ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 9:29- 36
ՅԻՍՈՒՍ ԴԱՐՁԵԱԼ ԻՐ ՄԱՀՈՒԱՆ ՄԱՍԻՆ ԿԸ ԽՕՍԻ
29 Անկէ ելլելով Գալիլիայի մէջէն կ՚անցնէին ու չէր ուզեր որ մէկը գիտնայ։ 30 Վասն զի կը սորվեցնէր իր աշակերտներուն ու կ՚ըսէր անոնց թէ՝ Որդին մարդոյ պիտի մատնուի մարդոց ձեռքը, զանիկա պիտի սպաննեն ու երբ սպաննուի՝ երրորդ օրը յարութիւն պիտի առնէ։ 31 Անոնք չէին հասկնար այն խօսքին իմաստը ու կը վախնային իրեն հարցնելու։
Ո՞Վ Է ՄԵԾԸ
32 Եկաւ Կափառնայում ու երբ տուն մտաւ՝ հարցուց անոնց. «Ի՞նչ վիճաբանութիւն կ՚ընէիք ճամբան իրարու հետ» 33 Անոնք լուռ կեցան, վասն զի ճամբուն մէջ իրարու հետ վիճաբանութիւն կ՚ընէին թէ՝ ո՞վ մեծ է։ 34 Երբ նստաւ, կանչեց տասներկուքը ու ըսաւ անոնց. «Եթէ մէկը կ՚ուզէ առաջին ըլլալ, ամենէն յետինը պէտք է ըլլայ եւ ամենուն սպասաւորը»։ 35 Ու տղայ մը առաւ կայնեցուց անոնց մէջ. ապա իր գիրկը առնելով զանիկա՝ ըսաւ անոնց. 36 «Ով որ այսպիսի տղոցմէ մէկը ընդունի իմ անունովս, զիս կ՚ընդունի եւ ով որ զիս ընդունի, ոչ թէ զիս կ՚ընդունի, հապա զիս ղրկողը»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. երեկ, խուլ համր դևին հանելու հրաշքից հետո, մենք թողեցինք աշակերտներին Տէր Հիսուսի հետ միասին՝ իրենց հարց ու պատասխանի մեջ: Իսկ այսօր դուրս եկան այդ տարածքից, և անցնում են Գալիլիայի միջով դարձյալ զրուցելով; Օրվա հրամայականն այն է, որ Տէր Հիսուս կարողանա իր աշակերտներին հիմնավոր ձևով բացատրել մահվան և հարության կանխասացությունների մասին: Խանգարող հանգամանքները շատ են, ժողովրդի բազմությունը հանգիստ չի տալիս, մյուս կողմից փարիսեցիները անվերջ խոչնդոտներ են ստեղծում, իսկ աշակերտները ի վիճակի չեն այդ կանխասացությունները իր իրական իմաստով հասկանալու: Այսինքն նրանց առանձնանալը այլևս անհնար է դարձել, թե տանը, թե դրսում, թե ժողովարանում: Ո՛ւր որ երևում են, մարդկանց բազմությունը նրանց շրջապատում է և ցանկացած խոսակցություն կարող է անավարտ մնալ, իսկ օրերը մոտենում են՝ փրկագործության ծրագրի իրականացման; Գալիլիայի միջով քայլելու ժամանակ, Վարդապետը նորից խոսեց Իր առաջիկա չարչարանքների մասին, թե ինչպես մարդու Որդին մատնվելու է մարդկանց ձեռքը և նրան սպանելու են, և Նա երրորդ օրը հարություն է առնելու: Զարմանալի է, որ աշակերտները և՛ չէին հասկանում ասածները, և՛ վախենում էին հարց տալ Նրան այդ մասին; Աշակերտները կարծես հայտնվել էին դիվահար երեխայի հոր կարգավիճակում, և կարծես կամենում էին ասել,- հավատում ենք Տէր, օգնիր մեր անհավատությանը, քանի որ չենք հասկանում: Կամ գուցե մտածում էին, որ իրենց Վարդապետը շուտով կդառնա Իսրայելի թագավոր և ո՞վ կլինի Նրա թագավորության մեջ մեծը:
Ամեն ինչի մասին հարց տալիս են, օրինակ մաքուրի և անմաքուրի մասին խոսելիս հարց տվեցին Վարդապետին, քանի որ չէին հասկացել, նույնը դիվահարի վերաբերյալ, թե ինչո՞ւ իրենք չկարողացան հանել դևը: Մի խոսքով շատ հարցեր էին տալիս, սակայն մահվան և հարության մասին չէին համարձակվում հարցեր տալ: Անշուշտ զրույցը տեղի չի ունենա, երբ կողմերից մեկը լուռ է, երբ աշակերտները այդ մասին չեն խոսում և հարցեր չեն տալիս, ապա ասելիքը ավելի է դժվարանում: Իսկ Հիսուս Քրիստոս ամեն անգամ կամենում էր աշակերտներին բացատրել, որ Ինքը չի եկել մարդկանց բժշկելու և հրաշքներ կատարելու համար, որքան էլ որ դա անհրաժեշտ էր հանրությանը և հաճելի աշակերտներին: Աշխարհ գալու նպատակը վեր է այս բոլոր բուժումներից և հատկապես հրաշքներից: Սակայն դժվար էր այս բոլորը հեշտությամբ հրամցնել աշակերտներին, որոնք Իր խոսքի քարոզիչները պիտի լինեին: Իրականում ամեն ինչ ավելի հասկանալի և ըմբռնելի է դառնում գործողությունը տեսնելիս, քան նրա մասին պատմելիս, ինչը եղավ աշակերտների հետ, երբ փորձությունները եկան, նրանք ընկան և վեր կացան ու զորացան այդ փորձություններից և ամեն փորձությունից հետո, հիշեցին Վարդապետի ամեն խոսքը, որ նախապես ասել էր իրենց:
Նկատեց Տէր Հիսուս, որ աշակերտների միջև վեճ է առաջացել, և երբ Կափառնայում եկան, տուն մտնելուց հետո հարցրեց նրանց, թե ի՞նչ բանի մասին են վիճում միմյանց հետ: Աշակերտները անակնկալի եկան, և ամաչեցին, քանի որ Վարդապետի մահվան և հարության աննախադեպ թեման թողած, ճանապարհին վիճում են, թե ո՞վ է իրենցից մեծը: Պարզ մարդկային մտածելակերպ, որը բնորոշ է յուրաքանչյուր մարդուն: Նրանց վեճի թեմայից կարելի է ենթադրել, թե ի՞նչ խոսակցություն է տեղի ունեցել վեճի ընթացքում, այսինքն՝ կամեցել են իմանալ, թե իրենցից ո՞վ է մեծը: Քանի որ Վարդապետը պարբերաբար ասում է, որ իրեն չարչարելու են, սպանելու են և հարություն է առնելու, աշակերտներն էլ մտածում են, թե ո՞վ է լինելու Քրիստոսի հաստատած թագավորության մեջ մեծը: Մարմնավոր մտածումները չեն լքում աշակերտներին նույնիսկ Աստծու հետ քայլելու ժամանակ, այդ Զորությունը ամեն օր տեսնելուց հետո: Հավանաբար ժամանակ էր պետք դրան հասնելու համար, ինչպես որ ամեն քրիստոնյա մկրտությունից հետո այդ հասունացման ճանապարհն է անցնում: Սա հավերժական հարց է, թե ո՞վ է մեծը: Ո՞վ է առաջին դեմքը, ով է նրա տեղակալը: Ո՞վ է առաջին Տիկինը, Ով է նրա սպասավորը: Քանի՞ տեղակալ ունի, տեղակալները քանի՞ տեղակալ ունեն և այլն; Միայն այսօրվա պաշտոնատար անձանց տիտղոսները արդեն խոսում ենք այն մասին, որ այդ տիտղոսավորները այս պատվիրանից հեռու են հազարավոր մղոններով: Իսկ պարզ մարդիկ օգնություն են ակնկալում այսպիսիներից, ծառայություն են ակնկալում, պատվիրանի կատարում են ակնկալում:Դրա համար է քաոս տիրում ամեն տեղ՝ պատվիրանազանցության պատճառով:
Տէր Հիսուս նորից կանչեց տասներկուսին, և սկսեց նորից բացատրել մեծ լինելու գաղտնիքը, ասելով,- Եթե մեկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջինը և բոլորի սպասավորը պետք է լինի: Այս միտքը Ավետարանի թերևս ամենաանիրականանալի, ամենաչհասկացված, և ամենից քիչ իրագործվող պատվիրանն է: Այս պատվիրանը չի գործում նույնիսկ եկեղեցու ներսում, որտեղ քարոզում են այս պատվիրանի խորհրդի մասին: Ո՛չ մի անգամ Տէր Հիսուս չասաց, թո՛ղ Պետրոսը լինի ձեզնից մեծը, քանի որ համարձակ է, Նույնիսկ հետագայում չկամեցավ, որ Պողոսը լինի, քանի որ կրթված է, այլ ուզում էր, որ միմյանց սիրեն, ո՛չ թե իշխեն: Երկրի վրա միմյանց ծառայեն, որպեսզի հավիտենականությունը ժառանգեն, քանի որ երկնքի արքայությունում մեծ ու փոքր չկա, բոլոր հավասար են Տիրոջ առջև և բոլորը փառաբանում են Աստծուն: Այս օրինակի վերաբերյալ ես ձեզ մի առակ եմ պատմել նախկինում, բայց նորից կպատմեմ, քանի շատ խրատական է և մարգարեական: Հրեա վարդապետներից մեկի զավակը կլինիկական մահ է ունենում և ժամանակ անց կենդանանում է: Բնական է, որ վարդապետը առաջին հարցը տալու էր այն մասին, թե ի՞նչ է տեսել այնտեղ: Որդին պատմում է հորը, որ տեսել է այս աշխարհը, ուղղակի գլխիվայր շրջված, այսինքն նա, ով այստեղ իշխան էր, այնտեղ սպասավոր էր, ով այստեղ ծառա էր, այնտեղ տէր էր: Հայրը որդուն ասում է,- դու իրական պատկերն ես տեսել աշխարհի:
Տէր Հիսուս դա էր բացատրում աշակերտներին, որ եթե ուզում եք հավիտենականության մեջ մեծ լինել, այստեղ պետք է ծառայեք բոլորին: Աշխարհը ընկավ հպարտության պատճառով, հրեշտակները ընկան հպարտության պատճառով, մարդիկ հետևեցին ընկած հրեշտակներին և իրենք էլ ընկան հպարտության մեջ և ուզեցին Աստծուն նմանվել: Աստծուն նորից վերադառնալու համար պետք է հակառակ գործողությունը անել, խոնարհվել, ծառայել, ու չհպարտանալ: Որպեսզի առողջանալ հոգևորապես, և հեռանալ հպարտությունից, Տէր Հիսուս ասում է անձդ խոնարհեցրու և ծառայիր բոլորին, ո՛չ թե բոլորին երկրպագել տուր քո անձին, որը մահացու մեղք է: ,, Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել,, արտահայտությունը միակ ճանապարհն է Տիրոջ այդ պատվիրանի կատարման, եթե իհարկե փարիսեցիների նման փողոցներում ցուցադրաբար չհարցնենք, թե ո՞րն է իմ պարտականությունը: Այս պատվիրանը մի քիչ նման է ընտանիքի մոր պարտականությանը, որ ծառայում է բոլորին և երբեք չի նեղսրտում, որ կռանալով կապում է երեխայի կոշիկը, անկողնում խնամում է հիվանդ պապիկին, սիրով սպասում է ամուսնուն և այդ բոլոր անում է Քրիստոսի սիրուց մղված՝ և այս պատվիրանը հասկացած:
Այնուհետև Տէրը մի երեխա է կանգնեցնում նրանց միջև, և ասում,- ով այսպիսի մանուկներից մեկին ընդունում է Իմ անունով, Ինձ է ընդունում, և ով Ինձ է ընդունում, ընդունում է Նրան, ով Ինձ ուղարկեց:
Եթե ընդունենք, որ երեխան որպես հավաքական կերպարն է այն մարդկանց, որոնք խնամքի կարիք ունեն, կախում ունեն իրենցից ավելի զորեղներից, կամ օգնության կարիք ունեն հասարակությունից, ապա եթե այսպիսի մեկին եք ընդունում, և դա անում եք Հիսուս Քրիստոսի անունով, ուրեմն ընդունում եք և՛ Հիսուս Քրիստոսին և Նրան ուղարկողին; Նաև մեկ այլ խորհուրդ կա երեխայի օրինակի մեջ: Երեխան լսում և հնազանդվում է իր ծնողներին, հավատում է նրանց խոսքին՝ իր ազնվության պատճառով;
Ժամանակակից մարդկանց օգնության ձևն էլ այսպես չէ: Միշտ չէ, որ օգնում են նրան, որը կարիքի մեջ է,հատկապես՝ միշտ չէ, որ օգնում են Հիսուս Քրիստոսի անունով: Եթե մենք էլ փոխենք մեր օգնության այս եղանակը, մեր նկատմամբ կփոխվի Աստծու ողորմությունը: Երբ մենք մերժում ենք մեզ դիմող մեկին՝ անհիմն պատճառով, այդ մեկը անպատասխան չի մնում Աստծու կողմից, ուղղակի մենք ենք զրկվում երկնային վարձից: Աստված նրա համար մեկ այլ կամեցող հոգի է գտնում: Սակայն սա չի նշանակում, որ մենք փակ աչքերով պետք է բարեգործ լինենք: Այս պատվիրանն էլ իրական իմաստով պետք է հասկանանք, քանի որ մեկ այլ տեղում, ողորմության մասին խոսելիս ասում է,- թող քո ողորմությունը քո ձեռքի մեջ քրտնի, մինչև իմանաս, թե ո՞ւմ ես տալու: Հետևաբար մենք պետք է իմանանք ո՛ւմ ենք օգնում, և հատկապես ի՞նչի համար ենք օգնում, չանտեսելով ո՛չ մեկին;
Կա նաև օգնության մեկ այլ՝ անընդունելի տարբերակ, երբ կարիքավորին օգնում ենք, և սկսում ենք նրան բացատրել, որ, եթե ժամանակին սովորեիր, հիմա աշխատանք կունենայիր, կամ եթե տունդ գրավ չդնեիր, հիմա անտուն չէիր լինի և այլ նմանատիպ հանդիմանություններ: Եթե կարող ենք օգնել, օգնենք առանց հանդիմանությունների և հատկապես Հիսուս Քրիստոսի անունով, ո՛չ թե բարերար երևալու այդ մարդկանց աչքին: Սիրելիներ միայն աշակերտների մեջ չի կայացել այդ վեճը, այդ վեճը կա այսօր, և մեր աչքի առջև է ամենօրյա հայաստանյան վիճաբանությունները, թե ո՞վ է իրենցից առաջինը: Քանի որ բոլորը իրենց առաջին են կարծում, հետևաբար այդ վեճը չի դադարում, և գնալով ավելի է սրվում: Եվս մեկ զուգահեռ կարող ենք անցկացնել այստեղ: Նախորդ օրը աշակերտները չկարողացան պիղծ դևը հանել հիվանդ տղայից, իրենց հավատի պակասի պատճառով: Այսօր վիճում են թե ո՞վ է մեծը: Հայաստանի իշխանության պարագան էլ նույնն է, բոլորի իշխանության ժամանակ վատ է եղել, այսօր նորից ուզում են իմանալ, թե ո՞վ է առաջինը: Իսկ ո՞ւր են գործերը, որոնք պետք է լուռ ապացուցեին, թե ո՞վ է առաջինը: Ահա թե ի՛նչ է նշանակում չկարդալ Աստվածաշունչ: Կամ կարդալ և չհասկանալ, կամ հասկանալ, ուղղակի հպարտության գահը չզիջել ինքնաերկրպագության պատճառով;
Իսկ Տեր Հիսուս սրանցից ո՛չ մեկին առաջին չի համարում, քանի որ չեն ծառայում բոլորին, իսկ ով ծառայում է մարդկանց, նա այդ ցուցակի մեջ չէ, որովհետև գիտե պատվիրանը: Թող Ամենակարող Աստված տա Իր անաչառ գնահատականը և դուրս բերի մեր ազգի միջից մի ,,առաջին,, որը կծառայի բոլորին: Կճանաչի Աստծուն՝ ո՛չ թե շրթներով, այլ՝ սրտով: Ավարտենք մեր սերտողությունն այստեղ, և անհամբեր սպասենք վաղվա հետաքրքիր հանդիպմանը, դարձյալ մեր Տիրոջից մի բան սովորելու ակնկալիքով:
Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը, խոնարհությունը և ծառայասիրությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն, և Նրան՝ որը հեզ է և խոնարհ՝ սրտով, փառք հավիտյանս հավիտենից:
Հարց. Ինչո՞ւ էին վախենում հարցնել Հիսուսից մահվան և հարության մասին: