ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 8: 14-21
ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐՈՒՆ ԵՒ ՀԵՐՈՎԴԷՍԻՆ ԽՄՈՐԸ
14 Հաց առնել մոռցեր էին, բայց նաւուն մէջ իրենց հետ միայն մէկ նկանակ ունէին։ 15 Պատուիրեց անոնց ու ըսաւ. «Նայեցէ՛ք եւ զգուշացէ՛ք փարիսեցիներուն ու Հերովդէսին խմորէն»։ 16 Անոնք իրարու հետ կը խորհէին ու կ՚ըսէին. «Հաց չունենալնուս համար է»։ 17 Յիսուս անոնց խորհուրդը իմանալով՝ ըսաւ անոնց. «Ինչո՞ւ կը խորհիք թէ հաց չունիք. տակաւին չէ՞ք հասկնար ու չէ՞ք իմանար. դեռ սրտերնիդ թմրա՞ծ է։ 18 Աչքեր ունիք ու չէ՞ք տեսներ եւ ականջներ ունիք ու չէ՞ք լսեր։ 19 Չէ՞ք յիշեր, երբ հինգ նկանակը հինգ հազարին կտրեցի։ Քանի՞ կողով լեցուն կտորուանք վերցուցիք»։ Ըսին անոր. «Տասներկու»։ 20 «Ու երբ եօթը նկանակը չորս հազարին կտրեցի, քանի՞ զամբիւղ լեցուն կտորուանք վերցուցիք»։ Անոնք ալ ըսին. «Եօթը»։ 21 Ու ըսաւ անոնց. «Հապա ի՞նչպէս չէք հասկնար»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Փառք Աստծուն, որ մենք դարձյալ միասին ենք հավաքված Ավետարանի լույսի շուրջ և ամենքս վերցնում ենք մեր բաժինը, ըստ մեր հնարավորության և ըստ մեր կարիքի: Աշակերտների պես մենք էլ շրջում ենք Տէր Հիսուսի հետևից, սովորելու Նրանից Իր Վարդապետության գաղտնիքները: Նախորդ սերտողության վերջում տեսանք, որ Տէր Հիսուս շատ կարճ ժամանակով գնաց Դաղմանունայի կողմերը, հանդիպեց փարիսեցիներին, նրանց ասաց, որ նշան չի՛ տրվելու և նորից վերադարձավ Գալիլիայի մյուս կողմը: Այսօրվա սերտողության նյութի մեջ տեսնում ենք, որ մեծ մտահոգություն կա Տէր Հիսուսի խոսքերի մեջ, ինչպես փարիսեցիների խորամանկ վարքի, այնպես էլ աշակերտների միամտության նկատմամբ: Իսկապես այստեղ աշակերտները մեծ միամտություն են ցուցաբերում, ինչը դուր չի գալիս Վարդապետին: Նույնիսկ մենք կարդալիս զարմանում ենք, որ կարող են աշակերտները այդքան պարզունակ մտածել Վարդապետի զորավոր կարողությունների մասին, և անհանգստանալ, որ հաց չեն վերցրել իրենց հետ: Ինչի՞ց առաջացավ այդ մտահոգությունը Տէր Հիսուսի մոտ: Նախորդ գլուխներում մենք կարդացինք, որ անտեսելով բազում հրաշքներ, փարիսեցիները երկնքից հրաշք էին ուզում Քրիստոսից:
Հրաշք էին ուզում, ո՛չ թե համոզվելու, այլ որպեսզի արդարացնեն իրենց անհավատությունը և հակառակությունը Քրիստոսի նկատմամբ: Այստեղ Տէրը աշակերտներին զգուշացնում է, որ զգույշ լինեն փարիսեցիների խմորից, իսկ նրանք իրենց մտքում մտածում են նյութական հացի մասին, լսելով խմոր բառը: Այդ պատճառով Տէր Հիսուս հանդիմանեց աշակերտներին բավական կոպիտ բառերով, ասելով,- Թերահավատներ, ինչո՞ւ ձեր սրտերում խորհում եք, թե՝ հաց չունեք, դեռ չե՞ք հասկանում, և չե՞ք հիշում; Ապշությո՞ւնն է ձեր մտքերը պատել: Աչքեր ունեք և չե՞ք տեսնում, ականջներ ունեք և չե՞ք լսում, և դեռ չե՞ք հասկանում և ու չե՞ք հիշում, երբ հինգ նկանակը բաժանեցի հինգ հազարի հոգու, կտորտանքով քանի՞ սակառ վերցրիք: Նրանք պատասխանեցին՝ տասներկու: Իսկ երբ յոթ նկանակը չորս հազար հոգու բաժանեցի, կտորտանքի քանի զամբյուղ վերցրիք: Նրանք պատասխանեցին՝ յոթը: Ապա նրանց ասաց,- ապա ուրեմն ինչպե՞ս չեք հասկանում; Ծանր իրավիճակ է ստեղծվել Տէր Հիսուսի շուրջ, քանի որ իսկապես աչքեր ունեն և չեն տեսնում, այլ միայն նայում են:
Եթե հրաշքներից միայն մեկը վերցնենք, օրինակ՝ Պայծառակերպության փաստը, որին ներկա էին աշակերտները և իմացան նաև փարիսեցիները: Փարիսեցիները երկնային նշան են հայցում այն ժամանակ, երբ Քրիստոսի հետ լեռան վրա խոսում են Մովսեսն ու Եղիան՝ երկնքից: Սակայն նրանք դեռ շարունակում էին նշան հայցել: Պետրոսը շփոթմունքից կամենում էր տաղավարներ կառուցել Եղիայի և Մովսեսի համար, իսկ հիմա փարիսեցու խմոր ասելով նյութական հաց են հասկանում: Խստասրտությունը փարիսեցիներին արգելեց հասկանալու համար ապաշխարությունը և սրտի զղջումը, դրա համար նայում էին Հիսուս Քրիստոսին և չէին տեսնում Աստծու Որդուն; Իսկ աշակերտների մոտ գուցե գիտության պակա՞սն էր, որ ամեն ինչ շուտ մոռանում էին, նույնիսկ նախորդ օրվա հրաշքը, որ տեսել էին: Տէր Հիսուսի համար անկարելի բան չկար, որ չկատարեր հրաշքի ձևով, սակայն Նա ո՛չ փառք էր ուզում, ո՛չ էլ կույր հավատք: Այլ կամենում էր, որ մարդիկ իրենց սրտերում տեսնեին իրենց մեղքերը և փոխվեին, ո՛չ թե Քրիստոսի հրաշագործությամբ դառնային հավատքի տեր, այլ մաքրեին իրենց սրտերը, որպեսզի զգային Քրիստոսի ներկայությունը; Մենք զարմանում ենք փարիսեցիների խորամանկության և աշակերտների միամտության վրա: Իսկ մեր վրա ո՞վ պետք է զարմանա, երբ նույն վիճակում մենք այսօր; Եկեղեցում ամեն կիրակի հազարավոր մարդիկ իրենց մեջ ընդունում են Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը, և իրենց ականջով լսում են Պատարագիչ քահանայի խոսքը, թե՝ Սա եղիցի քեզ քավություն և ի թողություն մեղաց…
Ինչ վիճակում են մեր հաղորդվող քրիստոնյաները, երբ իրենց մեջ ունեն Հիսուս Քրիստոսին և կարծում են, որ Քրիստոսի մարմինն ու արյունը կփոխի իրենց կյանքը դեպի լավը, իսկ իրենք ոչնչով մասնակից չլինեն այդ գործընթացին; Փայփայելով այդ հույսը տարիներ շարունակ մարդիկ նույն կերպով հաղորդվում են եկեղեցում և ապրում են նույն կյանքով: Այստեղ հարկ է մի համապատասխան զուգահեռ անցկացնել փարիսեցիների և մեր հաղորդվողների միջև: Քրիստոս կանգնած էր նրանց աչքի առջև, և անվերջ հանդիմանում էր նրանց, ասելով,- Աչքեր ունեք և չե՛ք տեսնում; Փարիսեցիները ո՛չ մի անգամ չանդրադարձան այդ բառերի նշանակությանը; Քրիստոնյաների պարագային ամեն կիրակի ընդունում են իրենց մեջ Քրիստոսի Մարմինն ու Արյունը և իրենց ականջները լսում են նույն խոսքերը, թե՝ սա թո՛ղ լինի քո մեղքերին քավություն և թողություն: Իսկ ստացողը հանգիստ ստանում է, և սպասում է թե ե՞րբ է լինելու իր մեղքերին քավությունը և թողություն: Այսպես առանց ապաշխարության ապրեցին փարիսեցինրերի նշան հայցող սերունդը, այդպես ապրում նա՛և քրիստոնյաների մեծամասնությունը:
