ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 9:13-28
ՅԻՍՈՒՍ ՉԱՐ ՈԳԻ ՈՒՆԵՑՈՂ ՏՂԱՅ ՄԸ ԿԸ ԲԺՇԿԷ
13 Աշակերտներուն քովը գալով՝ տեսաւ շատ ժողովուրդ անոնց բոլորտիքը եւ դպիրներ, որ վիճաբանութիւն կ՚ընէին անոնց հետ։ 14 Բոլոր ժողովուրդը, երբ տեսան զանիկա, խիստ զարմացան ու առաջ վազելով բարեւ կու տային անոր։ 15 Յիսուս հարցուց դպիրներուն. «Ի՞նչ վիճաբանութիւն կ՚ընէիք անոնց հետ»։ 16 Ժողովուրդէն մէկը պատասխան տալով՝ ըսաւ. «Վա՛րդապետ, իմ որդիս քեզի բերի, որ համր ոգի ունի։ 17 Ուր որ անոր հասնի, զանիկա գետինը կը զարնէ, ան ալ կը փրփրի եւ իր ակռաները կը կրճտէ ու կը ցամքի։ Քու աշակերտներուդ բերի որ զանիկա հանեն ու չկրցան»։ 18 Պատասխան տուաւ անոնց ու ըսաւ. «Ով անհաւատ ազգ, մինչեւ ե՞րբ ձեզի հետ պիտի ըլլամ, մինչեւ ե՞րբ ձեզի պիտի համբերեմ. ինծի բերէք զանիկա»։ 19 Զանիկա բերին իրեն. երբ տղան տեսաւ Յիսուսը, շուտ մը չար ոգին ցնցեց զանիկա որը գետին ինկաւ, թաւալեցաւ ու փրփրեցաւ։ 20 Յիսուս հարցուց անոր հօրը ու ըսաւ. «Ո՞րչափ ատեն է որ այդ բանը ատոր եղաւ»։ Անիկա ըսաւ. «Տղայութենէն ի վեր։ 21 Շատ անգամ կրակի ու ջուրի մէջ կը նետէ ատիկա՝ որպէս զի կորսնցնէ. բայց եթէ կարողութիւն մը ունիս՝ օգնէ մեզի, խղճալով մեր վրայ»։ 22 Յիսուս ըսաւ անոր. «Եթէ կրնաս հաւատալ։ Ամէն բան կարելի է անոր՝ որ կը հաւատայ»։ 23 Տղուն հայրը աղաղակեց ու արցունքով ըսաւ. «Կը հաւատամ, Տէ՛ր, օգնէ իմ անհաւատութեանս»։ 24 Յիսուս, երբ տեսաւ որ ժողովուրդը վրան կը դիզուի, սաստեց պիղծ ոգիին ու ըսաւ անոր. «Համր ու խուլ ոգի, կը հրամայեմ քեզի, ելի՛ր ատկէ, ու մէյմըն ալ չմտնես ատոր ներսը»։ 25 Ոգին կանչուըռտելով՝ սաստիկ ցնցեց զանիկա ու ելաւ. եւ տղան մեռելի պէս եղաւ, այնպէս որ շատեր ըսին թէ «Մեռաւ»։ 26 Իսկ Յիսուս անոր ձեռքէն բռնելով վերցուց զանիկա։ Ան ալ կայնեցաւ։ 27 Ու երբ ինք տուն մտաւ, իր աշակերտները առանձինն հարցուցին իրեն՝ ըսելով. «Մենք ինչո՞ւ չկրցանք հանել զանիկա»։ 28 Ըսաւ անոնց. «Այդ տեսակը կարելի չէ ուրիշ բանով մը հանել, բայց միայն աղօթքով ու ծոմապահութեամբ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ, Իրադարձությունները Ավետարանում գնալով ավելի սրվում են, կանխասացությունները իրականանում են, մարգարեությունները մեկը մյուսի հետևից ի հայտ են գալիս: Իջան լեռից Տէր Հիսուս և երեք աշակերտները, որոնք Նրա հետ լեռ էին բարձրացել: Երեք աշակերտները լեռան վրա տեսել էին իրենց տեսած հրաշքներից առավել զորավոր մի հրաշք, սակայն պատվեր էին ստացել լռել այդ մասին, մինչև Տիրոջ հարություն առնելը: Թեպետ չէին հասկանում ի՞նչ է հարությունը և դեռ որքան պիտի լռեն մինչև այդ հարությունը, սակայն պահեցին գաղտնիքը՝ Տիրոջ պայծառակերպության: Հիսուս հեռվից նկատեց, որ աշակերտների և օրենսգետների միջև վեճ է բռնկվել: Հավաքված ժողովուրդը ընդառաջ գնաց Հիսուսին և աշակերտներին՝ ողջունելով նրանց;
-Ինչի՞ մասին էիք վիճում նրանց հետ, - հարցրեց Տէր Հիսուս աշակերտներին: Մինչ աշակերտները կպատասխանեին, բազմությունից մեջտեղ եկավ մի մարդ, որի զավակը բռնված էր չար ոգուց; Պատմեց, որ աշակերտները չկարողացան օգնել իր որդուն: Հիմա արդեն պետք չէ հարցնել, թե ինչո՞ւ էին վիճում օրենսգետների հետ, քանի որ երեխայի հոր խոսակցությունից հասկանալի է, որ աշակերտները չեն կարողացել օգնել իր երեխային, իսկ օրենսգետները առիթը բաց չեն թողել, որպեսզի ծաղրեն աշակերտներին՝ իրենց անկարողության համար: Դրա համար նրանց միջև վեճ էր առաջացել: Օրենսգետները վախենում էին նման հարցեր տալ Հիսուսին, որովհետև Նրա պատասխանները մերկացնում էր իրենց: Մենք մեկ այլ օրինակ էլ հանդիպեցինք հեթանոս դիվահարի, և հիշում ենք, թե պիղծ ոգին ի՛նչ տանջանքների մեջ էր պահում տղային: Նույնը այս տղայի վիճակն է, որին չար ոգին գետին է զարկում ուր որ պատահի, ատամներն է կրճտացնում և անշունչ վիճակում չորանում մնում էր: Բոլոր գանգատները լսելուց հետո Տէր Հիսուս արտահայտում է Իր մտահոգությունը ժողովրդի անհավատության վերաբերյալ, ասելով,- Մինչև ե՞րբ պետք է ձեզ հետ լինեմ, մինչև ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ,- բերե՛ք նրան ինձ մոտ: Իրապես այդքան բուժումներ և հրաշքները տեսնելուց հետո դեռ ժողովրդի մոտ նկատվում է հավատի պակաս և թերահավատություն: Ինչպե՛ս մյուս դեպքերում, այս դեպքում էլ չար ոգին երբ տեսավ Հիսուս Քրիստոսին, սարսափից ցնցեց տղային և գետին զարկեց ու տղան թավալվում և փրփրում էր: Պարզվեց, որ տղան դեռ մանկությունից է այդ վիճակում, և չար դևը նրա հետ վարվել է ինչպես որ կամեցել է, և չի եղել մեկը, որ օգնի նրան:
Հավանաբար հուսահատությունից մղված հայրը որդու համար խնդրում է Տէր Հիսուսին, ասելով,- Եթե մի կերպ կարող ես, օգնիր մեզ, Տէր՝ գթալով: Ինչո՞ւ վստահ չէր ասում Հիսուսին, որ դևը հանի, այլ ասում էր, եթե կարո՛ղ ես; Քանի որ Հիսուսի մասին ժողովրդի մեջ լուր էր տարածվել , որ իբրև՝ Եղիան է, Հովհաննես Մկրտիչն է, մարգարե մարդ է: Իսկ այս մարդը բավարար հավատք չունենալով համենայնդեպս բերել էր իր տղային կարծեցյալ մարգարեի մոտ, և ասում է, եթե կարո՛ղ ես, մի կերպով օգնիր:
Եթե այս մարդուն համեմատենք օրենսգետների հետ, որոնք տասնյակ հրաշքներ ու բժշկություններ էին տեսել Հիսուսից և չէին հավատում, ապա այս մարդու դիմելաձևը ամենևին էլ զարմանալի չէր, քանի որ ո՛չ տեսել էր, ո՛չ էլ գիտեր ո՞վ է իր առջև կանգնածը: ,,Եթե կարող ես,, արտահայտությունը Տէր Հիսուսի մոտ հետաքրքրություն առաջացրեց հոր հավատքի վերաբերյալ: Կարծես կամեցավ ասել, թե՝ դու իմ կարողության վրա ես կասկածում, իսկ ինչպիսի՞ն է քո՛ հավատը, և շարունակելով ասաց,- ամեն ինչ հնարավոր է նրա՛ համար, ով հավատում է: Տէր Հիսուսի այս մեկնաբանությունը հիմնավոր կերպով պատասխանում է բոլոր ժամանակներում՝ աշխարհում հնչող բոլոր նմանատիպ հարցերին՝ այլևս սակարկելու տեղ չթողնելով: Այսինքն՝ եթե հավատում ես, անհնար ոչինչ չկա՛:
Հիվանդի հայրը մնաց այդ անելանելի վիճակում և միանգամից կողմնորոշվեց՝ իր ասելիքը ձևակերպելու մեջ, ասելով,- Հա՛վատում եմ, օգնի՛ր իմ անհավատությանը: Թեպետ ակամայից դուրս թռան այս բառերը նրա բերանից, սակայն որքան հստակ ձևակերպում է այսօր՝ բոլորիս համար: Ո՞ւմ հետ չի պատահել այսպիսի իրավիճակ, երբ դիմում ենք Աստծուն, սակայն այդքան էլ վստահ չենք, որ կլինի մեր խնդրանքը: Ուղղակի մենք չունենք այս ազնվությունը որ բարձրաձայնենք այդ մասին: Մեր ունեցած փոքր հավատի շնորհիվ չէ՞, որ մենք չենք կարողանում ազատվել մեր մեղքերից, չար մտածումներից, չար խոսակցություններից, բամբասանքից և տասնյակ փոքր ու մեծ մեղքերից:
Ժողովրդի բազմության իրարանցումը տեսնելով, Վարդապետը սաստեց պիղծ ոգուն՝ ասելով,- Դո՛ւ, համր և խուլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դո՛ւրս ելիր նրանից և այլևս չմտնես դրա մեջ: Չար ոգին ճչաց և ուժգին ցնցելով տղային դուրս ելավ և պատանին մեռելի պես եղավ, և մարդիկ կարծեցին, թե մեռավ: Սակայն Տէրը բռնեց նրա ձեռքից և նա ոտքի կանգնեց: Տեսեք սիրելիներ, Տէր Հիսուս բավական չէ հրամայեց, որ պիղծ դևը դուրս գա տղայից, նաև հրամայեց, որ այլևս չմտնի նրա մեջ, ինչը չլսեցինք նախորդ հեթանոս դիվահարի պարագային: Դիվահարի հոր ազնիվ պատասխանը գոհացրեց Հիսուս Քրիստոսին, և չկամեցավ, որ այլևս հայր ու որդի զգան այդ սոսկալի ցավերը, և նրան մեկընդմիշտ ազատեց դիվահարությունից:
Սիրելիներ, դուք ուշադիր եղա՞ք, որ Տէր Հիսուս պիղծ ոգու հետ խոսելիս, նրան ասաց խո՛ւլ և հա՛մր: Մենք գիտենք, որ խուլ և համրը չի լսում նո՛ւյնիսկ գոռացողին, իսկ այս պարագայում լսեց և ենթարկվեց Տիրոջը: Այս հարցն էլ մեզ համար հստակ դարձավ, թե ինչո՞ւ աշակերտները չէին կարողացել հանել այս պիղծ ոգուն, քանի որ չգիտեին, որ խո՛ւլ համար կարող է լինել դևը, և չլսել: Իսկ աշակերտները դեռ հոգևոր այն աստիճանի վրա չէին, որ այդ զորությունը ունենային իմանալու համար, թե պիղծ ոգին համր է: Ամեն դեպքում իրենց համար էլ հարցական մնաց, թե ինչո՞ւ իրենք չկարողացան հանել մինչև վարդապետի գալը:
Երբ այդտեղից տուն եկան, աշակերտները առանձին հարցրին Հիսուսին, թե ինչո՞ւ իրենք չկարողացան հանել այդ պիղծ ոգուն: Եվ Նա նրանց ասաց, ,,Այս տեսակ դևը ուրիշ բանով չի ելնի, եթե ո՛չ ծոմապահությամբ և աղոթքով: Աշակերտների սկսնակ հավատքը բավական չէր, որ դևը դուրս գար: Հատկապես, որ աշակերտներն էլ չգիտեին, որ դևը խուլ է: Աղոթքի ու ծոմապահության զորության մասին է նաև ակնարկում Հիսուս Քրիստոս, թե ի՛նչ կարող է անել աղոթքն ու ծոմապահությունը, որպեսզի աշակերտները զգան իրենց զորության տկարությունը: Քանի որ Տէր Հիսուս ո՛չ աղոթք արեց, ո՛չ էլ ծոմ պահեց խուլ ու համր դևը հանելու համար, այլ միայն հրամայեց դուրս գալ, քանի որ դևերը ճանաչում և հնազանդվում Հիսուս Քրիստոսին;
Սիրելիներ, ի՞նչ է այս հրաշքից մեր դասը, եթե մեր մեջ դև չկա, կամ մենք պարտավորություն չունենք որևէ մեկից դև հանելու: Մեր դասը մեր անհավատությունն է, որը պետք է զորացնենք աղոթքով ու պահքով, ծոմապահությամբ և զղջումով: Այս հանդիպման ժամանակ Հիսուս ժողովրդին ասաց, անհավա՛տ սերունդ, մինչև ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ: Այս խոսքերը նշանակում են, որ Տէր Հիսուսի բացակայության ժամանակ էլ կարելի հանել դևեր, եթե հասուն հավատք լինի, աղոթք ու պահք լինի: Այստեղ աշակերտները չկարողացան հանել դևը, չնայած, որ Տէր Հիսուս նրանց իշխանություն էր տվել դևեր հանելու: Սակայն հավատի պակասի պատճառով չկարողացան հանել: Իսկ մեր Տիրոջ Համբարձումից հետո, կարդում ենք, որ աշակերտները Տէր Հիսուսի անունով արդեն հանում էին դևեր և կատարում էին բազում բժշկությունները: Հետևաբար կարելի է ասել, որ իշխանություն ստանալ Աստծուց և հավատք չունենալ, կամ չզորացնել հավատքը, ապա միայն իշխանությունը առանց հավատքի չի բժշկի հիվանդին: Նախորդ գլխում տեսանք, որ այդ երեք աշակերտներին, որոնք Տիրոջ հետ լեռը բարձրացան, րոպեական տեսիլք տրվեց և նրանք արժանացան տեսնելու Եղիային և Մովսեսին: Սակայն վերցվեց նրանցից շատ շուտ, քանի որ նրանք առայժմ պատրաստ չէին այդ զորությունը նպատակային օգտագործել:
Մենք այս հրաշքի ժամանակ ևս մի ուշագրավ փաստ տեսանք: Տէր Հիսուս ամենևին ջանք և ուժ չգործադրեց պիղծ դևին հանելու ժամանակ, այլ՝ միայն հրամայեց և դևը դուրս ելավ տղայից: Նույն կերպ հետագայում վարվում էին աշակերտները՝ այսպիսի դեպքերի ժամանակ:
Իսկ մենք ֆիլմերում, կամ աղանդավորական կազմակերպությունների տեսանյութերի մեջ հանդիպում ենք դիվահալածման այնպիսի մեծ ճիգերի, գոռոցների, բռնությունների և սարսափելի վայրագությունների, որ երբեմն մտածում ենք, ավելի լավ է հիվանդը դևի հետ ապրի, քան այսպիսի բռնի գործողությունների ականատես լինի: Հետևաբար մենք ամեն պատահական մարդու իրավունք չունենք դիմելու նման հարցերով, քանի որ այդ գուշակները չար դևերի ազդեցության տակ են, և նրանց վերջը ավելի վատ է լինում քան դիվահարի, որին իբրև բուժում են:
Սիրելիներ, Ավետարանում առակ լինի, թե՝ հրաշք, մարգարեություն լինի, թե՝ պատվիրան, մեր անելիքը մեկն է, հավատալ, կարդալ, հասկանալ և գործածել կարդացածը առօրյա կյանքում; Կգա ժամանակ, երբ ամեն ինչ կբաժանվի իրարից, ինչպես Ավետարանն է ասում, այծերն ու ոչխարները կզատվեն իրարից:
Մենք այսօր ապրում ենք մի աշխարհում, որտեղ ամեն բան խառն է, բարին և չարը, արդարն ու անարդարը, կեղծավորն ու շիտակը, ճշմարտությունն ու կեղծիքը, բարոյականությունն ու անբարոյականությունը և այլն; Նույն վիճակում է նաև այն երկիրը, որի մեջ ապրում ենք; Կարելի է ասել նույն վիճակում է մեր հոգին, նույնիսկ մեր անձերի մեջ ապրում է հինն ու նորը, սուտն ու ճիշտը: Սակայն Տիրոջ Երկրորդ Գալուստի այսպես չի լինելու, այլ պետք է զատվեն մաքուրն ու անմաքուրը: Ճշմարտությունը մեզնից թաքնված չէ, մեզ անհասանելի չէ, մեր ժամանակը անսահմանափակ չէ: Եթե նույնիսկ Երկրորդ Գալուստն ուշանա, մեր կյանքի ժամանակը սահմանափակ է, և որից հետո ոչինչ փոխել հնարավոր չէ: Մե՛զ ճանաչելու համար է տրված մեր կյանքը, որպեսզի հանկարծ չհայտնվենք այնտեղ, որը Աստված մեզ համար չէր նախատեսել: Մեր սխալն այն է, որ միշտ հայտնվում ենք այնտեղ, որը մեզ համար չէ նախատեսված: Դժոխքը մարդկանց համար չէ նախատեսված, այլ՝ սատանայի և իր հրեշտակների համար: Իսկ արդարների համար հավիտենական կյանք է պատրաստված:
Մենք իրավունք չունենք ասելու, թե աշխարհի վախճանը մեզնից կախված չէ: Եթե ապրում ենք այս հողի վրա, ուրեմն Աստված է նախախնամել է, որպեսզի գոնե մեկ հոգու օգտակար լինենք: Այսօրվա հրաշքի պատգամը մեզ՝ մեր ունեցած հավատքի անհավատությունն է, որը պետք է ավելացնենք Տիրոջ ողորմությամբ: Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն, և Նրան փառք հավիտյան:
Հարց. Ինչո՞ւ միայն երեք աշակերտներին տարավ Իր հետ լեռ՝ պայծառակերպվելու առիթով..
Աղոթք
Հայր Ամենակալ, Քո Միածին Որդուն ուղարկեցիր պատարագվելու մարդկության փրկության համար, և երկնքից լսվեց Քո ձայնը, թե՝ Դա՛ է իմ սիրելի Որդին, որին պետք է լսեք: Սուրբ Հոգիդ աղավնակերպ իջավ Նրա վրա հաստատելու Քո խոսքը, և Աստծո Գառը կամավոր գնաց մորթվելու: Մարդկությունը նույնն է ինչպես Եղիա Մարգարեի օրոք, ինչպես Հովնան Մարգարեի օրոք և մինչև մեր օրերը: Թագավոր Երկնավոր, Դու արտոնեցիր Եղիա մարգարեին, որ կապի երկինքը և անձրև չտեղա: Դու չա՛րտոնեցիր Հովնան Մարգարեին, որ փախչի Քո երեսից և Նինվե մեծ քաղաքը կործանվի: Բոլոր միջոցները գործածեցիր մարդու դարձի և փրկության համար: Դա՛տ արա այսօր նաև մե՛զ համար: Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ ընդունիր Քեզ երկրպագողների աղաչանքը, որոնք հաղորդակից են Քո Սուրբ Որդու հետ: Ամենազոր Աստված, արդյոք սրբերից որի՞ն արտոնեցիր Եղիայի նման, որ մեր մեղքերի պատճառով փակի մեր ապաշխարության դռները, և մենք չտեսնենք Քո ողորմությունը, խլացնի մեր ականջները և մենք չլսենք Քո երանավետ խոսքը: Արդյո՞ք Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներին, որ Հայաստան բերեցին Քո Լույսը: Թե՞ Սուրբ Գրիգոր Լուսավորչին, որ մեր ազգը քրիստոնյա դարձրեց: Որի՞ն արտոնեցիր, որի՞ն խնդրենք ու աղաչենք, որ անձրև տեղացնի մեր ցամաքած հոգիներին, հոգևոր երաշտի ենթարկված մեր սրտերին: Որի՞ն խնդրենք, ցո՛ւյց տուր մեզ, Տէ՛ր, ահա կորչում ենք մենք; Քո խաղաղությունը, որ վեր է մեր մտքից ու մտածումից, Տէ՛ր, ամրացրու մեզ, աներկյուղ պահիր մեզ չարի նկատմամբ: Քեզ հոգով երկրպագողների հավատքն ավելացրու, հույսը հաստատիր և սերը նորոգիր: Ամենասուրբ Երրորդությանդ երկրպագություն, իշխանություն, զորություն և փառք Հավիտյաններում: Տէ՛ր ողորմեա, Տէ՛ր ողորմեա, Տէ՛ր ողորմեա: