ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 2: 1: 20
ՅԻՍՈՒՍԻՆ ԾՆՈՒՆԴԸ
1 Այն օրերը Օգոստոս կայսրէն հրաման ելաւ որ բոլոր աշխարհ գրուի։ 2 (Այս առաջին աշխարհագիրը եղաւ Կիւրենոսի Սիւրիոյ վրայ կուսակալութիւն ըրած ատենը)։ 3 Ամէնքը կ՚երթային աշխարհագիրը մտնելու՝ ամէն մէկը իր քաղաքին մէջ։ 4 Յովսէփ ալ Գալիլիայէն, Նազարէթ քաղաքէն, ելաւ դէպի Հրէաստան, Դաւիթին քաղաքը, որ Բեթլեհէմ կը կոչուի, (ինք Դաւիթին տունէն ու ազգատոհմէն ըլլալուն համար), 5 Աշխարհագիրը մտնելու Մարիամին հետ մէկտեղ, որ իր նշանածն էր եւ յղի էր։ 6 Երբ անոնք հոն էին, անոր ծնանելու օրերը լեցուեցան, 7 Իր անդրանիկ որդին ծնաւ ու խանձարուրով փաթթեց եւ զանիկա մսուրին մէջ պառկեցուց, վասն զի իջեւանին մէջ իրենց տեղ չկար։
ՀՈՎԻՒՆԵՐԸ ԵՒ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ
8 Այն տեղը հովիւներ կային դաշտին մէջ կեցած, որոնք իրենց հօտերուն գիշերուան պահպանութիւնը կ՚ընէին։ 9 Ահա Տէրոջը հրեշտակը անոնց վրայ իջաւ ու Տէրոջը փառքը անոնց բոլորտիքը ծագեցաւ ու խիստ շատ վախցան։ 10 Բայց հրեշտակը ըսաւ անոնց. «Մի՛ վախնաք, վասն զի ահա ես ձեզի մեծ ուրախութեան աւետիս մը կու տամ, որ բոլոր ժողովուրդին պիտի ըլլայ։ 11 Վասն զի այսօր Փրկիչ մը ծնաւ Դաւիթին քաղաքին մէջ, որ Օծեալ Տէր է։ 12 Եւ այս ձեզի նշան մը ըլլայ՝ մանուկ մը պիտի գտնէք խանձարուրով փաթթուած ու մսուրի մէջ պառկած»։ 13 Իսկոյն այն հրեշտակին հետ երկնային զօրքերու բազմութիւն մը եղաւ, որոնք Աստուած կ՚օրհնէին ու կ՚ըսէին. 14 «Երկնքի բարձրութեան մէջ Աստուծոյ փառք, երկրի վրայ խաղաղութիւն, մարդոց մէջ հաճութիւն»։ 15 Երբ հրեշտակները անոնցմէ երկինք վերցուեցան, հովիւները իրարու ըսին. «Եկէք մինչեւ Բեթլեհէմ երթանք ու տեսնենք թէ ի՞նչ է այս եղած բանը, որ Տէրը մեզի ցուցուց»։ 16 Գացին արտորալով եւ գտան Մարիամը ու Յովսէփը եւ մսուրին մէջ պառկած մանուկը։ 17 Երբ տեսան, իմացուցին այն խօսքերը որ այս մանուկին համար իրենց ըսուեցաւ։ 18 Ամէնքը որ կը լսէին, կը զարմանային այն բաներուն վրայ, որոնք հովիւները իրենց կ՚ըսէին։ 19 Բայց Մարիամ այս ամէն բաները կը պահէր ու իր սրտին մէջ կը մտածէր։ 20 Հովիւները դարձան, փառաւորեցին ու օրհնեցին Աստուած այն ամէն բաներուն համար, որոնք լսեցին ու տեսան, ինչպէս իրենց ըսուած էր։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ, այսօր կսկսենք Ղուկասի ավետարանի երկրորդ գլուխը, որը սկսվում է Հիսուս Քրիստոսի ծնունդով: Աստվածաշնչի մեկնաբաններն ասում են, որ ավետարանիչը չլինելով Հիսուս աշակերտներից, հիանալի ձևով վերլուծություն է կատարել դեպքերի հաջորդականության մեջ: Եթե չորս ավետարանիչներին և Պողոս առաքյալին պատկերացնենք ծաղիկների տեսքով, ապա նրանցից յուրաքանչյուրը իր առանձնահատուկ գեղեցկությունն ու յուրահատուկ բուրմունքը կունենար բոլոր մարդկանց համար՝ իրենց սրտամոտ գրառումներով:
Ծնվեց Հովհաննես Մկրտիչը և նույնիսկ նրա ծնողների ամլությունը չխանգարեց, որ Աստծու փրկության ծրագրի սկիզբը դրվի: Տիրոջ ձեռքը Հովհաննեսի հետ էր մինչ որ նա դուրս գար քարոզության:
Թողնենք Հովհաննես Մկրտչին մի որոշ ժամանակ և տեսնենք, թե ինչպե՞ս եղավ մեր Փրկչի ծնունդը:
Մեր փրկչի ծննդյան օրերը համընկել են Օգոստոս կայսեր կառավարման տարիներին, որը իշխանության գլուխ էր նույնիսկ Հիսուս Քրիստոսի աշխարհ գալուց առաջ: Այս Կայսրը սովորույթուն ուներ մարդահամար կատարելու, որպեսզի տարածաշրջանի մարդկանց թիվը համեմատեր իր ստացած հարկերի եկամտին: Անշուշտ մարդկանց ապահովության համար չեն եղել մարդահամարները երբեք: Յուրաքանչյուրը՝ ուր որ լիներ, պետք է գնար և իր քաղաքում հաշվառվեր մարդահամարի օրերին; Հովսեփն էլ Նազարեթից դուրս եկավ և գնաց Բեթղեհեմ, որը նաև Դավթի քաղաքն էր, որպեսզի արձանագրվի Մարիամի հետ:
Մենք արդեն գիտենք, որ Հովսեփը նշանված էր Մարիամի հետ, Մարիամը հղի էր, և առաջին գլխում մանրամասն խոսեցինք դրա պատճառների մասին; Երբ հասան Բեթղեհեմ, Մարիամի ծննդաբերության օրերը լրացան, և Մարիամը ծնեց իր Անդրանիկ որդուն: Փաթաթեց խանձարուրով, դրեց մսուրի մեջ, քանի որ մարդահամարի պատճառով քաղաքը մարդաշատ էր, նրանց համար հարմար տեղ չգտնվեց: Բայց ո՛չ այն մսուրների, որտեղ մեր երեխաներն են գնում և հարմարավետ պայմաններում մեծանում, այլ՝ կենդանիներին կերակրելու համար նախատեսված մսուրը: Ուշադրություն դարձրեք, որ Տէր Հիսուսի ծնունդն էլ մարդաշատ Բեթղեհեմ քաղաքում եղավ, խաչելությունն էլ մարդաշատ Երուսաղեմում եղավ: Ծնունդը եղավ մարդահամարի ժամանակ, իսկ մահը՝ զատկական մեծ տոնի ժամանակ:
Մեր պատկերացմամբ տրամաբանական չէր, որ Հովսեփը Մարիամին այդ ծանր վիճակում այդ օրերին տաներ հասցներ մեկ ուրիշ քաղաք՝ մարդահամարի պատճառով, սակայն պետք է մարգարեությունը իրականանար Քրիստոսի ծնունդով, թե Դավթի քաղաք՝ Բեթղեհեմում պիտի ծնվի Մեսիան: Ավետարանիչն ասում է,- Մարիամը ծնեց իր Անդրանիկ որդուն: Անդրանիկ է ասում ո՛չ թե նրա համար, որ Մարիամը հետագայում այլ զանակներ է ունեցել, ո՛չ, այլ առաջնեկին անդրանիկ են անվանում: Ինչո՞ւ է Ղուկաս ավետարանիչը այսքան թռուցիկ նկարագրում Փրկչի ծնունդը, կարծես մի աննշան իրադարձություն, որը իրականում աշխարհի պատմության առանցքն է: Նաև նշում է որ դրվեց աննշան մի մսուրում: Ղուկասի նպատակը ծննդյան վայրն ու ժամանակը ներկայացնելը չէ, այլ՝ ծնվածի նպատակը՝ աշխարհի պատմության համար: Մեծ առումով իսկապես կարևոր չէ թե որտե՛ղ ծնվեց, երբ իմանանք թե ինչի՛ համար ծնվեց: Հատկապես որ աշխարհում ո՛չ ոք հստակ թվով չի նշում Քրիստոսի ծնունդը, այլ՝ Նրա աշխարհ գալու փաստը:
Ղուկասը պատմում է նաև, որ մոտակայքում բացօթյա բնակվող հովիվներ կային, որոնք գիշերային պահակություն էին անում իրենց հոտերին: Իսկ սա նշանակում է, որ ժամանակը ձմեռ չէր, քանի որ հոտը դրսում էր և հովիվները բացօթյա բնակվողներ էին, հավանաբար կամ գարուն էր կամ ամառ: Այս հովիվները անկախ իրենց կամքից վկաներ եղան աշխարհի փրկչի ծնունդին: Տիրոջ հրեշտակը այստեղ էլ երևաց հովիվներին, և նրանք այդ փառքի լույսից վախեցան: Տիրոջ Հրեշտակը իրեն հատուկ հորդորով ասաց, մի՛ վախեցեք, որովհետև ձեզ բարի լուր եմ հայտնում, և այդ ուրախությունը ողջ ժողովրդինը կլինի, որովհետև այսօր Դավթի քաղաքում ծնվեց Փրկիչը, որը օծյալ Տերն է: Որպես նշան մանկանը կգտնեք մսուրի մեջ՝ խանձարուրով փաթաթված: Հովիվները նկատեցին, որ հրեշտակի հետ միասին երկնային մեծ զորք է փառաբանում Տիրոջ ծնունդը, ասելով,- Փառք Աստծուն բարձունքներում, և երկրի վրա խաղաղություն և մարդկանց մեջ՝ հաճություն: Երբ այդ տեսարանը նրանց աչքից հեռացավ, հովիվները որոշեցին գնալ և տեսնել թե ի՛նչ բան էր այս եղածը, որ Տէրը մեզ ցույց տվեց; Այստեղ մեր մարդկային միտքը ծնում է բազում հարցեր:
Մի՞թե Բեթղեհեմում, որ հացի տուն է կոչվում, մի երևելի հեղինակավոր գրագետ մարդ չկար, որ հրեշտակը առաջինը հովիվներին հայտնեց այդ ուրախությունը, որ ո՛չ տուն ունեին, ո՛չ էլ գիտելիք ունեին Մեսիայի մասին: Կամ մի՞թե ողջ մարդկությունը վաստակել էր այդ ուրախությանը արժանանալու իրավունքը, որ ողջ ժողովրդին պիտի պատկաներ: Միայն Աստված գիտե, թե այդ ի՛նչ գեղեցիկ փառաբանություն է լսվել երկնային զորքի կողմից, որը մարդկային տկար լեզուն չի կարող նկարագրել բառերով: Կամ հասկացա՞ն արդյոք հովիվները, թե ի՛նչ փոխանցեցին իրենց հրեշտակները: Դժվար է պատկերացնել, որովհետև Շռայլ Աստված մինչև օրս մարդկությանը տալիս է իր մեծ ողորմությունը ո՛չ թե մարդու արդարության և արժանիքների համար, այլ՝ Իր աստվածային սիրուց և լիությունից է տալիս, ինչպես որ արեգակը չի կարող չտալ լույսն ու ջերմությունը: Ավետարանչի նկարագրությունից հասկանում ենք, որ Հիսուս աշխարհ եկավ հատուկ մի ժամանակահատվածում, որոշակի ազգի մեջ, որոշակի կայսրի իշխանության օրոք, որոշակի նպատակով և որոշակի մարդկանց մոտ: Կայսրերի անունները հիշատակվել են որպես պատմական փաստեր, որպեսզի հասկանալի լինի, որ Փրկիչը ծնվել է մեր դարաշրջանի սկզբին: Առաջին դարի մարդկանց մեջ հայտնի էր մի մնայուն գաղափար, ըստ որի, եթե երկիրը ղեկավարում է բարեպաշտ մի թագավոր, ուրեմն ժողովուրդը Աստծուց օրհնություն է ստացել իր աստվածահաճո կյանքի համար: Իսկ եթե մի չար ու դաժան թագավոր է իշխել երկրի վրա, ուրեմն ժողովուրդը վաստակել է հալածվելու պատիժը: Հետագայում մենք տեսանք Պիղատոսի, Հերովդեսի և քահահայապետների համագործությունը և ժողովրդի հալածանքը:
Հիսուս աշխարհ եկավ երբ որ դրա կարիքը ծայրահեղ անհրաժեշտ դարձավ:
Վեր կացան հովիվներ, գնացին մոտակա Բեթղեհեմ քաղաքը և գտան Հովսեփին ու Մարիամին, տեսան մսուրի մեջ դրած մանկանը: Ճանաչեցին, քանի որ հրեշտակը հստակ նկարագրել էր: Ինչպե՞ս գտան մանկանը ժողովրդի հսկա բազմության մեջ, քանի որ բոլորն էի եկել մասնակցելու մարդահամարին;
Նախ հովիվները տեղանքին լավ ծանոթ էին, երկրորդն էլ ոչ ոք իր նորածին մանկանը մսուրի մեջ չէր դնի, քանի որ ըստ հրեշտակի նկարագրության դա այն վայրն էր, որտեղ ձմեռը իրենց հոտերին էին պահում; Հատուկ նշվեց մսուրը, որպեսզի իջևանատներում չփնտրեն մանկանը: Իջևանատներում տեղ չգտնվեց նրանց համար ժողովրդի բազմության պատճառով: Կամ էլ նորածին մանուկը հրեաների կողմից չընդունվեց այնպես, ինչպես որ չընդունվեց մեծ տարիքում քահանայապետների և օրենքի ուսուցիչների կողմից: Հովիվները տեսան իրենց աչքով, տարածեցին այդ լուրը ամենուր, և ամենքը զարմանում էին լսելով: Ղուկաս ավետարանիչը ոչինչ չի գրում մոգերի մասին, որոնք նույնպես գնացին Հիսուս մանկանը երկրպագելու, այլ նշում է միայն հովիվների մասին, որոնք ուրախացան և գնացին գտան մանկանը՝ Մարիամի և Հովսեփի հետ:
Շատ չէր անցել այն ժամանակից, երբ հրեշտակը խոսել էր Մարիամի հետ և Մարիամը բնականաբար իր սրտում շատ խորախորհուրդ մտքեր ուներ և անհամբերությամբ էր սպասում մանկան ծնունդին: Ծնունդից հետո պատահած ամեն մի դրվագ և ամեն մի խոսք արձանագրվում էր Մարիամի սրտում: Մարիամը իր սրտում պահում էր Գաբրիել հրեշտակի պատգամը, որ իր որդին Աստված է, և նրա թագավորություն այլևս վախճան չի ունենալու: Հովիվները վերադարձան իրենց հոտերի մոտ և փառավորում էին Աստծուն՝ իրենց տեսած բաների համար: Ահա թե ինչու Աստված Իր Միածին Որդու աշխարհ գալու ավետիսը տվեց միամիտ և ազնիվ հովիվներին, որպեսզի փառաբանեն Աստծուն և տարածեն բարի լուրը ուրախությամբ; Քանի որ հրեշտակի բերած լուրը ո՛չ միայն հրեա ազգի այլ նաև ողջ մարդկության համար պետք է լիներ ուրախություն: Քանի որ կրոնամոլ եսասեր առաջնորդները կարծում էին թե միայն իրենց է վերապահված Աստծու խոսքի գիտությունը, որը թաքցնում էին մարդկանցից և իրենք էլ չէին պահում: Աստծու հրեշտակը հայտնվեց հովիվներին, Աստղերը մոգերին ցույց տվեցին ճանապարհը, Աստծու Որդին ձկնորսներից ընտրեց աշակերտներ: Սա նշանակում է, որ համակարգը փտած էր, և Փրկչի կարիք կար մարդկության համար:
Ազգային եսասիրությունն ու կրոնական հպարտությունն էր որ հրեաներին գցեց հպարտության մեղքի մեջ՝ որպես Աստծուց ընտրված ազգ, և սրա հեղինակները փարիսեցիներն ու քահանայապետներին էին, որոնք փակված իրենց մեջ՝ ժողովրդին էլ պահեցին խավարի մեջ: Դրա համար պետք է հեռու մնալ ազգային եսասիրությունից և կրոնական հպարտությունից, որպեսզի ժողովուրդը իմանա ճշմարտությունը: Աստված ի սկզբանե հովիվներ է ընտրել ժողովրդի առաջնորդության համար, Մովսեսը, Դավիթը, Հակոբը և այլն: Այս մարդիկ կարողացել են հանդուրժել կենդանիների անհնազանդությունը և իրենք են խոնարհաբար համբերել, հետևաբար դարձել են ժողովրդի առաջնորդներ: Իսկ հպարտ եսասերը չի կարող ժողովրդի առաջնորդ լինել: Հոգևորականները պետք է լինեն այնտեղ, որտեղ ժողովուրդը արդարություն և ճշմարտություն են պահանջում: Բայց նախ ժողովրդին պետք է սովորեցնել արդարությունն ու ճշմարտությունը ճանաչել, հետո կանգնել ժողովրդի կողքը: Հոգևորականի պարտքն է հավատացյալ հոտին սովորեցնել անձամբ պատասխան տալու Աստծու առջև, առանց որևէ մեկին մեղադրելու: Ինչպես որ Քրիստոսի ժամանակ հոգևոր առաջնորդները աղ և լույս չեն եղել ժողովրդի համար, այնպես էլ հիմա աղ և լույս չեն այսօրվա մարդու համար: Այսօր լսում ենք լրատվամիջոցներով, որ մարդկանց վիրավորում են ամենատարբեր բառերով, որոնք մատնանշում են ժողովրդի հոգևոր տգիտությունը: Իսկ ինչո՞ւ է ժողովուրդը տգետ: Ո՞ւր է ուսուցիչը, որ պետք է կրթեր: Ո՞ւր վարդապետը, որ պետք է կրթեր: Հատուկ ծրագրով ժողովրդի կրթական և հոգևոր մակարդակը իջեցրին տարրական դասարանի, որպեսզի կարողանան ազդել մարդկանց վրա:
Հիշո՞ւմ եք քահանայապետը Պիղատոսի արքունի պալատի բակում ժողովրդին խաժամուժ ամբոխ անվանեց, որին պարտավոր էր կրթել և զարգացնել: Եկեղեցին նա է, որը կարողացել է հաղթել իրեն, ազատվելով մեղքերից և պարզ ճակատով պաշտպանում է իր հոգևոր արժեքները, իր հայրենիքը և իր ժողովրդին՝ ապավինելով ո՛չ թե սեփական հեղինակությանը, այլ՝ Աստծու Միածին Որդուն, որին խաչեցին քահանայապետները: Եկեղեցու ծանուցումները և ցուցումները պետք է լինեն բացառապես Աստծուց և Աստվածաշնչից՝ ժողովրդին ուղղորդելու համար: Մեր ամեն քայլը կրթություն է, սկսած մեզ ճանաչելուց՝ մինչև ուտել, խմել, հագնել, և ամեն մանրուք: Հավատացեք, որ ժողովրդին առաջնորդ է պետք, այլապես Աստված չէր ընտրի առաջնորդներ ժողովրդին ուղղորդելու համար: Եթե մենք կարդում ենք Սուրբ Գիրքը և չենք բերում մեր կյանքի մեջ, ուրեմն աննպատակ է կարդալը: Նույնպես և կյանքը, եթե չի անցնում Սուրբգրային ճշմարտության միջով, սխալ ուղղությամբ է ընթանում: Մենք այսօր ծանոթացանք մեր Փրկչի ծննդյան մանրամասներին, որպեսզի սովորենք մեզ տված ասելիքը: Հիսուս Քրիստոս՝ մեր Առաջնորդ Փրկիչը մեծ նպատակով է աշխարհ եկել, մենք պետք է հետևենք Իր խոսքին՝ իր կարգած մարդկանց միջոցով: Ճանաչեք ձեր իրավունքները և պահանջեք դրանք պատկան մարդկանցից: Կարդացեք Ավետարանը և պահանջեք, որ բացատրեն ձեզ: Ավարտենք այսօր մեր սերտողությունը, սովորենք սերտածը, սպասենք վաղվան;
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թող աներկյուղ պահի մեր սրտերը ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մեր գործերը փաստեն մեր հավատքի և մեր գիտելիքի առկայությունը: