Ողջույն ձեզ սիրելի հավատացյալներ և Աստծու խոսքի ունկնդիրներ. Երեկվա սերտողությամբ տեղեկացանք, որ հրեա ազգի առաջին դեմքերը հրաժարվեցին Հիսուս Քրիստոսից՝ որպես իրենց Թագավոր, և դավանեցին կայսի թագավորությունը, մոռանալով, որ ամեն իշխանություն Աստծուց է և ամեն թագավորի սիրտ Աստծու ձեռքի մեջ է: Հիշենք փարավոնի օրինակը, որ որի սիրտը խստացրեց Աստված: Նույնպես և ամեն առաջնորդ, որը մոռանում է Աստծուց տված իր իշխանությունը, եթե Աստված հեռանա նրանից, նա կդառնա փարավոնի նման; Քրիստոս մեռավ խաչի վրա՝ հրեաների ձեռքով, բայց դա դեռ չի նշանակում, որ մեղքի ամբողջ պատասխանատվությունը հրեաների վրա է Քրիստոսի խաչելության համար: Եթե Քրիստոսի խաչելությունից հետո աշխարհում այլևս մեղք չգործվեր, միակ պատասխանատուն կմնար հրեա ազգը: Բայց քանի որ աշխարհը Ավետարանի գիտությանը տեղյակ լինելով հանդերձ դարձյալ մեղքի մեջ է, նշանակում է, որ այդ պատասխանատվությունը հավասար է ողջ մարդկության համար, քանի որ Հիսուս չխաչվեց միայն հրեա ազգի համար, այլ՝ համայն մարդկության: Յուրաքանչյուրիս մեղանչումը փշե պսակ և անարգանք է Քրիստոսին՝ ամեն օր: Պիղատոսի ապարանքից վերցրին Հիսուսին և տարան: Ավետարանն ասում է,-Խաչափայտը Նա Ինքն էր վերցրել և տանում էր այն տեղը, որի անունն էր Գագաթ; Փաստորեն Քրիստոս Իր ուսերի վրա տանում էր այն խաչը, որի վրա աշխարհի մեղքերն էին դրված: Մեզնից յուրաքանչյուրը անկարող է տանել իր սեփական խաչը, այն դեպքում, երբ խաչի ծանրության մեջ ինքներս մեղքի բաժին ունենք; Իսկ Քրիստոս տանում է բոլորի մեղքերի խաչը և անպատվությունը: Եթե այս իրողությունը յուրաքանչյուր մարդ գրի իր սրտում, մեղքերի քանակը կպակասի աշխարհում; Երբ տեղ հասան, Քրիստոսին խաչը հանեցին, և նր երկու կողմերում՝ երկու ուրիշների:Ավետարանիչը երկրորդական է համարել նշել ավազակների մասին, որոնց խոսակցությանը ծանոթ ենք մյուս ավետարաններից: Խաչի վրա փակցրին այն տախտակը, որի վրա Պիղատոսը գրել էր,- Հիսուս Նազովրեցի՝ հրեաներ թագավոր. Հավանաբար սա Պիղատոսի համոզում էր, որ Հիսուս մի մեծ առաքելություն ուներ Իսրայելի համար, և գրեց այն, ինչ մտածում էր, հատկապես, որ Նրա մեջ ոչ մի մեղք չէր տեսել, և երկու անգամ էլ բարձրաձայնեց այդ մասին; Գրությունը անշուշտ դուր չեկավ չար քահանայապետներին: Նույնիսկ խաչի վրա տեսնելով մարդու Որդուն՝ չի մարում նրանց ցասումը, նախանձը, և ատելությունը, քանի որ Պիղատոսին ասում են փոխիր քո գրության ձևը և գրիր, որ ինքն է ասում, որ թագավոր է հրեաների: Իսկ Պիղատոսը մնաց իր կարծիքին և չփոխեց որ մի բան: Ի՞նչ էր Պիղատոսի նպատակը, որ տախտակի վրա գրել էր երեք լեզուներով՝ եբրայերեն, լատիներեն և հունարեն; Չմոռանանք, որ Զատկական տոն էր և Երուսաղեմը բազմամարդ էր այդ օրերին՝ տոնակատարությունների պատճառով; Որպեսզի ամեն ոք կարողանա իր լեզվով կարդա գրվածը:
Իսկ հետագայում եկեղեցու հայրերը ասում էին, որ այդ երեք լեզուները սրբագործվեցին խաչի վրա Քրիստոսի արյամբ, և յուրաքանչյուր ազգ կամենում էր իր այբուբենի մեջ ունենալ գոնե մեկ տառ այդ լեզուներից՝ իբրև սրբագործված լեզուներ: Զինվորները երբ Քրիստոսին խաչը հանեցին, վերցրին Նրա զգեստները և իրար մեջ բաժանեցին, իսկ պատմուճանը, որ ամբողջական կտորից էր և անկարելի էր բաժանել, դրա վրա վիճակ գցեցին, թե զինվորներից ում կհասնի այդ պատմուճանը: Հռոմեական զինվորներ այս բանը անում էին ծաղր համար, բայց ինչպես որ երեկ վա սերտողության մեջ ձեզ ասացի, անգիտակցաբար կարարում էին ևս մեկ մարգարեություն, որի մասին գրված է 21 սաղմոսում; Իսկ պատմուճանը, որի մասին գրված է, թե ամբողջական կտորից է, դա էլ քահանայական այն շուրջառն է, որը Պատարագիչ քահանան հագնում է :Անշուշտ այսօրվա քահանայական շուրջառը բոլորովին նման չէ Քրիստոսի պատմուճանի և հագուստին, որ իրար մեջ բաժանեցին; Քրիստոս ինչպես որ էությամբ էր խոնարհ, այնպես էլ հագուստով էր պարզ ու հասարակ:
Հիսուսի խաչափայտի մոտ կանգնած էին Նրա մայրը՝ Մարիամը, նրա մորաքույր Մարիամը և Մարիամ Մագդաղենացին: Հիսուս տեսավ Իր մորը՝ խաչի մոտ կանգնած, տեսավ նաև այն աշակերտին, որին սիրում էր: Ինչպես նկատեցիք, այստեղ ավետարանիչը դարձյալ իր խոնարհության պատճառով չի նշում իր անունը՝ չպարծենալու համար, որ ինքը միայնակ է մնացել խաչի մոտ բոլոր աշակերտների մեջ;Բայց ինչպես առակաց գիրքն է ասում, թող քեզ ուրիշները գովեն և ոչ թե քո շուրթերը: Չուշացավ այդ մեծ պատիվը, որին արժանացավ Հովհանները, ոչ պարզ մի մարդու կողմից, այլ՝ Աստծու Որդու, որը այդ պահին խաչի վրա էր: Հովհաննեսը Քրիստոսի արտոնությամբ՝ խաչի վրայից պատգամ ստացավ հոգ տանել Իր մոր՝ Մարիամի մասին; Քրիստոսի մարդասիրությունը նկարագրելու համար մարդկային միտքն ու ողջ բառարանը անկատար են արտահայտելու համապատասխան նկարագրություն: Խաչի տառապանքների մեջ հոգ է տանում մոր հետագա կյանքի օրերի մասին՝ վստահելով նրան իր սիրելի աշակերտին; Ուրիշ ոչ մի մխիթարական խոսք չասաց Հովհաննեսին՝ խաչի վրայից, բացի մոր հոգատարության պատգամը: Բայց ուրիշ ի՞նչ առավել մխիթարություն կարող էր ունենալ Հովհաննեսը՝ բացի նրանից, որ այդ պատվին արժանացավ՝ խնամել Տիրամորը: Հովհաննեսը արժանացավ այդ պատվին իր անխախտ հավատարմության համար, քանի որ երբեք չլքեց իր Տիրոջը՝ մինչև Գողգոթա: Քրիստոս խաչի վրա նույն խաղաղությամբ մխիթարեց իր սիրելի աշակերտին, մխիթարեց իր մորը՝ հանձնելով նրան՝ աշակերտի խնամքին, խոսեց ավազակի հետ՝ հուսադրելով նրան: Սակայն նախորդ օրը մենք տեսանք Գեթսեմանիի պարտեզում Նրա հոգու տրտմությունը և քրտինքը՝ աղոթքի պահին: Բայց խաչի վրա արդեն հաղթանակած էր և պատվով էր տանում իր առաքելության նպատակին հասնելու մեծ ցավը:Սա ևս մեծ դաս է մեզ համար այն առումով, որ մենք թեպետ այսպիսի խաչ երբեք չենք ունեցել, սակայն տրտնջում ենք նույնիսկ ամենափոքր նեղության մեջ անգամ, և մեծ մասսամբ չենք կարողանում պատվով հաղթահարել մեր փորձությունները:
Մեռավ Նա, ով մեռնելու էր մարդկության մեղքի համար: Խաչվեց այնտեղ, որտեղ թաղված էր Ադամը, որի պատճառով մարդկությունը դարձավ մահկանացու: Ադամի միջոցով մեռավ մարդկությունը, Քրիստոսի միջոցով հարություն կառնի մեռելներից: Ավետարանն ասում է,- Հիսուս գիտենալով, որ ամեն ինչ կատարված է, ասաց,- ծարավ եմ: Չկար մի մարգարեություն, որ կատարված չլիներ մինչև այդ պահը, որ Հիսուս խաչի վրա էր: Նա պատրաստ էր Հոգին ավանդել, քանի որ կատարվեցին բոլոր գրվածքները;Ժամանակն էր փառավորվեր մարդու Որդին Հոր միջոցով և Ինքը փառավորեր Իր երկնավոր հորը՝ կատարելով Նրա կամքը: Տվեցին Նրան լեղախառն քացախով թաթախած սպունգը, և մոտեցրին Նրա շրթներին: Այլևս չկար մի մարգարեությունը, որ կատարված չլիներ: Գլուխը կախելով, ավանդեց Հոգին մեր Տէր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս: Սիրելիներ, մենք չորս ավետարանների այս հատվածը սերտելիս, չորս անգամ ապրեցինք այն ապրումները, ինչը որ ապրեցին խաչի մոտ կանգնած Նրա մայրն ու մյուս հավատարիմները: եթե այս չորս անգամը մեզ բավական է, որպեսզի մեր կյանքում վերստին ծնունդ սկսվի, ուրեմն փառք Աստծուն: Իսկ եթե կարդացինք, այդ պահին հուզվեցինք, հետո անցանք մեր գործերին և մոռացանք, ես ձեզ հորդորում եմ հաճախ կարդացեք խաչելության այս դրվագը, քանի որ այն պատահեց յուրաքանչյուրիս համար, և մեր յուրաքանչյուր մեղք, որ գործում ենք, նույն խաչելության գինն ունի Քրիստոսի համար: Մենք իրավունք չունենք մեզ կյանք պարգևող ծնողին անտեսել ու անարգել: Հետևաբար՝ առավել ևս իրավունք չունենք անտեսել ու անարգել՝ մեզ հավիտենական կյանք Պարգևողի խոսքերն ու ուսուցումները՝ դարձյալ մեր փրկության համար:
Սիրելիներ մենք տեսանք, որ հրեաները փոս փորեցին, և իրենք էլ ընկան այդ փոսի մեջ՝ դաս չքաղելով իրենց մեծագույն սխալից: Աստված թույլ տվեց, որ համաշխարհային այս եզակի պատմության իրականության մեջ յուրաքանչյուրը խաղա իր դերը: Յուրաքանչյուրը իր գործով ապացուցի իր էությունը և հավատքը իր ստեղծողի նկատմամբ: Քրիստոս պետք է խաչվեր մարդկության մեղքի համար, դա աստվածային ողորմություն էր մարդկության հանդեպ, ոչ մի քանի հրեա առաջնորդների նախանձի արդյունք: մարդկությունը ինքնուրույն չէր կարող ազատվել իր գործած մեղքերից՝ կենդանիների զոհաբերած արյունով, այլ՝ Քրիստոս հանձն առավ Իր Անարատ արյամբ մաքրել աշխարհի մեղքը՝ մարդկության վրային: Համաշխարհային այս եզակի խաչելության իրադարձության մեջ եղան պարտվողներ, եղան հաղթողներ, եղան կորստյան մատնվածներ, սակայն չգտնվեց մեկ բացարձակ արդար, ինչպես որ Հիսուսն էր: Օրինակ ինչպես որ խաչի վրա Հիսուսի երկու կողմերում կային նաև երկու այլ մարդիկ, որոնք խորհրդանշում են ողջ մարդկության երկու տեսակը՝ զղջացող և փրկվող, իսկ մյուսը՝ հայհոյող, անզեղջ և կորստյան մատնվող: Եթե մարդկությունը իր ողջ պատմության մեջ չունի բացարձակ արդար մեկը, նշանակում է այդ մարդկությունը ունի Փրկչի կարիք; Փրկիչը եկավ, կատարեց իր Մեսիական առաքելությունը, թողեց փրկության ծրագրի բնօրինակները և հաստատեց դրանք մեկնող առաքյալներ: Պայմանը եղել է մարդու ազատ ընտրությունը՝ դարերի ընթացքում: Նույնիսկ ֆիզիկական մահը պայման չէ փրկությունից զրկվելու համար, միայն թե մարդը վերստին ծնված լինի մինչև մահը, այսինքն՝ հանձն առած լինի իր մեղավոր և անկատար վիճակը և ձգտում ունենա ազատվելու իր ներքին նենգ մարդուց:
Սիրելիներ, Աստված նախախնամություն ունի մարդու կյանքի համար, մարդը չի կարող ապրել անբարո և ամբարտավան կյանքով և արհամարհել այդ նախախնամությունը՝ իր փրկության վերաբերյալ: Կա՛մ ամբարտավան կյանքը պետք է ընտրի՝ կորստյան մատնվելու ակնկալիքով, կա՛մ աստվածահաճո կյանք՝ Աստծու արքայության մեջ հավիտենապես ապրելու համար: Աստված ընտրեց Մարիամին՝ իր մոր որովայնից, պահեց սրբությամբ նրա կյանքը տաճարում, որպեսզի նրա միջոցով աշխարհ գա Իր Միածին Որդին և խաչվի մեղավոր մարդկության համար: Նույնիսկ անտրամաբանական է այն միտքը, եր ասում են Աստված ողորմած է և անկարելի է որ մարդկանց կորստյան մատնի: Որ Աստված ողորմած է, դա Իր էությունն է, ո՛չ թե մարդու գնահատականը: Եթե ողորմած չլիներ, հիմա որևէ մարդ գոյություն չէր ունենալու: Բայց Աստված ողորմած է այն մարդկանց հանդեպ, որոնք գտան Իր Որդուն, սիրեցին Նրան, սիրեցին Նրա պատվիրանները, ճանաչեցին երկնավոր Հորը, որ աշխարհ ուղարկեց Իր Միածնին, այնուհետև Մխիթարիչ Սուրբ հոգուն: Բայց Աստված արդարամիտ է նաև այն մարդկանց հանդեպ, որոնք ճանաչելով մերժեցին; Այսպիսիների համար էր, որ ասաց,- Բերեք նրանց և Իմ աչքի առջև՝ և սպանեցեք նրանց:
Սիրելիներ, մի փոքր ավելի մանրամասն բացատրեմ ձեզ Աստծու նախախնամության մասին: Ինքնակամ անհնազանդությունը ամենամեծ մեղքն է Աստծու առջև: Երբ մեր ներքին ձայնը մեզ հուշում է, որ մենք սխալ են գործել, իսկ մենք հակառակվում ենք մեր ներքին ձայնին, մեծ առումով հակառակվում ենք Աստծուն և սկսում ենք պայքարել Աստծու դեմ, որովհետև ներքին ընդվզում կա մարդու մեջ այն առումով, որ մարդը հակված է դեպի մեղքը, իսկ ներքին ձայնը նրան զգուշացնում է, կամ ահազանգում է: Մեծ մեղք է նաև այն, որ պարտադրված չենք, բայց գործում ենք այդ մեղքը, որովհետև հաճելի է; Հին Կտակարանից մի օրինակ բերեմ ձեզ. Սավուղին կանչում է Աստված, վստահում է նրան, օրհնում է, կարգում է թագավոր, տալիս է մեծ հնարավորություն՝ ժողովրդին առաջնորդելու: Ինչի՞ վրա է հիմնվում Աստված, երբ կանչում է մեկին; Աստված հիմնվում է տվյալ մարդու ունակության վրա, որ նա կարող է առաջնորդել ժողովրդին, որոնք պատկանում են Աստծուն, ո՛չ թե թագավոր Սավուղին: Նախկինում առհասարակ թագավորներ չեն եղել, այլ՝ եղել են դատավորներ, և մարգարեներ, հետագայում դարաշրջանը փոխվեց, ժողովուրդը թագավոր պահանջեց: Աստծու ժողովուրդ էր, հիմա թագավոր է ուզում; Աստված ասաց,- Ահա՛ ձեզ թագավոր: Աստված ակնկալում էր Սավուղից, որ նա կկատարի Աստծու պատգամները: Բայց Սավուղը չարդարացրեց Աստծու ակնկալիքը, այլ՝ վախեցավ, որ կկորցնի ժողովրդի վստահությունը իր նկատմամբ; Իր կապը պահեց ժողովրդի հետև և կտրեց Աստծու հետ, այդ պատճառով ձախողեց իր թագավորության մեջ:Այս մասին կարող եք կարդալ Թագավորություններ Գրքում:Ի՞նչ է մեր դասը այստեղ: մենք էլ ենք հաճոյանում մարդկանց՝ վախենալով նրանց կարծիքից: Մենք էլ ենք ուզում ընդունելի լինել մարդկանց մեջ և փառք ենք փնտրում մարդկանցից: Սակայն Տէր Հիսուս երբեք այդպես չարեց; Ծառայեց մարդկանց և փառավորեց Աստծուն, հաճելի եղավ երկնավոր Հորը, ո՛չ թե մարդկանց, իսկ մարդկանց տվեց այն ինչի կարիք որ ունեին; Հետևաբար մեր հայացքը ո՛չ մի ակնթարթ չպետք է կտրենք Աստծուց և մեր միտքը՝ Նրա խոսքից: Իսկ մեր միջավայրում աստվածահաճո ապրելը արդեն Աստծու փառքի համար է, որպեսզի Իր Սուրբ Անունը չշահարկվի: Որովհետև եթե քրիստոնյան չի պահում Աստծու խոսքը, նրան տեսնողը չի կամենում ընտրել քրիստոնեությունը և չի ճանաչում Իրական Քրիստոսին, այլ տեսնում է ինքնահնար քրիստոնեություն: Սիրելիներ այստեղ ավարտենք այսօրվա սերտողությունը՝ աչքներս հառած Քրիստոսի անխախտ Վարդապետությանը, ինչպես որ Իր պատմուճանն է ամբողջական և չբաժանվեց մասերի:
Թող համբերության և մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ՝ հույսով առատանանք: