ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի. 16: 16- 33
ՏԽՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՈՒՐԱԽՈՒԹԻՒՆ
16 «Քիչ մը ատենէն ա՛լ զիս պիտի չտեսնէք եւ դարձեալ քիչ մը ատենէն զիս պիտի տեսնէք, քանզի ես Հօրը կ՚երթամ»։
17 Ասոր համար աշակերտներէն ոմանք իրարու կ՚ըսէին. «Ի՞նչ է այս որ մեզի կ՚ըսէ թէ՝ ‘Քիչ մը ատենէն ա՛լ զիս պիտի չտեսնէք եւ դարձեալ քիչ մը ատենէն զիս պիտի տեսնէք, քանզի ես Հօրը կ՚երթամ’»։ 18 Ու կ՚ըսէին. «Ի՞նչ պիտի ըլլայ այն ‘Քիչ մըն ալ՚ը՝ որ կ՚ըսէ. չենք գիտեր ի՞նչ ըսել կ՚ուզէ»։ 19 Յիսուս իմանալով որ կ՚ուզեն իրեն հարցնել, ըսաւ անոնց. «Ատո՞ր համար իրարու կը հարցնէք, որ ըսի թէ՝ ‘Քիչ մը ատենէն ա՛լ զիս պիտի չտեսնէք եւ դարձեալ քիչ մը ատենէն զիս պիտի տեսնէք’։ 20 Ճշմարիտ ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, ‘Դուք պիտի լաք ու ողբաք, բայց աշխարհ պիտի ուրախանայ. դուք պիտի տրտմիք, սակայն ձեր տրտմութիւնը ուրախութեան պիտի փոխուի’։ 21 Կին մը երբ ծնանելու վրայ է՝ տրտմութիւն կ՚ունենայ, վասն զի իր ժամը հասած է. բայց երբ տղան ծնանի, ա՛լ նեղութիւնը միտքը չի բերեր ուրախութենէն՝ քանի որ մարդ մը աշխարհ եկաւ։ 22 Յիրաւի հիմա դուք տրտմութիւն ունիք. բայց ես ձեզ նորէն պիտի տեսնեմ եւ ձեր սրտերը ուրախ պիտի ըլլան ու ձեր ուրախութիւնը մէ՛կը ձեզմէ պիտի չհանէ։ 23 Այն օրը ինծի բան մը պիտի չհարցնէք։ Ճշմարիտ ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, թէ իմ անունովս ի՛նչ որ խնդրէք Հօրմէն, պիտի տայ ձեզի։ 24 Մինչեւ հիմա իմ անունովս բա՛ն մը չխնդրեցիք։ Խնդրեցէք ու պիտի առնէք, որպէս զի ձեր ուրախութիւնը լման ըլլայ»։
ԱՇԽԱՐՀԻ ՎՐԱՅ ՅԱՂԹՈՒԹԻՒՆ
25 «Այս բաները առակներով խօսեցայ ձեզի. բայց ժամանակ պիտի գայ, որ ա՛լ առակներով պիտի չխօսիմ, հապա յայտնապէս Հօրը վրայով պիտի պատմեմ ձեզի։ 26 Այն օրը իմ անունովս պիտի խնդրէք։ Չեմ ըսեր ձեզի թէ ե՛ս ձեզի համար պիտի աղաչեմ Հօրը. 27 Քանզի ինքը՝ Հայրը՝ ձեզ կը սիրէ, վասն զի դուք զիս սիրեցիք եւ հաւատացիք թէ ես Աստուծմէ ելայ։ 28 Հօրմէն ելայ ու աշխարհ եկայ. նորէն կը թողում աշխարհը եւ Հօրը կ՚երթամ»։
29 Ըսին անոր իր աշակերտները. «Ահա հիմա յայտնապէս կը խօսիս եւ առակ մըն ալ չես ըսեր։ 30 Հիմա իմացանք թէ ամէն բան գիտես եւ բա՛ն մըն ալ պէտք չէ որ մէկը քեզի հարցնէ. ասով կը հաւատանք թէ Աստուծմէ եկար»։ 31 Յիսուս պատասխան տուաւ անոնց ու ըսաւ. «Հիմա կը հաւատա՞ք. 32 Ահա ժամանակ պիտի գայ ու եկած ալ է, որ ցիրուցան պիտի ըլլաք ամէն մէկդ իր տեղը ու զիս մինակ պիտի թողուք. բայց ես մինակ չեմ, վասն զի Հայրը ինծի հետ է։ 33 Այս բաները ձեզի խօսեցայ, որպէս զի ինծմով խաղաղութիւն ունենաք. աշխարհի մէջ նեղութիւն պիտի ունենաք, բայց քաջասի՛րտ եղէք, ես աշխարհին յաղթեցի»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալներ. Նախորդ սերտողության մեջ տեսանք, որ Հիսուս հանգամանալից տեղեկացնում և զգուշացնում է գալիք հալածանքների և նույնիսկ սպանությունների մասին, որպեսզի երբ պատահի աշակերտների համար դա գայթակղություն չլինի: Իսկ որպեսզի գայթակղություն չլինի աշակերտները պետք է տեղեկացված լինեն և զինված լինեն հավատով և համբերությամբ: Քրիստոնյաների դեմ հալածանքը եղել է, կա և դեռ կլինի՝ ըստ Ավետարանի: Հալածանքները եղել են ինչպես հրեաների, այնպես էլ հեթանոսների կողմից; Մարդուն կարող էին սպանել միայն այն պատճառով, որ նա քրիստոնյա է: Այս հալածանքը շարունակվում է նաև մեր օրերում և մենք տեսնում ենք թե ինչպես է իսլամը սպանում քրիստոնյային և համարում է թե Աստծուն պաշտամունք է մատուցում, ինչի մասին որ Տէր Հիսուս զգուշացրեց աշակերտներին, որ իրենց հետ էլ կարող են այդպես վարվել՝ որպես Քրիստոսի հետևորդների: Տէր Հիսուս զգուշացնում էր ոչ միայն Իր աշակերտներին, այլ աշակերտներին ասելով ասում էր բոլոր քրիստոնյաներին; Ինչ դաս ունենք մենք այստեղ վերցնելու: Մենք էլ են լսում մեր օրերում, որ քրիստոնյաների դեմ հալածանք կա, բայց մենք որևէ կերպ չենք մտահոգվում մեր անձերի համար, որպեսզի երբ լինի, անակնկալի չգանք և մեզ համար էլ գայթակղություն չլինի: Իսկ դրա համար մենք էլ պետք է զինվենք ամուր հավատքով և համբերությամբ: Բայց այսօր իրականությունը այլ է;
Նայելով աշխարհի անօրենություններին ու անաստվածությանը, սխալ չի լինի մտածել, որ դեռ մի բան էլ ուշացել է Քրիստոսի Երկրորդ Գալուստը: Ամեն օր ավելի բացահայտ են դառնում մարդու ձեռքով գործած ավերներն ու սպանությունները: Պետք չէ, որ մենք միամիտ լինենք այս հարցում, որովհետև Քրիստոսից հետո քրիստոնյաների հալածանքը չի դադարել:Այն կրոնները որոնք միաստվածություն են դավանում, նրանք անտեսում են Հիսուս Քրիստոսին որպես Փրկիչ: Իսկ այս վերջին գլուխներու Տէր Հիսուս միայն այդ մասին է խոսում, որ Ինքը և Հայրը մի են, որ հալածողները չճանաչեցին ոչ Հորը և ոչ էլ Քրիստոսին:Կամ ասում է որ Ինքը գնում է Հոր մոտ: Այս համարները պատասխան են այն մարդկանց, որոնք չեն հավատում Հիսուս Քրիստոսին՝ որպես Աստծու Որդի:Աշակերտները աշխարհին քարոզեցին, որ ապաշխարեն իրենց մեղքերից, քանի որ դատաստան է լինելու և ոչխարները այծերից զատվելու են: Աշխարհի իշխանը դատապարտված է: Իսկ աշխարհը այդ մասին չի կամենում լսել, քանի որ քայլում է խավարի մեջ և չի նկատում լույսը, որ ամեն օր ավելի է մոտենում զանազան ձևերով; Որքան ցավերն ու տառապանքները մոտենում են, այնքան մոտ է Քրիստոսի ոտնաձայները: Այսօրվա սերտողության մեջ, որ կարդացի քիչ առաջ, Տէր Հիսուս մի անորոշ և աշակերտների համար անհասկանալի միտք է արտահայտում, երբ արդեն ամեն ինչ ասել է ր կարծես: Տեսեք, ինչ ասում,- Մի փոքր ժամանակ, և այլևս Ինձ չեք տեսնի. և ապա մի քիչ ևս՝ և ինձ նորից կտեսնեք. և Ես գնում եմ Իմ Հոր մոտ: Սիրելիներ, խոստովանենք, որ մենք էլ աշակերտների փոխարեն դժվար պիտի հասկանայինք այս միտքը, եթե տարիներով ընթերցած չլինեինք Ավետարանը: Բայց Տէր Հիսուս նկատի ունի Իր խաչելությունը, երեքօրյա թաղումը, և հարությամբ նորից երևալը, որից հետո Համբարձումը, որ գնում է Հոր մոտ: Աշակերտներից ոմանք միմյանց հարցնում էին այս խոսքերի իմաստը, քանի որ չէին հասկացել: Հիմնականում չէին հասկանում թե ի՞նչ է այն ,,Մի քիչ ասվածը,,:
Այս մի քիչը այն երեքօրյա ժամանակահատվածն էր երբ աշակերտները կորցրին իրենց Վարդապետին: վարդապետին կորցնելուց բացի կորցրին նաև իրեն գլուխները, ցրվեցին բոլորը, վախը պատեց ամենքին: Երկրորդ անգամ, որ ասում է ևս մի քիչ և ինձ կտեսնեք, նկատի ունի Հարությունից հետո քառասուն օր աշակերտների հետ Իր հանդիպումը: Կարելի է հասկանալ նաև Երկրորդ Գալուստի հանդիպումը, քանի որ Աստծու համար հազար տարին մեկ օրվա պես է: Տէր Հիսուս զգաց, որ անհասկանալի է աշակերտների համար իր խոսքերը, և կամենում են իրեն հարց տալ, ասաց նրանց,- Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք պիտի լաք և ողբաք, իսկ աշխարհը ուրախ պիտի լինի: Դուք պիտի տրտմեք, բայց ձեր տրտմությունը ուրախության պիտի փոխվի: Նաև բերում է մեկ այլ օրինակ, երբ կինը ծննդաբերում է, և դա նրա համար տրտմություն է, իսկ երբ մանուկը ծնվի, այլևս տրտմությունը ուրախության կվերածվի: Հղությունը իրապես կնոջ համար տրտմություն է, բայց աննպատակ տրտմություն չէ, այլ՝ այն անպայման փոխարինվելու է ուրախության և ուրախացնելու է ոչ միայն ծննդաբերող մորը, այլ նաև շուրջ գտնվող բոլոր մարդկանց; Կգա նաև այն օրը, որ մեր տրտմությունները կփոխվեն ուրախության և այդ ուրախությունը մեզնից ո՛չ ոք չի կարող վերցնել; Նույնը պիտի պատահի մեզ հետ, եթե Աստված կամենա և մենք հարություն առնենք և միանանք Տէր Հիսուս Քրիստոսին, այդ ժամանակ մեր տրտմությունը ուրախության կփոխվի հավիտյան: Կմոռանանք բոլոր այն նեղություններն ու հալածանքները, որոնք կրել ենք մեր կյանքի ընթացքում՝ հանուն Հիսուս Քրիստոսի: Հիսուս տեսնում է աշակերտների տրտմությունը և գոտեպնդելու համար ասում է, որ դարձյալ տեսնելու եմ ձեզ, ու ձեր սրտերը ուրախ են լինելու այն ուրախությամբ, որը այլևս ոչ ոք չի կարող խլել ձեզնից: Իսկ այդ ժամանակ ամեն ինչ այնքան պարզ է լինելու, որ ոչ մի հարց չեն ունենալու Վարդապետին տալու: Խոսքի ավարտի աշակերտներին մի նոր իրավունք է տալիս, որպեսզի Իր անունով ինչ որ խնդրեն Հորից, կստանան; Քանի որ մինչև հիմա ոչինչ չեն խնդրել, խնդրեք և ստացեք, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի: Այս մտքի մեջ Հիսուս նորից ցույց է տալիս Իր և Հոր սերտ հարաբերությունը, և կրկին բացահայտում է իր անունը: քանի որ ասում է Իմ անունով խնդրեք և ստացեք;
Մինչև այս պահը աշակերտների հետ խոսել է առակներով, բայց խոստանում է, որ այլևս առակներով չի խոսելու, այլ հայտնապես պիտի պատմի Հոր մասին:
Իսկ երբ աշակերտները ընդունեն Մխիթարիչ Սուրբ Հոգին, այլևս կարիք չի լինելու առակներով խոսելու: Իսկ երբ աշակերտները Իր անունով Հորը խնդրեն, այլևս կարիք չի լինելու, որ Հիսուս բարեխոսի Հոր մոտ, որովհետև Հայրը արդեն սիրում է նրանց այն բանի համար, որ նրանք սիրեցին ու հավատացին Իր Որդուն: Երկնքի արքայության մեջ ամեն ինչ միասիրտ է լինելու և այլևս անհասկանալի ոչինչ չի լինելու: Որովհետև բոլորը միացած են լինելու սիրո Հոգով և միմյանց հետ խոսելու են սիրո լեզվով: Սա է Աստծու կամեցողությունը մարդուն, որին մարդը ոչ մի կերպ չի կարողանում ընտելանալ իր մեղանչող բնության պատճառով; Բայց Ավետարանը աղաղակում է, ասելով, Հայրը սիրում է ձեզ, երբ դուք հավատում և սիրում եք Իր Որդուն; Միայն շղթայական սիրո մասին է խոսում Աստված, որով և կարողացավ պարտության մատնել աշխարհի իշխանին; վերջապես աշակերտները Հիսուսին ասացին, որ արդեն իրենց համար հասկանալի է, նույնիսկ առանց առակների;Չնայած, որ դարձյալ ամեն բան հասկանալի չէր, ինչում համոզվում ենք քիչ հետո; Բայց Հիսուս երբեք չհանդիմանեց նրանց այն բանի համար, որ ինքը այդքան բացատրելուց հետո, աշակերտները չէին հասկանում, քանի որ դեռ Մխիթարիչը չէր եկել: Աշակերտների այդ խոսքի վրա, թե հասկանում են արդեն Վարդապետին, և հավատում են ամեն ինչում, Հիսուս հեգնանքով մի հարց տվեց, ասելով,-Այժմ հավատո՞ւմ եք... Հիշեցնում է նրանց, որ երբ հասնի փորձության ժամը, նրանք ցրվելու են, և վարդապետին մենակ թողնեն: Բայց Հիսուս երբեք մենակ չէ, այլ՝ Իր հետ է Հայրը: Աշակերտները այս պարագայում նմանվում են այն երեխաներին, որոնց ծնողը ամեն օր դպրոց ճանապարհելիս նույն բաներն է հիշեցնում, մի օր էլ երեխան արդեն հոգնած ասում է, որ արդեն տասնյակ անգամներ լսել է նույն պատգամները: Բայց ծնողը տեսնում է, որ ամեն օր զգուշացնելուց հետո էլ նույն սխալները թույլ է տալիս երեխան; Քրիստոս այն հոգատար ու համբերատար Ծնողն է, որ դարերով կրկնում է մեզ վնաս պատճառող թույնի մասին, բայց մենք լսելով նույնիսկ ձեռքերս մեկնում ենք դեպի այդ մահացու թույնը:
Սիրելիներ այս հարցը, որ Հիսուս տվեց աշակերտներին, թե- Այժմ հավատո՞ւմ եք: Այս հարցը կարծես սառը ցնցուղ է բոլորի համար, այն առումով, որ երբեմն կարծում ենք, թե ինչ որ բանի հասել ենք, երբ մկրտվել ենք, կամ եկեղեցի ենք գնում, նույնիսկ եր մոտենում ենք Սուրբ հաղորդությանը: Սակայն ամենափոքր փորձության պահին ընկնում ենք բարկության , ատելության, անհանդուրժողականության և տարատեսակ մեղքերի մեջ, մոռանալով մեր հոգևոր պարտականությունների մասին;Ավետարանում հարցե կան, որոնք կարծես ուղիղ գծով ուղղված են մեզ և մենք պատասխանը չունենք, քանի որ երբեմն անհարկի վստահություն ունենք մեր նկատմամբ; Հիսուսի այսքան զգուշացումներից հետո աշակերտների մոտ նկատվեց մարդկային տկարություններ, այն դեպքում երբ հանգամանալից զգուշացնում էր ամեն եկող փորձության մասին: իսկ մենք չգիտենք մեր վաղվա օրը ինչ կբերի մեզ՝ հատկապես այս անորոշության օրերին, երբ մեզ ո՛չ ոք հստակ տեղեկություն չի տալիս, թեկուզ մեզ հարկադրվող երևույթների մասին, որոնք գալիս է չարի ձեռքով: Քրիստոնյաներս ունենք Տէր Հիսուս Քրիստոսի գերազանց օրինակը, թե ինչպես պարտության մատնեց աշխարհի իշխանին՝ Իր արդարամտությամբ և ճշմարտությամբ: Քրիստոսի և սատանայի միջև տեղի ունեցող պայքարը նման է դատական մի գործընթացի, երբ դատարանում արդարությունը հաղթում է, և մեղավորը գլխիկոր հեռանում է դահլիճից: Սիրելիներ, Հիսուս աշակերտներին ասելով, խոսքը ուղղում է նաև մեզ, ասելով, որ աշխարհում նեղություններ ենք ունենալու, բայց պետք է քաջալերվենք, քանի որ Քրիստոս հաղթեց աշխարհին; Դարձյալ հարց քրիստոնյաներիս,- մենք քաջալերվո՞ւմ ենք Քրիստոսի հաղթանակով, երբ նեղությունների մեջ ենք լինում; Երանի նրան, ով ,,այո,, կպատասխանի այս հարցին: Քրիստոս հաղթեց այս աշխարհին՝ դիմանալով ամեն տեսակ նեղության և հալածանքի ու խաչելության, այնպես ինչպես ծննդաբերող կինը համբերեց նեղության՝ հանուն լույս աշխարհ եկող նոր մարդու: բայց մենք այս ամենը կարդում ենք, լսում ենք, նաև հասկանում ենք, բայց մեր գործերը չեն փաստում այդ մասին; Այլապես քրիստոնեությունը գոնե Հայաստանում պետք է վաղուց ծաղկած կիներ և այդ ծաղիկների պտուղը տեսներ Հիսուս Քրիստոս, որը ամենքիս քանքար տվեց և գնաց, գալու ակնկալիքով;
Սիրելիներ, Աստծու խոսքը ամբողջությամբ հասկանալու համար մարդկային բանականություն բավարար չէ, եթե սուրբ հոգին մեջ չառաջնորդի, որպեսզի մենք հասկանանք, ապա մենք կարող ենք մեր տրամաբանությամբ սխալ ուղղությամբ գնալ: Սուրբ Հոգին է, որ մեզ հաստատում է ճշմարտության մեջ: Պետք չէ որ մենք մեր հայացքը հառենք ապագային, տեսնելու համար թե ինչ է պատահելու: Ապագան մեր ներկայի մեջ է, ինչպես որ մեր ներկան է, այնպես էլ կլինի մեր ապագան: Ինչպես որ մանանեխի հատիկը իր մեջ պարունակում է ապագա հսկայական ծառը, այնպես էլ մեր այսօրվա վարած կյանքը հիմք է դնում ապագայի մեկ օրվան; Չի կարող անպտուղ ներկան փայլուն ապագա ունենալ: Մեր օրինակները բազմազան են, մեր կյանքը շիտակ կազմակերպելու համար: Ամբողջ Աստվածաշունչը մեզ համար կյանքի ուղեցույց է, եթե մեր ձեռքում լինի իր խրատներով: Տեսեք, Հովհաննես ավետարանիչը ինչպիսի խոնարհությամբ է մեզ ներկայացնում աշակերտների տկարությունները, անկումները և աստիճանաբար հոգևոր զարթոնքը և հաղթանակը: Մենք նույնպես ունենք այդ հնարավորությունը առայժմ առանց հալածանքների ու ցավերի: Բաց չթողնենք մեր հնարավորությունը՝ դեպի փրկություն տանող ճանապարհի վրա, հատկապես որ մեզ անհայտ է այդ օրվա գալու ժամանակը: Ամփոփելով 16 րդ գլուխը տեղեկացանք սուրբ Երրորդության մասին, Նրա առանձին անձերի գործունեության մասին, որ միաձուլված են գործում կատարյալ սիրո մեջ՝ բացարձակ հավասարությամբ; Հայցենք Աստծու ողորմությունը, որպեսզի Ճշմարտության հոգին մեզ առաջնորդի այս խառնաշփոթ կյանքում, անորոշ ծրագրերի իրականացման մեջ շիտակ որոշում կայացնելու հարցում; Մենք էլ քաջալերվենք մեր նեղությունների ժամանակ՝ ի մտի ունենալով որ մեր Տէրը հաղթանակ է տարել աշխարհի և նրա իշխանի դեմ: Ավարտենք այստեղ այսօրվա սերտողությունը, խորհելով մեր կարդացածի շուրջ, որը պատահական չի գրվել, պատահական չի հասել մեզ, այլ մեր փրկության ծրագիրն է, որին պետք է տեղյակ լինենք օր առաջ:
Թող համբերության և մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ՝ հույսով առատանանք: