ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ, սիրելիներ: Քրիստոսի համբարձումից հետո, երբ առաքյալները մնացին մենակ, նրանց հետ ամեն օր պատահում է մի բան, որի մասին իրենց նախապես զգուշացնում է Վարդապետը, և ասում էր,- Այս բաները ձեզ ասում եմ, քանի դեռ չի եղել, որպեսզի երբ որ լինի իմանաք, որ ասել եմ ձեզ: Աշակերտները նախկինի պես վախկոտ չեն, քանի որ Սուրբ Հոգին մխիթարում և քաջալերում է առաքյալներին՝ համարձակ գործելու, նույնիսկ երբ տեսան Ստեփանոսի քարկոծումը: Բայց Ստեփանոսի քարկոծումից և սպանությունից հետո Երուսաղեմի եկեղեցու դեմ մեծ հալածանք սկսվեց; Այն աստիճանի, որ աշակերտներից բացի, բոլորը ցրվեցին Երուսաղեմից տարբեր ուղղություններով: Շատերը գնացին Սամարիայի ու Հրեաստանի գյուղերը: Իսկ աստվածավախ մարդիկ թաղեցին Ստեփանոսին՝ շատ ողբալով նրա մահվան համար: Սովորաբար երբ մի անմեղ զոհ է լինում, մնացած մարդիկ ավելի սթափվում են իրենց մեղքերից, իսկ այստեղ հակառակը եղավ, անմեղ մարդուն սպանելու հետո ավելի գազազեցին և այս անգամ արդեն մեծ հալածանքը սկսվեց ողջ եկեղեցու դեմ: Եկեղեցու հալածման մեջ հատուկ դերակատարություն ուներ Սողոսը, որը տներ էր մտնում և կանանց ու տղամարդկանց մատնում էր բանտարկության: Կրոնական մոլեռանդությունը Սողոսին հանգիստ չէր տալիս, և նա կամենում էր բոլորին ձերբակալել ու բանտ նետել: Անշուշտ եկեղեցու հալածանքը տեղի էր ունենում Աստծու թույլատու կամքով, որպեսզի նորաստեղծ քրիստոնեական համայնքը տարածվի ողջ իսրայելով և քարոզվի Քրիստոսի անունը ինչպես հրեաների, այնպես էլ հեթանոսների մեջ: Փիլիպոսը քարոզում էր Սամարիայում, և ժողովրդի բազմությունը միասնաբար ունկնդրում էր Փիլիպոսի խոսքերը և ականատեսն էին այն բոլոր զորավոր գործերին, որ արվում էր նրա ձեռքով, որովհետև շատ դիվահարներից պիղծ ոգիները դուրս էին ելնում, կաղերն ու անդամալույծ մարդիկ բժշկվում էին; Ինչո՞ւ Սամարիա քաղաքի բնակիչները հեթանոս լինելով հանդերձ, մոգություններով ու կախարդություններով զբաղված լինելով հանդերձ, հանկարծ սկսեցին այդպիսի ուշադրությամբ լսել Փիլիպոսին, որը քարոզում էր Հիսուս Քրիստոսին: Հիշում եք, Հովհաննեսի Ավետարանի չորրորդ գլխում կարդացինք Սամարացի կնոջ մասին, որը զրույցի բռնվեց Հիսուսի հետ և քաղաք վազեց ու բոլորին հրավիրեց, որպեսզի տեսնեն Մեսիային:
Եկան մարդիկ, տեսան իրենց աչքով, և այլևս կնոջ վկայության կարիքը չկար: Մինչև Փիլիպոսի գնալը սամարացիները արդեն իրենց աչքով էին տեսել Հիսուսին ու հավատացել: Եթե նաև հիշում եք, Հիսուս այդտեղ աշակերտներին մի բան էլ ասաց, որ նրանք չհասկացան, թե ինչ մասին է խոսքը: Տէր Հիսուս ասաց քաղաքից վերադարձած աշակերտներին,- Ես ուղարկեցի ձեզ հնձելու այն, որի վրա աշխատանք չէիք թափել, ուրիշներ աշխատանք թափեցին, իսկ դուք նրանց վաստակի մեջ մտաք, որովհետև այլ է սերմանողը և այլ է հնձողը: Փիլիպոսը Սամարիայում ոչ մի խոչնդոտի չհանդիպեց իր քարոզության պատճառով, որովհետև Տէր Հիսուս արդեն սերմանել էր Սամարիայի քաղաքներում: Չնայած որ լսել ու հավատում էին Քրիստոսին, այնուամենայնիվ իրենց քաղաքում չէր դադարում մոգությունն ու կախարդությունը, որով զմայլված էին քաղաքի բնակչությունը: Նույնիսկ շատերը այդ մոգություններին Աստծու զորության ուժն էին վերագրում: Եթե ուշադրություն դարձրել եք, այն վայրերում, որտեղ ուղղափառ քարոզությունը թույլ է, այնտեղ մոգությունը զորավոր է: Օրինակ Հայաստանում մոգերի ու կախարդների թիվն ավելի մեծ է, քան քահանաների: Դա նշանակում է որ քարոզությունը թույլ է, և ժողովուրդը գուշակությամբ է հետաքրքրված: Սամարիայում էլ ճանաչում էին Հիսուսին, նույնիսկ հավատում էին, բայց դա պատճառ չէր, որ չգնային նաև մոգերի մոտ: Այդպիսի մի մոգ էր Սիմոն անունով մի մարդ, որը մեծ համբավ ուներ քաղաքում, և բոլորը նրան հավատում էին: Իսկ Փիլիպոսի քարոզությունից հետո, երբ լսեցին Աստծու արքայության և Հիսուս Քրիստոսի անվան մասին, բոլոր տղամարդիկ և կանայք մկրտվեցին՝ հավատալով: Պատկերացրեք, որ Սիմոն մոգն էլ երբ լսեց Հիսուսի մասին, հավատաց և մկրտվեց և միշտ Փիլիպոսի հետ էր լինում, և տեսնում էր մեծամեծ նշաններ, որ անում էր Փիլիպոսը: Լուրը հասավ Երուսաղեմի առաքյալներին, որ Սամարիայում հոգևոր զարթոնք է սկսվել, այնտեղ եկան Պետրոսն ու Հովհաննեսը: Ինչո՞ւ եկան Պետրոսն ու Հովհաննեսը, երբ ամեն ինչ լավ էր ընթանում և մարդիկ մկրտվում էին; Նախ եկան Պետրոսն ու Հովհաննեսը, որպեսզի հաստատեն Փիլիպոսի խոսքերը, թեպետ նա էլ առաքյալ էր, բայց Երուսաղեմից եկած երկուսը արդեն ներկայացնում են եկեղեցին, որը հաստատում է մյուս առաքյալի խոսքեր; Բացի դրանից, Ժողովուրդը մկրտվել էր մեղքերի թողության համար, իսկ Պետրոսն ու Հովհաննես աղոթում էին այդ մարդկանց համար, որպեսզի նրանք էլ սուրբ Հոգին ստանային, քանի որ նրանք մկրտվել էին Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար: Առաքյալները ձեռքերը դրեցին նրանց վրա, և ամենքը Սուրբ Հոգի ստացան; Այնպես ինչպես որ մեր մկրտության խորհուրդն է, նախ՝ լվացում ջրով, ապա՝ Դրոշմ:
Խորհուրդը կատարեցին աշակերտները, իսկ Սուրբ Հոգին ստացան Աստծուց: Նույնի մեր մկրտության պարագան է, Խորհուրդը կատարում է քահանան, իսկ ենթական Սուրբ Հոգին ստանում է Աստծուց: Սիմոն մոգը ներկա էր այդ բոլոր արարողություններին, և տեսավ, որ առաքյալների կատարածը ավելի զորավոր է քան իր մոգությունը, անմիջապես գործի դրեց իր մոգական հմտությունը և դրամ առաջարկեց առաքյալներին, որպեսզի իրեն էլ տան այդ շնորհից: Նա արդեն հաշվարկ էր արել, որ շատ եկամտաբեր գործ է ձեռք դնել մեկի վրա և նա Սուրբ Հոգի կստանա: Սիմոնը պատրաստ էր թանկ վճարել այդ պարգևի համար, որովհետև դրանով ձեռք կբերեր մեծ համբավ, որը արդեն ուներ, կունենար հեղինակություն և դա կօգտագործեր որպես եկամտի աղբյուր: Տեսեք, որ Սիմոնը այսպես էր մտածում նույնիսկ այն ժամանակ, երբ հավատացել էր Փիլիպոսի քարոզությանը և մկրտվել է մեղքերի թողության համար: Իր խոսքերից արդեն հայտնի է, որ նա Սուրբ Հոգի չէր ստացել, քանի որ կարծում էր թե աստծու շնորհները կարելի գնել դրամով; Բայց Սիմոնը հաշվարկ չէր արել, թե ինչ պատասխան կլսի Պետրոսից, որն ասաց,- Քո արծաթը թող քեզ հետ կորչի, քանի որ կարծեցիր, թե Աստծու պարգևները կարելի է փողով ստանալ: Դու այդ բանում մաս ու բաժին չունես, քանի որ քո սիրտը Աստծու առաջ ուղիղ չէ: Դու քո այդ չարության համար ապաշխարիր և աղաչիր Տիրոջը, թերևս քո սրտի նենգ խորհուրդները քեզ ներվեն: Քանի որ մաղձի դառնության և անիրավության կապանքների մեջ եմ տեսնում քեզ: Սիրելիներ, տեսեք, թե որքան կարևոր է ուշադրությունը մեր արտաբերած ամեն մտքի ու խոսքի վերաբերյալ:
Սիմոնը ընդամենը դրամ առաջարկեց, և իր մտքում մտածեց, թե ի՛նչ է անելու այդ շնորհը գնելուց հետո: Իսկ Պետրոսը նրան ծանր ապաշխարություն դրեց միայն նրա մտածածի համար: Ինչպես որ Տէր Հիսուս է ասում,- Քո խոսքերով պիտի դատվես և քո խոսքերով պիտի արդարանաս: Այդ ժամանակ հավանաբար ոչ ոք ավելի շատ դրամի կարիք չուներ, քան Պետրոսը, Բայց Պետրոսը Աստծու Որդու և Նրա պարգևների համար թողեց ամեն ինչ և հետևեց Հիսուսին՝ նույնիսկ այն պարագայում, երբ իմացավ, թե ինչ մահով է մեռնելու: Իսկ Սիմոնին ասաց, որ մամոնան ո՛չ մի հարց չի կարող լուծել Աստվածային գործերի մեջ: Սիմոն մոգը սաստիկ վախեցավ Պետրոսի պատասխանից և խնդրեց որ առաքյալները աղոթեն Տիրոջը՝ իր համար, թերևս այդ բոլոր բաները իրեն չպատահի: Մենք հաճախ ենք լսում ,,սիմոնականություն,, արտահայտությունը, որի հիմքում ընկած է մոգ Սիմոնի առաջարկած դրամի պատմությունը՝ սրբության դիմաց: Առաքյալները իրենց գործն ավարտելուց հետո վերադարձան Երուսաղեմ: Սուրբ Հոգին գործում է առաքյալների միջոցով և Աստծու խոսքը տարածվում է ամենուրեք, իսկ քահանայապետները ամուր բռնած իրենց տաճարն ու իրենց իշխանությունը, հետևում են առաքյալներին: Փիլիպոսի հետ ևս մեկ կարևոր իրադարձություն է տեղի ունենում: Տիրոջ հրեշտակը նրան պատվիրում է մոտենալ Եթովպացի մի ներքինու, որն անցնում էր Երուսաղեմից Գազա տանող ճանապարհով; Ներքինին կառքի մեջ նստած Եսայի Մարգարե է կարդում: Փիլիպոսը Սուրբ Հոգու առաջնորդությամբ մոտենում է կառքին և լսում է, որ նա Եսայի Մարգարե է կարդում, և հարցնում է նրան, թե արդյո՞ք հասկանում է իր կարդացածը: Իսկ ներքինին ազնվորեն ասում է,- Ինչպե՞ս կհասկանամ, եթե մեկն ինձ չառաջնորդի: Հստակ է խոսքը, թե կարդալը բավական չէ, պետք է կարդացածը հասկանալ, իսկ հասկանալ կարելի է միայն այն ժամանակ, եթե մեկը բացատրի: Խնդրում է Փիլիպոսին, որ բարձրանա իր մոտ և բացատրի իրեն իր կարդացածը: Փոքր մարդ չէր ներքինին, կարելի է ասել, թե Եթովպիայի նախարար էր, և խոնարհաբար խնդրում է, որ իրեն բացատրեն Սուրբ Գիրքը:
Ի՞նչ էր պետք այդ պահին Փիլիպոսին, և նա բացեց իր բերանը և բացի Եսայի մարգարեի մեկնությունից, ավետարանեց նաև Հիսուսին այնպես, որ ջրի մոտ հասնելուն պես Եթովպացի ներքինին ցանկություն հայտնեց մկրտվելու, քանի որ հավատաց, որ Հիսուս Քրիստոսն է Աստծու Որդին; Հետաքրքիր հարց տվեց ներքինին, ասելով,- Ահա՛ ջուր, Ի՞նչն է ինձ արգելում մկրտվել: Ոչ մի արգելք չկար մկրտվելու համար, քանի որ հավատաց Հիսուսին, և ցանկություն առաջացավ մկրտվելու համար: Մկրտվելու գլխավոր պայմանը հավատալն է, և մկրտության ցանկությունը: Ներքինին ոչ մկրտության խաչ ուներ, ոչ խաչերով սրբիչ, ոչ էլ քավոր: Բայց Փիլիպոսը մկրտեց նրան, և երբ ջրից ելան, սուրբ Հոգին իջավ ներքինու վրա: Իսկ Տիրոջ հրեշտակը Փիլիպոսին առավ ու տարավ, և մկրտվողը այլևս չտեսավ նրան, և շարունակեց իր ճանապարհը՝ ուրախությամբ, իսկ Փիլիպոսը քարոզելով հասավ մինչև Կեսարիա: Իսկ ինչո՞ւ է մեր օրերում մկրտության համար այդքան խոչնդոտներ առաջանում, սկսած քավորից, վերջացրած ամենատարբեր երկրորդական իրերը, որովհետև չկա գլխավորը՝ հավատն ու ցանկությունը՝ մկրտության Խորհրդի նկատմամբ: Ներքինուն պետք եկավ մի շատ հավատամք՝ Հիսուս Քրիստոս Աստծու Որդին է, և սրա հիման վրա Փիլիպոսը մկրտեց նրան, առանց Երրորդության մասին նրան բացատրելով: Սուրբ Հոգին արդեն ներքինու մոտ էր և դա բավական էր, որ հետագայում ամեն ինչ իմանար նա և նաև քարոզի իր երկրում և հիմքը դնի քրիստոնեության, մինչև հետագայում առաքյալները կհասնեն Եթովպիա: Ինչպես որ Հիսուս սամարիայում դրեց սերմի հատիկները և առաքյալները քաղեցին բերքը, այնպես էլ կլինի ամեն մեկի հետ, որը ստանում է Սուրբ հոգին ուրախությամբ շարունակում է իր ճանապարհը: Մենք մինչև այս պահը տեսանք, թե ինչպես ձևավորվեցին քրիստոնեական համայնքները, և ինչպիսի խանդավառությամբ մարդիկ գալիս և մկրտվում էին ստանալով Սուրբ Հոգին: Չնայած, որ հալածանքներն ու հետապնդումները շարունակվում էին, բայց առաքյալները չէին դադարում շրջել ու քարոզել անտեղյակ քաղաքներում և գյուղերում: Հոգևոր այս զարթոնքը ամենևին դուր չէր գալիս Սավուղ կոչվող այս երիտասարդին, որը քահանայապետների հրահանգով շարունակում էր հալածել քրիստոնյաներին, որտեղ որ հանդիպում էր:
Սավուղը այն երիտասարդն էր, որ համաձայն էր Ստեփանոսի քարկոծմանն ու սպանությանը, և առհասարակ քրիստոնեական որևէ շարժման; Հերթական անգամ Սավուղը ատելությամբ լցված Տիրոջ առաքյալների նկատմամբ, քահանայապետների մոտ եկավ առաջադրանքներ ստանալու համար, և նրանցից նամակներ խնդրեց Դամասկոսի ժողովարաններին ուղղված, որպեսզի գտնի քրիստոնյաներ, անկախ սեռից, կապված Երուսաղեմ բերի՝ հալածելու և բանտարկելու համար: Դեռ Դամասկոս չհասած, ճանապարհին երկնքից մի լույս փայլատակեց,: Այդ լույսից Սավուղը գետին ընկավ և լսեց մի ձայն, որ խոսում է իր հետ, ասելով,- Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում; Իսկ Սավուղը ընկած տեղից հարցրեց,- Ո՞վ ես դու Տէր: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ է Ղուկաս ավետարանիչը այսքան մանրամասն ու հանգամանալից ներկայացրել մեզ Սավուղի հետ պատահած դեպքը, չնայած որ շատ հետաքրքիր է: Որպեսզի հետագայում մենք տեսնենք քրիստոնյաներին հալածող Սավուղը ինչպես է դառնում Քրիստոսին քարոզող ընտիր առաքյալ և դասվում առաքյալների շարքին, երբեք չթաքցնելով իր արատավոր անցյալը՝ կապված հալածանքների հետ: Գուցե նաև այն բանի համար, որպեսզի մենք հասկանանք, որ քրիստոնյա կարելի է դառնալ երեք տարի Վարդապետին հետևելուց հետո, ինչպես աշակերտները, սակայն քրիստոնյա կարելի է դառնալ նաև այս եղանակով, ինչպես որ Սավուղը, որ ոչ հանդիպել էր Քրիստոսին, ոչ էլ երբևէ լսել էր Նրա վարդապետությունը: Բայց դարձավ զորավոր քարոզիչ: Հիմա տեսնենք, թե ի՞նչ պատահեց գետին ընկած Սավուղի հետ, որը լսել էր Տիրոջ ձայնը: Սավուղի այն հարցին, թե՝ Ով ես դու Տէր, Հիսուս պատասխանեց,- Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես; մենք արդեն ասացինք, որ Սավուղը չէր տեսել Հիսուսին և չէր լսել Նրա քարոզները Երուսաղեմում և այլուր: Ինչպես կարելի է հալածել մեկին, որի չես տեսել և առավել ևս հիմա էլ չես տեսնում: Տէր Հիսուս Իրեն նույնացնում է քրիստոնյաների հետ և կամենում է ասել, որ եթե քրիստոնյա ես հալածում, ուրեմն Ինձ ես հալածում; Տէր Հիսուս պատվիրում է ոտքի կանգնել և գնալ Դամասկոս, որովհետև այնտեղ կասվի թե Սավուղի ինչ պետք է անի:
Սավուղին շրջապատող մարդիկ լսում էին ձայնը, որ խոսում էր, բայց ոչինչ չէին տեսնում: Սավուղը վեր կացավ ընկած տեղից, որ գնա, պարզվեց, որ ոչինչ չի տեսնում: Ուղեկցողները նրա ձեռքերից բռնեցին և Դամասկոս մտցրին; Այստեղ մի փոքրիկ վերլուծություն անենք ու անցնենք առաջ: Սավուղը ատելությամբ լցված գնում էր Դամասկոս, որպեսզի Քրիստոսի հետևորդներին կապած բերի Երուսաղեմ: Երուսաղեմը բավական չէր հալածելու համար, նաև Դամասկոս էր ուզում հասնել: Բայց տեսա՞ք ինչ եղավ: Հիմա իրեն են բռնած տանում Դամասկոս, քանի որ չի տեսնում ոչինչ: Ուրեմն ամեն մարդ Տիրոջ կամքը պետք է փնտրի որևէ գործ անելիս, ո՛չ թե քահանայապետի, կամ իր ղեկավարի: Երեք օր Սավուղը ո՛չ կերավ, ո՛չ խմեց: Մինչ Սավուղը կիսամեռ վիճակում տառապում էր պատահածից, Հիսուս Սավուղի համար քրիստոնյա բժիշկ էր պատրաստում, որպեսզի գնա և բուժի Սավուղի աչքերը: Անանիա էր այդ աշակերտի անունը, որին Հիսուս ուղարկեց Սավուղի աչքերը բացելու համար, և հստակ տվեց ուղղությունը Անանիային, նույնիսկ փողոցի անունը նշելով, որ ,,ուղիղ,, էր կոչվում: Զարմանալի է, որ Անանիան Հիսուսին պատմում է Սավուղի կենսագրությունը, որ հալածիչ է, և թե ինչքան չարիքներ է գործել քրիստոնյաների հանդեպ, և այժմ էլ քահանայապետների իշխանության տակ է, որպեսզի հալածի Քո անունը տվողներին: Անանիան այնպես էր ներկայացնում Սավուղին, կարծես թե Տէր Հիսուս լուր չուներ Սավուղից և միայն Անանիայի ասելով էր որ պետք է ճանաչեր: Անանիան հաստատ չէր կամենա ընկնել Սավուղի ձեռքը, հատկապես որ դեռ չգիտեր թե ի՛նչ է պատահել: Սակայն խաղաղվեց երբ լսեց Հիսուսի խոսքերը, որ Ինքն է ընտրել Սավողին՝ Իր անունը հեթանոսների, թագավորների և Իսրայելի ժողովրդի մեջ քարոզելու համար: Նաև ասաց, որ Սավուղը շատ պետք է չարչարվի Իր անվան համար: Գնաց Անանիան, ձեռք դրեց Սավուղի վրա և նրա աչքերը բացվեցին; Առաջին գործը, որ արեց Սավուղը, ոտքի ելնելուց հետո՝ մկրտվելն էր: Այստեղ ևս մի կարևոր հանգամանք կա, որ կուզեմ նկատեք; Աստված ոչի՛նչ չի անում առանց մարդու: Անանիան ձեռք դրեց Սավուղի վրա, Աստծու զորությամբ բացվեց Սավուղի աչքերը: Անանիան այդպես էլ ասաց, - Սավուղ եղբայր, վեր նայիր, Տէրն ինձ ուղարկեց՝ Հիսուսը, որը քեզ երևաց այն ճանապարհի վրա, որով գալիս էիր, որպեսզի տեսնես և լցվելս Սուրբ Հոգով;
Աստծու շնորհը գործում է եկեղեցու ներսում՝ պատկան մարդու միջոցով, որին Աստված է ուղարկում, ինչպես օրինակ Անանիային: Կամ մեկ այլ առիթով՝ Պետրոսին: Օրինակ Սիմոն մոգը չկարողացավ ստանալ այդ հոգին, քանի որ ուզում էր Աստծու շնորհը գնել, ինչպես մի իր: Որովհետև մարդը նույնպես չի կարող գործել առանց Աստծու, ինչպես Սիմոնը: Այստեղ է Սավուղը գնում էր Դամասկոս քրիստոնյա բերելու և բանտարկելու համար, բայց ինքը դարձավ քրիստոնյա և ժողովարաններում Քրիստոս էր քարոզում և ասում էր, որ Նա է Աստծու Որդին: Բոլոր նրանք, որ լսում էին Սավուղին, զարմանքից հարց էին տալիս,- Սա չէ՞ր, որ Երուսաղեմում հալածում էր նրանց, որ Քրիստոսի անունն էին կանչում, և Դամասկոս հենց այդ պատճառով էր եկել, որ ձերբակալի ու տանի քրիստոնյաներին քահանայապետների մոտ: Ամեն ինչ այնքան արագ եղավ, որ մարդիկ չկարողացան հասկանալ, թե ինչ կատարվեց հալածիչ Սավուղի հետ, որը հիմա հակառակ բևեռում է գտնվում և քարոզում է Նրան, ում հալածում էր: Բայց Սավուղը ամեն օր ավելի էր զորանում, և այս անգամ նեղն էր դնում այն հրեաներին, որոնք Դամասկոսում էին, և ապացուցում էր նրանց, որ Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծու Որդին; Հրեաները խորհուրդ արեցին Սավուղին սպանելու համար, և այդ դավադրությունը հայտնի դարձավ Սավուղին: Իսկ աշակերտները գիշերով Սավուղին վանդակի մեջ դրեցին քաղաքի պարիսպներից ցած կախելով ներքև իջեցրին; Սավուղը ինչ խանդավառությամբ որ հալածում էր քրիստոնյաներին, հիմա նույն խանդավառությամբ քարոզում է Քրիստոսին: Այսպիսին է վերստին ծնունդը՝ երբ Աստված է միջամտում՝ ուղարկելով Իր Սուրբ Հոգին; Սավուղը Երուսաղեմ եկավ արդեն որպես նախանձախնդիր քրիստոնյա, բայց մի խնդրի հանդիպեց, քանի որ փորձեց հարել աշակերտներին, սակայն նրանք վախենում էին Սավուղից՝ իր նախկին վարքի համար:
Սակայն Բառնաբասը նրան տարավ աշակերտների մոտ և պատմեց եղելությունը և Սավուղը արդեն հանգիստ շրջում էր նրանց հետ և առավել համարձակ քարոզում; Այնպիսի համարձակությամբ էր խոսում, որ հունախոս հրեաները կամեցան նրան սպանել: Աշակերտները զգացին վտանգը, որ սպասվում է Սավուղին, նրան ուղարկեցին Տարսոն: Եկեղեցին խաղաղության մեջ էր Հրեաստանում, Սամարիայում, ու Գալիլիայում և՛ ամրանում էր, և՛ աճում էր Սուրբ Հոգու մխիթարությամբ՝ ընթանալով Տիրոջ երկյուղով: Սիրելիներ, Սավուղին ճանապարհեցինք Տարսոն, եկեղեցին խաղաղ վիճակում է, հիմա տեսնենք, թե ինչո՞վ է զբաղված Պետրոսը, որը շրջում է քաղաքներ և գյուղեր, քարոզում, և բժշկում է: Շրջագայության ժամանակ Պետրոսը հանդիպում է մահճի մեջ պառկած մի անդամալույծի, որը ութ տարի շարունակ տառապում էր այդ հիվանդությամբ: Պետրոսը մոտեցավ նրան և ասաց,- Ենեա՛ Տէր Հիսուս Քրիստոսը քեզ բժշկում է, վե՛ր կաց և հավաքիր անկողինդ: Վեր կացավ Ենեան Հիսուս Քրիստոսի զորությամբ և դա առիթ հանդիսացավ բոլոր ներկաները դարձին: Այդ օրերին Պետրոսը դեռ այդ քաղաքում էր, երբ Հոպպէում (այժմյան Յաֆա) քաղաքում մահացավ Այծեմնիկ անունով մի բարեպաշտ և ողորմած կին, որի բարի գործերը հայտնի էր ամենքին: Աշակերտները մարդ ուղարկեցին և կանչեցին Պետրոսին իրենց մոտ և պատմում էին Այծեմնիկի կատարած բարի գործերի մասին և աղաչում էին որ Պետրոսը նրան բժշկի: Պետրոսը դուրս արեց բոլորին և ծնրադրելով աղոթեց և դարձավ մեռածին ասելով,- Տաբիթա (Այծեմնիկ) հանուն Տէր Հիսուս Քրիստոսի վե՛ր կաց կանգնիր: Նա բացեց աչքերը և տեսնելով պետրոսին, ուղիղ նստեց: Պետրոսի օգնությամբ վար կացավ Տաբիթան և մտավ այն մարդկանց մեջ, որոնք ողբում էին իր մեռնելը: Այս հրաշքը Հոպպեում հայտնի դարձավ և Պետրոսը շատ օրեր մնաց Կաշեգործ Սիմոնի տանը: Իսկ թե ինչու է Ղուկաս ավետարանիչը մեզ տեղեկացնում, թե Պետրոսը ում տանը մնաց, կիմանանք հաջորդ սերտողության մեջ:
Թող մեր Տէր Յիսուս Քրիստոսի սէրն ու ողորմութիւնը միշտ ձեր կեանքերը լիացնեն, հարստացնեն, ողողեն ու պարուրեն: Պողոս Առաքյալի խոսքի համաձայն, մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը թող ձեզ տայ իմաստութեան եւ յայտնութեան Հոգի՝ իրեն ճանաչելու համար, և թող շնորհի Տերը Իր սերը մեր բոլորի սրտերին, Նրան փառք հավիտյանս հավիտենից. Ամեն.