ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի. 15:1- 17
ՅԻՍՈՒՍ ՃՇՄԱՐԻՏ ՈՐԹԸ
1 «Ես եմ ճշմարիտ որթը եւ իմ Հայրս մշակն է։ 2 Ամէն ճիւղ որ իմ վրաս է ու պտուղ չի բերեր, կը կտրէ զանիկա։ Ան որ պտուղ կը բերէ, կը մաքրէ զանիկա, որպէս զի ա՛լ աւելի պտուղ բերէ։ 3 Դուք հիմա մաքուր էք այն խօսքով որ ձեզի խօսեր եմ։ 4 Իմ մէջս կեցէք ու ես ձեր մէջ։ Ինչպէս ճիւղը չի կրնար ինքնիրմէ պտուղ բերել, եթէ որթին վրայ հաստատուած չըլլայ, նոյնպէս ալ դուք չէք կրնար՝ եթէ իմ վրաս հաստատուած չըլլաք։ 5 Ես որթն եմ ու դուք ճիւղերն էք։ Ան որ իմ վրաս հաստատուած է՝ եւ ես անոր վրայ, անիկա շատ պտուղ պիտի բերէ, վասն զի առանց ինծի բան մը չէք կրնար ընել։ 6 Եթէ մէկը իմ վրաս հաստատուած չէ, անիկա ճիւղի մը պէս դուրս ձգուած ու չորցած է եւ կը ժողվեն զանոնք ու կրակը կը նետեն ու կ՚այրեն։ 7 Եթէ դուք իմ մէջս կենաք եւ իմ խօսքերս ալ ձեր մէջ կենան, ի՛նչ որ ուզէք՝ պիտի խնդրէք ու պիտի ըլլայ ձեզի։ 8 Ասով իմ Հայրս փառաւորուեցաւ, որպէս զի դուք շատ պտուղ բերէք ու իմ աշակերտներս ըլլաք»։
9 «Ինչպէս Հայրս զիս սիրեց, ես ալ ձեզ սիրեցի։ Իմ սիրոյս մէջ հաստատ կեցէք։ 10 Եթէ իմ պատուէրներս պահէք, իմ սիրոյս մէջ պիտի կենաք, ինչպէս ես իմ Հօրս պատուէրները պահեցի եւ անոր սիրոյն մէջ կեցեր եմ։ 11 Այս բաները ձեզի խօսեցայ, որպէս զի իմ ուրախութիւնս ձեր մէջ մնայ ու ձեր ուրախութիւնը լման ըլլայ։ 12 Այս է իմ պատուէրս, որ մէկզմէկ սիրէք, ինչպէս ես ձեզ սիրեցի։ 13 Ասկէ աւելի մեծ սէր մէ՛կը չի կրնար ունենալ, որ մէկը իր կեանքը բարեկամներուն համար դնէ։ 14 Դուք իմ բարեկամներս էք, եթէ ընելու ըլլաք ինչ որ ես ձեզի կը պատուիրեմ։ 15 Ասկէ ետքը ձեզ ծառայ չեմ անուաներ, վասն զի ծառան չի գիտեր թէ իր տէրը ի՞նչ կ՚ընէ։ Ես ձեզ բարեկամ անուանեցի, վասն զի այն ամէն բաները որոնք իմ Հօրմէս լսեցի, ձեզի իմացուցի։ 16 Ո՛չ թէ դուք զիս ընտրեցիք, հապա ե՛ս ձեզ ընտրեցի ու դրի ձեզ որպէս զի դուք երթաք եւ պտուղ բերէք ու ձեր պտուղը մնայ, որպէս զի իմ անունովս ինչ որ Հօրմէս խնդրէք, ձեզի տայ։ 17 Ասիկա կը պատուիրեմ ձեզի, որ մէկզմէկ սիրէք»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն սիրելի հավատացյալներ. Երեկ մենք աշակերտներին թողեցինք մտահոգված վիճակում, երբ Տէր Հիսուս նրանց խոսում էր Իր գնալու մասին: Իսկ այսօրվա սերտողության մեջ աշակերտների համար մի ուրիշ լույս է բացում, որով բացահայտվում է բոլորի ճշմարիտ հավատի դավանությունը: Ամեն մարդ կարող է ստուգել իր հավատի կայունությունը այս խոսքերի հիման վրա: Տէր Հիսուս Իրեն այս անգամ համեմատում է ճշմարիտ Որթատունկի հետ: Ինքը ճշմարիտ որթատունկն է, իսկ Հայրը՝ մշակն է;Այս խոսքերը ևս ցույց է տալիս Հոր և Որդու անբաժանելի միությունը:Որևէ որթատունկ առանց մշակի չի լինում, մշակն է, որ ժամանակին էտում և խնամում է որթատունկի ճյուղերը, որպեսզի առատ բերք ունենա; Որթատունկը ունենում է նաև չոր ճյուղեր, որոնք չեն սնվում որթատունկից և չորանում են ժամանակի ընթացքում: Այդ չորացած ճյուղերն էլ հեռացնում և հնոցի մեջ են նետում այրելու համար: մենք արդեն պատկերացում կազմեցինք որթատունկի մասին, չնայած որ բոլորս էլ տեսել ենք, թե ինչպես է մշակվում որթատունկը: Հիանալի համեմատություն է արել Տէր Հիսուս, Իրեն համեմատելով որթատունկի հետ:Հիսուս խոսեց որթատունկի մասին, խոսեց Մշակի մասին, հիմա խոսում է ճյուղերի մասին: Ամեն ճյուղ որ հաստատված է որթատունկի վրա և պտուղ չի տալիս, Հայրը կտրում է այդ ճյուղը, իսկ այն ճյուղերը որ պտուղ են տալիս, էտում է, որպեսզի առավել պտղաբեր լինի: Սիրելիներ, ով է այն ճյուղը, որը հաստատված է Հիսուս Քրիստոսի վրա և պտուղ չի տալիս: Բնականաբար այն մարդը, որն ասում է ես գիտեմ որ Աստված կա և դա բավական է ինձ: Նաև պտուղ չտվող ճյուղ կարող է լինել կրոնական այն ուղղությունը, որը այս կամ հարցում մերժում է Քրիստոսի եկեղեցու վարդապետությունը: Նաև այն հաստատությունը, որը սուրբ հաղորդության միություն չունի Քրիստոսի հաստատած եկեղեցու հետ: Սրանք էլ կարող են կոչվել քրիստոնյաներ, այսինքն հաստատված են որթատունկի վրա, բայց պտուղ չեն տալիս: Քանի որ Քրիստոս ասաց,- կհաստատեմ Իմ եկեղեցին, ոչ թե եկեղեցիները: Սա շատ կարևոր հանգամանք է, հատկապես այն մարդկանց համար, որոնք մկրտությունից հետո կրում են Քրիստոսի անունը, և այլևս չեն սնվում Նրա արմատից, բավարարվելով միայն քրիստոնյա անունով: Մկրտված են և տարիներով չեն Հաղորդվում Քրիստոսի մարմնի և արյան հաղորդությամբ, այսինքն հաստատված են որթատունկի վրա և չեն սնվում նրանից; Իսկ հայրը կտրում է այդպիսի ճյուղերը: Հետևաբար ցանկացած անսնունդ ճյուղ կարող է ժամանակի ընթացքում չորանալ: Երեկվա ամբողջ ուսուցումը աշակերտներին հենց այդ մասին է, որ ով սիրում է Իրեն, պահում է Իր պատվիրանները, և նա կսիրվի նաև Հոր կողմից: Իսկ այն ճյուղերը, որոնք պտղաբեր են մշակվում են Հոր կողմից՝ առավել պտղաբերելու համար: Սրանք էլ այն քրիստոնյաներն են, որոնք սերտ կապված են Սուրբ Գրքին և Հաղորդության մեջ են Քրիստոսի մարմնի և Արյան հաղորդությանը: Այսպիսին ջանում է նաև պատվիրանների հարցում պատասխանատու լինել:Աշակերտները այդ ճյուղերն էին, որ հաստատված էին Քրիստոսի վարդապետության վրա, և Քրիստոս ընտրեց նրանց, ոչ միայն ընտրելու համար, այլ որպեսզի նրանք պտուղ տան իրենց քարոզչությամբ: Իսկ իրենք քարոզության պտուղն այն է, որ երկրի քաղաքացիներին դարձնեն երկնքի քաղաքացիներ՝ իրենց Ավետարանի ուսուցումով; Տեսեք, ի՛նչ ասում աշակերտներին: Դուք արդեն իսկ մաքուր եք այն խոսքի համար, որ ասացի: Այսինքն Հայրը ուղարկեց Խոսքը, որը մարմին առավ և բնակվեց մարդկանց մեջ և այդ խոսքը մաքրեց մարդկանց իրենց մեղքերից:Քրիստոսի խոսքն է, որ մաքրում է մարդուն իր մեղքերից: Մկրտության ջուրը Քրիստոսի խոսքով է մաքրում մարդուն, իսկ առանց այդ խոսքի ջուրը անկարող է մաքրել մարդուն իր մեղքից:
Սիրելիներ, Աստծու այգին չի կարող անմշակ մնալ և պտուղ չտալ: Աստծու այգին աննպատակ չի տնկվել, այնտեղ ամեն մի ճյուղ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունն էլ անպտուղ չի կարող լինել, որովհետև այս ամենը արվում է մարդու փրկության համար: Պատվիրում է աշակերտներին ասելով,- Մնացեք Իմ մեջ և ես ձեր մեջ:Սա բանալի համար է Աստվածաշնչում, որը ամփոփումն է Իր ասած բոլոր պատվիրանների: Քանի որ ճյուղը ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթե հեռու լինի արմատից և հաստատված չլինի արմատին; Այնպես էլ աշակերտները և ամե մի քրիստոնյա չի կարող առանձին պտուղ տալ, հաստատված չէ Քրիստոսի որթատունկի վրա և չի սնվում նրանից:Քանի որ Քրիստոս որթատունկ է, իսկ մարդկությունը՝ ճյուղեր: Ով բնակվում է Իմ մեջ, և Ես նրա մեջ, ասում է Վարդապետը,- նա շատ պտուղ է տալիս, քանի որ առանց Ինձ ոչինչ անել չեք կարող: Այս բովանդակության մասին կարդացինք նաև Վեցերորդ գլխի մեջ, որ ասում է, Եթե մեկը չուտի Իմ Մարմինը և չըմպի Իմ արյունը, իր մեջ կյանք չունի: Իսկ երբ մարդը իր մեջ կյանք չունի, նա մեռած է հոգեպես, այսինքն նման է չոր ճյուղի, որն էլ ենթական է կտրման: Քրիստոսի մեջ լինել, նորից եմ կրկնում, Հավատալ Քրիստոսին, հավատարիմ լինել պատվիրաններին և Սուրբ հաղորդությամբ միացած լինել Քրիստոսին; Քրիստոսի եկեղեցին միակ վայրն է, որտեղ կարելի է այս երեքը միասին ստանալ, և հաստատված մնալ որթատունկի վրա: Մի քանի անգամ է կրկնում նույն միտքը՝ Իր վրա հաստատված լինելու վերաբերյալ միտքը, որովհետև չի ասում, թե ձեզ համար դժվար կլինի ապրել և գործելը, այլ ասում է,- առանց Ինձ ոչինչ անել չեք կարող: Իսկ դրանում ամենքս համոզվում ենք օրական մի քանի անգամ: Որովհետև մարդու կամքով արված բոլոր գործերը կամ հպարտությամբ են, որի ավարտը ձախողված է: Կամ ագահությամբ է, որի ավատը կործանում է: Կամ փառասիրությամբ է, որի ավարը անպատվություն է: Տէր Հիսուս երբեք չի կամենում մեկի կործանումը, այլ նախապես զգուշացնում է, որ մարդը ինքն իրենով չի կարող երկար գործել անսխալ: Այլ կնմանվի այն չոր ճյուղին, որ հաստատված չէ որթատունկին, և դուրս կնետվի, ու կհավաքեն ու կրակը կնետեն: Սակայն եթե մնանք որթատունկին հաստատված, և՛ պտուղը շատ կլինի, և՛ մեր խնդրանքը կլսվի ու կպատասխանվի Աստծուց: բայց մեր աղոթքը և խնդրանքը կլսվի այն ժամանակ, եթե մեք հաստատված ենք որթատունկի վրա և պահում ենք Իր խոսքը: Հայրը սիրում է Որդուն և այդ սերը արտահայտվում է գործով, երբ Որդին կամավոր գնում է խաչելության ի սեր մարդկանց և որպեսզի կատարվի Հոր կամը և փառավորվի Հայրը՝ փառավորելով Որդուն: Այսպիսի սիրո մասին է խոսում աշակերտների հե, համեմատելով Իր սերը Հոր հանդեպ և հակառակը: Ամեն ինչ կախված է պատվիրանապահությունից, որպեսզի սեր առաջանա մարդու մեջ, այլապես սերը բացատրելով չի գալիս, և այդպիսի սեր կարող է ունենալ այն անձը, որը Քրիստոսի մեջ է և Քրիստոսն է իր մեջ:
Այս բոլոր խոսքերը կատարելուց հետո Քրիստոսի ուրախությունը կհանգչի պատվիրանապահ մարդու վրա, և այդ ուրախությունը կատարյալ կլինի: Քրիստոս Իր խաղաղությունն է տալիս մարդկանց, Իր կատարյալ ուրախությունն է տալիս, սիրո բանաձևն է տալիս, որպեսզի մարդիկ հեշտությամբ պահեն պատվիրանները և կարողանան հասնել խոստացված պսակին: Այստեղ նույնպես պետք է զգույշ լինել սիրո հարցում, չնայած մենք երեկ խոսեցինք այդ մասին, աստվածաշնչյան սերը մարդկային զգացմունքային սիրուց շատ տարբեր է: Աստվածաշնչի սերը անմնացորդ նվիրում է, գործողություն է, որը զոհաբերություն է պահանջում: Խոնարհ ծառայություն է առանց ակնկալիքի:Կյանքը ընկերոջ համար տալն է աստվածաշնչյան սերը: Իսկ մարդկային սերը միայն պահանջ է ներկայացնում, իշխում է, սրանք չկատարելու դեպքում սերն անհետանում է և հարաբերություններ են փոխվում; Հիսուս Քրիստոս մեզնից պահանջում է սեր՝ մերձավորի նկատմամբ, կյանքը չխնայել ընկերոջ համար: Սա է իրական սերը, բայց այս սերը մեզ հասանելի չէ այն առումով, որ մենք մեր մերձավորի համար նույնիսկ չենք ապրում, ուր մնաց թե մեռնենք;
Այդ պատճառով պատվիրանապահությունը մեզ անհասանելի է, և մեր ուրախությունը կատարյալ չէ, որովհետև մեր ուրախությունը աշխարհի զվարճությունների մեջ է, ո՛չ թե պատվիրանապահությամբ ձեռք բերած ուրախություն է: մեր խաղաղությունը նույնպես վնասված է մեղքի պատճառով:Մեղքից կախում ունեցող մարդը չի կարող խաղաղ լինել: Այս երեք առաքինությունները սերտորեն կապված են պատվիրանապահություն հետ: Բոլոր առաքինություններն են արդյունքը պատվիրանապահության, բայց սերը գլխավորն է, որը հաղթում է ամեն տեսակ չարություն ու նենգություն: Սիրելիներ, մենք պետք խնդրենք Աստծու օրհնությունն ու օգնությունը այս բոլոր ունենալու համար և ոչ մի ջանք չխնայենք այդ առաքինությունների կրողը լինելու համար: Որովհետև Մխիթարիչ սուրբ Հոգին բնակվում է այնպիսի մարդու հետ, որը ունի սեր, խաղաղություն, ուրախությունը, ողորմություն և այլն; Քրիստոսի գլխավոր պատվիրանն այն է, որ մենք սիրենք միմյանց; Բայց այնպես սիրենք, ինչպես որ Ինքը սիրեց մեզ: Իսկ ինչպե՞ս Քրիստոս սիրեց մեզ, բոլորս գիտենք, Նա մեռավ խաչի վրա՝ մեր մեղքերի համար: Որպեսզի ստուգենք մեր սերը մեր մերձավորի նկատմամբ, ապա ստուգենք մեր մտքի մտածումները նրա նկատմամբ և այն խոսքերը, որ ասում ենք նրան հանդիպելիս: Եթե տարբեր չեն մեր մտքերը, ուրեմն սիրում ենք մեր մերձավորին և նրան չարիք չենք կամենում: Բայց շատ հաճախ մենք նույնիսկ մեր մտքերը չենք կարողանում զսպել, և չար բան չմտածել մերձավորի մասին; Հիսուս ասում է,- Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար: Տէր Հիսուս Իր կյանքը տվեց իր աշակերտների և համայն մարդկության համար, որովհետև մեզ իրեն բարեկամ համարեց, ոչ թե ծառա: Բայց բարեկամ համարեց դարձյալ պայմանով, եթե մենք կատարենք Իր պատվիրանները, քանի որ այն ուսուցումը, որ հայտնեց մեզ, Հորից էր ստացել և մեզ տվեց; մենք արդեն գիտենք այն ամենը, ինչ ու Հայրը հայտնել էր Որդուն; Իսկ ոչ մի ծառա չգիտի, թե Տէրն ինչ է մտածում; Ոչ թե աշակերտները գնացին իրենց համար Վարդապետ ընտրեցին, այլ հակառակը եղավ, Վարդապետը աշակերտներ ընտրեց ու կարգեց, որ գնան ու պտղաբերեն, բայց պայմանով, որ որթատունկից սնվեն և հաստատված մնան Նրա վրա: Միայն այդ պարագայում խնդրողը կստանա, բախողին կբացվի, փնտրողը կգտնի: Հայրը պատրաստ է լսել և պատասխանել Իր Որդուն դավանողների խնդրանքը, որ պահում են Նրա պատվիրանները:
Սիրելիներ, մենք երբեմն կարծես մեխանիկորեն Աստծու Հայր ենք անվանում, Հիսուս Քրիստոսին մեզ բարեկամ ենք անվանում, ասում ենք, որ մկրտությամբ Սուրբ հոգին հանգչեց մեզ վրա: Բայց երկյուղ չունենք Աստծուց, երբ մեղանչում ենք, մոռանում ենք Աստծու մշտական ներկայությունը, երբ ստում ենք, անտեսում ենք պատվիրանները, երբ մեր ցանկություններին տուրք ենք տալիս: Երկնքի հրեշտակները դողում են Աստծու ներկայությունից, մենք Նրա Հայր ենք անվանում և անտեսում ենք Նրա խոսքը: Ի՞նչ է նշանակում կատարել պատվիրանները: Նշանակում է լսել Աստծու ձայնը, որ խոսում է մեզ հետ, երբ որ մենք կամենանք խոսել Նրա հետ՝ Սուրբ Գրքի միջոցով; Երբ մենք փորձում ենք մեր երեխային որևէ բան հասկացնել, և նա չի լսում, մենք անմիջապես հարց ենք տալիս, ասելով,- Ի՞նչ է ինձ չե՛ս լսում: Իսկ մենք՝ մեծահասակներս, եթե կատարենք Քրիստոսի տված պատվիրանները, ինքնստինքյան կհամարվենք Նրա աշակերտները: Տէր Հիսուս պտուղ է ակնկալում յուրաքանչյուր քրիստոնյայից, եթե ուղղափառ քրիստոնյան կիրակնօրյա դպրոցում քրիստոնեություն է դասավանդում, նա պտուղ է տալիս; Եթե մի քրիստոնյա ծառայում է բոլորին իր աշխատանքի բերումով, նա պտուղ է տալիս:Ժամանակակից աշխարհը իր նորագույն տեխնիկայով այլևս չի կարող զարմացնել մարդկանց, քանի որ հաջորդ դարի դա մոդայից դուրս է գալիս և այլևս ոչ ոք չի գործածում, Սա մարդու գաղափարն է, բայս սա պտուղ չէ, որովհետև Աստծու փառքի համար չէ, այլ՝ բիզնեսի և եկամտի: Բայց մարդու բարի գործերի պտուղը երկնքում կրկնապատկվում է՝ հետագայում ավելիով հատուցելու համար: Քրիստոս ավարտում է Իր խոսքը, նորից տալով նույն պատգամը, թե՝ - Այս է իմ պատվիրանը, որ սիրեք միմյանց: Այս պատվիրանը վերաբերում է ինձ, որ ե՛ս սիրեմ, ո՛չ թե որ ինձ սիրեն; Սիրելիներ, այսօրվա մեր դասը շատ թանկագին է բոլորիս համար, քանի որ մեզնից է կախված այն իրականությունը, որը կարող է պատահել մեզ հետ: Պատվիրանապահության պարագայում ,ենք ձեռք կբերենք սեր, խաղաղություն, ուրախությունը և որ ամենակարևորն է, մեզ մոտ կգան Հայրը, Որդին և Մխիթարիչ Սուրբ Հոգին և կբնակվեն մեզ հետ; Այս հուսադրող մտքի վրա էլ ավարտենք մեր այսօրվա սերտողությունը և մեր փրկությունը առավել դասենք ամեն տեսակ երկրորդական բաներից: Կհանդիպենք վաղը՝ նույն ժամին;
Թող համբերության և մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ՝ հույսով առատանանք: