ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 9 37- 49
ՈՎ ՈՐ ՄԵԶԻ ԴԷՄ ՉԷ՝ ՄԵԶԻ ՀԵՏ Է
37 Յովհաննէս Յիսուսին ըսաւ. «Վա՛րդապետ, մէկը տեսանք որ քու անունովդ դեւեր կը հանէր, բայց մեր ետեւէն չի պտըտիր։ Զանիկա արգիլեցինք՝ մեր ետեւէն չպտըտելուն համար։ 38 Յիսուս ըսաւ. «Մի՛ արգիլէք զանիկա, վասն զի մէկը չկայ, որ իմ անունովս հրաշք գործէ ու կարենայ ինծի հայհոյել։ 39 Քանզի ան որ մեզի հակառակ չէ, մեր կողմէն է։ 40 Վասն զի ան որ ձեզի գաւաթ մը ջուր խմցնէ իմ անունովս թէ դուք Քրիստոսինն էք, ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, ‘Անիկա իր վարձքը պիտի չկորսնցնէ’»։
ԳԱՅԹԱԿՂՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ
41 «Եւ ով որ գայթակղեցնէ այս պզտիկներէն մէկը, որ ինծի կը հաւատայ, աւելի աղէկ էր որ ջաղացքի քար մը անոր վզէն կախուէր ու ծովը ձգուէր»։
42 «Եթէ քու ձեռքդ քեզ կը գայթակղեցնէ, կտրէ զանիկա. աղէկ է քեզի պակասաւոր մտնել կեանքը, քան թէ երկու ձեռք ունենալ ու գեհեանը երթալ չմարելու կրակին մէջ, 43 Ուր անոնց որդը չի մեռնիր ու կրակը չի մարիր։ 44 Եթէ քու ոտքդ քեզ կը գայթակղեցնէ, կտրէ զանիկա. աղէկ է քեզի կաղ մտնել կեանքը, քան թէ երկու ոտք ունենալ ու գեհեանը ձգուիլ չմարելու կրակին մէջ, 45 Ուր անոնց որդը չի մեռնիր ու կրակը չի մարիր։ 46 Եթէ քու աչքդ քեզ կը գայթակղեցնէ, հանէ զանիկա. աղէկ է քեզի մէկ աչքով Աստուծոյ թագաւորութիւնը մտնել, քան թէ երկու աչք ունենալ ու կրակին գեհեանը ձգուիլ, 47 Ուր անոնց որդը չի մեռնիր ու կրակը չի մարիր։ 48 Վասն զի ամէն մարդ կրակով պիտի աղուի եւ ամէն զոհ աղով պիտի աղուի։ 49 Աղը աղէկ է, բայց եթէ աղը անհամնայ, ինչո՞վ պիտի համովցնէք. ձեր անձին մէջ աղ ունեցէք եւ իրարու հետ խաղաղութիւն ունեցէք»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ. Երեկվա սերտողությունը ավարտվեց աշակերտների միջև ծագած վեճի լուսաբանմամբ և Տէր Հիսուս նրանց բացատրեց, որ հոգևոր կյանքը տարբեր է աշխարհիկ կյանքից, հոգևոր կյանքում առաքինությունների հասնելու համար որոշակի պայմաններ կան: Աշխարհիկ կյանքում եթե մեկը կամենա առաքինի երևալ մյուսների աչքին, ապա անպայման պետք է կեղծ դերի մեջ մտնի, քանի որ ինքը զուրկ է այդ առաքինությունից: Իսկ հոգևոր կյանքի մեջ այդ տարբերակը մեղք է համարվում և փարիսեցիություն է կոչվում: Երբ մեկը կամենում է երկնքի արքայությունը ժառանգել, ուրեմն երկրի վրա պետք է արժանանա դրան՝ իր գործերով և վարքով:
Այդ ուսուցումից անմիջապես հետո, Հովհաննեսը իր մտահոգությունը հայտնեց Վարդապետին, այն մասին, որ իրենց քարոզության ժամանակ հանդիպել են մեկին, որը Հիսուս Քրիստոսի անունով դևեր էր հանում, սակայն իրենց աշակերտների շրջանակից չէր, և նրան արգելել են դա անելու, քանի որ իրենց հետ չի շրջում: Զարմանալի է մեր Տիրոջ պատասխանը: Արգելք մի՛ եղեք նրան,- ասում է Տէր Հիսուս,- որովհետև չկա՛ մեկը, որ իմ անունով զորավոր գործեր անի, ու կարողանա ինձ հայհոյել: Նաև ավելացնում է, եթե մեկը մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է:
Անշուշտ լավ է, երբ Հիսուս Քրիստոսի անունով զորավոր գործեր կատարողները բոլորը միասին գործեն, միաբան լինեն մեկ մարդու պես, քանի որ իրենց Տէրը մեկ է, և իրենք այդ մեկ Տիրոջ խոսքն են քարոզում: Այստեղ ակամայից հարց է առաջանում: եթե Հիսուս Քրիստոսի անունով է դևեր հանում, ապա ինչո՞ւ չի միանում Հիսուս Քրիստոսին և աշակերտներին: Այս երևույթը առկա է նաև մեր օրերում, և մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոս քարոզող մի քանի տասնյակ կրոնական տարանուն խմբավորումներ, որոնք չեն միանում մայր եկեղեցուն և չեն համախմբվում նրա շուրջ՝ ունենալով մեկ Գլուխ, որ է Տէր Հիսուս Քրիստոս: Ո՛չ ոք չի առարկում այն փաստը, որ հնարավոր է նաև իրենց մոտ էլ կատարվեն բժշկությունները, բուժվեն հիվանդներ, և քարոզվի Ավետարանը և այդ բոլորը արվի Հիսուս Քրիստոսի անունով; Եթե բոլորը Հիսուս Քրիստոսի անունով են գործում և չեն ուզում միավորվել, ուրեմն այլ բան չի մնում մտածելու, քան՝ նախորդ համարում տեղ գտած աշակերտների վիճաբանության թեման, թե՝ Ո՞վ է մեծը: Առաջինը և մեծ լինելու բաղձանքն է, որ թույլ չի տալիս ծառայեն միմյանց Հիսուս Քրիստոսի անունով և ունենան մեկ գլուխ, ինչպես որ Տէր Հիսուս ասաց,- Մեկ հոտ, մեկ Հովիվ;
Միթե այդ նույնը պատճառը չի հանդիսացել, որ այսօր հայ Առաքելական եկեղեցին ունի երկու կաթողիկոսություն՝ իր կաթողիկոսներուվ: Ո՞վ է մեծը: Այս բաժանարար հարցը ծագել է Տէր Հիսուսի ժամանակներից, գնալով աճել ու հասել է մինչև մեր օրեր: Այլապես ինչո՞ւ պետք է Քրիստոս քարոզող քրիստոնեությունը իր մեջ այդչափ բաժանվի ու մասնատվի: Որովհետև մի խմբավորման հովիվը թերություն է փնտրում մյուսի մեջ, մեկը վատաբանում է մյուսին՝ իրեն ճշմարիտ ներկայացնելու համար: Սեփական ես ի պաշտամունքը քրիստոնեությունը մասնատել է դարերով և շարունակում է մասնատել: Իսկ Տէր Հիսուս ասում է, առաջինը թող իրեն վերջին համարի և բոլորի սպասավորը լինի: Մենք առայժմ դա չենք տեսնում, հակառակը՝ միայն ,,առաջիններ,, ենք տեսնում: Կարծես թե բոլորն էլ Քրիստոս են քարոզում, Քրիստոսին չեն հայհոյում, սակայն միմյանց չեն սիրում, չեն համագործակցում և չեմ միավորվում: Իսկ բաժանումը չի կարող կայունացնել որևէ բան: Այս երևույթը արդեն դեմ է առաջին և երկրորդ պատվիրաններին;
Այնուհետև Տէր Հիսուս աշակերտներին պատվողներին մի նվիրական խոստում է տալիս, ասելով,- Եվ ով ձեզ մի բաժակ ջուր տա հանուն այն բանի, որ դուք Քրիստոսին եք, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ իր վարձը չպիտի կորցնի: Մի բաժակ ջուր ասելով կարելի է հասկանալ հոգատարություն իրական իմաստով: եթե մենք Քրիստոսի խոսքը քարոզողի նկատմամբ հոգատար լինենք և ինչպես որ Տէրն է ասում, մի բաժակ ջուր տանք, ապա մեր վարձը չպիտի կորի: Պողոս առաքյալն էլ ունի գեղեցիկ բանաձևում այս համարի վերաբերյալ, որն ասում է,- Եթե ես ձեր հոգևոր կարիքներն եմ հոգում, մե՞ծ բան է որ դուք իմ մարմնավոր կարիքները հոգաք: Հետևաբար Քրիստոսին պատկանող ամեն մարդու հանդեպ մենք պարտավորություն ունենք, եթե նա կարիք ունի որևէ բանի:
Ապա շարունակում է խոսել գայթակղության մասին և չի բացառում, որ լինելու է գայթակղություն և նույնիսկ գայթակղելու են Իրեն հավատացողներին: Եթե այն ժամանակ խոսվում էր գայթակղության մասին, ապա մեր օրերում միայն գայթակղություն է շուրջ բոլորը: Կրոնական կազմակերպությունները նույնպես գայթակղություն են հավատացյալ հոտի համար, քանի որ մարդիկ խաբվում են, հետո հեռանում են, հետո հիասթափվում են և տկարանում են հավատքի մեջ: Գայթակղությունների թիվն այնքան շատ է, որ անհնար է թվարկել: Սկսած հեռուստացույցից, ինտերնետից մինչև գովազդներ: Մեր առաջին գայթակղողը սատանան է իր բոլոր հնարավոր եղանակներով: Գայթակղության մասին խոսելիս, մեր Տէրը խոսում է մեր մարմնի գայթակղեցնող անդամների մասին՝ ձեռք, ոտք, և աչք: Վստահաբար ուղիղ իմաստով չի կարելի հասկանալ այս անդամների օրինակը, քանի որ մի աչքով չի կարելի գայթակղեցնող բան նայել, երկուսով ենք նայում, հետևաբար երկուսն էլ պետք է հանվի և դեն նետվի: Կամ երկու ձեռքերն էլ կարող են գայթակղել, մի՞թե պետք է կտրվի: Նույնը վերաբերում է ոտքերին, չէ՞ որ մի ոտքը միայնակ չի կարող մի տեղ գնալ, անպայման երկուսն են գնում: Եթե այս խոսքերը մենք ուղիղ իմաստով հասկանայինք և ենթարկվեինք Տիրոջ խոսքին, վստահեցնում եմ ձեզ, որ աշխարհի մարդիկ անդամալույծ կլինեին այդ պատճառով: Քանի որ օրվա ընթացքում ոչ թե մեկ, այլ տասնյակ գայթակղություններ ենք ունենում մեր աչքերի ու ականջների պատճառով: Խոսքը ո՛չ թե այդ անդամները հատելու մասին է, այլ՝ այն մեղավոր ցանկությունների, որոնք կատարում ենք այդ անդամներով: Կտրի՛ր և դե՛ն գցիր արտահայտությունը նշանակում է անդամահատություն, այսինքն այդ ցանկությունը այլևս մեզ մոտ չէ, կտրել և մեզնից հեռացրել ենք, քանի որ գիտենք հետևանքի մասին: Իսկ հետևանքը սարսափելի է:
Տէր Հիսուս հստակ խոսում է գեհենի մասին, որտեղ անշեջ կրակ է, որդեր են և այդ կրակը չի մարում երբեք, և ո՛չ դերն էլ չեն մեռնում: Մի՞թե կարելի է մեղքի հաճույքը փոխել Աստծու արքայության փառքի հետ: Տէր Հիսուս ասում է, ավելի լավ է տառապեցեք և ձեզնից հեռացրեք այդ գայթակղությունը, որպեսզի արժանանաք Աստծու արքայությանը, որը նախատեսված է ձեզ համար, և ոչ թե գեհենի կրակը, որը սատանայի և նրա հրեշտակների համար է նախատեսված: Այս տողերը կարդացողները հաճախ շատերն ասում են, որ շատ խի՛ստ է ասված: Այս մարդիկ մոռանում են, որ դրանից առաջ շատ մեղմ կերպով տրվել է-
,,Մի արա,, պատվիրանը և զգուշացվել է հետևանքի մասին; Ինչո՞ւ մեղք գործելիս չենք հիշում պատվիրանը, իսկ պատժվելիս՝ կարծում ենք որ խիստ էր պատիժը:
Այս ուսուցման մեջ Հիսուս Քրիստոս շատ օգտակար օրինակներ է բերում ինչպես իրական իմաստով, այնպես էլ փոխաբերական իմաստով: Բոլոր կրքերից ու գայթակղություններից հեռու մարդը, որն ապրում է Քրիստոսի անվանը հավատարիմ, նման է աղի, որը համեմում է ամեն ինչ, պահպանում է մթերքը փչացումից, մղիչ հատկություն ունի, որը կարող է դուրս մղել մեր վատ ցանկությունները: պահպանել մեր հոգին ապականությունից: Աղը լավ բան է, առանց աղի սնունդը համ չունի: Նույնպես և մարդը նման է աղի, եթե համը չի կորցրել, իսկ եթե աղը կորցնի իր համը, ինչո՞վ պետք է համեմվի:
Եվ մի շատ գեղեցիկ պատվիրանով ավարտում է իր միտքը Տեր Հիսուս Քրիստոս, իսկ Մարկոս ավետարանիչը՝ ավարտում է իններորդ գլուխը: Հիշո՞ւմ եք պատվիրանը, ես ձեզ կարդացի սկզբից: Ահա պատվիրանը՝ ,,Արդ դուք ձեր մեջ աղ ունեցեք և իրար հետ խաղաղությամբ ապրեցեք:
Մարկոսի Ավետարանից իննը գլուխ սերտեցին, բայց ես ձեզ այն հարցը չեմ տվել, որը տալիս էին Մատթևոսի Ավետարանի սերտողության ժամանակ: Հիշո՞ւմ եք հարցը: Մենք պետք է ամեն գլխի ավարտին տեսնեինք, մենք պահո՞ւմ ենք այդ պատվիրանները թե՞ ոչ: Այսօր մեզ հարց տանք, պահո՞ւմ ենք այս վերջին պատվիրանը, որ տվեց Տէր Հիսուս բոլորիս: Եթե Հայաստանի օրինակը վերցնենք, վաղուց է, որ այս պատվիրանից լուր չունեն մարդիկ: Ո՛չ աղ ունենք մեր մեջ, ո՛չ էլ առավել ևս խաղաղությամբ են ապրում միմյանց հետ:
Եթե կլինի մի մարդ, որը կմտածի, որ հայ ժողովուրդը տառապում է այսօր, ապա թող այդ մարդը տեսնի, թե հայ ժողովուրդը որքանով է պարտաճանաչ պատվիրանների կատարման հարցում:
Որքա՞ն համեմող աղ ունի իր մեջ, և որքանով է խաղաղ ապրում իր նմանի հետ;
Սիրելիներ, մեզ համար թանկ է Քրիստոսի ամեն խոսք, սակայն կան մի քանիսը, որոնք պետք է գրել քաղաքի գլխավոր մուտքերի վրա, անճաշակ գովազդների փոխարեն: Լավագույնը, որ կարելի է գրել, սա է,-
Ո՛վ անհավատ սերունդ, մինչև ե՞րբ պիտի ձեզ հանդուրժեմ:
Մենք հոգևոր պատերազմներ չենք մղում մեն անձերի դեմ, դրա համար վրա են հասնում չար պատերազմները և խլում են հազարավոր կյանքեր: Մենք չենք աղոթում, եթե աղոթենք, Աստված մեզնից կհեռացնի պատերազմները: Աղոթքը կանխում է մեղքը, իսկ մեղքը պատերազմ է ծնում: Սիրելիներ, մենք կարող ենք Տէր Հիսուս Քրիստոսի խոսքերով պատասխանել աշակերտների այն հարցին, որ տվեցին Վարդապետին՝ թե ինչո՞ւ մենք չկարողացանք հանել դևը այն տղայից: Ա՛ղ ունեցեք ձեր մեջ, իրար հետ խաղաղությամբ ապրե՛ք և հրաշքները բազում կլինեն ձեր կյանքում: Այս պատասխանը առավել մեզ է վերաբերում, քանի որ աշակերտները համեմող աղ էին աշխարհում, մեկական վառվող ջահ էին մարդկանց մեջ, որ լուսավորեցին իրենց շուրջը, պարարտ հող էին Տիրոջ սերմերի համար և պտուղն էլ մեկի դիմաց հարյուր եղավ:
Ժայռի վրա կառուցած տուն էին, որ հողմերը եկան, գետերը վարարեցին, սակայն նրանց դրած հիմքը չխախտվեց: Մեր եկեղեցին կոչվում է առաքելական, մենք պարտավոր ենք առաքյալներին որպես օրինակ ունենալ մեր կյանքերի մեջ: Մենք Քրիստոնյա ենք կոչվում, պարտավոր ենք սրբությամբ պահել Քրիստոսի անունը և խոսքը: Մենք որպես քրիստոնյաներ, չենք կարողանում մեր մեջ աղի բավարար պարունակություն ունենալ, այդ պատճառով էլ իրավունք չունենք Պողոս առաքյալի պես ասելու,- Քրիստոսի բուրմունքն ենք Աստծու առջև: Այսօր բավարարվենք այսքանով, եթե այսքանը սովորենք այսօր, և պահենք, առավոտյան մեր ժամանակը արդյունավետ անցկացրած կլինենք: Քրիստոսի սերն ու խաղաղությունը ամենքիդ հետ լինեն և ձեր մեջ աղի համը թող երբեք չկորի: Փառք Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը Որդուն և Սուրբ Հոգուն՝ այժմ և հավիտյան:
Հարց. Ինչո՞վ պետք էր հանել խուլ և համր դևը: