ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի. 18: 15- 27
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալներ. Հովհաննեսի ավետարանի 18 և 19րդ գլուխները պատկերում են Հիսուսի ձերբակալությունը, քահանայապետի և Պիղատոսի առջև տանելը, խաչելությունը և թաղումը: Երեկ մենք տեղեկացանք, որ հոգևոր առաջնորդների ուղարկած գունդը և զինվորները բռնեցին, կապեցին և քահանայապետի մոտ տարան Նրան: Հիսուսի հետևից գնում էր Պետրոսը և մյուս աշակերտը: Ո՞վ էր այդ մյուս աշակերտը, որի անունը գրված չէ ավետարանում: Մյուս աշակերտը նա էր, որը գրել է այս ավետարանը, և հատկապես այս դրվագը՝ Հիսուսի ձերբակալումից: Ինչու ուրեմն Հովհաննեսը չի գրել իր անունը, այս դեպքի մասին պատմելիս; Սա այն աշակերտն էր, որ Հիսուսի կրծքովն ընկավ և հարցրեց, թե ո՞վ է մատնողը: Այս ժամանակ պատճառ կար իր անունը թաքցնելու, քանի որ նրա մասին ասում էին Հիսուսի սիրելի աշակերտ: Իսկ այս պարագայում ինչո՞ւ է թաքցնում իր անունը, երբ ոչ մի րոպե չլքեց Հիսուսին՝ մինչև Գողգոթա: Հավանաբար այստեղ դարձյալ նույն խոնարհությունն է ցուցաբերել, չգրելով իր անունը, քանի որ մնացածը փախել էին իսկ ինքը հետևել էր զինվորների գնդին, այլ միայն Պետրոսի անունն է նշել հետևողների շարքում: Աշակերտներից միայն Հովհաննեսն է եղել քահանայապետի բակի մեջ և ամեն ինչ տեսել է մոտիկից:Ուղղակի իրենից հեռացնում է գովասանքի և փառքի խոսքերը՝ իր համարձակության համար: Որպեսզի որևէ մեկը չզարմանա այն փաստից, թե ինչպես էր Հովհաննեսը հայտնվել քահանայապետի բակում, առանց արգելքի, նաև թեթև նշում է, որ այդ աշակերտը, որ ներս մտավ, ծանոթ էր քահանայապետին: Իսկ Պետրոսը, հակառակ, որ վախենում էր, հասել էր մինչև գավթի դուռը այն դեպքում, երբ բոլորը վախից հեռացել էին:
Հիսուսի հետևից գնալը փաստում է նրա սերը՝ Վարդապետի նկատմամբ, բայց գավթից ներս չմտնելը փաստում է նրա վախի մասին; Ավետարանիչը ներկայացրել է Պետրոսի ներկայությունը, որպեսզի երբ կատարվի ուրացությունը և զղջումը, մենք էլ հիշեն Հիսուսի այն խոսքերը, որ նախապես ասաց Պետրոսին; Մենք էլ նախապես գիտենք բոլոր պատգամները, բայց փորձության ժամին մեր մտքից դուրս է թռչում մեր իմացածը: հովհաննեսը իր ունեցած ծանոթության և հարգանքի շնորհիվ, կարողացավ գավթից ներս բերել նաև Պետրոսին: Դռնապանը, որ աղջիկ էր, երբ տեսավ Պետրոսին, անմիջապես ճանաչեց նրան, և ասաց,- Մի՞թե դու էլ այս մարդու աշակերտներից չես: Պետրոսը ասաց,- Ոչ, չեմ; Սա այն Պետրոսն էր, որ Հիսուսին ասաց, - Եթե պետք լինի, կյանքս կտամ քեզ համար: Իսկ հիմա պարզ դռնապանի հարցին չդիմացավ և հրաժարվեց: Իսկ ի՞նչ կպատասխաներ, եթե զինվորները հարցեր տային իրեն:Պետրոսը կանգնած էր պահակների կողքին՝ կրակի մոտ և տաքանում էր: Քահանայապետը հարցաքննում էր Հիսուսին՝ Նրա վարդապետության և աշակերտների մասին, այնպես կարծես առաջին անգամ էր լսում Նրա անունը և գործունեության մասին; Հիսուս նրան պարզ լեզվով ասաց, որ իր քարոզությունը գաղտնի չի եղել, բոլորը լսել են, և ավելի լավ կլինի որ քահանայապետը հարցաքննի Իրեն լսողներին, որոնց մեջ էին նաև փարիսեցիները, որոնք մշտապես տեղեկություններ էին հասցնում իրենց հոգևոր առաջնորդին; Քահանայապետը ավելի մանրամասն ուզում էր իմանալ, ովքե՞ր են աշակերտները ի՞նչ նպատակով է նրանց հավաքել, ո՞ւր են նրանք հիմա: Երբ Հիսուս ասաց, հարցրու նրանց, որոնք լսել են Ինձ, նկատի ուներ քահանայապետի այն սպասավորներին, որոնք մի անգամ եկել էին որ բռնեն Հիսուսին, բայց Նրա խոսքերից հիացած վերադարձան և ասացին,- Ո՛չ ոք դեռ այսպես չի խոսել, ինչպես այս մարդն է խոսում:
Հիսուսի տված պատասխանը զայրացրեց պահակներին, որոնցից մեկը քահանայապետին հաճոյանալու համար, ապտակեց Հիսուսին, և ասաց,- այդպե՞ս ես պատասխանում քահանայապետին; Սիրելիներ այս երևույթը հանրահայտ երևույթ է, տարածված երևույթ է, հատկապես գործում է ղեկավար- սպասավոր հարաբերությունների մեջ, երբ սպասավորը վերադասին քծնելու համար պատրաստ է հարվածել նույնիսկ իր մտերիմ ընկերոջը, միայն թե դուր դա իր վերադասին; Այսպես վարվեց պահակը, որը հարվածեց Հիսուսին՝ նույնիսկ չիմանալով, թե ով է կանգնած իր առջև: Բայց այդպես չվարվեց Հիսուս, այլ հանգիստ հարց տվեց,- Եթե վատ խոսեցի, վկայիր այդ մասին, իսկ եթե լավ՝ ինձ ինչո՞ւ ես խփում; Հարցը պատահական չէր, որ Հիսուս ուղղեց իրեն ապտակողին, ապտակողը Հիսուսի գաղտնի հետևորդներից էր, ուղղակի ապտակեց, որպեսզի կասկածը իրա չընկնի, թե գաղտնի հետևել է Քրիստոսին: Հիսուս ոչ մի անգամ իր աշակերտներին և առհասարակ իր հետևորդներին գաղտնի վայրում չի քարոզել, հակառակը միշտ մի ամայի վայր էր ընտրում և քարոզում էր այնտեղ՝ բոլորի աչքի առջև: Քահանայապետը պարզապես կամենում էր Հիսուսին մեղադրեր մի գաղտնի շարժման մեջ և կարողանար այդ մեղադրանքով նրա վրա քաղաքական մեղադրանք դնել, որովհետև այդքան հետևելուց հետո Նրա մեջ ոչ մի կրոնական սխալ չգտան, դատապարտելու համար:
Քանի որ հարցաքննությունից Նրա վրա ոչ մի մեղադրանք չկարողացան գտնել, Հիսուսին տարան Կայիափա անունով քահանայապետի մոտ, հույս ունենալով, որ այս մեկը իր խորամանկությամբ գերազանցում է նախորդին, կարող է մի բան գտնել Հիսուսի վրա, որով կարելի կլինի Նրան հանձնել Պիղատոսին; Պետրոսը այդ ժամանակ էր խարույկի մոտ և տաքանում էր, երբ երկրորդ անգամ մոտեցավ նրան մեկը և հարցրեց,- Մի՞թե դու էլ Նրա աշակերտներից ես: Պետրոսը դարձյալ ուրացավ և ասաց,- Ո՛չ, չեմ: Ըստ Հովհաննեսի նկարագրության, երրորդ անձը որ մոտեցավ Պետրոսին՝ ճշտելու համար Հիսուսի աշակերտը չէ՞ արդյոք, դա Մաղքոսն էր, որի ականջը սրով կտրեց Պետրոսը: Մաղքոսը վկայեց, որ անձամբ է տեսել Պետրոսին Գեթսեմանիի պարտեզում, որ Հիսուսի աշակերտների մեջ է եղել: Սրա հարցին է, Պետրոսը ուրացավ և աքաղաղը կանչեց այդ պահին: Ուրացման այս դրվագի մասին գրել են բոլոր ավետարանիչները, բայց որ նրա համար, որ իրենց ընկերոջ այս ուրացումը որպես մեղադրանք ներկայացնեն, այլ՝ որպեսզի մեկ անգամ ևս բացահայտվի Քրիստոսի մարգարեական խոսքերը, որ ասում էր աշակերտներին, քանի դեռ չի կատարվել, որպեսզի երբ կատարվի, հիշեն, որ ասել էր իրենց այդ մասին: Քրիստոսի մարդասիրություն չափ ու սահման չունի նույնիսկ այն պարագայում, երբ Իրեն շղթայված տանում են հաջորդ քահանայապետի մոտ քննության, Ինքը չի ուզում պետրոսը մնա մեղքի մեջ և հայացքը հառում է Պետրոսի վրա: Այս մասին հիշատակված է Ղուկասի ավետարանի քսաներկուերորդ գլխի նույն հատվածի մեջ; Այդ հայացքը նրա համար էր, որ Պետրոսի մեջ արթնացնի զղջման ցանկությունը, և որ Պետրոսը հիշի Վարդապետի այն խոսքերը , թե Դեռ աքաղաղը չկանչած, ինձ երեք անգամ կուրանաս: Մեր միտքն էլ շատ հաճախ Պետրոսի պես մեղքի մեջ լինելով, դեռ խարույկի մոտ կանգնած հանգիստ տաքանում է; Որովհետև մենք մեր հույսը դնում ենք մեր սեփական ինքնասիրության և հպարտության վրա: Դռնապանի և այն երկուսի հարցերը Պետրոսին նրա համար էին, որ ինքը հիշեր իր Վարդապետի խոսքերը՝ ուղղված իրեն; Այդ խոսքերը Հիսուս միայն իրեն ասաց, ուրիշ ոչ մեկի: դրա համար պետք էր որ ուշադիր լիներ գոնե անմիջապես իրեն ուղղված հորդորների վրա: Մշտապես աղոթենք, որ Հիսուս, Աստծու խոսքը արթնացնի մեզ և արտասուքով զղջման առաջնորդի, երբ մենք էլ անհոգ կանգնած ենք մեղքի գավթի մեջ:
Սիրելիներ, Երբ սկսեցինք Հովհաննեսի ավետարանի սերտողությունը, ձեզ ասացի, որ Հովհաննեսը իր ավետարանը գրել է բավական ուշ՝ երբ արդեն գրված էին երեք ավետարանները, չնայած որ Հովհաննեսը միակ ականատեսն է եղել բոլոր դեպքերի, ինչ կատարվել է իր սիրելի Վարդապետի կյանքի երեք տարիների ընթացքում; Հովհաննեսը ջանացել է իր ընթերցողի միտքը պահել միշտ բարձրության վրա՝ Հիսուսի աստվածության վրա, քան հրաշքների, կամ բժշկությունների, որոնք տրամաբանական շարունակությունն են աստվածության; հովհաննես միակն է ավետարանիչների մեջ, որ գրել է Գեթսեմանիի պարտեզում տեղի ունեցած ձերբակալության այն պահը, երբ զինված խումբը գետին ընկավ՝ լսելով Հիսուսի պատասխանը, թե ,,Ես եմ,,: Այս ,ես եմ, արտահայտությունը գրավել է շատ մեկնիչների ուշադրությունը այն առումով, որ պարզ պատասխանից ինչ պետք է գետին ընկնեին, հատկապես որ զինված էին ամեն ինչով; Շատ մեկնաբաններ ասում են որ այս այս արտահայտությունը թարգմանաբար է մեզ հասել և մենք հասկանում ենք մի պարզ բառ: Բայց այն հունական կամ արամերեն բնագրում նշանակում է Աստծու այն անունը, որը մովսես լսեց, երբ խոսում էր Աստծու հետ: Եվ հաստատվել են այն մտքի վրա, որ փարիսեցիները սարսափել այդ անունից և վայր են ընկել, քանի որ նրանք գիտեին պատվիրանը, թե Քո Աստծու անունը զուր տեղը բերանդ մի առ: Այդ անունը կարող էին տալ միայն քահանայապետները: Ինչե՛ր են տեսել Հովհաննես առաքյալի աչքերը, ու լռել է նրա խոնարհ բերանը: Նույնիսկ իր անունը չի կամեցել պարզ գրել իր ավետարանում; Դրա համար արժանացավ գրելու ինչպես որ Բանի սկզբի մասին երբ անցյալ հավիտենականության մեջ էր, այնպես էլ վախճանի մասին, որ լինելու է; Ավետարանիչը ավելի շատ ներկայացնում է Հիսուսի Հարությունից հետո կատարված դեպքերը: Ավետարանիչը մեզ տարավ մինչև սկիզբ և իր ավետարանի երեք մասերով մեզ ծանոթացրեց Քրիստոսի երեք անունների հետ՝ Լույս, Սէր և Կյանք: Մի հետաքրքիր բան էլ կա Հովհաննեսի ավետարանի մեջ, բայց այդ մասին կհարցնեմ ձեզ վերջին գլուխը սերտելուց հետո:
Հետաքրքիր են բոլոր Ավետարանները, քանի որ նրանք մեզ ծանոթացնում են մեր կյանքի գլխավոր նպատակի հետ: Մենք պետք է ճանաչենք իրական ճշմարտությունը, որպեսզի ազատվենք մեղքի ծառայությունից: Ավետարանի մեջ չկա ոչ մի գաղտնիք, որ չբացի իր ընթերցողի հոգուն, եթե մաքուր սրտով է ձեռքը վերցնում Սուրբ Գիրքը: Նորից դառնանք այսօրվա սերտողության մանրամասներին, տեսնելու համար, մենք ինչպես կվարվեինք նման դեպքում, որովհետև այսպիսի իրավիճակներ կարող են պատահել ցանկացած մարդու կյանքում: օրինակ այն պահակը, որը ծառայում էր քահանայապետին, բայց ծածուկ հետևում էր Քրիստոսի վարդապետությանը, նաև ներկա էր դատավարությունը: Կարող էր լուռ կանգնել և չապտակել Հիսուսին, չէ որ որևէ մեկը նրան չստիպեց, որ նա ապտակ հասցնի Քրիստոսին, այն ճշմարտության համար, որ Նա ասաց: Տեսեք մի օրինակ, երբ հավատը տկար է, առաջ է գալիս վախը և չնախատեսված քայլը, որը կարելի էր նաև չանել: Մեկ այլ օրինակ վերցնենք քահանայապետի գավթում գտնվող մարդկանցից: Օրինակ Պետրոսին երբ դռնապանը հարցրեց.- Մի՞թե դու էլ այդ մարդու աշակերտներից ես: Այս կնոջ հարցի մեջ սպառնալիք չկա, Վարդապետի և աշակերտի հասցեին վիրավորանք չկա, հարկադրանք չկա, ուղղակի մի պարզ հարց էր, որի Պետրոսը կարող էր չպատասխանել: Այդ կինը ընդամենը դռնապան էր և իրավունք էլ չուներ հարցաքննելու: Պետրոսը կարող էր չպատասխանել նաև Մաղքոսի հարցին, բայց բոլորին էլ պատասխանեց իր մարդկային թուլությամբ, որպեսզի մենք այսօր հասկանանք, որ պատասխանատու հարցերին տանք կշռադատված պատասխան, որը չի վնասի ոչ մեկին, դա ճիշտ պատասխանն է, որը մեզ իրավիճակին դուրս կբերի առանց հեղինակազրկվելու: Ամենակարևոր օրինակը որ կարող ենք վերցնել այս դրվագից, Հիսուսի տված հարցն է՝ իրեն ապտակելուց հետո, որ ասում է,- Եթե վատ խոսեցի, վկայիր վատի մասին, իսկ եթե լավ, ինչու ես հարվածում; Սա մեր կյանքում ամենադժվար իրականացվող պատգամն է; Ինչու: Որովհետև միշտ չէ, որ մենք բացարձակ ճշմարտություն ենք խոսում; Իսկ երբ մեզ հանդիմանում են մեր խոսքի համար, մենք սկսում ենք պաշտպանվել, արդարացնելով մեր խոսքը: Մինչդեռ կարելի է այս գեղեցիկ հարցը տալ նույն խաղաղությամբ, ինչպես որ տվեց Հիսուս Քրիստոս իրեն ապտակող պահակին, և պահակը պապանձվեց տեղում:
Մեկ այլ օրինակ. Նույնիսկ քահանայապետը մարգարեացավ, որ ավելի լավ է որ մեկ մարդ մեռնի ամբողջ ազգի համար, քան հռոմեական զորքը ջախջախի ողջ ժողովրդին; Սա ի՞նչ մարգարեություն է:Առանց Սուրբ Հոգու մարգարեություն չի լինի: Նա տարվա քահանայապետ էր, և ըստ օրենքի զատկական տոնի համար տարվա քահանայապետն էր ընտրում զատկական գառը մորթելու համար: Ահա նա իր մարգարեությամբ ընտրեց Աստծու գառը, որի մասին Հովհաննես Մկրտիչը վկայել էր, որ իր վրա է վերցնելու է աշխարհի մեղքը: Տեսնում ենք, որ կյանքում ոչ մի բան առանց Աստծու թույլատու կամքի չի լինում; Մենք երբեմն խոսում ենք և չենք հասկանում, որ մեր խոսքերի համար մի օր պատասխան ենք տալու, ինչպես լավ խոսքերի, այնպես էլ վատ: Այսօրվա սերտողությունը թող միշտ աքլորականչ լինի մեր կյանքի համար, քանի որ օրվա ընթացքում բազմաթիվ աքլորականչեր են լինում, իսկ մենք չենք լսում, այդ պատճառով ենք մոռանում Աստծու խոսքը փորձության պահին; Պետրոսը որից հետո այլևս հույսը չդրեց իր վրա, այլ՝ միայն Աստծու անվան ու զորության վրա:
Այսպես ավարտվեց այսօրվա սերտողությունը, որը ցույց է տալիս աշխարհի անարդարությունը և Աստծու ողորմությունը: Այդպես է նաև այսօր, այդպես կլինի նաև վաղը, քանի մարդ արարածը իր ներսում ունի ևս մեկ մեղավոր մարդ, որից չի ուզում ազատվել կեղծիքի պատճառով, ինչպես որ քահանայապետները: Կհանդիպեք վաղը՝ ծանոթանալու հետագա իրադարձություններին:
Թող համբերության և մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ՝ հույսով առատանանք: