ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 1: 57-80
ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԿՐՏՉԻՆ ԾՆՈՒՆԴԸ
57 Ու Եղիսաբէթին ծնանելու ժամանակը լեցուեցաւ ու որդի մը ծնաւ։ 58 Երբ լսեցին անոնք, որ անոր բոլորտիքը կը բնակէին ու անոր ազգականները, որ Տէրը անոր վրայ իր մեծ ողորմութիւնը ցուցուց, անոր հետ ուրախացան։
59 Ութերորդ օրը տղան թլփատելու գացին եւ զանիկա իր հօրը անունովը Զաքարիա կը կոչէին, 60 Իսկ անոր մայրը պատասխան տալով ըսաւ. «Ո՛չ, հապա Յովհաննէս պիտի կոչուի»։ 61 Անոր ըսին թէ՝ ‘Քու ազգականներուդ մէջ մէկը չկայ, որ այս անունով կոչուի’։ 62 Աչք ըրին անոր հօրը թէ ի՞նչ անունով կ՚ուզէ որ անիկա կոչուի։ 63 Ան ալ տախտակ մը ուզեց ու գրեց. «Յովհաննէս է ատոր անունը»։ Ամէնքն ալ զարմացան։ 64 Իսկոյն բացուեցաւ անոր բերանը ու անոր լեզուն եւ խօսեցաւ ու օրհնեց Աստուած։ 65 Վախ մը ինկաւ այն ամենուն վրայ՝ որոնք անոնց բոլորտիքը կը բնակէին։ Այս բաները Հրէաստանի բոլոր լեռնակողմը կը պատմուէր։ 66 Բոլոր լսողները իրենց սրտերնուն մէջ կը խորհէին ու կ՚ըսէին. «Արդեօք այս տղան ի՞նչ պիտի ըլլայ»։ Տէրոջը ձեռքը անոր հետ էր։
ԶԱՔԱՐԻԱՅԻՆ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ
67 Անոր հայրը Զաքարիա՝ Սուրբ Հոգիով լեցուած՝ մարգարէացաւ ու ըսաւ. 68 «Օրհնեալ ըլլայ Իսրայէլին Տէր Աստուածը, որ այցելութեան ելաւ եւ իր ժողովուրդին փրկութիւն ըրաւ։ 69 Մեզի փրկութեան եղջիւր մը հանեց իր Դաւիթ ծառային տունէն. 70 (Ինչպէս խօսեցաւ սուրբերուն բերնովը, որոնք աշխարհի սկիզբէն ի վեր անոր մարգարէներն էին.) 71 Փրկութիւն մեր թշնամիներէն եւ բոլոր մեզ ատողներուն ձեռքէն, 72 Ողորմութիւն ընելու մեր հայրերուն եւ իր սուրբ ուխտը միտք բերելու 73 (Այն երդումը որ մեր հօրը Աբրահամին ըրաւ), մեզի տալու, 74 Որպէս զի մեր թշնամիներուն ձեռքէն ազատուելով՝ առանց վախի զանիկա պաշտենք 75 Սրբութիւնով ու արդարութիւնով անոր առջեւ մեր կեանքին բոլոր օրերուն մէջ։ 76 Եւ ‘Դո՛ւն, ո՛վ մանուկ, Բարձրեալին մարգարէն պիտի կոչուիս, վասն զի Տէրոջը երեսին առջեւէն պիտի երթաս՝ անոր ճամբաները պատրաստելու, 77 Անոր ժողովուրդին գիտցնելու իրենց փրկութիւնը իրենց մեղքերուն թողութիւնովը’, 78 Մեր Աստուծոյն գթած ողորմութեանը համար, որով Ծագող արեգակը վերէն մեզի այցելութեան եկաւ՝ 79 ‘Խաւարի եւ մահուան ստուերի մէջ նստողներուն լոյս տալու’ ու մեր ոտքերը խաղաղութեան ճամբուն մէջ շտկելու»։
80 Տղան կը մեծնար ու կը զօրանար հոգիով եւ անապատներուն մէջ էր մինչեւ այն օրը, երբ ինք Իսրայէլին երեւցաւ։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ, նախորդ սերտողություններում մենք տեղեկացանք Հովհաննես Մկրտչի և Տէր Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսների մասին, նա՛և տեղեկացանք նրանց մայրերի հանդիպման գեղեցիկ նկարագրությանը: Ղուկաս ավետարանչի գրելու ոճից հասկանում ենք, որ նա գլխավոր շեշտը պահում է Հիսուս Քրիստոսի բուն նպատակի և դրա կատարման վրա: Այսօր կտեղեկանանք Նախակարապետի ծննդյան մանրամասներին և թլպատման արարողության հետ:
Մարիամը երեք ամիս մնաց Եղիսաբեթի մոտ, օգնեց նրան իր հղության օրերին, քանի որ նա տարիքով մեծ էր և բնականաբար այդ նրա համար դժվարություններ էր առաջացել: Երբ Մարիամը գնաց Եղիսաբեթի ծննդաբերելու ժամանակը լրացավ, և նա ծնեց իր որդուն: Նրա ազգատոհմից բոլորը ուրախ էին, Աստծու այդչափ ողորմության համար, որ արեց Եղիսաբեթի համար, նրա վրայից վերցնելով անպտղության նախատինքը, ինչպես որ ինքն էր ասում: Զաքարիա քահանայի որդին ծնվեց, և Մովսեսի օրենքի համաձայն նրան պետք է թլպատեին ծննդյան ութերորդ օրը: Ազգականները հավաքվեցին եկան, որպեսզի կատարեն այդ արարողությունը, իսկ սովորությունն այն էր, որ թլպատման օրը նաև անուն են դնում նորածնին: Քրիստոսից հետո այս սովորությունը ընդունեց նաև քրիստոնեական ուղղափառ եկեղեցին, և երեխային ծննդյան ութերորդ օրը կարող են տանել եկեղեցի և մկրտել:
Բոլոր հարազատները գիտեին, որ մանկանը պետք է կոչեին հոր՝ Զաքարիայի անունով: Ինն ամիս լռություն է տիրել Զաքարիայի տանը, քանի որ հրեշտակից նա համրություն էր ստացել: Եղիսաբեթը գիտեր հրեական սովորությունը, որ մայրերն են զավակի համար անուն ընտրում, և Սուրբ հոգով լցված մերժեց առաջարկը՝ հոր անունով կորելու, այլ՝ պնդեց, որ Հովհաննես կոչվի: Այսինքն՝ Անվանակոչության ժամանակ ասաց, որ որդու անունը ո՛չ թե Զաքարիա, այլ՝ Հովհաննես պետք է դնեն: Բոլորը զարմացան նրա համարձակության վրա, քանի նրա ազգատոհմի մեջ Հովհաննես անունով մարդ չի եղել: Չհամոզվելով Եղիսաբեթի խոսքերից, նրանք փորձեցին մի կերպ հասկանալ Զաքարիային, որի լեզուն դեռ չէր բացվել: Հարցրին նրան, թե ի՞նչ կկամենա, որ դնեն իր որդու անունը, նա մի տախտակ ուզեց և վրան գրեց,- Դրա անունը Հովհաննե՛ս է:
Ուշադրություն դարձրեք նրա տված պատասխանին: Ո՛չ թե ասում է, ես էլ եմ ուզում եմ որ Հովհաննես դնեք, այլ՝ վստահ ասում է որ դրա անունը Հովհաննե՛ս է;
Անշուշտ բոլորը զարմացան այդ պատասխանից: Հավանաբար շատերը չգիտեին ողջ ճշմարտությունը՝ ինչ որ հրեշտակն էր ասել: Ինն ամիս շարունակ Զաքարիան և Եղիսաբեթ միմյանց հետ խոսել են գրելով, քանի որ չէր խոսում հրեշտակի պատվերով: Երբ գրեց որդու անունը՝ Հովհաննե՛ս, այդ պահին բացվեց նրա բերանն ու լեզուն; Առաջին խոսքը, որ դուրս եկավ Զաքարիայի բերանից, օրհնությո՛ւն էր Աստծուն:
Սիրելիներ, երբ Աստված որևէ կերպով պատժում է մարդուն, դա անում է նրա հոգևոր շահի համար, որպեսզի մարդուն վերադարձնի իր բնական վիճակին:
Այս եղածը տեսնելուց հետո ահ ընկավ ժողովրդի մեջ, որոնք եկել էին տարբեր կողմերից՝ տեսնելու այդ հրաշք: Լսողներին շատ հետաքրքիր էր իմանալ, թե ի՞նչ է դառնալու այս մանուկը, որ մեծանա:
Իսկ Ավետարանն ասում է,- Տիրոջ ձեռքը Հովհաննեսի հետ է: Ավետարանիչը ամփոփում է միտքը, ասելով,- Մանուկը աճում և զորանում էր հոգով, և մնում էի ամայի տեղերում՝ մինչև Իսրայելում Նրա երևալու օրը:
Զաքարիա քահանան որ համր էր դարձել հրեշտակի ավետման պահից մինչև երեխայի ծնունդը, մեծ դպրոց ավարտեց իր այդ փորձառությունից: Համրությունը նրան չխանգարեց ծառայության մեջ, հակառակը օգնեց մեծ վերլուծություններ անելու: Իր կյանքի վերջին տարիներին Աստված գործածեց Զաքարիային՝ Իր անունը փառաբանելու համար: Զաքարիան նույնպես լցվեց Սուրբ Հոգով և մարգարեական շնորհն առնելով սկսեց խոսել ներկա գտնվող մարդկանց առջև:Զաքարիան փառավորում էր Աստծու անունը, որ այցելել էր իրենց՝ բերելով փրկություն Իր ժողովրդին: Զաքարիան այդտեղ անդրադառնում է մարգարեական բոլոր գրքերին և գրվածքներին, որոնք փաստում են Աստծու ողորմությունը իր ժողովրդի հանդեպ, որը խոստացել էր իրենց հայրերին: Զարմանալի է, որ Զաքարիան դիմում է ութ օրական մանկանը այնպես, կարծես խոսում է մեծ մեկի հետ: նա գիտեր իր որդու առաքելությունը, և նրան դիմելով ասում է,- Եվ դո՛ւ, ո՛վ մանուկ, բարձրյալի մարգարե պիտի կոչվես, որովհետև պիտի գնաս Տիրոջ առաջից՝ պատրաստելու Նրա ճանապարհները, և պիտի տաս Նրա ժողովրդի փրկության գիտությունը նրանց մեղքերի թողության համար:
Մարիամի, Եղիսաբեթի և Զաքարիայի արտաբերած բոլոր մտքերը մարգարեություններ էին, քանի որ հետագայում տեսանք այդ բոլորը կատարված, նաև տեսանք, որ Հովհաննես Մկրտիչը քարոզում էր անապատում՝ ապաշխարության մկրտություն, նրանց մեղքերի թողության համար:
Մարիամը Եղիսաբեթի հետ խոսելու ժամանակ, իր օրհներգության ժամանակ որովայնի պտղին իր համար Փրկիչ Աստված է համարում, իրեն Նրան աղախին է համարում: Այստեղ Զաքարիան խոսում է իր նորածին որդու հետ՝ նրա առաքելության մասին: Ինչքան ասելիք էր կուտակել Սուրբ Հոգին Զաքարիային ներսում, որ լեզուն բացվելուն պես սկսեց փառաբանել Աստծուն Իր կատարած գործերի համար: Ազգականները եկել էին մասնակցելու երեխայի թլպատությանն ու անվանակոչությանը, իսկ Զաքարիա քահանան սուրբ Հոգով լցված մի հսկա քարոզ խոսեց մարդկանց համար և մեծագույն վկայությունն էր բոլորի համար, թե Աստված ինչպես գթաց իրենց՝ առաջացած տարիքում:
Այս գեղեցիկ սովորությունը երբեք չմտավ մեր մշակույթի մեջ, ո՛չ մկրտության, ո՛չ պսակի և առհասարակ ո՛չ մի արարողության ժամանակ, որ ուրախության տերը առիթը օգտագործի և հավաքված բազմության առջև փառք տա Աստծուն՝ թեկուզ իրենց ուրախության համար: Եթե նույնիսկ իր մտքում ունի Աստծուն, ամաչում է ներկաներից, թե ինչ կասեն իր մասին; Սա ևս անուշադիր կարդալու արդյունք է, քանի որ Տէր Հիսուս ասում է,- Ով ինձ խոստովանի մարդկանց առաջ, ես էլ նրան կխոստովանեմ իմ Հոր առաջ, որ երկնքում է: Մենք մկրտության ենք տանում մեր երեխաներին, նրանց անվանակոչում ենք մեր իմացած սրբերի անունով, որից հետո ամեն ինչ մոռացության է տրվում: Եթե ուշադրություն դարձնեք, աղջիկ երեխաների մկրտության ժամանակ մեծամասնությամբ ընտրում են Մարիամ անունը, սակայն Մարիամի մանկությունն ու կյանքի հետագա քայլերի մասին չեն պատմում երեխային, որպեսզի որոշ չափով տեղեկացված լինի մեծ տարիքում: Շատ մայրեր իրենք չգիտեն Աստվածածնի մասին, թեկուզ այն սակավ տեղեկությունը, որ Ավետարանները հայտնում են մեզ: Ավետարանիչները շատ քիչ տեղեկություն են հասցրել մեզ՝ Մարիամ Աստվածածնից: Եկեղեցու Հայրերը այս մասին ասում են, որ մարդկությունը այնքան ապականված է, որ առաքյալները Աստվածածնի մասին խոսում էին հավատացյալ մարդկանց մոտ և նրանց համար: Մարիամ Աստվածածնի մասին քարոզները գրեթե չի եղել, որովհետև առաքյալները զգուշացել են գայթակղության պատճառով: Օրինակ Մարիամ Աստվածածնի ննջման և երկինք փոխադրման մասին մենք տեղեկանում ենք գրավոր ավանդություններից, քանի որ Ավետարաններում գրված չէ: Աշակերտները անչափ սեր ու ակնածանք ունենալով Տիրամոր հանդեպ, լռել են նրա մասին գրելուց; Այսօր էլ կան չար լեզուներ, որոնք սրտի նենգությունից չարախոսում են Աստվածածնի մասին: Իսկ առաջին դարերում հավանաբար վտանգը ավելի մեծ է եղել: Զաքարիան պատժվեց Աստծու հրեշտակի միջոցով, սակայն ուղղափառ ավանդությունն ասում է, որ պատիժ եղել նաև Մարիամ Աստվածածնից ուղարկված՝ իր անունը անարգողին: Դարձյալ նպատակը մարդուն ճշմարիտ հավատքի մերելն է, ո՛չ թե պատժելը:
Մի իրական պատմություն կա, որի մասին տեղեկանում են այն մարդիկ, որոնք ուխտով գնում են Աֆոնի Սուրբ լեռը: Պատմում են, որ Սուրբ Լեռը բարձրացող բոլոր ուխտավորներին ցույց են տալիս մեղավոր մարդու մասունքը: Մենք սովորաբար ընտելացել ենք խոնարհվել սրբերի մասունքների առջև: Իսկ այս սրբավայրում պահպանվում է մեղավոր մարդու աջը՝ մասնատուփի մեջ: Ո՞վ է այս մեղավոր մարդը:
Սրբավայրում՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի տաճարում ծառայել է մի վանական, որը ժամանակի ընթացքում հայտնվելով չարի ազդեցության տակ, իր վարքով և պահվածքով գրավել է մյուս հոգևոր եղբայրների ուշադրությունը, և բազում զգուշացումներից հետո, եղբայրները այդ վանականին զրկել են Սուրբ Հաղորդությունից, իր խստասրտության և անհնազանդության համար: Այս երևույթը շատ է զայրացնում վանականին և նա տաճար մտնելով կանգնում է Տիրամոր պատկերի առջև և բղավում, որ ինքը երկար տարիներ ծառայել ու աղոթել է այդ տաճարում, ինչո՞ւ իրեն զրկեցին Սուրբ Հաղորդությունից: Բարկությամբ լցված, վերցնում է դանակը և հարվածում Աստվածածնի սրբապատկերի դեմքին; Պատկերից արյուն է հոսում և թրջվում է վանականի աջ ձեռքը: Մեղքը գործված է: Վանականը ընկնում է երեսնիվայր և աղաչում Աստվածածնին, որ ների իր մեղքը: Գալիս են նաև մյուս եղբայրները և բոլոր միասին աղոթում են և հայցում են Աստվածածնի ներումը: Երկար է տառապում վանականը՝ հասկանալով չարի դրդումը այդ քայլի վերաբերյալ: Պահք ու ծոմ է պահում վանականը, աղոթք ու շարական է երգում ողբով ու լացով; Հայտնվում է նրան Տիրամայրը և հայտնում, որ ներում է նրան այդ արարքը, սակայն նրա աջ ձեռքը կմնա սևացած՝ ի նշան չարագործության:
Ժամանակ անց մահանում է վանականը և եղբայրները թաղում են նրան ինչպես որ ընդունված կարգն է: Սովորություն կա սուրբ լեռում, որ որոշակի ժամանակ անցնելուց հետո բացում են գերեզմանը՝ տեսնելու համար մարմինների վիճակը, քանի որ սրբերի մարմինները անփուտ են մնում: Երբ բացում են գերեզմանը, ապշում են տեսարանից: Մարմինը փտել է, ինչպես որ շատերինը, միայն աջ ձեռքն է մնացել անփուտ և սևացած; Այս աջը մինչ օրս պահպանվում է մասնատուփի մեջ՝ որպես մեղավոր մարդու ձեռք, և ցուցադրվում է բոլոր ուխտավորներին, ի նշան այն բանի, որ Տիրամայրը կարող է ներել իր հանդեպ եղած բոլոր չարախոսություններն ու զրպարտությունները, սակայն այդպիսի մարդիկ անպատիժ չեն մնա; Դրա համար առաքյալները զգուշացել են Աստվածածնի մասին շատ խոսելուց՝ նման արարքներից զերծ մնալու համար: Սրբության մասին կարելի է խոսել հասկացողի և գնահատողի հետ, քանի որ մարդիկ խստասիրտ են նա՛և այսօր: Մարիամ Աստվածածնի սրբությունն ու բարեխոսությունը մեզնից յուրաքանչյուրի հոգում թող բնակվի՝ ակնածանքով մոտենալու բոլոր մասունքներին, որոնք հիշեցնում են մեր սրբերին:
Սիրելիներ, տեղեկացանք նաև Հովհաննես Մկրտչի ծննդյան խորհրդին, և նրա անվանակոչությունը: Աստծու ողորմությամբ վաղը կսկսենք Տէր Հիսուսի ծնունդն ու հովիվների այցը:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թող աներկյուղ պահի մեր սրտերը ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մեր գործերը փաստեն մեր հավատքի և մեր գիտելիքի առկայությունը: