Ողջույն ձեզ, սիրելի հավատացյալներ. Ավետարանը գաղջ մարդու մասին հստակ բնութագրում ունի, և բոլորս գիտենք, որ գաղջությունը ատելի է Աստծու համար: Ինչպես բնութագրենք Պիղատոսի արարքը, երբ միաժամանակ հաճոյանում է քահանայապետներին, և փորձում է հաճոյանալ Հիսուսին: Ասում է, որ իշխանություն ունի Նրան ազատ արձակելու, բայց թույլ է տալիս, որ իր ենթակայության տակ գտնվող զինվորները ծաղրելու համար փշե պսակ դնեն Հիսուսի գլխին և ծիրանի հագցնեն Նրան: Դուրս է գալիս ապարանքից և հայտարարում է, որ այդ մարդու մեջ ոչ մի մեղք չի գտել, մոտենում է Հիսուսին և ասում, որ իշխանություն ունի նաև խաչը հանելու: Պիղատոսը գիտեր, որ քահանայապետները նախանձից են կազմակերպես այս ամենը: Գուցե հրեաների ատելությունն ու ցասումը մեղմելու համար Պիղատոսը հրամայեց գանակոծել Հիսուսին, կամ թույլ տվեց, որ անարգեն իր պատկերացրած անմեղ մարդուն, որպեսզի հրեաները հանդարտվեն փոքր ինչ: մենք չգիտենք, թե ինչ էր զգում իր սրտում Պիղատոսը, բայց գործերը ցույց են տալիս մարդու ներքին որակները: Զինվորները ծաղրում էին, ապտակում էին, անարգում էին Տիեզերքի արարչին, իսկ Ինքը լուռ կանգնած էր նրանց առջև: ոչ միայն Ինքն էր լուռ, այլ՝ ամբողջ երկնային զորքն ու հրեշտակների բազմությունն էր լուռ այդ պահին: Բայց ափսոս, որ Պիղատոսն ու քահանայապետները չհասկացան, որ սա՛ է իշխանությունը, երբ կարող ես մի վայրկյանում հողին հավասարեցնել բոլոր զրպարտիչներին ու կեղծիքի մասնակիցներին, բայց քանի որ Հիսուս սիրում էր բոլորին և նրանց փրկությունն էր կամենում, լռում էր և՛ Ինքը և՛ երկնային զորքը, մինչև հագենային հրեաները՝ իրենց մեջ եղած ատելությունից; Քանի որ զինվորները լսել էին հրեաների ամբողջ խոսակցությունը, ծաղրում էին Հիսուսին և ողջունում էին որպես,, հրեաների թագավոր,,:
Պիղատոսը դուրս բերեց Հիսուսին և հանձնեց ամբոխին՝ ասելով,- Ես Նրա մեջ որևէ հանցանք չեմ տեսնում, ահա ձեր մարդը՝ ձեզ; Բայց երբ տեսան Հիսուսին, նորից լցվելից ատելությամբ և աղաղակեցին,- Խա՛չը հանիր դրան; Կատարված է մատնությունը, կատարված է կեղծ քննությունը, այժմ կատարվում է անարգանքն ու ծաղրը Բոլորի Տիրոջ հանդեպ: Եկավ Հիսուս և ազատեց բոլոր մեղավոր գլուխները փշե պսակից, մեղավոր ձեռքերը գամելուց, մեղավոր ոտքերը շղթայելուց, այժմ Իր գլխին են դնում փշե պսակ, և Իր ձեռքերն են խաչում; Ամենքը կատարեցին իրենց հանձնարարությունները, չիմանալով որ իրականացնում են մարգարեություններ, որոնք գրված են Հիսուսի մասին; Պիղատոսը երկու փորձ կատարեց Հիսուսին ազատ արձակելում հարցում, բայց միևնույն ժամանակ վախեցավ ամբոխի աղաղակից, որոնց հրահրել էին քահանայապետները՝ կեղծ զրպարտություններով; Պիղատոսը գուցե մասսամբ ծանոթ էր հրեական օրենքին, բայց քանի որ հեթանոս էր, վախեցավ, որ ասեցին, թե Իրեն Աստծու Որդի է դարձրել: Նորից մոտեցավ Հիսուսին ևս մեկ հարցումով և ասաց,- Դու որտեղից ես: Անշուշտ Պիղատոսը ակնկալու էր պատասխան, բայց Հիսուս նախորդ ճշմարտությունները ասելուց հետո, տեսավ, որ Պիղատոսը ընդունակ չէ դրանք հասկանալու, առավել ևս ճշմարտության մասի, գերադասեց լռել: Որովհետև մի՞թե ճշմարտությունը ապացուցելու կարիք ունի: Չէ որ Պիղատոսի աչքի առջև երկու օր է արդեն քահանայապետները ջանում են կեղծիքը ապացուցել, որովհետև ճշմարտությունը կամ տեսնում ես, կամ՝ ո՛չ: Երբեք պետք չէ մեկին Աստծու գոյության մասին ապացուցել, որովհետև նախ ճշմարտությունը ապացուցելու կարիք չունի, երկրորդն էլ եթե դիմացինը ընդունակ չէ հասկանալու, ապա անօգուտ գործ է դա;
Պիղատոսը փորձեց ամեն կերպ մի պատասխան լսել Հիսուսից և ասաց, - Ինձ հետ չե՞ս խոսում. չգիտե՞ս, որ իշխանություն ունեմ քեզ ազատ արձակելու և իշխանություն ունեմ քեզ խաչը հանելու: Հիսուս փորձեց վերջին անգամ Պիղատոսին լուսավորել, ասելով, - դու Իմ վրա ոչ մի իշխանություն էի չէիր ունենա, եթե քեզ ի վերուստ տրված չլիներ. դրա համար էլ, ով Ինձ քո ձեռքը մատնեց, նրա մեղքը ավելի մեծ է: Հիսուսի Այս պատասխանի վրա մենք էլ պետք ուշադրություն դարձնենք, քանի որ մեզանում էլ շատ է հարց առաջանում, այս կամ այն իշխանության Աստծուց լինելու վիճելի հարցը: Հիսուս ասում է, դու ոչ մի իշխանություն չէիր ունենա, եթե ի վերուստ տրված չլիներ: Սա շատ հասկանալի պատասխան է առհասարակ բոլոր իշխանավորների համար, բոլոր առաջնորդների համար: Այո Պիղատոսի, Հերովդեսի, և բոլոր թագավորների իշխանությունը Աստծու թույլատու կամքով է: Եթե նույնիսկ ղեկավարը վատն է, դաժան է, ամբարտավան է և այլն; Օրինակ Պիղատոսը, կամ Հերովդեսը այն երազած իշխանները չէին հասարակության համար, բայց Աստված թույլ է տվել, որպեսզի նրանք կառավարեն ժողովրդին: Դա էլ ուրիշ հարց է, թե ինչու է Աստված թույլ տալիս, որ անօրեն մեկը գա իշխանության. գուցե ժողովուրդին դարձի բերելու համար է, մենք չգիտենք; Բայց հստակ է մի բան, որ առանց Աստծու կամքի, ոչ ոք չի կարող դառնալ առաջնորդ;Այստեղ առաջնորդի լավի ու վատի մասին չէ խոսքը, այլ՝ Աստծու նպատակի մասին է խոսքը, թե ինչ նպատակով է թույլ տալիս, որ որևէ մի անարժան դառնա ժողովրդին առաջնորդ; Նույնիսկ քահանայապետների իշխանությունը Աստծուց էր, և առանց Աստծու կամքի մեկը չէր կարող ընտրվել: Ինչպես են մարգարեությունները կատարվում մեկը մյուսի հետևից՝ Աստծու թույտվությամբ, այնպես էլ իշխանությունը:
Այս ամենի մասին մենք կիմանանք, երբ այս աշխարհը կդադարի գործելուց; Սիրելիներ, ինչպես տեսանք, հրեաները վախեցան, որ Պիղատոսը ազատ կարձակի Հիսուսին և իրենք կպարտվեն իրենց ծրագրի մեջ: Մտածեցին մեկ այլ զրպարտություն, այս անգամ հարվածելով Պիղատոսի թույլ տեղին: Պիղատոսին ասացին, եթե ազատ արձակես Հիսուսին, ուրեմն դու կայսրին բարեկամ չես, քանի որ եթե մեկը իրեն թագավոր է հռչակում, հակառակ է կայսրին; Ո՞վ է կայսրը: Փող և իշխանություն: Կուսակալին դրանով վախեցրին, քանի որ նրանց հարաբերությունները առանց այդ էլ վատ էր: Երբ արդեն այս խոսքերը լսեց, Հիսուսին ամբողջությամբ դուրս բերեց, և ինքն էլ նստեց քարի վրա, և ասաց հրեաներին,- Ահա, ձեր թագավորը ձեզ; Բայց ամբոխը շարունակում էր բղավել,- Վերցրու մեր միջից դրան, և խա՛չը հանիր: Մինչև վերջ Պիղատոսը Հիսուսին թագավոր անվանեց, և հարցրեց, ձեր թագավորին ե՞ս խաչը հանեմ: Լսվեց քահանայապետների վերջին կեղծավոր և ահավոր պատասխանը, թե - չունենք մենք ուրիշ թագավոր, բացի կայսրից: Այս բանից հետո Պիղատոսը հանձնեց նրանց ձեռքը, որպեսզի խաչը հանվի: Այսինքն քահանայապետների համար չկա փրկություն բերող թագավոր, նրանց թագավորը միայն դրամն ու իշխանությունն է; Իրեն զտարյուն հրեա կարծող որևէ մեկը չի համարձակվի ասի, որ իրենք չունեն այն թագավոր, քան կայսրը, որովհետև կայսրը իրենց համար թագավոր չի կարող լինել, որովհետև իրենց թագավորը Աստված է, և դա անհերքելի փաստ է; Այսօր էլ աշխարհը իր համար որպես թագավոր ընտրել է մամոնան և իշխանությունը: Մենք մանրամասն վերլուծեցինք կուսակալի ապարանքում կատարված ամեն մի գործողություն, որը անարգանք էր Հիսուս Քրիստոսի անձի նկատմամբ, բայց մեծ առումով կուսակալի ապարանքում էր կատարվում մարգարեությունները, որոնց մասին գրված էր նախօրոք; Նույնիսկ փշե պսակը և ծիրանին, որ հագցրին Քրիստոսին որպես ծաղր, դա ևս մարգարեություն էր Նրա Թագավորության վերաբերյալ:
Մեկ անգամ ևս անդրադառնանք քահանայապետների հակասական խոսքերի վրա, որ ասում են առանց հետևանքի մասին մտածելու: Նախ՝ ասացին, որ իրենց համար որևէ մեկին սպանելը օրինավոր չէ: Այնուհետև Պիղատոսի առջև ասում են,- Մենք օրենք ունենք, և ըստ մեր օրենքի պետք է Նա մեռնի, որովհետև իրեն Աստծու Որդի դարձրեց; Սիրելիներ երբ լպրձուն կեցվածք ցուցաբերում է մեկը, որը Աստծուն չի ճանաչում, այնքան դատապարտելի չէ, որքան նրանք, որոնք կոչված են Աստծու խոսքը մարդկանց թարգմանելու համար: Մահվան դատապարտեցին Քրիստոսին՝ երկրպագելու փոխարեն, այդքան աստվածային գործեր տեսնելուց հետո; Պիղատոսի վախի դրվագները երևում են ժամանակ առ ժամանակ, բայց հոգևոր առաջնորդները մինչև վերջ մնացին իրենց խստասրտության մեջ՝ առանց Աստծու երկյուղի: Այդ պատճառով Քրիստոս Պիղատոսին ասաց,- Ով Ինձ քո ձեռքը մատնեց, նրա մեղքը ավելի մեծ է: Պիղատոսը անմասն չէ մեղքից, բայց Պիղատոսի մեղքը նաև մեկ այլ տեղում էր, որ նա շատ թույլ կառավարիչ էր և կարողացան հրեաները նրան ահաբեկել, այն առումով, որ ասացին կայսրին բարեկամ չես, եթե ազատ արձակես կայսրի թշնամուն:
Հոգևոր առաջնորդները արհեստավարժ են խորամանկության մեջ, փոխարեն խորագետ լինեն աստվածաբանության մեջ: Հպարտ են իրենց իշխանության մեջ, փոխարեն գիտակցեն, թե այդ իշխանությունը որտեղից է գալիս: Իսկ Քրիստոս ասաց,- Բերեք Իմ առջև և սպանեցեք նրանց, որոնք դեմ էին Իմ թագավորությանը:
Սիրելիներ, ի՞նչ զգաց Հիսուս, այս վերաբերմունքը իր նկատմամբ տեսնելուց հետ: Միայն զգաց, որ մարդկությունը իրապես փրկության կարիք ունի, որովհետև մարդ արարածը կենդանուց շատ տարբեր չէ, որովհետև մարդն էլ գրեթե միշտ չի օգտվում իր բանականությունից, այլ տրվում է իր ցանկություններին; Հիսուս կամեցավ աշխարհի վրա մի հոտ ստեղծել: Որպեսզի այդ մի հոտը մի հովիվ ունենա, այսինքն Քրիստոսի վարդապետությունը բաժանման ենթակա չէ, այլ մեկ է իր հոտի բոլոր անդամների համար:Հովվի ամենասիրելիներն իր ոչխարներն են: իսկ ոչխարների ամենասիրելին իրենց հովիվն է: Բավական է հովվի մի ձայնը, որպեսզի հավաքվեն բոլոր ոչխարները: Որովհետև օտարի ձայնը նրանց չի գրավում: տեսեք, թե քանի մասի էր բաժանված հոտը՝ Քրիստոսի ժամանակ: Քանի մասի է բաժանված հոտը՝ մեր օրերում; մեր Հովիվը Քրիստոսն է, և մենք Նրա ոչխարներն ենք: Հազար օտար ձայների մեջ Քրիստոսի ձայնը մոտիկ է մեր սրտին; Քրիստոս անձնվեր Հովիվ է, որ Իր անձը զոհ է բերել Իր ոչխարների համար, և ոչ ոք այլևս չի կարող մեզ խլել Նրա ամուր ձեռքերից, եթե միայն միշտ լսենք Նրա ձայնը:Քրիստոսի հոտի ճշմարիտ անդամը մինչև անգամ գերեզմանի մեջ լսելու է Քրիստոսի ձայնը:
Ուրեմն որքան ուրախությամբ պետք է ամենքս Քրիստոսի ձայնին ականջ դնենք: Բոլոր գործերը, որ անում է Աստված երկրագնդի վրա, անում է խոսքի միջոցով, որը լսվում է Սուրբ Հոգու շնորհով; Այն ամենը, ինչ որ անում է Քրիստոս երկրագնդի վրա, անում է մարդու սրտի միջոցով; Բայց մենք Քրիստոսի սրտով քրիստոնյաներ չենք այսօր: Մեր ներքին աղոթքի տունը հարդարված չէ այնպես, որ սուրբ հոգին հանգչի այնտեղ և խոսի մեր միջոցով; Մեր հավատը թերի է, որպեսզի մեր ներքին տունը միշտ հարդարված պահենք; Հավատն այն է, որ լքում են հին մարդուն՝ իր կենցաղով, դուրս ես գալիս հին միջավայրից և կարողանում ես նոր կյանք վարել՝ Քրիստոսին ուրախացնելու համար: Մենք՝ քրիստոնյաներս դեռևս չունենք այն հավատը, որպեսզի առանց երկնչելու ցանկացած իրավիճակում հայտնվելիս, վստահենք, որ սա Աստծու նախախնամությունն է մեր բարիքի համար: Մենք դեռ չունենք բավարար հավատք, որ սպասենք, որ Աստված մեզ ասի, ոչ թե մենք Աստծուն ասենք; Մեր աղոթքների մեծ մասն ա՛յն մասին է, թե Աստված ի՛նչ անի, և այդ աղոթքները մենք անում ենք խնդրելով, ծնկի գալով, ծոմ ու պահք պահելով, արցունքով ու տրտմությամբ; Քիչ են մեր ջանքերը այն ուղղությամբ, որ լսենք Աստծու ձայնը մեր գործերում; Բայց շատ են մեր ջանքերը այն ուղղությամբ, որ Աստված լսի մեզ;Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված նախախնամություն ունի մեզ համար: Մենք անտեսում ենք այդ նախախնամությունը, և ուզում ենք, որ մեր աղոթքը լսվի:Եսայի մարգարեն ասում է,- Փափագում եք մերձենալ Աստծուն, և ասում եք,- այդ ինչպես է, որ մենք ծոմ պահեցինք և դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ և դու չիմացար: Որովհետև ձեր աղոթքի ու ծոմապահության օրերին ձեր ցանկություններն էիք կատարում: Իմ ինչի՞ն են պետք այդպիսի աղոթքն ու ծոմը,- ասում է Ամենակալ Աստված: Եսայի. 58:3 Հետևաբար սիրելիներ, ինչպես որ այսօրվա սերտողության մեջ տեսանք, որ հոգևոր մարդիկ ականջալուր չէին Աստծու խոսքին և չտեսան ճշմարտությունը՝ իրենց առջև կանգնած: Նույնը կարող է պատահել մեզ հետ: Ուրեմն քրիստոնեությունը սկսվում է իմ և քո սրտից: Եթե Քրիստոս մեր սրտում է, մեզ անկարելի է ամբաստանել, ինչպես որ Իրեն չկարողացան ամբաստանել: Ավարտենք այստեղ մեր սերտողությունը՝ վաղը հանդիպելու ակնկալիքով:
Թող համբերության և մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ՝ հույսով առատանանք: