ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի.12: 41 – 48
ՀԱՒԱՏԱՐԻՄ ՈՒ ԱՆՀԱՒԱՏԱՐԻՄ ԾԱՌԱՆ
41 Պետրոս ըսաւ անոր. «Տէ՛ր, այդ առակը մե՞զի կ՚ըսես թէ ամենուն ալ»։ 42 Տէրը ըսաւ. «Ուրեմն ո՞վ է այն հաւատարիմ ու իմաստուն տնտեսը, որ տէրը իր գերդաստանին վրայ պիտի դնէ, որպէս զի ատենին անոնց ուտելիքը տայ։ 43 Երանի՜ է այն ծառային, որ իր տէրը եկած ատենը այնպէս ըրած պիտի գտնէ։ 44Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, որ իր բոլոր ունեցածին վրայ պիտի կեցնէ զանիկա։ 45 Հապա եթէ այն ծառան իր սրտին մէջ ըսէ. ‘Իմ տէրս իր գալը կ՚ուշացնէ’ եւ սկսի ծառաները ու աղախինները ծեծել եւ ուտել ու խմել ու գինովնալ։ 46 Այն ծառային տէրը պիտի գայ այնպիսի օր մը, որ չի սպասեր եւ այնպիսի ժամ մը, որ չի գիտեր եւ զանիկա մէջտեղէն պիտի կտրէ ու անոր բաժինը անհաւատարիմներուն հետ պիտի դնէ։ 47 Այն ծառան որ իր տիրոջը կամքը գիտէ ու չի պատրաստուիր, ո՛չ ալ անոր կամքը ի գործ կը դնէ, շատ ծեծ պիտի ուտէ։ 48 Բայց ան որ չի գիտեր ու ծեծի արժանի բան մը ընէ, քիչ ծեծ պիտի ուտէ։ Որու որ շատ տրուեցաւ, շատ պիտի ուզուի անկէ եւ որու որ աւելի յանձնուեցաւ, ա՛լ աւելի պիտի պահանջուի անկէ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Տիրոջ վերադարձի պատրաստության կանոններին ծանոթացանք երեկվա սերտողության մեջ, այն մասին, որ մեր գոտիները պինդ կապած պետք է ունենանք և մեր ճրագները՝ միշտ վառած մեր ծառայության վայրում, որպեսզի երբ Տէրը վերադառնա, մեզ արթուն գտնի մեր ծառայության վայրում; Այս պատգամները լսելուց հետո, ինչ որ բան անհասկանալի էր եղել Պետրոսին, և նա հարցրեց Վարդապետին, թե այս ուսուցումները բոլորի՞ համար էր, թե՞ իրենց էր վերաբերում. բայց Պետրոսը իր հարցի դիմաց մեկ ուրիշ հարց է լսում. թե - ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն տնտեսը, որին Տէրը վերակացու կարգեց իր ծառաներին ժամանակին կերակուր տալու համար: Տեսնենք, թե ո՞վ է այս տնտեսը: Պետրոսի հարցին հարցով պատասխանեց Հիսուս Քրիստոս, քանի որ իր հարցը շատ տարողունակ է, և մտածելու տեղիք է տալու ինչպես աշակերտներին, այնպես էլ լսողներին, և առավել ևս ներկա գտնվող փարիսեցիներին: Եթե քիչ ավելի առաջ գնանք, այդպիսի տնտես էր նաև Ադամը, որին հանձնվեց ամբողջ դրախտի տնտեսությունը, սակայն Ադամը հավատարիմ չգտնվեց պատվիրանի նկատմամբ և իմաստություն չունեցավ, որպեսզի չտրվի փորձությանը: Հիշելով Տիրոջ Պետրոսին տված հարցը, թե՝ ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն տնտեսը, շարունակենք մեր որոնումները:
Այդ դարաշրջանի համար Նոյը եղավ հավատարիմ և իմաստուն տնտես, որին Աստված հանձնարարեց շինել տապան փրկվելու համար: Նոյը լսեց, հնազանդվեց, և փրկվեց: Հաջորդ դարաշրջանի համար գտնվեց ևս մեկ հավատարիմ և իմաստուն տնտես, որին տերը իր ծառաների վրա վերակացու կարգեց: Հավատարիմ և իմաստուն տնտես էր նաև Հայր Հակոբը, որի սերնդից էին Իսրայելի տասներկու ցեղերը: Մովսեսն էր հավատարիմ և իմաստուն տնտեսը, որը քառասուն տարի հովվեց Տիրոջ հոտը՝ անտրտունջ: Այնուհետև մարգարեների մեջ եղան շատ հավատարիմ և իմաստուն տնտեսներ, որոնք Աստծու խոսքը լսեցին և փոխանցեցին ժողովրդին՝ հավատարմությամբ: Փոխվեցին ժամանակները և Աստված նոր դարաշրջանի համար ուղարկեց Իր Միածնին՝ նոր հավատարիմ և իմաստուն տնտեսներ պատրաստելու համար: Հետևաբար Քրիստոսի տված հարցը վերաբերում է բոլոր ժամանակների հավատարիմ և իմաստուն տնտեսներին՝ մինչև մեր օրերը: Հավատարիմ և իմաստուն տնտեսի պաշտոնը մենաշնորհ չէ: Հավատարիմ և իմաստուն տնտես պարտավոր են լինել ինչպես հոգևոր դաշտում, այնպես էլ քաղաքական ոլորտում: Հավատարիմ տնտեսներ կարող էն լինել հասարակության մեջ՝ ամեն մարդ, որն իր իշխանության տակ ունի ծառայողներ և հոգ է տանում նրանց համար, քանի որ Տիրոջից է կարգված որպես վերակացու և ժամանակին հոգում է իր ծառաների հոգսերը:Այսպիսի ծառաներին Տերը միշտ երանի է տալիս, որոնք միշտ պատրաստ են Տիրոջը դիմավորելու՝ լինի գիշեր, թե ցերեկ: Այսպիսի հավատարիմ և իմաստուն տնտեսներին Տէրը ավելի մեծ տնտեսության վրա կկարգի, երբ վերադառնա:
Հիմա տեսնենք, թե ի՞նչ է սպասվում այն տնտեսներին, որոնք Տիրոջից կարգվել են որպես վերակացուներ, սակայն օգտվելով առիթից, որ Տէրն ուշանում է, անտեսում են իրենց իրավասության տակ գտնվող ծառաներին, թողնում են նրանց հոգևոր և մարմնավոր կարիքների մեջ, իսկ իրենք ուտում, խմում և քեֆ են անում առանց երկյուղի: Այսպիսի տնտեսներին տխուր վախճան է սպասվում, ըստ Տիրոջ այն խոսքի, որն ասում ՝,- Տէրը կգա այն օրը երբ նա չէր սպասում, և այն ժամին, երբ որ չէր իմանում, և նրա մեջքից երկու կտոր կանի, և նրա բաժինը անհավատների հետ կդնի: Տիրոջ կամքը իմացող և Նրա կամքի համաձայն չպատրաստվողը շատ ծեծ պիտի ուտի: Ամեն մի անձ, որը վերակացու է կարգված Տիրոջ կողմից, երբ խմում և հարբում է իր հաճույքի համար, նա վատնում է Տիրոջ տնտեսության գանձերը և գայթակղություն հանդիսանում ողջ հոտի համար, որին վերակացու էր կարգվել: Եկեղեցուց հեռացած ամեն հավատացյալի հոգու համար պատասխանատու է տվյալ հոտի հովիվը, եթե իր սխալի պատճառով է հավատացյալը հեռացել:Այս բոլոր աղետները գալիս են այն բանից, որ հովիվը իր սրտում մտածում է, որ ուշանում է Տէրը, և սկսում է վատնել Տիրոջ ունեցվածքը: Հոգևոր աստիճանը չի կարող փրկել այսպիսի մեկին՝ Տիրոջ վերադարձի օրը, քանի որ ասում է մեջքից երկու կես կանի, այսինքն կզրկի շնորհից և տնտեսի հոգևոր կոչումից և կմնա ձեռնունայն: Կդասվե անհավատների շարքում, քանի որ իրենց հավատն էլ թերի է եղել ու մեռած, որովհետև եթե անհավատը չգիտե Տիրոջ պատգամների մասին, ապա Աստծուց կարգված վերակացուն քաջատեղյակ է և անտեսել պատվիրանը՝ Տիրոջ ուշանալու պատճառով:
Հավատարմություն և իմաստություն է պահանջվում տնտեսից՝ տնտեսությունը կառավարելու համար: Որովհետև եթե հավատարմություն ունենա և իմաստություն չունենա, չի կարողանա ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում բաշխել իր տնտեսությունից: Իսկ եթե մեկը իմաստություն ունենա և հավատարիմ չլինի իր Տիրոջը, կարող է գողանալ և վատնել տնտեսությունից և իր կարիքները հոգալ, մոռանալով իրեն հանձնված հոտը, կամ ծառաները: Իմաստությունն ու հավատարմությունը պարտադիր պայմաններ են Տիրոջ տնտեսության մեջ ծառայելու համար: Հավատարիմ էր և իմաստությամբ լցված էր Հովհաննես Մկրտիչը, որը վերակացու էր կարգվել Տիրոջ ճանապարհը հարթելու և ժողովրդին ապաշխարության կանչելու գործի վրա: Ի սկզբանե անտեսեց անձնական կյանքը և հավատարմորեն ծառայեց Տիրոջը իմաստությամբ, մինչև իսկ իր կյանքի գնով: Ինչպեսի մեծարանքի արձանացավ Հիսուս Քրիստոսից՝ և ասվեց, որ կանանցից ծնվածների մեջ նրանից մեծը չկա: Հետևաբար ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվելու: Ում շատ է տված և նա անհավատարիմ է, նրա պատիժն էլ մեծ է լինելու:
Տիրոջ տան վերակացուին շատ է տրված, այն բանի համար, որ նա ավելացնի և ավելիով ներկայանա Տիրոջ առջև: Ի՞նչ է այդ շատ տվածը: Առաքելական այն հաջորդականությունն է, որ ստանում են Տիրոջ տան սպասավորները: Կապելու և արձակելու և բժշկելու իշխանությունն է, որ ստանում են ձեռնադրությամբ, տեսակ տեսակ շնորհներ են՝ խոսելու, քարոզելու, Ավետարանի ուսուցման և այլ:Այս բոլոր նրանց տրվում են որպես քանքարներ՝ հոտի անդամների վրա ծախսելու և նրան հոգևոր կարիքները հոգալու համար:
Տէր Հիսուս խոսում է նա՛և այն ծառաների մասին, որոնք չգիտեն իրենց Տիրոջ կամքը, և ծեծի արժանի գործ են կատարում, քիչ ծեծ կուտեն: Քանի որ կարող էին իմանալ Տիրոջ կամքը, բայց չեն ուզել անհնազանդության պատճառով: Հիմա պատկերացրեք, եթե չիմացողը պատժվելու է չիմանալու համար, ապա ի՞նչ կլինի նրանց վիճակը, որոնց տրված է աշխարհի ամենաթանկ գանձը՝ Ավետարանի քարոզությունը, և նրանք Տիրոջ ուշանալու պատճառով ծուլանում և անտեսում են Տիրոջ պատվիրանը: Այստեղ կարող է հարց առաջանալ. ավելի լավ չէ՞ չիմանալ և քիչ ծեծ ուտել, քան շատ իմանալ և շատ պատասխանատվության ենթարկվել: Ո՛չ: Սխալ է այս մտածումը, որովհետև քիչ իմանալ նշանակում է եկեղեցու հետ առնչություն չունենալ, Սուրբ Գիրք չկարդալ, զղջման ու խոստովանության չգնալ, սուրբ Հաղորդություն չստանալ: Այսինքն պատասխանատվությունից խուսափելու համար անտեսել այն անգնահատելի հարստությունը, որը պարգևեց մեզ մեր Տերը Իր Սուրբ Արյան և Մարմնի գնով: Մի առակ են պատմում այս մասին, որ մի մարդ իր ողջ կյանքում ողորմություն է բաժանում մարդկանց, սակայն եկեղեցու հետ ոչ մի առնչություն չի ունենում: Ո՛չ Պատարագ, ո՛չ խոստովանություն, ո՛չ զղջում, ո՛չ Սուրբ Գիրք և այլն: Մահանում է այս մարդը և հայտնվում է դժոխքում: Բողոքում է անարդարության դեմ և աղմուկ աղաղակ անում, ասելով, որ ինքը ամբողջ կյանքում ողորմություն է բաժանել, ինչպե՞ս կարող էր ինքը դժոխքում հայտնվել: Մոտենում են հրեշտակները, վերադարձնում են այն ամբողջ գումարը որքան որ բաժանել է, և ասում են ահա քեզ քո գումարը, տնօրինի՛ր ինչպես որ կամենում ես: Ի՞նչ կարող է անել մարդը գումարը՝ դժոխքում:Իհարկե ոչինչ: Անշուշտ սա առակ է, բայց ասելիք ունի բոլորիս, քանի որ երկրի վրա ոչ մի բան ինքնանպատակ չէ, և Քրիստոսի եկեղեցում պետք է ծառայեն հավատարիմ ու իմաստուն տնտեսներ: Իսկ այդ սպասավորներից լսած Աստծու խոսքը պետք է մեկին հարյուր պտուղ տա հավատացյալների մեջ: Սա է ողջ պահանջը Աստծուց: Սիրելիներ, ավարտենք այսօրվա գեղեցիկ սերտողությունը և ձգտենք հավատարմության և իմաստության՝ մեր ծառայության վայրում:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի երբեք չմտածենք, որ մեր Տէրն ուշանում է, և ծուլանանք, այլ՝ արթուն սպասենք Նրան ամեն օր: