ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի. 14: 15- 31
ՅԻՍՈՒՍ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ ՂՐԿԵԼ ԿԸ ԽՈՍՏԱՆԱՅ
15 Եթէ զիս կը սիրէք, իմ պատուիրանքներս պահեցէ՛ք»։ 16 «Ես ալ Հօրը պիտի աղաչեմ եւ ուրիշ մխիթարիչ մը պիտի տայ ձեզի, որպէս զի յաւիտեան ձեզի հետ բնակի. 17 Ճշմարտութեան Հոգին, որ այս աշխարհը չի կրնար ընդունիլ, վասն զի չի տեսներ զանիկա ու չի ճանչնար զանիկա. բայց դուք կը ճանչնաք զանիկա, վասն զի ձեր քով կը բնակի եւ ձեր մէջ պիտի ըլլայ։ 18Ձեզ որբ չեմ թողուր, կու գամ ձեզի։ 19 Քիչ մը ատենէն ա՛լ աշխարհ զիս պիտի չտեսնէ. բայց դուք պիտի տեսնէք զիս, վասն զի կենդանի եմ եւ դուք կենդանի պիտի ըլլաք։ 20 Այն օրը պիտի գիտնաք թէ ես իմ Հօրս մէջն եմ եւ դուք իմ մէջս, ես ալ ձեր մէջը։ 21 Ան որ իմ պատուէրներս կը բռնէ ու կը պահէ զանոնք, անիկա է զիս սիրողը եւ ան որ զիս կը սիրէ՝ իմ Հօրմէս պիտի սիրուի ու ես զանիկա պիտի սիրեմ եւ ինքզինքս անոր պիտի յայտնեմ»։
22 Ըսաւ անոր Յուդա (ոչ Իսկարիովտացին), «Տէ՛ր, ի՞նչպէս կ՚ըլլայ որ դուն ինքզինքդ մեզի պիտի յայտնես եւ ո՛չ թէ աշխարհի»։ 23 Յիսուս պատասխան տուաւ ու ըսաւ անոր. «Եթէ մէկը զիս սիրէ, իմ խօսքս պիտի պահէ ու իմ Հայրս զանիկա պիտի սիրէ եւ անոր պիտի գանք ու անոր քով օթեւան պիտի ընենք։ 24 Ան որ զիս չի սիրեր, իմ խօսքերս չի պահեր։ Այն խօսքը որ կը լսէք՝ իմս չէ, հապա Հօրս՝ որ զիս ղրկեց։ 25 Այս բաները ձեզի խօսեցայ, քանի որ ձեր քովն եմ, 26 Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին՝ որ Հայրս իմ անունովս պիտի ղրկէ, անիկա ձեզի բոլորը պիտի սորվեցնէ եւ ինչ որ ձեզի ըսի՝ մտքերնիդ պիտի բերէ։ 27Խաղաղութիւն կը թողում ձեզի, ի՛մ խաղաղութիւնս կու տամ ձեզի, ո՛չ թէ ինչպէս աշխարհս կու տայ՝ ես ձեզի կու տամ։ Սրտերնիդ չխռովի ու չվախնայ։ 28 Լսեցիք որ ես ըսի ձեզի թէ ‘Կ՚երթամ ու ձեզի կու գամ’. եթէ զիս սիրէիք՝ պիտի ուրախանայիք, որ ես Հօրը քով կ՚երթամ, վասն զի իմ Հայրս ինծմէ մեծ է։ 29 Եւ հիմա դեռ չեղած ըսի ձեզի, որպէս զի երբ ըլլայ՝ հաւատաք։ 30 Ա՛լ ձեզի հետ շատ պիտի չխօսիմ, վասն զի այս աշխարհին իշխանը կու գայ եւ իմ վրաս բան մը չունի. 31 Միայն թէ աշխարհ գիտնայ որ ես Հայրը կը սիրեմ ու ինչպէս Հայրը ինծի պատուիրեց, այնպէս կ՚ընեմ։ Ելէ՛ք, ասկէ երթանք»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն սիրելի հավատացյալներ. Աստծու խոսքը անվերջանալի մեկնության համար:Երբեմն անհասկանալի է մարդկային մտքի համար, սակայն ականջի համար միշտ հաճելի է լսել, գուցե առաքյալը այս նկատի ուներ, որ ասում էր հավատը լսելուց է: Մենք շատ պետք է լսենք, անկախ այն բանից, թե որքանով ենք հասկանում:Աստծու խոսքի լուսավորությունը բացվում է աստիճանաբար, ինչպես վարդի թերթերը և իր ամբողջական բացված վիճակում է երևում իր իսկական գեղեցկությունը, այնպես էլ Ավետարանի խորին խորհուրդը հասկանալի է դառնում շատ ընթերցելիս: Նայենք աշակերտների օրինակին և հասկանալի կդառնա: Օրինակ Թովմասին, հիշո՞ւմ ե, երբ պատրաստվում էին Բեթանիա գնալ, Ղազարոսի մահվան առիթով, Թովմասը մեծ համարձակությամբ ասաց,- մենք էլ գնանք մեռնենք նրա հետ: Դրանից հետո, երբ Հիսուս աշակերտներին բացատրում էր Իր Հոր մոտ գնալու ժամանակի մասին, Թովմասը ասաց,- Տէր չգիտենք, թե ուր ես գնում, ինչպես կարող ենք գիտենալ ճանապարհը: Բայց երբ որ Հարությունից հետո հանդիպեց իր Վարդապետին, վստահությամբ ասաց,- Տէր իմ և Աստված իմ: Նույնպես և մյուս աշակերտները ամեն բառ լսել էին, որ դուրս էր եկել Վարդապետի բերանից, բայց ժամանակ էր պետք, որ այդ բոլորը տեղ գտներ իրենց հոգում: Հիսուս այդ գիտելիքը անսահմանափակ տալիս էր նրանց, և տեսնում էր, որ վեր է նրանց ընկալելու կարողությունից, բայց միայն Ինքը գիտեր, թե ինչպես է այդ գիտելիքների շտեմարանը տեղավորվելու աշակերտների փոքրիկ սրտի մեջ, և նրանք ոչ միայն չեն մոռանալու, այլ՝ հիշելու են ամեն մանրամասն ուսուցում, որ ստացել էին Վարդապետից: Այսօրվա սերտողության մեջ Տէր Հիսուս բացում է աշակերտների համար բոլորովին այլ գաղտնիք:Այսօրվա սերտողության մեջ եղած համարները շատ օգտագործվող համարները են թե քարոզների, թե սերտողությունների համար: Չափազանց խորը և արժեքավոր մտքեր են, որոնք բացահայտում են մի ճշմարտությունը, որի դեմ չի կարող հակառակվել աշխարհում ոչ մի մարդ: Այսօր աշակերտներին խոսելու է Ճշմարտության Հոգու մասին, որին աշխարհը չի ընդունում այն պատճառով, որ չի տեսնում;
Սիրելիներ, երեկվա սերտողության մեջ Տէր Հիսուս ասաց, ինչ որ խնդրեք Իմ անունով, ես կանեմ: Իսկ այսօր ասում է, եթե ինձ սիրում եք, կպահեք իմ պատվիրանները: Այս երկու մտքերի մեջ հակասություն չկա, այլ ասում է, որ ամեն բանի հիմքում պետք է դրված լինի սերը, եթե աստվածային սերը ցանկացած գործի հիմքում չէ, այդ գործը համարեք ձախողված: սերը չի կայանում նրանում, որ աշակերտները տխրեն Իրենց Վարդապետի չարչարանքների համար, այլ սերը այն է, երբ պահեն իր պատվիրանները, որ տրվել է իրենց: Տէր Հիսուս տեսնում էր աշակերտների մտահոգությունը, որ շուտով բաժանվելու են միմյանցից, չնայած, որ անվերջ հիշեցնում էր, որ դա ժամանակավոր բաժանում է, և նա աշակերտներին երբեք չի լքելու:Հիմա աշակերտներին տալիս է մեկ այլ խոստում, որը երբեք չէր տվել: Ճշմարտության Հոգին է խոստանում առաքյալներին, որը պետք է խնդրեր Հորից և այդ Հոգին հավիտյան պետք է բնակվեր առաքյալների հետ և նրանց մեջ կիներ: Սա այն Հոգին է, որի աշխարհը չի ընդունում, քանի որ չի ճանաչում, բայց առաքյալները պիտի ճանաչեն, քանի որ իրենց հետ է լինելու Հոգին: Սա մեկ այլ Մխիթարիչ է, որ Հայրը պետք է ուղարկեր Որդու երկինք համբարձվելուց հետո: Ավետարանիչը այստեղ մեզ խորհրդավոր կերպով ծանոթացրեց Սուրբ Երրորդության գաղափարի հետ, քանի որ խոսում է Որդին, խոսում է Հոր մասին, և խոսում է Հոր ուղարկած Մխիթարիչ Հոգու մասին: Տեսնում ենք, որ Աստված մեկ է երեք դեմքերի միջոցով, որոնց մասին խոսում է Ինքը՝ Տէր Հիսուս: Սուրբ Հոգին գալիս է մխիթարելու այնպես, ինչպես Որդին, ուրեմն Նրանք հավասար են միմյանց այնպես ինչպես որ Հայրն ու Որդին հավասար են: Հետևաբար մեր հավատքի հիմքում պետք է լինի այս գաղափարը՝Սուրբ Երրորդության, այսինքն Հայրը Հայր է, Որդին Որդի է, Հոգին Հոգի է: Երեքը հավասար են միմյանց և ունեն մի էություն և մի աստվածություն: Որդին ասում է ես կաղաչեմ Հորը, որ ուղարկի Սուրբ հոգին, և դուք երբեք չկորցնեք ձեր մխիթարությունը:
Որդին կատարեց Հոր կամքը, աշխարհ եկավ, խաչվեց մարդկության մեղքի համար, մարդկանց ծանոթացրեց Հոր հետ և պետք է աղաչի Հորը, որպեսզի Մխիթարիչ սուրբ հոգին գա և մխիթարի նրանց, որոնք կպատվեն Հորը և կպահեն Որդու պատվիրանները: Տեսեք սիրելիներ, ասում է որ Մխիթարիչ սուրբ Հոգին գալիս է հավիտյան և ոչ ժամանակավոր, ինչպես որ եկավ Որդին: Այլ Սուրբ Հոգին մնալու է հավիտյան աշակերտների մեջ, և նաև այն մարդկանց մեջ, որոնք փնտրում են Որդուն՝ Նրա հետ մեկ լինելու համար: Այսպիսի մարդկանց կանչում է Հայրը և տալիս է Որդուն: Ինչպես որ Որդին ասաց, ո՛չ ոք չի կարող գալ հոր մոտ, եթե ոք Ինձանով:Այս անբաժանելի աստվածությունն է, որ մենք պետք է որ պետք է ընդունենք մի բնությամբ և երկրպագենք Ամենասուրբ Երրորդությանը: Տէր Հիսուս ԻՐ համբարձման պահին երկու կարևոր պատգամ տվեց աշակերտներին ու հեռացավ նրանց աչքի առջևից: Մեկը Ավետարանի քարոզության պատգամն էր, Իսկ մյուսը՝ Սուրբ Երրորդության անունով մկրտությունը: Յուրաքանչյուր անձ մկրտության Խորհրդի ժամանակ ընդունում է սուրբ Հոգին և դառնում է այդ Հոգու համար տաճար և բնակարան: Որքանով է գիտակցում այդ մասին մկրտվող անձը, կամ որքանով է մաքուր պահում Սուրբ Հոգու տաճարը, դա ուրիշ հարթության հարց է, մենք հիմա խոսում ենք, թե մարդը երբ է ստանում Սուրբ Հոգին: Եթե մարդը սիրում է Աստծուն, պահում է Նրա պատվիրանները, և ապրում է աստվածահաճո կյանքով, ապա սուրբ հոգին հավիտյան նրա հետ է բնակվում: Միթե ավելի մեծ մխիթարություն կարող էր լինել աշակերտների համար, քան այն, որ Աստծու Որդին ասում է, որ աշխարհը չի կարող ընդունել Մխիթարիչ Հոգուն, Բայց Հոգին ձեզ հետ կապրի հավիտյան; Ինչու աշխարհը չի կարող ընդունել կամ ճանաչել Մխիթարիչ սուրբ Հոգուն, քանի որ չի տեսնում և չի ճանաչում այնպես, ինչպես Աստծու Որդուն, որը խոսում և ուսուցանում էր: Ինչո՞ւ աշխարհը չի կարող ընդունել, իսկ աշակերտները կարող են;Որովհետև աշակերտները այս աշխարից չեն, դրա համար Հոգին մշտապես կմնա նրանց հետ:
Այնուհետև աշակերտներին ասում է,- Ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ: Այս խոսքերը ասելով, կարծես կամենում է հանգստացնել աշակերտներին, որ չվախենան Իրեն այլևս չտեսնելուց, որովհետև ասաց, թե Մխիթարիչ սուրբ հոգին կգա ձեզ մխիթարելու համար: Սիրելիներ, ես ուզում եմ դուք նկատեք Աստծու մեծագույն սիրո դրսևորումը աշակերտների նկատմամբ: Մի խոսք է ասում, տեսնում է, որ տրտմեցին, մեկ այլ մխիթարող և հուսադրող խոսք է ասում, քանի որ գիտե, որ նրանք դեռ իրենց մարմնավոր մարդ տեսակի մեջ են և ամեն բան հասկանում են բառացի և նաև վախ կա իրենց մեջ՝ Վարդապետին կորցնելու: Եթե մարդ արարածը այս սիրուց մի կաթիլ ունենար իր մեջ, իր ողջ կյանքի համար բավարար էր, որ ներդաշնակ ապրեր մարդկանց և Աստծու հետ: Ինչպես որ Տէրն ասում է, եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունենաք, հրաշքներ կգործեք: Տէր Հիսուս աշակերտներին որդյակներ անվանեց և հիմա ասում է ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ, ինչպես որ մի հոգատար հայր կասեր իր զավակին, երբ տեսներ, որ մտահոգ է զավակը.:
Տէր Հիսուս Իր այս Հայրական խոսքերով և տեղեկացնում և զգուշացնում է, և գոտեպնդում է առաքյալներին, որոնք հետագայում դարձան անդամներ այն եկեղեցու, որի Գլուխ Քրիստոսն է:Մի փոքր ժամանակ ասելով նկատի ունի այն ժամանակահատվածը, երբ իրեն պետք է չարչարեն ու խաչը բարձրացնեն և ինքը երրորդ օրը հարություն առնի: Նաև տեղեկացնում է, որ աշխարհը Իրեն չի տեսնի, բայց աշակերտները կտեսնեն Իրեն, քանի որ Ինքը կենդանի է, և աշակերտները նույնպես կենդանի են լինելու: Ինչու աշխարհը Իրեն չի տեսնի, որովհետև Հարությունից հետո Հիսուս կլինի փառավորյալ Մարմնով, իսկ մեղավոր աշխարհը չի կարող և չի տեսնի Լույսը: Երբ Հիսուս հարություն առի մեռելներից, կունենա նույն զորությունն ու իշխանությունը, ինչ որ Հայրը տվել էր Իրեն: Որդին Հոր մեջ է, և աշակերտները Քրիստոսի մեջ են և Քրիստոս աշակերտների մեջ: Այս հզոր կապն էր որ առաքյալներին զորացրեց իրենց ծառայության մեջ՝ անվարան քարոզելու, անվախ նահատակվելու, և Քրիստոսին միանալու: Սիրելիներ այս հզոր կապը մեզ ցույց տրվեց առաքյալների միջոցով, սակայն Քրիստոսի հետ միացումը առաքյալների մենաշնորհը չէր, այլ այն վերապահված է ցանկացած անձի՝ անկախ ազգության, ով կսիրի և կպահի Քրիստոսի պատվիրանները, նա էլ կարժանանա նաև Հոր սիրուն; Այսպիսի մարդուն Տէր Հիսուս հայտնում է իրեն և այսպիսին ապրում է կատարյալ խաղաղության և երջանկության մեջ: Առաքյալներից Հուդան, բայց ոչ նա, որ պիտի մատներ Վարդապետին, հարց տվեց,ասելով,- Ինչպես եղավ, որ Քեզ պիտի հայտնես մեզ, ոչ թե աշխարհին: Հուդայի համար հասկանալի չէր եղել, թե ինչպես կարող են իրենք տեսնել, երբ աշխարհը չի տեսնում Հիսուսին; Որովհետև հուդան նաև չէր հասկացել, թե ինչ դեր է խաղալու Մխիթարիչ սուրբ Հոգին, որ ուղարկելու է Հայրը: Տէր Հիսուս կրկնում է Հուդայի համար նույն խոսքերը, թե ով սիրում է իրեն, կպահի Իր պատվիրանները, և կսիրվի նաև Հոր կողմից: Հայրը և Որդին կայցելեն այսպիսի մարդուն և նրա մոտ կօթևանեն: Նորից հիշեցրեց Մխիթարիչ Սուրբ հոգու մասին, որին Հայրը պիտի ուղարկեր, և Հոգու պարտականությունն էլ այն էր, որ այս բոլոր խոսքերը հիշեցնի առաքյալների և դնի նրանց սրտերի մեջ: Իմիջիայլոց այն մարդիկ, որոնք Ավետարան չեն կարդում, կամ կան նաև մարդիկ, որոնք ասում են, թե- Ես իմ Աստծուն եմ հավատում, նրանց համար դժվար կլինի ընկալել այս բոլորը, ինչ որ Հիսուս պատվիրեց Իր առաքյալներին ու մեզ:
Հստա՛կ է պատգամը և առհասարակ բացատրության ու մեկնության կարիք չունեն այն խոսքերը որ ասաց Տէր Հիսուս այսօրվա սերտողության առաջին տողում, թե,- Եթե Ինձ սիրում եք կպահեք Իմ պատվիրանները: Սերը պայման է պատվիրանը պահելու համար:Պատվիրան պահելը պայման է Հորից սիրվելու համար: Հորիս սիրվելու համար պայման է Քրիստոսին ընդունել որպես Աստծու Որդի: Երբեմն շատ քրիստոնյաներ թեթև են նայում այս ամենին, իսկ շատերը նույնիսկ չեն ուզում կարդալ, շատերն էլ գիտեն, որ պատվիրան կա, բայց անտեսում են: Հստակ է, որ Հայրը կընդունի նրանց, որոնք ընդունեցին Իր Որդու աստվածությունը: Հստակ է որ Մխիթարիչ Սուրբ Հոգին կբնակվի նրան մեջ, որոնք ընդունվել են Հոր կողմից՝ Որդուն դավանելու համար: Այս հզոր կապը եթե խախտվի, քրիստոնյան թույլ կլինի և չարը կգործի նրա միջոցով;
Երբ Տէր Հիսուս ասում է դուք Իմ մեջ եք, դա չի նշանակում, որ առաքյալները արդեն աստվածներ են, այլ նշանակում է. որ ունեն աստվածային զորություն անելու շատ ու շատ զորավոր գործեր, ինչպես որ հետագայում տեսանք բոլորս, թե ինչպես էին առաքյալները Հիսուս Նազովրեցու անունով բժշկություններ և հրաշքներ գործում;
Հուդան, որ հարց տվեց Հիսուսին, երբեք չէր կարող պատկերացնել, որ մեռելներից հարություն կառնի Հիսուս և տեսանելի մարմնով կհայտնվի աշակերտներին և ոչ բոլորին: Տէր Հիսուս չէր ուզում էր, որ աշակերտները տխրեն Իր մահով, քանի որ Իր մահվան նպատակը ուրախություն էր պատճառելու համայն աշխարհի բոլոր այն մարդկանց, որոնք հավատացին Քրիստոսի խոսքին՝ քանի դեռ չէր եղել, իսկ հետագայում հավատացին՝ առանց տեսնելու: Իսկ ով չի սիրում Որդուն, չի սիրում նաև Հորը, հետևաբար չի պահում նաև Նրա պատվիրանները, և այսպիսիք չեն արժանանա Աստծու Որդու տեսությանը:
Սիրելիներ, Տէր Հիսուսի ամեն նոր պատվիրան տալիս ակնհայտ է դառնում, որ առաքյալները կամ վախեցած են, կամ չափազանց տխուր են Վարդապետի հեռանալուց, հավանաբար մարդկայնորեն մտածելով չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իրենք առանց Վարդապետ են շարունակելու իրենց գործունեությունը: Վստահ կարող ենք ասել, որ չէին հասկացել նաև Մխիթարիչ սուրբ հոգու գործունեությունը իրենց կյանքից նես: Այո շատ բաներ չէին հասկացել այդ ժամանակ, քանի որ այդ լույսը մարդու հոգում վառում է Սուրբ Հոգին՝ Մխիթարիչը: բայց ժամանակ էր պետք, որպեսզի այդ բոլորը կատարվի: Այդ տխրությունը մտահոգում է Հիսուսին, և Նա այս անգամ այլ պատգամով է ավարտում իր խոսքը՝ ուղղելով աշակերտներին.- Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. Չեմ տալիս այնպես, ինչպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովեն և չվախենաք: Եթե իրապես աշակերտները այս բոլոր խոսքերը հասկանային ինչպես որ ասվում էր, ապա վստահաբար ուրախ կլինեին, որ Հիսուս Իր Հոր մոտ է գնում, և անհամբեր կսպասեին Մխիթարիչ սուրբ հոգուն: Դժվար էր ըմբռնել մի ողջ ուսուցում այն բաների մասին, որոնք դեռ չեն կատարվել, և դեռ նոր պիտի կատարվեն: Բայց աշակերտները լսում են այդ բոլորի մասին, փորձում են մտապահել, բայց դա իրենց դեռ տրված չէր:Այսքան մխիթարական խոսքերից հետ Տէր Հիսուս հարկ համարեց ևս մեկ կարևոր լուր հայտնելու աշակերտներին, որ գալիս է աշխարհի իշխանը, և Իր վրա ոչ մի իշխանություն չունի: Իսկ որպեսզի աշխարհը հասկանա, որ աշխարհի իշխանը Քրիստոսի վրա իշխանություն չունի Հիսուս Քրիստոս կատարում է Հոր կամքը՝ հանձն առնելով այն դառը բաժակը, որ որը ընդունեց կամավոր՝ հանուն մարդկության փրկության: Ապա հորդորեց աշակերտներին վեր կենալ և հեռանալ այն վայրից, որտեղ գտնվում էին: Հիմա մի պահ պատկերացրեք աշակերտների վիճակը, և նրանց անորոշության մեջ հայտնված կեցվածքը, որոնք ամեն րոպե սպասում են փորձության, բայց պատկերացում չունեն, ե ինչ է լինելու: Խաչի չարչարանքներին Պատրաստվողը մխիթարում է նրանց, որոնք վախից հեռանալու են, երբ բռնեն Վարդապետին: վարդապետը խաղաղ է, և խաղաղություն է փոխանցում աշակերտներին, որպեսզի նրանք էլ չվախենան: Սիրելիներ, ամեն ինչ հասկանալի է մեզ համար, որ արդեն ամեն ինչ գիտենք, բայց հավատացեք նույնիսկ մենք, որ գիտենք, չենք խուսափելու փորձությունից, եթե կառչած չմնանք Հիսուս Քրիստոսին և անտեսենք Նրա պատվիրանները, որոնք հզոր սիրո կապ է Աստծու հետ: Թող Աստված մեզ իմաստություն տա, որպեսզի պատվիրանապահության մեջ գաղջության պատճառով մեզնից չհեռացնենք Մխիթարիչ Սուրբ Հոգին, որը մեզ հիշեցնում է Աստծու խոսքի կարևորության մասին: Իսկ աշխարհի իշխանը մոլորեցնում է մեր միտքը աշխարհի վայելքներով:
Թող համբերության և մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ՝ հույսով առատանանք: