ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի. 16: 1-15
1 «Այս բաները ձեզի խօսեցայ, որպէս զի չգայթակղիք։ 2 Իրենց ժողովարաններէն դուրս պիտի ձգեն ձեզ ու ժամանակ ալ պիտի գայ, որ ամէն ո՛վ որ ձեզ սպաննէ, այնպէս պիտի սեպէ թէ Աստուծոյ պաշտամունք կը մատուցանէ։ 3 Եւ այս բաները ձեզի պիտի ընեն՝ անոր համար որ ո՛չ Հայրը ճանչցան, ո՛չ ալ՝ զիս։ 4Բայց այս բաները ձեզի խօսեցայ, որպէս զի երբ ժամանակը գայ, մտքերնիդ բերէք թէ ես ըսի ձեզի։ Այս բաները սկիզբէն չըսի ձեզի, վասն զի ես ձեզի հետ էի»։
ՍՈՒՐԲ ՀՈԳԻԻՆ ԳՈՐԾԸ
5 «Հիմա ես կ՚երթամ զիս ղրկողին քով եւ ձեզմէ մէ՛կն ալ չի հարցներ ինծի թէ ‘Ո՞ւր կ՚երթաս’։ 6 Բայց՝ որովհետեւ այս բաները ձեզի խօսեցայ, ձեր սրտերը տրտմութիւնով լեցուցան։ 7 Բայց ես ճշմարիտը կ՚ըսեմ ձեզի. ‘Աղէկ է ձեզի, եթէ ես երթամ. քանզի եթէ ես չերթամ, Մխիթարիչը ձեզի չի գար. բայց եթէ երթամ, զանիկա ձեզի պիտի ղրկեմ’։ 8 Եւ ինք երբ գայ, աշխարհը պիտի յանդիմանէ՝ մեղքի համար եւ արդարութեան համար ու դատաստանի համար։ 9 Մեղքի համար՝ որ ինծի չեն հաւատար. 10 Արդարութեան համար՝ որ ես իմ Հօրս քով կ՚երթամ եւ ա՛լ զիս պիտի չտեսնէք. 11 Եւ դատաստանի համար՝ որ այս աշխարհին իշխանը դատապարտուած է։ 12 Ձեզի տակաւին շատ բաներ ունիմ ըսելու, բայց հիմա չէք կրնար տանիլ։ 13 Իսկ երբ ինքը՝ ճշմարտութեան Հոգին՝ գայ, ամէն ճշմարտութեան պիտի առաջնորդէ ձեզ, վասն զի ո՛չ թէ ինքնիրմէ պիտի խօսի, հապա ինչ որ լսէ՝ զայն պիտի խօսի ու գալիքները ձեզի պիտի պատմէ։ 14 Անիկա զիս պիտի փառաւորէ, վասն զի իմինէս պիտի առնէ ու ձեզի պատմէ։ 15 Այն ամէն բաները, որոնք Հայրը ունի՝ իմս են. անոր համար ձեզի ըսի թէ իմինէս պիտի առնէ ու ձեզի պատմէ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն սիրելի հավատացյալներ. եթե ուշադիր եք եղել, վերջին գլուխների ընթերցանությունների ժամանակ Տէր Հիսուս խոսում և ուսուցանում է միայն Իր աշակերտներին, և այդ ուսուցումների ժամանակ չկան փարիսեցիներ և օրենսգետներ: Ուսուցումը ամբողջովին վերաբերում է Իր երկրային կյանքի վերջին օրերին սպասվող իրադարձություններին, և հնարավորինս փորձում է աշակերտներին տեղեկացնել բացարձակ ճշմարտությունների մասին, նաև այն մասին, որ գալիք փորձություններից անմասն չեն մնալու նաև աշակերտները:Աշխարհի և մարդկանց ատելությունը ուղղվելու է նաև առաքյալներին, որովհետև նրանք պիտի քարոզեն Քրիստոսի ավետարանը՝ ողջ աշխարհում; Նախորդ համարների մեջ խոսեցինք այն մասին, որ առաքյալները ամբողջությամբ չէին հասկանում այն ամենը, ինչ մասին խոսում էր իրենց Վարդապետը: Սակայն Վարդապետը գիտեր, որ առաքյալները ամբողջությամբ հասկանալու են միայն Մխիթարիչ Սուրբ Հոգու միջոցով, որը գալու է Իր Համբարձումից տաս օր հետո: Թեպետ Տէր Հիսուս խոսում էր նաև Սուրբ Հոգու գալստյան մասին, բայց միևնույն է առաքյալները տխրում էին իրենց մտքում, որ բաժանում է տեղի ունենալու իրենց սիրելի Վարդապետից: Անշուշտ գնահատելի է աշակերտների մարդկային ազնիվ ու հավատարիմ տկարությունը, որ ունեին իրենց Վարդապետի նկատմամբ: Այդ տկարությունը, որը արտահայտվում էր իրենց հավատարմությամբ, գնահատվեց նաև Հիսուս Քրիստոսի կողմից: Նա այդ տասներկուսին ընտրել էր աշխարհից, որպեսզի շարունակեն Իր վարդապետությունը, բայց նրանք այս աշխարհից չէին իրենց պարզությամբ; Տէր Հիսուս ամեն ձևով փորձում էր իր ասելիքը հնարավորինս մատչելի տալ աշակերտներին, սակայն նրանք պարզ չէին հասկանում;Երբեմն մենք էլ կարդալիս, ասում ենք, որ կարելի էր ավելի հասկանալի բառերով ասել, բայց մոռանում ենք, որ մենք բազմաթիվ անգամներ ենք կարդացել նույն տողերը և մեզ համար արդեն հասկանալի է, թե որից հետո ի՛նչ է լինելու:
Այսօրվա սերտողությունը, որ կարդացի ձեզ համար, նույնպես սկսվում է մի անորոշ մտքով, որ Տէր Հիսուս ասում է աշակերտներին, թե, Այս բաները ձեզ ասացի, որպեսզի գայթակղությունից հետ մնաք: Աշակերտները նույնիսկ չէին պատկերացնում, թե իրենց գայթակղությունները որ կողմից էին գալու, չնայած, որ լսել էին քանի անգամ, որ Քրիստոսի հետևորդներին ժողովարաններից դուրս են հանում և արգելում են այնտեղ մտնել; Վերջին օրինակը որ հիշում ենք, ի ծներ կույրի ծնողներին էին, որոնք վախենում էին վկայություն տալ իրենց որդու համար և ասում էին, որ ինքը չափահաս է, իրեն հարցրեք; Մտավախություն կար, որ փարիսեցիները իրենց կարգելեին ժողովարան մտնել՝ Հիսուսին հետևելու համար: Նույնիսկ այն աստիճան պետք է լինի ատելությունը, երբ մի առաքյալ սպանեն, կարծելու են թե Աստծուն պաշտամունք մատուցեցին; Այս բաները անելու են այն մարդիկ, որոնք չճանաչեցին ոչ Աստծուն և ոչ էլ Աստծու Որդուն: Բավական է հիշել, օրինակ՝ Պողոս առաքյալի նախկին կյանքը, որ իրեն թվում էր թե ինքը Աստծուն ծառայություն է մատուցում՝ քրիստոնյաներին հալածելով; Ունենք նաև Ստեփանոս նախավկայի օրինակը, որին քարկոծելով սպանությանը ներկա էր նաև Պողոս առաքյալը՝ մինչև իր դարձի գալը: Ընդ որում Ստեփանոսին և մյուս առաքյալներին սպանում էին որպես Աստծու թշնամիներ: Դուք պետք է համբերեք այդ նեղություններին, քանի որ ճանաչեցիք Ինձ և Հորը, և դա ձեզ համար երանություն պետք է համարվի, քանի որ այդպես են վարվել նաև ձեր նախորդների հետ; Այս բոլոր նեղությունների և մահերի մասին տեղեկացնում է աշակերտներին, որպեսզի չմտածեն, որ իրենց միայն հրաշքներին, բժշկություններին և լավագույն ուսուցումներին է մասնակից դարձրել; Այլ տեղեկացրել է գալիք տանջանքների մասին, քանի դեռ դրանք չեն եղել, որպեսզի կատարվելու ժամանակ Սուրբ Հոգին հիշեցնի, և իրենք գրեն այդ մասին;Նաև զգուշացնում է, որպեսզի նախապատրաստվեն հոգով և հավատքով, զորանան իրենց վարդապետի մխիթարող ու գոտեպնդող խոսքերով, որ պարբերաբար ասում է իրենց: Ասում է այս բոլորը, որովհետև շուտով Ինքը գնալու է և աշակերտները մենակ են գործելու Սուրբ հոգու առաջնորդությամբ; Այսքան ծանր խոսքեր լսելուց հետո աշակերտները որոշում չկայացրին հեռանալ և գնալ իրենց անմեղ գործին, որ ձկնորսությունն էր: վախեր ունեցան, բայց ընդմիշտ չհեռացան, քանի որ աշխարհի հետ շատ կապված չէին իրենց բնույթով, ուղղակի իրենք էլ օժտված էին մարդկային տկարություններով, ինչպես շատերը:
Աշակերտները լսեցին, որ իրենց հետ նման անարդարություններ են պատահելու, դարձյալ տրտմեցին: Վերջին դեպքերի մասին Տէր Հիսուս իրենց նախապես չէր ասել, քանի որ դեռ աշակերտների հետ էր, բայց ժամանակը մոտեցել էր և հարկ էր որ նրանք իմանային նաև իրենց տանջանքների մասին; Թեպետ այս հալածանքները սկզբից էլ եղել են Հիսուս Քրիստոսի անձի հանդեպ և նրան հետևողների հանդեպ, Բայց նրանց ոչինչ չի պատահել, քանի որ Քրիստոս իրենց հետ է եղել: Աշակերտները իրեն տրտմությունից նույնիսկ չեն հարցնում, թե,- Ու ես գնում, Վարդապետ; Հիսուս փորձում է այս անգամ փոքր ինչ մխիթարել նրանց սրտերը, ասելով, որ գուցե Իր ներկայությունը հաճելի է աշակերտներին, բայց դա օգտակար չէ նրանց համար, և մշտակն չի կարող լինել Իր ներկայությունը, Բայց աշակերտները պետք է ուրախանան մեկ այլ ուրախությամբ, որ իրենք չբաժանվելով Հիսուսից՝ սրտով, ընդունելու են Սուրբ Հոգին, որը առաջնորդելու է իրենց հավիտյան; Սիրելիներ, Հիսուսի սերը իր առաքյալների նկատմամբ, քննարկման հարց չէ, բայց տեսեք, որ Տէր Հիսուս մերժեց նրանց ցանկությունը, որ չէին կամենում բաժանվել իրենց սիրելի Վարդապետից, այլ բացատրելով արեց նրանց համար օգտակարը, ոչ թե հաճելին; Մենք մեր կյանքի մեջ այս սահմանը չենք կարողանում ճիշտ գծել, որովհետև մեր զավակների, ինչու չէ նաև մեզ համար միշտ անում ենք հաճելին, ոչ թե օգտակարը: Աշակերտները դեռ լավ չէին պատկերացնում, որ իրենց մաս են կազմելու աշխարհի մարդկության փրկության ծրագրին, այլ կամենում էին որ իրենց վարդապետը միշտ իրենց հետ մնա և իրենք ապահով կլինեն; Բայց Հիսուս բացատրում է նրանց, որ եթե Ինքը չմեռնի աշխարհի մարդկության մեղքերի համար և չգնա Հոր մոտ, Մխիթարիչը չի կարող գալ: Մատթևոսի ավետարանի մեջ կարդացինք, որ աշակերտներին զգուշացրեց, որ ձեզ թագավորների և ատյանների առաջ կտանեն, բայց դուք չմտահոգվեք թե ինչ եք խոսելու, ձեզ կտրվի այն ինչ պետք է խոսեք: Նրանք այն ժամանակ չգիտեին Մխիթարիչ Սուրբ Հոգու մասին, որը գալու է աշխարհին ապացուցելու, որ նա սխալ է մեղքի և արդարության հարցում և դատաստանի հարցում; Ի՞նչ է նշանակում այս խոսքերը: Ի՞նչ է անելու Մխիթարիչ Սուրբ
Հոգին, երբ աշխարհ գա; Ի՞նչ օգուտ կա դրանից: Այս հարցերը շատերի համար է հետաքրքիր, և երբեմն էլ նույնիսկ անհասկանալի, քանի ու չգիտեն Սուրբ Հոգու զորությանը:
Կգա Մխիթարիչ Սուրբ Հոգին, կապացուցի աշխարհին իր մեղքը, կապացուցի, որ աշխարհը մեղանչում է անհավատության պատճառով;Մարդիկ կտեսնեն, որ Սուրբ Հոգին աշակերտների միջոցով կատարում է հրաշքներ և զորավոր գործեր՝ Իմ անունով: Սրանք այն մարդիկ են, որոնք ասում էին թե սա հյուսնի որդին չէ՞, չնայած որ Հիսուս իրենց ներկայությամբ հազարավոր հրաշքներ գործեց, բայց միևնույն է նրանք չհավատացին; Բայց երբ Սուրբ Հոգին գա և դարձյալ Իմ անունով կատարված հրաշքներին չհավատան, ապա նրանց մեղքը այլևս չի ներվի: Այդժամ Սուրբ հոգին ցույց կտա, որ նրանց մեղքը չհավատալու հարցում դարձավ աններելի: Սուրբ Հոգին կբացահայտի նաև Հիսուսի արդարություն գաղտնիքը, որին դարձյալ չէին հավատում, որ Աստծուց է եկել: Որովհետև ո՛չ ոք չի կարող Աստծու մոտ գնալ, եթե արդար չէ: Սուրբ Հոգին նաև կապացուցի հրեաներին, որ նրանք անարդարացի գտնվեցին և արդարին խաչեցին, որպես Աստծու թշնամի: Եթե Հիսուս Աստծու հակառակ լիներ, ապա երեք անգամ երկնքից չէր լսվի Հոր ձայնը, թե Դա է Իմ Որդին; Սուրբ Հոգին աշխարհի կապացուցի նաև դատաստանի հարցում, քանի որ այս աշխարհի իշխանը դատապարտված է Քրիստոսից: երբ հրեաները մեղադրում էին Հիսուսին՝ Բէեղզեբուղի հետ համագործակցելու հարցում, ամոթով կմնան, քանի ու Սուրբ Հոգին կապացուցի աշխարհին, որ Հիսուս պարտության մատնեց աշխարհի իշխանին ինչպես անապատում, այնպես էլ խաչի վրա: Հիսուս չէր կարող հաղթել աշխարհի իշխանին, եթե նախ նրանից հզոր չլիներ և երկրորդ՝ մեղքից ազատ չլիներ: Սուրբ հոգին պիտի ցույց տա բոլոր անհավատներին, որ նրանք մեղքի մեջ են իրենց անհավատության պատճառով: Տէր Հիսուս շատ բաներ ուներ ասելու, բայց աշակերտները պատրաստ չէին հասկանալու այդ ամենը: Բայց երբ գար սուրբ հոգին, և հեղվեր նրանց վրա, տալով նրանց բազում շնորհներ, առաքյալները արդեն կհասկանային ամեն բան, կվերհիշեին բոլոր այն ուսուցումները որ Տէր Հիսուս խոսել էր Իրենց, և իրենք էլ այդ ուսուցումը Քրիստոսի անունով պետք է փոխանցեին աշխարհին; Իսկ աշխարհում միշտ էլ եղել են անհավատներ, որոնց սրտում անելիք չունի Սուրբ հոգին;
Երբ Հիսուս շատ բաներ կարող էր խոսել իր մեծության մասին, բայց դա չարեց, նախ՝ հրեաների համար գայթակղություն չլինելու համար, երկրորդն էլ առաքյալների համար դրանք անհասկանալի կլիներ: Հետևաբար Սուրբ հոգու գործունեության գլխավոր պայմանը Տէր Հիսուսին ճշմարտապես ներկայացնել էր և Նրա զորավոր ուսուցումը ի կատար ածելը՝ աշակերտների միջոցով: Մարդկանց պետք է սովորեցներ ծառայել Աստծու հոգով և ճշմարտությամբ; Երբ Տէր Հիսուս ներկայացնում էր Մխիթարիչ Սուրբ Հոգուն, որը պետք է գար և ապացուցեր աշխարհին որոշ բաներ, սա ամենևին չի նշանակում, որ Սուրբ Հոգին ավելի մեծ էր քան Հիսուս Քրիստոս: Մենք նախորդ սերտողության մեջ էլ անդրադարձանք, որ Սուրբ Երրորդության երեք անձերը հավասար են միմյանց և գործում են միասնաբար, անբաժանելի, և հավիտյան;
Ինչպես որ Տէր Հիսուս իր ուսուցումների ժամանակ ասում էր, Ինքն իրենից ոչինչ չի ասում, այլ ինչ որ Հայրն է ասում: Նույն կերպ էլ ասում է Սուրբ Հոգու մասին, որ Ինքն իրենից ոչինչ չի սովորեցնում, այլ այն ինչ նախապես ուսուցանել է Հիսուս Քրիստոս: Ինչպես որ Պողոս առաքյալն է ասում,- Աստված մեզ ամեն բան հայտնեց Իր Հոգով, որովհետև Հոգին քննում է ամեն ինչ, նույնիսկ Աստծու խորունկ ծրագրերը, քանզի մարդկանցից ո՞վ է, որ բան գիտե մարդու մասին, եթե ոչ մարդու հոգին, որ մարդու մեջ է: Նույնպես և ոչ ոք չգիտե Աստծու խորհուրդները, եթե ոչ՝ Աստծու Հոգին: Ուրեմն մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ՝ այն Հոգին, որ Աստծուց է, որպեսզի ճանաչենք այն, որ Աստծուց շնորհվեց մեզ;Ա. Կորնթ, 2:10 Սիրելիներ, մարդկային բնության համար չկա ավելի հետաքրքիր բան, քան իմանալ ապագայի մասին: Տէր Հիսուս նաև այս հարցում է մխիթարում աշակերտներին, որ Մխիթարիչը կգա և ամենայն ճշմարտությամբ կառաջնորդի ձեզ, ոչ թե Ինքն Իրենից, այլ ինչ որ լսի, այն կխոսի և կպատմի ձեզ նաև գալիք բաների մասին; Այսպիսով սուրբ հոգին փառավորում է Հիսուս Քրիստոսին, քանի որ ինչ որ հայտնելու է աշակերտներին, առնելու է Հիսուս Քրիստոսից: Որովհետև ինչ որ Հայն ունի, Տէր Հիսուսին է պատկանում, և սուրբ հոգին վերցնելով Հիսուսից հայտնում է մարդկանց; Սուրբ հոգին կգա և կօգնի աշակերտներին՝ հետագա փորձությունների մեջ:Սուրբ հոգին կօգնի բոլոր նրանց, որոնք փնտրում են Աստծու Որդու ուսուցումը և կլուսաբանի նրա համար, որպեսզի ճշմարտությամբ հավատա և ճշմարտությամբ դավանի ու երկրպագի ամենքի Աստծուն: Սիրելիներ, եթե մենք հավատարիմ մնանք Քրիստոսի ուսուցմանը և պատգամներին, ապա Սուրբ Հոգին մեզ կառաջնորդի ճշմարտությամբ և մենք շատ չենք սխալվի: Սուրբ հոգու օգնությունն ու առաջնորդությունն եմ մաղթում ամենքիդ՝ Աստծու կամքի մեջ մնալու հարցում: Թող Ավետարանի այս համարների սերտողությունը զորացնի մեր հավատքը, որպեսզի Սուրբ հոգին մեզնից երբեք չհեռանա մեղքի պատճառող;
Թող համբերության և մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ՝ հույսով առատանանք: