Ողջույն ձեզ սիրելի հավատացյալ համայնք. երեկվա ավետարանում կարդացինք, որ հրեաների մեջ տարակարծություններ էր առաջացել Հիսուսի աշակերտների մկրտության և Հովհաննեսի մկրտության հարցով: Հրեաները մտահոգ էին, որ Հովհաննեսի աշակերտները սկսեցին միանալ Հիսուսի աշակերտներին և արդեն շրջում էին Նրա հետ և մկրտում: Նույնիսկ այն աստիճանի, որ հրեայի և Հովհաննեսի աշակերտի միջև վերջ առաջացավ այդ մասին: Այդ մասին իմացան և Հովհաննեսը և Տէր Հիսուս նույնպես, բայց քանի որ հրեաները չէին հասկանում կատարվածի բուն խորհուրդը, որ այդպես է գրված, որ լինի, Տէր Հիսուս թողեց Հրեաստանի կողմերը և կրկին Գալիլիա վերադարձավ: Քանի որ լուրը արդեն հասել էր փարիսեցիներին, թե Հիսուս ավելի շատ աշակերտներ է հավաքում, քան Հովհաննեսը: Կարծեցին, թե Հիսուս միտումնավոր է Հովհաննեսից իր աշակերտներին տանում; Երեկ էլ ձեզ ասացի, որ Հիսուս ինքը չէր մկրտում, այլ մկրտում էին Իր աշակերտները: Իր մկրտությունը լինելու էր հետագայում՝ երբ Սուրբ հոգին իջներ իր աշակերտների վրա: Գալիլիա գնացող ճանապարհը անցնում էր Սամարիայի միջով: Իսկ մենք գիտենք, որ Սամարիան հրեաների համար համարվում էր անմաքուր մի վայր, հեթանոսների պատճառով: Նույնիսկ որևէ հրեայի համար անպատվություն էր սամարացու հետ շփվելը: Իսկ հարկադրաբար շփվելու դեպքում ամբողջ մարմինը լվանում էին նրանց հետ հանդիպելուց հետո: Այսպիսի գաղջ հարաբերությունների մեջ էր Սամարիան Հրեաստանի հետ: Իսկ Հիսուսի ճանապարհը անցնում էր այդտեղով: Ճանապարհորդությունից հոգնած, Տէր Հիսուս նստեց մի ջրհորի մոտ հանգստանալու, որովհետև իր աշակերտները քաղաք էին գնացել ուտելու բան բերելու: Այդտեղ էր Հայր Հակոբի ջրհորը, ուր նստած էր Տէր Հիսուս: Պատահաբար ջրհոր է գալիս մի սամարացի կին ջուր տանելու: Տէր Հիսուս նրանից ջուր է ուզում խմելու: Բացի նրանից, որ հրեան վատ հարաբերությունների մեջ էր սամարացիների հետ, նաև խստիվ արգելված էր, որ վարդապետը կնոջ հետ զրուցի: Սիրելիներ, տեսեք այս մի դրվագի մեջ Տէր Հիսուս քանի արգելք է վերացնում: Նախ՝ նրանց մեջ եղած թշնամությունը, վարդապետի արգելքը՝ կնոջ հետ խոսելու, այն էլ սամարացի կնոջ հետ: Կինը զարմանում է, որ հրեան իրենից ջուր է ուզում և չի թաքցնում իրենց մեջ եղած վատ հարաբերությունները և զարմանալով հարցնում,- Դո՛ւ որ հրեա ես, ինչպե՞ս ես սամարացի կնոջից ջուր ուզում;
Տեսե՛ք, թե ի՛նչ է կատարվում ոչի՛նչ չիմացող, բայց շիտակ սիրտ ունեցող մարդու հետ, երբ նրա մեջ նենգություն չկա դիմացին նկատմամբ: Շատ ուշագրավ է Տէր Հիսուսի պատասխանը՝ սամարացի կնոջը, որ ասում է,- Եթե դու գիտենայիր Աստծու պարգևները, և առավել ևս գիտենայիր, թե ո՞վ է քեզնից ջուր ուզողը, գուցե ինքդ նրանից խնդրեիր և Նա քեզ կենդանի ջուր կտար: Բնականաբար կինը ոչինչ չհասկանալով, դեռ խոսում է այն մասին, որ հրեան նույնիսկ դույլ չունի, էլ որտեղից պետք է իրեն ջուր տար, հատկապես, որ ջրհորը այդքան խորն է: Սա այն ջրհորն է, որտեղից խմել և իր ոչխարներին է ջուր տվել Հայր Հակոբը: Ավանդությունն ասում է, որ երբ Հայր Հակոբը մոտենում էր ջրհորին, ջուրը բարձրանում էր այնքան, որ նա կռանալով խմում և հագենում էր: Սամարացի կնոջ մոտ տարակուսանք է առաջանում, հիշելով Հայր Հակոբին և այս հրեա մարդուն, որը խոսում է կենդանի ջրի մասին, և հարց է տալիս Նրան,- Միթե դու ավելի մեծ ես քան մեր Հայր Հակոբը, որն այս ջրհորը մեզ է տվել: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս Հիսուս կարող էր այս կնոջը արմատական բացատրության տալ իր ծագման ու առաքելության մասին, երբ կինը այսքան թույլ պատկերացում ուներ Իր անվան մասին: Սկսում է բացատրությունը սովորական ջրի և կենդանի ջրի տարբերության մասին բացատրությունից, որ այս ջուրը ծարավը չի հագեցնում, իսկ կենդանի ջուրը խմողի ներսում ջրի ակունքներ են բացվում՝ հավիտենական կյանքի համար: Կինը հրեա մարդուն Տէր անվանեց և խնդրեց նրանից այդ ջրից, բայց ո՛չ թե հասկացավ ի՛նչ ջուր է դա, այլ՝ որպեսզի այլևս ջրհոր չգա ջուր տանելու համար: Այն ժամանակ ջուր կրելու պարտականությունը ամբողջությամբ կնոջ ուսերին էր, իսկ դա հեշտ պարտականություն չէ՝ հատկապես, որ ամենաշատ օգտագործվողը ջուրն է կենցաղի մեջ; Բայց կինը որոշակի տեղեկություն լսած լինելով իր մեծերից, կարծես թե ինչ որ բան էր կասկածում իր մտքում այս արտասովոր մարդու մասին: Երբ կինը համարձակվեց հրեա մարդուց կենդանի ջուր խնդրել, Տէր Հիսուս տեսավ, որ սերմի հատիկը ընկել է պարարտ հողի մեջ, և նրան պատվիրեց գնալ և ամուսնուն կանչել: Այստեղ մի պահ կանգ առնենք, հասկանալու համար, մի՞թե Հիսուս չգիտեր, որ նա ամուսին չունի; Գիտե՛ր անշուշտ: Ինչո՞ւ ասաց այդ դեպքում: Ո՛չ ոք չգիտեր այդ կնոջ ներաշխարհը, բացի Տէր Հիսուսից: Չթաքցրեց Կինը նաև այս գաղտնիքը անծանոթ մարդուց և ասաց, որ ամուսին չունի: Հավանեց Տէր Հիսուս նրա տված անկեղծ պատասխանը, և կնոջը ներկայացրեց իր նախորդ հինգ տղամարդկանց, որոնց հերթով փոխել էր այդ կինը, և ում հետ որ այժմ ապրում է, դա էլ իր օրինական ամուսին չէ:
Սամարացի կինը իր մասին լսելով այսքան ճշմարտություն, արդեն այդ հրեային, որ Տէր էր անվանում, հիմա մարգարե անվանեց, և սկսեց Մարգարեի հետ փոքր ինչ այլ խոսել: Կինը լսել էր, որ իրենց հայրերը այդ լեռան վրա երկրպագություն են արել, իսկ հրեաները պնդում էին, որ ճշմարիտ երկրպագության տեղը Երուսաղեմն է: Հետաքրքիր երկխոսություն է ծավալվել երկուսի միջև և Տէր Հիսուս կամենում է այս մեկ պարարտ հողի միջոցով առատ սերմ ցանել նաև մնացած քարքարոտ ու փշոտ հողերի մեջ: Տէր Հիսուս կնոջը ասում է, հավատա ինձ, որ կգա այն ժամանակը, որ ոչ լեռան վրա, ոչ էլ Երուսաղեմում կերկրպագեն Հորը: Կնոջը բացատրեց, որ ձեր երկրպագության առարկան ձեռակերտ կուռք է, իսկ հրեաների երկրպագությունը Կենդանի Աստծուն է, և փրկությունը հրեաներից որ Աստծուն են երկրպագում, ոչ թե հեթանոսներից, որ կուռքերին են երկրպագում: Կինը հավանաբար տարակուսանքի մեջ ընկավ այդ պահին, որովհետև երկրպագությունների միջև էլ տարբերություն տեսավ այնպես, ինչպես որ քիչ առաջ սովորական ջրի և կենդանի ջրի միջև տեսավ: Մի խոսքով սամարացի կինը արդեն երկու բան սովորեց և հետաքրքիր զրուցի բռնվեց անծանոթ տղամարդու հետ, մոռանալով, թե ինչ համար է ջրհոր եկել: Տէր Հիսուս հիմա խոսում է մի երրորդ բանի՝ ժամանակի մասին, որը արդեն հասել է, որպեսզի մարդիկ ճշմարիտ երկրպագություն անենք Հորը՝ հոգով և ճշմարտությամբ, քանի որ Հայրն էլ է այդպիսի երկրպագուներ ուզում իր համար, ոճ թե կուռքեր պաշտողների: Քանի որ Աստված Հոգի է, հետևաբար Նրան երկրպագողները պետք է հոգով երկրպագեն Նրան: Այս խոսքերը լսելուց հետո կինը բացեց իր սրտի գանձարանը և դուրս բերեց մի ավելի արժեքավոր գիտելիք՝ Մեսիայի մասին, Քրիստոս կոչվածի, որը երբ գա, բոլորին ամեն ինչ պատմելու է: Այս հոգևոր անկեղծ երկխոսությունը երանություն է համարվում ամեն մարդու համար, որի հոգևոր աչքերն են բացվում աստիճանաբար և սկսում է հասկանալ ու համեմատել, հիշել ու կռահել: Կինը ամբողջությամբ վստահում էր իր առջև կանգնած մարգարեին և նրան բացում էր գաղտնիքներ, որ ինքը գիտեր: Հոգևոր ջանքը հոգևոր հունձք է ակնկալում և ստանում: Տէր Հիսուս եթե լուռ նստեր մինչև աշակերտները քաղաքից վերադառնային, միթե փրկություն տեղի պիտի ունենար այս կնոջ կոտրված սրտում, որը անձնական և ընտանեկան կյանքում երջանկություն չէր տեսել, իր տան տղամարդը օրինական չէր, և դա անպատվություն էր իր համար: Հինգ տղամարդ էր փոխել իր կյանքում, գուցե փնտրում էր ընտանիքի ջերմություն, ծառայելու նվիրում, կամ ո՞վ գիտե, գուցե մայր դառնալու բերկրանքն է զգում իր սրտում: Այդ կնոջ ներաշխարհը խաղաղ չէր, որովհետև նրա սրտում նաև երկրպագության աստվածը օրինական չէր, այլ՝ կուռք:
Ո՛չ ոք չգիտե կնոջ սիրտը, փափագը, անհասցե կարոտը և սերը, որի ունեցել է և չի գտել հինգից ոչ մեկի մեջ; Երբեմն մարդիկ հեշտությամբ մեկի հասցեին ասում են անբարոյական, առանց ծանոթ լինելու նրա ներաշխարհին, ցավին, վիրավորանքին, և այլն; Տէր Հիսուս, որ գրել է տիեզերքի բարոյական օրենքները, հաշվի չառավ այս կնոջ կյանքի դառը պատմությունը և առաջին անգամ սամարացի կնոջը ներկայացավ որպես Հիսուս Քրիստոս, որ խոսում էր կնոջ հետ; Մինչ այս պահը որևէ փարիսեցու հարցի չէր պատասխանել, թե ի՛նքն է Հիսուս Քրիստոսը, բայց այս կինը, որը ոմանց նկարագրությամբ անարժան մեկն էր Հիսուսի հետ խոսելու համար, արժանացավ այդպիսի պատվի, որ իր հետ խոսողը ոչ թե հրեա մարդ է, ոչ թե մարգարե է, այլ աշխարհի Փրկիչն է իր առջև կանգնած: Ես կարծում եմ, որ կինը այդ պահին վերհիշեց իրեն ասած առաջին նախադասությունը, որ լսեց ջուր ուզող մարդուց, թե- Եթե դու գիտենայի~ր Աստծու պարգևները… Այո, այժմ կինը իր աչքով տեսավ Աստծուն, հասկացավ ինչ է կենդանի ջուրը և զգաց ժամանակը կենդանի Աստծուն երկրպագելու: Որքա~ն կկամենար այդ կինը, որ այս աստվածային երկխոսությունը շարունակվեր երկար ժամանակ, բայց վրա հասան աշակերտները, որոնք քաղաքից էին վերադարձել և ուտելու բան էին բերել: Մեծ եղավ աշակերտների զարմանքը, երբ տեսան, որ իրենց Վարդապետը խոսում է այդ կնոջ հետ, սակայն ո՛չ ոք չհամարձակվեց ոչի՛նչ հարցնել եղածի մասին: Ի՞նչ արեց կինը: Իրապես մոռացավ, թե ինչի համար էր եկել ջրհոր, թողեց սափորը և քաղաք վազեց՝ բարի լուրը հայտնելու: Հրաշալի օրինակ է սամարացի կինը՝ վկայության համար: Սամարիան խառը բնակչություն ուներ, հիմնականում հեթանոսներ էին: Լույսը Հրեաստանում էր սրանից առաջ, իսկ կասկածամիտ հրեաների չտեսնելու պատճառով Տէր Հիսուս լքեց Հրեաստանը և եկավ հեթանոսների շրջան, քանի որ Նրա նպատակը հոգիներ փրկելն է, ուր էլ որ լինի: Զարմանալի է կնոջ վկայությունը քաղաքում, որ չի՛ ասում, թե մի մարգարե եմ տեսել, կամ Հենց Հիսուսին եմ տեսել և հետը խոսել, այլ՝ ասում է,- Եկեք և տեսեք մի մարդու, որ ինձ ասաց այն բոլորը, ինչ արել եմ: Արդյոք Նա է Քրիստոսը: Ելան և եկան մարդիկ ասածը տեսնելու համար: Այս քայլը բավական էր հմուտ Բժշկապետի համար, որ օգտագործեր իր բժշկական բոլոր գործիքներն ու հնարները: Մինչ այդ աշակերտները խնդրում էին Վարդապետի մի բան ուտել, իսկ նա հրաժարվում էր, ասելով, որ Ինքը ունի ուտելու բան, որի մասին աշակերտները չգիտեին:
Իսկ աշակերտները իրենց մտքում նյութական հաց հասկացան, որ հավանաբար մեկը բերած լիներ: Աշակերտներն էլ կնոջ պես առաջին պահից չհասկացան, թե ի՞նչ ունի ուտելու, այնպես, ինչպես կինը սկզբից չհասկացավ, թե որտեղից այդ մարդուն ջուր, եթե դույլ չունի նույնիսկ: Իսկ Տէր Հիսուսի կերակուրը միայն Իր Երկնավոր Հոր կամքը կատարելն էր, ինչի համար որ ուղարկված էր: Տէր Հիսուս տեսնում էր առատ հոգևոր հունձը, տեսնում էր պարարտ հողերը, որոնց խեղդում էր փուշն ու տատասկը, տեսնում էր մեղավոր հոգիներ, որոնք ուզում են ազատվել այդ մեղքի բեռից, ինչպես որ այդ կինը իր արատավոր անցյալից կուզեր ազատվել մի կերպ և խաղաղ ապրել: Հունձը առատ է, մշակներ չկան, եղածն էլ դեռ պատրաստ չեն, խանգարողները ավելի շատ են քան օգնողները: Այսպիսի պայմաններում էր ցանում իր պտղատու սերմերը Տէր Հիսուս Քրիստոս և առատ բերք ստանում: նաև աշակերտներին էր ասում,- Ով հնձում է, վարձ է ստանում և հավիտենական կյանքի համար պտուղ է կուտակում, որպեսզի սերմանողն ու հնձողը հավասարապես ցնծան: Սամարացիների այդ քաղաքից շատերը հավատացին Հիսուսին, այն կնոջ խոսքից, որ վկայեց, թե իր մասին ամեն ինչ պատմել է: Հավանաբար սրանք այն մարդիկ էին, որ որոնք մոտիկից ճանաչում էին այս կնոջը և հավատացին իրականությունը տեսնելով: շատեր այդ քաղաքից հավատացին, երբ լսեցին Նրա խոսքերը դեմ դիմաց: Դա երևում է ավետարանի այն խոսքից, որ ասում է,- սամարացիները աղաչում էին Հիսուսին, որ իրենց մոտ մոտ մնա և չգնա: Տէր Հիսուս նրանց մոտ մնաց երկու օր: Սիրելիներ, հրեաները, որ Հիսուսի համաքաղաքացիներն էին, հաճախ էին դուրս հանում նրան իրենց քաղաքից, իսկ սամարացիները, որոնց անմաքուր էին համար և ատում էին հրեաները, աղաչում են, որ Հիսուս մնա իրենց մոտ: Ուրեմն ով որ տեսնում է իրական Լույսը նա էլ արժանանում է այդ Լույսի ճառագայթներով տեսնել իր կեղտոտ անցյալը և իր ներսի ապականված մարդը: Սամարացիներից շատերը տեսան այդ լույսը, և դուրս եկան խավարից դեպի լույսը: Նրանց մեջ եղան նաև մարդիկ, որոնք հավատացին ոչ թե կնոջ խոսքով, այլ իրենց աչքի տեսածով և ընդունեցին Նրան որպես ճշմարիտ Փրկիչն աշխարհի:
Սիրելիներ Այս գեղեցիկ պատմությունը, որ արձանագրել է միայն Հովհաննես առաքյալը, բազում խրատական շերտեր ունի, որոնցից կարող ենք դասեր քաղել և մեր կյանքում կիրառել: Մենք տեսանք, որ փարիսեցիների մեջ կասկածներ առաջանալուն պես, Տէր Հիսուս չկամեցավ նրանց համար գայթակղության առիթ հանդիսանալ և հեռացավ Հրեաստանից և գնաց հեթանոսների մոտ, բայց ոչ թե դադարեց բարիք գործել, այլ իր պարգևները տվեց հեթանոսներին, և նրանք վերցրին; Ամեն հնարավոր պահ երբ մենք բաց ենք թողնում Աստծու խոսքը անուշադրության կամ գայթակղության պատճառով, միշտ գտնվում է խելացի մեկը, որը օգտագործում է այդ պահը: մենք նաև տեսնում ենք, որ ամբողջ շրջագայության ժամանակ, մեր Տէրը չի օգտագործում որևէ կենդանի՝ ճամփորդելու համար և բարիքը գործում է իրեն նեղություն տալով; մենք տեսնում ենք նաև հեթանոս կնոջ խոնարհությունը, երբ Հիսուսին ասում է, որ հրեաները սամարացիների հետ չեն շփվում, այսինքն ընդունում է իրենց նվաստ կարգավիճակը, որը պիտակել էին հրեաները: Նաև կնոջ խորագիտությունն ենք տեսնում, որ ուզեց Վարդապետից այդ կենդանի ջուրը, թեպետ ամբողջությամբ չէր հասկացել, բայց հրեա վարդապետ Նիկոդեմոսը անվերջ հարցնում էր, այդ ինչպե՞ս կլինի: Իսկ այս կինը հավատաց միանգամից; Մենք կարող ենք նաև գնահատել Աստծու պարգևները, համեմատելով սատանայի բերած գայթակղությունների հետ; Տեսե՛ք, երբ սատանա մոտեցավ Եվային, երբեք չասաց գնա ամուսնուդ կանչի երկուսիդ ասեմ ինչ որ ասելու եմ, այլ գտավ կնոջ թույլ տեղը և լցրեց ականջի մեջ թույնը: Իսկ Տէր Հիսուս ասաց, գնա ամուսնուդ կանչիր, որպեսզի կնոջ գաղտնիքը բացվի և նա ազատվի այդ մեղքից մեկընդմիշտ ու խաղաղվի: Մի խոսքով անվերջ սովորելու բան ունենք, քանի դեռ ապրում ենք; Ուրեմն ականջալուր լինենք ամեն լսածի, ամեն կարդացածի, որ Աստծուց է, որովհետև Աստծու պարգևների արժեքը հասկանում է նա, որը մշտապես իր հետ ունի Աստծուն; Ավարտենք այստեղ մեր սերտողությունը՝ հոգով և ճշմարտապես երկրպագելով Ամենասուրբ Երրորդությանը:
Թող համբերության և ամենայն մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ դուք հույսով առատանանք: