ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 12: 35- 40
ԱՐԹՈՒՆ ԾԱՌԱՆԵՐԸ
35 «Ձեր մէջքերը գօտեւորուած ըլլան ու ճրագները վառուած։ 36 Դուք եղէք այն մարդոց նման՝ որոնք իրենց տիրոջը կը սպասեն, թէ ե՞րբ պիտի դառնայ հարսանիքէն. որպէս զի երբ գայ եւ դուռը զարնէ, իսկոյն բանան անոր։ 37 Երանի՜ այն ծառաներուն, որ երբ տէրը գայ՝ զանոնք արթուն պիտի գտնէ. ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, որ ինք գօտին մէջքը պիտի կապէ ու սեղան նստեցնէ զանոնք եւ առաջ անցնելով սպասաւորութիւն պիտի ընէ անոնց։ 38 Եթէ գիշերուան երկրորդ պահուն գայ, կամ երրորդ պահուն գայ ու արթուն գտնէ, երանելի են այն ծառաները։ 39 Բայց այս գիտցէք, թէ՝ եթէ տանտէրը գիտնար թէ ո՞ր ատեն գողը կու գայ, արթուն կը կենար ու թող չէր տար որ իր տունը ծակէ։ 40 Ուրեմն դուք ալ պատրաստ կեցէք, քանզի Որդին մարդոյ պիտի գայ այնպիսի ժամու մը՝ որ դուք չէք կարծեր»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Մենք ապրում ենք աշխարհի պատմության ամենածանր դարաշրջանը, քանի որ սրանից քսանմեկ դար առաջ աշխարհ եկավ Աստծու Միածին Որդին՝ որպեսզի զգուշացնի մարդուն իր սխալ կենցաղավարության մասին: Ինքը անձամբ օրինակ եղավ Իր ծառայությամբ և պատվեր տվեց միմյանց ծառայելու, որպեսզի Աստծու խոսքը կատարվի: Նաև մեզ զգուշացրեց, թե ինչ կպատահի մեզ, եթե չպահենք այտ պատվիրանները, որի մասին գրված է Հովհաննեսի Հայտնության գրքում: Այսօր մարդիկ հրաժարվում են ծառայել միմյանց և հակառակն են անում: Դեռ ավելին՝ մեծամասնությունը ապրում է Աստծու կամքին հակառակ: Ուրեմն կարելի է մտածել, որ հասել է մեր բոլորի տրամաբանական ավարտը, որովհետև Աստծու խոսքը չի գործում աշխարհում: Այս իրականությունը փաստում են հեռուստացույցը և ինտերնետը: Աստված միմյանց օգնելու պատվեր տվեց, ոչ թե միմյանց հոշոտելու: Բազում պատվերներ տվեց հավիտյան ապրելու համար, սակայն մեզնից չթաքցրեց նաև հավիտենական կորստի մասին: Ազատ ընտրությունը թողեց մարդուն և գնաց: Ամեն առավոտվա լուսաբացը նրա համար է, որ մարդը այդ օրը համարի իր կյանքի վերջին օրը և բաց չթողնի Աստծուն հանդիպելու միակ հնարավորությունը: Գուցե Աստված հենց այդ օրվա մեջ է մեր կյանքում մի գործ անում, իսկ մենք դա չենք տեսնում, կամ ավելի շուտ անտեսում ենք: Քանի որ մենք արթնանում ենք՝ չե՛նք գոհանում, ուտում ենք՝ չե՛նք գոհանում, աշխատում ենք չե՛նք գոհանում, մեզ հանդիպումներին՝ մարդկանց հետ, նշանակություն չենք տալիս, երեխայի տված հարցին չենք անդրադառնում, նույնիսկ մեր արտաբերած ամեն բառին հետևողական չենք:Այս բոլոր անուշադրությունների պատճառով կարող ենք կորցնել հանդիպումը Աստծու հետ: Մեր միակ ուշադրությունը կենտրոնացած է մեր մարմնի և մեր հետաքրքրությունների վրա: Սակայն Ավետարանն ամեն օր զգուշացնում է իր ասելիքով: Գիտե՛ք, ամեն օր ուղիղ եթերի ժամանակ երբ տեսնում եմ ներկաների թիվը, ուրախանում եմ, որ այսքան մարդ գիտե, որ այսօր Աստված իրեն ասելու բան ունի: Սակայն զարմանում եմ մի բացակաների վրա: Կամ Պատարագի ժամանակ ներկաների թիվն ինձ ուրախացնում է, բայց բացակաների թիվը մտահոգություն է պատճառում: Մտածում եմ, միթե միայն այսքան մարդ ունի Հիսուս Քրիստոսից փրկություն ստանալու հույս: Փրկության և կորստյան միջև ուրիշ ճանապարհ չկա: մենք կամ հավատում ենք, կամ չենք հավատում: Կամ փրկվում ենք, կամ ո՛չ:Միջին վիճակ չկա:
Երեկվա սերտողության մեջ Տէր Հիսուս ասում է, - Մի վախեցիր փոքրիկ հոտ, որովհետև ձեր Հայրը կամեցավ տալ ձեզ արքայությունը: Փաստորեն Երկնավոր Հայրը կամեցող է մեր հանդեպ, իսկ մենք մեր թշնամին ենք, որ չենք լսում: Այսօրվա սերտողության մեջ սովորեցնում է, թե ինչպես պատրաստ լինել Տիրոջ վերադարձին: Ինչ պետք է անել պատրաստ լինելու համար: Բնականաբար այն ամենը, ինչը սովորեցրել է մինչ վերադարձի պահը: Նախ զգուշացնում է, որ մեր գոտիները ամուր կապած լինենք, և ճրագները՝ վառած: Մինչ այս պահը աշակերտներին զգուշացնում է ազատվել ավելորդ ծանրություններից և կենցաղային հոգսերից և ամբողջությամբ լծվել Ավետարանի քարոզության գործին:Երբ Ավետարանի քարոզիչը ազատ է նյութական հարստության կախվածությունից, նա իրեն Աստծու ծառա է զգում և հիշելով իր Տիրոջ Երկրորդ Գալուստը կատարում է Նրա այն պատվիրանը, թե՝ ,,Սիրում ես ինձ, արածեցրու իմ գառներին: Իսկ երբ Ավետարանի քարոզիչը կախում ունի հարստությունից և վայելքներից, նրա քարոզած Ավետարանը պտուղ չի տա, որովհետև մարդիկ Հիսուսի կյանքն էին տեսնում և գնում էին Նրա հետևից, բայց փարիսեցիների խոսքը լսելով չէին հետևում նրանց՝ իրենց կենցաղի պատճառով: Հարստությունը, վայելքը և Ավետարանի քարոզությունը բացարձակ աղերս չունեն իրար հետ: Ասում է ձեր գոտիները մեջքներիդ ամուր կապած լինի: Ի՞նչ է սա նշանակում: Այսինքն դուք պետք է կարողանաք կառավարել և իշխել ձեր մարմնավոր բոլոր ցանկություններին, և ձեր ճրագը, որ Աստծու խոսքի լույսն է, թող մշտավառ ձեր ձեռքին լինի, որպեսզի ամեն պարագայում կողմնորոշվեք ձեր անելիքը՝ ի՛նչ պետք է անել, և հատկապես ինչպե՛ս պետք է անել: Այս պատվիրանը միայն աշակերտներին չէր ուղղված, այլ ամենքին մի կերպով է վերաբերում: Ինչ պետք է անի քրիստոնյան այս պատվիրանի պահանջով: Քրիստոնյան անվերջ պետք է հետևի այդ վառվող ճրագներին՝ որ Աստծու խոսքն է, որովհետև ինքն էլ պատգամ ունի Տիրոջից ստացած, թե ով ականջ ունի լսելու, կլսի: Քրիստոնյան պարտավոր է իր կյանքը ապրել Աստծու կամքի համաձայն, իսկ դրա համար հոգևոր գիտություն է պետք կյանքը շիտակ ապրելու համար: Տասը կույսերի առակը լավագույն օրինակն է պատրաստ լինելու, արթուն լինելու, պահեստային ձեթ ունենալու համար:
Այս խոսքերով Տէր Հիսուս օրինակ է բերում այն կարգապահ ծառային, որը սպասում է իր Տիրոջը, որպեսզի երբ գա բախի դուռը իսկույն բացի: Բոլորդ էլ ձեր մեջ ճանաչում եք հավատարիմ աշխատակցի, որը իր աշխատանքը կատարում է ո՛չ միայն աշխատավարձի կամ եկամուտի համար, այլ տեղյակ է երկնային վարձի մասին, և տեղյակ է ծառայության հոգի ունենալու մասին: Այսպիսին հավատարիմ է իր գործատիրոջ և մեր Տէրը այսպիսի ծառայի օրինակով է մեզ հրավիրում պատրաստ լինել Տիրոջ վերադարձին: Երանի է տալիս այն ծառաներին, որոնց Տէրը վերադարձին արթուն կգտնի: Կգտնի գոտիները կապած, ճրագները վառած՝ ինչպես որ պատվիրել էր, և այդ պահից Տէրը ինքը կանցնի նրանց սպասարկելու գործին: Այս խոսքերը հաստատում է Պողոս առաքյալը, ասելով,- ,Իսկ երբ ամէն ինչ նրան հնազանդ լինի, այն ժամանակ եւ ինքը՝ Որդին կը հնազանդվի նրան, ով ամէն ինչ հնազանդեցրեց նրան, որպէսզի Աստուած ամէն ինչ լինի ամենքի մէջ,,։ Ա.Կրնթ,15:28 Ինչպես որ Իրեն են հավատարիմ եղել, այնպես էլ Ինքը հավատարիմ կլինի հավատարիմ եղողներին: Սիրելիներ մենք նման ենք Տիրոջ հարստության տնտեսներին, և մեզ է հանձնված Տիրոջ ողջ հարստությունը: Ինչպես կպահենք Տիրոջ ունեցվածքը, մինչև Իր վերադարձը, այնպիսին էլ կլինի մեր վաստակն ու վարձը: Մեր հոգևոր կյանքի սկիզբը նման չէ միջին և վերջի մասերին, քանի որ հոգևոր կյանքի մեջ առաջ շարժվելիս ավելի հմտանում և ավելի փորձված ենք լինում և արթում մնալը հասկանալի է դառնում հոգևոր կյանքում: Այնպես, ինչպես քուն մտնելիս առաջին քունը շատ խորն է, իսկ միջին մասը և հատկապես լուսաբացին՝ փոքր ձայնից արթնանում ենք: Այս է պատրաստությունը, որ մեր Տէրը պահանջում է մեզնից, որպեսզի վերադարձին մեզ արթուն գտնի և սպասարկի մեզ՝ ինչին որ արժանի կլինենք: Հոգևոր հասուն մարդը գիտե, որ անսպասելի է լինելու իր Տիրոջ գալը, դրա համար միշտ կապած է գոտին և միշտ պահեստային յուղ ունի իր կանթեղի մեջ: Վերադարձի ժամը մեզ հայտին չէ, այն պարզ պատճառով, որ մարդիկ միշտ արթուն լինեն, անտեղյակները պատրաստվեն, քնածները արթնանան, յուղ չունեցողները ձեռք բերեն և սպասեն Տիրոջը՝ բոլորը միասին;
Ինչի՞ վրա է մեր հույսը այսօր, որ այս անտարբեր կյանքով ենք ապրում: Կարծես այս խոսքերը մեզ չեն վերաբերում: Նայեք ամուսնությանը, խոստանում են միմյանց ծառայել, ժամանակ անց, մոռանում են և ապրում են առանց Աստծու: Նայեք ամուսնության հակառակ պատկերին՝ կուսակրոնությանը, խոստումը կա պատվիրանապահություն և պատասխանատվություն չկա:Մասնագիտություններին նայեք, ո՞վ է այսօր իր մասնագիտությանը ծառայում այնպես, կարծես Քրիստոսին է ծառայում: Նայե՛ք կրթությանը, նույն վիճակն է;Հայրենասիրությանը նայեք, առողջապահությանը նայեք:Ամենավերջում նայեք ուղղափառությանը: Չկա ուղղափառություն, չկա ոչ մասնագիտություն, ոչ էլ ծառայություն; Համայն մարդկությունն այսօր մոլորված ՝ համաշխարհային առողջապահության անտարբերության պատճառով: Մի մասը մերժում է, մի մասն ընդունում է, մի մասը վտանգ է տեսնում պատվաստման մեջ, մյուս մասը հերքում է: Չկա մի հեղինակավոր կառույց, որը հանգստացնի մարդկանց այս մոլորության մեջ: Որովհետև չկա ուղղափառությունը, ոչ ոք չի ուզում իր գոտին կապի և ջահը վերցնի մարդկանց լուսավորելու համար: Սիրելիներ, աշխարհում բոլոր մարդիկ մահացել են, բոլոր մահացածները իրենց հետ ոչինչ չեն կարողացել տանել, նույնիսկ իրենց սիրելի մարմինը, որին ծառայել են ողջ կյանքը: Աշխարհում միայն երկու մարդ են մնացել անմահ՝ Եղիան և Ենովքը՝ հատուկ նպատակի համար, որպեսզի գան Տիրոջ վերադարձից առաջ և զգուշացնեն: Ինչպես որ Հովհաննեսը եկավ առաջին գալուստից առաջ: Մարդկությունը այս երկուսին էլ է սպանելու: Ապա լինելու է ավարտն ամեն ինչի: Իսկ մեր ուղիղ եթերը լսում են 300 մարդ՝ քսան հազարից: Աստված մեզ ամեն ինչ ցույց է տվել, նույնիսկ աշխարհի ավատը, որպեսզի այսօր կապենք մեր գոտիները և այսօր վառենք մեր ջահերը:Ավարտենք նաև այսօրվա սերտողությունը՝ մեր պատրաստության մասին և գոհություն հայտնենք Աստծուն՝ բոլոր զգուշացումների համար:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի երբ վերադառնա մեր Տէրը՝ մեզ արթուն գնի մեր ծառայության վայրում, ուր էլ ծառայելիս լինենք: