ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 8:1- 13
ՅԻՍՈՒՍ ՉՈՐՍ ՀԱԶԱՐԸ ԿԸ ԿԵՐԱԿՐԷ
1 Այն օրերը ժողովուրդը խիստ շատ ըլլալով եւ ուտելու բան մը չունենալով, Յիսուս իրեն կանչեց իր աշակերտները ու ըսաւ անոնց. 2 «Կը խղճամ այդ ժողովուրդին վրայ, վասն զի հիմա երեք օր է, որ իմ քովս են եւ բան մը չունին ուտելու։ 3 Եթէ ատոնք անօթի ղրկեմ իրենց տուները, ճամբուն մէջ պիտի մարին, վասն զի ատոնցմէ ոմանք հեռու տեղէ եկած են»։ 4 Իր աշակերտները պատասխան տուին իրեն. «Այս անապատին մէջ ուրկէ՞ կրնայ մէկը հացով կշտացնել ատոնք»։ 5 Յիսուս հարցուց անոնց. «Քանի՞ նկանակ ունիք»։ Անոնք ըսին. «Եօթը» 6 Հրաման ըրաւ ժողովուրդին՝ որ գետնին վրայ նստին։ Առաւ եօթը նկանակը, գոհացաւ եւ կտրեց ու տուաւ աշակերտներուն, որպէս զի ժողովուրդին առջեւ դնեն եւ դրին։ 7 Քանի մը մանր ձուկեր ալ ունէին։ Օրհնեց ու ըսաւ որ զանոնք ալ դնեն անոնց առջեւ։ 8 Կերան ու կշտացան ու աւելցած կտորուանքը վերցուցին եօթը զամբիւղ։ 9 Ուտողները չորս հազարի չափ էին ու արձակեց զանոնք։ 10 Եւ շուտ մը նաւ մտնելով աշակերտներուն հետ՝ գնաց Դաղմանութայի կողմերը։
ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐԸ ՀՐԱՇՔ ՄԸ ԿԸ ԽՆԴՐԵՆ
11 Փարիսեցիները ելլելով՝ սկսան անոր հետ վիճաբանութիւն ընել եւ զանիկա փորձելով՝ իրմէ նշան մը կ՚ուզէին երկնքէն։ 12 Անիկա իր հոգիին մէջ հառաչելով՝ ըսաւ. «Ինչո՞ւ այս ազգը նշան կ՚ուզէ։ Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի որ այս ազգին նշան պիտի չտրուի»։ 13 Ու զանոնք թող տալով նորեն նաւը մտաւ ու գնաց ծովուն միւս կողմը։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ. Այսօրվա ընթերցվածքի մեջ նորից հանդիպում ենք հացի երկրորդ բազմացման հրաշքին: Տէր Հիսուս դեռևս գտնվում էր Գալիլիայի հեթանոսական շրջաններում և անապատային վայրերից մեկում էր ուսուցանում ժողովրդի բազմությանը: Երեք օր շարունակ խոսելով նրանց հետ, Տէր Հիսուս զգաց, որ մարդիկ քաղցից կարող են ուժասպառ լինել, եթե նրանց ազատ արձակի, քանի որ հեռուներից եկողներ էլ շատ կային, հետևաբար կանչեց աշակերտներին և ասաց,- Սիրտս ցավում է այս ժողովրդի համար, որովհետև երեք օր է ինձ մոտ են, և բան չունեն, որ ուտեն: Աշակերտներին շատ զարմացրեց Վարդապետի արած առաջարկը հացի վերաբերյալ, քանի որ իրենք գտնվում էին անապատային մի վայրում, և մեծ ցանկության դեպքում նույնիսկ, չէին կարող հաց գնել այդ վայրերից: Մի՞թե աշակերտները մոռացել էին նախորդ հացի բազմացման և հինգ հազարի կերակրման հրաշքի մասին: Թե՞ նրանց համար սովորական էր դարձել, և կարծում էին, թե իրենց Վարդապետը դարձյալ կհոգա ժողովրդի հացի հարցը: Քանի որ նախորդ հացի բազմացման ժամանակ աշակերտները մոտեցան Հիսուսին և առաջարկեցին ժողովրդին ազատ արձակել, իսկ այս անգամ Տէր Հիսուսն է մտահոգվում ժողովրդի հացի համար:
Քանի՞ նկանակ հաց ունեք դուք,- հարցրեց Հիսուս աշակերտներին: Նրանք ասացին ՝ յոթը:
Նախորդ անգամվա նման հրամայեց ժողովրդին խմբերով նստեցնել գետնի վրա, վերցրեց հացը գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց, և տվեց աշակերտներին, որպեսզի դնեն ժողովրդի առջև: Նույնը արեց նաև մի քանի ձկների հետ: Աշակերտները արեցին այն ամենը, ինչ որ հանձնարարել էր իրենց: Կերան բոլորը, կշտացան, իսկ այս անգամ կտորտանքից ավելացավ յոթը զամբյուղ հաց: Այս անգամ ուտողների թիվը չորս հազար հոգի էր: Հացի կտորտանքի հավաքումը օրինակն է այն բանի, որ չի՛ կարելի փչացնել Աստծու պարգևած ո՛չ մի բան, որ մարդու բարիքի համար է ստեղծված:
Հացի բազմացման երկու դեպք գիտենք Ավետարանից, երկու դեպքում էլ հացը օրհնում և տալիս է աշակերտներին, որպեսզի նրանք բաժանեն մարդկանց: Այստեղ մեծ խորհուրդ կա, քանի որ աշակերտների ունեցած յոթ հացը չէր բավականացնի այդքան ժողովրդին, եթե Տէր Հիսուս չօրհներ և չբազմացներ նյութական հացը: Նույնը վերաբերում է հոգևոր հացին, որ աշակերտները իրենց ունեցած գիտելիքի պաշարով չեն կարող բավարարել հանրության հոգևոր կարիքները, եթե Աստծու Սուրբ հոգին նրանց չառաջնորդի իրենց խոսքի առատության մեջ, որով պիտի կերակրեն ժողովրդի բազմությանը: Չորս թիվը այս պարագայում կարող է խորհրդանշել չորս Ավետարանները, որոնք պետք է լուսավորեին երկրի չորս ծագերը: Հացի բազմացման հրաշքների մասին կարդալիս, մենք զուգահեռ պետք հիշենք Տիրոջ այն պատվիրանը, որ ասաց անապատի փորձության ժամին՝ սատանային, թե՝ Գրված է՝ միայն հացով չի՛ ապրի մարդ, այլ՝ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից: Երբ Հիսուս Քրիստոս ասում է,- Գրված է, Նա նկատի ունի Երկրորդ Օրենքը որում գրված է այս տողերը իսրայելացիների մասին, երբ Աստված խոսում է նրանց հետ պատվիրանների մասին: Իսկ Ամոս մարգարեի բերանով Աստված ասում է,- Ահա պիտի օրեր գան, և ես սով պիտի ուղարկեմ այդ երկիրը, ո՛չ թե հացի սով, կամ ջրի ծարավ, այլ՝ Տիրոջ խոսքը լսելու սով: Ամոս.8:11 Այսինքն մարդիկ ծովեր պիտի կտրեն անցնեն, փնտրեն Աստծու խոսքը, և չգտնեն: Երիտասարդները Աստծու խոսքի ծարավից պիտի թուլանան: Քանի որ ի՞նչ է Աստծու խոսքը, եթե ո’չ անմահական ջրի իրական ակունքը, որից օգտվել են առաքյալները, օգտվել են մեր եկեղեցու հայրերը և փոխանցել են նաև մեզ այդ մաքրամաքուր աղբյուրից: Այդ պատճառով խորհուրդ է տրվում հոգևոր կյանքի մեջ չհեռանալ իրական ակունքներից և չընկնել չարի որոգայթի մեջ: Իսկ հացի բազմացման գեղեցիկ օրինակները խորհրդանշում են այն ճշմարտությունը, որ երբ քրիստոնյան Աստծու խոսքի ունկնդիր և հետևորդ է, նրա նյութական հացը երբեք պակասություն չի ունենալու: Աստված երկու օրինակների մեջ էլ օրհնեց պարզ ուտելիքները, որոնք պետք է հագեցրին ժողովրդի մարմնավոր քաղցի անհրաժեշտությունը, ոչ թէ բավարարեց նրանց քմահաճույքներն ու ցանկությունները:
Մեր օրերում ա՛յս ժողովրդի լսելու ցանկության կարողությունն է պակասում: Տէր Հիսուս ասում է, որ երեք օր է, այս մարդիկ ինձ մոտ են: Այսինքն նրանք ինքնամոռաց մնացել են Հիսուսի խոսքի ունկնդրության համար, և նույնիսկ քաղց չեն զգացել: Իսկ այսպիսի հոտի համար բնականաբար Ողորմած Տիրոջ սիրտը պետք է ցավեր անպայման; Երբ մարդիկ ծարավ են Աստծու խոսքին, Աստված հագեցնում է նրանց նաև նյութական սովը, իսկ երբ մարդիկ կենտրոնացած են միայն իրենց նյութական հացի և իրենց ստամոքսի հագեցման վրա, Աստված թույլ է տալիս, որ մարդիկ զգան հոգևոր քաղցի անհրաժեշտությունը, որը առավել է մարմնավոր քաղցից; Հետևաբար քրիստոնյաները պետք է հոգ տանեն իրենց ինչպես մարմնավոր, այնպես էլ հոգևոր քաղցը հագեցնելու հարցի մասին, սակայն շեշտը դնելով չափավորության վրա: Տէր Հիսուս կարող էր այդ քաղցած ժողովրդի համար թագավորական առատ սեղաններ պատրաստել, այնպես, ինչպես անհրաժեշտության պահին Կանայում ջուրը գինի դարձրեց, որպեսզի հարսի ու փեսայի ուրախությունը շարունակվի, ո՛չ թե մարդիկ գինովնան, սակայն Տէրը առատ սեղաններ չպատրաստեց, որպեսզի դրանից չվնասվեին մարդիկ, ինչպես որ վնասվում և քմահաճ են դառնում համադամ ուտելիքների պարագայում:
Աստծու նպատակն է, որ մարդը հեռու լինի բոլոր տեսակի գայթակղություններից և կրքերից, կապված մարմնի ցանկությունների հագեցման հետ:
Մենք տեսանք, որ Տէր Հիսուս ժողովրդի բազմությունը արձակեց միայն նրանց կերակրելուց հետո, քանի որ մտահոգություն ուներ, որ ճանապարհին կթուլանան և ուշագնաց կլինեն: Ա՛յո, երկար ժամանակ քաղցած մնացած մարդը կարող է ուշագնաց լինել, և դա զգալի է, բոլորս էլ գիտենք որ այդպես է: Իսկ ինչո՞ւ բոլորս չգիտենք, որ մեր կյանքի ճանապարհն անցնելիս բազում հոգևոր ,,ուշագնացություններ,, են տեղի ունենում Աստծու խոսքի քաղցից; Մեր բոլոր ձախորդությունները մեր հոգևոր քաղցից են, իսկ մենք երբե՛ք չենք անդրադառնում դրան:
Սիրելիներ, Հացի բազմացման երկու դեպքերը մենք կարդում ենք Մատթևոսի և Մարկոսի Ավետարաններում, նախորդ անգամ էլ ես ձեզ ասացի, որ տեսակետներ կան, որ միևնույն դեպքի մասին են խոսում տարբեր ավետարանիչները, ոմանք ասում են, որ իրականում երկու հրաշք է տեղի ունեցել հացի բազմացման: Սակայն ընթերցողի համար այնքան կարևոր չէ հրաշքների քանակը, քանի որ անթիվ ու անհամար են հրաշքները, որ գործել է մեր Տէրը, այլ մեզ համար կարևոր է այդ երևույթի խորհուրդը:
Իսկ խորհուրդն այն է, որ մարդը չի կարող ապրել ինչպես որ առանց նյութական հացի, այնպես էլ չի կարող ապրել առանց հոգևոր հացի: Երկրորդ կարևոր խորհուրդն այն է, որ մեր հոգևոր հացը պետք է ձեռք բերենք իրական ակունքից և պատկան մարդկանցից: Այնպես ինչպես Տէրն օրհնեց և տվեց աշակերտներին և աշակերտները բաժանեցին մարդկանց, այնպես էլ մենք իրավունք չունենք պատահական մարդուց հոգևոր հաց ուզել և սնվել, ըստ Տիրոջ այն խոսքի, որն ասում կգան իմ անունով կեղծ մարդիկ, և դուք նրանց չհավատաք: Երրորդ կարևոր կետն այն է, որ մեր հոգևոր դասի սպասավորները պետք է առատորեն բաժանեն հանրությանը՝ Տիրոջից ստացած իրենց առատ պարգևներն ու խոսքը՝ հիմնվելով հացի բազմացման հրաշքի վերջավորությանը ավելացած կտորտանքների նախ՝ 12, ապա 7 սակառների փաստի վրա: Այսինքն Աստծու պարգևները կատարյալ են, և անսպառ են;
Այս հրաշքից հետո Նրան մոտեցան փարիսեցիները և վեճի բռնվեցին Նրա հետ: Քիչ համարելով արդեն կատարված հրաշքները, որոնցից բոլորից տեղյակ էին, հրաշք էին կամենում տեսնել նաև երկնքից: Որպեսզի փարատվի իրենց կասկածներն այն մասին, որ Քրիստոս Իսրայելի թագավոր է, կամ սպասված Մեսիան է: Փարիսեցիները ամեն ինչ փորձեցին ու պահանջեցի Հիսուս Քրիստոսից, բայց երբեք չփորձեցին իրենց ներքին նենգ մարդուն փոխել, որպեսզի գուցե պարզ տեսնեին, որ Մեսիան իրենց առջև կանգնած է: Ամենամեծ հրաշքը կլիներ այն, որ փարիսեցին փոխվեր և դառնար մաքուր սիրտ ունեցող և լսող ականջ ունեցող պարզ ձկնորսի պես մի մարդ: Ո՛չ, այդ հրաշքը տեղի չունեցավ: Տեղի չունեցավ մի պարզ պատճառով, քանի որ Աստված հարգում է մարդու ազատ ընտրության իրավունքը և ազատ կամքը՝ ընտրելու չարը կամ բարին; Փարիսեցիներ հավատում էին Եղիա մարգարեին, որը երկնքից կրակ իջեցրեց, կամ անձրև տեղացրեց իր աղոթքով, սակայն չէին հավատում նույն Եղիայի մարգարեությանը՝ Հիսուս Քրիստոս աշխարհ գալու մասին; Չորս հազար մարդ կերել էր այդ բազմացրած հացից: Եթե փարիսեցիները հավատ ունենային, ապա կհարցնեին այդ մարդկանց, որոնք կենդանի վկաներ էին հրաշքին; Դրա համար չտրվեց նրանց որևէ հրաշք: Հրաշքը փաստաթուղթ չէ, որ ցույց տան և մարդկանց աչքը տեսնի ու հավատա: Հրաշքը նրա համար է, որ դեռահաս աղջիկը ապրի, անդամալույծը քայլի, բորոտը մաքրվի և արյունահոսը այլևս անմաքուր չհամարվի:
Մեր օրերում քիչ չեն նմանատիպ մարդիկ, որոնք ասում են եթե մի այսպիսի հրաշք լիներ ես էլ կհավատայի: Սակայն Տէր Հիսուս ուրախ լուր չունի այսպիսիների համար, ինչպես որ չունեցավ փարիսեցիների համար: Հակառակը՝ Ավետարանն ասում է,- Եվ Նա Իր հոգում զայրացավ և ասաց,- Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այս սերնդին նշան չի տրվելու: Այս սերունդ ասելով Տէրը նկատի ունի բոլոր ժամանակների բոլոր այն մարդկանց, որոնք եղած նշաններով չեն բավարարում, այլ երկնքից են նշան ուզում հավատալու համար: Փարիսեցիները լսեցին Երկնավոր Հոր ձայնը՝ Որդու մասին, սակայն չհավատացին: Հետևաբար մեծագույն հրաշքն այն է, որ նենգ սիրտը վերստին ծնվի: Ինչպես որ Հիսուս Քրիստոս Նիկոդեմոսին ասաց, Իսրայելի վարդապետ ես ու չգիտե՞ս: Բոլոր մարգարեությունները փարիսեցիներ աչքի առջև կատարվեցին՝ սկսած Հովհաննես Մկրտչից, դարձյալ չհավատացին: Ուրեմն խնդիրը ո՛չ թե երկնային նշանի մեջ է, այլ մարմնավոր մարդու մեջ ապրող հին մարդն է, որը ո՛չ մի կերպ չի կամենում իր տեղը հանձնել նորին: Այսպիսի մարդկանցից Աստված հեռանում է, թողնելով նրանց իրենց կասկածների հետ, և գնում նրանց մոտ, ովքեր առանց նշանների հավատում են Իրեն, իսկ մեր պարագայում՝ չե՛ն տեսնում, սակայն հավատում են: Սիրելիներ ավարտենք մեր սերտողությունը, այսօրվա դասից վերցնենք գլխավոր ասելիքը՝ Օգտվենք Աստծու խոսքի իրական ակունքից, առաքելահիմն վարդապետությունից, և ջանանք մեր վերստին ծննդի համար, որը շատ դժվար կատարվող գործընթաց է: Ամենամեծ հրաշքը Աստծու պատկերն ու նմանությունը պահելն է: Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն, և Նրան փառք բոլոր ժամանակներում: Ամեն:
Հարց. Կհավատայի՞ն փարիսեցիները, եթե Տէր Հիսուս նրանց ցույց տար և՛ս մի նշան: