ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 4:31- 45
ՊԻՂԾ ՈԳԻ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴ ՄԸ
31 Իջաւ Գալիլիայի Կափառնայում քաղաքը ու շաբաթ օրերը կը սորվեցնէր անոնց։ 32 Բոլորը կը զարմանային անոր վարդապետութեանը վրայ, վասն զի իշխանութիւնով էր անոր խօսքը։ 33 Ժողովարանին մէջ մարդ մը կար, որ պիղծ դեւի ոգի ունէր, որը մեծ ձայնով մը աղաղակեց, ըսելով. 34 «Թո՛ղ տուր, դուն մեզի հետ ի՞նչ բան ունիս, Յիսուս Նազովրեցի. միթէ մեզ կորսնցնելո՞ւ եկար. գիտեմ ո՛վ ես, Աստուծոյ Սուրբը»։ 35 Յիսուս սաստեց զայն՝ ըսելով. «Պապանձէ ու ե՛լ ատկէ»։ Ու դեւը զանիկա ներկայ գտնուողներուն մէջտեղը գետինը զարկաւ եւ ելաւ անկէ ու վնաս մը չտուաւ անոր։ 36 Ամէնքը զարմացած իրարու հետ կը խօսէին ու կ՚ըսէին. «Այս ի՞նչ խօսք է, որ իշխանութիւնով ու զօրութիւնով կը հրամայէ պիղծ ոգիներուն ու կ՚ելլեն»։ 37 Եւ անոր համբաւը տարածուեցաւ շրջակայ գաւառին բոլոր կողմերը։
ՅԻՍՈՒՍ ՇԱՏԵՐ ԿԸ ԲԺՇԿԷ
38 Ժողովարանէն ելլելով՝ Սիմոնին տունը մտաւ։ 39 Սիմոնին զոքանչը սաստիկ ջերմով կը տանջուէր։ Անոր համար աղաչեցին իրեն։ 40 Եւ Յիսուս անոր քով կայնելով՝ սաստեց ջերմը, որը թողուց զանիկա։ Կինը շուտ մը ելաւ ու անոնց սպասաւորութիւն կ՚ընէր։
41 Արեւին մարը մտած ատենը՝ ամէն անոնք որ տեսակ տեսակ ցաւերով հիւանդներ ունէին, իրեն բերին զանոնք։ Ինք ալ ամէն մէկուն վրայ ձեռք դնելով՝ բժշկեց զանոնք։ 42 Դեւեր ալ կ՚ելլէին շատերէն, կ՚աղաղակէին ու կ՚ըսէին. «Դուն ես Քրիստոսը, Աստուծոյ Որդին»։ Բայց ինք կը սաստէր ու թող չէր տար անոնց որ խօսին, վասն զի գիտէին թէ ինք Քրիստոսն է։
ՅԻՍՈՒՍ ՍԻՆԱԿՈԿՆԵՐՈՒ ՄԷՋ ԿԸ ԽՕՍԻ
43 Երբ ցորեկ եղաւ, ելաւ ու գնաց անապատ տեղ մը եւ ժողովուրդները կը փնտռէին զանիկա։ Եկան անոր քով ու կը ստիպէին որ ան իրենցմէ չերթայ. 44 Բայց անիկա ըսաւ անոնց. «Պէտք է ինծի որ ուրիշ քաղաքներու ալ Աստուծոյ թագաւորութիւնը քարոզեմ, քանզի այս բանին համար ղրկուած եմ»։ 45 Ու Գալիլիայի ժողովարաններուն մէջ կը քարոզէր։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. անցնենք միանգամից մեր գլխավոր առաքելությանը և միանանք Ղուկաս ավետարանչին՝ իր մասնագիտական վկայություններին, որոնք գրել է բժշկությունների մասին: Երեկվա սերտողության մեջ տեսանք, որ Տէր Հիսուս սկսեց Իր քարոզությունը և իր բնակավայրում արդեն արժանացավ ոչ հարգալից վերաբերմունքի, չնայած, որ սկզբից հիացան Նրա ընթերցանությունից, սակայն երբ Տէր Հիսուս բերեց երկու օրինակ Հին Կտակարանից՝ Եղիայի և Եղիսեի վերաբերյալ, որոնք երկուսն էլ գնացել էին ազգությամբ ո՛չ հրեա մարդկանց օգնություն ցույց տալու:
Եղիան հարություն էր տվել այրի կնոջ որդուն, իսկ Եղիսեն բուժել է Նէեման Ասորու բորոտություն: Այս օրինակներով Հիսուս Քրիստոս ակնարկեց ժողովականների ազգային ինքնահավանությունը և ցույց տվեց, թե օգնությունն ու օրհնությունը ազգություն չի ճանաչում, այլ՝ հավատք: Նրանց դուր չեկավ ճշմարտության երկու օրինակները և Հիսուսին դուրս արեցին իրենց քաղաքից: Տէր Հիսուսի հայրենակիցները նրանից հրաշք էին պահանջում, իսկ Հիսուս այդ երկու օրինակով ցույց տվեց, որ Աստված հրաշք ուղարկում է ոչ թե այնտեղ, որտեղ պահանջում եմ, այլ այնտեղ, որտեղ հավատում են:
Տէր Հիսուս իջավ Կափառնաում քաղաքը, և դարձյալ շաբաթ օր էր և ինքը ուսուցանում էր նրանց՝ նույն հեղինակությամբ, ինչ որ իր բնակավայրում: Ժողովարանում դիվահար մի մարդ դավանում է Հիսուսին, որպես Աստծու Սուրբ և չի ուզում կորստյան մատնվել Նրա ձեռքով; Իսկ Տէր Հիսուս հրամայեց չար ոգում լռությամբ դուրս գալ դիվահարի միջից: Չար դևը տղային գետնին հարվածեց և դուրս ելավ նրա միջից, առանց վնասելու նրան: Ներկաները զարմանում էին Նրա խոսքի զորությունից և իշխանությունից:
Բժշկությունների պատճառող Քրիստոսի համբավը շատ արագ տարածվեց բոլոր տեղերում: Դիվահարին բուժելուց հետո մտավ Սիմոնի տունը, որտեղ Սիմոնի զոքանչը բարձր ջերմությամբ ծանր պառկած էր: Սիմոնի զոքանչի համար էլ խնդրեցին Հիսուսին, որ բժշկի: Մոտեցավ, սաստեց ջերմին և ջերմը թողեց նրան, և նա իսկույն վեր կացավ: Բերում էին բոլորը իրենց հիվանդներին, ոմանց վրա ձեռք էր դնում, և բուժում, որոշներից չար դևեր էր հանում, սակայն արգելում էր որ խոսեն Իր մասին, քանի որ դևերը ճանաչում էին Հիսուսին: Մարդկանցից պետք էր վկայություններ լսել Քրիստոսի մասին, ո՛չ թե չար ոգիներից, որոնք նախկին հրեշտակներ են եղել, այլ՝ մարդիկ պետք է վկայեին, որոնք Սուրբ Հոգով լցված կդավանեն Նրա աստվածությունը: Տարբեր էին հիվանդները, մի մասը ֆիզիկական հիվանդություններ ուներ, մի մասը՝ հոգեկան: ժողովրդի բազմությունը նրանից չէր հեռանում, և կամենում էին, որ Նա իրենց մոտ մնար մշտապես, սակայն Տէր Հիսուս հայտնեց, որ Աստծու արքայությունը ուրիշ վայրերում էլ պետք հասցնի: Շարունակում էր քարոզությունը Գալիլիայի ժողովարաններում: Զարմանալի իրադարձություն է կատարվում Իսրայելում, Աստծու ժողովուրդը իր բնակավայրից դուրս է հանում Մեսիային, իսկ չար ոգիները ճանաչում են և դավանում են որպես Աստծու Որդի:
Սիրելիներ, Աստված գոյություն ունի և գործում է տարբեր մարդկանց միջոցով և գործում է տարբեր ձևերով՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Աստված վերջնականապես հայտնել է մարդկությանը իր Վերջին խոսքը, թե՝ Սա է Իմ սիրելի Որդին, Նրան լսեցեք: Որից հետո անելիքը անցնում է մեր արդեն սահմանը, և մենք ենք շահագրգռված կողմը Նրան լսելու համար: Իսկ մեր միակ անելիքն այն է, որ մենք կենտրոնացնենք մեր ուշադրությունը Աստծու խոսքի վրա: Կենտրոնանանք մեր բանականության և հասկացողության վրա: Չէ՞ որ մարդ են անվանում նրան, որը մտածում է, հասկանում է և արտահայտվում և ուշադիր է իր ամեն խոսքին: Վստահեցնում եմ ձեզ, որ այս գործընթացը մեր կյանքի ամենադժվար իրականացվող գործողությունն է: Այս պահին, որ ես խոսում եմ ձեզ հետ, իսկ դուք արդեն չեք հիշում իմ արտաբերած առաջին նախադասությունը, էլ չեմ ասում երեկվա սերտողությունը: Մեկ ուրիշ օրինակ էլ կարող ենք բերել պատարագից, որ ավելի առարկայական լինի: Պատարագի ավարտից հետո շատ քչերը կարող են հիշել օրվա ընթերցվածքից մի հատված, կամ օրվա Ավետարանը, կամ խոսված քարոզի կարևորագույն միտքը: Սակայն մենք բազմիցս լսել ենք, որ երբ կարդում ենք Ավետարան Աստված է, որ խոսում է մեզ հետ: Փաստորեն եկեղեցում Աստված խոսում է մեզ հետ, մենք ուշադրությամբ չեն լսում Իրեն; Կամ մեր աղոթքի ժամանակ ցրվում է մեր միտքը և մենք աղոթում ենք ցրված մտքով՝ Աստծու հետ: Սրանք անթույլատրելի երևույթներ են, որոնք պետք է կարգավորենք ամեն օր՝ հոգևոր վարժություններին միջոցով: Երբ մեր ուշադրությունը սևեռված չէ մեր հոգևոր կյանքի վրա, մեր պատասխանատվությունը կորում է Աստծու խոսքի նկատմամբ:
Իսկ երբ կորում է այդ պատասխանատվությունը, մեր մեղքերը կուտակվում են և մեր հոգևոր պարտքը օրեցօր ավելանում են: Հոգևոր կյանքի մեջ կա մի սթափեցնող հարց, որը յուրաքանչյուր քրիստոնյա պարտավոր է գոնե մեկ անգամ ուղղել իրեն առավոտյան արթնանալիս: Ո՞րն է այդ հարցը, գիտե՞ք: Այսօր իմ կյանքի վերջին օրն է, ի՞նչ ունեմ անելու: Միայն այդ պահին կտեսնեք, թե որքան անկատար գործեր կան, որոնք դուրս են մնացել մեր ուշադրությունից, չհասկանալու, կան չգիտակցելու, կամ անուշադրության պատճառով: Այդ անկատար գործերը կան ընտանիքում, աշխատավայրում, մերձավորի նկատմամբ, սեփական անձի նկատմամբ և ամենակարևորը՝ Աստծու նկատմամբ: Մենք ողջ օրվա ընթացքում մոռանում ենք, որ ապրում ենք առանց Աստծուն հիշելու, կամ հիշում ենք միայն այն ժամանակ, երբ մեզ օգնություն է պետք:
Ավետարանիչն ասում է, երբ արևը մայր էր մտնում, նրանք, որոնք պես պես ցավերով տառապող հիվանդներ ունեին, բերում էին Հիսուսի մոտ և խնդրում էին որ նրանց բժշկեր: Մարդկությունը միշտ պահանջում է Աստծուց, սակայն Աստված ասում է, ազատվիր մեղքից, կազատվես հիվանդությունից: քանի որ մենք ուշադիր չենք լսում Ավետարանի պատգամը, լսածը մոռանում ենք, քանի չենք հասկանում, և չենք հասկանում, քանի որ շատ քիչ ենք կարդում: Մենք ձեզ հետ միասին արդեն սերտում ենք երրորդ Ավետարանը, շատ դեպքեր կրկնվել են և մենք լսել են տարբեր մեկնաբանություններ, եթե մեր լսածից մեր կյանքի մեջ որևէ փոփոխություն չի կատարվել, ուրեմն խնդիր կա մեր լսելու մեջ, հասկանալու մեջ, կամ մեր ուշադրության մեջ: Ինչո՞ւ Քրիստոս աշակերտներին ազատ թողեց իրենց դրսևորումների մեջ, որպեսզի տեսնի, թե ո՛ր մեկը ինչի կարիք ունի, կամ ինչի մեջ է տկար: Մինչև Սուրբ Հոգու շնորհները ստանալը աշակերտները անվերջ սայթաքեցին ու ընկան, իսկ եր Սուրբ Հոգին իջավ նրանց վրա, նրանցից մի քանիսը դարձան ավետարանիչ, մյուսները աշխարհով քարոզեցին. շատերը հանուն Քրիստոսի, և Նրա վարդապետության,իրենց կյանքերը զոհեցին: Մենք պատմությանը պետք է նայենք այլ տեսանկյունից, ինչպես որ մեր կյանքը: Մենք պետք է իմանանք ընկած հրեշտակների գոյության մասին, նրանց ծավալած գործունեություն մասին, որ մեր կյանքը դարձնում են դժոխք: Շատ հաճախ մոռանում ենք սատանայի և նրա արբանյակների մասին, և սկսում ենք պայքարել մարդու դեմ, որը չարի ձեռքում դարձել է գործիք: Մենք մարմնավոր էակներ ենք և կարող ենք և կարող ենք մեր մեղքերից աստիճանաբար ազատվել միայն եկեղեցու քարոզի միջոցով, որ Աստծու խոսքն է:
Պետք է սկսենք Քրիստոսի աշխարհ գալու նպատակից,և իմանանք որ Աստծու արքայությունը մեր ներսում պետք է ստեղծվի:
Մեր ներսի մարդը պետք է փոխվի: Աշխարհի կարգավորման ծրագիրը սկսվում է սեփական անձի շտկումից; Քրիստոնյան պետք է պայքարի Սուրբ Հոգու շնորհները ստանալու համար իր քրտնաջան աշխատանքով, իր ուշադիր մտքով, և հավատքի զորությամբ: Աստված շռայլորեն է տալիս Իրեն փնտրողներին: Իր քարոզչական շրջագայությունների մասին ասում է մարդկանց, որ Ինքը Աստծու Արքայությունը ուրիշ քաղաքներ էլ պետք է տանի, որովհետև դրա համար է ուղարկվել աշխարհ: Եթե մենք այս տողերը կարդանք, և ուշադիր չլինենք, ինքներս մեզ կզրկենք այս առաքելությունից, որ կարող ենք մենք էլ լինել փոխանցողը՝ Աստծու խոսքի: Վերջին պատգամը, որ տվեց աշակերտներին Տէր Հիսուս Իր համբարձումից առաջ, դա Ավետարանի քարոզության պատգամ էր, րո պետք տարածվեր աշխարհով մեկ: Առաքյալները սրբությամբ կատարեցին իրենց հանձնարարությունը և թողեցին գրավոր ավետարանները, որպեսզի իրենից հետո եկող սերունդները կարդան, հասկանան, և փոխանցեն այլոց: Այս բարեպաշտական սովորությունը ժողովրդի մեջ չձևավորվեց, մի պարզ պատճառով: մարդիկ կարծում են, որ Աստվածաշունչ կարդալը և մեկնաբանելը վերապահված է միայն եկեղեցու սպասավորներին:
Այո շատ լավ կլիներ, եթե մեր եկեղեցին այնքան մշակներ ունենար, որ ավետարանի սերտողությունը առատորեն տարածվեր մարդկանց մեջ, սակայն այդպես չէ: Բայց չի նշանակում, որ ամեն մարդ չի կարող կարդալ և իր անհասկանալի մտքի բացատրությունը ստանալ քահանայից: Այսօրվա սերտողությամբ մենք ամփոփեցինք Ղուկասի ավետարանի չորրորդ գլուխը, որի ուշագրավ համարներից էր Հիսուսի փորձությունը անապատում, որը մեծ ասելիք ունի ամենքիս, Հիսուսի հանդիպումը իր բնակավայրում և անարգանքի արժանանալը և զանազան բժշկություններ Գալիլիայի տարբեր շրջաններում: Այս ամենը գալիս է մեզ բացատրելու, որ Հիսուս Քրիստոսի միակ նպատակն է, որ մեղավոր մարդուն վերադարձնի իր նախնական որակին և ազատի մեղքից: Ինչ որ գոյություն ունի Հին և Նոր Կտակարաններում, բոլորը ուղղված է մեկ նպատակի համար, մարդուն դարձնել իր նախնական անմեղությանը: Քրիստոնյաներս պարտավոր ենք Ավետարանի օգնությամբ կարգավորել մեր կյանքը, այն համապատասխանեցնելով Աստծու կամքին: Փառք Աստծուն նաև չորրորդ գլխից վերցրած դասերի համար: Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մենք մեր ուշադրությունը սևեռած պահենք Աստծու կանչին ու պատվիրանին: