ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Սիրելիներ, Աստծու մեծ ողորմությամբ և նախախնամությամբ ավարտեցինք չորս Ավետարանների համառոտ սերտողությունը, որ պատրաստեցի ձեզ համար, որպեսզի դուք ավելի մոտենաք Ավետարանին՝ ձեր կյանքը քրիստոնեական ճշմարտությամբ կազմակերպելու, ձեր աղոթքը ժամանակին մատուցելու, ձեր ողորմության մասին չմոռանալու, և որ ամենակարևորն է՝ Քրիստոսի Մարմնի և Արյան Խորհրդին մշտապես հաղորդակից լինելու համար: Գրեթե մեկ տարի տևեց ,, Հանապազօրյա Հացի,, ավետարանների սերտողությունը: Դրանից առաջ, եթե հիշում եք, մենք միասին սերտում էինք Ավետարանի օրվա ընթերցվածքները:
Այսինքն նշանակում է, որ մենք շուրջ երեք տարի է միասին ենք անցնում այդ հոգևոր ճանապարհը: Ոմանք հենց հանապազօրյա Հացից միացան մեզ, ոմանք ի սկզբանե մեր էջի հետևորդներն էին հենց սկզբից, ոմանք էլ ընթացքում միացան: Մի խոսքով մենք դարձան մի մեծ ընտանիք՝ ի Քրիստոս: Ամեն սերտողության եթերից առաջ աղոթք եմ արել, որ այս եթերից հետո գոնե մեկը դառնա դեպի Աստված: Այս նպատակով ստեղծեցի ,,Հանապազօրյա Հացը,, որի ճաշակողներն եք դուք: Ես չգիտե՛մ, թե քանի՞ մարդ դարձավ Աստծուն, քանի՞ մարդ սիրեց Ավետարանը, քանի՞ մարդ հասկացավ իր կարդացածը, քանի՞ մարդ իր լսածը կյանքի կոչեց, այս բոլորը հայտնի է Աստծուն և տվյալ անձին: բայց իմ նպատակն է եղել, որ Քրիստոսի խոսքը պետք է բնակվի ձեր մեջ, որպեսզի դուք կարողանաք միմյանց խրատել Աստծու խոսքով: Ձեր ընտանիքի անդամներին հարկ եղած ժամանակ շիտակ ուղղություն ցույց տաք: Ինչ որ անեք ձեր կյանքում, ամեն ինչ արեք Տէր Հիսուս Քրիստոսի անունով: Այսուհետև կանայք թող հնազանդ լինեն իրենց ամուսիններին, որպեսզի Աստծու խոսքը աշխատի ձեր տների մեջ: Տղամարդիկ թող հոգատար լինեն իրենց կանանց նկատմամբ, և չդառնացնեն նրանց:
Աստված նրանց որպես օգնական տվեց ձեզ: Եթե որդի եք, ամեն ինչում հարգեք ձեր ծնողներին, այս պատվիրանը Աստծուց է: Հայրերը թող հետևողական լինեն իրենց զավակներին, որպեսզի նրանք դուրս չգան Քրիստոսի ճշմարիտ ճանապարհից: Ծերերը թող իմաստությամբ օրինակ լինեն երիտասարդների համար: Մենք այս տարիների ընթացքում Ավետարանից շատ օրինակներ ենք սովորել կյանքի բոլոր իրավիճակների համար: Եթե մենք մեր լսածը, և հասկացածը չկիրառենք մեր քրիստոնեական կյանքից ներս, ապա կարելի է ասել, որ ջուրը ուղղակի հոսել է խողովակով: Մեր եթերներին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից և ժամային գոտիներից: Ասել է, թե 24 ժամ Աստծու խոսքը լսվել է աշխարհով մեկ: Իսկ սա նշանակում է, որ Աստված երբեք չի լռում իրեն փնտրողի համար: Աստծու ներկայությունն ու զորավոր ձեռքը Հանապազօրյա հացի հետ է եղել այս տարիների ընթացքում, քանի որ ոչ մի խոչնդոտ չի եղել, ոչ մի խափանում չի եղել, ոչ մի արգելք չի եղել, որպեսզի մենք միասին աղոթենք, կարդանք և միասին սերտենք Աստծու խոսքը: Քանի որ մենք, այստեղ հավաքվածներս ո՛չ թե աշխարհի հոգով էինք լցված, այլ այն հոգով, որ Աստծուց է:
Իսկ ով Աստծու Սուրբ Հոգով է լցված, նրա սիրտը այրվում է Աստծու սիրուց՝ գիշեր ու ցերեկ, և աշխարհի վայելքները նրա համար չեն: Իմացեք, սիրելիներ, որ Տիրոջից պետք է ստանանք մեր ժառանգության հատուցումը, քանի որ Տիրոջն ենք ծառայում: Այո, աշխարհում անիրավություն է տիրում: Դուք էլ եք տեսնում, ես էլ: Բայց մեր գլխավոր պարտականությունն այն է, որ մենք զերծ մնանք այդ անիրավություններից՝ ի սեր Աստծո, և ըստ Աստծո խոսքի, որի մեջ վարժվեցինք այս տարիների ընթացքում: Մենք իրավունք չունենք մոռանալու մեր գլխավոր արժանիքների մասին, որոնք երեքն են՝ 1. Աստծու պատկերն ու նմանությունը: 2. Աստծու պարգևած ազատ կամքը. 3. Աստծուն որդեգիր կոչվելու պատիվը՝ մկրտությամբ; Այս երեք մեզ պարտավորեցնում է, որ ոտքերը գնան մեր Տիրոջ ոտնահետքերով: Մեր ձեռքերը չդադարեն բարեգործություններ անելուց. Մեր միտքը երբեք չկենտրոնանա անարժեք բաների վրա: Իսկ ամենագլխավոր օրգանը, որի վրա շեշտը դրել է մեր Տէրը, մեր սիրտն է, որը միշտ պետք է դատարկ ու մաքուր լինի Սուրբ Հոգու համար: Սիրելիներ, եթե ավելի անկեղծ լինեմ ձեզ, ինչքան մոտենում է Ավետարանի ավարտը, այնքան մտահոգվում եմ, քանի որ շատ կապվեցի ձեզ, և դուք էլ ինձ: Բայց մեր այս կապը անարժեք կլինի, եթե այն ի սեր Քրիստոսի չէ և մենք Նրա մարմնի անդամները չենք: Ես ձեզ որոշ ժամանակով արձակուրդ կտամ, մի փոքր հանգստանալու համար:
Որից հետո վերադարձին հայտնի կլինի, թե սերմերը ինչպի՞սի հողերի մեջ են ընկել: Ի՞նչ հարաբերությամբ են պտուղ տվել: Ո՞ւմ լապտերի յուղն է ավարտվել, և ո՞վ ունի պահեստային յուղ: Ո՞վ է գտել ապաշխարության դուռը գտել, և ով է փնտրել ու բախել այդ դուռը: Սիրելիներ, հաճախ աղոթեցեք, աղոթքի մեջ արթուն մնացեք գիտությամբ և գոհությամբ: Աղոթեք նաև ինձ համար, որպեսզի Աստված բացի դուռը իր խոսքի քարոզության, որպեսզի ես վերցնեմ ու ձեզ հայտնեմ Հիսուս Քրիստոսի խորհուրդը, ինչպես որ պատվիրել է առաքյալներին ու այսօր էլ մեզ: Ավարտեմ միտքս նշանավոր մարդու՝ Պասկալի խոսքով, որը մարդկանց բաժանում է երեք խմբի: Առաջին խմբի մարդիկ երջանիկ են և խելացի: Սրանք նրանք են, որ ճանաչում են Աստծու և ծառայում են Նրան: Երկրորդ խմբի մարդիկ նրանք են, որ խելացի են բայց երջանիկ չեն: Սրանք նրանք, են, որ փնտրում են Աստծուն, բայց դեռ չեն գտել:
Երրորդ խմբի մարդիկ ո՛չ խելացի են, ո՛չ էլ երջանիկ: Սրանք նրանք են, որ ո՛չ փնտրում են, ոչ էլ գտնում: Թող չորս ավետարանիչների բարեխոսությունը լինի Տիրոջ առջև բոլորիդ համար, որպեսզի դուք ձեր իմացածը գործադրեք ձեր կյանքում՝ Քրիստոսի փառքի համար, և ձեր նմանի փրկության համար: Այսօր չեմ ասում ,- Ի՞նչ հասկացաք, քանի որ վստահ եմ, որ ամեն բան հասկացաք: Բոլորիդ սիրում եմ, բոլորիդ կկարոտեմ, և բոլորիդ սպասում եմ հաջորդ հանդիպմանը: Գնացեք սիրով և խաղաղությամբ, թող Քրիստոսի սերն ու ողորմությունը ձեզնից անպակաս լինի: Շնորհակալ եմ ձեր ներկայության, համբերության, ուշադրության, ակտիվության, զանգերի ու մեկնաբանությունների համար: Այսպես դժվարությամբ և ջանքերի շնորհիվ է ստեղծվել նաև առաջտն դարի եկեղեցին՝ առաքյալների միջոցով: Աստված թող ամուր պահի մեր ինտերնետային համայնքը: