ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի.12: 22:34
ԱՍՏՈՒԾՈՅ ՎՍՏԱՀԻԼ
22 Եւ ըսաւ իր աշակերտներուն. «Ասոր համար կ՚ըսեմ ձեզի, հոգ մի՛ ընէք ձեր կեանքին համար՝ թէ ի՞նչ պիտի ուտէք, ո՛չ ալ մարմինին համար՝ թէ ի՞նչ պիտի հագնիք. 23 Վասն զի կեանքը կերակուրէն աւելի է ու մարմինը՝ հագուստէն։ 24 Նայեցէ՛ք ագռաւներուն, որոնք ո՛չ կը սերմանեն եւ ո՛չ կը հնձեն, որոնք ո՛չ շտեմարաններ ունին, ո՛չ ալ ամբարներ, բայց Աստուած զանոնք կը կերակրէ. դուք ո՜րչափ աւելի կ՚արժէք թռչուններէն։ 25 Ձեզմէ ո՞վ կրնայ իր հոգ ընելովը հասակին վրայ կանգուն մը աւելցնել։ 26 Հապա եթէ ամենափոքր բանին կարող չէք, ուրիշ բաներու համար ինչո՞ւ հոգ կ՚ընէք։ 27 Նայեցէ՛ք շուշաններուն, ի՛նչպէս կ՚աճին։ Ո՛չ կ՚աշխատին եւ ո՛չ կը մանեն. բայց ձեզի կ՚ըսեմ թէ Սողոմոն ալ իր բոլոր փառաւորութեանը մէջ անոնցմէ մէ՛կուն պէս չհագուեցաւ։ 28Ուստի եթէ խոտը, որ այսօր դաշտի մէջ է ու վաղը փուռը պիտի ձգուի, Աստուած այնպէս կը հագուեցնէ, ո՜րչափ աւելի ձեզ, թե՛րահաւատներ։ 29 Ալ դուք մի՛ փնտռէք թէ ի՞նչ պիտի ուտէք եւ ի՞նչ պիտի խմէք ու մի՛ շփոթիք. 30 Վասն զի այդ բոլոր բաները աշխարհիս ազգերը կը փնտռեն։ Ձեր Հայրը գիտէ թէ ասոնք ձեզի պէտք են։ 31 Բայց դուք Աստուծոյ թագաւորութիւնը խնդրեցէք եւ այդ բոլոր բաներն ալ ձեզի պիտի տրուին»։
ԵՐԿՆԱՅԻՆ ԳԱՆՁԵՐԸ
32 «Մի՛ վախնար, պզտկ հօտ, վասն զի ձեր հայրը հաճեցաւ, որ թագաւորութիւնը ձեզի տայ։ 33 Ծախեցէ՛ք ձեր ստացուածքը եւ ողորմութիւն տուէք. ու ձեզի չհիննալու քսակներ պատրաստեցէք, ու երկինքը՝ չպակսելու գանձ մը, ուր ո՛չ գողը կը մօտենայ եւ ո՛չ ցեցը կ՚ապականէ։ 34 Քանզի ձեր գանձը ուր որ է, սրտերնիդ ալ հոն պիտի ըլլայ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Երեկվա մեր սերտողության գլխավոր հերոսը անմիտ մեծահարուստն էր, որը իր շտեմարաններն էր ընդլայնում առատ բերքի պատճառով, մոռանալով, որ իր առատ բերքը Աստծու ողորմությունն է, ոչ իր ճարպկությունը: Ավետարանում մեծահարուստների լավագույն խրատական օրինակներ կան, որպեսզի մարդը կրթվի հարստություն ձեռք բերելու ժամանակ: Բայց որպես օրենք հարուստ մարդիկ Աստվածաշունչ չեն կարդում, որ իմանան, թե իրենց մասին որքան լավ բաներ կա գրված:Մի խոսքով երեկ համոզվեցինք, որ մարդը հարուստ է միայն Աստծով, և ո՛չ նյութական արժեքներով: Սովորաբար մարդկանց մեծամասնությունը մտածում են այս մեծահարուստի նման, որովհետև միշտ ձգտում են հետ գցել ինչ որ մի կարողություն, իրենց զավակներին կամ թոռներին ժառանգություն թողնելու համար: Բայց այն քրիստոնյաները, որոնց հարստությունը Աստծու խոսքն է, նրանք երբեք այսպես չեն մտածում, որովհետև իրեն ապրած տարիներին համոզվել են, որ Աստծուն ապավինողը երբեք ամոթով չի մնացել, երբեք քաղցած չի մնացել: Աստծուն ապավինող մարդը իր ժառանգներին դաստիարակում է իր հավատով, Աստծու խոսքով և նրանք միանգամից հարուստ մեծանում են և իրենց կյանքում տեսանելի է նրանց նպատակը, իսկ մահից հետո երկնային վարձը:Այսպիսի մարդիկ հարուստ են ինչպես երկրի վրա, այնպես էլ երկնքում:
Այս առակը պատմելուց հետո աշակերտների ուշադրությունը հրավիրեց դարձյալ մի շատ կարևոր հարցի վրա: Ամեն անգամ նրանց զգուշացնում էր, որ հոգ չտանեն իրենց մարմնի կարիքների համար, քանի որ մարդ արարածի ողջ մտածմունքը իր մարմինը հագեցած պահելու մասին: Մեր եկեղեցու հայրերը բոլորը առանց բացառության իրենց գրվածքներում այս չափավորությանը անդրադարձել են, որ մարմնին բավական է հագուստ, սնունդ և ջուր: Մնացած ճոխությունները ավելորդ են և դառնում են գայթակղության պատճառներ: Դեռ Հայրերից էլ առաջ առաքյալներն են գրել այդ մասին, իսկ առաքյալներից էլ առաջ Տէր Հիսուս է ասում այդ մասին, որ հոգին առավել է քան կերակուրը, և մարմինը առավել է, քան հագուստը: Թեպետ համեմատում է երկնքի թռչունների հետ, նույնիսկ՝ անմաքուր թռչունի հետ է համեմատում, որոնք ո՛չ ցանում են, ո՛չ հնձում են, ո՛չ շտեմարաններ ունեն, բայց Աստված նրանց երբեք քաղցած չի թողնում և կերակրում է: Իսկ մարդուն առավել է գնահատել Աստված և նրան տվել է բանականություն հենց այդ բանի համար, որ լսի Աստծու խոսքը և հասկանա, որ ավելորդությունը խանգարում է մարդուն՝ հեշտ ապրելու համար: Եկե՛ք անկեղծ լինենք մեզ հետ և այս պահին մտքում հիշենք, թե մենք քանի՞ հագուստ և քանի՞ կոշիկ ունենք: Այդ բոլոր բազմապատկենք չորսով, որովհետև ամեն եղանակի համար այնքան գնում ենք և ունենք: Դեռ չեմ խոսում ուտելիքի մասին, որ այդչափ բազմազան է: Մե՛նք, որ գիտենք այս պատվիրանը, մենք էլ ենք բծախնդիր հագուստի ընտրության հարցում, որովհետև միշտ մտածում ենք, հետ չմնալ այս կամ այն մարդուց: Այսպես մտածելով մի օր էլ տեսնում ենք, որ հետ ենք մնացել Աստծու ամեն խոսքից: Տէր Հիսուս կարող էր ավելի պատկերավոր օրինակներ տալ մեզ՝ բերելով օրինակ՝ Հովհաննես Մկրտչի, կամ Եղիա մարգարեի օրինակները, կամ թեկուզ մյուս մարգարեների օրինակները, որոնք ուղղակի ժուժկալության օրինակներ են: Անմաքուր թռչունների հետ համեմատեց, որպեսզի մեր արժեք հասկանանք համեմատության մեջ:
Հաջորդ պարբերության մեջ Հիսուս Քրիստոս մեկ այլ համեմատություն է անում, հարց տալով,- Ձեզնից ով հոգս անելով կկարողանա իր հասակի վրա մեկ կանգուն ավելացնել: Ուշագրավը Իր տված պատասխանն է, որ ասում է,- Եթե այդ փոքր բանի մեջ անկարող եք, այլ բաների համար ինչո՞ւ եք հոգ տանում: Այն ինչը մեզ համար հրաշք է, Տէր Հիսուս ասում է փոքր բան: Եթե մի կարճահասակի հասակը մեկ կանգունով ավելանա, միթե հրաշք չէ, իսկ մեր Տէրը ասում է դա փոքր բան է: Կանգունը երկարության չափի միավոր է, որն ըստ հին աղբյուրների համապատասխանում է բացված ձեռքի արմունկից մինչև միջնամատի ծայրը ընկած հատվածին:
Հիմա տեսեք, թե դարձյալ ինչ գեղեցիկ համեմատություն է անում մատնանշելով դաշտի շուշանի գեղեցկությունը՝ այս անգամ համեմատելով ժամանակի ամենահարուստ թագավորի՝ Սողոմոնի հագուստների հետ: Շուշանը նույնպես ոչ մի հոգ չէր տարել իր գեղեցկության համար և առավել գեղեցիկ է հագնված, քան աշխարհի մոդայիկները, կամ թեկուզ Սողոմոնը: Աստված այսպիսի շքեղ հագուստ է հագցնում է դաշտի ծաղկին, որը վաղը թոշնելու է և այրվելու է կրակի մեջ: Ուրեմն որքան հոգատար կարող է լինել մարդ արարածի նկատմամբ, որն ունի Իր պատկերն ու նմանությունը, որի համար Իր Որդին պետք է խաչվի: Բայց Աստված թերահավատ է անվանում ներկա գտնվողներին, իսկ այսօր նաև մեզ, որովհետև մենք էլ նույնն ենք անում: Բայց մեզ հորդորում է չնմանվել հեթանոսներին, քանի որ նրանք էին այդպես վարվում:
Մարդ արարածը իրավունք չունի այդպես վարվելու, քանի որ իր Երկնավոր Հայրը տեղյակ է մարդու ամեն կարիքին: Աստված սպասում է, որ մարդը հետամուտ լինի Աստծու արքայությանը, և ամեն ինչ իրեն ավելիով տրվի: Բայց ինչպես տեսնում ենք մարդ արարածը մինչև մեր օրերը իր հույսը դնում է իր ժամանակավոր և մահկանացու մարմնի վրա, մարմնին վերաբերող ամեն տեսակ շռայլությունների վրա և մոռանում է հոգու մասին: Իսկ ինչպե՞ս հետամուտ լինել Աստծու արքայությանը, որտեղ փնտրել Աստծու արքայությունը, ինչպես գտնել այն: Եկեղեցու հայրերն ասում են,- եթե դու Աստծու արքայությունը փնտրես երկնքում, երկնքի թռչունները քեզ կուտեն, իսկ եթե Աստծու արքայությունը փնտրես ծովի խորքում, քեզ ծովի ձկները կուտեն: Աստծու արքայությունը մեր Տիրոջ խոսքի համաձայն ներսում՝ մեր մեջ է: Աստծու արքայությունը կարող է մեր մեջ հաստատվել մեր կամքով և կարող է հեռանալ մեզնից դարձյալ մեր կամքով; Մարդկանց մի տեսակ կա, որ առավոտից մինչ երեկո չճշտված տեղեկությունն եր տարածում՝ մարդկանց ապակողմնորոշելու համար, չի դադարում հայհոյել ու անիծել, զրպարտել ու բամբասել: Ասացեք, խնդրեմ, այսպիսի մարդկանց ներսում կարո՞ղ է Աստծու արքայություն լինել:Իհարկե չի կարող լինել:Աստծու արքայությունը մեր ներսում գտնելու համար, պետք է մեր ներսը դատարկ լինի նման կործանարար աղբից, որպեսզի առաքինությունները հաստատվեն այնտեղ և Աստծու արքայությունը տիրի մեր սրտում: Մի վախեցի՛ր, ասում է,- որովհետև ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայությունը: Եթե Աստծու խոսքի շնորհիվ մեր ներսում աղբը փոխարինվել է առաքինությամբ. և մենք կամեցող ենք կարիքավորի հանդեպ, հակված չենք կուտակելու, մեր ձեռքերը բաց են ողորմության համար, և մեր գանձերը երկնքում ենք դիզում, և մեր սրտերը մեր երկնային գանձերի մոտ են, ապա վստահ կարող ենք մեր ներսում հանդիպել Աստծու արքայությանը: Այնպես որ, ո՛չ հարստությունն է հեշտացնում կյանքը, ո՛չ էլ աղքատությունն է դժվարացնում այն:Այս մտքի հետ գուցե շատերը համամիտ չլինեն, սակայն կյանքի իմաստը մեկ այլ տեղում է, որը հասանելի է նրան, որը իր ներսում ունի Աստծու արքայությունը:
Այս թեմաների շուրջ չափազանց շատ զրույցներ եմ ունենում մարդկանց հետ, տարբեր են մարդկանց մոտեցումները: Մարդ կա, որի հետ ժամից ավել զրուցում եմ, որևէ նյութական արժեքից չի խոսում, նրա բառապաշարը և միտքը բարոյական և հոգևոր և մշակութային արժեքների մասին քննարկումն է: Իսկ շատ է պատահում, որ փորձում եմ խոսակցությունը պահել հոգևոր և միջին հարթության վրա, բայց մարդը տարված է աշխարհի վայելքներով և հետաքրքրություններով: Այս երկու տեսակն էլ քրիստոնյա են, մեկին հետաքրքիր է Աստծու արքայությունը, մյուսին՝ առայժմ հետաքրքիր չէ: Բայց Պողոս Պատրիարքն ասում է,- Այս կյանքում ոչ ոք չի կարող համոզված լինել իր փրկության մեջ, առանց Աստծու մասնավոր հայտնության: Բայց ոչ ոչ իր հույսը պիտի չկտրի իր փրկությունից, այլ մեծ հույսով ու երկյուղով ջանա հասնել փրկությանը: Մեր փրկության ճանապարհը սկսվում է Աստծուն և մերձավորին սիրելու քայլից: Երբ որ այդ քայլը կանենք, փրկության ճանապարհի բոլոր դռները կբացվեն մեր առջև: բայց քանի դեռ մենք մեր մերձավորի նկատմամբ թշնամությամբ ենք լցված, մեր առջև փակ են բոլոր դռները: Մեր այսօրվա սերտողությունն ավարտենք Հովհան Ոսկեբերանի գեղեցիկ մտքով, որն ասում, է,- Եթե դու որպես Քրիստոս չես ընդունում ճամփորդին, մի՛ ընդունիր նրան, իսկ երբ ընդունում ես նրան ինչպես Քրիստոս, մի՛ ամաչիր լվանալ Քրիստոսի ոտքերը:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսո՛վ արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի Աստծու արքայությունը տեղ գտնի մեր սրտերում և մեր հոգիներում: