ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 5:12-16
ՅԻՍՈՒՍ ԲՈՐՈՏ ՄԸ ԿԸ ԲԺՇԿԷ
12 Օր մը, ինք քաղաքի մը մէջ էր, ահա մարդ մը բորոտութիւնով լեցուն՝ երբ Յիսուսը տեսաւ, երեսի վրայ իյնալով աղաչեց անոր ու ըսաւ. «Տէ՛ր, եթէ ուզես՝ կրնաս զիս մաքրել»։ 13 Յիսուս իր ձեռքը երկնցնելով դպաւ անոր ու ըսաւ. «Կ՚ուզե՛մ, մաքրուէ՛» եւ շուտ մը բորոտութիւնը անկէ գնաց։ 14 Ու ինք պատուիրեց անոր, որ մարդու չըսէ, հապա, ըսաւ. «Գնա քեզ քահանային ցուցուր եւ Մովսէսին պատուիրածին պէս քու մաքրուելուդ ընծան տուր, անոնց վկայութիւն ըլլալու համար»։ 15 Անոր լուրը աւելի կը տարածուէր ու շատ ժողովուրդ կը ժողվուէին մտիկ ընելու եւ իրենց հիւանդութիւններէն բժշկուելու։ 16 Բայց ինք անապատ տեղեր կը քաշուէր եւ աղօթք կ՚ընէր։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Ավետարանները սերտելիս հարց է առաջանում, ինչու Հիսուս Քրիստոս չպատվիրեց աշակերտներին ամեն օր գրի առնել իր պատգամներն ու ուսուցումները: Ավետարանների թվագրությունից մեզ հայտնի է, որ քրիստոնեության մասին գիրը սկսվել է առաջին դարի հիսունական թվականներին: Ինչո՞ւ այսքան ուշ: Երեսուներեք թվականից մինչև հիսուս թվականը ոչինչ չի գրվել: Մոտ քսան տարի ոչ ոք չի մտածել գրելու մասին, այն էլ աշխարհի գլխավոր իրադարձությունների մասին: Օրինակ՝ ինչպես որ Աստված Մովսեսին թելադրել է, և Մովսեսը գրել է այն, ինչ լսել է: Այդպես էլ կարող էր լինել Քրիստոսի բանավոր խոսքերի գրառումը: Այս մասին բավական մեկնաբանություններ կան, բայց ես ձեզ կներկայացնեմ տրամաբանական մի երկու տեսակետ: Նախ՝ առաջին դարի երեսունական թվականներին քրիստոնեությունը հրեականության մեջ միսիոներական համայնք էր, և նրանք կարծում էին, որ բավարար է Քրիստոսի մասին եղած տեղեկությունները՝ որոնք գրաված են մարգարեություններում: Բայց սա չէր պատճառը, որ գրի չեն առել Քրիստոսի խոսքերը: Աշակերտները առաջին դարում կարծում էին, թե Քրիստոս շատ շուտ է գալու և կարիք չկա գրելու եղածների մասին, Քրիստոս կլինի նաև հետագա սերունդների հետ՝ հավիտյան, ուրեմն ի՞նչ կարիք կա գրելու: Իսկ երբ Սուրբ Հոգին հանգչեց նրանց վրա և նրանք ամբողջությամբ հասկացան, որ Փեսան ուշանում է, սկսեցին իրենց գրավոր աշխատանքները: Առաքելական թղթերում և նամակներում էլ զգում ենք, որ առաքյալները սպասողական ապրումներով են գրել իրենց նամակները՝ մեկը մյուսին;
Ղուկաս ավետարանիչը առաջին գլխում գրում է, որ շատերը ձեռնարկեցին գրել մեզանում կատարված իրադարձությունների մասին, ես էլ կամեցա կարգով գրել ձեզ: Սուրբ Հոգին ուղղորդեց նրանցից յուրաքանչյուրին՝ գրելու այն ամենը, ինչ որ պատահել էր իրենց կյանքում: Յուրաքանչյուր ավետարանիչ իր գրելու ոճն ունի և դեպքերը ներկայացնելու իր շարադրանքը: Ղուկաս ավետարանիչը առավել ուշադիր է հիվանդությունների բժշկության հրաշքների վրա, որը ինչպես արդեն ասել ենք իր մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են; Այսօրվա մեր սերտողությունը բորոտ մարդու բժշկության մասին, և մենք տեսնում ենք, որ ավետարանիչը մեծ սիրով է նկարագրում ցանկացած հիվանդության բժշկություն: Առաջին գլխում ես ձեզ տեղեկացրի Ղուկասի մասին, որը ըստ աղբյուրների հույն է, որ հայտնվել հուդայականության մեջ և հավանաբար քահանայական ծագում ունի, իր մասնագիտության հետ մեկտեղ: Բոլորդ գիտեք, որ բացի իր ավետարանից, որ գրել է, իր ձեռքի գործն է ,,Գործք Առաքելոց,, հրաշալի գիրքը: Մասնագետները լավ ուսումնասիրելով Ղուկասի ոճը և շարադրությունը, իրեն են վերագրում նա՛և Եբրայեցիներին ուղղված նամակը, որը կարծում են թե Պողոս առաքյալի գիրն է, սակայն ոճը նմանություն ունի Ղուկասի գրելու ոճին: Երեկ մենք ծանոթացանք թե ինչպես ձկնորսներից առաքյալներ պատրաստելու սկիզբը դրվեց, իսկ այսօր արդեն ավետարանիչը մեզ պատմում է բժշկությունների մասին:
Տէր Հիսուս շարունակում է օգնել մարդկանց՝ որտեղ որ հայտնվում է: Ահա մի քաղաքում, որի անունը Ղուկասի համար կարևոր չէ և չի՛ գրել, բորոտությամբ պատված մի մարդ Հիսուսին տեսնելով, երեսի վրա ընկնելով աղաչեց, և ասաց.- Տէ՛ր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել:
Բորոտություն կոչվող հիվանդության մասին ես ձեզ խոսել եմ համապատասխան սերտողությունների ժամանակ, բայց որպեսզի նոր միացողների համար էլ հասկանալի լինի, մի երկու բառով ներկայացնեմ: Սա շատ հին հիվանդություն է, որը պատահում էր այն մարդուն, որը չարախոսում էր սրա, կամ նրա հասցեին: Չարախոսությունից հետո նրա մարմնի վրա հայտնվում էր նշանները և նա այլևս իրավունք չուներ ընդհանուրի մեջ գտնվելու, որովհետև կարող էր վերքերը փոխանցվել ուրիշներին: Բայց երբ զղջում էր սրտանց իր չարախոսության մեղքը, նշանները աստիճանաբար անցնում էին, և երբ քահանան ստուգում էր, որ արդեն անվտանգ է, արձակում էր այդ մարդուն; Սակայն բավական էր մեկի վրա այդ նշանները հայտնվեր, բոլոր մարդիկ արդեն գիտեին, որ նա չարախոսել է ինչ որ մեկին;Հիշում եք այսպիսի բան պատահեց Ահարոնի քույր՝ Մարիամի հետ, որը չարախոսել էր Մովսեսի մասին: Որից հետո ամբողջությամբ պատել էր նրա մարմինը բորոտության վերքերով; Փառք Աստծուն, որ այս հիվանդությունը վերացավ մարդկանց միջից՝ Մարիամ Աստվածածնի բարեխոսությամբ, թե չէ Հայաստանում բորոտությունը խիստ մոդայիկ կլիներ հատկապես այս օրերին; Իսկ այս բորոտը, որը մոտեցավ Հիսուսին և խնդրեց մաքրվել, կարծես հակառակ է գնում ժամանակի օրենքին, որով բորոտը մեկուսացվում էր, և միայն սրտանց զղջման ժամանակ իրավունք ուներ իրեն ցույց տալու քահանային: Հավանաբար այս մարդը կամ չէր զղջացել, կամ էլ մեկուսանալու մեջ համբերատար չէր: Այդ պատճառով, երբ լսեց որ Հիսուս իրենց քաղաքում է, համարձակվեց մոտենալ նրան: Նույնիսկ այս բորոտի օրինակից կարելի է դասեր քաղել այն առումով, որ թեպետ մեր օրերում չկա այս հիվանդությունը, կամ չարախոսի մեկուսացումը, այնուհանդերձ չի կարելի չարալեզու լինել այլոց նկատմամբ: Մեր միջավայրում էլ չեն սիրում չարալեզու մարդկանց և նրանց հետ չեն ուզում շփվել:
Մի՞թե չարալեզու մարդու հետ չշփվելը նրա համար նույն մեկուսացումը չէ: Գուցե բորոտությամբ չի պատժվում այսօրվա չարալեզուն, բայց հավատացեք, որ անպատիժ չի մնում ՝ մեկ այլ բանի մեջ:
Այս բորոտը, որ մոտեցավ Հիսուսին և ասաց,- Եթե կամենա՛ս, սա նշանակում է, որ ինքը ընդունում էր իր մեղքը և պատիժը, բայց Տէր Հիսուսի կամքն էր խնդրում, մաքրվելու համար, որը նույնպես խոնարհության նշան է: Սիրելիներ, սխալված չենք լինի, եթե ասենք, որ աշխարհը տառապում է անտեսանելի բորոտությամբ և առողջ տեղ չկա մարմնի վրա: Ինչպես Եսայի մարգարեն է ասում,- վերքերի, այտուցների և խոցերի վրա դնելու ո՛չ սպեղանի կա, ո՛չ ձեթ, ո՛չ էլ վիրակապ: մարգարեն խոսում է մարդկանց մեղքերի հետևանքների մասին: Կարող եք կարդալ Եսայի առաջին գլխում: Աշխարհի բորոտությունը նրա անօրենությունների, չարախոսությունների և բարոյական օրենքներից հեռու ապրելու պատճառով է: Ուղղակի աշխարհի և այս բորոտի տարբերությունն այն, որ աշխարհը չի ճանաչում իր բորոտությունը և չի դառնում Աստծուն՝ խնդրելու համար: Մինչդեռ հիվանդ մարդը միշտ էլ օգնության ձեռքի կարիք ունի: Միայն եսասեր հիվանդներն են, որ բոլորին մեղադրում են իրենց հիվանդության մեջ և դժգոհ են նույնիսկ նրանցից, որոնք օգնության ձեռք են մեկնում: Հիվանդությունը առաջինն է բացում զղջման դուռը, որպեսզի հիվանդը ներս մտնի և ապաքինվի: Մենք շատ հաճախ ենք կրկնում, որ մեղքի վարձը մահն է;
Սակայն շատ հաճախ չենք ընդունում, որ ցանկացած հիվանդության հետևում կանգնած է մեղքը: Այլապես ինչպե՞ս մեղքի վարձը մահը կլիներ, մի՞թե ո՛չ հիվանդությամբ, որը մարդուն գամում է անկողնում, որպեսզի վերհիշի իր անցյալ կյանքը և զղջա, ու փրկվի: Ոչ թե զղջա ու ապաքինվի, գուցե այդ հիվանդությունը դառնա մահվան պատճառ, սակայն զղջացող մարդու հոգին փրկություն կգտնի տիրոջ առջև:
Բորոտի խնդրանքին ի պատասխան, Տէր Հիսուս պատասխանեց կարճ և հասկանալի, ասելով,- Կամենո՛ւմ եմ, մաքրվիր: Իսկույն բորոտությունը նրանից հեռացավ: Այս պատասխանը ցնծություն է պարգևել Ղուկաս ավետարանչին, և հատկապես, որ բորոտությունը իսկույն մաքրվեց: Բժշկության մեջ այսպիսի երևույթներ չկան, Սա միայն Աստծու միջամտությունն է որ ակնթարթային բուժում է ստանում մարդը:
Տէր Հիսուս ասաց, կամենո՛ւմ եմ, մաքրվի՛ր: Այսօր էլ այս պատասխանը կստանա նա, որ զղջաց բորոտի նման; Տէր Հիսուսի պատասխանից կարելի է զգալ հայրական պատասխանատվություն և սեր:
Այսինքն՝ եթե դու զգացիր, որ սխալ ես թույլ տվել, ես էլ կամենում եմ քեզ ներել: Խոնարհ խնդրանքը անպատասխան չի մնում, և հատկապես առանց պարգև չի մնում:
Տէր Հիսուս պատվիրեց բորոտին, որպեսզի իրեն ցույց տա քահանային և համապատասխան ընծա մատուցի մաքրվելու համար՝ ըստ Մովսեսի օրենքի: Նաև ըստ Իր խոսքի, որ ասաց, ես չե՛կա օրենքը ջնջելու, այլ լրացնելու: Բորտ մարդը բազմաթիվ նշաններ ուներ, որոնցով տարբերվում էր մյուսներից: Նախ՝ բարձրաձայնում էր որ ինքը մաքուր չէ, հետո հատուկ զանգակներ էին կախում իրենց հագուստներից, որպեսզի գիշերը դուրս գալիս, մարդիկ իմանային, որ մոտակայքում բորոտ կար: Տեսե՛ք, երբ պատժվել է բորոտությամբ, պետք է անվերջ կրկնի՝ ես մաքուր չե՛մ, ես մաքո՛ւր չեմ: Իսկ երբ բժշկվում է, իրավունք չունի ինքնուրույն հայտարարելու, որ ինքը մաքուր է, այլ քահանան պետք է ստուգի և հաստատի, որից հետո միայն կարող է մարդկանց հանդիպել: Ավետարանն ասում է, որ բազում ժողովուրդ էր հավաքվում Նրա շուրջը՝ Նրան լսելու և իրենց հիվանդություններից բժշկվելու: Իսկ Նա խույս էր տալիս դեպի ամայի տեղեր և աղոթքի կանգնում: Նրան մտահոգում էր ժողովրդի անմխիթար վիճակը, տգիտությունը, միայն հիվանդությունից արագ ազատվելու բաղձանքը, առանց պատճառին անդրադառնալու: Տէր Հիսուս ինչպես որ այն ժամանակ, նույնպես և հիմա, կամենում է, որ մենք մաքրվենք մեր ժամանակակից բորոտությունից, որը արտաքնապես չի երևում, սակայն ներսից քայքայում է մարդուն: Առաջին դարից էլ առաջ է եղել բորոտությունը, քանի որ մենք Մովսեսի ժամանակից գիտենք, որ բորոտություն կար, կար նաև Հիսուսի օրոք: Մարդիկ գիտեին, որ չարախոսելուց հետո հայտնվելու է բորոտության նշանը, սակայն չէին դադարում չարախոսել և բորոտվել: Այս է մարդու բնությունը, որը ինքնուրույն չի կարողանում հրաժարվել մեղքից, ինչքան էլ որ իրեն վնասում է; Որտեղի՞ց են այսօր այսքան հիվանդությունները, անժամանակ մահերը: Մի՞թե միայն մաշկի վրա պետք է նշան հայտնվի, որ իմանանք մարդկությունը մեղքի մեջ է: Մի՞թե մարդկային կյանքի երևելի արդյունքը մեզ չի փաստում այն մասին, որ աշխարհն է բորոտ, ուղղակի մեր արտաքին մարմնի վրա չի նշմարվում այդ ախտը, այլ՝ մեր հոգու, որը հիվանդ է, տրտում է և խաղաղություն չունի:
Վատ է, երբ մենք չենք անդրադառնում այդ ճշմարտությանը:
Սիրելիներ, երբ նկարիչը ավարտում է իր նկարը կտավի վրա, կամ մի հեղինակ մի գիրք է գրում, դա արդեն ավարտված գործ է, էլ փոխելու ենթակա չէ: Մեր կյանքը ավարտված գործ չէ, մեր կյանքը փոփոխության ենթակա է ամեն ժամ: Մենք վաղը ավելի լավը պետք է լինենք, քան երեկ էինք: Մեր կյանքը շարժման մեջ է, և մենք միշտ ընտրության առջև ենք մեր կյանքում՝ սկսած մանուկ հասակից: Ինչքան են եղել մեր կյանքում փոշմանելու առիթները, որոնք մեզ չեն տարել զղջման: Սխալ ենք խոսում, փոշմանում ենք, սակայն չենք ուղղում հաջորդ անգամ: Ուտո՛ւմ ենք, փոշմանում ենք, որ շատ ենք կերել, և հաջորդ անգամ նույնն է կատարվում: Մեր ներկայությամբ չարախոսում են, մենք լռում ենք, հայհոյում են, մենք լռում ենք, ստում են, մենք լռում ենք, քան որ չենք ուզում նեղացնել ենթակային: Այսպես օրական տասնյակ սխալներ մնում են ուշադրությունից դուրս: Մեղքը և չարը նույնպես շարժման մեջ են, և մենք անվերջ առնչվում ենք մեղքի ու չարի հետ: Աստված նույնպես մեզ հետ է, և սպասում է, որ ասենք,- Տէ՛ր եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել կենցաղային այս ախտերից: Իսկ Տէրը անպատասխան չի թողնի Իրեն Դիմողին, քանի որ միշտ կամենում է, նաև հիշեցնում է, որ կանգնած է դռան առջև, և թակում է: Իսկ չարը չի թակում, այլ տեղից մտնում, հատկապես այն ժամանակ երբ մենք մենակ ենք: Այնպես ինչպես սատանան Եվային մոտեցավ երբ մենակ էր և չասաց գնա ամուսնուդ կանչիր խորհրդակցենք այս խնձորի մասին և տեսնենք, կարելի՞ է արդյոք ուտել: Իսկ Քրիստոս սամարացի կնոջ ասաց,- գնա ամուսնուդ կանչիր, որպեսզի բացահայտի նրա տկարությունը և բուժի: Իսկ նա խոստովանեց, որ ամուսին չունի և ում հետ որ ապրում է իր ամուսին չէ:
Մենք պարտավոր ենք տարբերել փորձությունների տեսակները, քանի որ շատ մեծ հնարավորություն ունենք դա ստուգելու: Նախորդ սերտողության մեջ ես ձեզ բացատրեցի, որ Հիսուս Քրիստոս նոր կյանքի սկիզբը դնելու համար մեզ ցույց տվեց գաղտնիքը՝ Մկրտություն, ծոմ, անապատ, սատանա: Բարոյական կյանքը դժվար սկիզբ ունի և երանելի ընթացք, իսկ ավարտը երբեք առանց պարգև չէ: Սիրելիներ, մենք այսօր էլ կանգնած ենք ընտրության առջև՝ յուրաքանչյուրս մեր գործերի մեջ: Ընտրենք Լույսը, Ճշմարիտ Ճանապարհը, Փարախի դուռը, Երկնային հացը, Անմահական ջուրը, ուրախությունն ու խնդությունը, որպեսզի Սուրբ Հոգին մեզ հետ լինի անապատում՝ փորձության պահին; Ավարտեցին այսօրվա մեր սերտողությունը, բոլորս ծանոթ էինք բորոտի բժշկությանը, բայց ինչպես բորոտությունն էր շարունակվում դարերով, այնպես էլ մեղքն է այսօր արթուն ամենուրեք:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի ընտրենք լավագույնը, մեր հոգևոր կյանքը Քրիստոսի վարդապետության մեջ անշեղ ապրելու համար, և ազատվենք մեր անհատական բորոտությունից: