ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 10:1-12
ՅԻՍՈՒՍ ԱՊԱՀԱՐԶԱՆԻ ՄԱՍԻՆ ԿԸ ԽՕՍԻ
1 Անկէ ելլելով՝ Հրէաստանի սահմանները գնաց՝ Յորդանանի անդիի կողմէն։ Նորէն ժողովուրդը անոր քով կը ժողվուէին եւ ինչպէս սովորութիւն ունէր, դարձեալ կը սորվեցնէր անոնց։ 2 Փարիսեցիները քովը եկան եւ զանիկա փորձելով՝ կը հարցնէին անոր թէ «Արժա՞ն է որ այրը իր կինը արձակէ»։ 3 Անիկա պատասխան տուաւ անոնց ու ըսաւ. «Մովսէս ձեզի ի՞նչ պատուիրեց»։ 4 Անոնք ըսին. «Մովսէս հրաման տուաւ արձակման գիր գրել ու արձակել»։ 5 Յիսուս պատասխան տալով՝ անոնց ըսաւ. «Ձեր սրտին կարծրութեանը համար գրեց ձեզի այդ պատուէրը. 6 Բայց ստեղծագործութեան սկիզբէն Աստուած զանոնք արու եւ էգ ըրաւ», ու ըսաւ. 7 «Ասոր համար մարդ իր հայրը ու մայրը պիտի ձգէ եւ իր կնոջ պիտի յարի 8 Ու երկուքը մէկ մարմին պիտի ըլլան. ուստի ա՛լ երկու չեն, հապա մէկ մարմին։ 9 Ուրեմն զայն որ Աստուած միաւորեց, մարդ թող չզատէ»։ 10 Եւ տունը իր աշակերտները նորէն նոյն բանը հարցուցին իրեն։ 11 Ըսաւ անոնց. «Ով որ իր կինը արձակէ եւ ուրիշ մը առնէ, անոր դէմ շնութիւն կ՚ընէ։ 12 Ու կին մը եթէ իր էրիկէն զատուի եւ ուրիշ էրիկ մը առնէ, շնութիւն կ՚ընէ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի ներկաներ և ուղիղ եթերից հետո բոլոր միացողներ. Աստծու կամքով այսօր սկսում ենք Մարկոսի Ավետարանի տասներորդ գլխի առաջին մասը և տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոս թողնում է Գալիլիայի սահմանները և գնում է Հորդանանի մյուս կողմը, որտեղ ժողովուրդը Նրան դիմավորում է նույն խանդավառությամբ, և Ինքն Իր սովորության համաձայն Իր անսպառ աղբյուրից հագեցնում է նրանց պապակ մտքերը: Այս անգամ Նրան փորձելու են գալիս այդ տարածաշրջանի փարիսեցիները՝ հերթական ստուգողական հարցով, որի պատասխանը իրենք պարտավոր են իմանալ և նաև գիտեն;
Գիտե՞ք, թե հրեաները ինչպես են մեկնաբանում փարիսեցիների այս արարքը: Ասում են, որ փարիսեցիները վատ նպատակով չէ, որ գալլիս են և հարցեր են տալիս Քրիստոսին, ամենևին գայթակղություն և փորձություն չէ նրանց արածը, այլ կամենում են իմանալ արդյոք իրավունք ունի՞ կամ այդ ի՞նչ իշխանություն է, որով հրաշքներ է անում, քանի որ այդ ժամանակ կեղծ մարգարեներ շատ կային:
Սիրելիներ, ինչպես որ փարիսեցիների մոտեցումն էր աննպատակ, այնպես էլ նրանց պաշտպանողների մեկնաբանություններն են աննպատակ: Քանի որ փարիսեցիներին և օրենքի ուսուցիչներին էր վերապահված Մովսեսի օրենքի ուսուցումը, և քահանայապետը նստած էր Մովսեսի աթոռի վրա և կառավարում էր հոգևոր ոլորտը: Հարկ էր որ նախ՝ իրենք իմանային բոլոր մարգարեությունները Քրիստոսի մասին և Քրիստոսի բոլոր գործողությունները բխած մարգարեություններից: Հետևաբար իրենք պարտականություն ունեին զատելու կեղծ մարգարեին՝ Հիսուս Քրիստոսից: Բացի դրանից նրանց ուղղված հարցերից պարզ է դառնում, թե ի՞նչ նպատակով են տալիս հարցը: Իսկ մենք այսօր կարող ենք այսպիսի հարց ուղղել նրանց, որոնք փորձում են պաշտպանել փարիսեցիներին: Ենթադրենք չար նպատակով չէին մոտենում Հիսուս Քրիստոսին, իրենց հարցադրումներով, ապա քահանայապետների, ծերերի, օրենսգետների և մյուսների կայացրած վերջին որոշումը՝ խաչը հանելու վերաբերյալ, նույնպե՞ս չար նպատակ չուներ: Հետևաբար սխալին պետք է սխալ ասել, հատկապես որ այդ սխալը դեմ էր դուրս եկել միակ Ճշմարտությանը:
Տեսնենք, թե այսօր ի՞նչ հարց է հետաքրքրում օրվա փարիսեցիներին: - Օրինավո՞ր է, որ մարդ իր կնոջը արձակի,- հետաքրքրվում էին փարիսեցիները: Տէր Հիսուս միանգամից հղում է անում Մովսեսի օրենքը, քանի որ Մովսեսի օրենքում պարզից էլ պարզ գրված է, թե ո՞ր պարագայում կարելի է արձակել կնոջը: Միաժամանակ Տէր Հիսուս հարցը հետ վերադարձրեց, ակնարկելով, որ միայն Մովսեսի աթոռին նստելը բավարար չէ ստանձնելու համար ժողովրդի հոգևոր առաջնորդությունը, պետք է նաև պահել Մովսեսի օրենքները: Նրանք փորձում էին խաղալ հարցի ձևակերպման մեջ, իսկ Տէր Հիսուս բացատրում է բուն հարցի էությունը, թե ինչպես է եղել ի սկզբանե: Օրենքի ուսուցիչներին էին դիմում մարդիկ ամուսնալուծության հարցերով, իսկ եթե նրանք չգիտեին, ապա ինչպե՞ս էին պատասխանում իրենց դիմողներին:
Մենք Մատթևոսի Ավետարանից մանրամասն տեղեկացանք ամուսնալուծության պատճառներին, սակայն, որպեսզի նոր միացողներին հասկանալի լինի թե ի՞նչ է նշանակում խստասրտության պատճառով պատվիրան գրել, հիշեցնեմ, որ հրեաների մոտ այնքան շատացավ անհիմն պատճառներով ամուսնալուծությունները, որ Մովսեսը նրանց համար գրեց այդ պատվիրանը, որպեսզի երբ մեկը արձակի իր կնոջը, անպայման թուղթ տա արձակման: Մինչև Մովսեսի պատվիրանը գրելը, հրեաները կարող էին սպանել իրենց կնոջը և նորից ամուսնանալ, Կարող էին նույնիսկ կենցաղային պարզ հարցերի համար արձակել իրենց կնոջը, այդ պատճառով գրվեց արձակման պատվիրանը:
Տէր Հիսուս նաև հիշեցնում է, որ սկզբից այդպես չի եղել, քանի որ Աստված ստեղծեց արու և էգ և տղամարդը պետք է միանա իր կնոջը և երկուսը մի մարմին պետք է լինեն, այլևս ո՛չ թե երկու, այլ՝ մե՛կ մարմին:
Ի՛նչ որ Աստված միացրեց, մարդը թո՛ղ չբաժանի: Այսինքն Տէր Հիսուս Քրիստոս չի արտոնում ամուսնալուծությունը: Առաջին դարերի քրիստոնեական համայնքներում չափազանց խիստ է դրված եղել ամուսնության և ամուսնալուծության հարցերը: Եթե պատահաբար շնության մեղքի մեջ հայտնվեր ենթական, երկար ապաշխարությունից հետո, նրան արտոնում էին մոտենալ սուրբ հաղորդության, իսկ նա ով ամուսնալուծվել էր նրան զրկում էին Սուրբ Հաղորդությունից՝ առհասարակ: Պսակի խորհուրդը գնահատելի և երկյուղի արժանի խորհուրդ է եղել ժամանակին, քանի որ մարդիկ հավատացել են, որ Աստծու ներկայությունն է իրենց պսակի խորհրդի ժամանակ, իրենք Սուրբ խորանի առջև խոստանում են միմյանց, որ ոչինչ չի բաժանի իրենց՝ մահից բացի: Նրանք երկյուղ են ունեցել Ավետարանի ներկայությունից, և քահանայի խոսքերից: Այդ բոլոր կատարվել է վկաների ներկայությամբ և ավելի պարտավորեցնող է եղել ամուր պահել ամուսնական կապը: Սրանք երանելի ժամանակներ են եղել...
Ամուսնալուծությունը վիրավորանք է առաջին հերթին Աստծու նկատմամբ, քանի որ Աստված միացրեց արուն և էգը, և մարդը իր երևակայական պատկերացումներով իրավունք չունի բաժանել այդ միությունը:
Աշակերտների համար անհասկանալի եղավ Վարդապետի և փարիսեցիների միջև ծագած թեման և տուն մտնելուն պես հարց տվեցին վարդապետին այդ մասին: Տիրոջ պատասխանը հստակ է այդ մասին, որ, եթե մեկը արձակի իր կնոջը և ուրիշի հետ ամուսնանա, շնություն արած կլինի: Նույնը վերաբերում է կնոջը, եթե թողնի իր ամուսնուն և ուրիշի կինը դառնա, շնություն արած կլինի: Փարիսեցինեը այս հարցը ուղղեցին Քրիստոսին, որպեսզի երկու պատասխանի դեպքում էլ հանցանքի մեջ մեղադրեն Նրան: Եթե ասեր, կարող է մարդը իր կնոջը արձակել, պետք է մեղադրեին, որ անտեսում է Աստծու օրենքը, եթե ասեր չի կարելի, պիտի ասեին, ապա ինչպե՞ս է Մովսեսը գրել այդ պատվիրանը՝ թուղթ տալ և արձակել: Տէր Հիսուս գիտեր Մովսեսի օրենքը, սակայն այնպիսի պատասխան տվեց, որ երկրորդ հարցը չկարողացան տալ:
Իսկ մենք, ժամանակակիցներս, կարող ենք մտածել, որ մարդը ամուսնալուծվել է և նորից է ամուսնացել, հետևաբար ամեն ինչ օրինական է: Պարզվում է այստեղ էլ ենք սխալվել: Երկուսի դեպքում էլ համարվում է շնություն: Ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ: Եթե այս երևույթն է կոչվում շնություն, ապա ինչպես է կոչվում այն, երբ տղամարդը կին ունի և ունի նաև սիրուհի: Ամուսնալուծված չէ, և արտամուսնական կապի մեջ է ուրիշի կնոջ հետ: Մեր օրերում այս պատվիրանը այնքան է խախտվել, որ երբեմն օրինական պսակներն են ձևական բնույթ կրում և եկեղեցու կարգն էլ որպես պարտականություն են անում մյուսներից հետ չմնալու համար: Ամուսնության և ամուսնալուծության թեման միշտ արդիական է, միշտ քննարկման աղերս ունի, և միշտ ուշադրության արժանի թեմա է: Քանի որ ամուր ընտանիքը ամուր պետության հիմքն է; Այսօր ինչպիսին որ մեր ընտանիքներն են, այնպես էլ մեր պետությունն է խարխուլ վիճակում: Պատվիրանազանցությունը հասցրեց այս վիճակին մեր ընտանիքն ու հայրենիքը:
Շնության մեղքը հասել է իր գագաթնակետին և դարձել է ամուսնալուծության հիմնական պատճառը:
Աստված Ադամի համար մեկ Եվա ստեղծեց, եթե դա անհրաժեշտություն լիներ, Աստված կստեղծեր մեկ Ադամ և երկու Եվա: Ուրեմն ինչպե՞ս է մարդը անտեսում Աստծու պատվիրանը և կամենում է խաղա՞ղ ապրել: Աստված հատուկ պատվիրան է տվել ծնողներին պատվելու, իսկ ամուսնության պարագային, ասում է,- տղամարդը թող թողնի իր հորն ու մորը, և գնա իր կնոջ հետևից: Այսինքն ամուսնությունը այնքան է կարևորում, որ զավակը կարող է արդեն ապրել առանձին իր կեսի հետ, չանտեսելով ծնողների խնամքը: Մովսեսի օրենքը ամուսնական հարաբերությունների վերաբերյալ բավական խիստ օրենք է եղել այդ ժամանակների համար, քանի որ տարածված է եղել շնությունը: Երբ Օրենք չկար, մեղքը մեղք չէր համարվում, իսկ երբ օրենքը եղավ, մարդիկ սկսեցին շրջանցել ստեղծված օրենքը: Մի օրինակ բերեմ ձեզ Երկրորդ Օրենքի գրքից շնության վերաբերյալ, որպեսզի պատկերացնենք, թե ի՛նչ օրենքներ են գործել նման դեպքերում: «Եթէ գտնուի մի տղամարդ, որ շնանում է ամուսնացած կնոջ հետ, կը սպանէք երկուսին էլ՝ կնոջ հետ շնացող տղամարդուն ու այդ կնոջը. դրանով Իսրայէլի միջից դուք վերացրած կը լինէք չարը։ Եթէ քաղաքում մի տղամարդ հանդիպի մարդու հետ նշանուած կոյս աղջկայ եւ պառկի նրա հետ, ապա երկուսին էլ կը բերէք իրենց քաղաքի դարպասների մօտ եւ քարկոծելով կը սպանէք նրանց. աղջկան կը սպանէք այն բանի համար, որ, դէպքը քաղաքում լինելով, օգնութեան չի կանչել, իսկ տղամարդուն՝ այն բանի համար, որ բռնաբարել է իր մերձաւորի նշանածին։ Դրանով դուք չարը վերացրած կը լինէք ձեր միջից»։ Երկրորդ Օրենք 22:22
Սիրելիներ, դուք ուշադրություն դարձրի՞ք այն խոսքի վրա, որ ասում է, դրանով դուք չարը վերացրած կլինեք Իսրայելից: Քարկոծումն էր այդ ժամանակի մահապատիժը, և քարկոծումից հետո կախում էին ծառից: Անպատժելիությունը մեր օրերում ծնեց բազում անօրենություններ, և այսօրվա երիտասարդ զույգը կարող է ամուսնալուծվել ամեն անհիմն բանի համար: Որովհետև որևէ պատասխանատվություն չկա այդ ուղղությամբ: Իսկ Ավետարանը մեզ ցույց է տալիս մեր մեղավոր վիճակը ընտանիքում, հասարակության մեջ և առհասարակ: Երբ ընտանիքում առկա է դավաճանությունը, առկա է նաև ատելությունն ու փոխադարձ վիրավորանքը: Ես դեռ չեմ հանդիպել այնպիսի դեպքի, երբ կնոջը հայտնի է դարձել ամուսնու դավաճանությունը, կինը սկսել է աղոթել ամուսնու համար, որն ընկել է փորձության մեջ իր տկարության պատճառով: Հիմնականում այսպիսի դեպքերում դրվում է ամուսնալուծության հարցը: Նույնը վերաբերում է ամուսնուն, քանի որ նրանք մեկ մարմին են և նույն կերպ պետք է հոգան միմյանց համար:
Իսկ եթե նույնիսկ չեն ամուսնալուծվում, ապա հարաբերություններ են փոխվում ամուսինների միջև և սառնություն է առաջանում, որը անշուշտ ազդում է ընտանիքի ընդհանուր մթնոլորտի և երեխաների դաստիարակության վրա: Այս արատավոր երևույթը կա մեզանում, սակայն խնդիրն այնտեղ չէ, որ մեղքը մեր պատճառով է եղել, այլ այնտեղ է, որ կարող ենք ուղղել և չենք ուղղում: Կարող ենք զղջալ և չեն՛ք զղջում; Որովհետև մենք ապրում միայն մեր մարմնի մեջ, և երբեք չենք ապրում մեր հոգու մեջ: Իրապես այս հարցը շատ ցավոտ հարց է, այս հարցը այսօր բաժանում է շատ ընտանիքները, որբանում են շատ երեխաներ և գլխավորը անտեսվում է Աստծու այն պատվիրանը, թե՝ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի: Այս պատվիրանի մեջ էլ մենք անկատար ենք մեծամասնությամբ; Եթե մենք կատարենք Աստծու պատվիրանները, Աստված կհոգա մեր բոլոր խնդիրների մասին դեռ չդիմած: Իսկ երբ մենք ատում ենք միմյանց, Աստված չի միջամտում, և մեզ մնում է միայն մեր ատելությունը: Ավարտեցինք նաև այսօրվա սերտողությունը, որը առնչվում էր նաև մեր ժամանակի ամուսնության հարցերին: Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը ամուր հիմք լինի ձեր ընտանիքներում, և Աստծու միացրածը թող մարդը չբաժանի բոլոր ընտանիքներում: Փառք Աստծուն՝ Իր բոլոր պատվիրանների համար, որոնք բխում են միայն մեր շահերից:
Հարց. Ինչպե՞ս կարելի է կանխել ամուսնալուծությունները: