Ողջույն ձեզ սիրելի հավատացյալներ. Երեկ մենք ծանոթացանք Հիսուսի աղոթքի հետ, որը կարծես հատուկ խոսեց Հոր հետ՝ գոտեպնդելու աշակերտներին, քանի որ Իր ժամանակը ավարտված էր արդեն; Բայց Հիսուս աշակերտներին չասաց, թե սա մեր վերջին հանդիպումն է, և գիշերը ինձ ձերբակալելու են: Այլ Իր աղոթքը ավարտելուց հետո վերցրեց աշակերտներին և Կեդրոնի ձորի մյուս կողմը, որտեղ մի պարտեզ կար: Սա գտնվում է Երուսաղեմի և Ձիթենյաց լեռան միջև: Ավետարանիչը պարտեզի անունը չի նշում, բայց սա այն պարտեզն է, որ Գեթսեմանի է կոչվում, և մեզ ծանոթ է մյուս ավետարաններից: Սա մի պարտեզ էր, ուր Հիսուս իր աշակերտների հետ շատ հաճախ առանձնանում էին քաղաքի աղմուկ աղաղակից և ուսուցանում էր աշակերտներին այն կարևոր դասերը, որոնք միայն աշակերտներին էր պետք: Սիրելիներ, Հիսուս գիտեր, որ այս գիշերը վերջին գիշերն է, որ ինքը աշակերտների հետ է անցկացնում: Հարց է առաջանում. ինչո՞ւ տուն չգնաց, այլ գիշերով եկավ պարտեզ, քաջ գիտակցելով, որ իրեն են փնտրում արդեն: Մեկ անգամ ևս փարիսեցիների փաստելու համար, որ Ինքը ինքնակամ է գնում ընդառաջ իր հակառակորդին՝ չարչարվելու և խաչվելու: Նույնիսկ կարելի է ասել Իր հակառակորդներին ազատում է իրեն երկար փնտրելու դժվարությունից: Մեզ համար արդեն հասկանալի է, որ Հուդան իրենց հետ չէր, երբ իրենք եկան պարտեզ: Գուցե աշակերտները չզգացին Հուդայի բացակայությունը, բայց Հիսուս ամեն վայրկյան սպասում էր նրան: Ավետարանիչը իր խոսքի մեջ մեզ տեղյակ է պահում, որ սա այն պարտեզն է, որի գտնվելու տեղը գիտե նաև Հուդան; Իսկ Հուդային նախորդ հանդիպումներից արդեն հայտնի էր, որ Հիսուս աշակերտների հետ շատ հաճախ է գիշերով լինում այս պարտեզում: Տասնմեկ աշակերտները դեռ տպավորված էին ժամեր առաջ լսած իրենց ուսուցչի աղոթքի բառերից, որ խնդրել էր Հորը իրենց համար, որ առանց կասկածի գիշերով եկան պարտեզ իրենց Վարդապետի հետ:
Իմանալով հանդերձ, որ քիչ հետո իրեն բռնելու են և տանեն, այնուամենայնիվ չխուսափել լինել մի վայրում, որի տեղը գիտեր նաև մատնիչը: Որպեսզի որևէ կասկած չլինի այն մասին, որ Հիսուս թաքնվեց իրեն մատնողից: Որովհետև հասել էր ժամը, և Որդին խնդրել էր երկնավոր Հորը, որ փառավորի իրեն երկրի վրա: Շատ անգամներ փորձեցին բռնել Հիսուսին, բայց Նա խույս տվեց նրանցից և հեռացավ, քանի որ դեռ չէր ավարտել իր առաքելությունը: Իսկ այժմ պատրաստ է կամավոր հանձնվելու իրեն սպանողներին: Ինչպես որ Եսայի մարգարեն է վկայել այս մասին, թե՝ «Ինչպես ոչխար՝ Նա մորթվելու տարվեց, և ինչպես գառ՝ անմռունչ կանգնած է խուզողի առաջ և նրա նման Իր բերանը չի բացում» (Եսայ. 53:7): Մինչ աշակերտները վարդապետի հետ պարտեզում էին, Հուդան իր հետ վերցնելով հռոմեական զորքի գունդը, սրանք այն զինվորներն են, որոնք պատրաստ են ամեն ինչի՝ հանուն վարձատրության, կային նաև պահակներ, որոնք ուղարկված էին փարիսեցիների և քահանայապետների կողմից: Ինչի՞ համար էր այս հսկայական բանակը՝ մեկ հոգու ձերբակալելու համար: Ինչո՞ւ դա չարեցին ցերեկով, այլ ընտրեցին գիշերը: Նա՛խ համաձայն Հիսուսի այն խոսքի, որ նրանց համար ասել էր, թե գիշերով գործողը իր հետ լույս չունի և քայլում է խավարի մեջ: Երկրորդը՝ ցերեկով վախեցան ժողովրդի բազմությունից, որ խռովություն կլինի: Մենք տեսնում ենք, որ նույն վաղը ուղեկցում է նրանց նույնիսկ գիշերով, այլապես ոչ մի տրամաբանություն չկա այդքան զորք բերել մեկ մարդու համար, քանի որ նրանց նպատակը Հիսուսին բռնելն էր: Ինչպես որ ավետարանն ասում է,- Հովվին զարկեցին, հոտը ցրվեց: Իրենց հետ վերցրել են չահեր և լապտերներ, որպեսզի իրենց կարծիքով, եթե հանկարծ Հիսուս փորձի փախչել, իսկույն լույսերով գտնեն;
Սակայն տեղի ունեցավ բոլորովին այլ պատկեր. Հիսուս Ինքը դուրս եկավ նրանց դեմ և հարց տվեց.- Ո՞ւմ եք փնտրում. Նրան պատասխանեցին ,- Հիսուս Նազովրեցուն: Հիսուս նրանց ասաց,- Ես եմ: Նրանց հետ էր նաև Հուդան՝ մատնիչը: Երբ Հիսուս ասաց ,,Ես եմ,, նրանք հետ հետ գնացին և ընկան; Մի պահ թողնենք նրանց ընկած և հասկանանք, թե ինչ կատարվեց: Երբ Հիսուս նրանց դեմ դուրս եկավ, նրանք չճանաչեցին նրան, դա երևում է նրանց տված պատասխանից; Ենթադրենք, թե մութ էր, չճանաչեցին, չնայած լապտերներ ունեին, և վստահ եմ որ ուղղել էին Հիսուսի վրա, սակայն ձայնից կարող էին ճանաչել: Ինչպե՞ս չճանաչեցին, երբ Հուդան էլ իրենց հետ էր այդ պահին: Ինչո՞ւ Հիսուս հարց տվեց նրանց, թե ո՞ւմ եք փնտրում, երբ ավետարանիչը գրում է որ Հիսուս գիտեր ամեն բան: Տէր Հիսուս ո՛չ միայն մթագնեց նրանց աչքերը, այլ գետնին ընկան Հիսուսի մեկ հարցից միայն, թե ում եք փնտրում: Կամեցավ նրանց ասել, որ դուք չէիք գտնի Ինձ, եթե ես կամավոր չհայտնվեի ձեր առջև: Հիսուսի վրա եկողները հետ հետ գնալով գետին ընկան, որովհետև այս մասին էլ մարգարեություն Երեմիայի գրքում, թե,- Իսրայելի տունը ընկավ և չգտնվեց նրան վեր բարձրացնող: Ընկան բոլոր նրանք, որոնք հակառակվեցին Աստծու խոսքին: Հիսուս երկրորդ անգամ հարց տվեց նրանց,- Ո՞ւմ եք փնտրում: Նրանք նորից կրկնեցին,- Հիսուս Նազովրեցուն: Հիսուս նրանց ասաց, - ձեզ ասացի, թե ե՛ս եմ, արդ, եթե ի՛նձ եք փնտրում, նրանց թույլ տվեք, որ գնան: Այս խոսքերը ասաց, որպեսզի կատարվի մարգարեությունը նա՛և այս դրվագի վերաբերյալ, թե,- Նրանց, որոնց ինձ տվեցիր,նրանցից ոչ մեկին չկորցրի: Հռոմեական զորքի ներկայությունը Հիսուսի ձերբակալման ժամանակ փաստում է այն մասին, որ քահանայապետները արդեն կարողացել են Պիղատոսին համոզել այն հարցում, որ իբրև Հիսուս խռովարար է, և ժողովրդի մեջ պառակտում է մտցնում, և վերահաս վտանգից խուսափելու համար զորք էին խնդրել Հիսուսին ձերբակալելու համար:
Չի բացառվում, որ այստեղ ևս մեկ հրաշք տեղի ունեցավ , երբ նրանք չճանաչեցին Հիսուսին, և երկրորդ անգամ հարց տրվեց նրանց; Սա այն բանի համար էր, ավելի ճիշտ կլինի ասել ամենավերջին հնարավորությունն էր որ Հիսուս տվեց նրանց՝ հետ կանգնելու իրենց չար մտքից; Բայց այս բոլորը եղավ, որպեսզի ոչ ոք չկարողանա ասել, թե հրեաները մեղք չունեն Հիսուսի խաչելության հարցում: Կատարվեց այն, ինչ կատարվելու էր: Սիմոն Պետրոսը, որ սուր ուներ, քաշեց և հարվածելով կտրեց քահանայապետի ծառայի աջ ականջը, որի անունը Մաղքոս էր: Զարմանալի էր, թե ինչպես վարձու զինվորները չբռնեցին բոլոր աշակերտներին, հատկապես, որ Պետրոսի արածը զայրացրեց նրանց, կարող էին տեղում սպանել բոլորին, հատկապես որ զինված էին եկել անզեն մարդկանց վրա: Հիսուս Քրիստոսի զորությամբ աշակերտները մնացին կենդանի ըստ Իր այն խոսքի որ ասաց Իր երկնավոր Հորը, թե ում որ ինձ տվեցիր, ես նրանց չեմ կորցնի: Պետրոսի կատարած քայլը ամբողջովին հասկանալի է, երբ լեսեց, որ Վարդապետն ասաց, բաց թողեք նրանց, Պետրոսը վրեժ լուծեց ոչ թե իր համար, այլ՝ իր Վարդապետի, քանի որ Պետրոսի մետ ծայրահեղ է և սերը Վարդապետի նկատմամբ և ծայրահեղ է նաև ատելությունը՝ վարդապետի թշնամու հանդեպ, քանի որ դեռ ինքն էլ կատարյալ չէր ամեն ինչում: Տէր Հիսուս ևս մեկ հրաշք է կատարում այդտեղ՝ բուժելով Մաղքոսի ականջը՝ փաստելու համար, որ Ինքը ատելությամբ չէ նրանց նկատմամբ: Այնուհետև հորդորում է Պետրոսին սուրը պատյանը դնել, որովհետև չարչարանքը որ պետք է կրի Հիսուս, զինվորների կամ եկածների կամքը չէ, այլ՝ երկնավոր Հոր: ես այդ չարչարանքը Հիսուս ,,բաժակ,, անվանեց: Այն բաժակը, որ Հայրն է ինձ տվել, չպիտի՞ խմեմ, - ասաց Պետրոսին; Ինչո՞ւ Պետրոսը կտրեց ծառայի ականջը: Որպեսզի կատարվի Տիրոջ այն խոսքը, ականջ ունեք, բայց չեք լսում: Աչք ունեք, բայց չճանաչեցիք Աստծու Որդուն; Իսկ Տէր Հիսուսի ականջ կպցնելու հրաշքը այսպես է մեկնաբանում, որ երբ Եղիան գա, վերականգնելու է հրեաների լսելու հատկությունը և նրանք լսելու են Նրա խոսքը, Ով բուժեց իրենց ականջը: Այս մասին մարգարեացել է Մաղաքիան, ասելով մինչև Տիրոջ գալստյան օրը,- Ահա ես ձեզ մօտ եմ ուղարկում Թեզբացի Եղիային, նախքան որ կը գայ Տիրոջ մեծ ու երեւելի օրը, որպէսզի նա հօր սիրտը դարձնի դէպի որդին, մարդու սիրտը՝ դէպի իր ընկերը. չլինի այնպէս, որ գալով հարուածեմ երկիրը միանգամից։ Մաղաք. 4:4 Սիրելիներ Տէր Հիսուս բաժակ ասելով նկատի ուներ իր մահը: Նույնիսկ զարմացած հարցրեց Պետրոսին,- մի՞թե պիտի չխմեմ այն բաժակը, որ Հայրն է տվել Ինձ; Հատկապես, որ ես կատարում եմ Հոր կամքը, որը համապատասխան է Իմ կամքին;
Որից հետո վրա հասած գունդը, հազարապետը, և պահակները բռնեցին Հիսուսին, և կապեցին: Նախ Նրան տարան Աննայի մոտ, որը Կայիափայի՝ այդ տարվա քահանայապետի աներ էր: Սա այն Կայիափան էր, որ հրեաներին խրատ տվեց, թե՝ ավելի լավ է ժողովրդի համար մեկ մարդ մեռի: Նա նկատի ուներ Հիսուս Քրիստոսին: Սիրելիներ, մենք այս բոլոր մանրամասներին ծանոթացանք Հովհաննես ավետարանչի նկարագրությունից: Հասկացանք, որ աշխարհի փրկության ծրագրի սկիզբը դրվեց Գեթսեմանիի պարտեզում, երբ ձերբակալեցին Հիսուս Քրիստոսին, որն իր աշակերտների հետ այդ այգում էր գտնվում այդ պահին: Հիսուս նախապես գիտեր, ինչպես Իր ձերբակալության մասին, այնպես էլ գիտեր աշակերտներին չվնասելու մասին, այլապես նախօրոք ազատ կարձակեր նրանց այդտեղից: Քրիստոսի սերը իր աշակերտների նկատմամբ առավել հայտնի դարձավ իր վերջին աղոթք- զրույցից, որի ժամանակ այդպես աղաչում էր Հորը՝ աշակերտների և Իրեն հավատացողների համար: Հիսուս Քրիստոսին չընդունեցին կրոնական առաջնորդները և նրանց ենթակայության տակ գտնվող բոլոր ծառայողներն ու ժողովրդի մի մասը, որը վախենում էր քահանայապետից: Խստասիրտ քահանայապետի վախից զրպարտեցին սիրո Արարչին, որը եկել էր իրենց փրկության համար: Ասացե՛ք ինձ, աշխարհում կա ավելի մեծ անարդարություն քան այս մեկը, որ մեծ է ամեն մեղքից: Մենք պարտավոր ենք Ավետարան կարդալիս չափազանց ուշադիր լինել այս նրբությունների վրա, քանի որ մենք էլ ենք ապրում անարդարության դարաշրջանում, երբ Քրիստոսի փոխարեն շատերը սատանային են ընտրում; Մի փոքր տեղեկություն տամ ձեզ Հին Կտակարանի օրենքի մասին, որը դժվար չէր պահել: Օրինակ տաս պատվիրանները դժվար չէ պահել: Չէ՞ որ մարդ կարող է մի ամբողջ կյանք ապրել և մարդ չսպանել: Կամ հնարավոր է ապրել և չգողանալ: Կամ՝ ուրիշի ունեցվածքի վրա աչք չդնել; Այո հնարավոր է ապրել և այդ պատվիրանները չխախտել: Այդպես էին ապրում օրվա կրոնական առաջնորդները, նաև գիտեին օրենք ու մարգարեությունները: Հիմա հասկանալի է, թե ինչու էին կրոնավորները այդքան հպարտ: Որովհետև պահում էին պատվիրանը ծայրահեղությամբ, գիտեին գրքերը: Եկավ Հիսուս Քրիստոս և բացատրեց նրանց, որ օրենքը մարդուն չի կարող փրկել:
Եկավ Հիսուս Քրիստոս և տվեց մեկ մեծ պատվիրան, Սիրո պատվիրանը, որը չկարողացան ընկալել կրոնական առաջնորդները, առավել ևս չկարողացան պահել ու մերժեցին Հիսուս Քրիստոսին; Քրիստոս ապացուցեց քահանայապետներին և օրենսգետներին, և փարիսեցիներին, որ նրանք բոլորը իրենց օրինապահ կարծելով, եթե սեր չունենան, շատ շուտով կդառնան մարդասպան: Առաջին զգուշացումը փարիսեցիներին եղավ այդ մասին Տէր Հիսուսի կողմից տարատեսակ առակների միջոցով, որոնք չկամեցան հասկանալ: Կատարվեց Տէր Հիսուսի խոսքը, որ օրենքը չի կարող մարդուն փրկել, եթե մարդու մեջ սեր չկա: Ահավասիկ, օրինապահ քահանայապետները դարձան մարդասպան, և ոչ միայն մարդասպան, այլ՝ աստվածասպան: Այս բոլոր դասերը գալիս են մեզ կրթելու, դաստիարակելու հոգևոր կյանքի մեջ: Նախորդ սերտողության մեջ էլ ձեզ ասացի, որ միայն Աստվածաշնչի գիտությունը առ ոչինչ է, եթե հավատ չկա: Օրինապահությունը և կարգ ու կանոնը շուտով կտանի խստասրտության, եթե սեր չկա: Առանց հավատի որևէ բարի գործ շուտով կտանի դեպի հպարտության և ինքներկրպագության: Սիրելիներ, ինչպես նկատեցիք, մեր սիրելի Հովհաննես առաքյալը հիմք ունենալով Հիսուսի աստվածությունը, շատ մանրամասների չի անդրադարձել, Քրիստոսի ձերբակալության վերաբերյալ, ինչպես որ մյուս առաքյալները: Մենք սիրով բավարարվում ենք այն տեղեկություններով, ինչը որ տալիս են մեր մեր ավետարանիչները: Եթե կարողանանք մեր վերցրածը գործածել մեր կյանքի մեջ, երկնքում մեծ ուրախություն կլինի, և մեր ուրախությունը կատարյալ կլինի՝ ըստ Տիրոջ խոսքի, որ ասաց,- Եթե դուք իմ մեջ մնաք և Իմ խոսքերն էլ ձեր մեջ, ինչ որ ուզենաք, խնդրեցեք Աստծուց և ձեզ կտրվի: Այս բարի մտքի վրա էլ ավարտենք այսօրվա սերտողությունը, որը Հովհաննեսի ավետարանի 18 րդ գլխի առաջին մասից էր: Հաջորդ համարների սերտողությանը կծանոթանանք վաղը՝ նույն ժամին, նույն կազմով, նույն տեղում, եթե դա Աստծու կամքը լինի:
Թող համբերության և մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ՝ հույսով առատանանք: