ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի. 3: 1- 21
ՅԻՍՈՒՍ ԵՒ ՆԻԿՈԴԷՄՈՍ
1 Փարիսեցիներէն մարդ մը կար Նիկոդէմոս անունով, որ Հրեայ իշխան մըն էր։ 2 Ասիկա գիշերով Յիսուսին եկաւ եւ ըսաւ անոր. «Ռա՛բբի, գիտենք թէ դուն Աստուծմէ վարդապետ եկած ես, վասն զի մէկը չի կրնար ընել այն հրաշքները, որոնք դուն կ՚ընես, եթէ Աստուած իրեն հետ չըլլայ»։ 3 Պատասխան տուաւ Յիսուս եւ ըսաւ անոր. «Ճշմարիտ ճշմարիտ կ՚ըսեմ քեզի. ‘Եթէ մարդ մը նորէն չծնանի, չի կրնար Աստուծոյ թագաւորութիւնը տեսնել’»։ 4 Նիկոդէմոս ըսաւ անոր. «Ի՞նչպէս կրնայ մարդ մը նորէն ծնանիլ, որ ծերացած է։ Հնարաւո՞ր բան է, որ նորէն իր մօրը որովայնը մտնէ ու ծնանի»։ 5 Յիսուս պատասխան տուաւ. «Ճշմարիտ ճշմարիտ կ՚ըսեմ քեզի, Եթէ մարդ մը ջուրէն ու Հոգիէն չծնանի, չի կրնար Աստուծոյ թագաւորութիւնը մտնել։ 6 Մարմինէն ծնածը մարմին է ու Հոգիէն ծնածը հոգի է։ 7 Դուն մի՛ զարմանար որ քեզի ըսի. ‘Պէտք է ձեզի նորէն ծնանիլ’։ 8 Հովը ուր որ ուզէ՝ կը փչէ։ Անոր ձայնը կը լսես, բայց չես գիտեր ուրկէ՞ կու գայ, կամ ո՞ւր կ՚երթայ։ Այսպէս ալ է այն ամէնը, որ Հոգիէն կը ծնանի»։ 9 Նիկոդէմոս հարցուց անոր. «Այդ ի՞նչպէս կրնայ ըլլալ»։ 10 Պատասխան տուաւ Յիսուս ու ըսաւ անոր. «Դուն Իսրայէլի մէջ վարդապետ մըն ես եւ այս բաները չե՞ս գիտեր։ 11 Ճշմարիտ ճշմարիտ կ՚ըսեմ քեզի, թէ ինչ որ գիտենք՝ կը խօսինք եւ ինչ որ տեսանք՝ կը վկայենք ու մեր վկայութիւնը չէք ընդունիր։ 12 Եթէ երկրաւոր բաները ձեզի ըսի ու չէք հաւատար, ի՞նչպէս պիտի հաւատաք եթէ երկնաւոր բաները ձեզի պատմեմ։ 13 Մէ՛կը երկինք չելաւ. բայց միայն անիկա, որ երկնքէն իջաւ, Որդին մարդոյ, որ երկնքէն է։ 14 Ինչպէս Մովսէս անապատին մէջ օձը բարձրացուց, այնպէս ալ պէտք է որ Որդին մարդոյ բարձրանայ, 15 Որպէս զի ամէն ո՛վ որ անոր հաւատայ՝ չկորսուի, հապա յաւիտենական կեանք ունենայ։ 16 Վասն զի Աստուած այնպէս սիրեց աշխարհը, մինչեւ իր միածին Որդին տուաւ, որպէս զի ամէն ո՛վ որ անոր հաւատայ՝ չկորսուի, հապա յաւիտենական կեանք ունենայ։ 17 Վասն զի Աստուած իր Որդին չղրկեց աշխարհ, որպէս զի աշխարհը դատէ, հապա՝ որպէս զի աշխարհ անով փրկուի։ 18 Ան՝ որ կը հաւատայ անոր՝ չի դատապարտուիր եւ ան որ չի հաւատար՝ անիկա արդէն դատապարտուած է, վասն զի Աստուծոյ միածին Որդիին անուանը չհաւատաց։ 19 Այս է դատապարտութիւնը, որ լոյսը աշխարհ եկաւ ու մարդիկ խաւարը լոյսէն աւելի սիրեցին, քանզի իրենց գործերը չար էին։ 20 Վասն զի ամէն ո՛վ որ չարը կը գործէ, անիկա լոյսը կ՚ատէ եւ լոյսին քով չի գար, որպէս զի իր գործերը չյանդիմանուին։ 21 Բայց ան՝ որ ճշմարտութիւնը կը գործադրէ՝ լոյսին քով կու գայ, որպէս զի յայտնի ըլլան թէ իր գործերը Աստուծմով գործուեցան»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի բարեպաշտ հավատացյալներ. Այսօրվա սերտողության մեջ հանդիպելու ենք Նիկոդեմոս անունով մեծահարուստ հրեա իշխանավորներից մեկին, որի մասին տարբեր առիթներով ակնարկներ ունեցել ենք, սակայն այսօր ամբողջությամբ ենք կարդալու Նիկոդեմոսի և Տեր Հիսուսի հանդիպման նկարագրությունն ամբողջությամբ, քանի որ այդ մասին անդրադարձել է միայն Հովհաննես առաքյալը: Սա այն Նիկոդեմոսն է, որը Հովսեփ Արիմաթացու հետ հոգացին Հիսուս Քրիստոսի մարմինը խաչից իջեցնելու և գերեզման դնելու հարցի մասին: Նիկոդեմոսը լինելով հրեա իշխանավոր, իր վարքով տարբերվում է մյուս փարիսեցիներից և օրենքի ուսուցիչներից: Չի բացառվում, որ Հիսուսի անձի շուրջ վիճաբանությունների ժամանակ, խոսել է նաև Հիսուսի օգտին, քանի որ հավատում էր Նրան: Տէր Հիսուսի հետ իր հանդիպման առաջին պահի խոսակցությունից զգացվում է, որ նա գաղտնի հետևորդն է եղել Հիսուսի: Մի օր գիշերով գալիս է Հիսուսի մոտ և հայտնում իր ակնածանքը Վարդապետի նկատմամբ: Հայտնում է իր տեսակետը և համոզումը Հիսուսի մասին, որ Նա Աստծուց է եկել որպես Վարդապետ: Նաև հայտնում է իր զարմանքը Հիսուսի կատարած բոլոր այն գործերի վերաբերյալ, որ ուրիշ ոչ ոքից չէր տեսել: Հետևաբար եկել է այն համոզման, որ եթե Աստված Նրա հետ չլինի, Նա չի կարող այդ բաներն անել: Քանի որ վախ ուներ հրեաներից և հավատն էլ զորավոր չէր, այդ պատճառով գիշերով էր եկել Հիսուսի մոտ: Տէր Հիսուսի հետ խոսելու ժամանակ Նրան վարդապետ է անվանում, իսկ հետո ավելացնում է, որ Աստված քեզ հետ է: Այսինքն նա Հիսուսին ընդունում էր որպես մարգարե ուսուցիչ, որը սիրելի էր Աստծու համար: Տէր Հիսուս չի՛ հանդիմանում Նիկոդեմոսին և չի՛ ասում, եթե ընդունում ես, որ ես Աստծուց ուղարկված մարգարե եմ, ուրեմն ինչո՞ւ ես գիշերով գալիս Աստծու մարգարեի մոտ:Ինչո՞ւ համարձակություն չունես ցերեկը գալ ինձ մոտ: Ո՛չ, չհանդիմանեց և ո՛չինչ չասաց Նիկոդեմոսին, քանի որ գիտեր, որ հրեաներից վախենում է: Բայց Հիսուս գիտեր, որ Նիկոդեմոսին ուսուցում է պետք և իր խոսքը սկսեց բոլորովին այլ տեղից, որը առհասարակ կապ չուներ Նիկոդեմոսի խոսքի նախաբանի հետ: Խոսում է Նիկոդեմոսի տկար տեղի մասին, և բացատրում նրան, որ պետք է վերստին ծնվել, որպեսզի Աստծու արքայությունը տեսնել: Իսկ հրեա իշխանավորը լուր չուներ վերստին ծնունդից: Զարմացած հարցնում է Հիսուսին, թե դա ինչպես կարող է պատահել: Տէր Հիսուս բացատրեց վերստին ծննդի մասին, որովհետև եթե հրեան վերստին ծնված լիներ, այդպիսի նախաբանով չէր խոսի Հիսուսի հետ: Կամեցավ ասել, որ քո ծնունդը մարմնավոր է միայն և ոչ հոգևոր: Եթե մեկը չծնվի մկրտությամբ նա չի կարող տեսնել Աստծու արքայությունը, քանի որ սուրբ Հոգին չի լուսավորել նրա հոգևոր աչքերը: Ահա դու չես տեսնում քո առջև կանգնած Աստծու արքայությունն ու իմաստությունը, որ խոսում է քեզ հետ և դու կարծում ես, որ ես ուսուցիչ եմ Աստծուց սիրված: Նիկոդեմոսը չի հասկանում Հիսուսի ուսուցումը, քանի որ վեր է իր հավատքից և մտքից: Այստեղ հստակ է հրեա իշխանավորի հավատի տկարությունը, քանի որ թերահավատության պարագայում են առաջանում ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչի համար, և այլ նմանատիպ հարցեր: Նիկոդեմոսը տալիս է այնպիսի հարցեր, որից կարելի է հասկանալ, որ նրա համար երկու բան անհասկանալի են: Մեկը Աստծու արքայությունը, որի մասին հրեաները չէին լսել և մյուսը՝ վերստին ծնունդը: Հրեան պատկերացում ունի միայն մարմնավոր ծնունդի մասին, դրա համար հարցնում է, թե ինչպե՞ս կարող է ծեր մեկը իր մոր որովայնը կրկին մտնել և նորից ծնվել: Տէր Հիսուս նրան բացատրում է, որ մարդը մարմին է և հոգի:
Ջուրը լվանում է մարդու տեսանելի մարմինը, իսկ հոգին միանում է անտեսանելի հոգուն: Երեք անգամյա ընկղմումը խորհուրդն է երեքօրյա թաղման և հարության խորհրդին: Երբ երրորդ անգամ ջրից դուրս է գալիս մկրտվողը, նույնն է թե հարություն առավ Քրիստոսի պես և զգեստավորվեց ճերմակ զգեստով: Դրա համար մկրտությամբ ենթական դառնում է հոգևոր և վերստին ծնված:Այլ բան է, թե ինչպես է շարունակում պահեր Սուրբ Հոգին իր մեջ: Մեկ այլ գեղեցիկ օրինակով ավելի հեշտացնում է Նիկոդեմոսի համար իր ասելիքը, օրինակ բերելով բնական քամին, որ փչում է որ կողմ որ ուզում է, և մենք զգում ենք քամու ներկայությունը, բայց թե որ կողմից է գալիս և ո՞ւր գնում, մեզ հայտնի չէ: Եթե բնական տարերքի այդ ուժը՝ քամին կարող է շարժվել ուր որ կամենա, ապա Աստծու Սուրբ Հոգին որ այդպիսի զորություն ունի և ինքնիշխան է, ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ մարդու հոգու վրա: Եթե դու քամուն չես հասկանում, ինչպես կարող ես հասկանալ Սուրբ Հոգու էությունը և ազդեցությունը՝ մարդու վրա: Նիկոդեմոսը ամբողջությամբ շփոթության մեջ է և դարձյալ հարցնում է,- Այդ ինչպե՞ս կարող է լինել: Այստեղ Տէր Հիսուս հիշեցնում է Նիկոդեմոսին, որ ինքը հրեա վարդապետ է և ծանոթ է Հին Կտակարանի բոլոր հրաշքներին: Կարդացել է մարդու արարումը, Եգիպտոսի պատուհասները, Մովսեսի հրաշքները, կարմիր ծովի ճեղքվելը և իսրայելացիների անվնաս անցնելը և այլն, ուրեմն ինչպե՞ս է որ չես հասկանում իմ ասածները: Ընդ որում Տէր Հիսուս ասում է, որ Ինքը խոսում այն բաների մասին, որոնք տեսնում է, գիտե և վկայում է այդ մասին, իսկ փարիսեցիներդ չեք հավատում: Եթե ձեզ հետ խոսում եմ երկրավոր բաների մասին և դուք չեք հավատում, ապա ինչպես պիտի հավատաք, եթե երկնավոր բաների մասին խոսեմ: Այս խոսքերը Տէր Հիսուս ուղղում է ոչ միայն Նիկոդեմոսին, այլ՝ հրեա հոգևոր վերնախավին, որոնք կասկածի տակ են դնում Քրիստոսի ամեն խոսք և հրաշք: Եթե մկրտությունը, որ կատարվում է ձեր աչքի առջև և մարմնավոր է և դուք չեք հավատում, ապա ինչպես եք հավատալու երբ խոսեմ Հոգու զորության մասին: Կամ ինչպես կարող եք հասկանալ, թե ինչպես ծնվեց Աստծու Որդին, եթե փորձեմ ձեզ բացատրել: Այնուհետև մի ուրիշ օրինակ է բերում որպեսզի Նիկոդեմոսը զգա իր չիմացությունը և թերահավատությունը որպես հրեա վարդապետ: Ասում է,- Ոչ ոք երկինք չի ելել, եթե ոչ նա, որ իջավ երկնքից՝ մարդու Որդին, որ երկնքից էր: Այստեղ վերհիշենք ավետարանի առաջին տողը, որ Հովհաննեսն ասում է,- Սկզբից էր Բանը և Բանը Աստծու մոտ էր: Մենք գիտենք, որ եղել են մարգարեներ, որոնք մահ չեն ճաշակել և երկինք են ելել: Բայց նրանք երկրի վրա են եղել ու ապրել, հետո է Աստված վերցրել նրանց, ոչ թե երկնքից են իջել: Միայն Աստծու Որդին է որ երկնքից եկավ ու նորից վերադարձավ երկինք: Մովսեսի օրինակն է բերում դարձյալ Հին Կտակարանից, որ ծանոթ էր Նիկոդեմոսին, երբ նա անապատում բարձրացրեց օձը, և ով որ նայում էր այդ օձին, որը ուներ օձի պատկեր, բայց չուներ թույն, չէր մահանում օձի խայթածից: Նույնպես և Մարդու Որդին պետք է խաչը բարձրանա առանց մեղքի և ով որ հավատա Նրան, հավիտենական կյանք ունենա: Մովսեսի օձին նայողը մարմնավոր մահից է զերծ մնում, իսկ Քրիստոսի խաչին նայողը հոգևոր մահից ազատվում:
Սատանան գիտե մարդու թուլությունը և նրան պարտության է մատնում երկու գայթակղությամբ՝ վայելքով և տառապանքով: Նույնը փորձեց Տէր Հիսուսին, երբ անապատում առաջարկեց նրան աշխարհի վայելքը և պարտվեց Հիսուսից; Երկրորդ անգամ փորձեց տառապանքով պարտության մատնել, որպեսզի Հիսուս ատի իրեն մատնողներին ու խաչը հանողներին, բայց այս անգամ էլ պարտության մատնվեց, քանի որ Տէր Հիսուս խաչի վրա աղոթեց իրեն խաչողների համար, ասելով՝ սա մեղք մի համարիր նրանց և սիրեց մարդկությանը ինչպես որ սիրում էր: Դրա համար խաչը դարձավ հաղթության և փառքի նշան համայն մարդկության համար:
Աստծու սերը մեծ է մարդկության հանդեպ, քանի որ ո՛չ թե մի հրեշտակ ուղարկեց, կամ էլ մի մարգարե, այլ՝ Իր Միածին Որդուն ուղարկեց մարդկության համար խաչվելու, որպեսզի Նրան հավատացողները ընդունեն հավիտենական կյանքը: Ավետարանն ասում է չուղարկեց աշխարհ, որ աշխարհը դատապարտի, այլ որպեսզի աշխարհը Նրանով փրկվի: Ով հավատում է Աստծու Որդուն, չպիտի դատապարտվի, իսկ ով Նրան չի հավատում, արդեն դատապարտված է, քանի որ Աստծու միածին Որդու անվանը չհավատաց: Այս խոսքերից հասկանում ենք, որ Աստծու Միածի Որդու առաջին գալուստը դատապարտելու համար չէր, այլ փրկության: Իսկ երկրորդ գալուստը, որ առջևում է, արդեն լինելու է դատաստան բոլորի համար, ոմանց համար դատապարտություն և պատիժ, ովքեր չհավատացին Աստծու Որդու անվանը: Իսկ ոմանց համար հատուցում և հավիտենական կյանք՝ իրենց աներկբա հավատի համար: Որովհետև լույսը եկավ աշխարհ, բայց մարդիկ խավարը սիրեցին, քան լույսը, որովհետև իրենց գործերը չար են: Չարիք գործողը ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր չար գործերը իր երեսով չտան: Իսկ ով արդար է իր գործերի կատարման մեջ, նա չի վախենում լույսից և գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնան իր գործերը, որոնք Աստծու շնորհով կատարվեցին; Աշխարհում ոչ ոք չի կարող ասել, որ ինքը չի տեսել այդ լույսը, չի լսել այդ լույսի մասին: Այլ բան է, երբ մարդիկ կամավոր չեն եկել դեպի լույսը՝ իրենց չար գործերի պատճառով: Հեթանոսները չկարողացան գալ դեպի այս լույսը և իրենց կամավոր դատապարտված համարեցին: Այստեղ դու կարող ես հարցնել, մի՞թե բոլոր քրիստոնյաները եկան դեպի լույսը և ապրում են արդար կյանքով, իսկ հեթանոսները դատապարտվեցին: Ոչ ոք չի բացառում, որ քրիստոնյաների մեջ էլ կան շատերը, որոնք կյանքը նման է հեթանոսների կյանքին, իսկ հեթանոսները չհավատացին Աստծու միածին Որդու անվանը: Ավետարանն ասում է, որ այդպիսիք արդեն դատապարտված են: Գաղտնիք չէ, որ քրիստոնյաների մեջ էլ կան հավատացյալներ, որոնք հավատում ենք Հիսուս Քրիստոսին, բայց չունեն վեստին ծնունդի գաղափարը: Այնպես ինչպես Նիկոդեմոսը թեպետ հավատում էր, բայց նա գիտեր միայն մարմնավոր ծնունդի մասին; Սիրելիներ, Աստծու արքայություն մտնելու համար Տէր Հիսուս բազում օրինակներ է բերել բոլոր ավետարաններում: Նրանցից թերևս ուշագրավը համեմատությունն է թթխմորի հետ, որ կինը դնում է երեք բաժին ալյուրի մեջ և այն խմորում է ամբողջ զանգվածը: Այդ կինը եկեղեցին է թթխմորը Աստծու խոսքն է, որ քրիստոնյաների ապրած կյանքի միջոցով պետք է խմորի ամբողջ մարդկությունը: Քրիստոնյաները առաջին փոխանցողները պետք է լինեն աստվածային լույսի: Սակայն եթե քրիստոնյան վերստին ծնված չլինի մկրտությունից հետո, ստիպված կլինի Նիկոդեմոսի պես տարատեսակ հարցեր տալ Աստծու արքայության և վերստին ծննդի մասին; Քանի լույսը աշխարհում է, և մենք ունենք նրա շուրջը համախմբվելու հնարավորություն, բաց չթողնենք այն երանելի հնարավորությունը և մոռանանք մեր ներսի հին մարդը և վերստին ծնվենք ըստ Տիրոջ խոսքի և արժանի լինենք Աստծու արքայությունը մտնելու:Երբ քրիստոնյան ապրում է մարմնավոր կյանքով, այդ վարքը փոխանցվում է տարածվում է ամբողջ զանգվածի մեջ և խմորում է ողջ զանգվածը: Այսօրվա մեր դասը շատ կարևոր էր յուրաքանչյուրիս համար: Ով գիտե, թե ինչ բան է վերստին ծնունդը, նա անտեսել է իր մեղավոր կյանքը և ապրում է նորովի: Անշուշտ ո՛չ առանց մեղքերի, բայց մեղքի գիտակցությամբ: Երբեք չի ծածկում իր սխալը կեղծ բարեպաշտության տակ: Իսկ էլ որ չգիտեր վերստին ծննդի մասին, սա շատ համար առիթ է մտածել այն մասին և զբաղվել սեփական անձի շտկման հարցով: Ավարտենք երրորդ գլխի առաջին մասը, իսկ հաջորդ մասը կսերտենք վաղը՝ Աստծու ողորմությամբ և թույլատու կամքով:
Թող համբերության և ամենայն մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ դուք հույսով առատանանք: