ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի. 17: 1-14
ՅԻՍՈՒՍ Կ՚ԱՂՕԹԷ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ
1 Յիսուս երբ ասոնք խօսեցաւ, իր աչքերը դէպի երկինք վերցուց ու ըսաւ. «Հա՛յր, ժամանակը հասեր է, փառաւորէ՛ քու Որդիդ, որպէս զի քու որդիդ ալ քեզ փառաւորէ. 2 Ինչպէս իրեն իշխանութիւն տուիր ամէն մարմնի վրայ որ յաւիտենական կեանք տայ այն ամենուն զոր իրեն տուիր։ 3 Այս է յաւիտենական կեանքը, որ ճանչնան քեզ միմիայն ճշմարիտ Աստուածդ ու Յիսուս Քրիստոսը, որ դուն ղրկեցիր։ 4 Ես քեզ երկրի վրայ փառաւորեցի, այն գործը որ ինծի տուիր ընելու՝ լմնցուցի։ 5 Եւ հիմա, ո՛վ Հայր, փառաւորէ՛ զիս քու քովդ այն փառքովը որ աշխարհի ըլլալէն առաջ քովդ ունէի։ 6 Քու անունդ յայտնի ըրի այն մարդոց, որոնք աշխարհէն ինծի տուիր։ Քուկդ էին ու ինծի տուիր զանոնք եւ անոնք քու խօսքդ պահեցին։ 7 Հիմա գիտցան թէ այն ամէն բաները որոնք ինծի տուիր, քեզմէ են. 8 Վասն զի այն խօսքերը որոնք ինծի տուիր, ես անոնց տուի, անոնք ալ ընդունեցին եւ ճշմարտութեամբ իմացան թէ ես քեզմէ ելայ ու հաւատացին թէ դուն ղրկեցիր զիս։ 9 Ես անոնց համար կ՚աղաչեմ. ոչ թէ՝ աշխարհին համար, այլ անոնց հանար՝ որ դուն ինծի տուիր, վասն զի քուկդ են անոնք։ 10 Եւ ինչ որ իմս է՝ ան քուկդ է եւ ինչ որ քուկդ է՝ ան իմս է ու ես անոնցմով փառաւորուած եմ։ 11 Ես ա՛լ աշխարհի մէջ չեմ, բայց անոնք աշխարհի մէջ են։ Ես քեզի կու գամ, ո՛վ Սուրբ Հայր, քու անունովդ պահէ զանոնք, որ դուն ինծի տուիր, որպէս զի մէկ ըլլան, ինչպէս մենք մէկ ենք։ 12 Երբ ես աշխարհի մէջ անոնց հետ էի, ես կը պահէի զանոնք քու անունովդ։ Անոնք որ դուն ինծի տուիր, ես պահեցի եւ անոնցմէ մէ՛կը չկորսուեցաւ, միայն թէ այն կորստեան որդին, որպէս զի գրուածը կատարուի։ 13 Ա՛լ հիմա քեզի կու գամ։ Աշխարհի մէջ այս բաները կը խօսիմ, որպէս զի իմ ուրախութիւնս իրենց անձերուն մէջ կատարեալ ըլլայ։ 14 Ես քու խօսքդ անոնց տուի ու աշխարհ զանոնք ատեց, վասն զի աշխարհէն չեն, ինչպէս ես աշխարհէն չեմ։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալներ.Այսօր մենք միասին սերտելու ենք Հովհաննեսի Ավետարանի 17 րդ գլուխը. որը կարելի է անվանել Մեծագույն գլուխ այս ավետարանի մեջ, քանի որ Հիսուս Քրիստոսի հաշվետու աղոթքն է առ Հայր: Տէր Հիսուս աղոթում է եկեղեցու համար, որը պիտի ձևավորվի Իր ընտրյալ առաքյալների միջոցով: Աղոթում է առաքյալների համար, և նաև աղոթում է բոլոր այն մարդկանց համար, որոնք առաքյալների քարոզությամբ հավատքով պետք է ընդունեն Քրիստոսին: Տէր Հիսուս չի աղաչում աշխարհի համար, այլ նրանց համար, որոնք ընդունում են Իրեն և հավատում են, որ Հայրը Իրեն ուղարկեց: Ես վստահ եմ, որ դուք ուշադիր լսեցիք այս գլուխը: Իսկ եթե պատահի, որ ուշադիր չեք եղել ընթերցանության ժամանակ,, ապա հորդորում եմ սերտողությունից հետո նորից կարդա տող առ տող: Ամեն բանի մասին խոսել և զգուշացրել է առաքյալներին մինչ այս աղոթքի պահը, իսկ հիմա աղոթքով դիմում է Հորը՝ տեղյակ պահելու բոլոր այն բաների մասին, որ կատարել է Ինքը՝ Հոր կամքի համաձայն: Աղոթքով աղաչում է երկնավոր Հորը՝ առաքյալների ներկայությամբ, որպեսզի ամրապնդվի նրանց հավատքը, և կրկին գոտեպնդվեն, որ Ինքը աղաչում է Հորը իրենց համար: Երբ Երկնավոր Հորը տեղյակ է պահում, որ հասել է ժամը, և Հայրը պետք է փառավորի Որդուն, որպեսզի Որդին էլ փառավորի Հորը, դա ևս առաքյալների համար է ասում, որ պատրաստ լինեն, քանի որ հասավ այն ժամը, որի մասին այդքան խոսում էր: Աղոթքի մեջ մեկ անգամ ևս բացահայտում է Տէրը, որ Հայրն ամեն իշխանություն տվել է Իրեն՝ մարդկանց հավիտենական կյանք տալու համար, բայց այն մարդկանց, որոնց որ Հայրն է տվել: Երրորդ համարի մեջ մի կարևոր բացահայտում կա, որը կուզեմ ուշադիր լսեք: Ասում է.- Հավիտենական կյանքն այս է, որ ճանաչեն Քեզ՝ միակ ճշմարիտ Աստված, նաև Հիսուս Քրիստոսին, ու Դու ուղարկեցիր: Այստեղ կարող է հարց առաջանալ ձեր մտքում, աղոթքը կարդալուց հետո. մի՞թե միայն ճանաչելը Հորը և Որդուն՝ բավարար է հավիտենական կյանք ունենալու համար:
Այս խոսքերի վրա շատ են մտորել եկեղեցու հայրերը՝ տալով տարբեր մեկնություններ: Ես ձեզ համար ընտրեցի Կյուրեղ Ալեքսանդրացու բացատրությունը այս մտքի վերաբերյալ, որն ասում է,- Միթե միայն իմանալը բավարար է, և ուրիշ ոչինչ պետք չէ: Այդ դեպքում ինչպես հասկանանք Հակոբոս առաքյալի այն խոսքը, թե՝ մեռած է հավատը առանց գործերի: Հակ.2:26 Երբ մենք խոսում ենք հավատքի մասին, դա նշանակում է ունենալ ճշմարիտ գիտություն Աստծու մասին: Եսայի Մարգարեն նույնպես փաստում է այս բանը, ասելով,- Եթե չհավատա՛ք, չե՛ք էլ հասկանա: Եսայ.7:9 Սուրբգրային մերկ գիտությունը առանց հավատքի բացարձակ անօգուտ գործ է: Կամ նորից անդրադառնանք Հակոբոս առաքյալին, որն ասում է,- Դու հավատո՞ւմ ես, որ մեկ է Աստված, լավ ես անում, դևերն էլ են հավատում և դողում: Հակ.2:19 Տեսա՞ք, թե ինչ գեղեցիկ մեկնություն էր տվել երրորդ համարին, Կյուրեղ Հայրապետը: Այսինքն Աստվածաշնչյան իմացությունը առանց ճշմարիտ հավատի խոստովանության, անիմաստ է: Նախորդ ավետարաններից մենք շատ հանդիպեցինք փարիսեցիների նմանատիպ կեցվածքի, որ Սուրբ Գրքի իմացությունը կար, բայց հավատք չկա՛ր: Երբ մենք խոստովանում ենք Սուրբ Երրորդության անձերին և մեր հավատքը ճշմարիտ չէ, դա նույնպես անիմաստ է; Շատ եք հանդիպել տարատեսակ կրոնական ուղղությունների, որոնք Ավետարանից առնում են մի տող և շահարկում են այդ տողի վրա՝ շեղելով մարդկանց ուշադրությունը ճշմարիտ հավատքից: Կան մարդիկ, որոնք ասում են, որ հավատում ենք, որ Աստված մեկ է: Հակոբոս առաքյալը անմիջապես պատասխանում է, ասելով,- լա՛վ ես անում, որ հավատում ես, սատանան էլ է հավատում, և բացի հավատալուց նաև դողում է, հե՞տո ինչ: Հավատքի դավանությունը կատարվում է եկեղեցում՝ Սուրբ Հոգու շնորհով: Քանի որ եկեղեցու Գլուխը Քրիստոսն է, իսկ եկեղեցին Քրիստոսի մարմինն է:
Սիրելիներ, ես ձեզ առանձին համարներով են այս գլուխը մեկնելու՝ իր շատ կարևոր լինելու պատճառով; Ավետարանում չկա անկարևոր թեմա, բայց այս համարների հարցում մեր հավատացյալների մոտ թյուրիմացություններ են պատահում: Հիմա տեսեք, թե որքան կարևոր են չորրորդ և հինգերորդ համարները, որ Տէր Հիսուս Իր աղոթքի մեջ ասում է,- Ես Քեզ փառավորեցի երկրի վրա. լրացրի այն գործը, որն ինձ տվիր, որ անեմ. և Դու այժմ փառավորիր ինձ, Հա՛յր, Քո մոտ եղող այն փառքով, որ ունեիր Քո մոտ՝ նախքան աշխարհի լինելը: Շատ կարևոր է հատկապես վերջին միտքը՝ որ Քրիստոս բացահայտում է, որ Ինքը միայն մարդ չէ, ինչպես որ շատերն են պնդում, ինչպես որ իր գավառում չհավատացին, ինչպես որ փարիսեցիները մինչև վերջ չհավատացին Նրա աստվածությանը և այլն; Քրիստոս Աստվածամարդ է, Նա եղել է նախքան աշխարհի լինելը, Նա ոչ թե եղել է, այլ՝ միշտ կա և ներկա է;
Ինչպես որ կա Որդին, այնպես էլ կա Հայրը և Սուրբ Հոգին: Աստծու մասին անկարելի է ասել եղել է: Աստված միշտ ներկա է: Այս արտահայտությունը փաստում են նաև եկեղեցու սուրբ հայրերը, որ Աստված միշտ ներկա է: Երկնավոր Հայրը աշխարհ ուղարկեց Իր միածին Որդուն, որպեսզի աշխարհը ճանաչի իր Փրկչին: Որդին երկրի վրա կատարեց Հոր կամքը, որպեսզի աշխարհը իմանա, որ Որդին Իրենից չի անում, այլ Նրա խոսքն է կատարում, ով Իրեն ուղարկեց; Որդին փառավորեց Հոր անունը երկրի վրա, կատարելով Նրա գործը որ տվել էր Որդուն:
Այժմ կամենում է որ Հայրը թելադրի Իր կամքը՝ որպեսզի Որդին էլ փառավորվի երկրի վրա: Նրանք միասին են եղել աշխարհի լինելուց առաջ և միասին են այժմ:
Վեցերորդ համարից սկսյալ ասում է,- Քո անունը հայտնեցի այն մարդկանց, որոնց Ինձ տվեցիր աշխարհից. նրանք Քոնն էին, և Ինձ տվեցիր նրանց, ու նրանք Քո խոսքը պահեցին; Հիմա հասկացան, որ այն ամենը ինչ Ինձ տվիր, Ես նրանց տվեցի, և նրանք ընդունեցին և ճշմարտությամբ ճանաչեցին, որ ես քո մոտից ելա. և նրանք հավատացին, որ դու ուղարկեցիր ինձ: Հիմա նորից անդրադառնանք նույն խոսքին, որ միայն գիտությունը Աստծու մասին բավական չէ հավիտենական կյանքի համար: որովհետև հաջորդ համարների մեջ արդեն հստակ ասում է, որ նրանք՝ այսինքն աշակերտները, Քո խոսքը պահեցին, ընդունեցին և ճշմարտությամբ ճանաչեցին: Որովհետև աշակերտները միայն չդավանեցին Քրիստոսին որպես Աստծու Որդին, այլ երեք տարի շարունակ լսեցին Քրիստոսի խոսքը, առակները, տեսան բժշկությունները, բոլոր զորավոր գործերը և այլն; Առաքյալները հավատացել էին, որ Քրիստոս աշխարհ է եկել Հորից, որպեսզի ուղղի աշխարհի սխալը և մարդկանց փրկության ուղղորդի իր կամավոր զոհաբերությամբ; Այո առաքյալները գուցե աստվածաբանական դրույթները ամբողջությամբ չէին հասկանում, բայց Քրիստոսի աշխարհ գալու նպատակը գիտեին ու հավատում էին և վստահում էին; Նրանց մարդկային տկարությունները իրենց մղեցին սխալների, բայց դրանց համար չհանդիմանվեցին Քրիստոսից, որովհետև նրանք դեռ Մեծագույն Պարգև պիտի ընդունեին Հոգեգալուստի օրը: Այո, ուղղե՛ց մարդկության սխալը՝ Գողգոթայի խաչի վրա Իր արյամբ: Իսկ Իր լուսավոր Հարությամբ հաշտեցրեց մեզ Աստծու հետ;
Իններորդ համարում արդեն առաքյալների համար շատ մխիթարիչ խոսքեր է ասում Տէր Հիսուս՝ Իր Հորը, առաքյալների համար, ասելով,- Արդ, Ես նրանց համար եմ աղաչում: Ես չե՛մ աղաչում աշխարհի համար, այլ՝ նրանց համար, որոնց Դու ինձ տվեցիր, որովհետև նրանք Քոնն են: Եվ ինչ որ իմն է, բոլորը քոնն է, և ինչ որ քոնն է, այն Իմն է, ու ես նրանց մեջ փառավորված եմ; Այս խոսքերը շատ պարտավորեցնող են առաքյալների համար, և ոչ միայն առաքյալների, այլ՝ բոլոր նրանց, որոնք հավատացին, պահեցին Նրա խոսքը, և ընդունեցին Նրա որդեգրության հրավերը: Սիրելիներ Հիսուս Քրիստոս ոչ միայն Բարի Վարդապետ է, կամ Ուսուցիչ, կամ Բժշկապետ ու աստվածաբան, այլ՝ Աստված է Հիսուս Քրիստոս, որ փառավորված է Իրեն հավատացողների մեջ: Մենք այս մասին դավանում ենք Հավատամքի մեջ և ամենուր: Մի գեղեցիկ արտահայտություն կա այս համարի մեջ, որ ասում է Հորը, - ի՛նչ որ իմն է, բոլորը քո՛նն է, և ինչ որ քո՛նն է, այն նա՛և իմն է; Եթե հիշում եք, մենք այս արտահայտությունը կարդում ենք Անառակ Որդու առակի մեջ, երբ խոսում են ավագ որդին և հայրը: Նույն բառերն է ասում Հայրը՝ ավագ որդուն: Սա է իրական սիրո հարաբերությունը հայր ու Որդու միջև, որովհետև սա փաստում է նրանց հավասարության մասին;
11ից 14 համարների մեջ Հորը դիմելով հոգ է տանում բոլոր այն մարդկանց համար, որոնք հավատացին իրեն և վստահեցին Իրեն և Ինքը նրանց պահեց անվտանգ: Բայց քանի որ արդեն աշխարհից հեռանում է, խնդրում է Հորը հոգ տանել նրանց համար, քանի որ նրանք պիտի մնան աշխարհում; Իսկ որդին գնում է Հոր մոտ: Տէր Հիսուս խնդրում է Սուրբ Հորը, որպեսզի իրեն հավատացողներին պահի Իր անունով, որպեսզի բոլորը մի լինեն, ինչպես որ Երկնավոր Հայրը մի է իր Որդու հետ: Աշխարհում եղած ժամանակ Հիսուս պահեց իրեն հավատացողներին՝ Հոր անունով, և նրանցից ոչ ոք չկորավ, բացի այն մեկից, որը կորստյան էր դատապարտված, որպեսզի գրվածը կատարվի: 108 սաղմոսի մեջ մենք կարդացինք այս մասին, եթե հիշում եք, որ ասում էր,- Սիրուս փոխարեն մեղադրեցին Ինձ: Հատուցեցին ինձ չար՝ բարու փոխարեն; Սատանան թող կանգնի նրա աջ կողմում և նրա աղոթքը մեղք թող համարվի: Թող նվազեն նրա օրերը և նրա պաշտոնը թող ուրիշն առնի: Ավետարանից մենք գիտենք, որ Հուդայից հետո, նրա փոխարեն որպես 12 րդ աշակերտ ընտրեցին Մադաթիային; Ինչի՞ կարիք ուներ Հուդան, որ դարձավ կորստյան դատապարտված մարդ, որի մասին գրված էր գրքերում; ինքը կամավոր ընտրեց դատապարտության ուղին, չնայած որ նյութական կարիքի մեջ էլ չէր, ըստ Ավետարանի, քանի որ դրամական հաշվապահական գործերը ինքն էր անում, և բացի դրանից, վերցնում էր այն ինչ դրվում էր գանձանակի մեջ,- ասում է ավետարանը: Ոչնչի կարիք չուներ Հուդան, ուղղակի արծաթասիրության մոլուցքը ստիպեց, որ Քրիստոսի կենարար ուսմունքը փոխարինի երեսուն արծաթով: Արծաթասերների վախճանը մեծ մասսամբ նույնն է: Տէր Հիսուս Իր աղոթքի մեջ հստակ պատգամ է ուղղում եկեղեցուն, որը կազմված էր իր ընտրած մարդկանցով, և այդ մարդիկ աշխարհի մեջ էին ապրում, բայց այդ աշխարհից չէին, քանի որ աշխարհը ատում էր նաև նրանց, քանի որ նրանք հետևում էի Հիսուսին: Սիրելիներ, Տէր Հիսուս մեր միակ բարեխոսն է Հոր առջև, որ պահում և պաշտպանում է Իր եկեղեցին, որը կազմված է ճշմարիտ հավատացյալներով, որոնք ոչ միայն գիտելիք ունեն, այլ նաև՝ ճշմարիտ հավատք ունեն: Այսպիսիք մշտապես հոգևոր ուրախություն ունեն իրենց մեջ, ինչպես որ Հիսուս էր խնդրում Հորից՝ ուրախություն այդ մարդկանց համար: Որդեգրեց մեզ Տէր Հիսուս Քրիստոս և այսօր Քրիստոս եկեղեցում է հայտնվում մեզ՝ Սուրբ Հաղորդության միջոցով, որը մեր կյանքերը պահում է կատարյալ ուրախության մեջ և ամեն օր հրավիրում է մեզ՝ ապրել Քրիստոսի ընտանիքում: Քրիստոնյաներս մեծ պատասխանատվությամբ պետք է արտաբերենք այս խոսքերը:
Սիրելիներ, Հիսուս Իրեն համարում է Հորից ուղարկված, այսինքն առաքված, եթե սխալ չլինի ասենք Գերագույն Առաքյալ: Այս Գերագույն Առաքյալը նորից ընտրեց առաքյալներ և դարձյալ ուղարկեց քարոզելու՝ ողջ աշխարհում, ինչ որ անում էր Ինքը: Այս առաքյալները իրենցից հետո նշանակեցին ուրիշ առաքյալներ՝ դարձյալ քարոզության համար: Այսինքն առաքվածը նստակյաց կյանք չի վարում, այլ պատգամ ունի աշխարհում շրջելու և քարոզելու Քրիստոսի Ավետարանը և մկրտելու Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Եվ որ ամենակարևորն է, սովորեցնել նրանց՝ ինչ որ Հիսուս սովորեցրեց առաքյալներին; Սա է եկեղեցու սրբազան առաքելությունը, եկեղեցին նստակյաց կյանք չի կարող վարել, այլապես ժողովուրդը անմասն կմնա Քրիստոսի ավետարանից: Ի՞նչ կյանքով ապրեցին առաքյալները և ի՞նչ նահատակությամբ նահատակվեցին՝ հանուն իրենց առաքելության, հանուն Քրիստոսի Ավետարանի քարոզման, բացի միայն այն առաքյալից, որի Ավետարանն ենք սերտում՝ Հովհաննեսից, որը իր մահով մահացավ խոր ծերության մեջ: Սիրելիներ, Տէր Հիսուսի այս աղոթքի բովանդակությունը ծավալուն է և մեզ ուղղված ասելիքը շատ է, հետևաբար մնացյալ համարները այս գլխի թող դառնան հաջորդ սերտողության թեման; Ավետարանում կան մտքեր և գաղափարներ, որոնք պետք է ականջով լսել, բայց սրտով հավատալ, որովհետև մարդու միտքը անկարող է որոշ զորությունների մասին ամբողջական պատկերացում կազմել: Բայց եթե Աստված տեսնի մեր ձգտումը, և սերը Իր խոսքի հանդեպ, վստահ եմ, որ մի օր ամեն բան հասկանալի կդառնա և մեր ուրախությունն էլ կատարյալ կլինի մեր հավատի հետ: Ավարտենք այստեղ մեր սերտողությունը, ակնկալելով վաղվա ողորմությունը Տիրոջ կողմից, որ առատորեն տալիս է մեզ Հանապազօրյա Հացի եթերաժամն իրականացնելու համար:
Թող համբերության և մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ՝ հույսով առատանանք: