ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի. 15: 18- 27
ԱՇԽԱՐՀԻ ԱՏԵԼՈՒԹԻՒՆԸ
18 «Եթէ աշխարհ ձեզ ատէ, գիտցէք թէ ձեզմէ առաջ զիս ատեց։ 19 Եթէ աշխարհէն եղած ըլլայիք, աշխարհ իրենները կը սիրէր. բայց որովհետեւ աշխարհէն չէք, հապա ես ձեզ աշխարհէն ընտրեցի, անոր համար աշխարհ ձեզ կ՚ատէ։ 20 Մտքերնիդ բերէք այն խօսքը, որ ձեզի ըսի թէ՝ ‘Ծառան իր տիրոջմէն մեծ չէ’։ Եթէ զիս հալածեցին, ձե՛զ ալ պիտի հալածեն։ Եթէ իմ խօսքս պահեցին, ձե՛րն ալ պիտի պահեն։ 21 Բայց այս ամէն բաները պիտի ընեն ձեզի՝ իմ անուանս համար, վասն զի չճանչցան զանիկա որ զիս ղրկեց։ 22 Եթէ ես եկած եւ անոնց խօսած չըլլայի, անոնք մեղք չէին ունենար. բայց հիմա իրենց մեղքին պատճառանք մը չունին։ 23 Ան որ զիս կ՚ատէ, իմ Հայրս ալ կ՚ատէ։ 24 Եթէ այն գործերը իրենց մէջ ըրած չըլլայի, որոնք ուրիշ մէկը չէ ըրած, անոնք մեղք չէին ունենար. բայց հիմա տեսան ու ատեցին զիս ալ, իմ Հայրս ալ։ 25 Սակայն այս եղաւ որպէս զի կատարուի այն խօսքը, որ իրենց օրէնքին մէջ գրուած է, թէ՝ ‘Զուր տեղը զիս ատեցին’։ 26 Բայց երբ Մխիթարիչը գայ, որ ես Հօրմէն ձեզի պիտի ղրկեմ, ճշմարտութեան Հոգին՝ որ Հօրմէն կ՚ելլէ, անիկա ինծի համար պիտի վկայէ։ 27 Եւ դուք ալ կը վկայէք, վասն զի սկիզբէն ի վեր ինծի հետ էք»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալներ. Ինչո՞ւ աշխարհը ատեց Քրիստոսին, այնուհետև առաքյալներին: Մեր օրերում էլ առանձնապես տարբեր չէ պատկերը: Հռոմեական իշխանություն երբ լսեց Քրիստոսի մասին, երբեք չհավատաց, որ այդ մարդը կարող է թագավոր լինել Իսրայելի համար: Որովհետև ցանկացած իշխանավոր պատկերացնում է, որ հաղթել կարելի է միայն զորքով ու զենքով: Հրեական իշխանավորներն էլ նույն կերպ էին մտածում Քրիստոսի մասին, որ չի կարող քաղաքից քաղաք շրջող ու մարդկանց բուժող բարի մի մարդ հաղթանակ տանել պատերազմում և դառնալ թագավոր: Նայած թե ուժ ասելով, ով ինչ է հասկանում: Հռոմը երբեք չէր կարող մտածել, որ ուժը կարող է խաչի վրա մեռնել, այլ հակառակը՝ ուժը բոլորին խաչն է հանում և ինքը հաղթանակած է դուրս գալիս: Քրիստոս ընտրեց այնպիսի զոհաբերության ձև, որը դարերի ընթացքում քննվում է և քչերին է հասկանալի դառնում այդ զոհաբերության ուժն ու զորությունը:Քաղաքական իշխանության պատկերացմամբ սեփական անձը փրկելու համար կարող ես ոչնչացնել, հալածել, սպանել, զրկել, դատապարտել և այլն; Իսկ Քրիստոնեության տեսանկյունից քո անձը պետք է տաս այլոց փրկության համար: Եթե քեզ և քո ներքին մարդուն դեռ չես հաղթել, մնացած հաղթանակները արյունով են լինելու: Սա է տարբերություն քաղաքական իշխանության և Քրիստոսի իշխանության տարբերությունը, և պատճառը, թե ինչու Քրիստոսին չհավատացին և խաչը հանեցին: Այստեղից կարելի է հետևություն անել, որ քրիստոնեությունը պարտադրանքի կրոն չէ, քրիստոնեությունը ապրելու կրոն է, երբ քրիստոնյայի կյանքը տեսնողը պետք է հասկանա քրիստոնեություն բուն իմաստը: Ահա թե ինչու Քրիստոսին չեն հավատում նաև մեր օրերում, որովհետև քրիստոնյաներից շատերի կյանքը տարբեր չէ հեթանոսների կյանքից: Երբ Քրիստոս ժամերով խոսում էր և աշակերտները չէին հասկանում, ու չէին պատկերացնում թե ինչ է խոսում, պատճառն այն էր, որ դեռ Մխիթարիչ Սուրբ Հոգին չէր եկել ու հանգրվանել նրանց սրտում: Իսկ հետագայում տեսանք, թե առաքյալների կյանքի օրինակով որքան մարդ դարձի եկավ ու ընդունեց Քրիստոսին;Այսօրվա հատվածը, որը միասին պետք է սերտենք, Տէր Հիսուս զգուշացնում է աշակերտների հետագա ատելության մասին, որը պետք է զգան աշակերտները իրենց հանդեպ՝ Քրիստոսի անվան համար:
Քանի որ Քրիստոսի ատեցին առանց պատճառի, ուրեմն աշակերտների կատեն անկասկած, քանի Քրիստոսի խոսքը, որ իմաստություն է, այս աշխարհի համար գայթակղություն է և անընդունելի է: Ինչպես որ Պողոս առաքյալն է կորնթացիներին ասում,- Իմաստությունը քարոզվում է հոգեպես կատարյալներին, իմաստություն, որն այս աշխարհինը չէ: Այս աշխարհի կործանման սահմանված իշխանների իմաստությունը չէ, որ քարոզում ենք ձեզ, այլ՝քարոզում ենք Աստծու խորհրդավոր, թաքուն իմաստությունը, որը ծածկված է մարդկանցից: Այս աշխարհի իշխաններից և ոչ մեկը չճանաչեց այն, որովհետև եթե ճանաչած լինեին, արդարև փառքի Տիրոջը չէին խաչի:Ա.Կորնթ.2:6 Սիրելիներ, այս խոսքերը ասում է Պողոս առաքյալը իր դարձի գալուց հետո, ոչ թե մինչև Քրիստոսի լույսը տեսնելը; Որովհետև մինչև Քրիստոսի իրեն հայտնվելը ինքը ավելի վատ տեղում էր, քան աշակերտները, որ միայն լսում և չէին հասկանում ասածը: Այսպես է Քրիստոսի խոսքը, որ թափանցում է մարդու սրտի մեջ, Սավուղին Պողոս առաքյալ է դարձնում; Հեթանոսին մկրտել է տալից, Դիվահարին բժշկում է և անառակին վերադարձնում է վատ ճանապարհից: Սա է ուժը, սա է զորությունը, սա է իշխանությունը, որ այդպես է չհասկացան ինչպես ժամանակի անհավատները, այնպես էլ չեն հասկանում մերօրյա անհավատները:
Սիրելիներ, եթե մենք էլ մեզ նայենք անցյալում, թե ո՞վ ենք եղել առանց Քրիստոս, երբ չենք ճանաչել Նրան ու տեղյակ չենք եղել Նրա խոսքից, ապա շատ տարբեր չի լինի պատկերը նրանց համեմատ, որոնք չեն հավատում Քրիստոսին; Իսկ այսօր երբ ճանաչում ենք և տեղյակ ենք Նրա կենդանարար խոսքից, մեզ էլ լավ աչքով չեն նայում որոշ անհավատներ, նույնիսկ որոշ՝ անունո՛վ քրիստոնյաներ, որոնք բավարարված են միայն մկրտությամբ և քրիստոնյա անվամբ; Քրիստոս էր ընտրել այդ աշակերտներին նույն աշխարհից, որը հետագայում պետք է ատեր և Իրեն և Իր անունը քարոզող աշակերտներին: Այդ ատող աշխարհը, որի մասին խոսում է Քրիստոս, դուրս է Քրիստոսի եկեղեցու սահմաններից: Սակայն քիչ չեն եղել դեպքեր, երբ մարդիկ դուրս են եկել եկեղեցուց և միացել են աշխարհին; Քիչ չեն պատահել նաև դեպքեր, երբ աշխարհից գտնվել են մարդիկ, որոնք թողել են աշխարհը և միացել են եկեղեցուն՝ ներշնչվելով Քրիստոսի խոսքից, և սիրել են Քրիստոսին: Սա այն աշխարհն է, որտեղ միասին աճումեն ցորենն ու որոմը: Երբեմն հնարավոր չէ տարբերել ցորենը որոմից, բայց այնքան ժամանակ մինչև հասունանում է ցորենը և երևում է տռուզ հասկը: Ինչպես որ Տէր Հիսուս ասաց, թե պտուղներից կճանաչեք իրենց: Ինչո՞ւ է աշխարհը ատում Քրիստոսին, և Իր հետևորդներին: Որովհետև Քրիստոսի հետևորդը մերժում է աշխարհի գործերը, որ Աստծուց չեն: Տէր Հիսուս Իրեն հետևողներին նաև աղ անվանեց որոնք պետք է աշխարհի համը փոխեին: Գիտեք, որ աղը որոշ դեպքերում նաև սուր մրմուռ կարող է պատճառել:Օրինակ վերքի վրա եթե աղ լցվի, ցավ կպատճառի, կամ եթե աչքի մեջ ընկնի: Եթե աղ պայմանական համարենք Քրիստոսի խոսքը, ապա այդ խոսքը նույնպես կարող է ոմանց ցավ և տհաճություն պատճառել՝ լսելու դեպքում; Ավետարանի խոսքը վերաբերում է բոլոր մարդկանց, անկախ այն բանից նրանք հետևորդ են թե ոչ: Քանի որ մարդկային բնությունը մեղավոր է և խոցելի է, իսկ Աստծու խոսքը միշտ ճշմարտություն է և խոցում է մեղավոր մարդկանց, որից հետո ապաքինում իր բուժիչ բալասանով:
Տէր Հիսուսի բացատրությունը աշխարհի ատելության մասին, հստակ է, քանի որ երբ օրենքը չկար, մարդը չգիտեր մեղքի մասին, ավելի շուտ չգիտեր, թե իր կատարածը արդյո՞ք մեղք է: Բայց երբ օրենքը եկավ, մեղքը բացահայտվեց; Իսկ Տէր Հիսուս աշխարհ եկավ ու պարզաբանում մտցրեց ամեն ինչի մեջ; Մեղքը՝ մեղք համարեց, արդարությունը՝ արդարություն; Եթե մեկը գիտե օրենքը և դարձյալ մեղանչում է, նշանակում է անտեսում է օրենքը և օրինազանց է: Հիմա աշակերտներին տեղեկացնում է, որ Ինքը եկավ և պատվիրանը տվեց բոլոր մարդկանց; Եթե Ինքը եկած չլիներ ու մարդիկ առանց պատվիրան գործեին, ապա նրանք որևէ մեղք չէին ունենա; Բայց հիմա գիտեն և մեղք են գործում, և նրանց մեղքին արդարացում չկա: Ինչու համար չկա, որովհետև անտեսեցին պատվիրանը և չճանաչեցին Նրան, ով ուղարկել էր Հիսուս Քրիստոսին; Խոսքը հրեա քահանայապետների և օրենսգետների մասին է, որոնք գիտեին գրքերը, տեղյակ էին Մեսիայի գալուն և հիմա անտեսում են Նրա խոսքը, որ լսում են; Հիշեցնում է աշակերտներին այն խոսքը, որ նախօրոք ասել էր նրանց, թե աշակերտը մեծ չէ իր ուսուցչից: եթե վարդապետին հալածեն, ապա աշակերտին էլ կհալածեն; Իսկ եթե վարդապետի խոսքը պահեցին, աշակերտների խոսքն էլ կպահեն; Ճիշտ է օրենսգետներն ու հոգևոր վարդապետները չհավատացին Հիսուսին՝ որպես Մեսիա, որպես Աստծու Որդի, բայց մենք տեսանք, որ հազարավորներ հետևեցին Նրան և լսեցին Նրա խոսքը: Կարելի է համեմատել մեր օրերի հետ և տեսնել որ այս հարցում էլ պատկերը տարբեր չէ: Քրիստոնեությունը տարածված է ողջ աշխարհում, բայց ժամանակակից աշխարհը կամենում է մեղքը օրինականացնել և ոչ մի ջանք չի խնայում դա անելու համար: Քանի որ աշխարհը անտեսել է Տէր Հիսուսի վերը նշված խոսքը, թե,- Եթե Ես եկած և խոսած չլինեի,նրանք որևէ մեղք ունեցած չէին լինի, բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկա: Սիրելիներ, նայենք մեր շուրջը և համոզվենք այս խոսքերի բացարձակ ճշմարտության վրա: Աշխարհը մեղքի մեջ է, և կամենում է օրինականացնել մեղքը՝ ներքաշելով լայն մասսաներին այդ մեղքի մեջ;մեր օրերում որքան որ մեղքը շատանում է, այնքան Քրիստոսի խոսքը հասանելի է դառնում մեզ, թե ինչու է աշխարհը ատում Քրիստոսին և Քրիստոսի եկեղեցուն ու հետևորդին;
Հիսուս Քրիստոս Հոր սիրո նախանձախնդրությունից դրդված է ասում, - Եթե մեկը ատում է ինձ, ապա ատում է Հորը:Բացի այն ուսուցումները որ Հիսուս արեց այդ ժողովրդի մեջ, հազարավոր զորավոր գործեր նույնպես արեց, որպեսզի մեկը խոսքով, մեկը գործով դարձի գան և ապաշխարեն: Այս գործերը նույնպես վկաներ են լինելու և դատաստանի օրը դատելու են այն մարդկանց, որոնք տեսան գործերը և դարձյալ չհավատացին; Այդպիսի գործեր իրենց մեջ դեռ ոչ ոք չէր կատարել;Ուսուցումը լսելուց, և գործերը տեսնելուց հետո ատեցին Հիսուսին և Հիսուսին ատելով ատեցին նաև Հորը; Քանի որ Հիսուս ամեն ուսուցման մեջ նշում է, որ Հայրն է իրեն ուղարկել և Ինքը կատարում է Հոր կամքը: Իսկ հրեա ազգը ճանաչում էր Աստծուն և քաջատեղյակ էր գրքերից, որտեղ գրված էր մարգարեություն Հիսուսի մասին, թե՝ ատեցին Նրան առանց պատճառի: Բայց պիտի գա Մխիթարիչ Սուրբ Հոգին, որին կուղարկի Տէր Հիսուս Հոր կողմից, և Նա կվկայի Քրիստոսի մասին: Որովհետև Նա ճշմարտության Հոգին է, որ ելնում է Հորից: Մխիթարիչ Սուրբ Հոգին աշակերտների միջոցով էլ վկայել կտա Քրիստոսի մասին, քանի որ աշակերտները հենց սկզբից Հիսուսի հետ են եղել բոլոր գործերի կատարման ժամանակ; Բոլոր ուսուցումների և բժշկությունների կենդանի վկաներն են եղել աշակերտները Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի բոլոր օրերին;
Սիրելիներ, Սուրբ Հոգին Մխիթարիչ է կոչվում, որովհետև Նա աստվածային հզոր զորություն է, և Երրորդության անձերից մեկն է և Նրա միջոցով է ամեն խոսք պետք է հիշեին աշակերտները՝ Քրիստոսի երկինք համբարձվելուց հետո; Սուրբ Հոգին մխիթարում է նաև մեզ, մեր նեղությունների ժամանակ: Հատկապես արթնացնում է մեզ սուրբ Գրքի ընթերցանության ժամանակ՝ Աստծու խոսքի լուսաբանման ժամանակ; Բոլորդ էլ լսել եք, երբ մեկը վշտի մեջ է, Սուրբ հոգու մխիթարությունն են կամենում նրան: Եթե հիշում եք, օրեր առաջ, մինչև Հովհաննեսի ավետարանի սերտողությունը սկսելը, ես ձեզ խոսեցի Սուրբ Հոգու մասին շատ հանգամանալից:եթե ուշադիր եղաք, այստեղ Տէր Հիսուս ևս նշեց, որ Սուրբ Հոգին ելնում է Հորից: Չի ասում Ինձնից և Հորից, այլ ասում է Հորից, բայց Որդու միջոցով է որ պետք է Հայրը ուղարկի Սուրբ Հոգին և աշակերտները զորություն ստանան և հիշեն այն ամենը ինչը խոսել էր իրենց հետ առաջին օրից սկսած: Սուրբ Հոգու ներշնչմամբ ու հիշեցմամբ էր որ գրվեց ավետարանները, առաքյալների թղթերը և նամակները: Սուրբ Հոգու շնորհն է, որ Պետրոսի քարոզությունից երեք հազար մարդ դարձի եկավ, մյուս աշակերտների զորավոր գործերը կատարվեցին;
Սուրբ Հոգին գիտե այն ամենը, ինչ որ գիտե Որդին Հոր մասին: Որդին վկայում է Սուրբ Հոգու մասին, իսկ Սուրբ Հոգին վկայում է Հոր և Որդու մասին: Իսկ եթե ձեզ մոտ հարց առաջանա այն մասին, թե, եթե սուրբ հոգին վկայում է Որդու մասին, այլևս ինչ կարիք կամ որ աշակերտները ևս վկայեն Քրիստոսի մասին; Քանի որ խոսքի ավարտի Տէր Հիսուս ասաց, Սուրբ Հոգին կվկայի Իմ մասին, կվկայեք նաև դուք; Պետք է իմանաք, որ Սուրբ Հոգին կարող է վկայել Քրիստոսի եկեղեցու միջոցով, Քրիստոսին հավատացող ու դավանող ամեն քրիստոնյայի միջոցով:Երբ Հոգեգալուստին աշակերտները լցվեցին Սուրբ հոգով, մենք կարդում ենք, թե ինչպես էին վկայում Քրիստոսի մասին յուրաքանչյուրը մի լեզվով, որպեսզի ներկաները, որոնք լսում էին, նույնպես հավատային Քրիստոսին; Եթե ձեզ մոտ ցանկություն է առաջանում խոսել Ավետարանից, կամ Աստծու խոսքով ուզում եք կիսվել ձեր մերձավորի կամ մտերիմի հետ, վստահ եղեք, որ դա Սուրբ Հոգու ներգործությունն ու ձայնն է, որպեսզի դուք էլ վկայեք Քրիստոսին հարմար առիթի ժամանակ; Սուրբ Հոգի սիրո հոգին է, որը կամենում է միացնել ողջ աշխարհի այն հոգիներ, որոնք Աստծուն են փնտրում; Քանի որ սերը իրենը չի՛ փնտրում, բայց աշխարհը միայն իրենն է փնտրում; Մենք խոսեցինք այսօր այն մասին, որ աշխարհը ատելու է այն մարդկանց, որոնք վկայելու են Քրիստոսի մասին: Այստեղ պետք չէ թյուրիմացության մեջ ընկնել, եթե մեկին հալածում, ատում, կամ մեղադրում են իր սեփական մեղքերի համար, այս ատելությունը այն ատելությունը չեմ որի մասին խոսում է Քրիստոս իր աշակերտներին: Այսօրվա ուսուցման մեջ մենք սովորեցինք երեք կարևոր բան. Սուրբ Հաղորդության միություն Քրիստոսի եկեղեցու մեջ, հալածանք Քրիստոսի եկեղեցու մեջ, որի համար պետք չէ վախենալ, քանի որ կգա Մխիթարիչ Սուրբ Հոգին, և երրորդը որ Սուրբ Հոգին ելնում է Հորից: Հայր Աստված է, Որդին Աստված է, Սուրբ Հոգին Աստված է: Երեք անձեր են և մի աստվածություն է սուրբ Երրորդության անունով, որով մկրտվում ենք մենք, որպեսզի կարողանանք սուրբ Հաղորդության միության մեջ լինենք միմյանց հետ: Փառք Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ հոգուն հավիտյանս հավիտենից: Ամեն;
Թող համբերության և մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ՝ հույսով առատանանք: