ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 10: 35- 45
ՅԱԿՈԲՈՍԻՆ ԵՒ ՅՈՎՀԱՆՆԷՍԻՆ ԽՆԴՐԱՆՔԸ
35 Ապա անոր քով գացին Յակոբոսն ու Յովհաննէսը՝ Զեբեդէոսի որդիները՝ ու ըսին. «Վա՛րդապետ, կ՚ուզենք որ քեզմէ ինչ որ խնդրենք՝ մեզի ընես»։ 36 Ան ալ ըսաւ անոնց. «Ի՞նչ կ՚ուզէք որ ընեմ ձեզի»։ 37 Անոնք ալ ըսին իրեն. «Շնորհէ մեզի, որ նստինք մեզմէ մէկը՝ աջ կողմդ եւ միւսը՝ ձախ կողմդ քու փառքիդ մէջ»։ 38 Յիսուս ըսաւ անոնց. «Չէք գիտեր ի՛նչ կը խնդրէք։ Կրնա՞ք խմել այն գաւաթը որ ես կը խմեմ եւ այն մկրտութիւնովը մկրտուիլ՝ որով ես կը մկրտուիմ»։ 39Անոնք ըսին իրեն. «Կրնանք»։ Յիսուս ըսաւ անոնց. «Այն գաւաթը որ ես կը խմեմ՝ պիտի խմէք եւ այն մկրտութիւնովը որով ես կը մկրտուիմ՝ պիտի մկրտուիք, 40 Բայց իմ աջ կողմս ու ձախ կողմս նստիլը՝ իմս չէ տալը, հապա որոնց որ պատրաստուած է»։ 41 Ու երբ միւս տասը աշակերտները լսեցին, սկսան Յակոբոսին ու Յովհաննէսին նեղանալ։ 42 Իսկ Յիսուս իրեն կանչեց զանոնք ու ըսաւ անոնց. «Գիտէք թէ ազգերուն իշխան սեպուածները կը տիրեն անոնց եւ անոնց մեծամեծները կ՚իշխեն անոնց. 43 Բայց ձեր մէջ այնպէս պէտք չէ ըլլայ, հապա ձեզմէ ով որ մեծ ըլլալ կ՚ուզէ, անիկա ձեր սպասաւորը պէտք է ըլլայ. 44 Ու ձեզմէ ով որ առաջին ըլլալ կ՚ուզէ, անիկա ամենուն ծառայ պէտք է ըլլայ։ 45 Քանզի Որդին մարդոյ չեկաւ սպասաւորութիւն ընդունելու, հապա սպասաւորութիւն ընելու եւ իր կեանքը շատերուն համար իբր փրկանք տալու»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հավատացյալներ, մենք երեկ մեր սերտողությունը ավարտեցինք շատ մտահոգիչ մի մտքի վրա, երբ Երուսաղեմ տանող ճանապարհին Տէր Հիսուս աշակերտներին ներկայացնում է այն բոլոր չարչարանքներն ու սպանությունը, որը պիտի կատարվեր հեթանոսների ձեռքով, սակայն քահանայապետների և օրենքի ուսուցիչների պատվերով: Սակայն Տէր Հիսուս մանրամասն հերթականությամբ ներկայացնում է մատնությունը, դատապարտությունը, ծաղրը, ծեծը, թուքը, և սպանությունը: Այս բոլորից հետո ասում է իսկ երրորդ օրը մարդու Որդին հարություն կառնի: Պատկերացրեք իրավիճակը, երեք տարի շրջել է ժողովրդի մեջ, ուսուցանել է մարդկանց, բուժել է հազարավոր հիվանդների, անգետ մարդկանց ընտրել և աշակերտ է դարձրել, իսկ ժողովուրդը առաջնորդների գլխավորությամբ Նրան արժանացրել են այսպիսի դաժան գնահատանքի: Աշխարհում կգտնվե՞ր ևս մեկ հոգի, որը կամավոր խաչվեր այսպիսի սերնդի համար: Աշխարհի պատմության մեջ կգտնվե՞ր ևս մեկ հոգի, որ խաչի վրա աղոթեր այսպիսի սերնդի համար: Ո՛չ: Անշուշտ Չէր գտնվի: Որովհետև այս իրադարձությունը աշխարհի պատմության մեջ տեղի ունեցած միակ սոսկալի արհավիրքն է, որ կատարվեց մարդու ձեռքով՝ իրեն ստեղծողի հանդեպ, և դեռ 2021 տարի է, Աստված մարդուն հնարավորություն է տալիս, որպեսզի մարդը ուղղի իր սխալը, իսկ մարդը անդրդվելի և մեղանչող՝ մինչ օրս: Ատելության ու նախանձի պատճառով տեղի ունեցած խաչելությունը հայտնի է աշխարհին, և աշխարհը ապրում է ատելության և նախանձի մթնոլորտում:
Մարդկությունը աշխարհը հասցրել է կործանման և մեզ մնացել է միայն Աստծու միջամտությունը՝ այս ամենին լուծում տալու համար: Աստված կամեցավ փորձել մարդու հավատարմությունը Իր հանդեպ, և Աբրահամին ասաց քո Իսահակ որդուն զոհաբերիր: Աստված տեսավ Աբրահամի հավատարմությունը և խնայեց նրա՝ խոստման Միածին որդուն: Իսկ մարդը չխնայեց Աստծու միածին որդուն, թեպետ տեսավ Նրա բազում հրաշքներն ու մեծամեծ գործերը, բայց խաչը հանեց Նրան՝ նախանձից: Գալիք չարչարանքների մասին Տէր Հիսուս տեղեկացնում է աշակերտներին, որպեսզի նրան արթուն լինեն, տեղյակ լինեն, պատրաստ լինեն ամեն ինչի և փորձության մեջ չընկնեն: Իսկ աշակերտները չեն կարողանում ամբողջությամբ լուրջ ընդունել ասածները, թեպետ վախենում են, բայց նաև գիտեն, որ մի վատ բան է լինելու: Ի՞նչ են մտածում իրենց մտքում այս երկու աշակերտները, մենք չգիտենք, սակայն մոտենում են Հիսուս Քրիստոսին մի անմիտ խնդրանք առաջարկով: Հակոբոսն ու Հովհաննեսը գնացին Հիսուսի մոտ և ասացին, որ իրենց խնդրանքը կատարի: -Ի՞նչ եք կամենում ինձնից, որ անեմ ձեզ համար,- ասաց Տէր Հիսուս:
-Շնորհ արա մեզ, որ նստենք մեկս Քո՝ աջ, մյուսս՝ ձախում, Քո փառքի մեջ: Հասկանալի է չէ՞, թե ի՞նչ են ուզում աշակերտները, Տէր Հիսուսի մահվան մասին կանխասացություններից անմիջապես հետո:
Այսինքն ի՛նչ լինելու է, թող լինի, բայց հարությունից հետո Նա հաստատելու է Իր թագավորությունը և հարկ է որ Նրա աջ ու ձախ կողքերում մարդիկ հուսալի լինեն: Նույնն է, թե զավակը մոտենա մահացող հորը և ասի, Հայ՛ր, կարող ես քո հարստությունը կտակել ինձ, քանի դեռ չես մահացել: Վստահ ենք, որ Տէր Հիսուս չէր ակնկալում այսպիսի պահանջ, սակայն նրանց ասաց, որ չե՛ն հասկանում, թե ի՛նչ են խնդրում իրենից, և հատկապես ե՛րբ են խնդրում: Տէր Հիսուս նորից հիշեցրեց նրանց այն բաժակի մասին, որը պիտի խմեր, կամ այն մկրտությունը, որը պիտի ընդուներ խաչի վրա և հարցրեց.- Կարո՞ղ եք դուք դա անել::
Զարմանալի էր աշակերտների պատասխանը, որ ասացին,- Կարո՛ղ ենք: եղբայրների պատասխանից հասկանալի է, որ իրապես չեն հասկացել Հիսուսի չարչարանքների բուն իմաստը: Նրանք աջ ու ձախ կողմերն են ուզում, միթե կկամենային խաչի աջ ու ձախ կողմերում հայտնվել: Իհարկե ոչ: Ինչո՞ւ չէին հասկացել, որովհետև Հիսուսի ձերբակալումից անմիջապես հետո բոլոր փախան մենակ թողնելով Նրան: Սիրելիներ, մենք չենք զարմանում, կամ մեղադրում երկու եղբայրների արարքը, որովհետև այս երևույթները բնորոշ են մարդկային բնությանը, քանի դեռ Աստված չի այցելել նրան, կամ չի խոսել նրա սրտի հետ: Երբ մարդը իր տկար բնության մեջ դեռ հաստատված է, նրա մտքերն էլ նյութական են: եթե Հակոբոսն ու Հովհաննեսը դեռ երեք անգամ էին լսել, որ իրենց Վարդապետը պետք է հեթանոսների ձեռքը ընկնի և խաչվի, ապա մենք դա լսում ենք մեր ծնված օրից, բայց հարկ եղած դեպքում էլի նույն վերաբերմունքն ունենք նյութական շահի վերաբերյալ:
Տէր Հիսուս նրանց ասում է, որ գուցե խմեք այդ բաժակից, և մկրտվեք այդ մկրտությամբ, (նկատի ունի այն հալածանքները, որ աշակերտներին էր սպասվում) սակայն ըստ ձեր հավատքի գործերի արժանավորության պետք է հասնեք այդ տեղերում նստելու համար: Այդ տեղեր տրվելու է նրանց, ում համար պատրաստված է: Սա էլ նմանատիպ մի հարց է, որ նախորդ գլխում տվեց Պետրոսը, թե մենք ի՞նչ կունենանք, քանի որ ամեն ինչ թողեցինք: մեր Տէրը Պետրոսին էլ հստակ չասեց ի՛նչ կունենան, այլ ասաց չկա մի արժանավոր, որ Իմ անվան համար, կամ Ավետարանի համար թողած լինի իր սիրելիներին և իր սիրելի բաները և հարյուրապատիկը չստանա: Քրիստոս Հիսուսին ծառայողը վստահաբար հարյուրապատիկ է ստանում իր կյանքում: Իսկ ով չի ստանում, ուրեմն ոչ թե Հիսուսի անվան, այլ իր սեփական անձի անվան համար է անում: Միայն հարյուրապատիկ ասելով չհասկանաք կորստյան արժանի այն հարստությունը, որ ունեն այսօր Հիսուս Քրիստոսի որոշ սպասավորներ: Մենք երեկ խոսեցինք այս մասին: Խոսքը հոգևոր հեղինակության մասին է, որ մարդիկ կիլոմետրեր կարող են կտրել, անցնեն որպեսզի լսեն այդպիսի մեկի խոսքը, որը Աստծուց շնորհ ունի մարդկանց բացատրելու և ուսուցանելու, ինչպես որ աշակերտներն էին անում հետագայում, երբ ստացան Սուրբ Հոգին և հիմնեցին առաջին եկեղեցին:
Ավետարանն ասում է, երբ աշակերտները լսեցին, որ Հակոբոսն ու Հովհաննեսը Տիրոջը այդպիսի առաջարկով են դիմել, բարկացան եղբայրների վրա: Իսկ ի՞նչ ասացին, որ բարկացան: Մարկոս ավետարանիչը ոչինչ չի ասում այդ մասին: Սակայն անմիջապես հետո Վարդապետի տված պատասխանից կարող ենք ենթադրել, որ ամենևին էլ չէին ասել,- գժվե՞լ եք, ի՞նչ է, Վարդապետին մահ է սպառնում, դուք ձեր տեղե՞րն եք ապահովում Նրա աջ ու ձախ կողմերում: Ո՛չ այդպես չեն ասել: Որովհետև Տէր Հիսուս հեթանոսների օրինակն է բերում և ասում է, որ նրանց իշխանավոր կոչվածները տիրում և իշխում են նրանց վրա, իսկ ձեր մեջ այդպես չպետք է լինի: Ով կամենում է մեծ լինել, թող ձեր սպասավորը լինի, և ով կամենում է առաջինը լինել, բոլորի ծառան թող լինի: Որովհետև մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու, և տալու իր անձը որպես փրկանք՝ շատերի փոխարեն:
Հավանաբար մյուս աշակերտներն էլ տեղեր էին ուզում իրենց համար՝ հարությունից հետո իսրայելի թագավորության մեջ: Տէր Հիսուս նրանց պարզ բառերով բացատրեց, որ Աստծու թագավորության մեջ այնպես չէ, ինչպես աշխարի թագավորության մեջ է, նախ թագավորը, ապա իշխանները, ապա նրանցից նվազները և այլն: Աստծու թագավորության մեջ հակառակն է, թագավորը բոլորի սպասավորին է և ծառան: Աշխարհի թագավորները մարդկանց ուղարկում են որպեսզի մեռնեն իրենց համար, իսկ Աստծու թագավորության մեջ Աստված էր որ մեռավ բոլորի փրկության համար: Սիրելիներ, եկեղեցու վարդապետության քարոզության հիմնական գաղափարը հիմնված է այս իրականության վրա: Այո, Հիսուս Քրիստոս ուսուցում ուներ, սակայն Նա նպատակի համար էր աշխարհ եկել և այդ նպատակը մահ էր՝ մեր փրկության համար:
Սիրելիներ, մենք տեսնում ենք, որ ամեն բացասական խոսակցություն, որ տեղի է ունեցել աշակերտների կողմից, ամբողջությամբ արձանագրվել է առանց բացթողման: Եթե մեկը մոռացել է, մյուսն է լրացրել այդ միտքը: սա խոսում է նրանց միամտության և ազնվության մասին, քանի որ պարզ մարդիկ էին՝ իրենց թերություններով ու մարդկային եսասիրությամբ: Մարդ արարածի մեջ տեղ գտած առաջին բացասական երևույթը ,,ես,, ն է, որ տարիք է առնում մարդու հետ միասին և կործանում մարդուն՝ եթե ժամանակին չհալածվի, ու անտեսվի հենց մարդու կողմից: Եթե մարդը ձգտում է Աստծու արքայության, ուրեմն ծառա և սպասավոր լինելու գաղտնիքը պետք է սովորի առաջին հերթին:
Ի՞նչ կկամենար լսել Տէր Հիսուս աշակերտներից: Հավանաբար կամենար լսել, որ նրանք ասեին, վարդապե՛տ, մենք կխմե՛նք և այն բաժակը և կմկրտվե՛նք այն մկրտությամբ, որը քեզ է սպասվում, բայց ո՛չ թե աջ ու ձախ կողմերում նստելու համար, այլ՝ Քո ներկայության մեջ, դարձյալ քեզ հետ լինելու համար: Իսկ ի՞նչ կանեինք մենք… մենք արդեն արել ենք, և ավելի վատ, քան աշակերտները, որ աջ ու ձախ կողմեր էին ուզում: Մեր հոգևոր համակարգը նույնն է՝ ինչ որ աշխարհի իշխանական բուրգը: Բուրգի գլխին նստածը իշխում է իրենից ներքև գտնվողներին; Մեծը՝ բոլորին ծառա լինելու երանելի գաղափարի մասին մենք միայն Ավետարանում ենք կարդում: Կամ առաջինը բոլորի սպասավորը լինելու հրաշքի մասին դարձյալ Ավետարանում ենք կարդում: Դրա համար սիրելիներ, մնացեք Ավետարանի հետ՝ մաքրամաքուր մտքեր ու գաղափարների տիրապետելու համար: Աշխարհում այսպիսի բաներ չեք տեսնի այլևս: Այսօր աշխարհը առաջնորդվում է Հուդայի հոգեբանությամբ՝,, ի՞նչ կտաք, որ նրան մատնեմ,,: Իշխանի աջ ու ձախ կողմերում նստելու համար պատերազմներ են մղվում: Մի խոսքով աշխարհը ապրում է նրանով, ինչ որ ստեղծել է կամավոր: Իսկ հավիտենական Աստված նույնն է ասում երեկ, այսօր և վաղը՝ թե,- Երդւում եմ ձեզ երկնքով ու երկրով, որ ձեր առջեւն եմ դնում կեանքն ու մահը, օրհնութիւններն ու անէծքները։ Ընտրի՛ր կեանքը, որպէսզի ապրէք դու եւ քո սերունդը։ Պէտք է սիրես քո Տէր Աստծուն, լսես նրա ասածը, կապուած մնաս նրան, որովհետեւ նա է քո կեանքն ու քո երկարակեցութիւնը»։ Երկրորդ Օրենք. 30:19
Սիրելիներ մեր Տէր Հիսուս Քրիստոս թող երբեք մեր շրթներից չլսի ակնկալիքով աղոթք, թող երբեք չտեսնի բարեգործություն՝ փառքի համար, երկրպագություն՝ ցուցադրության համար, այլ թող տեսնի միայն ծառայելու պատրաստակամություն և վերջինը լինելու խոնարհություն; Ավարտենք մեր այսօրվա սերտողությունը հավատարիմ մնալով այսօրվա խրատին, այսօրվա ասելիքին, և թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն. և Նրան փառք հավիտյան;
Հարց. Ի՞նչ խոստացավ Տէր Հիսուս Իր անվան և Ավետարանի համար ամեն ինչ թողնողներին: