Ողջույն ձեզ սիրելի հավատացյալ համայնք. Երեկվա սերտողությունից մեզ պարզ դարձավ, թե որոշ մարդիկ ինչո՞ւ չեն ուզում քրիստոնյա դառնալ: Ո՛չ թե նրանից, որ իրենք զարգացած կամ կրթված են, այլ այն պարզ պատճառով, որ նրանց մութ գործերը չբացահայտվի քրիստոնեության լույսի տակ: Որովհետև երեկվա ավետարանը պարզ խոսքերով փաստում է այս ճշմարտությունը, ասելով,- որովհետև ով չարիք է գործում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը: Իրապես Լույսը եկավ իսրայելացիների մեջ, նրանցից շատերը չտեսան և շարունակեցին մնալ իրեն խավար գործերի մեջ: Իսկ նրանք, որոնք տեսան Լույսը, անմիջապես հետևեցին Նրան: Հովհաննես Մկրտիչը հանդիսացավ այդ Լույսի ճանապարհը հարթողը՝ և հիմք դրեց ժողովրդի մաքրագործության սկզբին՝ ապաշխարության և մեղքերի խոստովանության խորհրդի միջոցով: Այն, ինչ նախկինում արվում էր կենդանիների զոհաբերությամբ: Մեղքերի խոստովանությունը ո՛չ մի արժեք չունի, եթե այն չի ուղեկցվում զղջմամբ: Հովհաննես Մկրտիչը այդ խորհրդի կատարման համար ընտրեց Հրեաստանի անապատը, որպեսզի մարդիկ կտրվեն քաղաքային աղմուկից և կենտրոնանա իրենց հոգու անմխիթար վիճակի վրա: Հովհաննեսի մոտ գալիս էին մկրտվելու երուսաղեմացիները, ամբողջ Հրեաստանն ու Հորդանանի շրջակայքի ժողովուրդը: Մկրտվում էին Հորդանան գետում և խոստովանում էին իրենց մեղքերը: Մարդիկ այնքան էին թաղված իրենց մեղքերի մեջ, և հավանաբար այդ ծանրությունից ազատվելու համար գալիս էին Հովհաննեսի մոտ խոստովանելու իրենց մեղքերը: Ինչպես տեսնում եք ավետարանի նկարագրությունից, չկար խոստովանության համար առանին հատուկ պայմաններ, բայց կար բարի կամք՝ խոստովանելու կատարած մեղքը, զղջալու և հավատալու նրան, որը կատարում էր այդ խորհուրդը: Հովհաննեսը ինքը արդեն ուներ վստահություն ներշնչելու բոլոր տվյալները, դրա համար մարդկանց բազմությունը գալիս էր նրա մոտ մկրտվելու և խոստովանելու: Սա խոստովանության գլխավոր պայմաններից մեկն թերևս, որ ապաշխարով անձը վստահի իր խոստովանահորը և հավատա նրա խոսքին:
Հովհաննեսի մոտ գալիս էին նաև սադուկեցիներ և փարիսեցիներ, որոնց Հովհանները հանդիմանում էր այն բանի համար, որ նրանք եկել են ոչ թե մեղքերից ազատվելու համար, այլ վախեցել են վերահաս վտանգից, քանի որ Հովհաննես իր մկրտությունը սկսեց մի զգուշացնող հայտարարությամբ, թե - Ապաշխարեցեք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը: Բայց Հովհաննեսը նրանցից ապաշխարության արժանի գործեր էր պահանջում, և հիշեցնում էր, որ Աբրահամի սերնդից լինելը բավական չէ փրկության համար: Նաև հիշեցնում էր, որ անպտուղ ծառը կտրվում և կրակն է նետվում: Հովհաննես և՛ մկրտում էր, և՛ տեղեկացնում էր մարդկանց վերահաս վտանգների մասին: Հովհաննեսին զուգահեռ Հրեաստանի սահմաններում մկրտում և քարոզում էր նաև Հիսուս Քրիստոս՝ Իր աշակերտների հետ: Այս բոլոր կատարվում էր, քանի դեռ չէին բանտարկել Հովհաննես Մկրտչին: Սակայն Հովհաննես Մկրտիչը իր առաքելության կարճ ժամանակահատվածում հասցրեց ժողովրդի բազմությանը տեղեկացնել իր առաքելության, Քրիստոսի գալստյան, ապաշխարության խորհրդի մասին: Քրիստոնեությունը այսօր նույնն է պահանջում մկրտվող յուրաքանչյուր անհատից: Այսուհետև ապաշխարության գործեր ունեցեք, քանի որ չոր ծառը կտրվում և կրակն է նետվում; Բայց պահանջելը այլ բան է, սովորեցնելը այլ բան: Հովհաննեսը և՛ սովորեցնում էր, և՛ պահանջում էր խստորեն և՛ կատարյալ օրինակ էր մկրտվողների համար: Ամեն ինչ անում էր, իր անձը Հիսուս Քրիստոսի ստվերում պահելով, ո՛չ թե մեծամտանալով իրեն վերապահված իշխանությամբ: Տէր Հիսուս փնտրում էր մարդաշատ վայրեր՝ քարոզելու և մկրտելու համար, մարդաշատ վայր էր փնտրում ո՛չ թե Իր փառքի համար, այլ՝ որքան հնարավոր էր շատ մարդ ընդգրկել ապաշխարության խորհրդի մեջ, նրանց բերելով հոգևոր շահ և օգուտ: Մկրտում էր ո՛չ թե Հիսուս, այլ իր աշակերտները, որովհետև ըստ Հովհաննեսի խոսքի՝ իրենից հետո եկողը պետք է մկրտեր Սուրբ Հոգով: Այլապես ինչով կտարբերվեր Հովհաննեսի և Հիսուսի մկրտությունները: Իսկ Տէր Հիսուս Սուրբ Հոգով մկրտելու էր, երբ լրանար իր ժամանակը Տէր Հիսուս քարոզում էր, իսկ աշակերտները մկրտում էին: Լցվել էին ժողովրդի մեջ և բուժում էին մարդկանց՝ ով ինչով կարողանում էր՝ հանուն նրանց փրկության:Սակայն այդ մկրտությունը դեռ կատարյալ չէր, այդ մկրտությունը նախապատրաստությունն էր ժողովրդին դեպի Հիսուս ուղղորդելու, ինչի համար եկել էի ինչպես Հովհաննես Մկրտիչը, այնպես էլ աշակերտները;
Այս երևույթը թյուրիմացություն առաջացրեց Հովհաննեսի աշակերտների մոտ և նրանք հարց ուղղեցին իրեն ուսուցչին այն մասին, որ մարդիկ միանում են Հիսուս Քրիստոսին, այն մարդուն՝ որի մասին հովհաննես նախապես հայտնել էր: Հովհաննեսի նպատակն էլ դա էր, որ մարդիկ աստիճանաբար իրենից հեռանան և միանան Քրիստոսին: Պատասխանեց իր աշակերտներին, ասելով,- Մարդն ինքն իրենից ոչինչ անել չի կարող, եթե նրան ի վերուստ երկնքից տրված չլինի; քանի որ ես վկայեցի, որ ես Քրիստոսը չեմ, այլ ուղարկված եմ Նրա առջևից: Աշակերտների մտահոգությունն այն էր, որ Հովհաննեսից մկրտվողը առանձնացավ Հովհաննեսից և առանձին է մկրտում ու քարոզում: Նրանց պատկերացում դեռ այն աստիճանի էր, որ ուսուցիչը մեծ է քան մկրտվողը, իսկ Հիսուս մկրտվել էր Հովհաննեսից, և իրենք դա տեսել էին: Այս կասկածը հրեաներն էին նրանց մեջ դրել, որ Հովհաննեսից մկրտվողը չի կարող Հովհաննեսից մեծ լինել, քանի որ հրեա վարդապետների ուսուցումն այդպիսին էր, որ ուսուցանող վարդապետից մեծը չկա: Հովհաննես տվեց աշակերտներին այդ կասկածի բացատրությունը, ասելով,- Ով հարս ունի, Նա է փեսան, իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապես ուրախանում է փեսայի ձայնի համար: Այդ ուրախությունը իմն է և դա կատարյալ ուրախություն է: Պետք է, որ Նա մեծանա իսկ ես նվազեմ: Այս խոսքերը բացատրում են Հովհաննեսի առաքելության բուն նպատակը: Նա եկավ, որպեսզի ներկայացնի փեսային՝ իր հարս ժողովրդին, իսկ ինքը իր բուն գործը կատարած համարելով հեռու կանգնած նայում է թե ինչպես է հարսը գնում փեսայի մոտ և դրանից ուրախանում է և իր ուրախությունը կատարյալ է, քանի որ կատարվել է մարգարեությունները: Հովհաննեսը համարձակությամբ է ասում, որ ինքը պետք է նվազի, իսկ Քրիստոս մեծանա: Իսկ ինչպես պետք է նվազեր Հովհաննեսի մեծությունը: Միայն իր առաքելությունը ամբողջապես կատարելուց հետո, երբ տեսնում էր իր ծառայության արդյունքը հեռվից նայելով: Իսկ Քրիստոս աճում է օրեցօր՝ իր աստվածային զորությամբ ու հրաշքներով: Քրիստոսն է փեսան բոլոր հոգիների և նրանց հանդիպումը տեղի է ունենում մկրտությամբ՝ սուրբ եկեղեցում: Մեծագույն նվերը որ տալիս է հարսին, դա մեղքերի թողությունն է երկրի վրա, իսկ բարձը՝ կլինի երկնքում:
Մնացած բոլորը որ եկել են մինչ այժմ՝ փեսայի բարեկամներն են, որոնք պետք է ուրախանան Փեսայով: 31 րդ համար մեջ Հովհաննեսը իրեն համեմատում է Քրիստոսի հետ և փաստում, որ Նա որ ի վերուստ է գալիս, այսինքն Քրիստոս, վեր է ամենքից: Իսկ նա որ այս երկրից է, երկրավոր է, և երկրավոր բաների մասին է խոսում: Երկնքից եկողը խոսում է այն բաների մասին, ինչ որ տեսել ու լսել է: Սակայն մարդկանցից շատերը չեն ընդունում Նրա վկայությունը: Իսկ ովքեր ընդունում են Նրա վկայությունը, հաստատում են, որ Աստված ճշմարիտ է, քանի որ նա, ում Աստված ուղարկեց, Աստծու խոսքերն է խոսում: Որովհետև Աստված հոգին տալիս է անչափ: Այսինքն Քրիստոս եկավ Աստծուց այնպես, ինչպես արևը իր ճառագայթն է ուղարկում երկրի վրա՝ ջերմացնելու բոլորին: Հայրը սիրում է Որդուն և ամեն ինչ տվել է Նրա ձեռքը: Հետևաբար ով որ հավատում Որդուն, ընդունում է հավիտենական կյանքը, իսկ ով որ չի հնազանդվում Որդուն, կյանք չի տեսնի, այլ նրա վրա կմնա Աստծու բարկությունը: Հովհաննես առաքյալի նպատակն էր Քրիստոսին ներկայացնել որպես Աստծու Որդի և ժողովրդին միացներ Նրան՝ինչպես որ հարսն ու փեսան, որ եկեղեցու և Քրիստոսի օրինակն է: Իսկ նրանք, որ չեն հնազանդվի այս խոսքին կյանք չեն ունենա: Ոչ թե կմեռնեն, այլ կյանք չեն ունենա, քանի որ Ադամն էլ չհնազանդվեց, բայց չմեռավ, այլ կյանք չունեցավ: Երբեմն տեսնում ենք մարդիկ, որոնք ապրում են մեղքի մեջ և չեն մեռնում իրենց մեղքի պատճառով, բայց նրանց կյանքը նման չէ նրանց կյանքին, որոնք հավատում և հնազանդվում են Աստծու Որդու խոսքին: Աստծու նպատակն է բոլոր մարդկանց փրկությունը, բայց ոչ բռնությամբ, այլ՝ մարդու ազատ կամքով; Ցանկացած քրիստոնյա գիտե, թե ինչ պատճառով պատժվեց, որովհետև գիտե մեղքի հանդեպ ունեցած իր թուլության մասին: Աստված պատժում է նրան, ում սիրում է, և ավետարանն է ասում այս մասին: Նշանակում է սիրել չի նշանակում միայն փաղաքշել և գովել, այլ կարգի հրավիրել մեղավորին: Տէր Հիսուս իր համբարձումից առաջ ամփոփելով իր երեք տարվա քարոզությունն ու ուսուցումը, երկու գլխավոր պատգամ տվեց աշակերտներին՝ կատարելու համար: Նախ՝ որ աշակերտները գնան և աշակերտ դարձնեն բոլոր ազգերին և մկրտեն նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով՝ սովորեցնելով նրանց այն ամենը ինչ որ պատվիրեց Հիսուս Իր երեքամյա ծառայության տարիներին: Նախնական եկեղեցում գործել է այս պատվիրանը ամբողջությամբ, քանի որ առաքյալների գործերի մեջ կարդում ենք, որ հավատացյալներից շատերը գալիս խոստովանում ու պատմում էին իրենց արարքները: Նույնիսկ կախարդությամբ զբաղվող գուշակները բերում էին իրենց գրքերը և բոլորի ներկայությամբ այրում էին:
Գրված է, որ այդ գրքերի գինը հաշվեցին և տեսան, որ կազմում է հիսուն հազար արծաթ դահեկան, որ չափազանց մեծ թիվ էր: Այսպես էր աճում ու զորանում Աստծու խոսքը մարդկանց մեջ: մարդիկ հասկանում էին, որ իրենց մեղքերն են պատճառը իրեն վատ կյանքի: Առաջին դարում առաքյալների նույնիսկ քրտիքոտ թաշկինակներ են հրաշքներ գործել, իսկ սա փաստում է այն մասին, որ հագուստի ու թաշկինակի շքեղությունը չէ, որ հրաշք կարող է գործել: Այլ զորավոր հավատքը Աստծու խոսքի հանդեպ և մեղքերից ազատագրումը: Մյուս առաքյալն ասում է,- Ձեր մեղքերը միմյանց խոստովանեք, և միմյանց համար աղոթք արեք, որպեսզի բժշկվեք: Հակ. 5:16 Քանզի արդարի աղոթքը զորավոր է և օգնում է: Եղիա մարգարեն էլ երկրի վրա ապրող մի մարդ էր, որ զերծ չէր մեղքերից, բայց նա աղոթեց և երկրի վրա երեք տարի վեց ամիս անձրև չտեղաց: Այնուհետև դարձյալ աղոթքով բացեց երկինքը և անձրև տեղաց: Ամբողջ Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ խոսում է մարդկային մեղքերի մասին, որոնց պատճառով եղել են պատերազմներ, սովեր, ավերվածություններ: Առակաց գիրքն ասում է,- Իր մեղքերը ծածկողը հաջողություն չի ունենա, բայց բացահայտողը և իրեն պախարակողը կդառնա սիրելի: Երբ մարդը համառորեն մնում է մեղքի մեջ, վնասը միայն իրենը չէ, այլ վնասում է նաև շրջապատը:Հիշում եք, որ Տէր Հիսուս ասաց, որ երկնքի արքայուն կմտնեն նախ մաքսավորներն ու մեղավորները, քանի որ նրանք իրենց արդար չեն համարում և չեն թաքնվում կեղծ բարեպաշտության տակ: Որովհետև մարդկային արդարությունը ըստ Եսայի մարգարեի նման է կեղտոտ լաթի: Հովհաննեսը իր ծառայությունը սկսեց ապաշխարության քարոզով, Տէր Հիսուս իր քարոզություն սկսեց նույն կերպ: Նշանակում է մարդու կյանքի գլխավոր քայլը ապաշխարությունն ու մեղքերից ազատագրումն է:Որպեսզի մեղավորը չհուսահատվի, ոչ էլ արդարը մեծամտանա:
Պետք չէ, որ հավատացյալը իր հույսը դնի միայն ապաշխարության վրա, քանի որ ապաշխարությունը միանում է Աստծու ողորմությանը, եթե Աստծու ողորմությունը չգործեր մեր կյանքում, ոչ մի ապաշխարություն էլ մեզ չէր փրկի: Ապաշխարության խորհուրդը մեր եկեղեցում շատ ցածր մակարդակի վրա է ամեն առումով: Մինչդեռ Ավետարանը խոսում է միայն ապաշխարության մասին: Մեր եկեղեցու մեծ վարդապետներից Հովհան Ոսկեբերանը, որը հայտնի է իր բարեպաշտությամբ և խստությամբ, ապաշխարության մասին իր ճառերից մեկու շատ հասկանալի բացատրություն է տալիս այն մասին, թե ինչու մարդը չի կարողանում ապաշխարել Ես շատ կուզեմ, որ դուք այս հատվածը ուշադրությամբ լսեք, որովհետև հիմնական պատճառը այս է, որ ապաշխարությունը մղվել է հետին պլան, նույնիսկ եկեղեցում: Ոսկեբերանն այպես է ասում,- Երբ Աստված սրբում է մեղքերը, ապա սպի չի թողնում և թույլ չի տալիս, որ որևէ հետք մնա, և առողջության հետ միասին պարգևում է նաև բարետեսություն, պատժից ազատագրելու հետ միասին տալիս է և արդարացում և մեղսավորին հավասարեցնում է անմեղին: Թեկուզև մարդը հազարավոր վերքեր ունենա, բայց երբ ապաշխարում է և ինչ-որ բարի գործ կատարում, Աստված այնպես է հարթեցնում դրանք, որ ո՛չ սպի է մնում, ո՛չ հետք, ո՛չ էլ մեղքի որևէ նշույլ:
Այսպիսով, ինչը մարմնի համար խոց է և բալասան, ապա նույն են մեղքն ու ապաշխարությունը՝ հոգու համար: Անչափ ուշադիր եղիր խոսքերիս հանդեպ. խոց և բալասան, մեղք և ապաշխարություն: Խոցը մեղք է, ապաշխարումը` բալասան: Հիմա անցնենք հոգու մեղքերին: Մեղքը միացած է ամոթի հետ, ապաշխարությունը հյուսված է արիությանը: Ուրեմն, սատանան, իմանալով, որ մեղքը միանում է ամոթին, որ կարող է հեշտությամբ վանել մեղսագործին, իսկ ապաշխարանքը միանում է արիությանը, որը կարող է գրավել ապաշխարողին, աղավաղում է բնական կարգը և ամոթը տալիս է ապաշխարանքին, իսկ արիությունը` մեղքին: Մեղքի մեջ եղող մարդուն թույլ չի տալիս ամոթ զգալ, որովհետև գիտի, որ եթե մեղավորը ամոթ զգա, ապա կփախչի մեղքից, իսկ ապաշխարանքը հարկադրում է նրան ամաչել, իմանալով, որ ամաչողը չի ապաշխարում: Նա, ով կատարած մեղքերի համար զղջում է, թեպետև զղջումը ցույց չի տալիս` ըստ կատարած մեղքի չափի, այնուամենայնիվ, հատուցում է ստանում անգամ այդքան ապաշխարության համար: Սիրելիներ Ոսկեբերանի այս գեղեցիկ բացատրությամբ ավարտենք մեր սերտողությունը, բայց երբեք չավարտենք ապաշխարության խորհրդի կարևորությունը մեր կյանքում: Մեր ողջ կյանքը ապաշխարություն է, քանի որ առանց մեղքի չի անցնում մեր ո՛չ մի օրը: Հետևաբար զղջումը, խոստովանությունը և հատուցումը մեր կյանքի բաղկացուցիչ մասերն են;
Թող համբերության և ամենայն մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ դուք հույսով առատանանք: