ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 1: 39-56
ՄԱՐԻԱՄ ԵՂԻՍԱԲԷԹԻՆ Կ՚ԱՅՑԵԼԷ
39 Այն օրերը ելաւ Մարիամ ու արտորալով լեռնակողմը Յուդայի մէկ քաղաքը գնաց։ 40 Մտաւ Զաքարիային տունը ու Եղիսաբէթին բարեւ տուաւ։ 41 Երբ Եղիսաբէթ Մարիամին բարեւը լսեց, մանուկը անոր որովայնին մէջ խաղաց ու Եղիսաբէթ Սուրբ Հոգիով լեցուեցաւ, 42 Եւ բարձր ձայնով մը կանչեց ու ըսաւ. «Օրհնեալ ես դուն կիներուն մէջ եւ օրհնեալ է քու որովայնիդ պտուղը։ 43 Այս ինծի ինչպէ՞ս եղաւ, որ իմ Տէրոջս մայրը ինծի եկաւ։ 44 Վասն զի ահա երբ քու բարեւիդ ձայնը ականջիս հասաւ, մանուկը որովայնիս մէջ խաղաց ուրախութենէն։ 45 Երանի՜ անոր որ հաւատացեր է, քանզի պիտի կատարուին այն բաները, որոնք Տէրոջմէն ըսուեցան իրեն»։
ՄԱՐԻԱՄԻՆ ՓԱՌԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԵՐԳԸ
46 Մարիամ ըսաւ. «Իմ անձս կը մեծցնէ Տէրը։ 47 Եւ իմ հոգիս ուրախացաւ իմ Փրկիչ Աստուծմովս։ 48 Վասն զի իր աղախինին խոնարհութեանը նայեցաւ. քանզի ահա ասկէ ետք բոլոր ազգերը ինծի երանութիւն պիտի տան։ 49 Վասն զի Հզօրը ինծի մեծամեծ բաներ ըրաւ ու անոր անունը սուրբ է։ 50 Եւ անոր ողորմութիւնը իրմէ վախցողներուն վրայ է ազգէ ազգ։ 51 Իր բազուկովը զօրութիւն ցուցուց, ցիրուցան ըրաւ ամբարտաւանները իրենց սրտին խորհուրդովը։ 52 Զօրաւորները իրենց աթոռներէն իջեցուց ու խոնարհները բարձրացուց։ 53 Անօթիները բարիքներով լեցուց եւ հարուստները պարապ ճամբեց։ 54Օգնութիւն ըրաւ իր Իսրայէլ ծառային՝ իր ողորմութիւնը միտքը բերելով, 55 Ինչպէս ինք խօսեցաւ մեր հայրերուն, Աբրահամին ու անոր սերունդին յաւիտեան»։
56 Մարիամ անոր քով երեք ամիսի չափ կեցաւ ու իր տունը դարձաւ։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Նախորդ երկու սերտողությունների մեջ տեղեկացանք Հովհաննես Մկրտչի և Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսների մասին՝ Գաբրիել հրեշտակի կողմից: Ծերացած Եղիսաբեթն ու դեռատի Մարիամը պետք է մայր դառնան, որպեսզի լույս աշխարհ բերեն աշխարհի Փրկչին և Նրա ճանապարհը պատրաստողին: Զաքարիային ավետիս տալու ժամանակ Գաբրիել հրեշտակը հայտնեց Զաքարիային, որ Հովհաննեսը իր մոր որովայնից Սուրբ Հոգով կլցվի: Իսկ Մարիամին ասաց, Սուրբ Հոգին կգա քեզ վրա, քանզի նա՛ ով ծնվելու է քեզնից Սուրբ է և Աստծու Որդի կկոչվի: Երկուսն էլ ստացել են բարի ավետիսը, և քանի որ Մարիամը երիտասարդ է, ինքն է այցելում իր ազգական՝ Եղիսաբեթին՝ իր ուրախությունը կիսելու և նրա ուրախությամբ ուրախանալու: Ավետարանիչն ասում է, երբ Մարիամը Զաքարիայի տուն մտավ և Եղիսաբեթին ողջույն տվեց: Հիշենք, որ Մարիամը Զաքարիա քահանայի տուն էր մտել, և երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, մանուկը խաղաց որովայնում և Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով: Գաբրիել հրեշտակը հայտնել էր, որ դեռ մոր որովայնում Հովհաննեսը կլցվի Սուրբ Հոգով: Նա Սուրբ հոգով լցվեց, երբ իր առջև կանգնեց իր Տիրոջ մայրը: Շատ ուշագրավ է Եղիսաբեթի խոսքերը, որն ասում է Մարիամին:
Երբ սուրբ Հոգին այցելում է արդարին, նա արդեն իր գիտությամբ չ՛է, որ խոսում է, այլ՝ Սուրբ Հոգու: Գաբրիել հրեշտակը Մարիամին հայտնել էր Եղիսաբեթի հղության մասին, սակայն Եղիսաբեթին չէր հայտնել Մարիամի հղության մասին: Հետևաբար Եղիսաբեթը անտեղյակ էր Մարիամի հղությունից, և Սուրբ հոգին էր խոսում նրա բերանով: Ի՛նչ հրաշալի բառերով պատասխանեց Մարիամի ողջույնին, ասելով,- Օրհնեա՛լ ես դու կանանց մեջ և օրհնեալ է քո որովայնի պտուղը: Որտեղի՞ց ինձ այս բախտը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ գա, քանի որ քո ձայնը լսելիս՝ մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում: Նաև ավելացնում է, որ երանի՛ նրան, որ կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասածները կկատարվեն: Տեսե՛ք, սիրելիներ մեկ նախադասության մեջ Եղիսաբեթը քանի բան դավանեց: Նախ որ Մարիամը արդեն օրհնեալ էր կանանց մեջ, երկրորդը՝ որ Մարիամը արդեն հղի է, որ նրա որովայնի պտուղը իր Տէրն է, նաև հայտնեց, որ ինքն էլ հղի: Սուրբ Հոգով լցված մարդկանց մաղթանքն էլ է աստվածային; Իսկ ինչո՞ւ Եղիսաբեթը երանի տվեց նրան, որ կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասածները կկատարվեն; Քանի որ Զաքարիան երկմտեց հրեշտակի խոսքից, և հարցրեց, թե ինչպե՞ս կիմանամ, գուցե Եղիսաբեթը ի՞նքն էլ իր մտքում կասկածել էր իր տարիքի պատճառով: Սակայն սա շատ կարևոր միտք է որ արտահայտում է Եղիսաբեթը: Եթե մենք էլ ամբողջությամբ հավատայինք մեզ ուղղված Տիրոջ խոսքերը, հիմա կապրեինք էինք դրախտային Հայաստանում, որ թե մասնատված՝ ինչպես տարածքով, այնպես էլ սրտով ու ֆիզիկապես: Ավետարանի կարևոր պատգամներից են սրանք՝ լսել ուշադրությամբ Աստծու խոսքը, և սրտում հավատալ, որ դրանք կկատարվեն անպայման:
Մարիամը որպես պատասխան Եղիսաբեթին մի գեղեցիկ օրհներգություն ասաց, որը կարդացի ձեզ համար քիչ առաջ, բացի դրանից դուք դա լսում եք ամեն օր ժամերգություններին և նաև կիրակի օրը՝ Պատարագի ժամանակ: Մարիամի և Եղիսաբեթի այս գեղեցիկ երկխոսությունը նաև մարգարեություն է, քանի որ Մարիամի օրհներգության բառերը լիովին համապատասխանում են Քրիստոսի հետագա կյանքի ապրած օրերին կատարած բոլոր գործերին: Քրիստոսի հայացքը միշտ և հատկապես խոնարհների վրա է եղել Իր ողջ ծառայության ընթացքում և նաև այժմ: Բոլոր ազգերի մեջ ճանաչվեց Մարիամի անունը և ավելանում է նրան երանի տվողների թիվը: Մարիամը լցված էր Սուրբ հոգով և խոսում էր ցնծությամբ՝ Եղիսաբեթի հետ, իր տարիքին ո՛չ համապատասխան մարգարեություններ անելով: Մարիամը փառաբանում է Աստծուն, որ իր կյանքում մեծամեծ գործեր արեց: Այսինքն ինչ որ Մարիամը այդ պահին խոսում էր, ամբողջ մարգարեություններ էին, որոնք հետագայում իրագործվեցին: Մենք երեկ անդրադարձանք հայրերի այն մեկնությանը, որ Մարիամի նշանադրությունը Աստծու նախախնամությամբ հատուկ նպատակ ուներ պահպանելու Մարիամի կուսությունը, քանի որ Մարիամի նշանվելու փաստը շեղեց սատանայի ուշադրությունը Մարիամի վրայից, իսկ Մարիամը պահպանվեց Հովսեփի կողմից՝ Աստծու որդուն աշխարհ բերելու համար, այնքան ժամանակ մինչև որ վտանգը հեռանար Մարիամից: Նազարեթցի այդ աղջնակը իր խոնարհությամբ արժանացել էր Աստծու շնորհների պարգևներին: Աստված Իր ներկայությունը բոլոր ժամանակների համար ապահովել է մարդկության համար, մարդիկ են կույր մտքով ու աչքով: Աստված իր ներկայությունը ժողովրդի համար հաստատեց նախ՝ Ուխտի Տապանակի միջոցով, ապա Երուսաղեմի Տաճարի, իսկ այժմ Իր Որդուն աշխարհ է ուղարկում Անարատ և մաքրամաքուր մի անոթի միջոցով:
Սիրելիներ, մեր եկեղեցին ընդունում է Մարիամ Աստվածածնին՝ կույս՝ մինչ հղությունը, և դարձյալ կույս՝ Քրիստոսի ծնունդից հետո: Բազմաթիվ են այն հարցերը, թե արդյո՞ք Քրիստոսի ծննդյամբ չխախտվե՞ց Մարիամի կուսությունը: Այստեղ Եկեղեցին հիմնվում է ավետարանական այն փաստի վրա, որ Տէր Հիսուս ներս մտավ փակ դռների միջով: հետևաբար չէր կարող վնասել Մարիամի կուսության փաստը: Երկնային թագուհին է մեր սիրելի Մարիամ Աստվածածինը, որը իրավունք ստացավ Սուրբ երրորդության երկրորդ անձին Որդի անվանել: Այդպես անվանում է Քրիստոսին՝ նաև Իր Երկնավոր հայրը: Շուրջ երեք ամիս Մարիամը մնաց իր ազգականի մոտ, և վերադարձավ իր տունը: Սիրելիներ, այստեղ մի պահ անդրադառնանք այն մտքի վրա, որ Մարիամը երեք ամիս հյուր մնաց Եղիսաբեթի տանը: Ժամանակակից մարդկանց տուն հյուր գնալիս, եթե մի փոքր ժամանակն անցնում է, արդեն կարող են զգուշացնել, կամ հասկացնել, որ ժամանակն է հանգստանալու և այլն; Այսօր երեք ամիս հյուր պահելը կարող է ստացվել միայն այն քրիստոնյաների մոտ, որոնք Աստծու սիրով են սիրում մարդկանց: Սակայն Մարիամի և Եղիսաբեթի հանդիպումը երեք ամսով բխում էր աստվածային սիրուց: Նրանց հաճելի էր ոչ միայն միմյանց ներկայությունը, այլ նաև հաճելի էր նրանց որովայնի պտուղների համար:
Ավետարանական կերպարներից կարելի է անվերջ սովորել ու հոգևոր առաջընթաց ունենալ:
Եթե հերթով անդրադառնանք բոլոր այն մարդկանց կյանքին՝, որոնց որ հրեշտակներ են այցելել իրենց կյանքի ընթացքում, ապա կտեսնենք, որ այդ մարդիկ ապրել են իրենց բնական վիճակի մեջ, ինչպես որ Աստված ստեղծել է իրենց՝ ինչ որ նպատակի համար: Նաև տեսնում ենք, որ նույնիսկ տարիքը նշանակություն չունի՝ Աստծուց ծառայության կանչվելու համար: Մարիամը տարիքով փոքր էր, հրեշտակը այցելեց նրան, իսկ իր նշանած Հովսեփը տարեց էր, հրեշտակը դարձյալ այցելեց նրան; Զաքարիան ծեր էր տարիքով, երբ տաճարում Տիրոջ հրեշտակը այցելեց նրան, իսկ Սամուելը երեխա էր, դարձյալ տաճարում Տիրոջ հրեշտակը ձայն տվեց նրան; Դավիթը տակավին մանուկ էր, և իր հոր ոչխարներն էր արածեցնում, սակայն Աստված նրան կանչեց ծառայության, և նույնիսկ նրա ձեռքի պարսատիկը օգտագործեց, նրան մեծացնելու և ճանաչված դարձնելու համար: Փոքրը մեծանում է Սուրբ Հոգու շնորհիվ և օգտակար է լինում մարդկանց, ինչպես որ առակի մեջ եղած մանանեխի հատիկը մեծանում է օգտակար է դառնում: Այսպիսի բնական վիճակով ապրող մարդկանց այցելում է Տիրոջ հրեշտակը և անունով է դիմում նրանց: Զաքարիային ու Եղիսաբեթին անունով դիմեց հրեշտակը: Մարիամին անունով դիմեց, ասելով,- Մի վախեցիր Մարիամ: Հրեշտակի այցելության մեկ ուրիշ օրինակ էլ ունենք, երբ հրեշտակը Տիրոջ գերեզմանի մոտ երևաց Մարիամ Մագդաղենացուն այն ժամանակ, երբ ինքը արդեն դարձել էր իր բնական վիճակին՝ իր մեղավոր կյանքից, և հետևում էր Քրիստոսին մյուս կանանց հետ: Եղիսաբեթը սկզբնական շրջանում ամաչում էր իր հղությունից, և Ավետարանն ասում էր հինգ ամիս թաքուն էր պահում իր հղությունը, սակայն երբ Մարիամը այցելեց նրան, նայ այլևս չթաքցրեց իր հղի վիճակը և հայտնեց Մարիամին՝ իր ուրախությունը; Շատ գեղեցիկ հանդիպում է տեղի ունենում Մարիամի և Եղիսաբեթի միջև: Երևութապես հանդիպում են ազգականները՝ կիսելու իրենց ուրախությունը, իսկ աներևութապես հանդիպում են նրանց որովայնի պտուղները, որոնց գործունեությամբ է սկսվում Նոր ուխտը: Հովհաննեսը պատրաստում է աշխարհի փրկչի՝ Հիսուս Քրիստոսի ճանապարհը՝ Նրա առջև: Աստծու նախախնամությունը կանխավ տեսնելը դարձյալ Սուրբ Հոգու շնորհ է; Մարիամը քաջ իմանալով ժամանակի խիստ բարքերը՝ կապված հղության հետ, համարձակվեց համաձայնություն տալ Աստծու հրեշտակին, նույնիսկ չմտածելով, թե ինչպես կբացատրի Հովսեփին՝ հրեշտակի այցելության մասին: Սակայն Աստված ամեն բան նախախնամում է ժամանակին:
Իրական և բնական վիճակը շատ կարևոր նախապայմաններ են հոգևոր կյանքի մեջ: Քանի որ Աստված մեզ որոշակի նպատակի համար է ստեղծել, մենք պետք է հստակ իմանանք, որ մեր կյանքում երկու գաղտնիք կա: Մեր ծնունդը՝ որը մեր կամքով չէ, և մեր մահը, որը դարձյալ մեր կամքով չէ: Սրանց միջև ընկած ժամանակահատվածը, որ մենք կյանք ենք անվանում, այդ կյանքը պետք է ծառայի այն բանին, որ մենք սովորենք այդ երկու գաղտնիքների նպատակը: Մեզ փոքրուց չեն սովորեցրել շատ կարևոր բաներ մեր մասին: Մեր հոգու մասին մեզ ո՛չ ոք ոչինչ չի ասել, մեզ ներկայացրել են միայն այս կյանքը, որպեսզի մարդը հնարավորինս կարողանա օգտվել այս ժամանակավոր կյանքի բարիքներից: Երբ մարդն իմանա, որ մահը ավարտն է այս կյանքի, ամեն մեղք կգործի՝ բավարարելու իր մարմնի հաճույքները:
Մեզնից թաքցրել են հավիտենականության գաղափարը, ո՛չ թե մեր շահերից ելնելով, այլ իրենց նենգավոր նպատակները իրագործելու պատճառով: Իրենց բիզնեսի և արտադրության սպառողը մարդն է, Օրինակ ինչպես են հարստանում, մարդու միջոցով՝ իրականացնելով ալկոհոլը, թմրանյութը, ծխախոտը և նաև դեղերը, որը մարդիկ սպառում են դրանցից առաջացած հիվանդությունները բուժելու համար:
Ինչու Աստված հատկապես սիրտը ընտրեց՝ մաքուր խորհուրդների համար, որովհետև սիրտը վերջինն է մահանում մեր մարմնի մեջ: Տարբեր հիվանդությունների տեր մարդիկ դեռ կարող են զղջալ ու ապաշխարել, քանի դեռ սիրտը աշխատում է: Երբ սիրտը կանգնեց, վերջ, ամեն ինչ իր ավարտին է հասնում և մարդը մեռնում է մեղքի մեջ: Երկար տարիներ անաստված մարդիկ մեզնից թաքցրել են Աստծուն, որպեսզի մենք անտեղյակ լինենք մեր հավիտենականության մասին, և մնանք որպես միայն սպառող՝ այս կյանքի: Սիրելիներ, մենք Աստծուն փառաբանելու համար եթե ուրիշ ո՛չ մի առիթ չունենայինք, ապա այս մեկը բավական է, որ մենք այսօր հնարավորություն ունենք ազատ վերցնել և կարդալ Աստվածաշունչը, լսել նրա մեկնությունը, սովորել նրա լույս խոսքերը, փոխանցել նրանց, որոնք դեռ չգիտեն: Շատ հաճելի է նաև Ղուկասի Ավետարանի շարադրության հերթականությունը: Մենք դեռ առաջին գլխի գեղեցիկ պատմությունների մեջ ենք մտքով և սրտով; Այստեղ ավարտենք մեր սերտողությունը՝ ակնկալելով Տիրոջ ողորմությունը, վաղը հանդիպելու ակնկալիքով:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թող աներկյուղ պահի մեր սրտերը ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մեր գործերը փաստեն մեր գիտելիքի առկայությունը: