ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոս. 8: 22-30
ՅԻՍՈՒՍ ԲԵԹՍԱԻԴԱՅԻ ՄԷՋ ԿՈՅՐ ՄԸ ԿԸ ԲԺՇԿԷ
22 Երբ Բեթսայիդա գնաց, անոր առջեւ կոյր մը բերին ու կ՚աղաչէին իրեն որ դպչի անոր։ 23 Անիկա կոյրին ձեռքէն բռնելով գիւղէն դուրս հանեց ու անոր աչքերուն թքնելով՝ ձեռքը անոր վրայ դրաւ ու հարցուց անոր թէ՝ բան մը կը տեսնէ՞։ 24 Ան ալ նայեցաւ ու ըսաւ. «Մարդիկ կը տեսնեմ ծառերու պէս որ կը պտըտին»։ 25 Նորէն ձեռքը անոր աչքերուն վրայ դրաւ ու անոր նայիլ տուաւ եւ ողջնցաւ ու ամէն բան համարձակ կը տեսնէր։ 26 Ետքը զանիկա իր տունը ղրկելով՝ ըսաւ. «Գիւղը մի՛ մտներ ու գիւղին մէջ մարդու մի՛ ըսեր»։
ՊԵՏՐՈՍԻՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ՅԻՍՈՒՍԻ ՄԱՍԻՆ
27 Յիսուս իր աշակերտներուն հետ մէկտեղ Փիլիպպոսի Կեսարիայի գիւղերը ելաւ ու ճամբուն մէջ հարցուց իր աշակերտներուն ու ըսաւ անոնց. «Ինծի համար ո՞վ կ՚ըսեն մարդիկ թէ եմ»։ 28 Անոնք պատասխան տուին ու ըսին. «Ոմանք՝ Յովհաննէս Մկրտիչը, ուրիշներ ալ՝ Մարգարէներէն մէկը»։ 29 Եւ ինք ըսաւ անոնց. «Հապա դո՞ւք ինծի համար ո՞վ կ՚ըսէք թէ եմ»։ Պատասխան տուաւ Պետրոս ու ըսաւ անոր. «Դուն ես Քրիստոսը»։ 30 Սաստիկ պատուիրեց անոնց՝ որ իրեն համար մարդո՛ւ բան չըսեն։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Երեկ հանգամանալից անդրադարձանք փարիսեցիների խմորին, համոզվեցինք, որ ,,փարիսեցու խմոր,, արտահայտությունը, որ խորհրդանշում է սխալ ուսմունքը, կա բոլոր ժամանակներում, քանի որ բոլոր ժամանակներում էլ կան մարդիկ, որոնց համար սեփական հեղինակությունն է առաջնահերթ, քան Ավետարանի խոսքի ճշմարտությունը: Ճշմարտությունը խեղող մարդիկ կային նույնիսկ Ճշմարտության կողքով քայլողների մեջ, քանի որ ուշադրություն չեն դարձրել Տիրոջ այն հարցին, որ ասում է,- Ինչպե՞ս եք հասկանում ձեր լսածը:
Այսօր մի բացառիկ հրաշքի ենք ականատես լինելու Բեթսաիդա քաղաքում, որտեղ գտնվում էր Տէր Հիսուս Իր աշակերտների հետ: Կույրին Քրիստոսի մոտ բերեցին և խնդրում էին, որ Վարդապետը ուղղակի դիպչի կույրին: Իսկ վարդապետը ո՛չ թե դիպավ, այլ կույրի ձեռքը բռնեց և գյուղից դուրս հանեց: Ինչո՞ւ դուրս հանեց կույրին գյուղից: Իսկ երբ վերադարձան, կույրը տեսնում էր արդեն: Ի՞նչ պատահեց այնտեղ՝ գյուղից դուրս, ի՞նչ խոսեցին միասին, մենք չգիտե՛նք: Տարբեր կարող են լինել գյուղից հանելու պատճառները: Քանի որ մենք արդեն ծանոթ ենք մեր Տիրոջ գործելաոճին, կարող ենք ենթադրել, որ համբավից խուսափելու համար դուրս հանեց նրան գյուղից, որպեսզի չարժանանա մարդկանց մեծարանքի խոսքերին: Կույրը չէր տեսնում, սակայն նրա ականջները լսում էին: Տէրը կամեցավ առանձնության մեջ խոսել նրա հետ՝ աղմուկից հեռու:
Ավետարանն ասում է, թքով կույրի աչքերը թրջեց և ձեռքը նրա վրա դնելով հարցրեց, թե բան տեսնո՞ւմ է: Առաջին անգամ կույրը բացեց աչքերը և տեսնում էր մարդկանց, որոնք ծառերի էին նման: Կրկին ձեռքը դրեց կույրի աչքերին, կույրը աչքերը բացեց և տեսնում էր արդեն հստակ, ո՛չ առաջին անգամվա պես: Բուժելուց հետո արձակեց բուժվածին և հորդորեց գյուղ չմտնել, այլ միանգամից գնալ տուն. Իսկ գյուղ մտնելիս էլ թող ոչ ոք չպատմի այդ մասին: Պարզվեց, որ այդ մարդը Բեթսաիդայից չէր, այլ իրեն բերել էին այդ գյուղ, լսելով որ Հիսուս այդ գյուղում է; Իսկ Բեթսաիդան հայտնի քաղաք էր իր անհավատ բնակիչներով: Տէր Հիսուս բացեց կույրի աչքերը, և այդ հրաշքով ուզում էր առավել բացել տեսնողների աչքերը, որպեսզի փնտրեին կույրին և գտնեին և փնտրեին նրան բուժողին և հավատային: Այս հրաշքը բացառիկ է այն առումով, որ Հիսուս Քրիստոս ո՛չ մի հրաշք երկու փուլով չի կատարել: Իսկ այս կույրին երկու անգամ ձեռքը դրեց նրա աչքերին, և սա երկրորդ անգամից հստակ տեսավ; Բազում դեպքեր գիտենք, որ նույնիսկ մոտ չի գնացել և խոսքով է բուժել հեռավորության վրա: Բնականաբար երկու փուլով բուժման պատճառը Տէր Հիսուսի զորության պակասը չէր, քավ լիցի, մենք շատ ավելի զորավոր նշաններ ենք տեսել: Այստեղ նույնիսկ բժշկական տեսակետները բացառենք, որ իբրև կույր աչքին միանգամից չի կարելի պայծառ լույս տեսնել, այլ՝ աստիճանաբար; Գուցե այս տեսակետն էլ ճիշտ է, սակայն մենք խոսում ենք աստվածային հրաշքի մասին, որը վեր է բժշկության ամեն հայտնագործությունից:
Տէր Հիսուս բուժում է ամեն տեսակ հնարավոր և անհնար հիվանդություն, սակայն ամեն բուժման մեջ մի լույս բացում իր աշխարհ գալու նպատակի վերաբերյալ: Որքան էլ որ կամենում բոլորին բուժել, բայց պայմանով, որ մարդիկ հասկանալով հավատան, գիտակցելով հետևեն և իրենց փրկության համար իրենք ջանք թափեն: Մարդկության փրկության ապահովումը նույնպես երկու փուլով է: Նախ աշխարհ եկավ Աստծու միածին Որդին, սակայն չամբողջացրեց փրկությունը, տեղեկացրեց, որ գալու է երկրորդ անգամ՝ ավարտին հասցնելու համար մարդկության փրկությունը: Իր առաջին գալուստի ժամանակ էլ նույն կերպ վարվեց ինչպես այս կույրի առաջի փուլի բժշկությունը, որ մարդը տեսնում էր, բայց խավար, իսկ երկրորդ անգամից արդեն պարզ տեսավ; Նույնը լինելու է մեր փրկությունը, որը ամբողջանալու է Տիրոջ Երկրորդ գալուստին: Հիսուս Քրիստոս Իր առաջին գալուստին կրճատեց Իր ամենակարողության զորությունը, որպեսզի մարդիկ փնտրեն, գտնեն Իրեն և կատարելագործվեն մինչև Իր Երկրորդ Գալուստը: Սիրելիներ Աստված մարդկանց հասանելի է դառնում այնքանով, որքանով մարդու ընկալելու կարողությունն է: Առաջին անգամ Աստվածաշունչ կարդացող մարդը տարբեր է երկու անգամ կարդացողից, և սա տարբեր է երեք անգամ կարդացողից, և սա տարբեր է տասն անգամ կարդացողից; Տասն անգամ կարդացողը արդեն կարող է հասկանալ, թե Տէր Հիսուս ամեն հրաշք կատարելիս, ի՞նչ էր կամենում մարդկանց բացահայտել, բայցի բուն բժշկությունից: Անշուշտ ո՛չ միայն առողջություն, ինչպես որ ընկալում և պահանջում էին մարդիկ: Այդ է պատճառը, որ Աստված չի հասկացվում մարդու կողմից՝ մարդու սահմանափակ կարողության պատճառով; Իրականում մարդը անկարող է ամբողջությամբ հասկանալ Աստծուն, և փառք Աստծուն, որ այդպես է: Մենք՝ քրիստոնյաներս այժմ գտնվում ենք կույրի առաջին փուլի բուժման ընթացքի մեջ:
Մենք պետք է ձգտենք արժանանալ երկրորդ փուլի բուժմանը՝, որը լինելու է Տիրոջ Երկրորդ Գալուստին; Պատկերացրեք կույրի հոգեվիճակը երբ բերեցին Հիսուսի մոտ, այնուհետև երբ Հիսուս նրա ձեռքը բռնեց ու գյուղից դուրս հանեց: Առաջին փուլ բուժումից հետո կույրը արդեն ինչ որ բա տեսնում էր, առաջվա պես չէր: Մենք էլ նույն վիճակում ենք, քանի որ ինչ որ մեկի միջոցով հայտնվում ենք հոգևոր դաշտում և աստիճանաբար սկսում ենք տեսնել: Իսկ եթե նաև դուրս գանք մեր անհավատության Բեթսաիդայից, միայնության մեջ ավելի հստակ կլսենք ու կտեսնենք Աստծու խոսքի ճշմարտությունը՝ մեր կյանքի բարելավման համար: Նայենք մեր շուրջը, նայենք մարդկանց ապրած կյանքին, նայենք մեղքերի բազմությանը և տեսնենք, մի՞թե մարդիկ հոգևոր կուրության մեջ չեն մեղքերի պատճառով և միմյանց տեսնում են ինչպես քայլող ծառեր, և պատրաստ են վերացնել այդ ծառերը՝ իրենց ընթացքը չխանգարելու համար: Իսկ երբ այս մարդկանց էլ տանեն Հիսուսի մոտ, Նրա զորությամբ այս մարդիկ էլ հստակ կտեսնեն այս անգամ ոչ թե քայլող ծառներ, այլ հստակ կտեսնեն Աստծու պատկեր և նմանություն:
Սիրելիներ, ամեն ինչից առաջ մենք պետք է սովորենք ընկալել Աստծու նպատակը, այնուհետև՝ գործելաոճը, և ջանանք հասկանալ խոսքը, որը նույնպես նպատակով է փոխանցվել մեզ:
Կույրի բուժումից հետո աշակերտների հետ քայլում էր դեպի Փիլիպյան Կեսարիայի գյուղերը և ճանապարհին աշակերտների համար նոր բացահայտում է անում, հարցնելով,- Մարդիկ ի՞նչ են ասում Իմ մասին, ո՞վ եմ Ես: Աշակերտները ինչ որ լսել էին մարդկանցից, անկեղծորեն փոխանցեցին Տէր Հիսուսին, թե՝ Հովհաննես Մկրտիչը, Եղիան, կամ այլոք ասում են մի մարգարե մարդ է:
Օրինակ ինչպես որ Հերովդեսը կարծում էր թե Հովհաննես Մկրտիչն էր հարություն առած, նախորդ սերտողության մեջ խոսեցինք այս մասին: Եղիային սպասում էին, որը պետք է գա Տիրոջ Երկրորդ գալուստից առաջ, իսկ Եղիայի մարգարեության մեջ նկարագրված Մեսիային չէին սպասում, այլ կասկածում էին; Հովհաննես Մկրտչին տեսան, հավատացին, որը եկել էր Տիրոջ ճանապարհը հարթելու նպատակով՝ դարձյալ ըստ մարգարեության: Սակայն Հիսուս Քրիստոսին չէին հավատում; Իսկ ո՞ւմ ճանապարհը հարթեց Հովհաննես Մկրտիչը, եթե Քրիստոս չէր Մեսիան; Տրամաբանություն չկա կասկածների մեջ, այլ միայն անգիտություն է որոշների մետ, իսկ որոշների մոտ՝ նախանձ միայն; Աշխարհում ավելի ծանր մեղք չկա, քան՝ ճանաչել Աստծուն, բայց իբրև Աստված չփառավորել կամ գոհություն չհայտնել Նրան: Միայն այն պատճառով, որ իրենց իմաստունի տեղ դրեցին, սակայն հայտնվեցին հիմարի կարգավիճակում; Ճշմարտությունը անիրավությամբ թաքցրած են պահում:
Իսկ դուք ի՞նչ եք ասում Իմ մասին, ո՞վ եմ ես:,- հարցնում է աշակերտներին: Պետրոսը առաջինը համարձակվեց պատասխանել,- Դո՛ւ ես Քրիստոսը: Նա Պետրոսին պատվիրեց, որ այդ մասին ոչ ոքի չասեն; Նա կամենում էր որ մարդիկ հստակ տեսնեն և փնտրեն իրեն, ո՛չ թե Պետրոսի ասելով կուրորեն գան իր հետևից: Պետրոսի տված պատասխանից էր փնտրում Տէր Հիսուս բոլոր մարդկանցից:
Սիրելիներ, դուք Հիշում եք, որ Մարկոսի Ավետարանը սկսելիս, մենք հին աղբյուրներից իմացանք, որ Մարկոսը օգտվել է Պետրոս առաքյալի պատմություններից ու վկայություններից և եղել է նրա թարգմանիչը: Մարկոսի Ավետարանի այս հատվածի մեջ մենք չենք գտնում, որ Տէր Հիսուս գովում է Պետրոսի վստահ հավատքը, այլ միայն Մատթևոսի մոտ ենք կարդում Քրիստոսի խոսքերը, թե՝ Պետրո՛ս, մարմինը և արյունը չէ՛ր, որ հայտնեց քեզ, այլ Իմ Երկնավոր Հայրը: Իսկ Ավետարանները գրելու ժամանակ Պետրոսը արդեն թաքցնում է իր անունը և նախկին շտապողականությունը չկա՝ առաջինը երևալու: Մարկոսը հավանաբար այդ պատճառով է հակիրճ ներկայացրել և Տէր Հիսուսի քաջալերող խոսքերը չի արձանագրել:
Ինչո՞ւ էր հետաքրքրվում, թե ի՞նչ են մտածում Իր մասին մարդիկ և աշակերտները: Քանի որ առջևում ծանր փորձություններ էր սպասվում, և մեր Տէրը կամեցավ իմանալ թե ո՛վ ինչքանո՞վ է պատրաստ այդ փորձություններին: Քանի որ երկրավոր բաները դեռ չէին հասկանում, ինչպե՞ս կարող էին ընդունել երկնավոր բաները: Չէ՞ որ աշակերտներն էլ շատ հաճախ միմյանց հարցնում էին զարմանքից, թե ո՞վ է սա, որ իշխանություն ունի ծովի ու փոթորկի վրա: Ուրեմն ժամանակն էր որ Տէր Հիսուս պարզաբանում մտցներ նաև այս հարցի մեջ, և համոզվեր իր մտերիմների վստահության վար:
Սիրելիներ, բոլոր քրիստոնյաները անխտիր ցանկություն ունեն Աստծուց մասնավոր հայտնություն ունենալու, Ինչպես Երկնավոր Հայրը Պետրոսին հայտնել էր Քրիստոսի Աստծու Որդի լինելու մասին: Եթե դուք ձեր սրտում անկասկած հավատում եք, որ Հիսուսն է Քրիստոսը և Նա Աստծու Որդին է, ուրեմն Երկնավոր Հայրը ձեզ բացահայտել է այդ մասին, ո՛չ թե դուք եք իմաստուն և գիտեք այդ մասին; Աստված հայտնվում է նրան, ով փնտրում է Իրեն; Այս հետաքրքիր մտքի վրա ավարտենք մեր սերտողությունը և սպասենք վաղվա իրադարձություններին, մեկ անգամ ևս ստուգելով մեր հավատի վստահությունը Հիսուս Քրիստոսի անձի նկատմամբ; Երկնավոր Հայրը Պետրոսին հայտնել էր այդ ճշմարտությունը, սակայն գալիք փորձության ժամանակ Պետրոսը սայթաքեց և ընկավ բարձունքից: Մենք էլ շատ զգույշ պետք է լինենք, քանի որ Պետրոսի նման անփորձ չենք այլևս, մենք ավելի շատ տեղեկություն ունենք քան Պետրոսը: Թող ողորմի մեզ Տէրը ամեն վայրկյան, քանի որ փորձությունները կարող են գալ ամեն վայրկյան; Քրիստոսի Սերն ու խաղաղությունը, ողորմությունն ու նախախնամությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն, և մեր Տիրոջը փառք հավիտյանս հավիտենից:Ամեն.
Հարց. Ինչո՞ւ էր Քրիստոսին հետաքրքիր, թե մարդիկ ի՞նչ են մտածում իր մասին.