ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 5:17-26
ՅԻՍՈՒՍ ԱՆԴԱՄԱԼՈՅԾ ՄԸ ԿԸ ԲԺՇԿԷ
17 Օր մը երբ ինք կը սորվեցնէր, փարիսեցիներ եւ օրինաց վարդապետներ նստած էին, որոնք Գալիլիայի ու Հրէաստանի ու Երուսաղէմի բոլոր գիւղաքաղաքներէն ժողվուած էին ու Տէրոջը զօրութիւնը ներկայ էր զանոնք բժշկելու։ 18 Ահա քանի մը մարդիկ անդամալոյծ մարդ մը մահիճովը բերին եւ հնարը կը փնտռէին թէ ի՞նչպէս զանիկա ներս մտցնեն ու դնեն անոր առջեւ։ 19 Ու երբ բազմութենէն ճամբայ չկրցան գտնել, որ անկէ ներս խոթեն զանիկա, տանիքին վրայ ելան եւ զանիկա կղմինտրներուն մէջէն մահիճովը՝ մէջտեղը Յիսուսին առջեւ իջեցուցին։ 20 Յիսուս տեսնելով անոնց հաւատքը՝ ըսաւ անոր. «Ո՛վ մարդ, քու մեղքերդ քեզի ներուած են»։ 21 Դպիրներն ու փարիսեցիները սկսան խորհիլ ու ըսել. «Ո՞վ է ասիկա, որ հայհոյութիւններ կ՚ընէ։ Ո՞վ կրնայ մեղքերու թողութիւն տալ, բայց միայն Աստուած»։ 22 Յիսուս իմանալով անոնց խորհուրդները՝ պատասխան տուաւ ու ըսաւ անոնց. «Սրտերնուդ մէջ ի՞նչ կը խորհիք։ 23 Ո՞րը աւելի դիւրին է, ‘Քու մեղքերդ քեզի ներուած են՝ ըսե՞լը, թէ Ելի՛ր ու քալէ՛՝ ըսելը’։ 24 Բայց որպէս զի գիտնաք թէ Որդին մարդոյ իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերու թողութիւն տալու, (ըսաւ անդամալոյծին,) «Քեզի կ՚ըսեմ, Ելի՛ր մահիճդ ա՛ռ ու տունդ գնա»։ 25 Ան ալ իսկոյն անոնց առջեւ ելաւ ու վրան առաւ ինչ բանի վրայ որ պառկած էր եւ գնաց իր տունը ու Աստուծոյ փառք կու տար։ 26 Ամէնքը ապշած մնացին ու Աստուծոյ փառք կու տային եւ վախով լեցուած՝ կ՚ըսէին. «Այսօր նորանշան բաներ տեսանք»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ. Քրիստոսի Ավետարանի բարի լույսը և բարի լուրը ամենքիդ՝ վաղ առավոտից: Ինչպես որ Քրիստոսի համբավն էր տարածվում աշխարհի բոլոր ծայրերում, այնպես էլ թող Նրա խոսքը տեղ գտնի Իրեն փնտրողների սրտերում՝ ամեն տեղ: Երեկվա սերտողությունից հասկացանք, որ Տէր Հիսուս արագ արձագանքում է այն խնդրանքին, որի մեջ խնդրողը Տիրոջ կամքն է փնտրում:
Այսօր ավետարանիչը մեզ ներկայացնում է անդամալույծի բժշկության մանրամասները, որի մասին մենք նախորդ ավետարաններում արդեն կարդացել ենք: Մինչ հինգերորդ գլխի սերտողությանը հասնելը, կատարվող իրադարձությունների մեջ օրենքի վարդապետներն ու փարիսեցիներ զգալի դերակատարություն չեն ունեցել, սակայն երբ սկսվում է համատարած բժշկությունները և հրաշքների կատարումը, մեջտեղ են գալիս փարիսեցիները, ստուգելու համար, արդյո՞ք կեղծ մարգարե է հայտնվել ժողովրդի մեջ, և մոլորեցնում է մարդկանց: Չնայած հրեա քարոզիչները այս հանգամանքը մեղմացնելու համար ասում ենք, որ Քրիստոս երբեք որպես թշնամի չի եղել փարիսեցիներին, ուղղակի այդ ժամանակներում չափազանց շատ են եղել կեղծ մարգարեներ, մոլորեցնողներ և ժողովրդին տարել են սխալ ուղղությամբ: Հասկանալի է հրեաների մտահոգությունն այս ուղղությամբ: Սակայն բոլոր ժամանակներում էլ փաստարկները ունենում են հակափաստարկներ:
Եթե Քրիստոս երբե՛ք թշնամի չի նկատվել փարիսեցիների համար, ապա մի՞թե Նրան որպես բարեկամ խաչեցին: Կամ՝ գուցե եղել են մոլորեցնողներ, չի բացառվում: Մի՞թե ավելի հեշտ է մոլորեցնողին խաչը հանել, քան ժողովրդին ուսուցանել և հոգևոր ճանապարհով առաջնորդել: Ո՞ւմ են մոլորեցնում: Նրա՛ն, որն անտեղյակ է: Ուրեմն պետք է մարդկանց տա՛լ իրենց հասանելիք գիտելիքը, որպեսզի չմոլորվեն պատահական մարդկանցից: Գալիլիայի և Հրեաստանի բոլոր քաղաքներից, ինչպես նաև Երուսաղեմից հավաքվել էին օրենքի վարդապետներն ու փարիսեցիները և նստել էին, ստուգելու Քրիստոսի կատարած բժշկությունները: Ավետարանիչը հիշեցնում է մեզ, որ Տիրոջ զորությունը Քրիստոսի հետ էր և Նրա միջոցով բժշկում էր: Քրիստոսի արագ տարածվող համբավը մտահոգություն պատճառեց օրվա օրենքի ուսուցիչներին և մենք հետագայում տեսնում ենք, որ նրանց մտահոգությունը ո՛չ թե ժողովրդին մոլորեցնելու պատճառով էր, այլ՝ Քրիստոսի համբավը: Ժողովուրդը միշտ էլ սիրել է հրաշք, և սիրում է մինչև այսօր: Հին ժամանակներում հստակ մոտեցում կար հրաշագործներին ստուգելու համար: Եթե հրաշք գործողը դիմում է այլ մութ ուժերի, կամ կանչում էր այլ աստվածների անուններ, նրանից պետք էր հեռանալ, ի՛նչ հրաշք էլ որ նա գործեր: Նույնիսկ քարկոծում էին այդպիսիներին, քանի որ քարերով հարվածելը ընդունված էր: Ինչո՞ւ էր ժողովուրդը վազում հրաշքներ ցույց տվողների մոտ: Քանի որ նրանք լսել էին Մեսիայի գալստյան մասին, և ամեն պատահածի մոտ գնալով փորձում էին հասկանալ Մեսիա՞ն է, թե՞ ոչ:
Սիրելիներ, տեսեք այսօրվա սերտողության թեմայի մեջ անդամալույծին նկարագրելիս Ղուկաս ավետարանիչին հետաքրքիր չէ, թե դեպքը որտե՞ղ և ե՞րբ է տեղի ունեցել, ովքե՞ր էին անդամալույծին բերողները, և ո՞ւմ տունն էր դա: Ղուկասին հետաքրքիր է հիվանդը, հիվանդի ախտորոշումը և Տէր Հիսուսի զորավոր բուժումը՝ նպատակ ունենալով ընթերցողին երկրորդական երևույթներից տեղափոխել առաջնային և գլխավոր ասելիքը՝ որը հավատքն է: Ի՞նչ տեսավ Հիսուս Քրիստոս այդ անդամալույծին իր ոտքերի առջև հայտնվելու պահին; Հավա՛տք տեսավ և ասաց,- Ո՛վ մարդ, ք՛ո մեղքերը քեզ ներվա՛ծ են: Օրենսգետները, որ նստած էին և հետևում էին, տեսան, որ Հիսուս ո՛չ մի աստծու անուն չտվեց, ո՛չ մի զորավոր ուժ չկանչեց և նրանց հետ չխոսեց, այլ միանգամից արձակեց հիվանդին իր մեղքերից: Նրանք համոզված էին, որ միա՛յն Աստված կորող է այս կերպ վարվել: Տէր Հիսուսին հայտնի դարձավ նրանց մտածումները և կասկածները, և հարց տվեց նրանց, ասելով,- Ո՞րն է ավելի հեշտ ասել՝ քեզ ներված լինեն քո մեղքերը, թե՞ վե՛ր կաց և քայլի՛ր:
Բայց որպեսզի իմանաք, որ մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մարդու մեղքերը ներելու, անդամալույծին ասաց,- Քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛ քո տունը:
Տէր Հիսուսի պատասխանը հարված էր օրենքի վարդապետներին, այն առումով, որ իրենք պետք է իմանային արդեն, թե ի՛նչ էր ասել Սիմեոն ծերունին իր համար: Առհասարակ սիրելինե՛ր, մենք էլ ավետարանների սերտողության ժամանակ լավ կլինի, որ շատ մարգարեություններ պահենք մեր մտքում, որպեսզի հեշտ լինի հասկանալ Քրիստոսի կատարած ամեն հրաշքի նպատակը: Հիշում եք, երբ Սիմեոն Ծերունին իր գիրկն առավ մանուկ Հիսուսին, երեք մարգարեություն արեց Նրա վերաբերյալ՝ ժողովրդի ներկայությամբ: Նախ՝ ասաց, որ իր աչքերը տեսավ բոլոր ժողովուրդների փրկությունը, երկրորդը՝ որ Քրիստոս լույս է լինելու հեթանոսների համար, և երրորդ՝, որ բարձրացնելու է Իսրայելի ընկած փառքը: Այդ հանձնաժողովը չէր հիշում այս խոսքերը: Երբ մեղավոր մարդուն ասում է քո մեղքերը քեզ ներված են, այդ փոփոխությունը տեղի է ունենում մեղավորի սրտում և ո՛չ ոքի տեսանելի չէ, որից հետո մեղավորը փոխում է իր կյանքը և մարդիկ տեսնում են այդ փոխված կյանքը և հավատում են որ մեղավորը կարող է դադարել մեղք գործելուց:
Իսկ երբ ասում է վեր կաց քայլիր, մարդիկ չեն կարող հասկանալ, որ նա՛խ մեղքերը պետք է ներվի, ապա կարողանա վեր կենալ ու քայլել: Մեղավոր մարդը չի կարող իր անդամալուծությունից ինքնուրույն վեր կենալ քայլել, եթե Աստված չների նրա մեղքերը: Անդամալույծի բերողները հավատում էին, որ Հիսուս կարող է բուժել իրենց հիվանդին: Տեսո՞ւմ եք, որ զորավոր հավատք ունեցողի հավատքով կարող է առողջանալ նա՛և մեկ այլ մարդ: Իսկույն բոլորի աչքի առջև անդամալույծը վեր կացավ և իր ուսերին առավ իր մահիճը և փառավորում էր Աստծուն: Զարմանքը պատեց մարդկանց, և ահով լցվեցին բոլորը: Միմյանց պատմում և ասում էին,- Այսօր արտասովոր բաներ տեսանք:
Ինչո՞ւ հրեական վարդապետներն ու օրենքի ուսուցիչները չէին կարողանում հավատալ նույնիսկ իրենց աչքի տեսածը, որովհետև չէին հավատացել նաև գրված մարգարեությունները, որ մեսիայի մասին էր:
Եթե իրենք հավատային իրենց կարդացածը, իրենց հավատքի շնորհիվ կառողջանար նաև տվյալ ժամանակաշրջանի ժողովրդի բազմությունը: Նույնը մեր օրերում է: Եթե մենք հավատայինք, որ Քրիստոս իր մկրտությամբ մեզ բացեց կյանքի գաղտնիքը մեր առջև, ապա մենք էլ մկրտությունից հետո չէինք հնազանդվի սատանայի խաբկանքներին, այլ կպայքարեինք Քրիստոսի խոսքով: Եթե մենք անկախության տարիներին հավատայինք, որ Աստված փլուզեց խորհրդային համակարգը, և ազատագրեց եկեղեցիները, որոնք պատանդ էին դարձել անաստվածների ձեռքում, այսօր մեր եկեղեցին հզոր կլիներ Քրիստոսի խոսքով իր հավատավոր հոտի հետ: Նույն ժողովուրդը դարերով եկեղեցի կառուցեց, հետո այդ նույն ժողովուրդը իր ձեռքով քանդեց եկեղեցիները, կամ վերածեց անասնագոմի: Այնպես, ինչպես նույն ժողովուրդը Օվսաննա գոռաց և նույն ժողովուրդը գոռաց,- խա՛չը հանիր դրան: Մենք ուղղակի ոչնչից դաս չենք քաղում, ոչինչ չենք մտապահում: Հիսուս Քրիստոս սերմնացանի առակով մեզ համար մի անվճար համալսարան է բացել, որ սովորենք: Այս առակը ավելի շատ է սովորեցնում, քան ցանկացած համալսարան; Քանի՞սն են, որ իրենց սրտի հողերը համեմատում են այս ընտիր առակի չորս տեսակ հողերին: Մինչև չներեց անդամալույծի մեղքերը, նա չքայլե՛ց: Մեղք գործելիս քանի՞սն են հիշում անդամալույծին: Ծանր կացության մեջ հայտնված մարդկանցից քանիսն են աղաչում Աստծուն, ասելով,- Տէ՛ր, եթե կամենաս, կազատես ինձ այս վիճակից:
Ավելի ծանր օրեր չեն եղել մեր հայրենիքի համար, քան վերջին օրերն են, ինչու Նինվեյի օրինակը չի գործում: Որովհետև Նինվեյի մասին կարդում են տարին մեկ անգամ, Առաջավորաց Պահքին՝ այն էլ Հովնան մարգարեին նվիրված ուրբաթ օրը: Ողղափառ եկեղեցու տարեց եպիսկոպոսներից մեկը, որին հալածել են խորհրդային տարիներին, և որը բազում խոստովանություններ է լսել մարդկանցից, պատմում է, որ եկեղեցիները քանդում ու թալանում էին իր աչքի առջև: Պատմում է մի հրեշավոր դեպք, որը նույնիսկ լսելն է զարհուրելի: Մի անաստված ընտանիք եկեղեցուց հափշտակում է սրբապատկերները և որպես անարգանք սրբերի՝ այդ գիշեր իրենց ամուսնական պարտականությունը կատարում են այդ սրբապատկերների վրա: Ժամանակ է անցնում, ծնվում է նրանց զավակը՝ խեղված դեմքով և իր ողջ կյանքի ընթացքում տառապում է մի կախվածությունից: Զարհուրելի՛ է: Ինչպես որ ծնողների մեղավոր արարքն է եզակի՝ իր տեսակի մեջ, այնպես էլ ծնված երեխայի կախվածությունն է եզակի պատմության մեջ:
Ի՞նչ է այդ կախվածությունը: Երեխան փոքր տարիքից սկսած, կեղտոտում է և ուտում է իր կեղտը, որը շարունակվում է նաև մեծ տարիքում: Այս պատմությունը հավանաբար մնար գաղտնիք, եթե այդ ծնողները իրենց խոստովանության ժամանակ չպատմեին իրենց խոստովանահորը, թե ինչպես են վարվել սրբապատկերների հետ: Պատմում էր այդ զառամյալ եպիսկոպոսը և արտասվում՝ նույնիսկ պատմելիս:
Մեղքի վարձը շատ թանկ է, եթե նույնիսկ մահով չի ավարտվում: Ահավասիկ այս օրինակը: Այստեղ Աստծու ողորմությունն էր, որ նրանց զավակ ծնվեց: Մյուս ողորմությունն այն էր, որ զավակի խեղված դեմքը տեսնելով հիշեին իրենց մեղքը և զղջային, որպեսզի կորստյան չմատնվեին նրանց հոգիները; Աստծու ամենամեծ ողորմությունն էլ այն է բոլորիս համար, որ Աշխարհի արարումից մինչև Տիրոջ Երկրորդ գալուստը ապաշխարության ժամանակահատված է տրված: Ինչպես որ Ավետարանն ասում է,- Այսպես ուրախություն կլինի երկնքում մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է: Սիրելիներ, մարգարիտներ են դուրս գալիս մեր Տիրոջ բերանից, իսկ շատերը չեն կամենում դրանք պահել իրենց սրտի զարդատուփի մեջ:
Ղուկաս ավետարանիչը պատահական չէ, որ մեզ հատուկ շեշտադրումով ներկայացնում է մեղքերից պատճառով առաջացած հիվանդությունները՝ բորոտությունը, անդամալուծությունը, դիվահարությունը, կուրությունը, և այլ հիվանդություններ: Ավետարանիչը մեզ ծանոթացնում է Հարուցյալ Քրիստոսի հետ, որը նստած է Երկնավոր Հոր աջ կողմում՝ միջնորդելու համար Իրեն դիմողների խնդրանքը: Իսկ մենք շատ ժամանակ այդ վստահությունը չունենք, որ աղաղակենք մեր Փրկչին, և ասենք, Տէ՛ր, ահա կորչո՛ւմ ենք, օգնի՛ր մեզ և հպվի՛ր մեր սառած հոգիներին, որոնց մեջ վստահությունը կորել է: Պահպանիր մեր հոգիները՝ կորստից: Սիրելիներ, Ավետարանը ֆիլմ չէ, որ երբ ավարտվի, կարճ ժամանակ հետո տպավորությունները մոռացվի: Այս անդամալույծը մե՛նք ենք: Երեկվա բորոտը մե՛նք ենք: Նախորդ դիվահարը մե՛նք ենք:
Մեր բժիշկը Քրիստոսն է, և մեր հոգին Նրան է պատկանում; Աստծունը՝ Աստծուն պետք է տանք վերջում: Սակայն Աստծու տիրույթում մեղավոր մարդը տեղ չունի: Այդ հեղինակավոր հանձնաժողովը, որ եկել էր ստուգելու Հիսուս Քրիստոսի իսկությունն ու ճշմարտությունը, նույնպես վստահություն չուներ Քրիստոսի հանդեպ՝ թերահավատության պատճառով: Միայն մեղքերից ազատված մարդը կարող է զգալ այս անդամալույծի ներման արժեքը, որ շնորհեց մեր Տէրը: Ահա թե ինչու էր Հիսուս Քրիստոս մեկուսանում ամայի մի վայր և աղոթքի կանգնում: Նա կատարյալ մարդ էր, ինչպես որ կատարյալ Աստված էր:
Իսկ կատարյալ մարդու համար ծանր է տեսնել մարդկության այս ընկած վիճակը: Նույնիսկ սրբերը չեն դիմացել, երբ տեսել են մեղավոր մարդկանց կյանքը և լացել իրենց խցերում՝ միայնակ աղոթելով:
Այսօր մենք դաս ունենք սովորելու՝ ամուր հավատք ունենալու վերաբերյալ: Զղջացող սիրտ ունենալու վերաբերյալ և Տիրոջ հետ խոսելու մեծ վստահություն ունենալու վերաբերյալ: Ավարտենք այսօրվա սերտողությունը, հույսով և վստահությամբ, որ Տիրոջ ողորմությամբ կհանդիպենք վաղը:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի կարողանանք դուրս գալ մեր անդամալույծ վիճակից՝ մեր հզոր հավատքի միջոցով: