ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 5:27-38
ՅԻՍՈՒՍ ՂԵՒԻՆ ԿԸ ԿԱՆՉԷ
27 Այս բաներէն յետոյ ելաւ անկէ ու տեսաւ մաքսաւոր մը, որուն անունը Ղեւի էր, որ մաքս ընդունելու տեղը նստեր էր ու ըսաւ անոր. «Ետեւէս եկուր»։ 28 Ան ալ թողուց ամէնքը եւ ելաւ գնաց անոր ետեւէն։ 29 Ու Ղեւի մեծ կոչունք մը տուաւ իր տանը մէջ։ Շատ բազմութիւն կար մաքսաւորներու եւ ուրիշներու, որ անոնց հետ սեղան նստեր էին։ 30 Դպիրներն ու փարիսեցիները տրտունջ կ՚ընէին ու անոր աշակերտներուն կ՚ըսէին. «Ինչո՞ւ համար մաքսաւորներուն հետ կ՚ուտէք ու կը խմէք»։ 31 Յիսուս պատասխան տալով՝ ըսաւ անոնց. «Առողջներուն բժիշկ պէտք չէ, հապա հիւանդներուն. 32 Ես արդարները կանչելու չեկայ, հապա մեղաւորները՝ ապաշխարութեան»։
ԾՈՄԱՊԱՀՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ
33 Անոնք ալ ըսին. «Ինչո՞ւ Յովհաննէսին աշակերտները շատ անգամ ծոմ կը պահեն եւ աղօթքներ կ՚ընեն, նոյնպէս ալ փարիսեցիներուն աշակերտները. բայց քուկիններդ կ՚ուտեն ու կը խմեն»։ 34 Անիկա ալ ըսաւ անոնց. «Կրնա՞ք հարսանիքին տղոցը ծոմ պահել տալ՝ որքան ատեն որ փեսան իրենց հետ է։ 35 Բայց օրեր պիտի գան՝ երբ փեսան իրենցմէ պիտի վերցուի, այն օրերուն ծոմ պիտի պահեն»։ 36 Առակ մըն ալ ըսաւ անոնց. «Մէկը նոր լաթի կտոր մը չի ձգեր հին հանդերձի վրայ. եթէ ոչ՝ այն նորը պատռուածք ալ կ՚ընէ ու հինցածին հետ չի յարմարիր այն նոր լաթէն եղած կտորը։ 37 Եւ մէկը նոր գինին հին տիկերու մէջ չի դներ. եթէ ոչ՝ նոր գինին տիկերը կը պատռէ, ինք կը թափի ու տիկերը կը կորսուին. 38 Հապա նոր գինին նոր տիկերու մէջ դնելու է, որպէս զի երկուքն ալ պահուին։ 39 Եւ մէկը հին գինին խմելէն յետոյ անմիջապէս նորը չ՚ուզեր, քանզի կ՚ըսէ թէ՝ Հինը աւելի ախորժելի է»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ՝ աշխարհի բոլո՛ր ծայրերում, որ սպասում եք Ավետարանի բարի խոսքին, որը նորոգում է մեր սրտերն ամեն օր: Մենք արդեն ընտելացանք Ղուկասի գրելու ոճին, որ արձանագրում է կարևոր իրադարձությունները, Նույնիսկ չի նշում, թե ո՞ր աշակերտներն են Վարդապետի հետ շրջում, իսկ մենք գիտենք, որ արդեն բավական աշակերտներ ուներ մինչև Ղևիին հանդիպելը: Տէր Հիսուս հանդիպեց Ղևիին և միանգամից ասաց,- Ա՛րի իմ հետևից: Ղևին աշխատանքի մեջ էր, բայց զարմանալիորեն թողեց իր աշխատանքը և գնաց Նրա հետևից: Նախորդ համարների մեջ նույնպես կարդացինք, որ աշակերտները թողեցին ամեն ինչ և գնացին Նրա հետևից: Ի՞նչ փոփոխություն է կատարվում մարդկանց սրտում, որ առաջին կանչից հետևում են Նրան: Բացի նրանից, որ Ղևին գնաց Նրա հետևից, նաև իր տուն հրավիրեց՝ ճաշի:
Երեկվա սերտողությունից տեսանք, որ փարիսեցիները անդամալույծի բժշկության հրաշքը տեսնելուց հետո, սկսեցին հետապնդել Նրան և ո՛ւր որ գնում էր, գնում էին Նրա հետևից: Փարիսեցիները տեսան, որ Քրիստոս մտավ Ղևիի տուն, և այնտեղ շատ ուրիշ մաքսավորներ և օտարներ կային սեղանի շուրջ: Հիսուսի աշակերտներին հանդիմանեցին այդ պատճառով, որ իրենց Վարդապետը մաքսավորների հետ է սեղան նստում և հաց ուտում:
Հիսուս Քրիստոս երբեք չզլացավ ամեն հանդիմանությունից հետո բացատրել Իր աշխարհ գալու նպատակի մասին: Եվս մեկ անգամ հիշեցրեց, որ առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին: Արդարները կարիք չունեն կանչվելու, այլ՝ մեղավորները կարիք ունեն ապաշխարության: Տէր Հիսուս չի խորշում մեղավորից, մաքսավորից և մեղքի մեջ անտեղյակությամբ ապրող հիվանդ մարդկանցից; Ինչո՞ւ փարիսեցիները չէին զբաղվում այդպիսի մարդկանց հոգևոր կյանքի բարելավմամբ: Նրանք գիտեին, որ հասարակության մեջ մաքսավորները հարգանք չեն վայելում, պարզ պատճառով, որ հարկեր էին ավելացնում մարդկանց վրա, իսկ ժողովուրդը դժվարանում էր վճարել: Ավետարանից մենք օրինակներ ունենք, որ դարձի են եկել մաքսավորներ և մեղավոր կանայք՝ Քրիստոսի միջոցավ: Ուրեմն եթե նրանք տեղեկացված լինեին, ապա կանդրադառնային իրենց կյանքին ու գուցե փոխվեին; Մաքսավորին գուցե հաճելի չէ լսել Աստծու օրենքները, քանի որ հակասելու է իր գործելաոճին, սակայն եթե նրան բացատրեին օրենքի ու մարգարեությունների գրքերը, գուցե մաքսավորները իրենց կյանքերի համար վախենային: Ապա Եզեկիել մարգարեի բերանով Աստված ո՞ւմ է հանձնարարում գնալ և մեղավոր մարդուն զգուշացնել Աստծու խոսքը, որպեսզի նա իր մեղքերի մեջ չմեռնի: Այլապես մեղավորի արյունը չզգուշացնողից կառնի Աստված: Մաքսավորները իրենք կամավոր չգնացին Հիսուսի մոտ, Հիսուս գնաց նրանց մոտ, հաց կերավ նրանց հետ, իջավ մինչև նրանց մակարդակին հավասար, որպեսզի կարողանա այնտեղից դուրս բերել նրանց:
Ամենևին հաշվի չառավ, թե ինչ կմտածեն իր մասին: Կամ արդյոք մաքսավորին հաճելի է Իր ներկայությունը: Նա ասաց,- Արի իմ հետևից: քանի որ Քրիստոսի համար թանկ է և մաքսավորի հոգին և մեղավորի հոգին: Ինքը նրանց բժշկելու համար էր եկել: Հիմա վերադառնանք մեր իրականություն և տեսնենք, թե ի՞նչ վիճակում են մեր մաքսավորներն ու մեղավորները: Մեր հայրենիքում Ո՞ւմ է հետաքրքիր նրանց հոգու փրկությունը: Մեր երկիրը ունի քաղաքական և հոգևոր առաջնորդներ: Քաղաքական առաջնորդներին հետաքրքիր չէ Ավետարանի ճշմարտությունը, նրանց բավական է միայն, որ Տաղավար մեծ տոներին հատուկ հրավիրատոմսով կանչվեն եկեղեցի, զբաղեցնեն նախապատիվ աթոռները և իրենց թիկնապահներով կաթվածահար անեն եկեղեցու անդորրը: Նրանց պատկերացումը կյանքի նկատմամբ այլ է: Երկրի ղեկավար փոխվելու դեպքում միայն կարող են իրենց ձեռքը դնել Ավետարանի վրա և երդվել: Երդվել ու երդումը չպահել, անտեղյակ լինել Ավետարանի լույսից և ժողովրդին պահել խավարի մեջ: Այնպես որ հասարակ ժողովուրդը իր հանապազօրյա հացը վաստակելու համար ծախսում է իր ողջ ժամանակը և առողջությունը: Այսպիսիք չեն գնում եկեղեցի կիրակի օրերը, և լուր չունեն Քրիստոսի Մարմնից ու արյունից:
Դպրոցը իրավունք չունի երեխային սովորեցնելու Ավետարանի ճշմարտությունները՝ ,,կրոնական ազատության,, կեղծ արժեքի պատճառով: Դասարանի 99 տոկոսը քրիստոնյա է, հարգում են փոքրամասնության իրավունքները: Պետական կառավարման աշխատողները նման են մաքսավորներին, որոնց մոտ գնաց Տէր Հիսուս՝ Իր խոսքը նրանց հասցնելու և նրանց հոգիները փրկելու համար:
Հովհաննես Մկրտիչը իր կյանքի գնով չորրորդապետին զգուշացրեց իր սխալի մասին, որը գայթակղություն էր այլոց համար: Ո՞վ պետք է տեղեկացնի մեր հերովդեսներին՝ իրենց մեղքերի մասին, որոնց պատճառով ժողովրդի կրթական, բարոյական, հոգևոր մակարդակը իջավ վերջին աստիճան: Հավանաբար բարձրաստիճան հոգևորականը պետք է քարոզի բարձրաստիճան քաղաքական գործչին՝ այն մասին, որ նա ժողովրդին պետք է ծառայի, ինչպես որ Քրիստոս եկավ ծառայելու, ո՛չ թե ծառայություն ընդունելը: Իսկ ինչո՞ւ չեն քարոզում բարձրաստիճան հոգևորականները: Դա ունի երկու պատճառ: Կա՛մ իրենք չեն ապրում այն, ինչը պետք է քարոզեն, կամ էլ շահում են իշխանավորների բարեհաճությունը՝ իրենց աթոռներին հանգիստ նստելու համար: Քրիստոս պատկան մարդկանց է պատվիրել Իր խոսքը ուսուցանելու մարդկանց և երբեք չի ասել, որ քարոզեք միայն պարզ մարդկանց, այն էլ նրա՛նց որոնք կգան եկեղեցի: Այլ ասել է, եկեք ինձ մոտ բոլորդ, որպեսզի ես ձեզ հանգիստ պարգևեմ;
Բոլորը հարկ եղած ժամանակ տալիս են Աստծու անունը, իսկ թե ի՞նչ է Աստված պահանջում իրենցից, իրենք չգիտեն: Դրա համար տարիների ընթացքում այսպիսի մեծ վիհ առաջացավ եկեղեցի- իշխանություն- ժողովուրդ -հզոր կապի միջև: Երեսուն տարի այդպես ապրեցին մեր հայրենիքում: Այսօր կանգնած ենք մեծ աղետի առջև՝ Աստծուց երես թեքելու պատճառով: Ատելության դևը Հայաստանում է:
Ո՛չ ոք չի խոսում այդ մասին: Փորձությունը՝ փորձության հետևից եկավ մեր ժողովրդի գլխին, բայց քանի որ հոգևոր հիմքերը ամուր չեն, ժողովուրդը չի կարողանում դիմակայել փորձությանը և հայտնվել է այնտեղ, որտեղ որ վտանգավոր է ամեն պահ: Աստված է ստեղծել մեզ, ո՛չ թե մենք՝ Իրեն: Այսօր Իրական Կենդանի Աստծուն թողած ամենքը իր պատկերացրած աստծուն է օգնության կանչում:
Տէր Հիսուս Քրիստոս ասում է ,- Առանց ինձ ոչի՛նչ անել չեք կարող: Իսկ մենք շարունակում ենք ամեն ինչ անել առանց Աստծուն:
Նույնն էր վիճակը Քրիստոսի օրոք, երբ աշխարհ եկավ: Խավարի մեջ էին, դրա համար չտեսան Լույսը: Իսկ ովքեր տեսան՝ Աստծու որդիներ կոչվեցին: Ղևիին կանչեց, նստեց նրա հետ սեղան և նա հետագայում դարձավ Մատթևոս ավետարանիչ: Մեղավոր կնոջը ներեց, և նրա անունը գրվեց ավետարաններում՝ իր արաքի համար: Ղևին մաքսավոր միջնորդ էր իսրայելացիների և հռոմեացիների միջև,:
Իսրայելացիների դրամով հարստացնում էր Հռոմի կուսակալներին: Ատելի էր մարդկանց մեջ, հետագայում դարձավ սիրելի ողջ աշխարհում: Այսպիսի հրաշքներ է տեղի ունեցել, որպեսի մարդիկ հասկանան, որ նույնիսկ Հուդան կարող էր զղջալ և ինքնասպան չլինել, եթե նրա հետ խոսեին քահանայապետները և բացատրեին՝ մինչև Հարություն: Մենք կարող ենք վստահ լինել, որ եթե Հուդան համբերեր մինչև Քրիստոսի Հարությունը, Քրիստոս նրան էլ դարձի էր բերելու: Սիրելիներ, Ավետարանը կարդալիս, մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոս, որ եկել էր բոլորի փրկության համար, ըստ Մարգարեության, տեսնում ենք օրենքի վարդապետներ, հոգևոր առաջնորդներ, որոնք գրագետ էին և տեղեկացված, սակայն չէին ապրում իրենց գիտցածը: Տեսնում ենք ժողովուրդ՝ անուս, անկիրթ, պարզ հասարակ, նաև տեսնում ենք կուսակալներ, կայսրեր և այլ իշխանավորներ: Այս մարդիկ ունեին Աստծուց՝ Մովսեսին տված օրենքի գրքերը, մարգարեությունները և պատվիրանները: Եթե նրանք իրենց դերերի մեջ սխալվեցին ու սայթաքեցին, ապա՝ այսօր մենք դրա իրավունքը չունենք: Քանի որ Քրիստոս եկավ և պարզ դարձրեց ամեն բան՝ և մեղքի և արդարության հարցում: Սակայն մենք այսօր՝ 21 րդ դարում ապրում ենք նույն կյանքով, ինչով որ ապրում էին 2000 տարի առաջ:
Հաջորդ պարբերության մեջ, որ կարդացի ձեզ համար, գալիս են նույն փարիսեցիները և հանդիմանում են Քրիստոսին, քանի նրա աշակերտները ծոմ չէին պահում: Իսկ Քրիստոս ԻՐ և աշակերտների հարաբերությունը համեմատեց հարսանիքավորի և փեսայի հարաբերության հետ: Այսինքն Քրիստոսի մշտական ներկայությունը մեզ պետք է պահի անսահման ուրախության մեջ, ինչպես որ ուրախանում ենք երբ մեր զավակը փեսա է դառնում: Մենք ներկա օրերում հարսանեկան խրախճանքի ուրախության մեջ ենք, քանի որ Փեսան մեզ հետ է ամենուր: Նրանց հետ է, ովքեր փնտրում ենք Իրեն, խնդրում են Իրեն, ծառայում են Իրեն: Ազատվում են իրենց մեղքերից Նրա շնորհից; Սպասում են Նրա Երկրորդ Գալուստին: Սակայն կգա ժամանակ, որ շատերի համար Փեսան կվերցվի նրանցից՝ Փեսային անտեսելու համար:
Փարիսեցիների թվում էր, թե իրենք սուրբ են և ամեն հարցում հանդիմանում էին Քրիստոսին և աշակերտներին; Քրիստոս նրանց բացատրում էր, որ պետք չէ կեղծավոր լինել: եթե պետք է ծո՛մ պահել, պահեք:
Եթե պետք է ուրախանա՛լ, ուրախացեք; Պետք չէ ծոմ պահել այն ժամանակ, երբ դրա կարիքը չկա՝ բարեպաշտ երևալու համար: Երբ որ եկավ ժամանակը և Փեսան նրանցից վերցվեց, մենք տեսանք, թե որքան լացի ու ծոմի օրեր ունեցան աշակերտները ստեղծված դժվարությունների պատճառով: Վերջին՝ երկու առակները որ պատմեց ներկաներին, հին զգեստին նոր կարկատան դնելու և հին տիկի մեջ նոր գինի լցնելու մասին, մենք արդեն երկու անգամ անդրադարձել ենք սերտողությամբ; Ես ուզում եմ, որ ձեր մոտ էլ առաջանան նոր մտքեր, նոր գաղափարներ, նոր տեսակետներ հիմնված Ավետարանի ճշմարիտ հիմքի վրա:
Մենք ամեն օր խոսում ենք, ո՛չ թե անցյալ, այլ ներկա կենդանի և հարուցյալ Քրիստոսի վարդապետության մասին, որը մեր կյանքի ուրախության պատճառն է՝ մեր ապրած օրերին և մեր մահվան վստահությունն է՝ մեր մահից հետո: Եթե մենք ամփոփելու լինենք հինգերորդ գլուխը, որն ավարտեցինք այսօր, ապա մաքսավորի օրինակը խրատական դաս է ամենքիս համար, որ կարող ենք փոխվել Աստծու շնորհով և սկսել ծառայել Աստծուն: Չէ՞ որ ցանկացած մասնագիտություն իրենից ներկայացնում է ծառայություն՝ սկսած երկրի ղեկավարից մինչև մաքրուհի: Աստված այսպես է կարգել, որ մեկը մյուսին պետք գա, մեկը մյուսին ծառայի, ո՛չ թե իշխի:
Ովքեր սիրով ծառայում են իրենց աշխատավայրում, անկախ մասնագիտությունից, նրանք ճանաչվում են Աստծուց, իսկ ովքեր չեն սիրում ծառայել, նրանք Աստծուն չեն ճանաչում: Նույնը վերաբերում է վերջին առակներին: Քրիստոս եկավ, որ մեր հինը փոխվի նորով, որովհետև նորը նորոգում է մարդուն, վերստին է ծնվում մարդը՝ նոր կյանքի համար: Մեր Տէրը բոլորի հետ հանդիպեց, քանի որ Ինքը Ճշմարտությունն է, և երբե՛ք չմտածեց, թե ի՞նչ կխոսեն իր մասին, երբ խոսում էր սամարացի կնոջ հետ, երբ Զակքեոսի և Ղևիի տանը հաց էր ուտում, կամ երբ ներում էր անբարո կնոջ: մենք էլ սովորենք ճշմարիտ լինել և չվախենալ մարդկանց կարծիքներից: մենք պատասխանատու ենք մեր մտածումների և արարքների համար, ո՛չ այլոց:
Սիրելիներ, ես ձեզ Ավետարանը ներկայացնում եմ հնարավորինս մանրամասն, որպեսզի դուք ձեր տեսակետն ունենաք ձեր կյանքում հանդիպած այս կամ այն իրադարձության ժամանակ: Եթե դուք ամեն բանի հիմքում Ավետարանի ճշմարտությունը դնեք և ամեն բան քննելիս Ավետարանով վերլուծեք, ապա սխալվելու հավանականությունը անհամեմատ կնվազի: Ավարտենք այստեղ մեր սերտողությունը, քաղենք մեր դասը, իրագործենք մեր կյանքից ներս և ապրենք ապահով:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մաքսավորից դառնանք ավետարանիչ, ձկնորսից՝ աշակերտ Քրիստոսի համար::