Ողջույն ձեզ սիրելի հավատացյալներ.Եթե ամփոփելու լինենք երեկվա սերտողության թեման, ապա կարելի է ասել, որ հանուն աթոռի, դիքի և իշխանության պահպանման, խաչը հանեցին Արդարությունը, իսկ Արդարությունը չընդդիմացավ, քանի որ արդարությունը հալածվում է, բայց չի մահանում իսպառ: Նույն կերպ վարվեցին ինչպես քաղաքական, այնպես էլ կրոնական իշխանությունները: Զարմանալի էր, որ կրոնական իշխանությունը նույնպես նախապատվությունը տվեց կայսրին՝ մերժելով Աստծուն: Մինչդեռ Քրիստոս իրենց էր ասել իմաստուն միտքը, թե- կայսրինը տվեք կայսեր, իսկ Աստծունը՝ Աստծուն տվեք; Իսկ իրենք ամեն ինչ տվեցին կայսրին, ժամանակավոր պաշտոնը պահելու համար: Հիշո՞ւմ եք նախորդ սերտողությունից, որ հրեա առաջնորդները զատկական ընթրիքը վայելելու համար չկամեցան մտնել կուսակալի ապարանքը, որպեսզի չպղծվեն: Զատկական ընթրիքը վեր դասեցին իրենց նենգ գործողությունից: Խաչը հանեցին անմեղին, և քանի որ ուրբաթ էր, և շաբաթ օրը արդեն մեծ տոնն էր սկսվում, հրեա առաջնորդները խնդրեցին Պիղատոսին, որպեսզի կոտրեն խաչյալների սրունքները, որպեսզի մահանան և նրանց իջեցնեն խաչից, որպեսզի իրենց տոնական ընթրիքը չխանգարվի: Զինվորները եկան և կոտրեցին աջ ու ձախ կողմերում խաչվածների սրունքները, բայց քանի որ Հիսուս արդեն մահացած էր, Նրա սրունքները չկոտրեցին; Բայց հրեաներին հաճոյանալու համար, Գեղարդով խոցեցին Հիսուսի կողը: Անարգում են նույնիսկ մահացած մարդկանց մարմինները: Ինչպիսի անմարդկային վերաբերմունք, ստորություն և դաժանություն կա այդ մարդկանց մեջ, ինչը այլ բան չի փաստում, բացի նրանց անհավատությունը: Իրենց խոշտանգումները ի բարին ծառայեց նրանց համար, ովքեր հավատացին Հիսուսին: Հետագայում այդ խոցված տեղը վկայություն եղավ նաև անհավատ Թովմասի համար: Խոցված կողից թափված ջուրն ու արյունը դարձավ փրկագործության երկու խորհուրդների գլխավոր նյութը: Ջուրը՝ Մկրտության Խորհրդի, իսկ արյունը Հաղորդության խորհրդի: Լավ կինի, որ ամեն քրիստոնյա մկրտվելուց իմանա այս իրականությունը և նույնպես Սուրբ Հաղորդության Սկիհին մոտեցողը խորհի այս մասին; Ավետարանիչը այստեղ չի նշում հավատացող մարդու անունը, դարձյալ նույն պատճառով, ինչի համար որ մնացած տեղերում չի նշել իր անունը:Այստեղ առաքյալը կարծես ասում է,- Ես անձամբ եմ ներկա եղել ու տեսել այս ամենը, և վկայում եմ այդ մասին, և իմ վկայությունը ճշմարիտ է, և ես գիտեմ, որ ճշմարիտ եմ ասում, որպեսզի դուք էլ հավատաք:
Բայց մենք մյուս ավետարաններից գիտենք, որ հռոմեացի հեթանոս հարյուրապետն էլ հավատացել էր, երբ տեսել էր խոցված տեղից բխող ջուրն ու արյունը, միանգամից բացականչել էր,- Իսկապես սա Աստծու Որդին էր: Այստեղ կատարվել է ևս մեկ մարգարեությունը, որն ասում է, որ Նրա ոսկորը չպիտի փշրվի;Սաղմոս 33: Իսկ մյուս մարգարեությունն ասում է,- Պիտի նայե՛ն Նրան ո՛ւմ խոցեցին. Զաք. 12:10 Սիրելիներ, ավետարանի մեկնիչները, որոնք հանգամանալից ուսումնասիրել և համեմատել բոլոր գրվածքները, փաստում են համարներով, որ խաչելության ողջ ընթացքին կատարվել է 28 մարգարեություն, որոնք գրված են հրեա առաջնորդների կարդացած գրքերում; Հետագայում, երբ Հովհաննես առաքյալը գրում է իր ընդհանրական թղթերը, առաջին թղթում հիշատակում է խաչելության այս հատվածը, ասելով,-Սա է, որ եկավ ջրով, հոգով և արյամբ՝ Հիսուս Քրիստոսը. Ոչ միայն ջրով այլև արյամբ և ջրով: Եվ Հոգին է, որ վկայում է: Որովհետև հենց Հոգին է Ճշմարտությունը: Սրանք երեքը միասին են վկայում՝ Հոգին, ջուրը և արյունը: Եվ երեքը վկայության մեջ մեկ են: Եթե մենք մարդկանց վկայությունն ենք ընդունում, ապա Աստծու վկայությունը ավելի մեծ է; Ա. Հովհ. 5:6
Այնուհետև հայտնվեցին երկու բարի մարդ, որոնք գաղտնի հետևում էին Քրիստոսին՝ հրեաների վախի պատճառով, գնացին Պիղատոսի մոտ և խնդրեցին, որ իրենց թույլ տա Քրիստոսի մարմինը խաչից իջեցնելու: Պիղատոս հրաման տվեց: Ինչո՞ւ Պիղատոսը չառարկեց, կամ դարձյալ չվախեցավ հրեաների զրպարտությունից; Պիղատոսը Քրիստոսի խաչելության հրամանը տալուց հետո խղճի խայթ է ունեցել հավանաբար: Քանի որ դա երևաց նաև այն բանից, որ տախտակի վրա գերեց երեք լեզուներով, թե Հիսուս Նազովրեցին հրեաների թագավորն է, և չփոխեց իր գրությունը, նույնիսկ հրեաների զգուշացումից հետո: Նա խորին համոզում ուներ որ Հիսուսն է Աստծու Որդին, բայց քանի որ հեթանոս էր, երկմտանքի մեջ էր նաև: Դրա համար, երբ եկան Նիկոդեմոսն ու Հովսեփ Արիմաթացին՝ Հիսուսի մարմինը խնդրելու համար, ան հրաման տվեց, որ վերցնեն մարմինը: Նիկոդեմոսի մասին մենք առիթ ունեցել ենք խոսելու: Նա այն վարդապետն է հրեական ժողովարանի, որ գիշերով էր գնացել Հիսուսի մոտ, քահանայապետների սարսափից: Նիկոդեմոսը բերեց զմուռսի և հալվեյի խառնուրդը՝ որպեսզի Հիսուսի մարմինը օծեն; վերցրին մարմինը, պատեցին կտավներով, խնկերով հանդերձ, ինչպես որ հրեական սովորությունն էր պահանջում: Խաչելության վայրին մոտ մի պարտեզ կար: Այդ պարտեզի մեջ կար մի գերեզման, որտեղ երբեք ոչ մեկին չէին դրել: Հիսուսի մարմինը դրեցին այդ գերեզմանի մեջ, քանի որ ուրբաթ էր և մոտ էր շաբաթը, իսկ շաբաթը բացի իրենց սուրբ օրը լինելուց, նաև տոնական օր էր, որին շատ շատերն էին սպասում Երուսաղեմ գալու պատճառով: Սիրելիներ, ավարտվեց երեք տարվա Քրիստոսի առաքելությունը երկրի վրա, ավարտվեց նաև ուսուցումն ու բժշկությունը: Ավարտվեց երեք տարիների ամբաստանություններն ու զրպարտությունները: Ավարտվեցին անարգանքը, թուքը, ապտակը, ծաղրը, խաչելությունը և կյանքը խաչի վրա: Հիսուս Քրիստոս այլևս գերեզմանում է:Հրեաները նախապատրաստվում են մեծ տոնին և սիրով պետք է ճաշակեն զատկական ընթրիքը, քանի որ կատարվեց իրենց մարդկային ճղճիմ նպատակը: Բայց ինչպես վերևում նշեցինք, արդարությունը լռեց մի պահ և դուրս ելավ գերեզմանից՝ փաստելու համար, որ Ինքը իշխանություն ուներ Հորից՝ բոլորին պատասխանելու ըստ իրենց գործերի, բայց Ինքը եկել էր ոչ թե պատժելու, այլ՝ իրենց ազատելու այդ խղճալի նյութապաշտ վիճակից, ինչը այդպես էլ չհասկացան; Բայց մենք այսպիսիների կողքին տեսնում ենք երկու բարի մարդու, որոնք ըստ իրենց նկարագրի, հետևում էին Քրիստոսին, սիրում էին Քրիստոսին, բայց երբեք չէին դավանել, որ նա Աստված է: Բայց Նրա մահվան ժամանակ ցուցաբերեցին մարդկային մոտեցում՝ խնամելով Հիսուսի մարմինը դրեցին գերեզման, սակայն ոչ այն ակնկալությամբ, որ երրորդ օրը հարություն է առնելու մեռելներից: Եթե աշակերտները այդ մասին չհիշեցին, որ հայտնապես հետևում էին Հիսուսին, Նիկոդեմոսն ու Հովսեփը, որ գաղտնի էին հետևում, երբեք չէին հիշելու այդ մասին:
Հայրերն ասում են, որ խաչի վրա մահացավ այն ինչը կարող էր մահանալ, բայց Աստվածային զորությունը մահվան ենթակա չէ: հրեաները կարողացան վնասել և մահվան մատնել Քրիստոսի մարդկային տեսանելի մարմինը և Քրիստոսի աստվածային բնությունը տեսանելի չէր նրանց; Հրեական օրենքի համաձայն երբ մեռնում էր տարվա քահանայապետը, այդ ժամանակ կատարվում էր մեծ համաներում և ազատվում էին մարդիկ իրենց նեղություններից: Երբ քրիստոս մեռավ խաչի վրա կատարվեց համաշխարհային համաներում՝ մարդկության մեղքերին:Բոլոր մեղքերը ներված են: Սիրելիներ, Քրիստոսի մահը խաչի վրա մեծագույն խորհուրդ է, որի լուծումը մարդու սրտի մեջ հասկացվում միայն; Քրիստոնյաները հաճախ զարմանում են, թե ինչպես է Քրիստոս հարություն առել մեռելներից: Բայց կարելի է զարմանալ մեկ այլ բանից, ինչպես կարող է Աստված մեռնել: Կամ մեկ այլ ավելի զարմանալի բան կա. օրինակ Այն խոսքը, որով ստեղծվեց տիեզերքը և նրանում եղածը, նույն խոսքը, որ մարմին առավ և խաչվեց, ինչպես այդ խոսքը լռեց իր տանջանքների ժամանակ: չէ որ այդ խոսքով է աշխարհը կանգուն, եթե Աստված դադարեցնի իր խոսքը, աշխարհը հավիտյան կլռի: Այո, որովհետև Աստված իշխանություն ունի իր կյանքը տալու և իշխանություն ունի այն վերստի ստանալու: Երանելի Օգոստինոսը Քրիստոսի մասին գեղեցիկ տողեր ունի գրված, որն ասում է,- Ինչպես որ կույս Մարիամի արգանդում չէր եղել ոչ մեկը՝ Քրիստոսից առաջ և հետո, այնպես է գերեզմանում չէր դրվել ոչ մեկը Քրիստոսից ոչ առաջ, ոչ էլ հետո; Իմացանք, որ գերեզմանը, ուր դրեցին Հիսուսի մարմինը, պատկանում էր Հովսեփ արիմաթիացուն: Նա պատրաստել էր այդ գերեզմանը իր համար, ինչը ընդունված սովորություն էր մեծահարուստների մոտ: Իսկ Քրիստոսի հարությունից հետո, հետագայում Հովսեփը պատվիրեց, որ իր մահից հետո իրեն այդ գերեզմանում չդնեն, քանի որ ինքը արժանի չէ նույն գերեզմանի մեջ դրվելու, որտեղ դրվել է աշխարհի Փրկիչը: Քրիստոսի Հարությունից հետո Ի՞նչ զգացողություն ունեցան Հովսեփն ու Նիկոդեմոսը: Ի՞նչ զգացողություն ունեցան Պիղատոսն ու քահանայապետները: Ի՞նչ զգացողություն ունեցան Քրիստոսի աշակերտները:Յուրաքանչյուրը ունեցավ այնպիսի զգացողություն, ինչպես որ վարվել էր Քրիստոսի հետ իր չարչարանքների ու խաչելության ժամանակ: Մենք էլ կունենանք նույն զգացողությունը՝ համընդհանուր Հարության ու դատաստանի ժամանակ: Ուրեմն ժամանակը օգտագործենք մեր օգտին և չուշացնենք մեր փրկությունը՝ մեր թերահավատության պատճառով;
Սիրելիներ մենք գիտենք, որ այսօր Քրիստոսի թափուր գերեզմանը գտնվում է Երուսաղեմում և այն համարվում է ուխտատեղի՝ միլիոնավոր ուխտավորների համար՝ տարիներ շարունակ, անկախ ազգությունից, ողջ աշխարհի մասշտաբով: Գիտենք նաև, որ Պիղատոսի գրած գրությունը՝ երեք լեզուներով, գտնվում է Հռոմում, և դարձյալ երկրպագության արժանի մասունք է համարվում; Գեղարդը, որով հռոմեական զինվորը խոցեց Քրիստոսի կողը, գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և դուրս է բերվում արտակարգ իրավիճակներում՝ որպես զորություն՝ որը առնչվել է Քրիստոսի մարմնին: Քրիստոսի խաչափայտը գտնվելուց հետո՝ այն բաժանվել և տարածվել է ամբողջ աշխարհի քրիստոնեական եկեղեցիների միջև՝ որպես մասունք, որի առջև խոնարհվում է ամեն ծունկ: Այս մասունքների երկրպագությանը մասնակցում է քրիստոնյա աշխարհը: Սակայն ամենաթանկ մասունքը, որը զորավոր է բոլոր զորություններից, Քրիստոսի խոսքն է, որը Սուրբ Հոգու շնորհով զետեղված է Ավետարանում: Ավետարան ունի գրեթե ամեն ոք: Բայց ցավալի իրականություն է, որ մասունքներին երկրպագում են բոլոր քրիստոնյաները, սակայն Ավետարանը կարդում են ոչ բոլոր քրիստոնյաները: Սիրելիներ, Քրիստոսին վերաբերող մասունքները մեզ հիշեցնում են Քրիստոսի խաչի ճանապարհը և տառապանքները, սակայն եթե մենք չենք կարդացել Ավետարանը, և չգիտենք, թե որ մասունքը ինչպես է գործածվել Քրիստոսի չարչարանքների ժամանակ, պատշաճ չէ:
Եթե այդ մասունքներից որևէ մեկը նույնիսկ մեր տներում լինի, բայց մենք շարունակենք ապրել նույն մեղավոր կյանքով, ապա այդ մասունքը մեզ չի կարող օգնել: Զարմանալի է, որ այս լուսավոր դարում դեռ կան ընտանիքներ, որոնք Սուրբ Գիրքը ծածկոցի մեջ պահած համարում են սրբություն , բայց չեն կարդացել: Սա քրիստոնեական մոտեցում չէ, մեր հավատքը նման բաների վրա չի կարող հիմնվել: Մեր հավատքը կենդանի հավատք, գործող հավատք է, շարժիչ ուժ է մեր հավատքը միայն Ավետարանի խոսքով և զորությամբ:Եթե մենք չկարդանք Ավետարանը, մեծ նեղության ժամանակ առաջին խաբվողը կլինենք նեռից ու իր ցույց տված հրաշքներից, եթե մեր հավատքը միայն հրաշքների վրա հաստատված:
Սիրելիներ, մենք աստիճանաբար մոտենում ենք նաև Հովհաննեսի ավետարանի ավարտին: Պատկերացրեք, եթե մենք այսքան տեղեկությունը չիմանային ավետարանի սերտողությունից, որքան դատարկ պետք է լիներ մեր առօրյան, դատարկ կլիներ նաև մեր սիրտն ու միտքը: հետևաբար մեր անդավաճան ու մխիթարիչ բարեկամը Սուրբ Գիրքն է, որը մեզ ամեն օր մոտեցնում է մեր փրկության վերջի հանգրվանին: Ավարտեցինք նաև 19 րդ գլխի սերտողությունը՝ տեղեկանալով այս գլխում զետեղված գլխավոր իրադարձություններին, որոնք են՝ Հիսուսի հարցաքննությունը քահանայապետի ատյանի առջև, խաչելությունը, Գեղարդի հարվածելը, և Հիսուսի թաղումը: Իսկ Հիսուսի թափուր գերեզմանի և հարության մասին կսերտենք վաղը՝ եթե Աստված մեզ կյանք պարգևի, Իր խոսքը ձեզ հասցնելու համար: Մտապահենք ինչ սովորեցինք, և գործածենք ամենահարմար առիթով՝ մեր գործերի մեջ, և մեր խոսքերի մեջ:
Եթե մեր սովորածը չկիրառենք մեր կյանքից ներս, ապա նման կլինի այն երևույթին, երբ ջուրը անցնում է խողովակի միջից և չի զովացնում ոչ մեկին:
Թող համբերության և մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ՝ հույսով առատանանք: