ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 11: 1- 11
ՅԱՂԹԱԿԱՆ ՄՈՒՏՔԸ ԵՐՈՒՍԱՂԷՄ
1 Երբ Երուսաղէմի մօտեցան, Բեթփագէ ու Բեթանիա դէպի Ձիթենեաց լեռը, Յիսուս իր աշակերտներէն երկուքը ղրկեց, ըսելով. 2 «Գացէք այդ ձեր դիմացի գիւղը, անոր մէջ մտնելնուդ պէս՝ պիտի գտնէք կապուած աւանակ մը, որուն վրայ մարդ մը նստած չէ. արձակեցէք զանիկա ու բերէք։ 3 Եթէ մէկը ըսէ ձեզի թէ ‘Այդ ի՞նչ կ՚ընէք’, ըսէք ‘Տէրոջը պէտք է’. եւ շուտ մը հոս պիտի ղրկէ զանիկա»։ 4 Գացին եւ գտան աւանակը՝ դուրսը փողոցին մէջ՝ դրանը քով կապուած ու արձակեցին զանիկա։ 5 Եւ հոն կայնողներէն ոմանք ըսին անոնց. «Ի՞նչու կ՚արձակէք այդ աւանակը»։ 6 Անոնք ըսին անոնց ինչպէս Յիսուս պատուիրեր էր ու իրենց թող տուին։ 7 Երբ աւանակը Յիսուսին բերին, անոր վրայ իրենց հանդերձները դրին ու նստաւ անոր վրայ։ 8 Շատեր իրենց հանդերձները ճամբուն վրայ կը փռէին եւ ուրիշներ ծառերէն ճիւղեր կը կտրէին ու ճամբուն վրայ կը տարածէին։ 9 Առջեւէն ու ետեւէն գացողները կ՚աղաղակէին ու կ՚ըսէին. «Ովսա՛ննա. Օրհնեալ է ան որ Տէրոջը անունովը կու գայ։ 10 Օրհնեալ է մեր Դաւիթ հօրը թագաւորութիւնը որ կու գայ. Ովսաննա ի բարձունս»։ 11 Յիսուս մտաւ Երուսաղէմ ու գնաց տաճարը եւ չորս կողմը՝ ամէն բան աչքէ անցուց։ Արդէն ժամանակը իրիկուն ըլլալով՝ Բեթանիա ելաւ տասներկուքին հետ մէկտեղ։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. մենք երեկ ավարտեցինք մեր սերտողությունը Երուսաղեմ տանող ճանապարհի վրա, երբ Տէր Հիսուս Քրիստոս բացեց կույր Բարտիմեոսի աչքերը և շարժվեց դեպի Երուսաղեմ՝ ժողովրդի բազմությունը Իր հետևից տանելով: Արդեն գիտենք որ Երուսաղեմը լիքն էր ուխտավորներով, որոնք եկել էին տարբեր վայրերից մասնակցելու զատկական մեծ տոնին: Տէր Հիսուս ժողովրդի հետ միասին մոտեցավ Երուսաղեմին, որին շատ մոտ են գտնվում Բեթփագեն և Բեթանիան: Բեթանիան մեզ ծանոթ է Հիսուս Քրիստոսի սիրելի ընտանիքի պատմությունից: Նախքան Երուսաղեմ մտնելը, Տէր Հիսուս հարություն էր տվել չորսօրյա մեռած Ղազարոսին, ապա շարունակել էր ճանապարհը դեպի Երուսաղեմ՝ կատարելու հերթական մարգարեությունը: Ինչո՞ւ նախ Ղազարոսին հարություն տվեց, հետո մտավ Երուսաղեմ: Ղազարոսի հարության օրինակը խորհրդանիշն էր Իր սպասվելիք հարության և առհասարակ համընդհանուր հարությանը: Ամեն ինչ հասկանալի է ու պարզ է արել Հիսուս Քրիստոս, որպեսզի մարդկանց մոտ որևէ մութ գաղափար չմնա Իր աշխարհ գալու վերաբերյալ: Հասավ Տէր Հիսուս նշված վայրը, ուղարկեց աշակերտներին, որպեսզի բերեն ավանակը, որի վրա դեռ ոչ ոք չէր նստել: Աշակերտները կատարեցին Նրա պատվերը, բերեցին ավանակը, նրա վրա զգեստներ գցեցին և Հիսուս նստեց էշի վրա: Շատեր էին իրենց զգեստները փռում ճանապարհի վրա, որպեսզի Նա անցնի: Ուրիշներ էլ ծառերից ճյուղեր էին կտրում և գցում Նրա ոտքերի տակ:
Զգեստներ և ծառի ճյուղեր փռելը մի սովորություն էր, որ անում էին թագավորներին դիմավորելիս, որպես հարգանքի նշան: Նմանօրինակ երևույթ մենք տեսնում ենք, երբ երկրների ղեկավարներ են հանդիպում, նրանց առջև կարմիր գորգեր փռում դիմավորումից առաջ: Ինչո՞ւ Հիսուս նստեց էշի վրա Երուսաղեմ մտնելիս, երբ ամբողջ ճանապարհը ոտքով էր եկել, և առհասարակ ոտքով էր ման գալիս նաև՝ մյուս օրերին: Այս երևույթը հերթական նշան էր մարգարեություններից մեկի, որը հանդիպում ենք Զաքարիայի մարգարեության գրքում: ,,Ուրախացի՛ր խնդութեամբ, դո՛ւստրդ Սիոնի,կանչի՛ր ցնծութեամբ, դո՛ւստրդ Երուսաղէմի,ահա գալիս է քո թագաւորը քեզ մօտ,քո արդար, փրկագործ ու խոնարհ թագաւորը՝հեծած էշի, էշի քուռակի վրայ,,։ Զաք. 9:9 Հիսուս էշի վրա նստած մտավ Երուսաղեմ, որպեսի մարգարեության գիտակները հասկանային, որ կատարվեց նաև ա՛յս մեկ մարգարեությունը, որով պետք է սկսվեր Քրիստոսի չարչարանքների շաբաթը: Այստեղ մի տրամաբանական հարց է առաջանում մարգարեությունը կարդացողի մոտ:
Իրականանում է մարգարեությունը բոլորի աչքի առջև, որը գրված է եղել դարեր առաջ, ինչո՞ւ մարդկանց մեծամասնությունը չեն հավատում, որ Երուսաղեմ մտնողը Մեսիան է, Իսրայելի Թագավորն է:
Հատկապես չեն հավատում հոգևոր առաջնորդները, օրենքի ուսուցիչները, քահանայապետները, որոնց հիմնական պարտականությունը այդ գրքերը կարդալն ու բացատրելն է ժողովրդին: Իսրայելի ժողովուրդը սպասում էր Մեսիային: Սպասում է մինչ օրս՝ ցա՛վ ի սիրտ: Որտե՞ղ էր խնդիրը, որ մարդիկ չհավատացին,: Կրոնական առաջնորդները մարդկանց բացատրել են այնպես, ինչպես իրենց է հարմար եղել, լուսաբանել են այնպես, ինչպես որ իրենք են պատկերացրել: Նրանք առավել հիմնվել են նախնիները ավանդությունների վրա, և զանց են արել օրենքն ու մարգարեությունները: Ժողովուրդը սովորել է այն, ինչ տվել են իրեն:
Եթե դուք կարծում եք, որ մերօրյա ժողովուրդը ավելի լավ վիճակում է սուրբգրային իմացության մեջ, շա՛տ եք սխալվում: Միայն մեկ պարզ օրինակը բավական է փաստելու համար ասածս: Եթե գիտակ լինեին չէին խաբվի այդքան զանազան աղանդներին, գուշակներին, կախարդներին, երազահաններին, սուրճի բաժակ ու կարթ նայողներին: Եթե մեր ժողովուրդը Աստվածաշնչից լուր ունենար, թույլ չէր տա, որ իրեն այդքան խաբեն քաղաքական գործիչները: Եթե մեր ժողովուրդը հոգևոր զարգացած վիճակում լիներ, այսքան ատելություն ու նախանձ չէր լինի: Եվ ամենավերջինը, եթե մեր ժողովուրդը Ավետարան իմանար, կսկսեր ապաշխարությունից, ո՛չ թե մոմավառությունից, սրբապատկերներից ու մատաղներից:
Նշանակում է մեր հոգևոր հիմքն էլ սխալ է դրվել, և այսօր այդ մասին բարձրաձայնողին կարող են հերետիկոս անվանել ու լռեցնել: Ինչպես որ օրվա քահանայապետը ժողովրդին խաժամուժ ամբոխ անվանեց, այնպես էլ այսօր վարվում են մեր ժողովրդի հետ: Թվում է, թե ամեն բան կարգին է՝ եկեղեցիներում ամեն կիրակի Պատարագ է, քարոզ է: Անցնում են տարիները մեր ժողովրդի հոգևոր մակարդակը գնալով անկում է ապրում: Ժողովուրդը դատարկ պարկ չէ, որ այնտեղ գիտելիք լցնեն: Յուրաքանչյուր անհատ պետք է յուրովի սպասի Քրիստոսին՝ ամեն օր ՝ ըստ իր զղջման, ու ըստ իր գործերի: Ես չեմ տեսնում առաջխաղացում ժողովրդի կյանքի մեջ, հարաբերությունների մեջ, որոշումների մեջ և այլն; Եթե դուք տեսնում եք, ինձ ցույց տվեք ե՛ս էլ ուրախանամ; Ես խոսում եմ մեծամասնության մասին: Այն մեծամասնության որը ծաղկազարդը արժևորում է մանուկների օրհնությամբ և գույնզգույն ծաղիկներով; Եկեղեցին պետք է այնպես բաց լինի, ինչպես որ մի մայր, որի հետ խորհրդակցում են զավակները իրենց նեղության և ուրախության պահերին:
Այսօր մեր հանրության մեծամասնությունը տապակված է իր ցավերի մեջ, կքել է հոգսերի ծանրությունից, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ու ընտանեկան անհամերաշխությունից: Հատկապես կանայք ապրում են վիրավորված ու լքված, դավաճանված ու տխուր: Երբ որ ժողովրդի այս բարոյական հոգսերը կթեթևացնի եկեղեցին, այնժամ կհզորանա ինչպե՛ս եկեղեցին, այնպե՛ս էլ ժողովուրդը կմիավորվի վճռական պահերին: Եկեղեցին պետք է նման լինի հայրական տանը, ուր շտապում են զավակները կարոտով ու սիրով, ու երբեք չեն ձանձրանում հայրական տան ճանապարհից: Հրեաները զրկվեցին իրենց աղոթքի տնից և չունեն մինչ օրս: Բայց մենք դեռ ունենք մեր եկեղեցիները անսասան պահելու հնարավորությունը, քանի դեռ ուշ չէ: Ինչևէ…
Ինչո՞ւ ենք բոլորս սիրում ծաղկազարդի տոնը: Չէ՞ որ այս տոնի մեջ այնքա՛ն ցավ կա: Սպասված Մեսիան եկավ և Նրան չճանաչեցին: Մենք գիտենք, որ սա վերջին մուտքն էր Երուսաղեմ, որից հետո սկսվելու էր Նրա չարչարանքներն ու խաչելությունը: Ծաղկազարդի տոնի ժողովրդի մեծ մասը Գողգոթա էր բարձրացել խաչի վրա հրաշք տեսնելու: Ասում էին, եթե Աստծու Որդի է, թող իրեն փրկի և սպասում էին, որ հրաշք տեղի կունենա: Երկնքից հրաշք էին հայցում Հիսուսից, սակայն այդ նույն քահանայապետներն ու օրենքի ուսուցիչները որոնք պարտավոր էին ժողովրդին սովորեցնել, իրենց կուրության ու ապառաժ սրտի պատճառով չտեսան գողգոթայի մեծ հրաշքը, որ տեղի ունեցավ իրենց աչքի առջև: Հակառակը, ասում էին, եթե Իսրայելի թագավոր է թող ազատի իրեն, որպեսզի մենք տեսնենք և հավատանք: Չէին հիշում այդ պահին, որ գրված է, թե անօրենների հետ դատվեց: Ծաղրում էին Նրան՝ ավազակների հետ խաչը հանելով;
Բնությունը չհանդուրժեց մարդու ձեռքի չարագործությունը, տեսնելով խաչի վրա Աստծու Որդուն: Երկրի ընդերքը չդիմացավ ու ցնցվեց ցասումից իր ստեղծողին խաչի վրա տեսնելով: Ժայռերը նույնիսկ ընդվզեցին և ճեղքվեցին և գերեզմանները բացվեցին, մեռելները դուրս եկան: Արեգակը նույնպես թաքնվեց, որ չտեսնի մարդու վայրագությունը՝ Աստծու Որդու նկատմամբ: Խավար տիրեց:
Իսրայելի ժողովուրդը Հռոմի լծի տակ էր, սպասում էր ազատագրման, սակայն նրանց պատկերացումը այլ էր ազատագրման վերաբերյալ՝ հիմնված իրենց նախնիների ավանդությունների վրա: Հիսուս Քրիստոս մեկ առ մեկ կատարեց մարգարեություններն ու օրենքը, ասելով, - Ո՛չ թե ջնջելու եկա, այլ՝ լրացնելու օրենքն ու մարգարեությունները և Իմ թագավորությունը այս աշխարհից չէ: Կատարեց մարգարեությունները, կարծես փակելով Հին Կտակարանը և բացելով Նոր Կտակարանի բարի լուրը մարդկության փրկության վերաբերյալ: Հիսուս Քրիստոս չի վարվել հեղափոխականի պես, ջնջելով ամեն բան, այլ լրացրել է օրենքի բացը և պատվիրան է տվել սիրելու: Օրենքը մարդուն չի կարող փրկել, այլ միայն ցույց է տալիս մեղքը: Քրիստոսի սերն է, որ կարող է մարդու հոգում հեղաշրջում կատարել: Սրանք են այն երկնային նշանները, որոնք այդպես էլ չտեսան ժամանակի առաջնորդները, չեն տեսնում նաև հիմա, չի տեսնում նաև աշխարհը, որը մխրճված է գիտության զարգացման մեջ, սակայն ծնկի է եկել մի փոքրիկ կորոնա վիրուսի դեմ:
Սիրելիներ, ես չեմ ուզում ձեզ համար այնպիսի քարոզ խոսել, որ ձեզ միայն անհիմն ուրախություն պատճառի, ինչպես որ Ծաղկազարդի տոնն է ուրախություն պատճառում բոլորին, և հաջորդ օրվանից նորից յուրաքանչյուրը ապրում է այնպես, ինչպես որ ապրում էր տոնից առաջ: Ես ուզում եմ, որ դուք գիտակցաբար տխրե՛ք և ներքին ուրախություն ունենաք ա՛յն բանի համար, որ ճղճիմ մեղքը չի՛ կարող ձեզ ընկճած պահել: Քրիստոսի ինքնակամ խաչելությունը վե՛ր է ստորաքարշ մեղքից, որի պատճառով տխուր է այսօրվա մարդը, և նաև անցյալի մարդը: Ծաղկազարդի մեջ միակ ուրախալի հույսն այն է, որ իրագործվեց մեր փրկության ծրագիրը՝ շատ թանկ գնով. և այդ թանկ գինը պետք է պատճառ հանդիսանա, որ մենք ազատվենք մեր մեղքերից: Ամե՞ն օր ենք մեղանչում, ամե՛ն օր զղջանք, ի մտի ունենալով Թանկ Արյունը, որ թափվեց այդ պատճառով: Մինչև մի օր գիտակցաբար չե՛նք մեղանչի: Իսկ որպեսզի գիտակցաբար չմեղանչենք, պետք է ճշմարտությունն իմանանք Քրիստոսի նպատակի մասին: Երբ գա Երկրորդ անգամ, հրեաների նման փաստի առջև չկանգնենք՝ չճանաչելու պատճառով: Ես ուզում եմ, որ ձեր լապտերները միշտ պահեստային յուղ ունենան; Ես չեմ ուզում, որ դուք Աստվածաշնչի իրականությունը որպես տխուր պատմություն ընկալեք, այլ ուզում եմ, որ այն լինի ձեզ համար փրկության հույս, որովհետև Տէր Հիսուսի Հարությունը պարտության մատնեց մահին, որից բոլորը վախենում են; Ամեն օր ստուգում ենք հիդրոմեդ ծառայությունները իմանալու համար անձրև կլինի՞, թե՞ ոչ, որպեսզի պատրաստված դուրս գանք: Անձրևից՝ վատագույն դեպքում կարող ենք թրջվել, իսկ ահեղ դատաստանից պատսպարվելու տեղ չենք ունենա: Մենք պետք է կարողանանք նայել Տիրոջը և համարձակ ասել,- Օրհնեա՛լ լինի Նա, որ գալիս է Տիրոջ անունով; խաղաղություն երկնքում, և փառք բարձունքներում; Թող Հիսուս Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն, ձեզ ամուր պահելու հավատքի, հույսի և սիրո և աստվածպաշտության մեջ: Փառք Աստծուն՝ ամենուր և հավիտյան;
Հարց. Ինչո՞ւ Հիսուս ավանակ պահանջեց՝ քաղաք մտնելու համար, ո՛չ թե ձի: