք պատասխան տալ չեն կարող, որովհետև երբեք որ մի հիվանդ չեն բուժել քահանայապետ լինելով, իսկ Պետրոսը իրենց աչքի առջև ոտքի հանեց ի ծնե կաղին: Ատյանից դուրս հանեցին առաքյալներին, և որոշեցին առանձին խորհուրդ անել: Նրանք ըստ իրենց սովորության պատրաստ էին հերքել ցանկացած բուժում, բայց արդեն շատ մեծ տարածում էր ստացել այդ հրաշքը երուսաղեմում և անկարելի է ուրանալ այդ փաստը: Բայց չկարողանալով հիմնավորել իրենց մեղադրանքը, որոշեցին սպառնալ երկու առաքյալներին՝ Հիսուսի անունով այլևս չխոսել և չուսուցանել մարդկանց մեջ: Իրենց պատկերացմամբ, այդպիսով պետք է Հիսուսի անվան համբավը պետք է մարեր և մոռացվեր ժամանակի ընթացքում: Ամեն դեպքում իրենց ակնկալիքը դա էր:
Բայց երբեք չէին ակնկալում, որ Պետրոսից ու Հովհաննեսից կստանան ևս մեկ արդարացի հանդիմանություն այս խոսքերով.- Եթե Աստծու առաջ արդար է, առավել ձեզ լսել, քան Աստծուն, ինքներդ որոշեցեք:Իսկ մենք չենք կարող չենք կարող չասել այն, ինչ տեսել ենք և լսել ենք: Քահանայական հանձնաժողովը մնաց նույն անելանելի վիճակում, ինչպես որ մնում էր Հիսուսի տված հարցերի դիմաց: Ամեն դեպքում սպառնացին և ազատ արձակեցին, քանի որ ոչ մի պատճառ չգտնվեց նրանց բանտարկելու համար; Տեսնում էին, թե ինչպես է ժողովուրդը փառաբանում Աստծուն՝ իր տեսած բուժման հրաշքի համար: Քառասուն տարեկան մարդը իրենց աչքի առջև թռչկոտում է ուրախությունից, որ ազատվել էր քառասուն տարվա անդամալուծությունից, քանի որ ասում էին, որ նրան վերցնում և դնում էին տաճարի դիմաց, նշանակում է, որ պարզ կաղություն չէր, որ իր ոտքով շարժվեր տեղից տեղ: Քահանայապետները ամեն գնով կամենում էին լռեցնել այդ ուրախության աղմուկ աղաղակը, քանի որ մեծ ամոթ էի իրենց համար, չէ որ իրենք էին հոգևոր առաջնորդները: Ամբողջ իշխանությունը իրենց ձեռքին է, բայց իրենք անզոր են ճշմարտության առջև: Երբ ազատ արձակեցին, Հովհաննեսն ու Պետրոսը եկան իրենց յուրայինների մոտ և պատմեցին, թե ինչպես են վարվել իրենց հետ քահանայապետները: Նրանք լսելով այս բոլոր բաների մասին, մեզ պես չսկսեցին իրենց մեջ քննարկել ու գնահատական տալ, այլ անմիջապես բոլորը միասին աղոթքի կանգնեցին և իրենց ձայնը բարձրացրին առ Աստված, և խնդրեցին, որ իրենց սպասվող սպառնալիքների ժամանակ Աստված իրենց համարձակ խոսելու և վկայելու կարողություն տա, և հիվանդներին բուժելու զորություն տա Հիսուս Քրիստոսի անունով կատարելու համար: Այդ ժամանակ ամենքը լցվեցին Սուրբ հոգով և համարձակությամբ էին խոսում Աստծու խոսքը: Քրիստոնյա նորաստեղծ համայնքը Աստծուց որ իշխանություն էր խնդրում, ոչ լավագույն պայմաններ, այլ՝ մարդկանց օգնելու և քարոզելու զորություն էին խնդրում:
Քրիստոսի անվան համար հալածանքի պահին արված աղոթքը լսելի եղավ Աստծուն և հավատացյալների բազմությունը մեկ սիրտ էր և մեկ հոգի: Միաբան էին ինչպես հոգով, այնպես էլ նյութապես, ոչնչի կարիք չունեին, քանի որ ամենքը իր ունեցվածքը իր սեփականությունը չէր համարում, այլ՝ ընդհանուրի շահերի համար: Բոլորը լցված էին շնորհներով և օգնում էին միմյանց եղբայրական սիրով ու հավատարմությամբ: Նույնիսկ Բառնաբաս անունով մեկը, որը ղևտացի էր, վաճառեց իր արտը և գումարը բերեց և դրեց առաքյալների ոտքերի առջև: Սա այն բառնաբասն է, որին հետո հանդիպելու ենք Պողոս առաքյալին աշակերտելու ժամանակ: Սիրելիներ ես ձեզ համառոտ ներկայացրի Գործք Առաքելոց գրքի 1ից 4 գլուխների ամփոփ տեղեկությունը: Հաջորդ հաղորդման մեջ կանդրադառնանք 5 ից 10 գլուխների սերտողությանը:
Թող մեր Տէր Յիսուս Քրիստոսի սէրն ու ողորմութիւնը միշտ ձեր կեանքերը լիացնեն, հարստացնեն, ողողեն ու պարուրեն: Պողոս Առաքյալի խոսքի համաձայն, մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը թող ձեզ տայ իմաստութեան եւ յայտնութեան Հոգի՝ իրեն ճանաչելու համար, և թող շնորհի Տերը Իր սերը մեր բոլորի սրտերին, Նրան փառք հավիտյանս հավիտենից. Ամեն.
Տեղեկութիւններ
Ձեր հարցումները
Post Views: 452