Ո՛չ մկրտությունն է կախարդություն, ո՛չ էլ Սուրբ Հաղորդությունը, որ ընդունելով կախարդական փայտիկի միջոցով մենք վերափոխվենք: Պետք է Քրիստոսի ապաշխարության և մկրտության կոչը հասկանալ, և ապրել Իր խոսքի համաձայն: Նշաններ փնտրողները և հրաշքների հետևից գնացողները մի գեղեցիկ օր կհանդիպեն հակաքրիստոսին և նա նրանց ցույց կտա բազում հրաշքներ և նշանները: Քրիստոնյաներս Քրիստոսին հավատում ենք ո՛չ թե իր կատարած հրաշքների համար, այլ մենք սիրում ենք խաչյալ և հարուցյալ Քրիստոսին, որը պիտի գա Իր Արդար դատաստանով լուծելու մեր հավիտենականության հարցը:
Մեր հավատքի ընթացքը պայմանավորված է Աստվածաշնչյան հայտնություններով և Աստծու խոսքի այն ճշմարտությամբ, թե երանի նրանց, որոնք չեն տեսնի և կհավատան: Նաև երանի նրանց, որոնց հավատքն է զորանում հրաշք տեսնելուց, ո՛չ թե աչքերի ցանկությունն է բավարարվում: Մի՞թե մեզ շրջապատող բնությունը իր տեսակի մեջ աստվածաշունչ գիրք չէ բացված մեր առջև՝ իր ողջ հրաշքներով, որպեսզի մենք զմայլվենք ու վայելենք: Այնպես որ միայն աշակերտները չէ, որ պետք է զգույշ լինեն փարիսեցիությունից, այլ նաև ժամանակակից քրիստոնյաները:
Տէր Հիսուս նաև զգուշացրեց հերովդեսականների խմորից, որոնց մասին ես ձեզ պատմել եմ: Այս քաղաքական խմբավորումը պաշտպանում էր Հերովդես արքայի շահերը, այն Հերովդեսի, որ կարծում էր թե Հիսուս Քրիստոս հարություն առած Հովհաննես է: Տվյալ ժամանակի համար Քրիստոսի խոսքը քարոզելու խոչնդոտներն էին փարիսեցիները, հերովդեսականները, սադուկեցիները, որոնք միավորվել էին, ո՛չ թե որովհետև համախոհ են, այլ յուրաքանչյուրը իր գաղափարի ու իր շահի համար: Իսկ այսպիսի ծայրահեղական մոտեցումները վնաս են եկեղեցուն: Եվ պատահական չէ, որ Տէր Հիսուս աշակերտներին այս բաների մասին զգուշացնում է նավի մեջ, որը խորհրդանիշն է եկեղեցին: Այդ պատճառով էր աշակերտներին հանդիմանում, որ առավել զգուշացեք սխալ ուսուցման համար, քան նյութական հացի, որի պակասը չեք ունեցել ոչ մի անգամ: եթե նույնիսկ մի փոքրիկ բաժին էլ վերցնեին փարիսեցիների կամ հերովդեսականների խմորից, ապա շուտով այդ խմորը կաճեր ու կբազմանար նաև աշակերտների շրջանում; Թթխմորի հատկությունը բոլորիդ ծանոթ է և մենք խոսել ենք նրա աճեցնելու հատկության մասին; Սիրելիներ, հիմա վերադառնանք մեր օրեր և տեսնենք թե Տէր Հիսուսի Քրիստոսի մտահոգությունը տեղի՞ն է արդյոք մեր օրերի համար, այդ կրոնաքաղաքական խմբավորումների խմորների առումով:
Եթե Քրիստոսի ժամանակ աշակերտներին վտանգ էր սպառնում այս երեք տեսակ խմորներից, ապա մեզ վտանգ է սպառնում, անթիվ անհամար խմորների պատճառով: Դուք քաջատեղյակ եք աշխարհում տարածված բազմազան կրոնական ուղղությունների խմորներից: Եթե մտածենք, որ նրանք պատճառ դարձան, որ մարդիկ ծանոթանան և ընթերցեն Աստվածաշունչը, ապա ինչո՞ւ աշխարհը գնալով ավելի չար է դառնում և մեղքերը առավել ցայտուն են դառնում; Ուրեմն այդ խմորը խմորել է սխալ ուսուցում, ինչի մասին զգուշացնում էր աշակերտներին Տէր Հիսուս՝ նավի մեջ; Չէ որ փարիսեցիներն էլ կարդում էին, և այնքան վստահ էին իրենց գիտելիքի վրա, որ անտեսում էին այն մարդկանց, որոնք անուս են; Այնքան էին հպարտացել, որ չէին զգում, որ ավանդությանը հետևելու պատճառով հեռացել էին օրենքից; Իսկ Աստծու խոսքը չի գործում մարդկանց մեջ, երբ նրանում սեր չկա մերձավորի հանդեպ, այլ միայն չոր ուսուցում է: Որտե՞ղ է խնդիրը, ո՞րն է մեր բացթողումը, ո՞րն է մեր շտկելու հարցը:
Եթե մենք մեր երեխաների համար Աստվածաշունչ չենք կարդում տանը, դրսում կգտնվի անպայման մեկը, որը նրա համար կկարդա Աստվածաշունչ և իր խմորը կփոխանցի մեր երեխային աննկատ: Ի՞նչ է այս խմորը: Եթե Աստվածաշունչը բացատրեն Քրիստոսի վարդապետության շրջանակներում, հրաշալի է, թող ուսուցանեն որքան հնարավոր է արագ և շատ մարդկանց; Բայց այդ ուսուցումը ո՛չ թե ուղղափառ վարդապետություն է այլ մարդկային աճպարար մտքի թռիչք: Որովհետև լսում ենք, որ մեկը Երկնավոր Հորն է հավատում, մյուսը միայն Հիսուս Քրիստոսին, երրորդը՝ Սուրբ Հոգուն է հավատում: մեկը հավատում է սրբերին, մյուսը մերժում է նրանց: Աթեիստնեը մեղադրում են մեր եկեղեցուն՝ քանի որ Քրիստոսի քարոզած կյանքը չեն տեսնում քրիստոնյաների մեջ; Մի խոսքով քրիստոնեությունը մոլորվել է քրիստոնյաների ինքնահնար ուղղություններից, կամ կարելի է ասել խմորից:
Տէր Հիսուս Քրիստոս, Աստծու Որդի, Դո՛ւ որ ամեն ինչ մանրամասն բացատրեցիր և գեղեցիկ օրինակներով դասեր տվեցիր մեզ՝ աշակերտների միջոցով, մենք էլ այսօր մոլորության մեջ ենք այդ խմորների պատճառով; Քո Սուրբ Հոգին ուղարկիր, թող մեզնից մաքրի ամեն սխալ ուսուցում, ինչը Դու չես տվել մեզ, և մեզ հաստատիր Քո ճշմարիտ վարդապետության մեջ, որպեսզի Քո երկրորդ Գալուստին մենք ամոթով չմնանք Քո խոսքը սխալ հասկացած լինելու պատճառով, որովհետև միայն Քոնն է ճշմարտությունը, ուղղափառությունը, արդարությունը և փառքը հավիտյանս հավիտենից: Ամեն:
Սիրելիներ, Ավարտեցինք այսօրվա սերտողությունը, որը դաս էր նաև մեզ համար, որպեսզի վերանայենք մեր ուղղափառ հավատքի հիմքերը և հաստատում մնանք մեր դավանության մեջ, ամուր՝ մեր հավատքի մեջ, սիրով՝ բոլորի հանդեպ: Հարց. Ե՞րբ և ո՞ւմ կողմից է հաստատվել մեր եկեղեցու Հավատի դավանությունը: