ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 5:1- 11
ՅԻՍՈՒՍ ԱՌԱՋԻՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԿԸ ԿԱՆՉԷ
1 Օր մը, երբ ժողովուրդը անոր բոլորտիքը դիզուեցաւ Աստուծոյ խօսքը լսելու համար, ինք Գեննեսարէթի ծովակին քով կեցեր էր, 2 Տեսաւ երկու նաւեր, որոնք ծովակին քով կեցեր էին եւ ձկնորսները անոնց մէջէն ելած՝ ուռկանները կը լուային։ 3 Ինք այն նաւերէն մէկուն մէջ մտաւ, որ Սիմոնինն էր եւ աղաչեց անոր որ քիչ մը ցամաքէն ծովուն մէջ տանի եւ նստելով՝ նաւուն մէջէն ժողովուրդին կը սորվեցնէր։
4 Երբ խօսելէն դադրեցաւ, ըսաւ Սիմոնին. «Յառաջ տար նաւը՝ դէպի խորունկը եւ ուռկաննիդ ձգեցէք ձուկ որսալու»։ 5 Սիմոն պատասխան տալով՝ ըսաւ անոր. «Վա՛րդապետ, բոլոր գիշերը աշխատեցանք ու բան մը չբռնեցինք. բայց քու խօսքիդ համար ուռկանը կը ձգեմ»։ 6 Երբ ըսուածը ըրին, խիստ շատ ձուկեր ժողվեցին, անանկ որ իրենց ուռկանը կը պատռտէր։ 7 Աչք կ՚ընէին միւս նաւուն մէջ եղող իրենց ընկերներուն՝ որ գան օգնեն իրենց։ Եկան ու երկու նաւերն ալ լեցուցին, գրեթէ ընկղմելու մօտ էին։ 8 Սիմոն Պետրոս երբ տեսաւ, Յիսուսին ծունկերուն ինկաւ ու ըսաւ. «Տէ՛ր, իմ քովէս մէկդի գնա, քանզի ես մեղաւոր մարդ մըն եմ»։ 9 Վասն զի ապշութիւնը պատեց զանիկա եւ անոր հետ եղող ամէնքը՝ իրենց բռնած ձուկերուն շատութեան համար։ 10 Նոյնպէս ալ Զեբեդէոսի որդիները՝ Յակոբոս եւ Յովհաննէս՝ որոնք Սիմոնին ընկերներն էին։ Յիսուս ըսաւ Սիմոնին. «Մի՛ վախնար, ասկէ ետեւ մարդոց որսորդ պիտի ըլլաս»։ 11Նաւերը ցամաք հանելով՝ ամէն բան թողուցին ու անոր ետեւէն գացին։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ, այսօր ծանոթանալու ենք առաքյալների ընտրության թեմային՝ Ղուկաս ավետարանչի տեսանկյունից: Հիսուս Քրիստոսն Իր ուսուցումը արդյունավետ դարձնելու համար քարոզության սկզբից ընտրում է աշակերտներ: Սակայն զարմանալի է, որ քարոզության համար աշակերտ է ընտրում ո՛չ թե դպիրներից, կամ փարիսեցիներից ու օրենսգետներից, այլ դեպի ծովափ է քայլում՝ աշակերտ ընտրելիս: Մեր պատկերացմամբ Տէր Հիսուս աշակերտ ընտրելիս տաճար պետք է գնար, իսկ Նա իր քարոզության ճանապարհներից ընտրում է ո՛չ թե ուսյալ, այլ անգրագետ մարդկանց:
Սա հավանաբար կարևոր պատճառ ունի, տեսնենք թե ավետարանիչը ինչպե՛ս է ներկայացնում: ժողովուրդը գնալով ավելանում և համախմբվում էր Վարդապետի շուրջը՝ Իր խոսքը լսելու համար: Այս սովորությունը կա ամեն տեղ, երբ մի նոր հանրային մարդ է ի հայտ գալիս, բոլորը հավաքվում են նրա շուրջը՝ նոր բան լսելու համար: Տէր Հիսուս նկատեց երկու նավակ ծովափին, որոնց ձկնորսները իրենց ուռկաններն էին լվանում: Մտավ նավակներից մեկի մեջ, որ Սիմոնինն էր, և խնդրեց, որ ցամաքից փոքր ինչ հեռացնի նավակը: Սկսեց ուսուցանել նավակի միջից: Նախորդ ավետարաններում մենք էլի կարդացել ենք, որ Տէր Հիսուս խոսում էր նավակի մեջ նստած, իսկ ժողովուրդը ծովափին էր: Գալիլիայի բնակիչները փաստում են, որ Գեննեսարեթի ծովակը, որը նույն Գալիլիայի ծովակն է, ունի մի հրաշագործ հատկություն: Դեպի Կափառնաում քաղաքի կողմը ծովի մի հատվածը արձագանքի մեծ հզորություն ունի: Երբ ափից են խոսում, ծովի մեջ չի լսվում, իսկ երբ ծովի միջից են խոսում, ափում կանգնած մարդը հստակ լսում է:
Այդ մասին գիտեին ձկնորսները, գիտե՛ր նաև Տէր Հիսուս Քրիստոս: Այդ պատճառով ծովի այդ հատվածում էր նավակի միջից քարոզում, և ժողովուրդը պարզ լսում էր: Այս ծովակի ափին այսօր կա մի ռեստորան, որտեղ պատրաստում են այդ ծովից բռնած ձկները և կոչվում է Պետրոսի ձուկ: Քրիստոնյա ուխտավորները Երուսաղեմ գնալիս, անպայման այցելում են Գալիլիայի ծովակը տեսնելու և ձկից ճաշակելու:
Ձկնորսությունը այս մարդկանց միակ միջոցն էր ընտանիքը պահելու: Սիմոն Պետրոսը ինքն էլ չզգաց, թե ինչպես իր նավակը օրհնվեց՝ երբ Քրիստոս ի՛ր նավակի մեջ մտավ քարոզելու: Ամբողջ գիշեր Պետրոսն ու ընկերները փորձել էին ձուկ որսալ և ոչինչ չէր ստացվել, առավոտյան նախապատրաստում էին իրենց ուռկանները և հանկարծ Տէր Հիսուս կամենում է իր նավակի միջից քարոզել, սակայն Պետրոսը չի ընդդիմանում: Քարոզն ավարտելուց հետո Պետրոսին առաջարկեց ավելի խորը գնալ և ուռկանները ծովը գցել ձուկ որսալու համար: Պետրոսը տեղեկացրեց, որ ամբողջ գիշեր փորձել են, սակայն ո՛չ մի հատիկ ձուկ չեն բռնել: Դարձյալ չմերժեց Վարդապետին և ուռկանները գցեցին ծովը: Ձկների առատությունից ուռկանները պատռվում էին և աշակերտների զարմանքը շատ մեծ եղավ: Նույնիսկ կանչեցին իրենց մյուս ընկերներին, որպեսզի նրանք էլ գան իրենց օգնեն; Երկու նավակները լցվեցին սուզվելու աստիճան: Տեղի բնակիչները հաստատում են, որ Գալիլիայի ծովակում ձուկ շատ կա, բայց, որ երկու նավակ լիքը լցվի, սա արդեն բացառիկ հրաշք է: Պետրոսը հասկացավ, որ Վարդապետը զորավոր մեկն է և Նրա ոտքերն ընկնելով խնդրում էր, որ իրենից հեռու մնա, քանի որ ինքը մեղավոր մարդ է:
Մի՞թե Տէր Հիսուս Պետրոսին մեղքի մեջ էր բռնել, որ Պետրոսը խոստովանեց իր մեղավոր մարդ լինելը: Կամ ինչո՞ւ խոստովանեց, չէ որ ինքը դեռ հավատքի մեջ այդքան էլ զորավոր չէր: Պետրոսը զգա՛ց Վարդապետի զորությունը, Վարդապետը զգաց, որ Պետրոսը հարմար թեկնածու է աշակերտ դառնալու համար, և ասաց, - Մի՛ վախեցիր, այսուհետև դու մարդկանց պիտի որսաս կյանքի համար: Նավակը ցամաք հանեցին, թողեցին ամեն ինչ և հետևեցին Հիսուսին: Ի՞նչ հասկացավ Պետրոսը այսուհետև մարդ որսալու ակնարկից, մենք չգիտենք, բայց մեզ հասկանալի դարձավ, թե ինչո՞ւ փարիսեցիներից չընտրեց իր համար աշակերտներ, այլ անուս մարդկանցից: Որովհետև փարիսեցիները ո՛չ թե մարդ էին որսում կյանքի համար, այլ՝ մարդկանցից փա՛ռք էին որսում իրենց բարեկեցիկ կյանքի համար; Տէր Հիսուս եկեղեցու հիմքը մաքուր սրտով և ամուր քարով դրեց, որպեսզի պատերն էլ ամուր լինի: Առատ ձկների հրաշքը տեսան, թողեցին ամեն բան և հետևեցին Հիսուսին: Հակոբոսի և Հովհաննեսի մասին ավետարանը տեղեկություն չի տալիս, բայց Պետրոսի զոքանչից գիտենք, որ Պետրոսը ամուսնացած էր, և ընտանիք ուներ, ինչպե՞ս թողեց ամեն ինչ և գնաց Վարդապետի հետևից: խորագետ մարդը ճիշտ ժամանակին է ընտրում լավագույնը՝ իր փրկության համար:
Սիրելիներ, եթե անդրադարձ ունենանք մեր անցած կյանքին, ապա տասնյակ հրաշքները կհիշենք, որոնք կատարվել են մեզ հետ: Ես ձեզ էլի եմ ասել, որ քրիստոնեական հավատքը հիմնված չէ հրաշքների վրա:
եթե հրաշքի վրա հիմնված լինի, ապա հրաշքը վերանա, հավատքն էլ կվերանա: Քրիստոնեական հավատքը հիմնված է այն փաստի վրա, որ մենք ապավինում ենք Հիսուս Քրիստոսին, և մեր կյանքը օրեցօր փոխվում է հետևելով Նրա վարդապետության խոսքին: Մենք հավատում ենք քրիստոնյայի ներքին փոփոխությանը, ո՛չ թե արտաքին նշաններին: Տէր Հիսուս հրաշքներ և նշաններ էր ցույց տալիս, ոչ թե մարդկանց դեպի իրեն հրապուրելու համար, այլ մարդկանց ուշադրությունը սևեռում էր Իր ասելիք խոսքի վրա: Երկու նավակ լիքը ձկան հրաշքի իմաստն ի՞նչ է:
Երբ Տէր Հիսուս տեսավ, որ Պետրոսը և աշակերտները վախեցան ձկների առատությունից, նա Իր ասելիքը ասեց, թե,- այսուհետև մարդկանց որսորդներ եք լինելու:Նաև աշակերտներին փաստեց, որ այն ինչ ձեր համար անկարելի է, Աստծու համար հնարավոր է:Այսինքն եթե քայլեք ձեր Վարդապետի ցույց տված ճանապարհով, ձեր պտուղը միշտ այսպես առատ է լինելու, միայն թե ձեր ուռկանները գցեք այնտեղ, ուր Իմ խոսքն է ցույց տալիս: Աստված Իր ասելիքը տեղ հասցնելու համար, օգտագործում է այն, ինչ որ կա մարդու ձեռքում: Այս պարագայում օգտագործեց Պետրոսի ուռկանները, որպեսզի փաստի, որ Իր խոսքը հավաստի է, և պտղատու՝ լսող ականջի համար: Պետրոսին ձկան փաստով ցույց տվեց, որ ինչպես որ քո ձկան որսը եղավ առատ, այնպես էլ մարդկանց որսը կլինի առատ: Իսկ Պետրոսը հնազանդվեց և գցեց ուռկանները, չնայած, որ գիշերը շատ էին չարչարվել և ոչ մի ձուկ չէին բռնել: Համոզվեց Պետրոսը այդ ժամանակ: Իսկ առավել համոզվեց Պենտեկոստեի օրը, երբ իր մի քարոզից երեք հազար մարդ դարձի եկան;
Պետրոսը հասկացավ, թե ի՛նչ էր նշանակում մարդկանց որսորդ լինել: Պարզ մարդիկ էլ կարող են այստեղից հետևություններ անել իրենց կյանքի համար, կարևոր չէ, թե նրանք ի՛նչ մասնագիտությունների տեր մարդիկ են, կարևորն այն է, որ Սուրբ Հոգին այցելի և նրանց ձկնորսից աշակերտ դարձնի, իսկ աշակերտից առաքյալ, իսկ առաքյալից՝ աշխարհին արքայության ավետարան քարոզողներ:
Ավանդությունն ասում է, որ աշակերտների մեծ մասը նախ աշակերտել են Հովհաննես Մկրտչին, և նրանից լսել Հիսուս Քրիստոսի մասին, որ Մեսիան է, Մկրտության ժամանակ տեսել են Հիսուսին, իսկ որից հետո երբ Տէր Հիսուս անապատ տարվեց փորձության, աշակերտները նորից շարունակեցին իրենց ձկնորսությունը, քանի որ այդ ժամանակ իրենց դեռ չէր կանչել աշակերտության: Իսկ հիմա կանչում է, և ասում է մարդկանց որսորդ կդարձնեմ: Նախնական տեղեկություն ունեին Հիսուսի մասին՝ Հովհաննեսից, դրա համար վստահաբար թողեցին ամեն ինչ և գնացին Նրա հետևից: Պետրոսը սիրում էր ամեն ինչ իր ձեռքով փորձել, հիշո՞ւմ եք ջրի վրայով քայլելու ժամանակ, ասաց,- «Տե՛ր, եթե իրոք դու ես, հրամայիր ինձ քեզ մոտ գալ»։ Այս խոսքերը նշանակում են, որ ուզում եմ հավատալ քեզ, թող քո ասածը լինի:
Նաև ուռկանների ժամանակ ասաց, թեպետ ես ձկնորս եմ և չեմ կարողացել ձուկ բռնել, բայց թող Քո ասածը լինի: Պետրոսի մի քանի դրսևորումներ արժանացան Տէր Հիսուսի ուշադրությանը և նա դարձավ աշակերտ, թեպետ մեղավոր մարդ էր:
Սիրելիներ, մեր եկեղեցու հայրերի գրվածքներում նավը խորհրդանշում է եկեղեցին: Քրիստոսի քարոզը նավի մեջ, նշանակում է Քրիստոսի խոսքը եկեղեցու մեջ: Համբարձման ժամանակ պատվեր տվեց աշակերտներին, որպեսզի իր խոսքը քարոզվի ողջ աշխարհով մեկ: Այն քրիստոնյաները, որոնք Պետրոսի նման կհնազանդվեն և կգցեն իրենց ուռկանները Քրիստոսի ասած ուղղությամբ, նրանք անպայման առատ որս կունենան հոգևոր կյանքում, հոգևոր գիտելիքի իմաստով: Հայրերի մեկնաբանության մեջ ևս մի գեղեցիկ համեմատություն ենք գտնում Պետրոսի այն խոսքի վերաբերյալ, որ ասաց, թե Վարդապետ, ողջ գիշեր չարչարվեցինք և ոչինչ չորսացինք: Այն, որ նրանք ամբողջ գիշեր չարչարվեցին, դա Հին Կտակարանն է, քանի որ հինկտակարանյան մարգարեական քարոզը զգալի արդյունք չտվեց: Միայն հրեա ազգը հայտնվեց ուռկանի մեջ՝ այն էլ ո՛չ բոլորը: Իսկ գիշերը խորհրդանշում է կյանքը առանց շնորհի: ինչպես որ Հովհաննես ավետարանիչն է ասում,- օրենքը եկավ Մովսեսով, իսկ շնորհը Հիսուս Քրիստոսով:
Աստված ընտրեց հրեա ազգին, օրենքը տվեց, որպեսզի շրջակա ազգերը տեսնեն նրանց կյանքը և իրենք էլ հետաքրքրվեն Աստծու ժողովրդի կյանքով: Սակայն այդպես չեղավ: Հրեա ազգը չկարողացավ լույս լինել մյուս ազգերի համար: Հետևաբար առաջ եկավ քրիստոնեությունը և գիշերը, որ օրենքն էր փոխարինվեց Աստծու արքայությամբ, որը մոտեցել էր: Ցանկալի կլիներ և շատ օգտակար, որ քրիստոնեական եկեղեցու ուռկանները նույնպես պատռվեին հավատացյալ հոտի առատությունից: Բայց ինչպես որ տեսնում ենք բոլորս, այդպես չեղանք նաև մե՛նք քրիստոնյաներս: Եթե հրեաները օրենքը չկարողացան պահել, մենք չպահեցինք ո՛չ պատվիրանը, ո՛չ շնորհը:
Առաջին դարում Ձկնորսները, մաքսավորները, հովիվները գցեցին իրենց ուռկանները, և շուտով հռոմեական կայսրությունը հայտնվեց այդ ուռկանի մեջ: Իսկ մեր օրերում գործում են անթիվ անհամար հոգևոր բարձրագույն ճեմարաններ և կրթարաններ, սակայն քրիստոնեական եկեղեցու ուռկանը դատարկ է հավատացյալներից: Եկեղեցիների առատությունը խթան չհանդիսացավ, որպեսզի Քրիստոսի հոտը հավաքվի Քրիստոսի փարախում: Սիրելիներ, մեր Տիրոջ այս պատգամը շատ մեծ պատասխանատվություն է պահանջում յուրաքանչյուր քրիստոնյայից: Դառնալ մարդկանց որսորդ չի նշանակում միայն Ավետարան քարոզել,: Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է ավետարանը դարձնի իր համար կյանքը և իր կյանքը կդառնա գեղեցիկ քարոզ մարդկանց համար: Աշակերտները թողեցին իրենց ուռկանների առատ որսը, և հետևեցին Քրիստոսին; Մենք պետք է ավարտենք Քրիստոսի դպրոցը, որպեսզի հասկանանք մեր կյանքի իմաստը:Աստվա՛ծ է ստեղծել այս երկիրը:Աստվա՛ծ է ստեղծել այս երկրի բնակիչներին:Աստվա՛ծ է տվել օրենքն ու պատվիրանը՝ այդ կյանքը ապրելու համար: Այդ երկրի բնակիչները չե՛ն կարող չհնազանդվել իրենց Արարչին: Քրիստոսին հետևելու համար պետք է ինչ որ բանից հրաժարվել: Հարստությունը միջոց է լավ ապրելու համար, սակայն հարստությունը միջոց չէ՛ փրկության համար: Փրկության համար պետք է ընտրել լավագույնը, ինչպես որ ընտրեց Մարթայի քույր՝ Մարիամը, նստելով Նրա ոտքերի մոտ և սիրով լսելով Նրա խոսքերը: Այսօր ծանոթացանք մեր սերտողության նյութին՝ Ղուկաս ավետարանչի տեսանկյունից, որի գլխավոր նպատակ է կարդացողին ցույց տալ Հիսուս Քրիստոսի առաքելության կարևոր ուղղությունը:
Ղուկաս ավետարանիչը բավական մասնագիտական անակնկալներ ունի պատրաստված իր ընթերցողի համար: Ավարտենք այսօր մեր սերտողությունը և եթե Աստված կամենա կհանդիպենք վաղը՝ նո՛ր շնչով, նո՛ր խոսքով, և նոր թեմայով:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի ընտրենք լավագույնը, մեր հոգևոր կյանքը Քրիստոսի վարդապետության մեջ անշեղ ապրելու համար: