ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի. 5:1-18
ԱՒԱԶԱՆԻՆ ՔՈՎ ԲԺՇԿՈՒԹԻՒՆ
1 Ասկէ յետոյ Հրէից տօնն էր։ Յիսուս Երուսաղէմ ելաւ։ 2 Երուսաղէմի մէջ Ոչխարներու դրանը քով աւազան մը կար, որ Եբրայեցերէն Բեթհեզդա կը կոչուէր, որ հինգ սրահ ունէր։ 3 Ասոնց մէջ խիստ շատ հիւանդներ պառկած էին՝ կոյրեր, կաղեր, չորցածներ՝ որոնք կը սպասէին ջուրին խառնուելուն, 4 Վասն զի հրեշտակ մը ժամանակ ժամանակ աւազանը կ՚իջնէր ու ջուրերը կը խառնէր եւ ո՛վ որ ջուրին խառնուելէն յետոյ ամենէն առաջ անոր մէջ մտնէր, կը բժշկուէր ի՛նչ հիւանդութիւն ալ որ ունենար։ 5 Հոն մարդ մը կար, որ երեսունըութը տարիէ ի վեր հիւանդութիւն մը ունէր։ 6 Յիսուս երբ տեսաւ զանիկա, որ ինկած պառկած էր, գիտցաւ թէ շատ ժամանակէ ի վեր է, ըսաւ անոր. «Կ՚ուզե՞ս առողջանալ» 7 Հիւանդը պատասխան տուաւ անոր. «Տէ՛ր, մարդ մը չունիմ որ երբ ջուրերը խառնուին՝ զիս աւազանը ձգէ ու քանի որ ես ծանր կը շարժիմ, ինծմէ առաջ ուրիշ մը կ՚իջնէ»։ 8 Յիսուս ըսաւ անոր. «Ելի՛ր, մահիճդ առ ու քալէ»։ 9 Իսկոյն մարդը առողջացաւ ու իր մահիճը վերցնելով կը քալէր։ Այն օրը շաբաթ էր։ 10 Այն ատեն Հրեաները ըսին բժշկուած մարդուն. «Շաբաթ է եւ ներելի չէ որ մահիճդ վերցնես»։ 11 Պատասխան տուաւ անոնց ու ըսաւ. «Ան որ զիս բժշկեց՝ ի՛նք ինծի ըսաւ՝ ‘Մահիճդ ա՛ռ ու քալէ’»։ 12 Ուստի հարցուցին անոր. «Ո՞վ է այն մարդը, որ քեզի ըսաւ, ‘Մահիճդ ա՛ռ ու քալէ’»։ 13 Եւ բժշկուողը չէր գիտեր թէ ո՛վ է ան, վասն զի Յիսուս մէկդի քաշուեցաւ՝ այնտեղ բազմութիւն ըլլալուն համար։ 14 Անկէ ետքը Յիսուս զանիկա տաճարին մէջ գտնելով՝ ըսաւ անոր. «Ահա բժշկուեցար, ալ մեղք մի՛ գործեր, որ ա՛լ աւելի չար բան չպատահի քեզի»։ 15 Գնաց մարդը ու Հրեաներուն պատմեց թէ՝ Յիսուս էր, որ զինք բժշկեց։
16 Ասոր համար Հրեաները կը հալածէին Յիսուսը եւ կը մտածէին զանիկա սպաննել, քանի որ այս բաները շաբաթ օրը կ՚ընէր։ 17 Եւ Յիսուս պատասխան տուաւ անոնց. «Իմ Հայրս մինչեւ հիմա կը գործէ, ես ալ կը գործեմ»։ 18 Ասոր համար ա՛լ աւելի կը մտածէին Հրեաները զանիկա սպաննել, վասն զի ո՛չ միայն շաբաթ օրը չէր պահեր, հապա նաեւ Աստուած իր Հայրը կ՚անուանէր ու այսպէս ինքզինք Աստուծոյ հաւասար կ՚ընէր։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի աշխարհասփյուռ համայնք: Մենք այսօր ծանոթանալու ենք ևս մեկ բացառիկ հրաշք երևույթի հետ, որը դարձյալ տեղ է գտել միայն Հովհաննեսի ավետարանում: Գալիլիայում իր առաքելությունը կատարելուց հետո Տէր Հիսուս Երուսաղեմ գնաց, քանի որ տոնի օրերն էին: Ավետարանիչը նկարագրում է մի տեսարան Երուսաղեմում, որտեղ մի մեծ ավազան կար՝ Բեթհեզդա անունով, որը նշանակում է ողորմության տուն, բաղկացած հինգ սրահներից, որոնց մեջ պառկած էին անդամալույծների, կույրերի կաղերի մի մեծ բազմություն: Այս բազմությունը նույնպես հրաշքի էր սպասում, որպեսզի առողջանային իրենց հիվանդություններից:Ըստ ավետարանի այդ ավազանի մեջ ժամանակ առ ժամանակ իջնում էր Տիրոջ հրեշտակը և խառնում ջրերը: Այդ ժամանակ առաջինը ավազանի մեջ մտնողը ազատվում էր իր հիվանդությունից՝ հիվանդությունից հետք անգամ չմնալով:Հովհաննես առաքյալի գրելու ոճի առանձնահատկությունն այն է, որ տվյալ երևույթի մասին նկարագրում է շատ համառոտ և հիմնական ուշադրությունը սևեռում է այդ երևույթի բացատրական մասի վրա, որպեսզի ընթերցողի համար հասկանալի լինի, թե ինչու է այդպես պատահել: Մենք տեսնում ենք, որ Երուսաղեմի տոնի ժամանակ է Տէր Հիսուս այս բացառիկ հրաշքը կատարում:Հատկապես որ տոնն են նշում Երուսաղեմում, մեզ հայտնի չէ, սակայն Ավետարանում նշվել է տոնի և հատկապես շաբաթ օրվա մասին:Այլ աղբյուրներ ասում են, որ դա եղել է Հոգեգալստյան տոնը, որը քրիստոնեական եկեղեցին նշում է որպես եկեղեցու հաստատման տոն, երբ առաքյալները ստացան Սուրբ Հոգի և քարոզեցին յուրաքանչյուրին իր լեզվով: Տէր Հիսուս մասնակցում էր տոնին, քանի որ տոներին մեծ բազմություն էր հավաքվում և Ինքը հնարավորություն էր ունենում բազմության առջև խոսել, կան որևէ հրաշք գործել:
Իսկ Բեթհեզդայի ավազանի մասին հին աղբյուրները պատմում են, որ այդպիսի ավազան հայտնաբերվել է հետագա պեղումների ժամանակ և այն ծառայել է մարդկանց բժշկության համար: Ինչպե՞ս էին իմանում, որ հրեշտակը խառնում է ջրերը ժամանակ առ ժամանակ: Ջրերի խառնվելու ժամանակ ավազանի ջուրը ստանում էր այն տպավորությունը, կարծես եռում է: Սա նշան էր, որ պարզ ջուրը չի կարող օգնել բժշկությանը, եթե չլինի աստվածային միջամտությունը՝ ջրերը խառնելու: Սա նաև մկրտության խորհրդին կարելի է նմանեցնել, որովհետև մկրտության ջուրն է պարզ ջուր է, բայց Սուրբ Հոգու միջամտությամբ այն դառնում է խորհուրդ և ենթական ստանում է Սուրբ Հոգի, և մկրտվում է Ամենասուրբ Երրորդության անունով, մաքրվելով հոգու և մարմնի հիվանդություններից: Իսկ այս ավազանում Ով որ ավելի թեթև հիվանդ էր, անմիջապես մտնում էր ջրի մեջ և բուժվում: Իսկ այս անդամալույծը, որ 38 տարի պառկած էր և չէր կարողանում մտնել, հավանաբար շատ ծանր վիճակում էր գտնվում և տարիներ շարունակ չէր կարողանում ինքնուրույն մտնել ջրի մեջ: Տէր Հիսուս մոտեցավ հենց ա՛յդ անդամալույծին, որն անկարող էր ինքնուրույն տեղաշարժվել և շատ զարմանալի մի հարց տվեց նրան, ասելով,- Կամենո՞ւմ ես առողջ լինել: Ինչո՞ւ տվեց այդ հարցը: Մի՞թե հնարավոր է գտնվի մի մարդ, որը չկամենա առողջ լինել և ազատվել իր անդամալուծությունից:Պարզվում է, որ հնարավոր է:
Հիվանդը չշտապեց պատասխանել ,,Այո,, այլ պատմեց, թե ի՛նչ պատճառով է ինքը երկար տարիներ մնացել անօգնական, քանի որ ոչ ոք չի օգնում, իսկ ինքը շատ է դանդաղում և ուշանում է ջուրը մտնելուց: Այդպիսի բուժիչ ավազաններ կան նաև Հայաստանում, որոնց ջուրը կարծես եռում է և տաք է ու բուժիչ: Արցախ աշխարհի Քարվաճառ քաղաքում կար այդպիսի հրաշագործ լողավազան, որի ջուրը աղի էր և բուժիչ:Ափսոս, որ հիմա այն ամեր տրամադրության տակ չէ:Ինչևէ, վերադառնանք Բեթհեզդա և տեսնենք ի՛նչ եղավ մեր անդամալույծը: Անդամալույծի հիվանդության 38 տարիների մասին արձանագրելը մեզ սովորեցնում է համբերություն ձեռք բերել մեր ցանկացած հիվանդության նկատմամբ, երբ երկարում է այն: Այնպես, ինչպես անդամալույծը չդժգոհեց, այլ նույն համբերությամբ պատմեց Հիսուսին, որ չունի ո՛չ ոք իրեն օգնող: Ի՞նչ ենք անում մենք մեր հիվանդության ժամանակ: Չենք դիմանում, տրտնջում ենք, բողոքում ենք, մեղադրում ենք բոլորին՝ սկսած բժիշկներից և խնամողներից, երբեմն նաև անորակ դեղերից: Անդամալույծը չգիտեր, որ իր հետ խոսողը Հիսուսն է, այլ ակնկալում էր որ իրեն ջրի մեջ մտցնի և դրանով օգնած կլինի: Տէր Հիսուս չպահանջեց նրանից հավատալ, ոչ էլ հարցրեց,- Հավատո՞ւմ ես, որ կարող եմ օգնել: Այլ՝ միանգամից ասաց, - Վեր կաց, վերցրու քո մահիճը և գնա: Վեր կացավ անդամալույծը, վերցրեց մահիճը և ման էր գալիս:Օրը շաբաթ էր: Ինչպե՞ս հավատաց հիվանդը, ինչպե՞ս չկասկածեց իր մտքում, որ 38 տարվա հիվանդը չի կարող կանգնել, այլ վեր կացավ և քայլեց: Տէր Հիսուս բուժեց շաբաթ օրով, բազմությանը հասկացնելու համար, որ մարդու մարմնի առողջությունը առավել է ցանկացած օրից, եթե կարող եք մաքրեք ձեր սրտերը շաբաթ օրով և հաշվի մի առեք, որ շաբաթ է; Բայց հրեաները բռնեցին բուժված անդամալույծին և նախատեցին, ասելով,- Օրինավոր չէ շաբաթ օրով վերցնել մահիճը: Հրեաները չհարցրին, թե ո՞վ քեզ բուժեց, չէ որ երկար տարիներ բոլորը նրան ճանաչում են; Այլ ասացին օրինավոր չէ: Իսկ անդամալույծը համարձակվեց ասել, որ իրեն բուժողն է պատվիրել վերցնել մահիճը: Որից հետո միայն հարց տվեցին, թե ո՞վ էր որ քեզ բուժեց: Քանի որ կասկածեցին, որ Հիսուս այդտեղ է: Իսկ միամիտ բուժվածը նույնիսկ այդ ժամանակ էլ չգիտեր, որ իրեն բուժողը Հիսուսն էր, որ այդ պահին ավազանի մոտ էր:
Առավել ևս չգիտեր, թե հրեաների հարցնելու նպատակը բարի չէ, և դա կարող է վնասել իրեն բուժողին; իսկ Տէր Հիսուս այդ պահին ամբոխից հեռացել էր, քանի որ գիտեր, որ անդամալույծի քայլելուց հետո մեծ աղմուկ է բարձրանալու այնտեղ և իրեն փնտրելու են հրեաները: Հիսուս բուժվածին տաճարում գտավ և ասաց, - Ահավասիկ առողջացար, այլևս մի մեղանչիր, որպեսզի մի ավելի չար բան չպատահի քեզ: Բուժվածը գնաց և պատմեց հրեաներին, որ Հիսուսն էր իրեն բուժողը:Գուցե ուրախությունից պատմեց, գուցե միտումնավոր, մենք չգիտենք, և կարևոր չէ, բայց շատ կարևոր է Հիսուսի զգուշացումը՝ բուժված անդամալույծին, թե ահավասիկ բուժվեցիր, այլևս մի մեղանչիր, որպեսզի ավելի վատ բան չպատահի: Պատասխանը հստակ է, որ հիվանդության պատճառը մեղքն է: Այդ մարդը գուցե մեկ կամ մի քանի մեղքի համար մի ողջ կյանք տառապել է հիվանդության մեջ և չի կամեցել ազատվել այդ մեղքերից և հաշտվել է իր հիվանդության հետ: Հիվանդություններ կան, որոնց հետ մարդիկ հաշտվում են տարիների ընթացքում և երբեմն էլ չեն ուզում ազատվել այդ հիվանդությունից հոգևոր իմաստով: Եթե անկեղծ պատասխանելու լինենք այս հարցին, թե երբ մենք մկրտվում ենք և մաքրվում ենք ադամական և ներգործական մեղքերից, ինչո՞ւ ենք հետո նորից շարունակում ապրել մեղքի մեջ, կորցնելով այն շնորհը, որը ստացանք մկրտության պահին; Ինչո՞ւ ենք կեղտոտում այն ճերմակ զգեստը, որը ստանում ենք մկրտության պահին:Միթե չենք հիշում այս Տէր Հիսուսի այս խոսքերը, որ ասաց բուժվածին, որի մեղքերը մաքրելուց հետո անդամալույծը սկսեց քայլել:Տէր Հիսուս առանց տրտնջալու մոտեցավ երկար տարիներ մահճի վրա պառկած հիվանդին, որը բնականաբար անխնամ վիճակում էր, և կամեցավ նրան օգնել, որպեսզի քայլի և զգա շարժվելու բավականությունը: Իսկ քրիստոնյաների մեծամասնությունը մկրտության ավազանում մեղքերից մաքրվելուց հետո, նորից մեղանչում է և հաշտվում է իր մեղավոր անդամալուծության հետ և շարունակում է ապրել տրտնջալով, բողոքելով, անիծելով: իսկ Երբ Տէր Հիսուս հարցնում է,- Կամենո՞ւմ ես առողջ լինել: Մեղավոր մարդը պատասխանում է,- ո՛չ չեմ կամենում, քանի որ ընտելացել եմ մեղքին և ապրում եմ մեղքի մեջ: Չեմ կամենում ո՛չ կարդալ Սուրբ Գիրքը, ոչ էլ լսել Աստծու խոսքը, որը արգելում է մեղքը: Տէր Հիսուս երբեք ոչ ոքի հարկադրաբար չի բուժում իր հիվանդությունից՝ այսինքն մեղքից: Երբ անդամալույծին հարց տվեց, թե -Կամենում ես առողջ լինել, այս հարցով նրան հնարավորություն տվեց նախ՝ ճանաչել Աստծուն, տեսնել մեղքը, մեղքի պատճառով՝ իր անդամալուծությունը, և որ ամենակարևորն է՝ հայացքը ուղղել ո՛չ թե ավազանին, կամ որևէ մեկի օգնությանը, այլ՝ հայացքը ուղղել միայն Տէր Հիսուս Քրիստոսին, որ Տէր է ամեն բանի:
Բայց այսքանից հետո հրեաները Հիսուսին հալածում էին այն բանի համար, որ շաբաթ օրով էր բուժում մարդկանց: Բացի նրանից, որ շաբաթ օրով էր բուժում, դեռ Իրեն Աստծուն հավասար էր դասում և ասում էր որ Աստծու Որդին է:Որովհետև հրեաներին ասաց, Իմ Հայրը մինչև այժմ գործում է, ուրեմն Ես ևս գործում եմ: Սիրելիներ, եթե մենք նայենք մեր շրջակա միջավայրը և աշխարհի գեղեցկությունը, ապա կտեսնենք, որ Հայրը գործում է մինչ այժմ և գործում է նաև Հիսուս Քրիստոս; Արևը ծագում է ժամանակին և ոչ մի օր չի բացակայում:Լուսինը իր լույսն է տալիս: Ծովերն ու գետերը ոռոգում և զարգացնում են բուսական ու կենդանական աշխարհը: Գործում է Հայրը, Գործում է Որդին և գործում է Սուրբ Հոգին: Եթե չգործեր Աստված, մարդը իր ավերիչ գործունեությամբ հիմա կործանել էր աշխարհը: Բայց Աստծու նախախնամ ձեռքը դեռ պահպանում է ամեն բան;
Սիրելիներ, Այս պատմության մեջ արձանագրված 38 թիվը, ավազանի հինգ սրահները և անդամալույծը ըստ հայրերի մեկնաբանության խորհրդանիշն է այն բանի, որ հրեա ազգը մոտ քառասուն տարի անապատում դեգերեց, ունենալով Մովսեսի Հնգամատյանը, բայց դուր չեկավ իր անդամալուծությունից, մինչը նրան չհասավ Հիսուս Քրիստոսի փրկարար ձեռքը, և պատվիրեց մարդկությանը վերցնել մահիճը և քայլել դեպի փրկություն, քանի որ Ինքը վերացրեց մարդկության մեղքը:Եթե Աստվածային խոսքը, որը խորհրդանշում է հրեշտակի ջրերը խառնելը, չմտնի մեր սրտերի մեջ և չխառնի մեր ապականված սրտերը, այնտեղ երբեք բուժում և խաղաղություն չի լինի: Այսօրվա դասից վերցնենք մեզ համար կարևոր պատգամներ, հատկապես այն պատգամը, որ տվեց բուժված անդամալույծին՝ այլևս չմեղանչելու ակնկալիքով, որովհետև նախկին մեղքը կրկնելու դեպքում հատուցումը ավելի ծանր կլինի՝ ըստ Տիրոջ խոսքի: Այսքանով ավարտենք մեր խորհրդածությունները ավետարանի այս հատվածի վերաբերյալ՝ փառաբանելով Աստծուն՝ մինչ այժմ գործելու համար:
Թող համբերության և ամենայն մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ դուք հույսով առատանանք: