Ողջույն ձեզ, սիրելի հավատացյալներ: Այսօր շարունակելու ենք Հիսուս Քրիստոսի՝ առ Հայր արված հաշվետու աղոթքի մեկնաբանությունը: Մեր միտքը ավարտեցինք այնտեղ, որ Հիսուս հայտնեց Հորը այն մասին, որ աշխարհը ատեց նաև աշակերտներին՝ Աստծու խոսքի փոխանցման համար:Որովհետև աշակերտները ընտրված էին աշխարհից, բայց այս աշխարհից չէին, ինչպես որ Ինքը այս աշխարհից չէ: Հիսուս Քրիստոս արեց ամեն հնարավոր ն ու անհնարինը, որպեսզի Աստծու խոսքը հասանելի դառնա մարդու համար, քանի որ Նրա համար թանկ է յուրաքանչյուր մարդու հոգևոր վիճակը, առավել ևս նրա փրկությունը: Բազում օրինակներ բերեց, իր խոսքը տեղ հասցնելու վերաբերյալ; Դրանցից շատ պատկերավոր է ցորենի հատիկի օրինակը: Կամ սերմնացանի օրինակը: Սերմը Աստծու խոսքն է, և պատկերացրեք, որ սերմը հողի մեջ չընկնի, ինչպե՞ս կարող է պտուղ տալ: Կամ օրինակ եթե Աստծու խոսքը մարդու մեջ չմտնի, ինչ պտուղ կարող է տալ այդ խոսքը: Այդ պատճառով է, որ ամենայն բծախնդրությամբ բացատրում է աշակերտներին Իր խոսքը՝ աղոթքի միջոցով, որն ուղղված է երկնավոր Հորը: Աղաչում է Հորը առաքյալների համար, քանի այս աշխարհի իմաստություն ունեցող մարդիկ ատեցին առաքյալներին այն պատճառով, որ նրանք իրենց մեջ արդեն ունեն աստվածային խոսքը, որ Հիսուսն էր փոխանցել նրանց: Տէր Հիսում համեմատում է իրեն աշակերտների հետ և ասում է, որ ոչ աշակերտներն են այս աշխարհից, ոչ է Ինքն է այս աշխարհից: Անշուշտ աշակերտները դեռ սրբացած չէին, քանի որ դեռ ապրում էին մեղքերի մեջ:Այս հավասարությունը նույն հավասարությունը չէ, ինչը որ կա Հոր և Որդու միջև: Տէր Հիսուս խնդրում է հորից սրբացնել նաև աշակերտներին; Աղոթքի այս բառերը փաստում են Քրիստոսի սերը աշակերտների նկատմամբ, որ ուներ այդ տարիներին նրանց մեջ ապրելով և նրանց հետ շփվելով; Տէր Հիսուս կամենում էր, որ Հայրը սիրի աշակերտներին, որովհետև աշխարհը ատում է նրանց; Նաև այս խոսքերը նրա համար էր, որ աշակերտները իսպառ ատեին աշխարհը, և դառնային երկնքի քաղաքացի: 15 ից 26 համարներում Իր աղոթքի մեջ Տէր Հիսուս խնդրում է Հորը, որպեսզի Նա սրբացնի աշակերտներին Իր ճշմարտությամբ, որովհետև Հոր խոսքը ճշմարտություն է:
Սրբացրու բառը, հավանաբար կռահեցիք, որ Սուրբ Հոգու մասին է, որ ճշմարտության Հոգին է, որը գալով պետք է սրբացնի աշակերտներին և նրանց մեջ հաստատի Աստծու խոսքի ճշմարտությունը: Եթե Աստված Իր խոսքը հաստատեր Առաքյալների մեջ, նրանք կսրբանային Աստծու խոսքի ճշմարտությամբ; Սրբացրու բառը կարելի է հասկանալ մեկ այլ իմաստով, որը նույնպես սխալ չի լինի, եթե այդպես մտածենք; Այսինքն՝ առանձնացրու աշակերտներին Քո խոսքի քարոզության համար, և պահպանիր նրանց չարից, որպեսզի Աստծու խոսքը տարածվի աշխարհում մինչև նրանց նահատակությունը: Ինչպես որ Հայրը աշխարհ ուղարկեց Որդուն զոհաբերելով սրբացրեց, այնպես էլ կամենում է որ Հայրը աշակերտներին քարոզության նահատակությամբ սրբացնի: Դարձնի նրանց ճշմարտության վկաներ, ինչպես որ Քրիստոսին դարձրեց ճշմարտության վկա՝ խաչելությամբ; Այս մասով է որ հավասարություն է դնում Իր և աշակերտների միջև: Աշակերտները նման չեն լինելու Հին Կտակարանի մատուցած կենդանական զոհերին, այլ՝ աշակերտները պետք է ճշմարտության կենդանի զոհեր լինեն Քրիստոսի խոսքի համար: Քանի որ Հին Կտակարանի զոհերը միայն օրինակն էին Քրիստոսի զոհաբերության: Ինչպես որ Պողոս առաքյալն է ասում Հռոմեացիներին ուղղված նամակի մեջ, թե,- Աղաչում եմ ձեզ, եղբայրներ, Աստծու ողորմությամբ, որ պատրաստեք ձեր մարմինները որպես զոհ կենդանի, սուրբ, աստվածահաճո. այդ է ձեր բնական պաշտամունքը: Հռոմ. 12:1
Քրիստոս կամենում է, որ Հայրը զորացնի աշակերտների հավատքը՝ նահատակության աստիճանի: Բայց միևնույն ժամանակ աղաչում է Հորը՝ ոչ միայն առաքյալների համար, այլ՝ բոլոր նրանց համար, որոնք առաքյալների խոսքի միջոցով հավատացին և դարձան Քրիստոսի հետևորդներ: Որպեսզի Ավետարան կարդացող մարդիկ երբեք չմտածեն, որ Հիսուս մեռավ միայն իր առաքյալների համար, այլ՝ Իրեն հավատացող բոլոր մարդկանց համար մեռավ: Այս խոսքերը ուղղված է ապագա եկեղեցուն, որը կազմավորվելու է աշակերտների քարոզությունից հետո: սա ևս մխիթարություն է առաքյալների համար այն առումով, որ նրանք լսում են մի բան որ դեռ չեն տեսնում, նրանք հասկանում են, որ իրենք հետևորդներ են ունենալու իրենց քարոզության ժամանակ: Շատ կարևոր խնդրանքով է դիմում աղոթքի մեջ, որպեսզի Աստծուն հավատացողները միաբան, միասիրտ և միախորհուրդ լինեն, ինչպես որ Ինքն ու Հայրն եմ միա: Միաբանության և միախոհության առաքինությունը բացառիկ առաքինություն է, որ Տէրը խնդրում է Աստծուց բոլորիս համար,:
Այս առաքինությունը առավել է նույնիսկ հրաշք գործելուց, որովհետև երբ մարդիկ միաբան են, հզոր են, իսկ երբ հզոր, ամեն բան կարելի է որակյալ կատարել, հատկապես հավատին վերաբերող գործերի մեջ; Միաբան մարդիկ խնդիրներ չեն առաջացնում և հարգում են միմյանց կարծիք: Հիշում եք, որ առաքյալների մեջ մի տարաձայնություն առաջացավ, բայց քանի որ իրենք միաբան էին, եկեղեցու հեղինակությունը վեր դասեցին իրենց ինքնասիրությունից, և համերաշխությամբ լուծվեց հարցը: Տէր Հիսուս կամենում է, որ եկեղեցու ներսում, հավատացյալները միաբան լինեն: Այս առաքինությունը բացակայում է մեր եկեղեցում՝ տարբեր պատճառներով; Քրիստոսի խոսքին հավատացող յուրաքանչյուր քրիստոնյա, եթե ճշմարտությամբ է հասկացել Աստծու խոսքը, պետք է նախ՝ հարգանք ձեռք բերի այլոց կարծիքի վերաբերյալ, հարգելով ուրիշների դիրքորոշումը՝ հավատարիմ մնալ Աստծու խոսքի ճշմարտությանը, որը հրաշալի օրինակ է բոլորի համար: Թեթ Քրիստոս մեր անձի մեջ է, մենք մեռած ենք մեղքի համար, քանի որ երբ մենք Քրիստոսի մեջ ենք, Քրիստոս էլ մեր մեջ է, իսկ Քրիստոս մեղքի հետ չի կարող ապրել: Երբ Տէր Հիսուս հաճախ ,,աշխարհ,, բառն է ակնարկում, ապա նկատի ունի նախ՝ հրեաներին, որովհետև Ինքը հրեաների մեջ եկավ և նրանք Նրան չհավատացին; Ապա կարող է վերաբերել իրական աշխարհին, որն իր անհավատությամբ չի զիջում հրեաներին; Հիսուսի Քրիստոսի աշխարհ գալուց հետո Նրա երկրորդ նպատակն է, որ մարդիկ հավատան իրեն՝ համոզումով, հավատով, գիտակցաբար և Իր խոսքի զորությամբ; Հրեաները չհավատացին Հիսուսին որպես Աստծու Որդին, որպես Հորից ուղարկված, չնայած որ ճանաչում էին Աստծուն, բայց չէին հավատում Քրիստոս Հորից է եկել:
Իրենց մարմնավոր մտածումների պատճառով զրկվեցին երեք տարի վայելել Աստծու ներկայությունը, որ իրենց մեջ էր: Միայն այն պատճառով, որ իրենք հավատում էին միայն իրենց աչքի տեսածին, որ Տէր Հիսուս Հովսեփի և Մարիամի Որդին է, և գիտեին Նրա քույրերին ու եղբայրներին; Ահա թե ինչու էր կամենում, որ Իրեն լսող մարդիկ միաբան լինեն, միակարծիք, որպեսզի աստվածային խորհուրդների մեջ կասկածներ չունենան և այդ պատճառով կորցնեն փրկության հույսը: Այլ բան է երբ մեկը քարոզում է հավատացյալների շրջանում, որոնք գիտեն Ավետարան և լսում են որպեսզի զորացնեն իրենց հավատը: բոլորովին այլ բան է, երբ քարոզվում է կասկածամիտների, կեղծավորների, անհավատների միջավայրում: Հիմնականում այսպիսի միջավայրում էր քարոզում Տէր Հիսուս, ուր մշտապես ներկա էին փարիսեցիներ, սադուկեցիներ, հերովդեսականներ, քահանայապետներ, որոնք միմյանց հետ միաբան չէին հավատքի հարցում, բայց միաբանվել էին չար նպատակի շուրջ՝ Քրիստոսին ամբաստանելու համար: Օրինակ այլ էր պարագան, երբ Պողոս առաքյալը քարոզում էր ժողովարանում՝ հրեաների համար, նրանք գիտեին սուրբ գրքերը, և լսում էին հավատալով Պողոսի խոսքերին: Բայց բոլորովին այլ էր վիճակը, երբ Պողոս առաքյալը քարոզում էր հեթանոսական շրջաններում և բախվում էր բազմաստվածության կրոնի հետևորդների հետ;Աղոթքի խնդրանքի մի հատված տրամադրված էր միության մեջ կատարյալ լինելու կարևորագույն առաքինության ձեռքբերմանը: Կատարյալ միությամբ էր միայն հնարավոր լինելու հավատալ, որ Հայրը ուղարկեց Որդուն, Որդին սիրում էր առաքյալներին այնպես, ինչպես Հայրն էր սիրում Որդուն; Երկարաշունչ աղոթքի մեջ լսեցինք, որ Որդին վերադառնում է Հոր մոտ, իսկ աղոթքի վերջին հատվածում Հիսուս խնդրում է Հորը, որ աշակերտները լինեն այնտեղ, որտեղ Ինքն է լինելու: Այս խնդրանքը նույնպես միայն առաքյալներին չի վերաբերում, այլ՝ Քրիստոսին ճշմարտապես հավատացող, և Նրա խոսքը պահող բոլոր քրիստոնյաներին:տէրը կամենում է, որ Իրեն հավատացողները երկնքում տեսնեն Իր փառքը, որ ուներ մինչև մինչև աշխարհի լինելը:
Այդ փառքը Հայրն էր տվել Նրան: Արդար Հայրը, որին այս երկարաշունչ աղոթքը հղեց Տէր Հիսուս՝ աշակերտների ներկայությամբ; Թեև աշխարհը չճանաչեց Հորը, սակայն Որդին հավատարիմ մնաց Հորը և կատարեց հոր կամքը՝ փրկություն ապահովելով աշխարհի համար, որը չընդունեց Քրիստոսին որպես Փրկիչ:Հավատարիմ Որդին Արդար հոր անունը ճանաչեցրեց բոլոր այն մարդկանց, որոնք սրտով հավատացին ու դավանեցին, ու մինչս օրս շարունակվում է դարձը դեպի Աստված: Թեև դանդաղ է ընթանում գործընթացը, այնուամենայնիվ հավատացողների թիվը քիչ չէ: Այլ բան է, թե ով ինչպես է հավատում Հիսուս Քրիստոսին, բայց քրիստոնյաների թիվը քիչ չէ; Սիրելիներ, մենք փորձեցինք միասին վերլուծել Տէր Հիսուս Քրիստոսի այս աղոթքը՝ առ Երկնավոր Հայր, որը կոչվում է նաև Քահանայապետական աղոթք, քանի որ Տէր Հիսուսի հավիտենական քահանայությունը համեմատվեց Մելքիսեդեկի քահանայության հետ: Այս գեղեցիկ աղոթքը բաղկացած է երեք բաժնից:Առաջին բաժինը վերաբերում է Քրիստոսի փառավորմանը, որը խորհրդանշում է Իր Հարությունը; Երկրորդ մասը վերաբերում է տասնմեկ աշակերտներին, քանի որ Հուդայի համար ակնարկում է, որ կորստյան դատապարտված մարդ է, որը կամավոր ընտրեց այդ ճանապարհը: Աղոթքի Երրորդ բաժինը վերաբերում է բոլոր այն մարդկանց, որոնք հավատացին Քրիստոսին, այսինքն Քրիստոսի եկեղեցու մասին: Տէր Հիսուս աղոթում է բոլոր հավատացող մարդկանց համար, որոնք հավատարիմ են Իր եկեղեցում; Մենք նաև նկատեցինք, որ աղոթքի մեջ նույն մտքերը հաճախ են կրկնվում, որոնց խորհուրդն էլ այն է, որ ընթերցողը տեսնի Հոր և Որդու անխախտ ու հավիտենական միությունը: Աղոթքի մեջ մի պահ էլ կա, որ կարծես թե Տէր Հիսուս աղոթում է Իր Հարությունից հետո, երբ ասում է, թե ես այլևս աշխարհի մեջ չեմ: Այս միտքն էլ մի վարագույր է մեր աչքերի առջևից բացում, որ մենք տեսնենք այն, ինչ դեռ չի եղել, որպեսզի երբ լինի հասկանանք որ Քրիստոս խոսում է դեռ չկատարված բաների մասին՝ նախապես; Հրաշալի աղոթք է, որ միայն մխիթարություն է մեզ համար այն առումով, որ Հիսուս Քրիստոս այսօր էլ բարեխոսում է Հոր առջև՝ բոլոր նրանց համար, որոնք հավատքի մեջ հավատարիմ մնացել:Իսկ հավատարիմ են մնացել նրանք, որոնց համար Քրիստոսի Հարությունը կատարյալ ուրախություն է պատճառել իրենց սրտին և իրենց հավատքը հիմնված է Քրիստոսի հրաշափառ Հարության վրա:
Աղոթքը ավարտվում է ,,Մի Հոտ և մի Հովիվ,, գաղափարի տրամաբանությամբ, որտեղ իշխելու է սերը, և Քրիստոսի այդ հավաքական եկեղեցին ապացուցելու է աշխարհին, որ Քրիստոս Հորից եկավ ու դարձյալ հոր մոտ գնաց՝ նստելու Նրա Մեծության Աջ կողմում: Քրիստոսի եկեղեցին միակն է, որի շուրջ հավաքվեցին բոլոր Իրեն Դավանողները՝ զորավոր հավատքով, հաստատուն խոսքով, բարի գործերով, և ներկայանալի կյանքով;
Քրիստոսի եկեղեցին ժողովրդի այն բազմությունը չէ, որ իրեն քրիստոնյա է համարում, բայց լուր չունի Ավետարանից, եկեղեցու խորհուրդներից ու վարդապետությունից, Հայրերի հաստատած հավատի հանգանակից: Այլ նրանք են Քրիստոսի եկեղեցին, որոնց կյանքի մեջ արտացոլում է Քրիստոսի ճշմարտությունն ու սերը: Սիրելիներ, Մենք՝ մարդիկս հակված ենք մեղանչելու մեր մտքերում: Այդ իսկ պատճառով, Նա, ով մեկ առ մեկ ստեղծեց մեր սրտերը, իմանալով, որ մեղքերի մեծամասնությունը գործվում է դիտավորության նպատակով, որպես առաջին պատվիրան տվեց սրտի խորքերի մաքրությունը: Կամեցավ, որ առավել ուշադրություն և հսկողություն գործադրենք մեր այն մասի վրա, ուր առավել դյուրությամբ ենք մեղանչում: Ինչպես որ առավել հեռատես բժիշկներն են նրբորեն զգուշացնում հորդորներով, որոնք ունակ են կանխելու չարիքը, այնպես էլ Նա, որ հոգատար է բոլորի նկատմամբ, հոգիների ճշմարիտ Բժիշկը, խստագույն զգուշություն պատվիրեց մեր այն մասերում, որոնք ճանաչում է որպես առավել հակված մեղանչելու: Հետևաբար քննենք մեր անձերը այս աղոթքի լույսի ներքո և արժանանանք աղոթքի այն բաժնին, որ մեզ է վերաբերում, որպեսզի արժանանաք հավիտենական կյանքը ժառանգել և հատկապես տեսնել մեր Փրկչի լույս երեսը: Ավարտեցինք նաև 17 րդ գլուխը՝ որը զորավոր աղոթք էր հավատացյալ հոտի համար;
Թող համբերության և մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ՝ հույսով առատանանք: