ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի.10: 46- 52
ՅԻՍՈՒՍ ԿՈՅՐ ԲԱՐՏԻՄԷՈՍԸ ԿԸ ԲԺՇԿԷ
46 Եկան Երիքով։ Երբ Երիքովէն կ՚ելլէր աշակերտներովը եւ շատ բազմութիւնով, Տիմէոսի որդին կոյր Բարտիմէոս ճամբուն քով նստեր էր մուրալու։ 47 Երբ լսեց թէ Յիսուս Նազովրեցին է, սկսաւ աղաղակել ու ըսել. «Յիսո՛ւս, որդի՛ Դաւթի, ողորմէ՛ ինծի»։ 48 Շատեր կը յանդիմանէին զանիկա, որպէս զի լռէ։ Բայց անիկա ա՛լ աւելի կ՚աղաղակէր. «Որդի՛ Դաւիթի, ողորմէ ինծի»։ 49 Յիսուս կանգ առնելով՝ ըսաւ որ զանիկա կանչեն։ Կանչեցին կոյրը ու ըսին անոր. «Քա՛ջ եղիր, ելի՛ր, քեզ կը կանչէ»։ 50 Անիկա իր հանդերձը ձգելով, ելաւ ու եկաւ Յիսուսին։ 51 Եւ Յիսուս ըսաւ անոր. «Ի՞նչ կ՚ուզես որ քեզի ընեմ» Կոյրը ըսաւ. «Ռաբբունի, կ՚ուզեմ որ աչքերս բացուին»։ 52 Եւ Յիսուս ըսաւ անոր. «Գնա՛. քու հաւատքդ քեզ բժշկեց»։ Եւ շուտ մը անոր աչքերը բացուեցան ու ճամբան Յիսուսին ետեւէն կ՚երթար։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս սիրելի ունկնդիրներ. շարունակենք մեր երեկվա կիսատ թողած թեման, երբ Տէր Հիսուս աշակերտների հայտնում է գալիք չարչարանքների և խաչելության մասին, իսկ աշակերտներից երկուսը Իրենից տեղեր են խնդրում Աստծու արքայության մեջ՝ Քրիստոսի աջ և ձախ կողմերում: Ինչքան էլ որ այս երևույթը ականջի համար հաճելի չլինի լսել, միևնույն է այն մնում է մարդուն բնորոշ մի եսակենտրոն վարքագիծ՝ բոլոր մարդկանց մոտ: Առաջինը լինելու բաղձանքը չի լքել մարդուն երբեք, որքան էլ որ Ավետարանը բացատրություն տալիս է դրա վնասակար հետևանքների մասին:
Տէր Հիսուս ճամփորդում է Երուսաղեմ, և սա Իր վերջին այցն է այնտեղ: Ճանապարհը անցնում է Երիքովի միջով, իսկ Երիքովը շատ մոտ է Երուսաղեմին; Հավանաբար Տէր Հիսուս և Իր աշակերտները խառնվել էին մեծաքանակ ուխտավորներին, որոնք նույնպես Երուսաղեմ էին գնում, մեծ տոնի առթիվ;
Մարկոս Ավետարանիչը նկարագրում է մի կույր մարդու, որին հավանաբար իրենք ճանաչում էին, քանի որ ասում է,- Տիմեյի որդի կույր Բարտիմեոսը նստել և մուրում էր ճանապարհի եզրին; Սովորաբար մուրացկանները նստում են բանուկ մասերում, որտեղով որ շատ մարդ է անցնում, ակնկալելով, որ գումար շատ կհավաքեն: Այդ պատճառով աշակերտները կարող էին նրան ճանաչել, թե ո՛ւմ որրդին է: Այս կույրն էլ նստել էր Երուսաղեմ տանող ճանապարհի եզերքին և ուխտավորները նրան խղճալով ողորմություն էին անում, իսկ ինքը վաստակում էր իր օրվա հացը: Կույր Բարտիմեոսը այնքան ծանոթ էր տեղանքի անցուդարձին, որ չտեսնելով հանդերձ զգաց, որ այս աղմկոտ երթը միայն ուխտավորների երթ չէ՛, ալ մի կարևոր իրադարձություն է տեղի ունենում: Բավական էր, որ լսեց, թե այդտեղով անցնողը Նազովրեցի Հիսուսն է, անմիջապես սկսեց աղաղակել ու ասել,- Դավթի՛ Որդի Հիսո՛ւս, ողորմի՛ր ինձ: Տեսեք, սիրելիներ, երբ մարդը անվերապահ հավատում է, նրա համար նշանակություն չունի, թե Հիսուս Քրիստոս իրենից ի՛նչ հեռավորության վրա է գտնվում, միևնույն է Նրան է կանչում իր նեղության պահին: Կույրը վստահաբար չգիտեր, թե ո՞ր մասում է Քրիստոս, միայն լսել էր, որ Նազովրեցի Հիսուսն է անցնում այդտեղով: Մի երազանք ուներ Բարտիմեոսը, որ իր աչքերը բացվեր և ինքը ազատվեր մուրալու անպատվաբեր գործից: Երբ նա գոռում էր, շատերը նրան սաստում էին, որ լռի, իսկ նրան հետաքրքիր չէ՛ր իրեն արգելողների կարծիքը: Միշտ էլ այսպիսի երթերի կամ հավաքների ժամանակ, երբ մի հանրային դեմք է անցնում ժողովրդի միջով, հայտնվում են սոցիալական ակտիվ մարդիկ, որոնք արգելում են մարդկանց նրան մոտենալու, իբրև նրան նեղություն չտալու պատրվակով;
Կույրը Հիսուսին էր փնտրում, իր նպատակը Նրանից օգնություն ստանալն էր, դրա համար չդադարեց աղաղակը, մինչև Հիսուս հասավ իր մոտ և լսեց այդ ձայնը, որ իրեն է կանչում՝ առանց հանգստանալու, թե՝ Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ; Կույրի խոսքերից հասկանալի է, որ նա արդեն գիտեր Հիսուսի համբավի մասին, բայց հավանաբար նրան չէին տարել ոչ մի անգամ Հիսուսի մոտ, քանի որ Երիքովը նույնպես հեթանոսների վայր էր և նրանք չէին հավատում Հիսուսին: Կույր Բարտիմեոսը նույնիսկ հաշվի չառավ այն հանգամանքը, որ կայսրը մեկն էր և իրավունք չկար այդ վայրում մեկ այլ մարդու թագավորի որդի անվանել;
Տէր Հիսուս դադարեցրեց երթը և հրամայեց, որ իր մոտ բերեն կույրին: Կայացավ սպասված հանդիպումը՝ Լույսի և խավարի միջև, հիվանդի և բժշկի միջև: Տէր Հիսուսի կանչը արժևորեցին ներկաները և աչքալուսանք տվեցին Բարտիմեոսին, թե՝ քաջալերվիր, վեր կաց, կանչում է քեզ: Միայն կույրը գիտե, թե ի՛նչ կատարվեց իր սրտում այդ խոսքերից հետո, երբ իմացավ , որ Նազովրեցի Հիսուսն է իրեն կանչողը: Տէր Հիսուսն էլ տեսավ նրա սրտի անկեղծ սպասումը: Ավետարանն ասում է,- Նա դե՛ն գցելով իր զգեստները, վե՛ր կացավ, եկավ Հիսուսի մոտ; Բացի նրանից, որ մեծ հավատքով էր կանչում Հիսուս Նազովրեցու անունը, նաև մեծ ակնածանք զգաց Հիսուսի հանդեպ, որ վրայից դեն գցեց իր անմաքուր զգեստները, հետո մոտեցավ Հիսուսին: Սովորաբար հին, կեղտոտ, կամ մաշված զգեստները հանում են մի ներկայանալի մարդու առջև՝ հարգելով նրան, ինչը արեց կույրը, որը չէր տեսնում իր դիմաց կանգնածին : Կամ գուցե դեն նետեց ամեն բան, որպեսզի իրեն ոչինչ չխանգարի Հիսուսի մոտ շուտ հասնելու համար:
Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ,- հարցրեց Տէր Հիսուս: Կույրը Նրան ասաց, - Վարդապե՛տ, աչքերս թող բացվե՛ն: ,,Վարդապետ,, տիտղոսը տվյալ ժամանակի համար ամենաբարձրն էր համարվում, որով կույրը դիմեց Հիսուս Քրիստոսին: Այս կույր մարդու բոլոր դրսևորումները բխում էին նրա հավատքից և ակնածանքից: Տէր Հիսուս նրան ասաց,- Գնա՛, քո հավատը քեզ փրկեց: Եվ իսկույն նրա աչքերը բացվեցին և ճանապարհին գնում էի Նրա հետևից; Ուշադրություն դարձրի՞ք, որ այս նախկին կույրն էլ այն բուժված դիվահարի պես տուն վազելու փոխարեն գնաց Հիսուսի հետևից: Հանդիպեցին Փրկիչն ու փրկվողը: Մաքուր սիրտ ունեցողը նաև աչքերով տեսավ իր Փրկչին:
Ավանդությունն ասում է, որ Երիքովը Իսրայելի ամենափչացած քաղաքն էր: Սակայն նույնիսկ Երիքովում գտնվեց մաքուր սիրտ ունեցող մի անձ, որը արժանացավ Աստծուն տեսնելու երանությանը: Երքովը այնքան մոտ էր Երուսաղեմին, որ Տաճարի դռները բացելիս և փակելիս Երիքովում լսվում էր ձայնը: Սա նշանակում է, որ Երուսաղեմին մոտ ապրելը մարդկանց չի սրբացնում; Առաջին անգամ Երիքովում օրհնություն եղավ Տէր Հիսուսի կողմից՝ կույրի աչերը բացելով, և մենք նաև տեսանք, որ Վարդապետը չարգելեց Բարտիմեոսին՝ հետևել Իրեն: Սա մեր Տիրոջ վերջին բժշկությունն էր, որ կատարեց Երիքովի մեջ, քանի որ համարյա հասել էր Երուսաղեմ:
Սիրելիներ մի պահ վերհիշենք այս գլխի նախորդ համարները և տեսնենք, թե ի՞նչ կապ կարող է լինել օրինակ՝ հարուստ երիտասարդի, որը կամենում էր իմանալ, թե ի՞նչ է պետք հավիտենական կյանքը ժառանգելու համար, և այս կույրի միջև: Տէր Հիսուս հարուստին ասաց, ամեն ինչ թո՛ղ ու արի՛ իմ հետևից: Նա չեկա՛վ, իսկ կույրը թողեց իր զգեստները և հետևեց Հիսուսին; Կամ՝ այն երկու աշակերտները, որոնք Հիսուսի աջ ու ձախ կողմերն էին ուզում նստել, և Տէր Հիսուս ասաց,- դա Ինձնից կախված չէ: Այս կույրը արժանացավ քայլել Հիսուսի հետևից, այն դեպքում, երբ հասարակության մեջ վերջինն էր համարվում, և դարձավ առաջին: Տեսնո՞ւմ եք, թե որքան քիչ բան է պետք վերջինից առաջինի կարգավիճակում հայտնվել; Բավական է Տիրոջ ողորմությունը խնդրել և չմեծամտանալ: Կույրը չամաչեց և աղաղակեց, և նրան ասացին,- վեր կաց քեզ կանչում է; Բոլորիս է կանչում մեր Տէրը, սակայն մենք բոլոր հնարավոր տարբերակները օգտագործելուց հետո ենք հայցում ենք Տիրոջ ողորմությունն ու օգնությունը: Կարճ հարց ու պատասխանից հետո կատարվեց հրաշքը, պահանջը անկեղծ էր, պարգևը՝ րոպեական; Տէր Հիսուս Բարտիմեոսին ասում է, քո հավա՛տը քեզ փրկեց; Ինչի՞ց փրկեց: Այս փրկել բառի մեջ կարող ենք տեղավորել նախկին կույրի ողջ կյանքի պատմությունը: Փրկվեց կուրությունից, բնականաբար նաև մեղքերից; Հետևեց Հիսուս Քրիստոսին ինքնակամ, նշանակում է փրկվեց նաև նախկին մեղավոր կյանքի ընթացքից: Նշանակում է պետք է այսպես խնդրել՝ առանց պայմանների և ստանալ պարգևը նույնպես առանց պայմանների: Աջ ու ձախ կողմերում նստել կամեցողներին պայմաններ առաջարկվեց, իսկ կույրին ոչի՛նչ չառաջարկեց Տէր Հիսուս: Գուցե մենք էլ կույրի պես պետք է դեն նետենք ամեն բան, ինչը մեզ կարող է խանգարել մեր Տիրոջը մոտենալու համար:
Կույր Բարտիմեոսը փոխաբերական իմաստով խորհրդանշում է մեղավոր մարդկությունը, որը մեղքի խավարով պատված չի տեսնում Քրիստոսի իմանալի լույսը՝ Ավետարանը: Սակայն եթե լսելով Տեր Հիսուսի մասին՝ աղաղակեն, Փրկիչը բոլորին էլ կկանչի, ինչպես որ կանչեց կույրին; Այս պահին է, որ ամեն ինչ պետք է դեն նետել և վազել դեպի փրկություն: Ամեն ինչ ասելով պետք է հասկանանք մեր անմիտ և անպետք սովորությունները, որոնք մեզ հեռացնում են Աստծուց: Աստված կբացի նաև մեր աչքերը և մենք կտեսնենք ու կհետևենք Իրեն: Հետևաբար վստահ կարելի է ասել, նրանք, որոնք չեն հետևում Հիսուս Քրիստոսին, նրանք տեսողության հետ մեծ խնդիր ունեն: Ինչպես որ Տէր Հիսուսն է ասում, աչքեր ունեն, բայց չեն տեսնում, ականջներ ունեն, բայց չեն լսում: Սիրելիներ աշխարհում ամենամեծ գայթակղությունը ,,առաջին,, լինելու ցանկությունն է, որը ենթադրում է իշխանություն:
Մենք տասներորդ գլխում սովորեցինք, որ շատ առաջիններ վերջիններ կլինեն, իսկ վերջիններ՝ առաջիններ: Տեսանք նաև այսպիսի օրինակներ: Իշխանության ձգտելու մոլուցքը վեր է մնացած բոլոր մեղքերից, քանի որ սա իր մեջ ամփոփում է մնացած մեղքերը և հակասում է Քրիստոսի տված նոր օրենքին, որն ասում է,- Ով կամենում է առաջին լինել, թող բոլորի ծառան և սպասավորը լինի: Քանի որ մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու: Այդպիսի ծառայության գերազանց օրինակ հանդիսացավ վերջին Ընթրիքին աշակերտների ոտքերը լվանալը: Ոտքեր լվանալը սովորաբար ծառաների պարտականությունն էր այդ ժամանակ: Անշուշտ ոտքեր լվանալու մշակույթը մեզանում այլևս ընդունված չէ, որովհետև դրա կարիքը այլևս չկա մեր օրերում: Սակայն չափազանց մեծ է կարիքը այդ խորհրդի բուն նպատակի՝ միմյանց խոնարհաբար ծառայելու: Ոտքեր լվանալ նշանակում է ծառայության գիտակցություն ունենալ, ինչի մասին խոսեց մեր Տէր Հիսուս Քրիստոս այս գլխում և տվեց բազմաթիվ օրինակներ: Ծառայել միմյանց դեռ չի նշանակում կորցնել կարգավիճակը և նսեմանալ դիմացինի առջև: Սա պարզապես խոնարհություն է, որը երբեք չի կարելի չարաշահել:
Սիրելիներ, մենք ավարտեցինք նաև տասներորդ գլուխը, որը մեզ տվեց ծառայասիրության պատվեր, Որի պահանջն է՝ Երիքովի մեջ մաքուր սիրտ ունենալը, հարստությունից հրաժարվելիս չտրտմել, Տիրոջ ծառայության մեջ ակնկալիք չունենալ: Սրտանց աղոթել Տիրոջը հանդիպելու համար, եթե նույնիսկ մեզ լռեցնեն: Չհաշտվել հոգևոր կուրության հետ և փնտրել տեսողություն Պարգևողին; Մի խոսքով շատ օգտակար դասեր տվեց մեզ նաև այս գլուխը: Աստված կամենա, վաղվանից կսկսենք տասնմեկերորդ գլխի սերտողությունը: Փառք Աստծուն՝ Մարկոս ավետարանչի համար, որ այսքան տեղեկություն է հավաքել մեզ համար: Փառք Աստծուն՝ լսելու ականջ ունեցող մեր բոլոր ունկնդիրների համար: Փառք Աստծուն նաև այս հնարավորություն համար, որը կարելի նաև ի բարին գործածել:
Քրիստոսի սերն ու խաղաղությունը, խոնարհությունն ու ծառայասիրությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն ձեր ծառայության վայրերում, և մեր Տիրոջը՝ Հոր և Սուրբ հոգու հետ միասին, փառք հավիտյաններում: Ամեն:
Հարց. Ի՞նչ օրինակ տպավորվեց ձեր հիշողության մեջ տասներորդ գլխից: